Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

73 զինծառայողի գործը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել
 |hetq.am|

73 զինծառայողի գործը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել |hetq.am|

hetq.am: Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել և պատժել իրենց որդիների մահվան մեջ մեղադրվող հրամանատարներին։ 2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանն այժմ մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Հրամանատարների գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այս գործով վերջին դատական նիստին դատարանը տեսակապով հարցաքննում էր այն ծնողներին, ովքեր գտնվում են արտերկրում, կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատարան։ Դեռևս կային զոհվածների ծնողներ, որոնք պետք է հարցաքննվեին։ Սակայն, նիստը նախ ընդմիջվեց, ապա անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից տարան։ Ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն տվեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, և նա զրկվի ազատությունից։ ԲԴԽ-ն կասեցրեց նաև դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Դրանից հետո Գաբրիելյանին մեղադրանք առաջադրվեց՝ կաշառք ստանալու հատկանիշով։ Նա 2 ամսով կալանավորվեց։ Զոհվածների ծնողներն անհանգստացած են՝ գործը նոր դատավորին մակագրելու դեպքում հավանաբար քննությունը զրոյից կսկսվի, իսկ այս դեպքում կա վաղեմության ժամկետի խնդիր։ Հոկտեմբերին գործի վաղեմության ժամկետը կլրանա։ Եթե այն լրանա, և նույնիսկ գործի քննությունը շարունակվի, մեղադրվող անձինք պատասխանատվություն չեն կրի։ Դատախազությունում զոհվածների ծնողներին հանդիպել էր դատախազի տեղակալներից մեկը։ Վերջինս ծնողներին առաջարկել էր այսօր հանդիպել Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանին, որը 73 զինծառայողների գործով հանրային մեղադրողներից մեկն է։ ՀՀ նոր քրեական օրենսգրքի համաձայն՝ միջին ծանրության հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 10 տարի է։ Ծնողները հույս ունեն, որ 73 զինծառայողների գործով այդ օրենքը, բացառության կարգով, նաև իրենց դեպքում կկիրառվի։
12:23 - 08 մայիսի, 2025
Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով

Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով

- 2020 թ․ հոկտեմբերի 4-ին 1-ին բանակային կորպուսի առանձին զրահատանկային գումարտակը, պարենով, զինամթերքով, գիշերային տեսանելիության սարքերով ապահովված լինելով հանդերձ, թույլ է տվել, որ թշնամին մոտենա մինչեւ 400-500 մ հեռավորության վրա, ինչի հետեւանքով նրա զրահատեխնիկան եւ կենդանի ուժը թափանցել են իմ թիկունք, որտեղ թաքնվելով էլ՝ գիշերը սկսել են խփել իմ անձնակազմին,- Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպիսի հայտարարություն արեց նույն բանակային կորպուսի մեկ այլ գումարտակի հրամանատար, այժմ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։ Փոխգնդապետ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության իր անձնակազմի հետ Ջրականից դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենից աջ գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Դրա հետեւանքով, ըստ մեղադրանքի, վերջիններս ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ զրահատանկային հիշյալ գումարտակն է, որի մասին իր հայտարարության մեջ նշեց Գաբրիելյանը․ - Ընկե՛ր Գաբրիելյան, Ձեր նշած տեխնիկան ես չեմ ունեցել,- մեղադրյալի հայտարարությանը այսպես հակադարձեց այդ գումարտակի հրամանատարի տեղակալ Սարգիս Ադամյանը,- 11 ԲՄՊ-ից ունեցել եմ 1-ը, իսկ 20-21 տանկերից մնացել է 15-ը, մնացածը խոցվել են, ականանետային մարտկոցն էլ 12 հաշվարկից 3 հաշվարկ է ունեցել։ Ես Ձեր ասած ուժը չեմ ունեցել, որ հակագրոհ իրականացնեի, առաջին օրը կանգնեցրել եմ, երկրորդ օրը էլ չեմ կարողացել, կարողացել եմ միայն ինքս ինձ պաշտպանել։ Արդեն երկրորդ նիստն է, ինչ Ադամյանը ներկայանում է դատարան՝ գործի հանգամանքների վերաբերյալ որպես վկա ցուցմունք տալու։ Սարգիս Ադամյանի խոսքով՝ զորքը բարոյահոգեբանական լավ վիճակում էր Ցուցմունքով Ադամյանը հայտնել է, որ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ 4-ի գրոհը, նրա խոսքով, իրենց գումարտակը կասեցրել է, հակառակորդը նահանջել է։ Դրանից հետո՝ մինչ 5-ի առավոտ, ըստ Ադամյանի, այլ գրոհ չի եղել։ Մեղադրյալ Գաբրիելյանը, սակայն, այլ բան է հայտնել․ ըստ նրա՝ գիշերն իրենց ուղղությամբ հարձակում է եղել, եւ իրենք, չունենալով բավարար զինամթերք, զինտեխնիկա, սնունդ ու հագուստ, ստիպված են եղել նահանջել։ Պատասխանելով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի հարցերին՝ վկա Ադամյանը հայտնեց, որ տեղանքը, ըստ էության, բնագիծ չէր, պատշաճ խրամատներ չկային, եղածները հին էին, բայց անձնակազմին տեղավորել են, ինչպես որ հնարավոր է եղել։ - Ձեր ստորաբաժանումը պառազինության խնդիր ունե՞ր։ - Այդ դեպքից հետո՝ հա, հոկտտեմբերի 4-ի լույս 5-ի առավոտյան, որ մարտի էինք, դրանից հետո հնարավորություն չկար մատակարարելու։ - Իսկ մինչ այդ դե՞պքը։ - Չէ, խնդիր չկար։ - Իսկ Գաբրիելյանի ստորաբաժանումը զորքի եւ սպառազինության խնդիր ունե՞ր։ - Ես տեղյակ չեմ։ Հովիկ Գաբրիելյանը վկայից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նրանց ապահովել են, իսկ իրենց, որ դարձյալ նույն կորպուսի ենթակայության տակ էին, չեն մատակարարել։ Վկան ասաց, որ ինքն այդ հարցին պատասխանել չի կարող․  «Այդ ամենը կազմակերպել է զորամասի թիկունքի պետը, հագուստը եղել է քաղաքացիական, սնունդը՝ քաղաքացիական։ Թե ձեզ ինչու չեն բերել, չեմ կարող ասել»։ Դատավորը խնդրեց հայտնել նաեւ, թե ինչպիսին էր իր զորքի բարոյահոգեբանական վիճակը։ - Տվյալ պահին՝ լավ, մանավանդ, որ հոկտեմբերի 4-ի գիշերը մարտում կարողացանք հակառակորդին հետ շպրտել, կներեք, այսպես ասած, դուխավորվել էին։ - Նույնաբովանդակ ցուցմունք է տվել Համլետ Լեւոնյանը, պատմել, որ անձրեւին զորքը հայր մերն է ասել․․․ Բայց նույն պայմաններում, երբ հարցաքննում ենք պարոն Գաբրիելյանի ենթականերին, նրանք ասում են՝ շատ վատ էր, շատ ընկճված։ Ինձ մոտ դիսոնանս է առաջանում․ դուք անմիջական շփման մեջ եք մտնում հակառակորդի հետ, բայց մարտի արդյունքում բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, Հովիկ Գաբրիելյանի զորքը, որ, ենթադրաբար, մարտի մեջ չի մտնում, վատ է։ Սա չեմ կարողանում հասկանալ։ Դուք դա ինչպե՞ս կբացատրեք,- հարցրեց դատավորը։ - Ես չեմ կարող ասել,- պատասխանեց վկան։ Ըստ վկայի՝ դիվերսիոն ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր Վկան տեղեկություն չուներ՝ նահանջից առաջ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցել է թե ոչ։ Ասաց՝ հետագայում է իմացել, որ նահանջել են Հադրութ։ Հարցին, թե ինչու հենց Հադրութ, վկան պատասխանեց․ «Հադրութն էր մոտիկ, բայց չեմ կարող ասել՝ ինչի համար են գնացել»։ Հովիկ Գաբրիելյանը, դիմելով Ադամյանին, հարցրեց․ «Եթե ամսի 4-ի գիշերը հակառակորդը հետ է գնացել, դա խուճապի մատնված հակառակորդ է, չէի՞ք կարող 21 տանկով եւ 11 ՀՄՄ-ով բաց դաշտում ոչնչացնել եւ մարտն ավարտել»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը առարկեց հարցի դեմ, հարցը հանվեց։ Մեղադրյալը հայտարարությամբ հանդես եկավ․   - 32 հատ զրահատեխնիկա ունենալը ահռելի ուժ է, կարելի էր թշնամուն էն ձեւ քայքայել, որ էդ զորքը հետ չգար։ - Ձեր հայտարարությունը արձանագրվեց,- ասաց դատավորը։ Պատասխանելով Հովիկ Գաբրիելյանի հարցերին՝ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ հակառակորդն իրենցից ընդամենը 400-500 մ հեռավորության վրա էր․ - Որ մոտեցել է 400-500 մ, կարո՞ղ էր գիշերը թաքնվել ու առավոտյան դիպուկահարներով կրակ բացել ձեր վրա,- հարցրեց մեղադրյալը։ - Կարող էր, տեսանելիություն չկար, հորդառատ անձրեւ էր, հնարավոր էր։ - Այսինքն՝ խումբ–խումբ հնարավոր էր էդ տարածք մտնել։ - Նմանատիպ մարտերի, անձնակազմի ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր,- պատասխանեց վկան։ Գաբրիելյանը նաեւ հետաքրքրվեց՝ ծանր հրետանու աշխատելու ընթացքում զորամասի հրամանատարը որտեղի՞ց էր կապ պահում․ - Առաջնագծում էր։ - Կոնկրետ որտե՞ղ։ - Խրամատում։ - Ըստ Մարտական կանոնադրության՝ չպիտի՞ լիներ ՀՄՄ-ի մեջ, որպեսզի տեղյակ լիներ՝ ում ինչ ցուցում տա․․․ - Ըստ Կանոնադրության՝ հա, բայց մենք էնտեղ ըստ Կանոնադրության ոչ մի բան չենք արել, զրահատեխնիկայի մեջ գտնվելը տվյալ պահին շատ սխալ էր,- նշեց վկան՝ հավելելով, որ խոցման դեպքեր են եղել հենց դրա պատճառով։ Ըստ վկայի՝ Գաբրիելյանի նահանջի հետեւանքով իրենք ունեցել են կորուստներ Դատավորը հիշեցրեց նաեւ, որ Համլետ Լեւոնյանը, թվելով զոհերի անունները, պնդում է կատարել, որ զոհերի մեծ մասը հետեւանք է նրա, որ Գաբրիելյանը նահանջել է, եւ հակառակորդը կարողացել է շրջանցել իր զորքին։ Ապա խնդրեց վկային հայտնել իր կարծիքը այդ պատճառահետեւանքային կապի վերաբերյալ․ -  Պատերազմ է եղել, ես չեմ կարող ասել՝ իր մեղքով է եղել թե չէ, մարտ է եղել, ցանկացածն էլ կարող էր․․․ - Բայց նահա՞նջն է պատճառահետեւանքյին կապի մեջ գտնվել ձեր կորուստների հետ։ - Ես չեմ կարող ասել՝ եթե Գաբրիելյանը դուրս չգար, կբռնվեին մարտի թե ոչ։ Այնուհանդերձ, վկան պնդեց՝ ենթադրյալ նահանջի հետեւանքով իրենք կրել են թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ։ Զոհվել են թե՛ ժամկետայիններ, թե՛ սպաներ։ Մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը եւս անդրադարձավ այս դրվագին՝ խնդրելով ճշգրտել՝ այդ կորուստները Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ պատճառահետեւանքային կապ ունե՞ն թե՞ անկախ նահանջից հակառակորդը կխոցեր․ - Դուրս գալու հետեւանքով որեւէ զինտեխնիկայի կորուստ ունեցե՞լ եք թե՞ ոչ։ - Ունեցել ենք ավտոտեխնիկայի կորուստ էլ, զրահատեխնիկայի կորուստ էլ։ - Դա եղել է Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքո՞վ։ Պաշտպանի կրկնվող հարցին առարկեց մեղադրող Դավիթ Նավասարդյանը՝ նշելով, որ վկան հստակ պատասխան տվեց։ Առարկությունը ընդունվեց։ - Իսկ զինտեխնիկան ինչպե՞ս է խոցվել։ - Նռնականետով եւ հրետանիով։ -Որքան հեռավորության վրա դրանք կարող են խոցել։ - Մինչեւ 1 կմ։ Հաշվի առնելով, որ հակառակորդը, ըստ վկայի խոսքերի, իրենցից հենց 1 կմ հեռավորության վրա էր, պաշտպանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում հնարավո՞ր է, որ հակառակորդը իր գտնվելու վայրից խոցած լինի, ոչ թե Գաբրիելյանի ուղղությունից։ Ի պատասխան վկան ասաց՝ հնարավոր է։ - Բա եթե հնարավոր է, Ձեր ենթադրությունը, որ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով է տեխնիկան խոցվել, այլ ոչ թե հակառակորդի 1 կմ հեռավորության հատվածից, Ձեր այդ համոզմունքը ինչո՞ւմն է կայանում։ Մեղադրողը դարձյալ առարկեց հարցի ձեւակերպման դեմ՝ նշելով, որ հնչեց գնահատական, որը դատավորի տիրույթի հարց է․ «Եվ սա կարծես դիմում լինի Ձեզ, պատվարժան դատարան, որ դա ընդամենը ենթադրություն է։ Ես առարկում եմ հարցի ձեւակերպման դեմ, իսկ  բովանդակային մասով այն կրկնվում է»։  Պաշտպան Խաչիկյանը հետաքրքրվեց նաեւ, թե քանի տեխնիկա է խոցվել։ ի պատասխան վկան ասաց․ «5 տարի է անցել, չեմ կարող մանրամասն ասել՝ տվյալ խոցումը այստեղ է եղել, թե այնտեղ։ Թե քանի մետրից, քանի սմ-ից քանի տեխնիկա է խոցվել, չեմ կարող հիշել»։ - Ձեր հենց կողքի՞ց է հրթիռախոցվել, թե՞ առջեւից,- հարցրեց պաշտպանը։ - Պարոն Խաչիկյան ջան, ես ուրախ եմ, որ Դուք նման իրադրության մեջ չեք ընկել, Դուք չեք կարող պատկերացնել՝ ես չեմ տեսնի՝ տվյալ պադրոնը էս ուղղությամբ եկավ, թե էս։ Գլխիս թափում է, ես նստեի, բախտագուշակությամբ զբաղվեի՞՝ որ կողմից է եկել։ Չեմ կարող ասել․ մարտ է եղել, մարտը ղեկավարել ենք, անձնակազմին ղեկավարել ենք, թե աջից կգա, թե ձախից, ես չեմ կարող ասել։ Արձագանքելով վկայի վրդովմունքին՝ պաշտպանը նշեց՝ պատերազմի ժամանակ ինքը եւս առաջնագծում է եղել․ «Պետք չէ ռազմական գործի մասնագետ լինել․․․ Երբ վկան հայտարարում է, որ 1 կմ-ից տեխնիկա է խոցվել, եւ չի կարողանում ասել՝ աջ կողմից թե դիմացից, բայց ենթադրում է, որ Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով, վերջինիս ենթադրությունը ողջամիտ չէ»,- հարցաքննության ավարտին հայտարարեց նա։ Դատարանն անփոփոխ թողեց մեղադրյալի խափանման միջոցը Երեկվա նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը դատարանին միջնորդեց դրա ժամկետը երկարաձգել․ «Ես չեմ ուզում այստեղ վկայակոչել, որ անձը մեղադրվում է ծանր հանցանքի կատարման մեջ կամ այն, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է ռազմական դրության պայմաններում, այլ ուզում եմ շեշտադրել արարքի հանրային հնչեղությունը, հանրային նշանակությունը եւ մեղադրյալի՝ մեղավոր չճանաչվելու ցանկության մեծությունը։ Զգալով հնարավոր մեղավոր ճանաչվելու վտանգը՝ անձը կարող է խուսափել քնննությունից»,- նշեց նա։ Պաշտպան Խաչիկյանը առարկեց՝ նշելով, որ մինչ այս պահը չի եղել որեւէ հանգամանք, որը կփաստեր, որ Գաբրիելյանը խուսափել, խոչընդոտել է կամ կարող էր խոչընդոտել։ Տնային կալանքի տակ անցկացրած վերջին ամիսները, ըստ պաշտպանի, հակառակն են փաստում։ Ուստի նա միջնորդեց Գաբրիելյանի նկատմամբ սահմանել վարչական հսկողություն։ Խաչիկյանը շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանվածներին դրամական աջակցությունը այլեւս դադարել է, ինչի պայմաններում Գաբրիելյանը կարիք ունի աշխատելու եւ իր ընտանիքի հոգսը հոգալու․ «Մենք գործ չունենք անձի հետ, ով ՀՀ-ում ում է մեծացել, ունի պապենական տուն, այլ բարեկամի տանն են ապրում, հնարավորություն տանք, որ ընտանիքի կարիքները հոգա, դա է պատճառը, թե չէ խնդիր չէ տանը նստելը»։ Գաբրիելյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ ազատության մեջ գտնելով՝ ոչ մի խնդիր չի ստեղծի․ «Ուզում եմ հավաստիացնել, որ իմ կողմից ոչ մի խնդիր չի լինի, կարողանամ աշխատել եւ գումար վաստակել իմ ընտանիքի համար։ Շատ խնդիրներ կապված են երեխաների, մորս հետ։ Գնալով ավելի է սպառվում ամեն ինչ, եւ խնդիրները շատանում են»։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով․  «Դատաքննության այս փուլում դատարանը իրատեսական չի համարում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը եւ դրանով պատշաճ վարքագիծ ապահվումը, միգուցե դատաքննության այլ փուլում այլ հետեւության գա»,- ասաց նա։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին։ Միլենա Խաչիկյան
14:11 - 07 մայիսի, 2025
Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Հադրութի նախկին բնակիչ Վեներա Ղարայանն այսօր տեսակապով հարցաքննվեց իր կրտսեր որդու՝ Դավիթ Ղարայանի վերաբերյալ քրեական գործով։  Դավիթը մեկն է «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց այն վաշտից, որը 2020 թ․ հոկտեմբերի 11-ին «9-րդ կմ» կոչվող տեղանք հասնելու փոխարեն խորացել է մինչեւ Հադրութ քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ Վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։ Վեներա Ղարայանը պատերազմում կորցրել է նաեւ ավագ որդուն եւ ամուսնուն։ Առողջական խնդիրների պատճառով նա դատարան ներկայանալ չի կարողացել։  Պատասխանելով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցերին՝ որդեկորույս այրին պատմեց, որ Դավիթը Մարտունու զորամասում ծառայել է որպես սերժանտ։ Վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․  «Իրենց տեղափոխվել են Հադրութ, բայց ես դրա մասին տեղյակ չէի, ծառայության ժամանակ նա ոչ մի բան չէր ասում, հետո եմ իմացել․․․ Ուզում էինք Դավիթին գտնել, բայց հոկտեմբերի 14-ին ամուսինս զոհվեց մեծ տղուս հետ, ասացին՝ Դավիթենց ուղարկել են ապահով տարածք, ինչ-որ պահեստներ, ես ասում էի՝ ի՞նչ պահեստներ, ասացին՝ ոչ մեկը դրա մասին չի խոսում, քանի որ դավաճանները շատ են․․․ Չկարողացա մեկնել Ղարաբաղ, որովհետեւ պիտի ամուսնուս հուղարկավորեինք․․․»։ Մեղադրողի հարցին՝ տեղյա՞կ է, թե ով է զորքին ուղարկել այնտեղ, Վեներա Ղարայանը պատասխանեց՝ Գոռ Իշխանյանը։ Իշխանյանը եղել է հիշյալ զորամասի հրամանատարը։ Նա է այժմ մեղադրվում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար։ Մեղադրյալի աթոռին է նաեւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։  Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Տուժողի իրավահաջորդին հարցեց հղեց նաեւ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։ Հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե «9-րդ կմ» կոչվող տարածքից մինչեւ Հադրութ որքա՞ն է։ Ի պատասխան՝ տիկին Վեներան ասաց․ «Ես հադրութում եմ մեծացել, 5 մատիս պես ծանոթ եմ 9 կմ-ին։ 9 կմ է։ Ես լսել եմ, որ իրենց ուղարկել են 9 կմ, բայց ռազմական գործողությունների ժամանակ տենց բան չկա, որ բաց տարածքում հանես, էդքան զորքին պահես»։ - Իսկ տեղյա՞կ եք, որ Ջալալ Հարությունյանի հրամանով՝ «9-րդ կմ» կոչվող խաչմերուկում զորքին պետք է կդիմավորեր Կարեն Առստամյանը,- հարցրեց Դավիթ Կարապետյանը։- Որ ասեցիք, հիշեցի, հա։- Իսկ տեղյա՞կ եք՝ ինչու չի դիմավորել։- Չէ, չգիտեմ։- Ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում կատարվածի մեջ։- Գոռ Իշխանյանից մինչեւ Ջալալ մեղադրում եմ, սաղ էլ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել,- պատասխանեց Վեներա Ղարայանը։ Նշենք, որ հիշյալ Կարեն Առստամյանը, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր, այս գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այժմ նա հետախուզման մեջ է մեկ այլ գործի շրջանակում։ Նվեր Մարտիրոսյանին Վեներա Ղարայանը չէր ճանաչում։ Դատարանն այսօր տեսակապով հարցաքննեց նաեւ երկու տուժողի իրավահաջորդի, որոնք գտնվում էին ՀՀ-ից դուրս։ Նրանցից մեկը զոհված զինծառայող Առուշ Խաչատրյանի մայրն էր՝ Լուսինե Սարգսյանը։ Նա եւս նշեց, որ որդու հետ կապը կորել է հոկտեմբերի 10-ից․ «Բոլորին զանգել ենք, ում համարը ունեինք՝ ծանոթ–անծանոթ, ես էլ, եղբայրս էլ, ասել են՝ բունկերներում են, ոչ մի բան չկա, ու անընդհատ նույն բանը․․․ Ամուսինս մեկնել է Ղարաբաղ, տեսել է Գոռ Իշխանյանին, նա էլ ասել է՝ ես մեղավոր չեմ, վերեւից հրաման է եղել»։ - Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ եք,- հարցրեց Իշխանյանի պաշտպանը։- Մեղադրանքը էն է, որ պիտի չուղարկեին, եթե գիտեին, որ Հադրութը գրավված է։- Ո՞վ չուղարկեր։- Գոռը, ես իրեն գիտեմ, պիտի չուղարկեր, զուտ էդ, իրավունք չուներ ուղարկելու էնտեղ։- Իսկ որ Ջալալ Հարությունյանի կողմից հրաման է եղել, կարո՞ղ էր չենթարկվել,- հարցրեց պաշտպանը։ Մեղադրողը, սակայն, առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ այն մասնագիտական է։ Հաջորդիվ հարցաքննվեց Ալեքս Գեւորգյանը՝ Մարտունու Ճարտար գյուղից։ Նա եւս գտնվում էր ՌԴ-ում եւ մեղադրյալներից միայն Գոռ Իշխանյանին էր ճանաչում․ «Վերջին անգամ եղբորս հետ զրուցել ենք հոկտեմբերի 10-ին, 11-ին մի քանի անգամ զանգել ենք, չի ստացվել, Գոռին եմ զանգել, ասել է՝ սաղ նորմալ է, կապ չկա, բայց չի ասել՝ որտեղ,  ասել է՝ հեսա գնում ենք՝ հանենք, հեսա գնում ենք՝ հանենք․․․»։ Գեւորգյանին հայտնի էր, որ Գոռ Իշխանյանին հրաման է տվել Ջալալ Հարությունյանը, բայց զորքին դիմավորելու ոչ ոք չի եկել, ինչի հետեւանքով էլ նրանք ընկել են շրջափակման մեջ։ Նրա տեղեկություններով՝  հոկտեմբերի 10-11-ին Հադրութի կեսը արդեն թուրքերի հսկողության ներքո էր։ Դատարանը այսօր պետք է հարցաքններ նաեւ մի քանի այլ տուժողի իրավահաջորդի, սակայն դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ կաշառքի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ իրականացնելու։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։  Հավելենք, որ  Քրեական դատավարության համաձայն՝ այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հարցաքննությունը կատարելու տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ տեսակապի միջոցով: Տեսակապի միջոցով հարցաքննությունը հարցաքննվողի գտնվելու վայրում ապահովում է դատարանի որոշած անձը: Թե տվյալ դեպքում ով է հանդիսացել այդ երաշխավոր անձը, դատական նիստում չքննարկվեց։   Միլենա Խաչիկյան
23:26 - 29 ապրիլի, 2025
ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ |tert.am|

ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ |tert.am|

tert.am: Պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Ադամ Շիֆը: «Գլենդեյլի հայ համայնքի կողքին կանգնած՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ ազատ արձակվեն հայ ռազմագերիները։ Եվ մենք պետք է արդարություն պահանջենք», - գրել է քաղաքական գործիչն ու կից լուսանկար հրապարակել Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունից։ Ինչպես նշում է Asbarez-ը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ սենատորը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձն Արցախ և ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման և պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։ «Միացյալ Նահանգները նաև պետք է կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից, ազատ արձակել ռազմագերիներին, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, միջազգային մոնիտորինգը պահպանի Հայաստանի սահմաններին և ապահովի Հայաստանին անվտանգության աջակցություն», - նշված է նրա հայտարարությունում:
10:31 - 25 ապրիլի, 2025
Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։  Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց մեղադրական ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։ Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ճառի սկզբում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն հիշեցրեց իրադարձությունները, որ նկարագրված են Իշխան Վահանյանի մեղադրանքում, ապա առանձնացրեց ու վերլուծեց այն բոլոր ցուցմունքները, որոնք, ըստ նրա, արժանահավատ են եւ հաստատում են Վահանյանի մեղքը։  Նշենք, որ ճառը դատավարության կողմերի եզրափակիչ ելույթն է, որի ընթացքում նրանք ամփոփում են ողջ դատաքննությունը՝ հիշատակելով դատարանում հետազոտված այն բոլոր ապացույցները, որոնցով, իրենց գնահատմամբ, հաստատվում կամ հերքվում է մեղադրանքը։ Կատարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել 6, գերեվարվել 7 զինծառայող Մեղադրական ճառի համաձայն՝ իրադարձությունները տեղի են ունեցել հետեւյալ կերպ․ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջրականի զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը Իշխան Վահանյանին հրաման է տվել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սար եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հոկտեմբերի 9-ին հրամանը կատարվել է։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման։ Ըստ մեղադրանքի՝ մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել մի շարք իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները եւ որևէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Փոխարենը նա, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին շրջանում բեկորային թեթև վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը, պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չի փոխանցել,  անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների եւ ինքնակամ լքել մարտադաշտը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ընդգծեց՝ Վահանյանի դրսևորած իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ Հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի՝ Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ՝ գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է այդ ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց (առ այսօր Խուռհատ սարի մարտական օպերացիային մասնակցած անձանց ամբողջական ցանկ առկա չէ-հեղ․), զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ Տիգրան Ագանեսյանը Նարեկ Ղազարյանը Հարութ Ղարախանյանը Սուրեն Խեչումյանը Էրիկ Մարտիրոսյանը Արտաշես Այվազյանը Հայկ Հարությունյանը Սասուն Պետրոսյանը Ալբերտ Ստեփանյանը Սամվել Սամբատովը Կարեն Ներսեսյանը Գրիշա Գրիգորյանը Դավիթ Ադոյանը Արտյոմ Մկրտչյանը Արման Գաբրիելյանը Ռաֆիկ Սահակյանը։  Հակառակորդի կողմից գերեվարվել են՝ Էրիկ Գասպարյանը Ալբերտ Գրիգորյանը Նարեկ Սիրունյանը Էրիկ Խաչատրյանը Ռոբերտ Վարդանյանը Կարեն Մանուկյանը Արայիկ Գալստյանը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝  Արման Արմաղանյանը Արթուր Հարությունյանը Նիկոլայ Ստեփանյանը Դավիթ Սահակյանը Արսեն Այվազյանը Ռուսլան Թումանյանը։ Մեղադրողը պնդեց՝ Վահանյանը, որպես հրամանատար, պարտավոր է եղել անձնուրաց ծառայել եւ եղած միջոցներով ազդել մարտի վրա Ըստ մեղադրողի՝ առաջին հարցը, որը Իշխան Վահանյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ենթակա է քննարկման, նրա պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է (375-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ). «Քրեական գործով ձեռք բերված և հետազոտված՝ ՊԲ նախկին հրամանատարի՝ 09.10.2020 թվականի թիվ 2224-Ա հրամանի համաձայն՝ Իշխան Վահանյանը նույն օրն ազատվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնից և նշանակվել՝ որպես նույն գումարտակի հրամանատար: Որպես այդպիսին, ամբաստանյալ Վահանյանը եւս, թե՛ նախաքննության և թե՛ դատաքաննության ընթացքում չվիճարկեց իր կողմից պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը»,- նշեց մեղադրողը։ Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է. 2020 թ․ հոկտեմբերի 10-ի դրությամբ Իշխան Վահանյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված եղե՞լ են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր էր կատարել Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, ինչպես նաև ստորաբաժանման նահանջը կազմակերպելու և իր պարտականությունները ենթակա անձնակազմի սպաներից որևէ մեկին փոխանցելու ժամանակ։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն թվարկեց «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով եւ Մարտական կանոնադրությամբ սահմանված զինծառայողի, հրամանատարի, գումարտակի հրամանատարի, շտաբի պետի այն պարտականությունները, որոնք տվյալ դեպքում վերաբերելի են Վահանյանին․ Հրամանատարը (պետը) պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար և  պարտավոր է  միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական ծառայության ժամանակ պահանջել ենթականերից խստագույն կատարել նշված պահանջները: Գումարտակի  հրամանատարն անձամբ պատասխանատու է ընդունվող որոշումների, ենթակա ստորաբաժանումների ճիշտ կիրառման և նրանց՝ առաջադրված խնդիրների կատաման համար: Նա պարտավոր է սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրված խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների անմիջական նախապատրաստությունը մարտին (ստացած խնդրի կատարմանը), ինչպես նաև անընդհատ ու հաստատակամորեն ղեկավարել նրանց, հետևողականորեն հասնել ընդունած որոշումը սահմանված ժամկետներում կատարելուն: Գումարտակի նահանջը կազմակերպվում ու իրականացվում է ստորաբաժանումները հակառակորդի գերազանցող ուժերի հարվածներից հեռացնելու, հետագա գործողությունների համար ավելի բարենպաստ դիրք զբաղեցնելու, այլ ուղղություններում օգտագործելու համար ուժերի մի մասն ազատելու (դուրս բերելու) նպատակով: Այն անցկացվում է միայն ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, պետք է մանրակրկիտ նախապատրաստվի և իրականացվի կազմակերպված ու գաղտնի՝ գումարտակը (վաշտը) մարտունակ վիճակում  (Ձեր ուշադրություննեմ հրավիրում այդ պահանջին) ժամանակին որոշված շրջան (Սա ևս կարևոր է մեղադրանքի հիմնավորվածությունը քննարկելու տեսանկյունից) հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջանը զբաղեցնելով [...]»։ [...] Գեւորգ Ավետիսյանը հիշատակեց նաեւ մի քանի վկաների ցուցմունքներ, որոնք եւս փաստել են, որ հրամանատարի վրա դրված են եղել վերոնշյալ պարտականությունները։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Օրինակ՝  18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը հայտնել է, որ ըստ մարտական կանոնագրքերի՝ վիրավորման դեպքում մարտի դաշտից դուրս գալու պարագայում հրամանատարը, սահմանված կարգի համաձայն, պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին և այդ մասին հայտնել վերադասին։ Մեկ այլ վկա վկա, զորամասի օպերատիվ բաժանմունքի նախկին պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը հայտնել է, որ ըստ Մարտական  կանոնադրոության՝ նահանջը պետք է իրականացվի կազմակերպված, որպեսզի ենթակա անձնակազմը տեղյակ լինի իր հետագա գործողությունների մասին, իմանա, թե որ ուղղությամբ է դուրս գալու և չընկնի խուճապի մեջ: Նույն գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Իշխան Վահանյանը, Մարտական կանոնադրությունների համաձայն, պարտավոր է եղել մինչ հեռանալը իր փոխարեն, եթե անգամ վիրավորում էր ստացել, նշանակել պաշտոնակատար, խնդիրներ առաջարել եւ այդ մասին զեկուցել վերադասին ու փոխանցել կապի միջոցները․ «Վերը նշված, ինչպես նաև քրեական գործում առկա այլ ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ գործով հաստատվել է 10.10.2020 թվականի դրությամբ գումարտակի հրամանատար հանդիսացող Իշխան Արմենի Վահանյանի վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և մարտական կանոնադրության՝ առաջադրված մեղադրանքում նշված կետերով դրված պարտականությունների առկայությունը: Մասնավորապես այն, որ Իշխան Վահանյանը պարտավոր է եղել անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  հմտորեն ղեկավարել գումարտակը, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարևոր ուղղությունում և իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում և խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով, կազմակերպել ստորաբաժանման նահանջը՝ սահմանելով այն շրջանը, որտեղ պարտավոր է նահանջել գումարտակը»,- պնդեց մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ բազում ցուցմունքներով հերքվել է Վահանյանի այն պնդումը, թե ինքը կատարել է իր պարտականությունները Երրորդ հարցն էլ, ըստ մեղադրողի, որ պաշտոնեական անգործության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, հետեւյալն է․ Իշխան Վահանյանը, որպես գումարտաակի հրամանատար, կատարե՞լ է իր վրա դրված վերը նշված պարտականությունները, թե՞ ոչ կամ այլ խոսքով՝ դրսևորե՞լ է անգործություն թե՞ ոչ. «Եթե նախորդ երկու դեպքերում Իշխան Վահանյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ հայնեց, որ ինքը կատարել է իր վրա օրենսդրությամբ և Մարտական կանոնագրքերով դրված պարտականությունները, և մարտադաշտից հեռացել է իր այդ պարտականությունները կատարելուց հետո, երբ ստացած վիրավորման պատճառով այլևս հնարավոր չի եղել մնալ տեղում կամ տեղաշարժվել։ Հայտնեց նաեւ, որ առաջացած հետևանքները իր մեղքով»,- նկատեց մեղադրողը։ Վերջինիս խոսքով՝ իր այս ցուցմունքով Իշխան Վահանյանը նպատակ է հետապնդել խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ: Նրա հայտնած տեղեկությունները, սակայն, ըստ մեղադրողի, հերքվում են մի շարք վկաների ցուցմունքներով․ Տուժողների իրավահաջորդները «Օրինակ՝ զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանն իր ցուցմունքով հայտնել է, որ 10.10.2020 թվականին Իշխան Վահանյանը զանգահարել է իրեն և խուճապահար վիճակում  զեկուցել, որ հակառակորդը հարձակում է գործել, ինչի արդյունքում զորքը փախչում  է, բացի այդ, ունեն զոհեր և վիրավորներ, ինքը նույնպես վիրավոր է, ինչի համար նահանջում են, իսկ Վահանյանը ցանկանում է հեռանալ։ Տեղեկանալով, որ Վահանյանը ծանր վիրավորում չի ստացել, հայտնել է, որ պետք չէ խուճապի մատնվել և հեռանալ, անհրաժեշտ է զորքին հավաքել և շարունակել ղեկավարել զորքը: Այնուհետև, Իշխան Վահանյանը երկրորդ անգամ զանգահարել է իրեն և հայտնել, որ գրեթե հասել է Հադրութ քաղաք, ինչին պատասխանել է, որ հակառակորդի կողմից գրավված լինելու պատճառով պետք չէ գնալ Հադրութի վերևի գյուղի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում տեղյակ չի եղել, որ Վահանյանը չի կատարել իր հրամանը և առանձնացել է գումարտակի անձնակազմից: Նշել է նաև, որ ինքը որևէ կերպ տեղեկացված չի եղել Վահանյանի կողմից հրամանատարությունը այլ սպայի հանձնելու մասին, մինդեռ այդ մասին նա պարտավոր է եղել հայտնել: Ինքը դեպքի օրը գումարտակի սպաներից կապի մեջ է գտնվել միայն Իշխան Վահանյանի հետ: Եթե ենթակա անձնակազմը լիներ Վահանյանի ղեկավարության ներքո, ինքը ոչ Վահանյանին և ոչ էլ անձնակազմին դեպի Հադրութի ուղղությամբ չէր ուղղորդի: Վերլուծելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերը՝ կարծիք է հայտնել, որ այնտեղ պատշաճ կերպով չի կազմակերպվել նահանջը, իսկ թեթև վիրավորում ստացած գումարտակի հրամանատարի փախուստը ազդել է ենթակա անձնակազմի մոտ խուճապ առաջացնելու և նմանատիպ զոհեր տալու տեսանկյունից,- հիշեցրեց մեղադրողը։ Վերջինիս պնդմամբ՝ ամբաստանյալի ցուցմունքը հերքվել է նաև նրա տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանի՝ հետեւյալ ցուցմունքներով․ «(․․․) Երբ անձնակազմը իջել է սարի ներքևի հատվածի խաչմերուկ, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, պատճառաբանելով, թե վիրավոր է, միայնակ նստել է տեղում գտնվող ավտոմեքենաներից մեկը և իր հետ վերցնելով կապի միջոցները, հեռացել՝ չսահմանելով անգամ իրենց հետագա գործողությունների շրջանակը կամ նահանջ կատարելու ուղղությունը: Անձնակազմը, տեսնելով կատարվածը, ավելի է մատնվել խուճապի: Իշխան Վահանյանի հեռանալուց հետո կապի բացակայության, կոնկրետ նահանջի ուղղությունը չիմանալու պատճառով 5-ից 6 ժամ ինքը և մյուս սպաները փորձել են դուրս գալ տեղանքից, բացի այդ կապի դուրս գալ գնդի հրամանատարի հետ, սակայն չի հաջողվել, բոլոր ուղղություններից կրակել են իրենց ուղղությամբ: Հակառակորդի կրակոցների ազդեցության տակ ավագ լեյտենանտ Հովիկ Մուրադյանը և կամավոր Արտյոմը շարժվել են Վանք գյուղի ուղղությամբ, իսկ իրենք՝ մոտ 35 զինվորով և 4 սպաներով, փորձել են բարձրանալ նույն զորամասի 3-րդ գումարտակի  ուղղությամբ, ինչը չի ստացվել, քանի որ այդ հատվածից ևս կրակոցներ են հնչել։ Այնուհետև փոխել են ուղղությունը և կարողացել շրջափակումից դուրս գալ՝ գնալով Սարուշեն գյուղի ուղղությամբ»:  Վահանյանի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու համատեքստում մեղադրողը հիշեցրեց, որ Հայկազ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ, երբ ինքն ու Իշխան Վահանյանը կալանավորական նույն մեքենայում են եղել, Վահանյանը փորձել է համոզել, որ Գրիգորյանը դատարանում հայտնի, թե ինքն իբր կապի միջոցները և հրամանատարությունը փոխանցել է նրան, ու ինքն իրականում լուրջ վիրավորում է ստացած եղել, ինչին, սակայն, Գրիգորյանը չի համաձայնվել։ Ի թիվս այլնի, մեղադրողը հիշատակեց նաեւ սխալ ուղղությամբ գնացած, 70-օրյա շրջափակումից հրաշքով փրկված զինծառայողների ցուցմունքները (նրանց ցուցմունքները՝ 1,2,3,4,5,6)։ Միակ ցուցմունքը, որ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը գնահատեց անարժանահավատ, կապի ծառայության պետ Վիգեն Ծատրյանինն էր․ «Վիգեն Ծատրյանից որևէ այլ վկա սույն քրեական գործի շրջանակներում չհայտնեց կապի միջոցներ ունենալու մասին: Խոսքը լիցքավորում ունեցող կամ սարքին վիճակում գտնվող կապի միջոցների մասին է: Ծատրյանը հանդիսացել է կապի ծառայության պետը, ով անմիջական պատասխանատվություն է կրել կապի միջոցների համալրվածության, բաշխման և սարքինության համար, եւ չի բացառվում, որ իր ծառայությունը դրական ներկայացնելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար է նման բովանդակության ցուցմունք տվել։ Բացի այդ,  քրեական գործում առկա է ձայնագրություն, որտեղ Վիգեն Ծատրյանի ենթակա Հովհաննես Մուրադյանը, ով եղել է գումարտակի կապի թիվ մեկ պատասխանատուն, հեռախոսային խոսակցության ժամանակ ևս հայտնում է, որ ինքը կապ չունի, ինչով պայմանավորված էլ զանգահարել է ոչ թե զորամասի հրամանատարությունից որևէ մեկին, այլ զինծառայողների ծնողներին»,- ասաց Ավետիսյանը։ Նա պնդեց՝ Իշխան Վահանյանը 10.10.2020 թվականին Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, գտնվելով նշված հատվածում, չի իրականացրել որևէ գործողություն, որն ուղղված կլինի իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և մարտական կանոնագրքով սահմանված պարտականությունների կատարմանը: Ըստ մեղադրողի՝ Վահանյանը պարզապես նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը Չորրորդ հարցը, որ առաջ քաշեց Գեւորգ Ավետիսյանը, հետեւյալն էր, Վահանյանն ունեցե՞լ է  հնարավորություն կատարելու իր վրա դրված պարտականությունները․ «Այս հարցի շուրջ ցուցմունք տալուց Իշխան Վահանյանը նշել է, որ ինքը որոշակիորեն զրկված է եղել նաև իր պարտականությունները կատարելու լիարժեք հնարավորությունից: Որպես այդպիսին, դրանք կապել է երկու հանգամանքների հետ՝ աջ ազդրի շրջանում ստացած մարմնական վնասվածքի, որը զրկել է մարտադաշտում իրեն ազատ գործելու և երկար մնալու հնարավորությունից, եւ ենթակա անձնակազմի կողմից խուճապահար վիճակում Խուռհատ սարից իջնելու և բարոյահոգեբանական վատ վիճակում իրենց կողմից տրված հրամանները չլսելու և չկատարելու հետ: Ինչպես նախորդ դեպքում, այս հանգամանքը ևս հերքվել է քրեական գործում առկա ապացույցներով»։ Մեղադրողը դարձյալ մեջբերեց Վահանյանի տեղակալ Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը այն մասին, որ իր գնահատմամբ Վահանյանն ի վիճակի է եղել կատարել իր վրա դրված պարտականությունները, ավելին, նրա գործողություններն իրեն կասկածելի են թվացել, քանի որ վիրավորին ինքը ասոցացնում է այնպիսի վնասվածքների հետ, որոնց դեպքում անձը զրկվում է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, այլապես գլխացավը կամ ոտքի ցավն իր համար վիրավորում չէ: Վահանյանը մշտապես ոտքի վրա է կանգնած եղել և տեղաշարժվել ինքնուրույն, ինքը որևէ օգնություն նրան չի ցուցաբերել․ «Հիշեցնեմ, որ Հայկազ Գրիգորյանը նշեց նաև այն մասին, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ ի թիվս այլնի Վահանյանը փորձել է Հայկազ Գրիգորյանին համոզել լուրջ վիրավորում ստանալու մասին»,- ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ ՊԲ 18-րդ ՀԴ-ի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը եւս նշել է, որ թեթև վիրավորումը, որը կյանքին վտանգ սպառնացող չէ, հնարավոր է բուժել նաև մարտադաշտում: Ամեն դեպքում ցանկացած հրամանատար պարտավոր է գտնվել իր զորքի կողքին և կատարել վերադասի ցուցումները․ «Միաժամանակ բոլոր վկաներն առանց բացառության հայտնեցին, որ թեև իրենց բարոյահոգեբանական վիճակը լավ չի եղել, սակայն դա իրենց չի զրկել վերադաս հրամանատարության հրամանները լսելու և դրանք կատարելու ունակությունից»։ Ըստ մեղադրողի՝ Իշխան Վահանյանի կողմից մարտադաշտում մնալու և իր պարտականությունները կատարելու հնարավորությունը հիմնավորվել է նաև դատաքննության ընթացքում դատարանի կողմից իրականացված հարցման պատասխանով, որով ուղղակիորեն նշված է, որ նման վիրավորումների դեպքում բուժօգնությունը տրամադրվում է տեղում, առկա սանիտարական միջոցներով. «Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից, վերը նշված ապացույցները համադրելով քրեական գործում առկա մյուս ապացույցների հետ, կարելի է փաստել, որ Իշխան Վահանյանը, թե ստացած վիրավորման, թե՛ զորքի բարոյահոգաբանական վատ վիճակում գտնվելու պայմաններում, հնարավորություն ունեցել է իրականացնել իր վրա դրված պարտականությունները և մնալ մարտադաշտում, ինչը չի կատարել և նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը»,,- նշեց մեղադրողը։ Վերադաս հրամանատարությունը տեղյակ եղել է, որ թշնամին Հադրութում է Դատախազ Գեւորգ Ավետիսյանն իր ելույթում շեշտեց՝ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ վերադաս հրամանատարությունը՝ զորամասի հրամանատար Արթուր Քյարամյանի գլխավորությամբ, տեղյակ եղել է հակառակորդի՝ Հադրութում գտնվելու մասին: Նա դա հայտնել է Իշխան Վահանյանին, սակայն վերջինս այդ մասին թե՛ Խուռհատ սարում գտնվելու, թե՛ շրջափակման մեջ մնացածների հետ հեռախոսով զրուցելու ժամանակ չի տեղեկացրել:  Ավետիսյանի խոսքով՝ քրեական գործում եղած ապացույցներով հիմնավորվում է նաև, որ Հադրութ չգնալու և սահմանված ուղղության նշված լինելու պարագայում Հովհաննես Մուրադյանի և «Քեռի» մականունով կամավորականի ուղեկցությամբ դեպի Վանք գյուղ իջած զինծառայողները հնարավորություն ունեցել են դուրս գալու, քանի որ Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի և մյուս զինծառայողների ուղեկցությամբ դուրս եկած անձնակազմը առանց լուրջ մարդկային կորուստների կարողացել են դուրս գալ մարտի դաշտից: Ճանապարհին վիրավորում է ստացել ընդամենը մեկ զինծառայող, որը հաջորդ օրը դուրս է բերվել:  Այս համատեքստում մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Արսեն Ղուկասյանի կողմից դեռևս նախաքննության ընթացքում ներկայացված լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որը ցույց է տալիս՝ եղե՞լ է արդյոք անկառավարելի վիճակ, թե՞ ոչ, սպայակազմը և ժամկետային զինծառայողներն ունեցե՞լ են վերադաս հարամանատարության կողմից ուղղորդման կամ սահմանված կարգով նահանջ կատարելու կարիք, թե՞ ոչ, կամ ունեցե՞լ են արդյոք սահմանված բնագիծ կամ ուղղություն, որով պետք է նահանջեին: Նշենք, որ Արսեն Ղուկասյանը անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է։ Շրջափակման մեջ գտնվող Սարգիսը զանգահարել է հորեղբորը եւ օգնություն խնդրել։ Վերջինս էլ այդ խոսակցությունը ձայնագրել եւ հետագայում փոխանցել է քննչական մարմնին։ Մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Սարգիս Ղուկասյան- Ուզում ես՝ տամ ավելի լավ իմացող մարդու, թող ինքը տեղանքը նկարագրի, հետո զապիս արեք, ուղարկեք։ Արսեն Ղուկասյան- Շուտ արեք, շուտ արեք։ Սարգիս Ղուկասյան- Արեք, ով գիտի տեղանքը: Մուրադյա՛ն, տվեք Մուրադյանին հեռախոսը։ Հովհաննես Մուրադյան- Ախպերս, լսո՞ւմ ես։ Արսեն Ղուկասյան- Հա, ասա, սաղ ասա միանգամից, շուտ․․․ Հովհաննես Մուրադյան- Նայի, Հադրութի պոստից, որ նայում ես դեպի հակառակորդը, հենց ուղիղ աջ կողմը մենք անտառի մեջ ենք, ես ԿԳԲ-ի զորքին ասացի, որ մենք էդ սարի գլխին անտառի երեք տեղ պոստ ունենք դրած, հիմի էդ պոստի վրից կրակում են մեզ: Պտի իմանանք՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն,  հելնենք գոնե էնտեղ: Արսեն Ղուկասյան-Դե, էդքանը պետքա փոխանցենք։ Հովհաննես Մուրադյան- Հա, ախպեր, թեկուզ համար-մամար խոսացեք կգբ-շնիկներ են, հաստատ իրանք գիտեն: Արսեն Ղուկասյան- Լավ, հենց հիմա կանենք: Հովհաննես Մուրադյան- Մեկին ասա՝ հետս կապնվի, մեկ էլ ջոգենք՝ զորքը ոնց կարանք տանենք ավելի ապահով տեղ: Հա, թող մի հատ զանգեն, սաղ ասեն։ Արսեն Ղուկասյան-Լավ: Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ հիշյալ խոսակցությունից հետո այլևս Սարգիս Ղուկասյանի հետ չի կարողացել կապ հաստատել և մինչ օրս եղբոր որդու՝ Սարգիս Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Մյուս ապացույցը  սպա-հոգեբան Արայիկ Հայրյանի ցուցմունքն է, որը դատարանում հայտնեց, որ երբ զինծառայողները Խուռհատ սարից եկել են զորամասի ժամանակավոր տեղակայման վայր, ինքն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ։ Վերջիններս հայտնել են, որ իրենց ղեկավար սպա չի եղել, ինչի պատճառով, չիմանալով, թե ուր գնան, բաժանվել են խմբերի ու գնացել տարբեր ուղղություններով: Նշել են, որ այդ մարտերի ժամանակ Վահանյանը թեթև վիրավորման պատրվակով թողել է մարտադաշտն, ինչը հոգեբանական առումով ևս բացասական ազդեցություն է ունեցել իրենց վրա: Մեղադրողի գնահատմամբ՝ Վահանյանը պատերազմի ընթացքում պարբերաբար դրսեւորել է խուսափողական վարքագիծ Իր ելույթի վերջին հատվածում դատախազ Ավետիսյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանին մեղսագրված է հանցանք, որը դրսեւորվել է մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությամբ։ Այս հանգամանքը ապացուցելու համար Ավետիսյանը նշեց մի քանի դրվագներ՝ պնդելով, որ Իշխան Վահանյանն օգտագործել է ցանկացած առիթ մարտական գործողությունների շրջանից դուրս գալու համար եւ իր այդ մտադրությունն իրականացնելու համար անգամ օգտագործել է վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համար հրամանատարական կետից դուրս գալու հնարավորությունը։ Այդ ժամանակ ձևականորեն կատարել է իր այդ պարտականությունը, և հասնելով զորամասի մշտական տեղակայման վայր, որի թույլտվությունը նա վերադաս հրամանատարի կողմից չի ունեցել, երկու օր բացակայել է մարտական գործողությունների վայրից:  Իր այս պնդումը հիմնավորելու համար մեղադրողը հիշատակեց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը․ Գարիկ Վարդերեսյանը նշել է նաև, որ 02.10.2020 թվականին, երբ գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը Նյուզգյար գյուղում ենթարկվել է հրետակոծության, Իշխան Վահանյանին հանձնարարել է շտապօգնության մեքենայով ուղևորվել գյուղ և տարածքում գտնվող վիրավորներին տարհանել, սակայն հետագայում տեղեկացել է, որ գյուղի մոտակայքից նա վերցրել է մի քանի վիրավորների և գյուղ չմտնելով, թողնելով վիրավորների մի մասին՝ հեռացել: Դրանից հետո՝ մինչև հոկտեմբերի 4-ն  ընկած ժամանակահատվածում, Իշխան Վահանյանը իր հետ կապ չի հաստատել և ինքը տեղեկություն չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին։ Վահանյանի խուսափողական վարքագիծը հիմնավորելու համար մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Վարազդատ Հովհաննիսյանի ցուցմունքը։ Ըստ դրա՝ Վահանյանը Խուռհատ սարում տեղի ունեցած մարտերի ժամանակ իրեն և գումարտակի այլ ծառայողներին հրամայել է  բարձրանալ սարի վրա, իսկ նա մնացել է թիկունքում՝ մոտ 50 մետր իրենցից ներքև։ Երբ առաջին խումբը բարձրացել է վերև, հակառակորդը կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի պատճառով սկսել են վիրավորներին տարհանել: Այդ ընթացքում շրջվել են և մոտ 10 մետր հեռավորության վրա նկատել Իշխան Վահանյանին, ով միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենան և հեռացել՝ իրենց թողնելով մարտական գործողությունների վայրում: Անգամ իր հետ չի տարել ավտոմեքենայի մոտ վազող երեք զինծառայողներին: Մեղադրողը կարեւորեց նաեւ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դատաբժիշկ փորձագետ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը, ըստ որի՝ Իշխան Վահանյանի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների առկայության պայմաններում վերջինս հնարավորություն ունեցել է ինքնուրույն գործողություններ կատարելու և տեղաշարժվելու․ «Իշխան Վահանյանը Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ 1.5*1.0 սմ չափսերով վիրավարումով լքել է մարտադաշտը, իսկ դրանից առաջ՝ 29.09.2020 թվականին ստացած 2.7*1.0 սմ չափսերով վիրավորումով (ԱՎԵԼԻ ՄԵԾ), շարունակել է իր պարտականությունների կատարումը մինչև 02.10.2020 թվականը ներառյալ»,- ընդգծեց մեղադրողը։ Ամփոփելով իր ելույթը՝ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածներով: Ուստի միջնորդում եմ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին, նշանակել պատիժ ազատազրկում 11 տարի ժամկետով, իսկ նախկին քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 9 տարի ժամկետով: Նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների համաձայն՝ պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը»,- նշեց մեղադրողը՝ միջնորդելով, որ Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 21 ապրիլի, 2025
«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։ - Տիկի՛ն Սահակյան, նախ կխնդրեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ պահանջներ ունեն իրար դեմ։ - Միջազգայնորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց դատական լուծման․․․ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի  Միջազգային արդարադատության դատարանում նախաձեռնեց վեճ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիոնալ հիմքով, եւ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ` կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը, եւ արդյունքում Միջազգային արդարադատության դատարանում մենք ունենք 1-ական գործեր։  Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր նախաձեռնեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նախկինում այս ատյանը ակտիվորեն օգտագործում էին հայ տուժողները․ պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից` ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այս մտահոգությունները կարծես թե կրկին փարատվեցին։ Հայաստանի հայցին կրկին հայելային մոտեցմամբ հաջորդեց Ադրբեջանի հայցը, եւ հայցերի թվաքանակը ՄԻԵԴ-ում մեծացավ․ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ` ընդդեմ Հայաստանի։ Եվ հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում ներկայացրել ենք նաեւ 1 միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի, որը բովանդակային առումով որոշակի կապվածություն ունի Ադրբեջանի դեմ ներկայացված 1-ին հայցի հետ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան, ըստ էության, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։  Երրորդ հարթակը, որը գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, Արբիտրաժի մշտական դատարանն է։ Հենվելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա՝ Ադրբեջանը միջպետական 2 արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը այս հարթակում խիստ պասիվ է, որեւէ հակադարձող գործընթաց նախաձեռնված չէ։ - Ձեր թվարկած հայցերից հրաժարվելը ընդհանուր առմամբ իրավակա՞ն կամ միայն իրավակա՞ն գործընթաց է, թե նախեւառաջ քաղաքական հայտարարություն, քաղաքական գործընթաց է։ - Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ ազդարարի այն իրավական գործընթացներին, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ տուժողների իրավունքների վերականգնմանը։  Մենք ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ դրույթներ։ Բացի այդ, եթե կողմերը ցանկանում են բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա, որպես կանոն, դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է եւ ապահովում է արդարացիության պայմանները։  Հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին, դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովվում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ թե հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ` չխախտելով իրավունքի, արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը թողնում են բացառապես քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է, եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժած անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։  - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, եւ դրանցից մեկն էլ էլ Ձեր նշած կողմերի հաշտությունն է։ Միեւնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետեւության, որ այդ խախտումները, միեւնույն է, պիտի դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ եթե չկա հաշտություն, գործընթացը անգամ այս կարգավորմա՞նը չի համապատասխանում։ - Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան․ առաջինը հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ, եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը, հետագա որեւէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան նաեւ դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են անում, փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին, եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով` ազդարարելով գործի ավարտը։ Եվ կա 3-րդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլեւս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ, եւ դատարանը, որպես կանոն, գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից։  Բայց Եվրոպական դատարանն ունի մի ստանդարտ․ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների` կյանքի իրավունքի, խոշտանգումների, եւ դատարանը գտել է, որ այդ գործերով պետք է ձեւավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կկանխարգելեն համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնությունը։ Հիմա մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, քանի որ այդ դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին։ Չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին։  - Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը՝ հաշվի առնելով, որ այդ միջպետական գանգատներում շոշափվում են նաեւ տուժողների իրավունքները՝ անկախ անհատական գանգատներից։  - Այս գործընթացները, ըստ էության, ի շահ 3-րդ անձանց գործընթացներ են, այսինքն՝ պետությունը, միջպետական գանգատ ներկայացնելով, պաշտպանում է ոչ թե իր սուվերեն իրավունքները, այլ մարդու իրավունքները, ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն, արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը` արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով։ Բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ․․․ Շուրջ 5 տարի է անցել գանգատները ներկայացնելու պահից, եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը։ Եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5-7 տարի։ Ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա ընթացքում, մատուցվելու է 10-15 տարի անց, ինչը հավասարեցվում է ուշացված արդարադատության, եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։  - Բացի այդ, պետությունը` ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, նաեւ քննչական, դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել` ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Եթե նման բան տեղի ունենա, կստացվի, որ պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն՝ չի ծառայի ի սկզբանե հռչակված նպատակին։  - Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երեւույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են խախտումները փաստաթղթավորելու համար։ Ավելին, պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, հսկայական միջոցներ ուղղել այս խնդիրների լուծմանը, եւ մինչեւ այս պահը գործընթացները հաջողությամբ վարվել են։ Մենք անգամ ունենք դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար։ Բայց պետությունը բաց է թողնում այդ հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։ Սա, իհարկե, թույլատրելի գործելակերպ չէ եւ չի տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո։ Բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ - Հայաստանը, վավերացնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, նաեւ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիան, հանձն է առել պարտականություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը խախտելու է իր իսկ ստանձնած պարտականություննե՞րը։ -  Հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը՝ առաջնային պատասխանատուն հանդիսանում է հենց Ադրբեջանը, եւ Հայաստանի պատասխանատվության խնդիր թերեւս չէր առաջանա, եթե Հայաստանը չազդարարեր, որ ստանձնել է իր քաղաքացիների պաշտպանությունը։ Այդ պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այդ պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ` առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը։ Բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում այս հարցը, եւ ես չեմ բացառում, որ հետագայում, հրաժարման գործողությամբ պայմանավորված, միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի դեմ։  - Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը, արդեն իսկ հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ նման զարգացումների դեպքում պատրաստվում են անհատական գանգատներ ներկայացնել ինչպես Ադրբեջանի դեմ՝ իրենց բազմաթիվ իրավունքների խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի դեմ՝ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու առնչությամբ։ Այս գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ - Առաջնային ազդեցությունը հոգեբանականն է։ Մենք ունենք Ադրբեջանի գործողություններից տուժած հարյուրհազարավոր մարդիկ, որոնք, ըստ էության, անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը հանձն կառնի, բայց հետկանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է։ Այն երկարաժամկետ հետեւանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների վրա։ Երկրորդը, իհարկե, իրավական հետեւանքներն են։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները, եւ մենք ունենում ենք արդեն ոչ միայն Ադրբեջանի հետ վեճ, այլ դրան զուգահեռ՝ մեր պետության դեմ վեճ։ Քաղաքականապես ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով, եւ սա առհասարակ կթուլացնի Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները` բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ կունենանք համանման վարքագիծ։ Այսինքն` Հայաստանը եւ Ադրբեջանը հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում, երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։  - Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետ կանչումը, այլեւ առհասարակ նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում․ եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքեր, նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի՞ դիմելու Եվրոպական դատարան, թե՞ հրաժարումը բացառում է նաեւ այդ հնարավորությունը։  - Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է, եւ կարծում եմ` ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրում է, որ պետությունը պետք է հրաժարվի արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե, կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձեւակերպված լինելու․․․ Հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձեւավորելու են հանձնաժողով, որը քննարկելու է հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չկա, եւ ստացվում է, որ 2 պետությունների համար միեւնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել։ Նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ։ Սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե՛ Սահմանադրությամբ, եւ թե՛ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունք է։ - Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք։ Ես դարձյալ մեջբերեմ վարչապետի հայտարարություններից մեկը։ Մի առիթով նա ասել էր՝ տրամաբանական չէ՞ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցի՞ն էլ փորձենք պատասխանել։ Տրամաբանությունը ո՞րն է։ - Նախ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են իրավական պատերազմ։ Հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ ատյանի, ինչպիսի անուն էլ այն ունենա՝ դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս, հարգելով իրավունքը, իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները, տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Դա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ, եւ տարաձայնությունները լուծվում են ոչ թե ագրեսիվ, վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։  Չկա տարաձայնությունները լուծելու որեւէ այլ քաղաքակիրթ մեթոդ, քան իրավական վեճերը, եւ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը։ Ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում․ Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ, Ադրբեջանը չի ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան՝ լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը։ Հայաստանը եւս չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Բայց իրավական հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ՝ այն պահից, երբ Ադրբեջանը սկսել է ապալեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեւավորվել է հարցի լուծման ռազմական մեխանիզմը, եւ նրանք միտումնավոր քայլեր են արել՝ վիժեցնելու քաղաքական պլատֆորմը, եւ այնուհետեւ արդարացրել են, որ վեճը չունի իրավական լուծում, եւ քանի որ քաղաքական լուծումը արդարացված չէ, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք` փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։  - Ի վերջո, այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում, որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ պահպանումը։ - Այս պահին իրատեսական չեմ համարում, եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է։ Նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունը։ Նրանք կարող են իմիտացնել գործընթաց՝ ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տեւական գործընթացներ։ Նման անհեթեթ պահանջատիրության օրինակ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ խաղաղությունը կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են պատրաստված խաղաղության, երբ ունեցել են այնպիսի աճ, որը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ։ Լավագույն ցուցանիշը հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունը ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ - Օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ նրանք օգտագործում են` խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ - Այո, դա կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում` ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ։ Այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն՝ հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսայական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոփոխվել, ավելին, մենք տեսնում ենք նաեւ բացասական տենդենցներ։ Սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարություններն են օգտագործվում հայատյացությունը խորացնելու նպատակներով։ Եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները, կտեսնենք, որ այս դատավարությունները հայատյացություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ այստեղ ունենք նախ արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով, եւ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որոնք կարող են վստահություն ստեղծել հասարակությունների միջեւ։ Օրինակ՝ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը։ Այս պայմաններում, հասկանալի է, հայ հասարակության որեւէ անդամ չի կարող վստահություն ունենալ քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։  - Այս համատեքստում արժե նաեւ հիշատակել, որ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ նաեւ այն հանցագործներին, որոնք Հայաստանում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։  - Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ` միայն իմիջային առումով դրական զարգացում կլիներ, բայց նրանք այլեւս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով՝ վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել։ Սա խեղված հասարակությունների գործելակերպ է, որովհետեւ պետությունները կարող են ռազմական կամ այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։   Միլենա Խաչիկյան
18:00 - 18 ապրիլի, 2025
44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան
 |civilnet.am|

44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ զեկույցը չեն ներառում ԱԺ լիագումար նիստ, Քոչարյանը մեկնաբանեց, որ սեպտեմբերին քաղաքական և բոլոր առումներով կրքերը հանգստացած կլինեն, բացի այդ, ըստ Քոչարյանի, ընտրված շրջանը սիմվոլիկ է։ «‎Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ է, լիագումար նիստը կսկսվի 30-ին։ ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի լիագումար նիստում, քանի որ շատ կարևոր, սիմվոլիկ օր է (սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը)»,- ասել է Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զեկույցը լինելու է գաղտնի բաժնում, հաշվի առնելով գաղտնիության ծավալը՝ նիստը լինելու է դռնփակ։ Զեկույցը հասանելի է լինելու պատկան մարմիններին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքների ավարտի մասին հայտարարել էր 2024-ի սեպտեմբերին։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, և ներկայացվելու էր «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Նա նաև ասել էր, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։ 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով քաղաքական պատվեր կատարող մարմին։
11:35 - 18 ապրիլի, 2025
Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

«Ես՝ Սարգիս Ադամյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի շտաբի պետի հարցաքննությունը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ պատասխանելու Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործող կողմերի հարցերին։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։  Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ, որի կազմում է եղել Սարգիս Ադամյանը, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Հովիկ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ վկայի՝ առաջին գրոհի ժամանակ հակառակորդի 10 տանկերից 4-ը խոցել են  44-օրյա պատերազմի ժամանակ մայոր, այժմ փոխգնդապետ Սարգիս Ադամյանը դատարանին հայտնեց, որ Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չունի։ Ադամյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հաջորդիվ հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց նկարագրել մարտական գործողությունները․ - Հակառակորդի տանկային վաշտ է եղել՝ 10 տանկ, մեկ էլ շատ անձնակազմ՝ մոտ 200 հոգի, մենք 4 տանկը խոցել ենք, նկատի ունեմ՝ անձամբ տեսել եմ, որ 4 հատը վառվում է, դրանից հետո իրենք հետ են գնացել։ - Հակառակորդը գրոհում էր հենց դիմացի՞ց,- հարցրեց մեղադրողը։ - Այո, բայց հիմնականում մեզնից ձախ էին գնում։ - Այսինքն՝ գրոհել են նաեւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վրա (խոսքը մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ղեկավարած գումարտակի մասին է,-հեղ․)։ - Այո։ - Իսկ Դուք վստհա՞հ եք, որ հակառակորդը հետո նահանջել է։ - Դե, հետ են գնացել, մինչեւ առավոտ՝ ժամը 6-ը, ոչ մի բան չի եղել։ - Քանիսի՞ն եք տեսել, որ հետ է գնացել։ - Չգիտեմ, բայց հաստատ քաշվել է հետ,- պնդեց վկան։ Ադամյանի խոսքով՝ եթե գիշերը այլ գրոհ լիներ, ինքը դրանից տեղյակ կլիներ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ այդ գրոհի ավարտից հետո թիկունքի ապահովման պետը իրենց նոր հագուստ է բերել, քանի որ անձրեւ էր գալիս, եւ զորքը թրջվել էր։ Նաեւ սնունդ են մատակարարել Կուբաթլուից․  - Այս գիշեր էլ ոչինչ չի եղել, մեր զինվորներից մեկն է իր ոտքին կրակել, մեկ էլ իմ զրահատանկայինի պետը դասակի հրամանատարի հետ իջել է ձորակը՝ դեպի Սամվելավան, նրան մեջքից խփել են, դասակի հրամանատարը մենակ է հետ եկել,- ասաց վկան։ - Հրետակոծություն կա՞ր,- հարցրեց մեղադրող Նավասարդյանը։ - Չի եղել,- պատասխանեց վկան։ - Լռությո՞ւն էր։ - Անձրեւ էր։ - Իսկ մարտի ձայներ կոնկրետ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վայրից կայի՞ն։ - Նման բան չեմ հիշում։ - Մարտի արդյունքներն ո՞ւմ են զեկուցվել։ - Իմ զորամասի հրամանատարը (Համլետ Լեւոնյանն է, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․) զեկուցել է բանակային կորպուսի հրամանատարին, որ հարձակվել են, կանխել ենք, էդքան բան։ - Իսկ մարտի ընթացքում զեկույցներ եղե՞լ են։ - Ուշադրություն չեմ դարձել, ես էլ եմ եղել առաջնագծում, ինձ հետաքրքրում էր տվյալ պահին իմ գործողությունը։ - Որեւիցե զեկույց ստացե՞լ եք հակառակորդի կողմից թիկունք թափանցելու վերաբերյալ։ - Ես՝ չէ։ - Հնարավո՞ր է՝ զորամասի հրամանատարը ստացած լինի, դուք՝ չէ։ - Եթե տենց բան լիներ, ինձ կասեր։ Մեղադրողի այս հարցերը, ըստ էության, նպատակ ունեին պարզելու՝ թիկունք թափանցելու հավանականություն, դրա մասին զեկույց կամ խոսակցություն եղե՞լ է մինչ Գաբրիելյանի գումարտակի նահանջը թե՞ հակառակորդը կարողացել է ճեղքել, երբ նահանջի հետեւանքով բնագիծը դատարկ է մնացել։ - Որ ասում եք՝ գիշերվա ընթացքում հանգիստ էր, ռադիոկապով խոսակցություն լսե՞լ եք բանակային կորպուսի հրամանատարի եւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի միջեւ,- շարունակեց մեղադրողը։ - Չեմ լսել։ - Որեւիցե խոսակցություն նահանջելու մասի՞ն։ - Ես չեմ լսել։ - Հնարավո՞ր է՝ լինեն, բայց դուք չլսեք։ - Կարողա լինի, կարողա չլինի, չգիտեմ,- պատասխանեց վկան՝ միաժամանակ նշելով, որ իր մոտ, որպես շտաբի պետ, եղել է ընդհանուր ռադիոկապ, որը ապահովել է կապ ողջ բանակային կորպուսի միջեւ։ - Դիցուք՝ Հովիկ Գաբրիելյանը կապի դուրս գար կորպուսի հրամանատարի հետ, Դուք կլսեի՞ք։ - Հա, կլսեինք, շատ են եղել, որ դուրս են եկել, ինչը ինձ հետաքրքրել է, հուզել է, միջամտել եմ, ինչը չէ, ուղղակի լսել եմ։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ նախքան նահանջը Գաբրիելյանը խոսել է բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի հետ, զեկուցել մարդուժի, զինամթերքի սակավության մասին։ Ըստ Սարգիս Ադամյանի՝ առավոտյան սկսվել է ավելի ուժեղ գրոհ Վկա Սարգիս Ադամյանը պատմեց, որ հաջորդ գրոհը սկսվել է լուսաբացին, տեւել մոտ մինչեւ 11-ը․ «Երբ հարձակվել են, հրամանատարի հետ «Վիլիսի» մեջ եմ եղել, գռանատամյոտով խփեցին, շենքի վերեւի մասից քարը թափվեց, դուրս ենք եկել, դիրքավորվել, անձնակազմը դիրքավորված է եղել․․․ Տեխնիկա չկար, բայց հակառակորդը շատ էր՝ մի գումարտակ , մառախուղ էր, տեսանելիությունը շատ նոսր էր»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց հայտնել՝ երեկոյի՞ թե՞ լուսաբացի գրոհն էր ավելի վտանգավոր։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ առավոտվանը, քանի որ գրոհ է եղել նաեւ իրենց ձախ թիկունքից, զինամթերք արդեն չէին կարողանում մատակարարել։ Նավասարդյանը խնդրեց բացատրել՝ ո՞րն էր թիկունքից գրոհի առանձնահատկությունը․ - Դե, ապահովումներ չես կարողանում անել, չես կարողանում նահանջել, ընկել ես մսաղացի մեջ, այսպես ասած․․․ - Բա ինչո՞ւ մինչեւ ժամը 11-ը մնացիք։ - Չէինք կարողանում դուրս գալ։ Հետո Մեղրիի զորամասից մի գումարտակ եկավ, հետեւներս բացեց, որ կարողանանք։ Դուրս եկանք, անձնակազմը հանգստացավ, սնվեց, փոխվեց, հաջորդ օրը՝ ամսի 6-ին, զբաղեցրեցինք Խավսլիի վերեւի բարձունքները, 3 օր էլ այնտեղ մնացինք։ Վկային հարցեր հղեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ վկան տեսել կամ լսե՞լ է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի որեւէ տանկ մտնի ձորակը։ Պաշտպանը այսպիսով ցանկանում է վկայից պարզել՝ հնարավո՞ր է, որ թշնամու թիկունք անցնելը մինչեւ Գաբրիելյանի նահանջն է եղել եւ դրանով պայմանավորված չէ։ Վկան, սակայն, պատասխանեց, որ ինքը նման բան չի տեսել։ - Բայց տեղանքը տեսանելի՞ էր,- հարցրեց Խաչիկյանը։ - Չէ, տեսանելիություն չկար, տեղանքի ռելիեֆը խանգարում էր, բայց ձայնը կլսեինք, եթե տվյալ տարածքով անցներ․․․ Մեր բնագիծը մոտ 2 կմ էր, ես գտնվել եմ աջ հատվածում, տանկերը իմ առջեւով աջից եկել, գնացել են ձախ՝ Քուչակից դեպի Բանաձուրի խաչմերուկ։ - Հիմա եթե իջնեին, բլուրի հետեւը անցնեին, եւ էդտեղից բնագիծը հատեին, ձայնը կլսեի՞ք։ - Եթե մասնագետ ես, հա, հասկանում ես։ - Ինչո՞ւ եմ հարցնում։ Որովհետեւ մենք ունենք վկաներ, օրինակ՝ Կոլյա Դավթյանը, Հրաչյա Ղազարյանը, որոնք հայտնում են, որ տեսել են, որ 1-2 տանկ բնագիծ հատել եւ չեն վերադարձել։ - Ես չեմ տեսել։ - Բայց պնդում եք, որ կլսեիք։ - Այո։ - Սուր լսողություն ունեք։ Վրեժ Խաչիկյանը հետաքրքրցվեց՝ հնարավո՞ր է, որ աջ կողմում յուրային ստորաբաժանումները լիարժեք զբաղեցրած չլինեն բնագիծը, ինչին վկան դրական պատասխանեց՝ չբացառելով, որ թշնամին կարող էր իրենց նաեւ այդ կողմով շրջափակման մեջ գցել։ Պաշտպանը պատասխանի համար շնորհակալություն հայտնեց։ Նա նաեւ հետաքրքրվեց, թե անձրեւից հետո ինչպես են նոր հագուստներով ապահովվել, դա պիտի՞ արվեր, թե՞ իրենք են նախաձեռնել։ Ի պատասխան՝ վկան ասաց, որ պիտի արվեր, իրենց թիկունքի պետն է բերել, ինչ որ գտել է, մեծամասնությունը՝ քաղաքացիական հագուստ է եղել, ոչ թե համազգեստ։ Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց՝ Գաբրիելյանի ստորաբաժանմանը նման մատակարարում չի արվել, ինչն էլ ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 6-ին։   Միլենա Խաչիկյան
22:23 - 17 ապրիլի, 2025
«Եթե ես իմացել եմ, որ թուրքը Հադրութում է, ինքը ո՞նց է էրեխեքին ուղարկել այնտեղ»․ զոհվածի հայր

«Եթե ես իմացել եմ, որ թուրքը Հադրութում է, ինքը ո՞նց է էրեխեքին ուղարկել այնտեղ»․ զոհվածի հայր

2020 թ․ հոկտեմբերի 11-ին  «Մարտունի 3» զորամասի՝ շրջափակման մեջ հայտնված վաշտի կազմում է եղել ընդամենը մեկ ամսվա ժամկետային զինծառայող Գարիկ Մովսեսյանը։ Նրա հայրը՝ Էդգար Մովսեսյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ որդու հետ կատարվածի շուրջ հարցաքննվելու։ «Եթե ես, որպես ծնող, որպես քաղաքացի, հոկտեմբերի 8-ին իմացել եմ, որ Հադրութում ադրբեջանցի կա, ինքը, ղեկավար լինելով, էդքան բարձր պաշտոնի լինելով, չգիտի՞, որ թուրքը էնտեղ է, որ զորքին ուղարկում է։ Իմ եզրակացությունը սա է։ Սրանից լավ փա՞ստ»,- ցուցմունք տալիս վրդովված ասաց Մովսեսյանը։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ «ինքը» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի տուժողի իրավահաջորդը։ «Եթե Գոռ Իշխանյանն է, Գոռին, եթե Ջալալ Հարությունյանն է (ՊԲ նախկին հրամանատարը,-հեղ․), Ջալալին, ես չեմ կարող դա ասել»,- պատասխանեց նա։ Գոռ Իշխանյանը հիշյալ զորամասի հրամանատարն էր, որն այժմ մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ։ Մեղադրյալի աթոռին է նաեւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Ըստ Էդգար Մովսեսյանի՝ պատասխանատուները մեղքը իրար վրա են բարդում Էդգար Մովսեսյանը դատարանին պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 3-ին, մեկնել է նախ Ասկերան, ապա՝ «Մարտունի 3»․ «Եթե օրենքով ենք խոսում, մալադոն իրավունք չունի․․․ Սաղ իմ էրեխեքն են, ճիշտ հակսացեք, բայց մալադոն իրավունք չունի առաջնագծում լինի, մինիմումը 3-րդ գծում կարող է, իրենք նույնիսկ գումարտակների բաժանված չէին, կռվի օրն են բաժանվել»։ Պաշտպան Արման Բայադյանը հետաքրքրվեց՝ ծնողին որտեղի՞ց այդ տեղեկությունը, որ նորակոչիկը իրավունք չունի։ Ի պատասխան՝ նա ասաց․ «Ես ինքս էլ ծառայել եմ, 2-3 ամիս հետո եմ զենքերին տիրապետել, 1 ամիս 10 օրվա ծառայող էր․․․»։ Էդգար Մովսեսյանը հայտնեց, որ որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 3-ին է խոսել։ Դրանից հետո կապը կորել է։ Մովսեսյանը զբաղվել է զոհված հարազատի հուղարկավորության աշխատանքներով, ապա շտապել Արցախ եւ տեղում իմացել կատարվածի մասին․ «Իմացել եմ, որ գնացել են Հադրութ, կապը կորել է, հիմա մեկը մեկի վրա է գցում, ի՞նչ իմանանք՝ ով ինչ է ասում։ Գոռն ասել է, որ Ջալալն է հրաման տվել, Առստամյանը զորք է ուզել, Ջալալն էլ ասել է՝ Գոռը սխալ է հասկացել, ես ուրիշ կոդ եմ ուզել»։ Այդ խոսակցությունը, ըստ նրա, դեպքից հետո Արցախի «Արմենիա» հյուրանոցում հրավիրված հանդիպմանն է եղել։ Գոռ Իշխանյանը եւս մասնակցել է․  «[Մինչ այդ] խոսակցությունն այն է եղել, որ Կարեն Առստամյանն է զորք ուզել (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր-հեղ․), բայց փաստերով նենց դուրս եկավ, որ նա ոչ զորք ա ուզել, ոչ էլ տեղն ա ասել, Առստամյանը ներկա էր էդ հյուրանոցում․․․»։  Դավիթ Կարապետյանը, որ Գոռ Իշխանյանի պաշտպանն  է, հետաքրքրվեց՝ ծնողը լսե՞լ է, որ հրամանը եղել է 9-րդ կմ գնալը․ «Գոռն ասել է՝ Ջալալը հրաման է տվել՝ զորք ուղարկել 9-րդ կմ, որտեղ Կարեն Առստամյանը պիտի դիմավորեր, բայց Առստամյանը եղել է 9 կմ-ի հետեւը, էնտեղ չի եղել։ Մեր հանդիպման ժամանակ է ասել՝ ես ուզել եմ 9-րդ կմ հետեւը՝ դեպի Ֆիզուլի, Գոռն էլ ասել է՝ Ջալալն է ասել, [որ 9-րդ կմ-ում ես զորք ուզել]»։  Հիշեցնենք՝ նախաքննության ժամանակ այս գործի շրջանակում Կարեն Առստամյանը եւս մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նա այժմ մեղադրվում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում եւ գտնվում է հետախուզման մեջ։ Մեղադրյալների աշտպանները - Բացառո՞ւմ եք, որ Կարեն Առստամյանը լավ էլ դիմավորել է եւ սխալ ուղղություն տվել զորքին,- հարցրեց Դավիթ Կարապետյանը։ - Իրենք առերես խոսել են, ես լսել եմ, թող իշխանյանն ասեր՝ սխալ ես ասում,- պատասխանեց տուժողի իրավահաջորդը։ - Դեպքից մի քանի ժամ առաջ Կարեն Առստամյանը հակատանկային զորք է ուզել այդտեղ, դա գործի նյութերով հաստատվել է, դիմավորել է ու հանձնարարություն տվել,- տեղեկացրեց պաշտպանը։ - Եթե զորք է ուզել ու դիմավորել ու ցույց է տվել՝ ինչ մարտական գործողություն անեն, մեր էրեխեքին չէ՞ր դիմավորելու։ Ուրեմն՝ ճանապարհին մի բան սխալ է գնացել։ - Ըստ գործի նյութերի՝ Սլավիկը՝ տղաների հրամանատարը, հասնելուն պես կապ է հաստատել հենց Կարեն Առստամյանի հետ․․․ Տպավորություն՝ Առստամյանի ասածն եք ընդունում։ - Ինձ համար, որպես ծնող, բոլորը ոչ մի բան են, ինձ ոչ Կարենն ա պետք, ոչ Գոռը, ինձ իմ էրեխեն ա պետք, ով ինչ ա ասել, ինձ չի հետաքրքրում։ - Այսինքն՝ Դուք ուզում եք, որ ով մեղավոր է, նա էլ պատժվի՞։ - Աստված դատաստան կտա․․․ Պետք է հարգել հերոս տղերքին, նրանց ծնողներին, մարդկայնություն ունենալ, ճիշտ հունով ամեն ինչ տանել առաջ։ Էսօր մենք ճիշտը չգիտենք՝ մեր էրեխեքը ուր գնացին, երբ գնացին, ինչի համար գնացին։ Սամվել Մերելյանը Դատարանն այսօր հարցաքննեց նաեւ զոհված զինծառայող Մելիք Մերելյանի հորը՝ Սամվել Մերելյանին։ Վերջինս շատ տեղեկություններ չուներ որդու հետ կատարվածի մասին, ասաց՝ վերջին անգամ նրա հետ հոկտեմբերի 10-ին է խոսել, տեղեկացել, որ տեղափոխվում են Հադրութ․ «Ես Կոռնիձորի պոստերում եմ եղել, էդքան չէի կարող հետաքրքրվել․․․ Հետո սկսել եմ փնտրել, էն եմ իմացել, որ ամբողջ կազմով չկան․․․ ԴՆԹ համընկնում է եղել»։ Հանրային մեղադրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է հաջողվել պարզել, ի՞նչ կատարվել։ Ի պատասխան՝ Մերելյանն ասաց․ «Ես շատ եմ մտածել՝ ինչ եղավ, ինչի եղավ, ոնց եղավ, գիտեմ միայն, որ շրջափակման մեջ են ընկել»։ Մնացյալ տուժողների իրավահաջորդներին դատարանը կհարցաքննի հեռավար Հարցաքննություններից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ տուժողների 3 իրավահաջորդ՝ Մուշեղ Խաչատրյանը, Գուրգեն Գեւորգյանը եւ Վեներա Ղարանյանը դատարանին դիմում են հասցեագրել՝ տեղեկացնելով, որ վատառողջ են, դատարան ներկայանալ չեն կարող եւ խնդրում են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները։ Դիմումներին կից նրանք ներկայացրել են նաեւ բժշկական տեղեկանքներ։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը չառարկեց տուժողների նախաքննական ցուցմունքները հրապարակելու եւ դրանք հիմք ընդունելու դեմ։ Մինչդեռ պաշտպանական կողմը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք այդ տեղեկանքները բավարար են՝ դատական նիստին ներկայանալու անհնարինություն արձանագրելու համար։ Մասնավորապես, ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի՝ դրանք վկայում են, որ անձինք հիմա չեն կարող ներկայանալ դատարան․ «Այսպես պետք է գնահատենք՝ այդ ապացույցները կարեւո՞ր են թե՞ ոչ, եթե կարեւոր են, պիտի մենք հարց տալու հնարավորություն ունենանք, եթե չէ, թող մեղադրողները հիմա կանգնեն, հրաժարվեն այդ ապացույցներից, նրանք են բերել այդ ապացույցները, մենք չենք խնդրել։ Հետեւաբար կամ հրաժարվում են, կամ ապահովում է այդ անձանց ներկայությունը։ Չե՞ք կարողանում՝ տեսակապով հարցաքնենք, օրենքը թույլ է տալիս»։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը արձագանքեց՝ երրորդ տարբերակ էլ կա, եւ դա գործի ողջամիտ ժամկետում քննության ապահովման շահից ելնելով՝ նախաքննական ցուցմունքի հրապարակումն է։ Նշենք, որ մեղադրյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, ինչը նշանակում է, որ դրա վաղեմության ժամկետը 5 տարի է, այսինքն՝ լրանալու է 2025 թ․ հոկտեմբեր ամսին։ Վաղեմության ժամկետի ավարտից հետո, եթե գործի քննությունը շարունակվի, մեղավոր ճանաչվելու դեպքում անձինք պատասխանատվության չեն ենթարկվի։ Հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ ընդգծելով, որ մի շարք ծնողների ցուցմունքներում բառացիորեն կրկնվող արտահայտություններ կային, որոնց վերաբերյալ նրանց հարցեր չտալը ինքը ճիշտ չի համարում։ - Թող անիմաստ պատճառով դատը չհետաձգվի, մարդը ցավի մեջ է, մեռնում է, բերեք դատարա՞ն,- վրդովվեցին դահլիճում գտնվող ծնողները։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց՝ խոսքը ոչ թե հիմա, այլ ընդհանրապես չներկայանալու մասին է, քանի որ դատարանը նախկինում կայացրել է բերման ենթարկելու որոշումներ, սակայն դրանք ի կատար չեն ածվել․ «Օրինակ՝ Նարեկ Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էինք կայացրել, ոստիկանները նրան տանից վատառողջ բերել էին, մարդը դատարանի բակում վատացավ, Շտապ օգնություն կանչեցին, տեղափոխեցին։ Սա՝ ի գիտություն»։  Այս հանգամանքները հաշվի առնելով եւ լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց նրանց հարցաքննել հեռավար, այսինքն՝ տեսազանգի միջոցով։ Այսօր դատակոչված երրորդ վկան Լուսինե Սարգսյանն էր, որին դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Ոստիկանությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ նրա տան դուռը փակ վիճակում էր, իսկ հարեւանների փոխանցմամբ՝ նա ՌԴ-ում է։ Ոստիկանները նրա հետ կապ են հաստատել բջջային հեռախոսով, որի ընթացքում Սարգսյանը հայտնել է, որ 2024 թ․ դեկտեմբերից գտնվում է ՌԴ-ում եւ իր ցուցմունքին ավելացնելու ոչինչ չունի։ Դատարանը որոշեց Սարգսյանին եւս հարցաքննել տեսակապով՝ ապահովելու համար մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքը։     Միլենա Խաչիկյան
18:50 - 15 ապրիլի, 2025
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի ցուցմունքը դատարանում

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի ցուցմունքը դատարանում

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, երկու օր շարունակ հարցաքննեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-ՀՕՊ վարչության պետ Արմեն Վարդանյանին (պաշտոնից ազատվել է 2021 թ․ հունիսին)։ Գեներալ-մայոր Վարդանյանը, որ զինվորական գիտությունների թեկնածու է` մասնագիտական աշխատանքի 46 տարվա փորձով, կանչվել էր դատարան՝ պատասխանելու պատերազմի ժամանակ Ագարակի զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանի գործով կողմերի հարցերին։ Քրեական գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմի անդամների զոհվելուն։ Ըստ գործի նյութերի՝ փոխգնդապետ Վերանյանը պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս։ Կատարվածի համար Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Նրան սպառնում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպան Նարեկ Գրիգորյանը, հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանն ու տուժողների իրավահաջորդները մեղադրանքի առնչությամբ բազմաթիվ հարցեր հղեցին Արմեն Վարդանյանին։ Վերջինս տեղյակ չէր, թե ինչ գործի շրջանակում է հարցաքննվում, դատավարության մասնակիցները ակնկալում էին նրա մասնագիտական դիտարկումները։ Հրաման կատարող սպան անձնական շահագրգռվածություն ունի՞ թե՞ ոչ Առաջին հարցը, որ կողմերը քննարկեցին, վերաբերում էր Վերանյանի մեղադրանքում տեղ գտած անձնական շահագրգռվածություն եզրույթին։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ հրաման արձակելիս կամ կատարելիս վկան երբեւէ անձնական շահագրգռվածություն ունեցե՞լ է։ Հարցը վրդովեցրեց Արմեն Վարդանյանին․ «Ի՞նչ է նշանակում անձնական շահագրգռվածություն։ Բանակում չկա շահագրգռվածույթյուն, կա ծառայություն, հրաման, հրամանի կատարում ու զեկուցում։ Առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ բանի նկատմամբ շահագրգռվածություն լինի»,- պատասխանեց նա։ Ձախից՝ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ավելի ուշ վերաձեւակերպեց հարցը՝ ենթական, որը կատարում է վերադասի հրամանը, արդյո՞ք չունի շահագրգռվածություն որպես ստորադաս լավը երեւալու․ «Մարտադաշտում որեւէ մեկը չի մտածի պաշտոնի եւ այլնի մասին, առավելագույնը, որ կարող է լինել, հերոսանալն է։ Դրա մի քանի տարբերակ կա՝ ինչպես պիտի կատարվի մարտական խնդիրը՝ հաջող կամ անհաջող։ Այսինքն՝ զինծառայողի շահը միայն դա է՝ խնդիրը հաջողությամբ կատարելը։ Այդ բառը չընկալելով հանդերձ՝ միգուցե իր կյանքը փրկելու վախը կարող է շահ ճանաչվել»,- պատասխանեց գեներալը։ - Իսկ մարտական խնդրի հաջող կատարումը խմբայի՞ն թե՞ անձնական շահ է,- ճշգրտեց մեղադրողը։ - Խմբային։ - Բայց անձն է հերոսանում, չէ՞։ - Եթե նույնիսկ մարդը մենակ է, մեկը պիտի կրակային ապահովում իրականացնի, մինչեւ ինքը հասնի, կրակի, էլի դուրս ենք գալիս կոլեկտիվի վրա։ Բանակը միակ տեղն է, ուր մարդը իր կյանքը վստահում է կողքինին, այսինքն՝ եթե մեկը Հունան Ավետիսյան է, միեւնույն է, նա մենակ չի գործում,- պատասխանեց Արմեն Վարդանյանը։ Ի՞նչ է պետք անել ԱԹՍ-ի հարձակման դեպքում Հաջորդիվ պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը ե՞րբ է առաջին անգամ անօդաչու թռչող սարք տեսել․ «Քառօրյայի ժամանակ՝ գիշերը՝ 3։15-ին»,- հստակ պատասխանեց գեներալը։ «Մշակված եւ զորքերին տրամադրվա՞ծ է եղել որեւէ նորմատիվ, թե ԱԹՍ-ի առկայության դեպքում զորքը ինչ եւ ինչպես պիտի անի»,- պաշտպանի հաջորդ հարցն էր։ Ընդհանուր առմամբ, ԱԹՍ-ի հարձակման դեպքում գործողությունների ընտրանքը վկան երկու մասի բաժանեց․ եթե երթ է, ապա ճիշտ է երթը կանգնեցնել, պատսպարվել, բայց հնարավորության դեպքում դասակը կարող է նաեւ կենտրոնացած կրակ վարել՝ ծնկի գալով կամ պառկելով։ Բոլոր դեպքերում, նա, ով առաջինն է տեսնում ԱԹՍ-ի առկայությունը, պարտավոր է բղավել «օդային տագնապ»․ «ԱԹՍ-ի խոցման խնդիրը մարտի ժամանակ նույնն է, ինչ մյուս թռչող սարքերի ժամանակ, ՀՕՊ-ը համազորային ուժերի մի մասն է, նորմատիվը բոլորի համար նույնն է՝ երթը դադարեցնել, թաքնվել, իսկ մեթոդներն ու ձեւերը սահմանված են Մարտական Կանոնադրությամբ»,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ ամենօրյա ռեժիմով նաեւ առանձին հրամաններ տրվել են՝ հաշվի առնելով ԱԹՍ-ների խոցման առանձնահատկությունները եւ անընդհատ փոփոխվող դրությունը։  - Այդ հրամանները որեւէ կերպ արձանագրվե՞լ են,- հարցրեց պաշտպանը։ - Ամենօրյա հրամանները կիրառվում են բանավոր, ըստ անհրաժեշտության՝ նաեւ գրավոր, բայց ՀՕՊ-ում գոյություն ունի ավտոմատ կառավարման համակարգ, օպերատիվ մարտական կետում տեսաձայնագրվում է։ - Այդ հրամանները գործո՞ւն միջոցներ էին։ - Դուք մի մոռացեք, որ համաշխարհային պատերազմի մեջ ԱԹՍ-ներով առաջին պատերազմը Արցախյանն է, աշխարհում ԱԹՍ-ների դեմ պայքարի չնչին փորձ ունեինք մի քիչ մենք, մի քիչ էլ Սիրիայի Լաթաքիայում, բայց էնտեղ նախօրոք գիտեին պարամետրերը․․․  - Մարտական կանոնադրությունը ընդունվել է 2009-2010-2011 թվականներին, իսկ ԱԹՍ-ների մասին մեր զինված ուժերին հայտնի է դարձել 2016-ից ի վեր, մինչ այդ կիրառում չի եղել։ 2011 թ․-ի ակտը ինչքանո՞վ է կիրառելի այդ պային մեր զինված ուժերին անհայտ սարքի նկատմամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։ - Հարցադրումը ճիշտ չէ,- արձագանքեց վկան,- հակառակորդի խոցման կամ խոցումից պաշտպանվելու ֆունկցիան չես կարող փոխել, խոցումը մնում է խոցում, պաշտպանությունը՝ պաշտպանություն։ Այսինքն՝ հիմունքը նույնն է, դա Աստվածաշունչը փոխելու նման բան է, ուրիշ հարց, որ տեղանքից, եղանակից կախված՝ կոնկրետ որոշում պիտի կայացվի։  ՀՕՊ զորքերի նախկին պետը չբացառեց, բայց եւ քիչ հավանական որակեց ԱԹՍ-ի ինքնաձիգով միանձնյա խոցումը։ Հիշեցնենք՝ նման 1-2 դեպք արձանագրվել է 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ․ «Մենահատ կրակով հավանականությունը զրոների շարանով է գալիս, իսկ երբ դասակը կենտրոնացած կրակ է վրաւոմ, հավանականությունը մեծանում է, որ կարող է խոցես»,- բացատրեց նա՝ հավելելով, որ չի գտնվի որեւէ զորամաս, որ չիմանա՝ ԱԹՍ-ի հարձակման դեպքում ինչպես պիտի դասակը պաշտպանվի։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը վերահաստատեց՝ ողջ մնացած միակ զինվոր Արմեն Հակոբյանը ցուցմունք տալիս ասել է՝ երբ զորամասից դուրս էինք գալիս, մեզ շարեցին, այդկերպ հրահանգեցին՝ մեջքի վրա պառկել, կրակել․ «Դատարանում հետազոտված ապացույցների մեծամասնությունը եւս վկայում է, որ զորքը հենց այդպես էլ վարվել է։ Ճի՞շտ է վարվել»,- հարցրեց նա։ Վկան դրական պատասխանեց։ Գործի քննության ժամանակ բազմիցս քննարկվել է նաեւ Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի՝ օդային հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է։ Հանրային մեղադրողը խնդրեց վկային պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում «որպես կանոն»-ը տվյալ դեպքում․ «Օրինակ՝ մինչեւ անտառ մտնելը մնացել է 100 մ, հասկանալի է, որ պիտի արագ քեզ գցես անտառ, թաքնվես, բայց այլ բան է, որ բաց դաշտում լինես։ Որպես կանոն-ը նման դեպքերի համար է»,- նշեց վկան։ Հայկ Մարգարյանը խնդրեց նաեւ մանրամասնել, թե ինչու է կարեւոր երթը դադարեցնելն ու թաքնվելը․ - Ամենաթանկը մարդկային կյանքն է՝ զինվորը, սպան։ Համար մեկ խնդիրը՝ թաքնվել, չշարժվել, տեղը չբացահայտել։ Մեր զինծառայողների հիմնական խնդիրը այն է եղել, որ իրենց տեղը բացահայտել են, հրամանների մեջ նշված  է եղել՝ երթերը կազմակերպել մեծ շարասյուն չկազմելով, առանձին–առանձին, արագությունը՝ ոչ պակաս 60 կմ/ժ-ից, քանի որ դրանից արագին ԱԹՍ-ն չի կարող խոցել, բայց հաշվի առեք վախի մթնոլորտը։ Չգիտեմ՝ այստեղ ովքեր եւ քանիսն են եղել մարտադաշտում, ես անձամբ առաջին պատերազմում ավտոմատով եմ կռվել եւ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում ինքնակառավարում ունենալ։ Մեկ՝ վախը, երկրորդ՝ աղմուկը, երրորդ՝ հավանականությունը, որ եթե կոլեկտիվ է, մեկը պանիկայի մեջ է, մեկը վիրավոր է, այրում, սթրես, մարդ կա՝ ինքնապաշտպանության զգացողությունն է կորցնում, մարդ կա՝ քարանում է․․․ Մարտը էնպիսի բան է, որ եթե գլխովդ հարյուրավոր փամփուշտներ չեն անցել, բացատրել անհնար է։ Հնարավո՞ր է՝ նույն պահին նույն տեղանքում գտնվողների միայն մի մասը ԱԹՍ-ն տեսնի կամ լսի Պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկային տեղեկացրեց՝ գործում կան տվյալներ, ըստ որոնց՝ ԱԹՍ-ն մոտ 30 րոպե օդում է եղել, նոր միայն խոցել զինծառայողների Ուրալը։ Ուստի հարց է ծագում՝ ո՞րն է պատճառը, որ հայկական ՀՕՊ-ը այն չի հայտնաբերել․ - Քելբաջարից մինչեւ Հորադիս, առաջնագծից մինչեւ 20 կմ խորության վրա ամեն օր եղել է առնվազն մի քանի հարյուր ԱԹՍ, հիմա ո՞րի մասին է Ձեր հարցը, - վրդովվեց գեներալը։ - Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 9-ին։- Հավանական է, որ այդ օրը այդ տեղանքում եղած լինեն ոչ պակաս, քան մի քանի հարյուր տարբեր չափսերի ԱԹՍ-ներ։- Այդ պայմաններում մարտական գործողությունները դադարո՞ւմ էին։- Իհարկե ոչ, ի՞նչ է՝ պիտի պառկես, մնաս, մինչեւ ԱԹՍ-ն օդից գնա՞։- Բա ի՞նչ պիտի անես։- Ցամաքում տանկն ու հրաձիգն է, օդում էլ՝ ԱԹՍ-ն, բա բոյ չտա՞նք, մեր հողն ու ջուրը չպաշտպանե՞նք․․․ Մարտ նշանակում է կամ դու, կամ քեզ։ Երբ համազգեստ ենք հագնում, մեր կյանքն այլեւս մերը չէ։ Պաշտպանը խնդրեց հայտնել նաեւ՝ հնարավո՞ր է, որ նույն պահին նույն տեղանքում գտնվող անձանց մի մասին ԱԹՍ-ն տեսանելի կամ լսելի լինի, իսկ մյուս մասին՝ ոչ․ «Իհարկե այո, նայած արեւը որ կողմից է, նաեւ ինչ տիպի շարժիչ է, նայած տեղից, դիրքից, կարող է քամի է, քամու ձայն է, եթե դեպի ձեզ է, կարող է՝ Դուք չլսեք, բայց ում անցել է, լսի»,- պատասխանեց Արմեն Վարդանյանը։ Ի վերջո, մեղադրյալը ճի՞շտ է վարվել թե՞ սխալ Հարցաքննության երկրորդ օրը վկային մանրամասն ներկայացվեց գործի էությունը, դեպքը, որ տեղի է ունեցել ԻՍՎ անձնակազմի հետ, եւ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործողությունները դրա շրջանակում։  Ըստ գործի նյութերի՝ ԻՍՎ անձնակազմը ԻՍՎ-ի հրամանատար Տարոն Նիկողոսյանի հրամանով պատսպարված է եղել, երբ Անդրանիկ Վերանյանը ժամանել է եւ հետաքրքրվել, թե ինչու են կանգնեցրել երթը։ Մեղադրողը ՀՕՊ զորքերի նախկին պետից փորձեց կարծիք ստանալ՝ ԻՍՎ ղեկավարը, որ պատսպարվելու հրաման էր տվել, տվյալ դեպքում ճի՞շտ թե՞ սխալ է վարվել։ Վկան պատասխանեց, որ կանգնել, թաքնվելը միանշանակ ճիշտ էր։ Մեղադրողը շարունակեց մանրամասներ հայտնել․ - Այդտեղ որեւէ մարտական գործողություն չի ընթացել, հակառակորդի զինվորի ոտք չկար, որեւէ դիվերսիոն ներթափանցման մասին տվյալ չենք ունեցել։ Երեկ արձագանքելով պաշտպանի՝ ԱԹՍ-ի օդում լինելու պայմաններում մարտական գործողությունները շարունակել-չշարունակելու վերաբերյալ հարցին՝ նախ զարմացաք, ապա ծիծաղեցիք, ապա պատասխանեցիք՝ հո չե՞նք կարող պառկել ու չկռվել, ինչ է թե երկնքում ԱԹՍ կա։ - Իմ պատասխանը ակտիվ մարտին էր վերաբերում։ - Հիմա նկարագրածս իրավիճակը համահո՞ւնչ է մարտի պայմաններին, այդտեղ մարտ կա՞ր, որ ԻՍՎ-ն պարտավոր լիներ կռվել։ - Խնդրում եմ՝ այդ հարցին ես չպատասխանեմ, համազորայինների մոտ մի քիչ ուրիշ է, իմ մոտ մարտը սկսում է նշանակետը հայտնաբերելուց, ԱԹՍ–ն թռավ, իմ մոտ բոյը սկսվեց։ - Դուք գեներալի կոչում ունեք եւ չեք կարող ասել, թե չգիտեք՝ մարտը որն է։ - Ես չեմ ուզում հոգուս, խղճիս վրա․․․ - Դուք ճիշտը ասեք։ - Եթե անմիջական կոնտակտ չկա, բոյ չի գնացել, պարզ է, որ մարտ չկա։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Հաջորդիվ Մարգարյանը փորձեց ստանալ Արմեն Վարդանյանի գնահատականը՝ Արդրանիկ Վերանյանի գործողություններին, երբ նա պատսպարված անձնակազմին երթը շարունակելու հրաման է տվել․ -Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ մի վկա, որը որպես դիտորդ գտնվելիս է եղել հրամանատարական մեքենայի թափքում, ասել է՝ Անդրանիկ Վերանյանն ինձ հարցրեց՝ օդում ԱԹՍ կա՞, նայեցի, ասացի՝ չկա, դրանից հետո ասաց՝ նստեք մեքենան, շարժվեք։ Տուժողները, ողջ մնացած միակ զինծառայողը, այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները, սակայն, ասում են, որ ԱԹՍ-ն կամ տեսնում կամ լսում կամ ե՛ւ տեսնում ե՛ւ լսում էին։ Որպես 46 տարվա զինվորական՝ ինչպե՞ս կնկարագրեք հրամանատարի գործողությունը, ճի՞շտ է վարվել թե՞ ոչ։ - Իսկ ի՞նչ մարտական խնդիր է նա ունեցել, եւ ի՞նչ ժամկետում դա պիտի կատարվեր։ - Նախորդ օրը բանակային կորպուսի գեներալ-մայոր Բուդաղյանի հրամանով գնդապետ Մաղսուդյանի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ խնդիր է դրվել Մեղրու անձնակազմին առավոտյան հանել երթի, շարժվել դեպի Ջրական, անգամ կոնկրետ վայր չի նշվել, ուր մնաց՝ ժամ։ Այդ պայմաններում պատասխանեք իմ հարցին։ - Խնդիրը չի՞ տրվել գրավոր։ - Ոչ, վարույթի նյութերում նման բան չկա, ոչ մի վկա ժամի մասին տվյալ չի հայտնել։ - Ախր դա ամենակարեւոր կետն է, դա մարտական կարգադրության վերջին կետն է, հո ինքնանպատակ չէ գնալ էսինչ տեղը։ Միգուցե գաղտնիության ռեժիմից ելնելով՝ այդ ժամը չեն տվել, բայց օպերատիվ վարչության պետը անհնար է՝ չիմանար, միգուցե ներքին կարգով է եղել։ - Մենք նույնիսկ կոնկրետ տեղը չգիտենք, գնդի շտաբի պետ Դավիթ Հարությունյանը, որ առաջնորդել է երթը, անգամ նա չի իմացել, թե կոնկրետ ուր պիտի գնանք։ Այս պայմաններում, երբ ԻՍՎ անձնակազմը տեսել ու լսել է ԱԹՍ-ն եւ գործել է Ձեր իսկ հրահանգի համատեքստում, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը ճի՞շտ է վարվել,- հարցը կրկնեց մեղադրողը։ Վկան դարձյալ դժվարացավ կոնկրետ պատասխան տալ։ - Երթի ղեկավարը պիտի՞ իմանար, եթե ժամ լիներ։ - Այո։ - Բա ասում եմ՝ ժամի մասին ոչինչ չի ասել։ - Հազար ներողություն, ես չեմ կարող ասել՝ ինչու է այս վիճակում հայտնվել այդ ստորաբաժանումը։ Թող ինձ Աստված ների, ներկաներն էլ՝ հետը, բայց անժամանակ մարտական խնդրի կատարում չի լինում։ Այնքան կարեւոր չէ սկիզբը, որքան նշված ժամանակին տեղ հասնելը, գուցե պիտի մեկին օգներ, մեկին փոխարիներ․․․ Ես չգիտեմ։ Այս պարագայում անկախ զոհերից, լույս նրանց հոգիներին, հազար փառք ու հիշատակ իմ զոհված բալիկին ու բոլորին, ես ուրիշ մարդու կմեղադրեմ։ Մեղադրողն ու տուժողների իրավահաջորդները տեւական ժամանակ փորձեցին վկայից, ամեն դեպքում, գնահատական ստանալ, ինչին ի վերջո նա այսպես արձագանքեց․ «100 տոկոսանոց ճիշտ կլիներ, եթե զեկուցեր, որ երթը դադարեցնում է էս ինչ բանի պատճառով, 100 տոկոսանոց սխալ է, եթե էդ բանը չի արել»։ Այս պատասխանը, սակայն, շուտով փոփոխվեց, երբ պաշտպան Նարեկ Գրիգորյանը պնդեց՝ ժամի մասին տեղեկություն եղել է․ - Կորպուսի հրամանատարի տեղակալ Արտակ Մաղսուդյանն ասել է՝ հոկտեմբերի 8-ին զորամասի սպակայազմի հետ խորհրդակցության ժամանակ, պարոն մաղսուդյանի հետ կապ է հաստատել Արտակ Բուդաղյանը եւ ասել՝ հնարավորինս արագ զորքին բերեք էստեղ։ Եվ արդյունքում, առաջնագծում տեղի ունեցած փոփոխությամբ պայմանավորված՝ երեկոյան նախատեսված երթը կազմակերպում է ավելի շուտ,- նշեց պաշտպանը՝ խնդրելով Վերանյանի գործողությունները գնահատելիս սա եւս հաշվի առնել։ - Եկանք, հասանք ժամանակի հարցին․ «հնարավորինս արագ»-ը նշանակում է չկանգնել, ոչ մի բան չանել, էդպիսի հրաման են ստացել, փաստորեն։ «Հնարավորինս արագ» նշանակում է՝ զոհ կտաս թե չէ, կընկնես թե չէ, կխփեն թե չէ, արի, հասի տեղ։ Եթե էդ տիպի խնդիր է դրված,  իրավիճակը լրիվ այլ է դառնում․ ամեն գնով, ոչ մի բանի դեմ կանգ չառնելով, պիտի քշես, գնաս, աջ կամ ձախ անելու հնարավորություն չունես։ Բայց եթե ես լինեի, կզանգեի, կզանգեի այդ հրաման տվողին, կասեի՝ էս վիճակն է, ի՞նչ անեմ, էլի քշե՞մ թե՞ մնամ, զոհվեմ։ Այստեղ արդեն հրամանի ճշգրտման խնդիր է գալիս, ինչի իրավունքը ենթական ունի, իսկ վերադասը պարտավոր է ճշգրտել մարտական խնդիրը։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանը խնդրեց նաեւ հայտնել՝ եթե դիցուք ամեն ինչ լիներ նույնը, բայց զորքը հաջողությամբ տեղ հասներ, վկան Անդրանիկ Վերանյանի գործողություններում դարձյալ խախտում կտեսնե՞ր թե՞ ոչ․ - Իհարկե ոչ, խնդիրը հաջողությամբ կատարել է։- Բա ինչպե՞ս է, որ նույն գործողության համար մի դեպքում խախտում չունենք, մեկ այլ դեպքում՝ ունենք։ - Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես չունեմ իր հրամանը, կատարման կարգը, շատ ելակետային տվյալներ, բայց առավել քան համոզված եմ, որ մի գործողություն, որը բերել է ծանր հետեւանքների, բայց խնդիրը կատարվել է, մի բան է, մեկ այլ բան է, որ եւ զոհ ես տալիս, եւ չես կատարում քո խնդիրը։ Մարտական խնդիրը գերագույն արժեք է, մեր հողն ու ջուրն է, մեր գերեզմաններն են, մեր ընտանիքներն են․․․ - Ի վերջո, 5 տարի անց մի շարք հանգամանքների ճշտված չլինելու պայմաններում հնարավո՞ր է անձի արարքին գնահատական  տալ,- հետաքրքրվեց նախագահող դատավորը։ - Ես ավելի շատ ինքնավստահության խնդիր եմ համարում, որ իր վրա է վերցրել, ասել է խնդիր չկա, գնացինք, բայց․․․ Գուցե ինֆորմացիայի կամ գիտելիքի կամ ժամանակի սղության պատճառով իրավիճակը ճիշտ չի գնահատվել, արդյունքում՝ ճիշտ որոշում չի կայացվել, բայց դրա դրդապատճառները ոչ ոք չի կարող ասել, բացի որոշում կայացնողից։ Որդեկորույս ծնողներից Հարություն Օհանյանը հետաքրքրվեց՝ որպես հրամանատար՝ վկան ի՞նչ կաներ, եթե գար դեպքի վայր ու տեսներ Ուրալում այրվող իր զինծառայողներին։ Արդյո՞ք իր գործողությունը կլիներ թողնելն ու հեռանալը։ Ի պատասխան՝ Արմեն Վարդանյանը ասաց, որ ինքն այդպես չէր վարվի, բայց խնդրեց չմոռանալ, որ նման իրավիճակներում ամեն մարդ յուրովի է արձագանքում վախին։ - Ամսի 7-ին Արթուրս կդառնար 24 տարեկան, ես մնացի մենակ, մնացի դատարկ,- հուզվեց որդեկորույս մայրերից մեկը։ Հարցաքննության ավարտին դատավարության մասնակիցները շնորհակալություն հայտնեցին վկային՝ կարեւոր հարցերին կարեւոր պատասխաններ տալու համար․ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։   Միլենա Խաչիկյան
21:26 - 12 ապրիլի, 2025
Ըստ վկայի՝ հայկական ՀՕՊ-ը չգտնելով՝ ԱԹՍ-ն խոցել է 18 զինծառայողների Ուրալը

Ըստ վկայի՝ հայկական ՀՕՊ-ը չգտնելով՝ ԱԹՍ-ն խոցել է 18 զինծառայողների Ուրալը

2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանի գործով երեկ դատարանում հարցաքննվեց աշխարհազորային Գարուն Ասրյանը։ Վերջինիս ցուցմունը, սակայն, հակասում էր թե՛ այլ վկաների, թե՛ նախկինում իր իսկ տված ցուցմունքին։ Վերանյանի գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձոր գյուղի խաչմերուկում Ինժեներասակրավորական վաշտի զոհվելու հանգամանքներին։ Ըստ մեղադրանքի՝ նա պատսպարված զորքին երթը շարունակելու հրաման է տվել, ինչից րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է վաշտի Ուրալին։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Վկա Ասրյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ հրահանգավորում, որպես այդպիսին, չի եղել, բայց իրենք գիտեին, որ ԱԹՍ տեսնելիս պետք է շատ շարժ չանել, նաեւ կրակել։ Վկան պատմեց, որ իրենք Իշխանաձոր են եկել Ջրականից, երբ իրենց փոխարինելու է եկել այլ զորք։ Այդ ընթացքում նա ԱԹՍ-ի ձայն չի լսել, խաչմերուկ հասնելու եւ Ուրալը տեսնելու ժամանակ է, որ ԱԹՍ-ն սկսել է եւ լսվել, եւ երեւալ։ Ասրյանը նշեց՝ նույնիսկ 3 անգամ փորձել է կրակել, սակայն չի հաջողել։ Մեղադրող դատախազ Հայկ Մարգարյանի հարցին, թե ինչ հեռավորության վրա էր ԱԹՍ-ն, վկան պատասխանեց՝ մոտ 5-6 կմ։ Այս պատասխանը տարակուսանք առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ։ Նրանք ընդգծեցին՝ վկայի նշած СВД տեսակի զենքի խոցման առավելագույն հեռավորությունը 2․7 կմ է։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը - 6 կմ ԱԹՍ-ն Դուք օդում տեսնո՞ւմ էիք։- Հա, աչքաչափով, կարող է 5 էլ լինի։- Կարող է 1 էլ լինի՞։- Չէ դե, մոտավորապես եմ ասում։- Բա ես շենքի վերջը ես չեմ տեսնում, Դուք 5 կմ ո՞նց էիք տեսնում։- Ինքը սպիտակ գույն էր, դրա համար տեսա։- Բա ամպերը ի՞նչ գույն էր։- Ամպեր չկային, օպտիկայով մոտեցրել եմ։ Գարուն Ասրյանի խոսքով, երբ տեսել են սարը բարձրացող Ուրալին, հավաքված մարդկանցից հետաքրքրվել են՝ ի՞նչ Ուրալ է, ո՞ւր է գնում։ Ի պատասխան՝ ասվել է՝ բարձրանում են դիրքեր։ - Բա ինչի՞ հարցրիք։- Դե, ԱԹՍ-ն պտտվում էր, անցներ, նոր․․․- Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպիտի՞ շարժվեին։- Դե, հա, կամ էլ չէին նկատել։- Իսկ եթե նկատել են ու գնացե՞լ։- Դե, արդյունքը տեսանք։ Նախորդ նիստում հարցաքննված վկա Շալիկո Եղիազարյանը պատմել էր, որ խաչմերուկից աջ ընկած հատվածում՝ ծառերի տակ, զինամթերքի արկղեր է տեսել, ենթադրել, որ դրանք գուցե դատարկ են, քանի որ պատերազմի ժամանակ Ջրականում մի քանի անգամ այդպես խաբել են թշնամուն․ դատարկ արկղեր դրել, եւ ԱԹՍ-ները եկել, դրանք են խոցել։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը խոցելիս ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերել։ Բայց այս դեպքում անձամբ է մոտեցել, բացել, համոզվել, որ արկղերը լիքն են։ Հենց այս դրվագի վերաբերյալ էր գլխավոր հակասությունը, ինչով պայմանավորված էլ դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունն ու հրապարակեց Ասրյանի նախաքննական ցուցմունքը։ Նախաքննության ժամանակ Գարուն Ասրյանն ասել էր, որ խաչմերուկում մեծ քանակությամբ հրթիռների արկղեր կային, որոնք այնքան շատ էին, որ հաշվել չէին կարող։ Ասել էր՝ եթե պայթեին, ոչ միայն Իշխանաձորը, այլեւ կողքի գյուղերը կքանդվեին։ Նաեւ շեշտել էր՝ Շալիկո Եղիազարյանը գոռգոռացել է, թե ինչու են այդ արկղերը բերել այդտեղ։ Երեկ, սակայն, դատարանում հարցաքննվելիս Ասրյանը պնդեց՝ անձամբ է բացել եւ տեսել, որ արկղերը դատարկ են։ Ձախից՝ Անդրանիկ Վերանյանը, Նարեկ Գրիգորյանը - Ո՞նց հասկանանք այս հակասությունը,- հարցրեց մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։- Ես տեսել եմ, որ դատարկ էին։- Բա նախաքննության ժամանակ ինչո՞ւ եք հակառակն ասել։- Չեմ հիշում։- Քննիչը Ձեր ասա՞ծն է գրի առել,- հետաքրքրվեց հանրային մեղադրողը։- Երեւի էլի։- Բա եթե երեւի, դատարկ արկղի պայթելուց գյուղերը ո՞նց պիտի քանդվեին։- Չգիտեմ, ոչ մի բան էլ չեմ հիշում։- Ի՞նչ է նշանակում ոչ մի բան էլ չեմ հիշում։- Մենակ էդ դեպքն եմ հիշում։- Խնդիր կա՞, որ չեք ուզում ասել։- Չէ։- Քննիչը ձեզ վախեցրել է, սպառնացել է- Չէ-չէ,- պատասխանեց վկան՝ այդպես էլ չկարողանալով պարզաբանել հակասությունը։ Մյուս հակասությունը վերաբերում էր Գարուն Ասրյանի եւ Շալիկո Եղիազարյանի՝ Իշխանաձորի խաչմերուկ հասնելու ժամանակին։  Եղիազարյանը նշել էր, որ երբ հասել են խաչմերուկ, Ուրալը դեռ այնտեղ էր, ԱԹՍ-ն էլ՝ օդում, նույնիսկ մի սպա զեկուցել է դրա առկայության մասին։ Մինչդեռ ըստ Ասրյանի՝ երբ հասել են, Ուրալը արդեն բարձրանալիս է եղել՝ սարի դիքի վրա։ - Ո՞նց է ստացվում, որ Շալիկոն ասում է՝ երբ հասանք, Ուրալը այնտեղ էր, Դուք ասում եք՝ որ հասանք, արդեն գնում էր։ Հնարավո՞ր է՝ միասին չեք եղել։- Չէ, միասին ենք եղել։- Բա ո՞ւմ հավատաք, մեկնումեկդ ճիշտ չի ասում, կամ երկուսդ էլ ճիշտ չեք ասում։- Ես ինչ հիշում եմ, էդ եմ ասում։ Գարուն Ասրյանի խոսքով՝ երբ դեպքից հետո շտապել են պայթյունի վայր, տեսել են, որ մեքենաները այրվում են, զինծառայողներն էլ մեջն են․ «Այդտեղ էր գտնվում մի մարդ, որ շատ ուժեղ ողում էր։ Նրան գրկեցի, որ մի կողմ տանեմ, հանգստացնեմ, սակայն նա չէր ենթարկվում, զոռով էինք պահում․ էրեխեն մեջն էր, ուզում էր՝ մոտիկանալ․․․ Հիշելիս նույնիսկ մտքերս խառնվում են․․․ Ուրալի մեջ փամփուշտներ էլ կային, որոնք տրաքում էին․․․ Պաժառնին եկավ, հանգցրեց, բայց արդեն ուշ էր»։ Ասրյանի կարծիքով՝ հակառակորդի ԱԹՍ-ն խոցել է զինծառայողների Ուրալը, քանի որ այդպես էլ չի կարողացել գտնել հայկական ՀՕՊ-ը․ «4-5 րոպե ԱԹՍ-ն ման էր գալիս մեր ՀՕՊ-ը, քանի որ այն հարվածել ու խոցել էր նրանց, հետո մերոնք թաքցել էին, դրա համար էլ ման էր գալիս, ու որ չգտավ, խոցեց ուրալին»,- նշեց վկան։ Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։   Գլխավոր լուսանկարում՝ Գարուն Ասրյանը Միլենա Խաչիկյան
11:44 - 10 ապրիլի, 2025
Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժվել է

Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժվել է

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, մերժել է Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը։ Պաշտպան Նորայր Նորիկյանը, հիշեցնենք, միջնորդել էր նշանակել ռազմագիտական փորձաքննություն՝ պատասխանելու համար մի շարք հարցերի, առանց որոնց, ըստ նրա, հնարավոր չէ գնահատական տալ Գրիգորյանի գործողություններին։ Միջնորդության դեմ առարկել էր հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկանում է՝ միաժամանակ դատարանն անփոփոխ է թողնել Գրիգորյանի տնային կալանքը՝ դրա ժամկետը երկարաձգելով եւս 2 ամսով։ Նրա նկատմամբ ընտրված են նաեւ երկրից բացակայելու արգելք եւ 3 միլիոն ՀՀ դրամ գրավ խափանման միջոցները։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ՝ այն բանի համար, որ նա զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Գրիգորյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել, պնդել է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդել է 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը՝ նշելով, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանների էական փոփոխություն չի կատարվել, մասնավորապես, քրեական գործով ապացույցների հետազոտման ավարտ չի ազդադարվել: Ընդհակառակը՝ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացվել է, և շարունակում է բարձր լինել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, որը քննության ներկա փուլում կարող է չեզոքացվել տնային կալանք խափանման միջոցի շարունակական կիրառմամբ։ Մեղադրողի միջնորդության դեմ առարկել է մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը՝ նշելով, որ տեղի է ունեցել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանների էական փոփոխություն։ Մասնավորապես, քրեական գործով հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվել են ապացույցները, այդ թվում՝ հարցաքննվել են վկաները: Անդրադառնալով քրեական գործով հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացված լինելուն՝ Նորիկյանը հայտնեց, որ նշված խումբ ապացույցներն իրենց բնույթով այնպիսին չեն, որ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը դրանց վրա որևէ ազդեցություն գործադրելու հնարավորություն ունենար: Պաշտպանի գնահատմամբ՝ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի պատշաճ վարքագիծը քննության ներկա փուլում կարող է ապահովվել նաև վերջինիս նկատմամբ արդեն իսկ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների՝ գրավի և բացակայելու արգելքի միջոցով: Միևնույն ժամանակ դրանք անբավարար դիտարկելու դեպքում պաշտպան Նորիկյանը միջնորդել է համակցությամբ կիրառել նաև վարչական հսկողությունը։ Իր որոշմամբ դատարանն արձանագրել է, որ քննության ներկա փուլում դեռևս առկա է Հայկազ Գրիգորյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը․ «Մասնավորապես, Դատարանը փաստում է, որ ապացույցների հետազոտման ավարտ չի ազդարարվել, և վարույթի մասնակիցները քննության սույն փուլում դեռևս կարող են հանդես գալ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու, այդ թվում՝ արդեն իսկ հարցաքննված անձանց լրացուցիչ հարցաքննելու միջնորդություններով: Ավելին՝ պաշտպանության կողմը հայտարարել է նման միջնորդություններով հանդես գալու մտադրության մասին»: Հայկազ Գրիգորյանին վերագրվում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված մեկ դրվագ առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքի կատարում, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկումը՝ 6-12 տարի ժամկետով։   Միլենա Խաչիկյան
22:26 - 04 ապրիլի, 2025
Վնասվածքի եւ մարտը շարունակելու համատեղելիության կարգ կա՞ թե՞ ոչ․ Խուռհատ սարի գործով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պատասխանը

Վնասվածքի եւ մարտը շարունակելու համատեղելիության կարգ կա՞ թե՞ ոչ․ Խուռհատ սարի գործով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պատասխանը

ՀՀ զինված ուժերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերով սահմանվա՞ծ է արդյոք պատերազմի ժամանակ ստացած վնասվածքի եւ մարտական գործողությունը շարունակելու համատեղելիության կարգը։ Այս եւ այլ հարցեր Երեւանի քրեական դատարանը օրերս ուղղել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին՝ մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով որոշ դրվագներ ճշգրտելու նպատակով։ Իշխան Վահանյանը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը նրա ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի։ Ըստ քրեական գործի՝ Վահանյանը, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։ 70-օրյա շրջափակումից հրաշքով փրկվել է միայն 6 զինծառայող։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 2021 թ․-ից ի վեր քննվող այս գործով դատարանն ավարտել է դատակոչված 40 վկաների, 14 տուժողների եւ տուժողների 15 իրավահաջորդների հարցաքննությունները։ Դրանից բացի, դատարանում իրավահաջորդ է ճանաչել եւ հարցաքննել եւս 8 անձի։ Հարցաքննությունների ավարտից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դիմել էր Գլխավոր շտաբին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԶՈՒ ԳՇ Մարտական կանոնադրությունն ու պատասխանել մի քանի հարցերի։ Այսօրվա նիստին դատարանը հրապարակեց պատասխանը՝ ստացված ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետ գնդապետ Ա․ Պետրոսյանից։ Ըստ պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջանի գործունեությունը կանոնակարգող կանոնադրություններով, կանոնագրքերով, հրամաններով, կարգադրություններով, հրահանգներով եւ այլ իրավական ակտերով սահմանված չէ զինծառայողի ստացած վնասվածքի եւ մարտական գործողությունը շարունակելու համատեղելիության կարգը: Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ Իշխան Վահանյանը պնդում է, որ Խուռհատ սարում այնպիսի վիրավորում է ստացել, որ ի վիճակի չի եղել շարժվելու, այդ իսկ պատճառով էլ վիրավորների մեքենայով հեռացել է։ Սակայն ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ դրանից առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Վահանյանը ստացել եք նույնանման, ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում, սակայն մնացել է դիրքերում եւ շարունակել մարտը։ Հաջորդիվ դատարանը հրապարակեց «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք» ՀՀ օրենքից հոդվածներ, համաձայն որոնց՝ մարտական գործողություններ ընթացքում նույնիսկ իր զորամասից, ստորաբաժանումից կտրված և լրիվ շրջափակման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին՝ խուսափելով գերեվարվելուց։ Պարտավոր է նաեւ մարտում մինչեւ վերջ կատարել իր զինվորական պարտքը․ «Համաձայն 2015թ հոկտեմբերի 12-ի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ N 012 դիրեկտիվի՝ գումարտակների հրամանատարներին տրվում է բժշկական ապահովման կարգադրություն, որի մեջ նշվում են, ըստ էության, հակառակորդի գործողության վերաբերյալ համառոտ տեղեկություններ։ Բժշկական ապահովման կարգադրությունը ստորագրվում է զորամասի շտաբի և բժշկական ծառայության պետի կողմից»,- ընթերցեց դատավոր Ջոն Հայրապետյանը։ Նա հրապարակեց նաեւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությունից որոշ դրույթներ, որոնց համաձայն՝ «բժիշկ» տարհանման միջոցառումները  կազմակերպվում եւ իրականացվում են վիրավորներին եւ հիվանդներին ժամանակին օգնություն ցուցաբերելու և տարհանելու նպատակով։ Մասնավորապես, առաջին օգնությունը ցուցաբերվում է անմիջապես մարտադաշտում՝ խոցման օջախում՝ ինքնաօգնության եւ փոխօգնության մեթոդով կամ բժշկական ստորաբաժանումների անձնակազմով։ Հաջորդիվ՝ գումարտակի բժշկական կետում, ցուցաբերվում է նախաբժշկական օգնություն։ Վիրավորներին ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար պետք է նրանց ավագ պետի բժշկական ստորաբաժանումը տարհանել վիրավորման, հիվանդանալու պահից ամենաուշը 4-5 ժամ հետո։ Վիրավորների և հիվանդների տարհանումը, որպես կանոն, կատարվում է հաստիքային եւ տրված սանիտարական փոխադրամիջոցներով, ինչպես նաեւ ընդհանուր նշանակության տրանսպորտով։ Անհրաժեշտության դեպքում վիրավորների, հիվանդների տարհանման համար հրամանատարի կարգադրությամբ հատկացվում է ստորաբաժանումների անձնակազմից։ Գումարտակից վաշտից վիրավորներին, հիվանդներին տարհանելը կազմակերպելու համար պատասխանատու է վերադաս պետը։ - Օգնություն ցույց չի տվել, փախել է, էրեխեքը՝ վիրավորված, կապած, մնացել են, ինքը՝ փախել,- հրապարակումից հետո վրդովվեցին տուժողների իրավահջորդները՝ դատարանին խնդրելով այդ հանգամանքն անպայման հաշվի առնել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին։   Միլենա Խաչիկյան
20:50 - 04 ապրիլի, 2025
«Գոռացի՝ կանգնե՛ք, զասադ է»․ Քիմիկների գործով վկան պատմում է ՝ ինչպես է ինքը փրկվել, եղբայրը՝ զոհվել

«Գոռացի՝ կանգնե՛ք, զասադ է»․ Քիմիկների գործով վկան պատմում է ՝ ինչպես է ինքը փրկվել, եղբայրը՝ զոհվել

«Ես 3 անչափահաս երեխա թողել եմ տանը, եկել դատարան։ 2 տարեկան երեխայիս թողել եմ 10 տարեկանի մոտ, պատուհանները փակել, եկել։ Չի կարելի էլի էսպես, չորս տարի է՝ էստեղ նստած եմ, բայց դրա համար մի պատճառ չկա», -Քիմիկների զորամասի գործով ամբաստանյալ Էլլադա Հարությունյանի խոսքերն են։ Հարությունյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ, հայտնի է որպես Քիմիկների զորամաս) համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, այժմ մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ․ մեղադրանքը առնչվում է՝ նույն զորամասի բաժանմունքի պետերից Սարգիս Կուլակչյանի հետ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։ Կուլակչյանն ու Հարությունյանը, սակայն, այս մեղադրանքը չեն ընդունում։ Էլլադա Հարությունյանը - Ասեք՝ կա՞ մի բան, որ ես կարող էի անել եւ չեմ արել,- դատակոչված վկա Ռաֆայել Փնջոյանին հարցրեց Էլլադա Հարությունյանը։ - Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես չեմ դա վերահսկել,- պատասխանեց վկա Փնջոյանը։ Վերջինս նույնպես պատերազմի ժամանակ ծառայել է այդ զորամասում, զբաղեցրել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետի պաշտոնը, հոկտեմբերի սկզբին սեփական ցանկությամբ միացել է Մեղրի մեկնող 62-հոգանոց անձնակազմին, իր խոսքով՝ օգնություն ցուցաբերելու համար։ Անձնակազմը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի կողմից առաջադրանք է ստացել՝ 2020թ․ հոկտեմբերի 21-ին մեկնել Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողություն իրականացնելու։ Քանի որ քիմիկները տեղանքին ծանոթ չեն եղել, ուղեկցողներ են նշանակվել։ Սակայն ստացվել է այնպես, որ նախանշված վայրում իջնելու փոխարեն նրանք խորացել են մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ էլ ընկել են շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Այս դրվագի համար էլ այժմ մեղադրվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք եւս առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ վկայի՝ Գեւորգ Նշանյանի հաշվառումը պետք է 4-րդ բանակային կորպուսը վարեր Էլլադա Հարությունյանը պատմեց, որ երբ պատերազմի ժամանակ ՄՈԲ-ից մեկի հայրը մահացել է, գնդից զինկոմիսարյատ գրություն է ուղարկվել, որպեսզի նրան թույլատրվի մեկնել՝ հուղարկավորությանը մասնակցելու։ Այդ գրությունը, որպես ի գիտություն, տրամադրվել է նաեւ իրենց զորամասին։ - Հիմա Գեւորիկի դեպքում ո՞նց պիտի արվեր,- հարցրեց նա վկային։ - Նույն ձեւով- պատասխանեց Ռաֆայել Փնջոյանը։ - Շարային մասը (նկատի ունի՝ իրեն,-հեղ․) իրավունք ունե՞ր առանց ԳՇ պետի հրամանի նրան ընդգրկել զորամասի ցուցակներում, երբ նա արդեն այլ գնդում էր (նկատի ունի՝ Էջմիածնից մեկնել էին Մեղրի՝ միանալու այնտեղի զորքին,-հեղ․)։ - Հարգելի՛ դատարան, երբ ստորաբաժանումը անցել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության ենթակայությանը, դարձել է դրա ստորաբաժանումներից մեկը, այսինքն՝ այդ անձնակազմի հաշվառումը՝ դուրս գալու թույլ տալու, վերադառնալու հետ կապված, պետք է վարեր 4-րդ բանակային կորպուսը (նկատի ունի՝ ոչ այն զորամասը, որի կազմում ծառայել է Էլլադան,-հեղ․)- պատասխանեց վկան։ Դատավոր Սարգիս Դադոյանը Հենց այս պատասխանն էլ վրդովեցրեց Էլլադա Հարությունյանին․ - Հարգելի՛ դատարան, անցած դատին մեր տան ծխից բոլորը հավաքվել էին․․․ Երբ ծնողներս Հայաստանում էին, օգնում էին, բայց հիմա․․․ Խնդրում եմ՝ վերանայեք էս հարցը, ինձ ընդառաջեք, թույլ տվեք գնամ տուն։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալը իրավունք ունի գնալ, երբ նիստը ավարտվի։ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ռազմական ոստիկանական հենակետ ճանապարհին չի եղել Ռաֆայել Փնջոյանի հարցաքննության մնացած ժամերն անցան մյուս դրվագի՝ մարտական առաջադրանքի մեկնելու վերաբերյալ հարցուպատասխանով։ Դեռ նախորդ նիստին ցուցմունք տալիս նա հայտնել էր, որ մեկնելուց առաջ Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի ցուցումով նստել է ուղեկցողի կողքին, մի քանի անգամ նրան հարցրել՝ գիտի՞ իրենց մինչեւ ուր է ուղեկցելու, եւ ստացել դրական պատասխաններ։  - Ուղեկցող Արման Նուրիջանյանն ասում է՝ եթե իմանայի, որ պիտի գնայինք Կիրի հանք, կգնայի էդտեղ, ի՞նչ իմաստ կար Զանգելան հասնելու։ Ըստ Ձեզ՝ նա իսկապես տեղյա՞կ էր կամ եթե տեղյակ լիներ, հանքում կկանգնե՞ր,- վկային հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ - Ուղեկցողը նշանակվել էր, որ մեզ ուղեկցեր նախորոշված կետ։ Եթե նա չի իմացել, մենք էլ չենք իմացել, այդ դեպքում ի՞նչ էր անում նա այդտեղ․․․ Արսեն Աբգարյանն ասել է՝ հանքի մոտ ռազմական ոստիկանական կետ կա, էդտեղ պիտի կանգնեինք, բայց ես չեմ իմացել տեղանքը, ռազմական ոստիկանության հենակետ էլ չի եղել, եթե լիներ, կհասկանայինք, որ դա է,- պատասխանեց վկան։ - Նուրիջանյանն ասում է՝ իմացել է, որ պիտի դեպի Զանգելան տանի։ Այսինքն՝ սխալ է իմացել երթի վերջնակետը։ Դուք հավատո՞ւմ եք։ - Եթե տեղանքի անունը իմանար, տեղանքի հստակ կոորդինատներ ասեին, հայ մարդ է, դժվար՝ մեզ մտցներ Զանգելան։ Ուր ասել են, այդտեղ էլ տարել է։ Երբ ասացինք՝ շատ ենք եկել, նա ասաց՝ ռազմական ոստիկանական պոստ պիտի լիներ, չկար, դրա համար շատ եկանք։ - Իսկ նա այլ ցուցմունք է տվել․ ասել է, որ գիտեր, թե Զանգելան տանող ճանապարհը պետք է ցույց տա, ու կանգ է առել, երբ հասել է այն խաչմերուկին, որտեղից պիտի ասեին՝ որ ուղղությամբ երթ կատարեր, մինչդեռ Դուք ասում եք՝ շինությունը տեսաք, ասեցիք՝ կանգնի։ - Ես պնդում եմ, որ ես եմ իրեն ցուցում տվել, որ կանգնի, քանի որ այդքան մոտ չպիտի լինեինք Զանգելանին։ - Արման Նուրիջանյանը իր ցուցմունքում նշել է նաեւ, որ ավտոմեքենայում Ձեզ հետ խոսակցություն է ունեցել, մտավախություն հայտնել, որ հակառակորդը Զանգելանի մոտ է, իսկ Դուք ասել եք՝  օպերացիա ենք ծրագրում, եւ մեր վերահսկողության տակ է։ Նման բան հիշո՞ւմ եք։ -  Չի եղել նման խոսակցություն, եղել է այն մասին, որ մենք էս կողմից ենք գնալու, Անդրանիկ Մակարյանի ղեկավարած խումբը՝ մյուս կողմից։ Երկու կողմից գնալու ենք, սպասենք հետագա խնդիրներին, որ սանրման աշխատանքներ կատարենք։ Ձախից՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Մեղադրող Նավասարդյանը հիշեցրեց նաեւ, որ ճանապարհին մի ոստիկան են վերցրել, մի քանի մետր այնկողմ իջեցրել, եւ փորձեց հասկանալ՝ հարց չի՞ ծագել, թե այդ ոստիկանն ինչ էր անում այդտեղ, եթե հենակետ չկա։ -Չէ, չի եղել ճշգրտող հարց․․․ Մարդիկ էին կանգնած՝ սովորական կապույտ համազգեստով (նկատի ունի՝ ոչ ռազմական ոստիկանության համազգեստով,-հեղ․), որպես այդպիսին՝  հենակետ չի եղել, ոչ արգելափակոց, ոչ մի բան,- պնդեց վկան։ Նախորդ նիստին վկա Ռաֆայել Փնջոյանը պատմել էր նաեւ, որ երբ ավտոբուսներից իջել են ու հասկացել, որ սխալ տեղանք են եկել, Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասել է՝ ավտոբուսները պտտվեն, որ հետ գնան, սակայն դիմացի բլուրներից հակառակորդն արդեն նրանց նկատած է եղել։ Կիսաքանդ շինությունների հետեւոմ դիրքավորվելուց եւ մոտ 40 րոպե ինտենսիվ մարտ վարելուց հետո կրակը փոքր–ինչ նվազել է, զորքը՝ ցաքուցրիվ եղել։ Թաքնվելով, ոտքով գետին հակառակ գնալով՝ վկային հաջողվել է Արսեն Աբգարյանի եւ մի քանիսի հետ լուսադեմին դուրս գալ շրջափակումից։ - Գիշերը, երբ ղամիշների մեջ թաքնված էիք, փորձե՞լ ենք վերադաս հրամանատարության հետ կապ հաստատել, տեղեկացնել՝ ինչ վիճակում եք։ - Այո, ես մի քանի անգամ փորձել եմ բջջայինով, կապ չի եղել։ - Իմ տղայի հետ ես անձամբ եմ խոսել, ո՞նց չի եղել,-վրդովվեց ծնողներից մեկը։ Հիշեցնենք՝ շրջափակման մեջ մնացած զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը դեպքի օրը զանգահարել է տուն, նաեւ հաղորդագրություն գրել՝ տեղեկացնելով, որ թաքնված է եւ հետ գալու տարբերակ չունի․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն, հորս արեւ, լավ մնացեք, թեթեւ տարեք, չլացես, հերոս ունես, մա՛մ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ, դուխով, հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կփոխեն, աղաչում եմ՝ չլացես»,– ասված է հաղորդագրության մեջ։ Տուժողների իրավահաջորդները -Դուք փախուստի եք դիմել մարտի դաշտից՝ այնտեղ թողնելով մեր տղաներին,- բղավեցին դահլիճում գտնվող մայրերը։ - Չենք փախել։ - Բա դուք որտե՞ղ եք նկարվել։ - Ամսի 22-ին, որ գնդապետ Գեւորգյանն է ընդառաջ եկել մեզ, այդ պահին։ - Փախել, հետ եք եկել ու այ տենց ժպտալով նկարվել եք, հա՜, ինչների՞դ վրա էիք բերաններդ բացել,- վրդովվեցին տուժողների իրավահաջորդները՝ դատարանին ցույց տալով այդ լուսանկարը։ Ըստ վկա Դավիթ Կատանյանի՝ իրենց ասվել է, որ պիտի թշնամու ընդամենը 15-հոգանոց խմբի հայտնաբերեն Հակակոռուպցիոն դատարանում երեկ հարցաքննվեց նաեւ վկա Դավիթ Կատանյանը․ վերջինս դեպքին մասնակից զինծառայողներից է։ Դավիթը փրկվել է, նրա եղբայրը՝ զոհվել։ Վկա Կատանյանը պատմեց, որ սեպտեմբերի 29-ին ինքն ու իր հարազատ եղբայրը կամավորագրվել են, մեկնել Կապանի գունդ, մինչեւ հոկտեմբերի 16-ը մարտական գործողությունների մասնակցել Ջրականում։ 19 օր առանց հրամանատարի մնալով եւ հիասթափություն ապրելով՝ Դավիթը հրաժարվել է մասնակցել հետագա գործողություններին․ «Հոկտեմբերի 17-ին եկել ենք տուն, լույս 18-ին հետ եկել Կապանի գունդ, որտեղ ժողով եղավ, ասացին՝ պիտի գնաք Կուբաթլու, հրաժարվեցինք, ոնց հասկանում էինք՝ զորքին տանում էին, թողնում, անհետանում։ Այդպես ինձ Կապանում ձերբակալեցին, տարան ռազմական ոստիկանություն, ասացին՝ կամ ձեր՝ Մասիսի ջոկատից մարդ կտանեն, կամ քեզ կդատապարտեն»։ Ի վերջո, Դավիթը համաձայնել է․ Մասիսի իրեն ծանոթ Գեւորգ անունով մի զինծառայող (մականունը՝ Գիվի) նրան տեղեկացրել է, որ Անդրանիկ Մակարյանի հրամանով հետախույզները պիտի Ա կետից Բ կետ գնան, որտեղ հակառակորդի 15-հոգանոց խմբի շարժ են նկատել։ Ըստ Գեւորգի խոսքերի՝ ինքը Մակարյանի գլխավորած խմբի հետ մի ուղղությամբ է գնալու, Դավիթը՝ քիմիկների հետ՝ մյուս ուղղությամբ, երկու կողմից շրջափակելով հակառակորդին՝ մաքրելու են, դուրս գան․ «Ասաց՝ քայլելով կգնանք, ձեր հետ էլի մարդիկ կգնան, ես գնալու օրն եմ իմացել, որ քիմիկների մասին էր, ասաց՝ մի քանի հոգի են, կխփեք, զասադ կնստեք, կգանք․․․ Հանելուկը նրանում է, ինչից եմ ես ներվայնանում էլի, որ եթե մարտական գործողություն ես ղեկավարում, գեներալ մարդ ես, ինչքան պիտի անփույթ պիտի լինես, որ զորքը աջից ուղեկցես (նկատի ունի Մակարյանին,-հեղ․) ու ձախի հետ կապ չպահես, հետո էլ մեղադրում են գյուղացուն, ուղեկցողներին, ուղեկցողը կապանցի տղա է, իրեն ուր ասել են, էդտեղ է տարել։ Իմ հարազատ եղբայրն է զոհվել, իմ 2 ընկերները, ոնց կարելի է էլի»,- վրդովվեց Կատանյանը։ -  Արսեն Աբգարյանին մինչեւ մեկնելը տեսե՞լ եք,- հարցրեց մեղադրողը։ - Չէ։ - Մակարյանի կողմից ամբողջ անձնակազմին հրահանգավորում չի՞ արվել։ - Չեմ տեսել։ - Քրեական գործով նման տվյալներ ունենք, հնարավո՞ր է՝ Դուք չեք մասնակցել։ - Բացառվում է, զենքերը իրար հետ ենք ստացել։ Կատանյանի խոսքով՝ թշնամուն առաջինը ինքն է նկատել եւ փորձել ավտոբուսները կանգնեցնել Դավիթ Կատանյանը պատմեց, որ ընդհանուր ճանապարհը տեւել է մոտ 40 րոպե, ի տարբերություն նախորդ վկայի՝ պնդեց՝ ռազմական հենակետ տեսել է։ Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցին, թե ինչ տեսք ուներ այն, վկան պատասխանեց՝ պոստ էր, ծառերի տակ սեւ ֆորմաներով կանգնած էին։ «Զինվորները ավտոբուսների մեջ քնած էին, ես խասյաթ ունեմ՝ եթե ճանապարհն անծանոթ է, չեմ քնում, որ հետ գալիս իմանամ, ու որ տեսա պոստեր կան, որ սապյորը միներ էր շարում, մտածեցի՝ անիմաստ չէր դա, մեջս մի վախ ընկավ․ եթե սապյորը շարում է, մենք էլ խի՞ ենք գնում առաջ։ Էդտեղ սարերի վրա նկատեցի թուրքերին, գոռացի՝ կանգնեք, զասադ է, տղերքին արթնացրի։ Բայց վարորդն ասաց՝ մինչեւ դիմացի ավտոբուսը չկանգնի, չի կարող։ Եթե էդ առաջին խաչմերուկի վրա կանգներ՝մոտ 300 մ հետ, էդպես չէր լինի։ Հեռախոսս հանել եմ, որ զանգեմ ախպորս, զգուշացնեմ՝ առաջ չգան (երկու ավտոբուսները հետ էին մեզնից), կապ չի եղել»,- պատմեց վկան՝ հավելելով, որ շրջափակման միջից է կարողացել կապ հաստատել Վահագ անունով զինծառայողի հետ, տեղեկացրել, որ զոհ ու վիրավոր ունեն, սակայն հետո հեռախոսն ընկել է գետը, եւ կապը կորել է։ Հարցին, թե սակրավորները ճանապարհից ինչքան հեռավորության վրա էին, վկան պատասխանեց՝ 1 մ, նույնիսկ զարմացել են՝ իրենց տեսնելով, բարեւել, անցել։ Նրանցից մոտ 15 րոպե հետո արդեն ավտոբուսները կանգ են առել, իջել են եւ ստացել շրջանաձեւ պաշտպանություն անցնելու հրաման։ Թե ում կողմից, վկան չմտաբերեց, ասաց՝ հաջորդ օրն է իմացել, որ իրենց հրամանատարը Արսեն Աբգարյանն է եղել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, Անդրանիկ Մակարյանը, Ամրամ Մակինյանը Աբգարյանի պաշպան Դավիթ Դավիդյանը հետքրքրվեց՝ կարո՞ղ են արդյոք դուրս եկածներին փախած համարել, հնարավորություն կա՞ր մնալու, մարտ շարունակելու կամ մյուսներին օգնելու։ Վկան, սակայն, բացասական պատասխանեց, հասաց՝ դուրս եկածներից մեկն էլ ինքն է, որ եղբորն է կորցրել։ Հիշեց՝ նույնիսկ երբ տեսել է սպա Բադեյանի զոհվելը, չի կարողացել նրա մարմինը մոտեցնել իրենց։ Հարցին, թե ինքը ինչպես է փրկվել, Կատանյանը պատասխանեց՝ հրաշքով։ Վկայի համոզմամբ՝ զորքի հանդեպ անուշադիր վերաբերմունք է եղել Դավիթ Կատանյանի խոսքով՝ ինտենսիվ մարտը մեւել է մոտ 40 րոպե, հակառակորդը մոտեցել է ընդհուպ մինչեւ 6 մետր, նրանց թվում նաեւ դիվերսանտներ են եղել։ Իրենց թաքստոցում եղել են 6 հոգով, որոնցից միայն 4-ն է կրակել․ -Ի՞նչն էր պատճառը, որ բոլորը չէին կրակում։ -Վախը․ հետներս պովր կար, ֆիզկուլտի դասախոս, որ չէր տիրապետում ավտոմատին․․․ Զորահավաք եք արել, կանչել եք, էդ մարդը ԱԿԱ զենք կյանքում չի բռնել, շերեփ է բռել, էդ մարդուն խի՞ եք տանում (հիշյալ խոհարարը գերեվարվել է, հետագայում վերադարձվել, նրա ցուցմունքը կարդացեք այստեղ,-հեղ․)։ Որոշ ժամանակ մարտ վարելուց հետո Կատանյանը մի քանիսի հետ գետի ճանապարհով դուրս է եկել Կիրի հանք, որտեղ քիմիկների մեկ այլ խումբ կար։ Սկզբում մտածել են, թե իրենք հակառակորդ են, զինաթափել են, համոզվել, որ հայ են․ «Մի փոխգնդապետ է դիմավորել, ասացինք՝ Զանգելանից ենք գալիս, ասաց՝ խի՞ եք գնացել, մենք հրաման ենք տվել, որ գռադով խփեն էնտեղ։ Ընգերս ասաց՝ բայց մեզ հրամանով են տարել, ասաց՝ տենց հրաման չի եղել»։ Դավիթ Կատանյանը փորձել է հիշյալ Գիվիից տեղեկանալ, թե ինչու չեն միջամտել, իրենց օգնության չեն հասել, վերջինս էլ պատասխանել է, որ Անդրանիկ Մակարյանը նահանջի հրաման է տվել․ «Եթե դու գիտես՝ մանկության ընկերդ մեզ հետ է, մինչեւ հիմա անհետ կորած է, դու իրեն թողնում ես զասադի մեջ ու գնում, հրամանն էլ մի կողմ, մարդ չես, ընկեր չես»։ -Իսկ Անդրանիկ Մակարյանի հետ խոսե՞լ եք։ - Խոսել եմ, ասել է՝ դու պատկերացնո՞ւմ ես՝ որ ես զոհվեի, հակառակորդը կասեր՝ հայ գեներալ է խփել, ազգային հերոս կտային։ - Նահանջի մասին չե՞ք հարցրել։ - Չէ, եթե մարդը ֆակտ ասում է՝ եթե ես զոհվեի, դրանից հետո ի՞նչ հարցնեի․․․ Ինձ հետո կադրերի բաժնից Վարդանյանն ասաց՝ բունտ անեիր, հրաժարվեիր մարտի գնալ։ - Այսինքն՝ Վարդանյանը տեղյա՞կ էր, թե ուր եք գնում։ - Դե, փաստորեն։ Տուժողների րավահաջորդները հետաքրքրվեցին, թե կատարվածի համար Կատանյանը ում է մեղավոր համարում․ - Ով մարտական գործողությունը ղեկավարել է, մեզ տարել է՝ Մակարյանը, ինքն է տարել, ինքը կա, ես կամ, բայց մնացածը չկան, թող ինքը գնար Զանգելան, մենք գնայինք մյուս ուղղությամբ։ Մենք պիտի իջնեինք, ոտքով գնայինք, հետո ենք իմացել, որ ուղեկցողը շատ է տարել։ Զորքի հանդեպ անուշադրություն է եղել։ Վկաների հարցաքննությունը կշարունակվի ապրիլի 9-ին։     Միլենա Խաչիկյան
14:04 - 03 ապրիլի, 2025
«Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների ցուցմունքները

«Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների ցուցմունքները

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի 3 զորամասի 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդների հարցաքննությունների փուլը մոտենում է ավարտին։ 55 իրավահաջորդներից 45-ը հարցաքննվել է, 3-ը Հայաստանի Հանրապետությունում չէ, 2-ը ներկայացրել է տեղեկանք, որ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ ներկայանալ դատարան, եւս 5-ը դեռ պետք է հարցաքննվի (մյուսները, ըստ ամենայնի, տուժողի իրավահաջորդ ճանաչված չեն)։ Նրանք այն անձինք են, որոնց որդիները եւ այլ հարազատներ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտունիից «9-րդ կմ» կոչվող տեղանք մեկնելու հրաման են ստացել։ Սակայն վաշտը անցել է նախապես որոշված այդ տեղամասը, քանի որ նրանց ոչ ոք չի դիմավորել։ Այդպիսով նրանք հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, որտեղ էլ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են։ Զոհվածների հարազատները, սակայն, կատարվածի վերաբերյալ հստակ տեղեկություններ չունեն, որոշները չգիտեն անգամ՝ իրենց հարազատը երբ, որտեղ եւ ինչ հանգամանքներում է զոհվել։ Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար այժմ մեղադրվում են նույն զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք, սակայն, իրենց վերաբերյալ դատական նիստերին ներկա չեն գտնվում, դատարանի որոշմամբ՝ դատաքննությունն ընթանում է նրանց պաշտպանների մասնակցությամբ։ Արեւ Պետրոսյան Արեւ Պետրոսյանը, որ զոհված Կամո Շահվերդյանի կինն է, պատմեց, որ պատերազմը սկսելուն պես ամուսնուն կանչել են, գնացել է 3-րդ պաշտպանական շրջան, ընդգրկվել 7-րդ վաշտում։ Կնոջ հետ կապի մեջ է եղել մինչեւ հոկտեմբերի 6-ը: «Լսել էի, որ Ջալալ Հարությունյանի (ՊԲ հրամանատարը,-հեղ․) եւ Կամո Վարդանյանի (ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը-հեղ․) հրամանով գնացել էին Հադրութ՝ օգնության, եւ էնտեղ նրանց պիտի դիմավորեր Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը-հեղ․), որը չի դիմավորել։ Վաշտը գնացել է ու էլ չկա։ Տարբեր բաներ էին ասում, որ գերի է, որ շրջափակման մեջ է․․․ Փորձեցի հանդիպել Գոռ Իշխանյանին, տեսնել՝ նա ինչ է ասում: Ես այդ ժամանակ մորգերում ամուսնուս էի ման գալիս, ուզում էի հասկանալ՝ շարունակե՞մ ման գալ թե՞ շրջափակման մեջ էին։ Երեք անգամ գնացի, ասացին՝ տեղում չէ, կգա, մինչեւ երեկոյան հինգը նստեցի, սպասեցի, քանի որ երեխես էլ էդ ժամանակ չկար, Եղնիկներում էր ծառայում, հետ եկա Հայաստան, շարունակեցի որոնումներս»,- պատմեց տուժողի իրավահաջորդը։ Ամիսներ անց՝ 2021 թ․ հունվարի 15-ին, որդուց ԴՆԹ նմուշառումով հաստատվել է Արեւ Պետրոսյանի ամուսնու զոհվելու հանգամանքը։ Շողիկ Հարությունյան Շողիկ Հարությունյանը զոհված ժամկետային զինծառայող Ռազմիկ Մադաթյանի մայրն է։ Նա պատմեց, որ որդին վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 6-ին, ասել է՝ ամեն ինչ լավ է, լավ է լինելու, չմտածես․ «Ասաց՝ ինձ պարգեւատրել են, մամ, ամեն ձեւով կռվել ենք։ Շատ ուրախ էր․․․ Ասաց՝ հիմա մեզ տանում են Հադրութ, հարցրի՝ ինչի՞, ասաց՝ տենց ա պետք, զինվոր չկա, չեմ կարող երկար խոսել, կապերի խնդիր կա, ասացի՝ ոչինչ, քեզ լավ նայի, զգույշ եղի, կապի մեջ եղի։ Դրանից հետո էլ ոչ մի լուր չունեցանք»։ Հարությունյանի խոսքով՝ ուր ասես, ում ասես, դիմել են, միայն պատերազմի դադարից հետո են տեղեկացել, որ հոկտեմբերի 9-ին Հադրութը, իր խոսքով, տվել են, իսկ հոկտեմբերի 11-ին՝ տղաներին ուղարկել այնտեղ․  «Հրադադարից 13 օր անցել էր, ոչ մի լուր չունեի ոչ փոքրիցս, ոչ մեծիցս, ես ու եղբայրս գնացինք Ղարաբաղ, մտանք Արայիկ Հարությունյանի շենք, ուզում էինք իրեն տեսնել, ինքը տեղում չէր, փոխարինողն էր, ուղղակի անունը չեմ հիշում հիմա, ասաց՝ չեք գտնի նրանց, մենք էլ լուր չունենք, սպասում ենք՝ Կարմիր Խաչը մտնի էդ տարածք»։ Դրանից հետո Շողիկ Հարությունյանը գնացել է «Մարտունի 3»՝ հենց այն զորամաս, որտեղ ծառայում էր որդին՝ հանդիպելու նրա հրամանատար Գոռ Իշխանյանին․ «Հարցրինք՝ ո՞ւր են մեր էրեխեքը, ասաց՝ մենք էլ ենք սպասում, Կարմիր խաչը գնացել է․․․ Բայց գրիչը ձեռքին դողում էր․․․ Դուրս եկանք, եղբորս ասացի՝ էրեխեքը չկան, ու էդ պահին Գոռ Իշխանյանին թե մեկ ուրիշին, լավ չեմ հիշում, եղբայրս հարցրեց՝ ի՞նչ կա մեր էրեխեքից, նա էլ պատասխանեց՝ զանգել ենք, հեռախոսին թուրք է պատասխանել, էդտեղ եղբայրս հասկացավ, որ լավ հոտ չի գալիս։ Հետ եկանք, ասացինք՝ գոնե Ջրականի էրեխեքից տեղյակ պահեք, էդպես փոքրիս գտա»: Ամիսներ անց միայն տիկին Շողիկը ԴՆԹ նմուշ է հանձնել․ Կարմիր Խաչը այդ տարածքներից մարմիններ էր դուրս բերել, որոնց մի մասը՝ այրված․ «Ես լսել եմ, որ իրենք քիչ են եղել, թշնամին՝ շատ, դրա համար շրջափակման մեջ են ընկել, մեկ էլ լսել եմ, որ Գոռ Իշխանյանը գումարով ծախել է էրեխեքին»: Մեղադրողների ճշգրտող հարցերին ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդը դժվարացավ հավելյալ տեղեկություններ հայտնել իր այս հայտարարության վերաբերյալ, ասաց՝ անձամբ ոչ ներկա է եղել, ոչ լսել, ուրիշներն են փոխանցել։ Սիրուշ Միրզաբեկյան Սիրուշ Միրզաբեկյանը զոհված Գրիշա Միրզաբեկյանի կինն է։ Նա պատմեց, որ ամուսինը պատերազմ է մեկնել կամավոր, նույնիսկ իրար չեն էլ տեսել․ «Քանի որ էրեխեքս անչափահաս էին, ինձ ստիպեցին գալ Երեւան, դուրս եկա, եկա էստեղ, նույնիսկ իր տեղը չգիտեի, միայն գիտեի, որ դիրքերում է։ Վերջին անգամ հոկտեմբերին խոսեցինք, ոչ մի բան չասաց, միայն գիտեի, որ մեր գյուղից 7 կամավորով միացել էին 7-րդ վաշտին»։ Միրզաբեկյանի խոսքով՝ քանի որ ամուսինը հայր չուներ, իսկ մայրը անկողնային հիվանդ էր, ինքն էր նրան խնամում, իսկ որոնողական աշխատանքներով զբաղվում էր իր եղբայրը․ «Մեկ ասում էին՝ ողջ է, մեկ՝ չէ, բայց ես հույսս կորցրած էի․ եթե ողջ լիներ, ինձ կզանգեր»,- հուսահատ ասաց տուժողի իրավահաջորդը։ Բորիկ Սարգսյան Հարցաքննված մյուս ծնողը Բորիկ Սարգսյանն է՝ զոհված Արմեն Սարգսյանի հայրը։ Նա  դեպքի վերաբերյալ մանրամասն ոչինչ չգիտեր, ասաց՝ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել, ասել՝ տանում են Հադրութ․ «Ասաց՝ որ գամ, կզանգեմ, մինչեւ էսօր չի զանգել․․․»։ Հրամանատար Գոռ Իշխանյանի հետ Սարգսյանը բջջայինով է խոսել, վերջինս էլ ասել է՝ էրեխեքին ման են գալիս, որ գտնեն, տեղյակ կպահեն։ Մուրադ Հարությունյան Զոհված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանի հայրը՝ Մուրադ Հարությունյանը, նույնպես տեղեկություններ չուներ, անգամ չգիտեր՝ որտեղ ու ինչպես է որդին զոհվել։ Նշեց միայն՝ հոկտեմբերի 11-ին է զանգել, ասել՝ անհասանելի է լինելու։ Դրանից հետո ոչ որդու հետ է խոսել, ոչ էլ որեւէ մեկին հանդիպել։  Հետագայում Հարությունյանը եւս ԴՆԹ նույնականացման միջոցով է գտել որդու մարմինը։ Էլմիրա Սիրելյան Զոհված զինծառայող Նաիրի Սիրելյանի մայրը՝ Էլմիրա Սիրելյանը, դժվարացավ ցուցմունք տալ, ասաց՝ տղայից հետո հիշողություն չունի։ Հայտնեց միայն, որ երբ վերջին անգամ որդին զանգել է, ասել է՝ մեզ տեղափոխում են Հադրութ, չմտածես, մամ ջան, լավ կլինի․ «Ու ես խոսակցություններից լսել եմ, որ այդ ընթացքում ռումբը ընկել է մեքենայի մեջ։ Ուրիշ բան չգիտեմ»։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Շողիկ Հարությունյանը, պաշտպանները, դատավորը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
17:09 - 01 ապրիլի, 2025
Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի

Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի

44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող Երվանդ Իսկանդարյանի պնդմամբ՝ այն պահին, երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը իրենց երթը շարունակելու հրաման է տվել, հակառակորդի անօդաչու թռչող սարք երկնքում ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի։ Այս ցուցմունքը ամբողջովին հակասում է Վերանյանին առաջադրված պաշտոնական մեղադրանքին, ըստ որի՝ նա պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել ԱԹՍ-ի ձայնի լսելի լինելու պայմաններում։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի շրջանի Իշխանաձոր գյուղի խաչմերուկում։ Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հրամանից րրոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին, որում ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմն էր։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Անդրանիկ Վերանյանն այս մեղադրանքը չի ընդունում։ Երվանդ Իսկանդարյանը, որ հետախուզական վաշտից էր, այդ օրը գտնվել է փոխգնդապետ Վերանյանի «Պիկապ» տեսակի մեքենայի բաց թափքում։ Որպես հետախույզ-դիտորդ՝ նրա պարտականությունն էր մշտապես հետեւել օդը մաքուր է, թե չէ (այսինքն՝ ԱԹՍ-ի առկայությունը), որեւէ շարժի կամ վտանգի դեպքում մեքենայում գտնվող հրամանատարներին (նույն մեքենայում էին նաեւ Արտյոմ Պողոսյանն ու Աբգար Խաչատրյանը) տեղեկացնել։  Իսկանդարյանը կանչվել էր հարցաքննության պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, ուստի Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը նրան մի շարք հարցեր հղեց։ Ըստ վկայի՝ եթե ԱԹՍ լիներ, առաջինն ինքը մեքենայի թափքից կիջներ Պատասխանելով հարցերին՝ վկա Իսկանդարյանը պատմեց, որ Արցախ են մեկնել 2020 թ․ հոկտեմբերի 3-ին։ Նշեց՝ հոկտեմբերի 9-ի իրադարձությունները հիշում է որոշ չափով․ 5 տարի է անցել։ Իսկանդարյանի խոսքով՝ ԻՍՎ անձնակազմին առաջին անգամ հանդիպել են դեպի Իշխանաձոր տանող ճանապարհի վրա․ «Խոսկացություն է եղել, Վերանյանը հարցրել է սպաներից մեկին՝ ինչ եք անում, վառելիքի հարցերով էին, ասել է՝ լցրեք, միացեք մեզ, ուրիշ բան չի եղել։ Մենք շարունակել ենք ճանապարհը, որ տեսնենք՝ զորքից ով կա մնացած, որ վերցնենք, սաղի հետ իջնենք»։ Երկրորդ անգամ հրամանատարական «Պիկապը» ԻՍՎ անձնակազմին հանդիպել է մոտ մեկուկես ժամ անց Իշխանաձորի խաչմերուկում։ - Մինչեւ խաչմերուկ հասնելը ԱԹՍ-ի ձայն լսելի՞ էր,- հարցրեց պաշտպանը։ - Չէ, շատ ուշադիր ենք եղել,- պատասխանեց վկան։ - Վկա Ավո Զաքարյանի ցուցմունքից պարզ է դառնում, որ ԱԹՍ-ն մինչեւ խոցելը մոտ 30 րոպե օդում թռչել է։ Հնարավո՞ր է՝ այդքան ժամանակ օդում լիներ, բայց Դուք բաց թափքով ավտոմեքենայի մեջ չլսեիք։ - Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դժվար․․․ - Դիտորդի պարտականությունները որո՞նք են։ - Օդին ուշադիր լինես, դիմացդ, կողքերդ, հետեւդ նայես, որ եթե վտանգ զգաս թշնամու կողմից, մնացածին տեղյակ պահես, մեքենայից իջնեք, մի տեղ պատսպարվեք։ - Ստացվում է՝ լավ չեք կատարե՞լ Ձեր պարտականությունները։ - Լավ կատարելով չէ, մենք իրենց պես ավտոմատ մեխանիզմ չենք, տեխնիկա է, կարող ենք մեկը տեսնել, մեկը չտեսնել․․․ - Լավ, հասաք խաչմերուկ, հետո՞։ - Էդ ժամանակ մեր զինվորները եկան, հարցրին՝ ինչ եք անում, տղերքից պատասխանեցին՝ վերեւը բան կա, օդը կեղտոտ է, դրա համար չենք գնում։ Վերանյանը ինձ հարցրեց՝ օդը մաքուր է, ես ասացի՝ ինչքանով որ տեսնում եմ, մաքուր է։ Եթե մաքուր չլիներ, իմ անվտանգությունից թանկ բան չկա ինձ համար, անձամբ կիջնեի մեքենայից, սաղս էլ գիտենք, որ էդ մեքենայի վրա ավելի շատ են կենտրոնացած, քանի որ հրամանատարական մեքենա է։ Դատավորի ճշտող հարցին՝ անմիջապե՞ս է Վերանյանի հարցին պատասխանել, պետք չէ՞ր՝ 2-3 րոպե սպասել, համոզվել, որ օդը իսկապես մաքուր է, վկան պատասխանեց՝ ասելով՝  -Չեմ կարող ասել։ Կարող է՝ 3 րոպե սպասեինք՝ չլիներ, 5 րոպե հետո լիներ։ - Իսկ եղե՞լ է իրավիճակ, որ մեկը փորձի օդ կրակել եւ ձեր ավտոմեքենայից Աբգար Խաչատրյանը իջնի ու չթողնի։ - Ես չեմ հիշում տենց բան։  - Իսկ նման բովանդակությամբ զրո՞ւյց՝ «ԱԹՍ-ն ձեր խնդիրը չէ, ՀՕՊ-ի խնդիրն է»։ - Չէ, ես չեմ լսել։ - Որ ասած լինի՝ կապ չունի՝ ԱԹՍ կա, թե չկա, նստեք, գնացեք։  - Ես տենց բան չեմ լսել։ - Որեւէ մեկը հանդիմանե՞լ է Վերանյանին այդ հրամանի համար։ - Չեմ հիշում տենց բան։ Շատ կարճ է տեւել, սպաներից մեկնումեկի հետ խոսեց եւ զույգ եղբայրներից մեկի, ասաց՝ նստենք, հասնենք մնացած զորքին։ Իրար հետեւից շարժվել ենք, ու դեպքը եղել է, էդքան բան։ Վկա Իսկանդարյանը նշեց, որ խոսակցություններ են եղել՝ «էնպես անեն, որ էրեխեքին փրկեն, ոչ մեկը չգնա, մսաղաց դառնա»։ Մեղադրող դատախազ Հայկ Մարգարյանի հարցին, թե ով է նման բան ասել, վկան չկարողացավ պատասխանել, ասաց՝ անձամբ ներկա չի եղել, լսել է։ Մեղադրողը ընդգծեց՝ ապացույցը, որի աղբյուրը չի վկայակոչվում, չի կարող արժանահավատ գնահատվել։ Իսկանդարյանի խոսքով՝ ճանապարհ ընկնելուց 15-20 րոպե անց ԱԹՍ-ի ձայնը դարձել է լսելի։ Երբ ուժեղացել է, ինքը ձեռքով հարվածել է, որպեսզի կանգնեցնեն, արագ դուրս են եկել ու պատսպարվել։ Ըստ նրա՝ Արցախ մեկնելուց առաջ իրենց այդպես էին հրահանգավորել։  Այդ պահին էլ հենց պայթյունի ձայնն է լսվել։ Անմիջապես նստել են մեքենա, շտապել ԻՍՎ անձնակազմի մոտ։ Մեղադրանքի կողմը փորձեց հասկանալ՝ ինչպես է վկան հրամանատարական մեքենայում հայտնվել Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը խնդրեց հայտնել՝ վկան ի՞նչ հարաբերություններ ունի Անդրանիկ Վերանյանի հետ․  -Զինվոր-վերադաս, բայց լավ ենք եղել, վատ ձեւերով չենք եղել։ - Մյուս զինծառայողներից ավելի մտերի՞մ։ - Չէ, ոնց որ մյուսների հետ, ով իրեն լավ է պահել, շնորհքով։ - Զորակոչվելուց հետո հանդիպել, զանգե՞լ եք Վերանյանին։ - Չեմ հանդիպել, եղել է՝ զանգել եմ։ - Դուք՝ շարքային զինվոր, նա՝ գնդի շտաբի պետ, արդյո՞ք դա արտասովոր չէ, եթե մտերմություն չեք ունեցել։ - Չեմ մտածել, որ յուրահատուկ զարմանալու բան կա։ Եթե մի բան լավ կանես, վիզ կդնես, քեզ կնվիրես գործիդ, մանավանդ պատերազմի ժամանակ, միշտ էլ քեզ ուշադրություն կդարձնեն, այդպես է օրինաչափությունը․․․ Ես այդ վերաբերմունքն եմ ցույց տվել։ Միասին պատերազմ ենք անցել, ուրիշ ի՞նչ ասեմ, օրեր ենք ապրել, որ դուրսը այլ մարդկանց հետ 10-20 տարի էլ ապրես, հեչ բան է։ - Իսկ ո՞նց է եղել, որ Դուք թափքում եք հայտնվել։ - Ով որտեղ պետք է եղել, հրամայել են, ինչ հրաման տվել են, կատարել եմ։ Մենակ ես չեմ եղել, էլի ավտոներ են եղել, սաղի վրա էլ մեր վաշտից մարդիկ են եղել։ Մենք հետախուզական վաշտից ենք եղել, մնացած վաշտերի հետ համեմատած՝ շատ ենք դիրքեր բարձրացել, ավելի վարժ ենք եղել։ Մեղադրողի դիտարկմանը, որ Արցախի ոստիկանները ուղիղ ցուցմունք են տվել այն մասին, որ այդ պահին ԱԹՍ-ի ձայնը եւ լսելի էր, եւ տեսանելի էր, վկան արձագանքեց․ «Ես բան չունեմ ասելու, ինչ տեսել եմ, ինչ գիտեմ, դա եմ ասում»։ - Ճիշտը ասա,- վրդովվեց զոհված զինծառայողի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Օհանյանը փորձեց հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ հենց ինքն է հայտնվել հրամանատարական մեքենայում։ - Վեց հոգի մարդ ենք եղել ծանր զենք ունեցող, ովքեր տիրապետել են էդ զենքերին, բաժանել են։ - Ո՞վ է բաժանել։ - Բախտի բերմամբ, լրացրել ենք, ցրվել ու շարժվել։ - Իսկ միայն Անդրանիկ Վերանյանի՞ն եք զանգել, թե՞ Արգամ Խաչատրյանի հետ էլ էիք մտերիմ։ - Արգամ Խաչատրյանին էլ եմ զանգել։ Ես իմ սպաների հետ կապ եմ պահել, մարտական ուղի ունեմ անցած, ամեն ինչն էլ փոխադարձ է,- պատասխանեց վկան՝ պնդելով, որ դեպքից ոչինչ չեն զրուցել։ - Ձեզ հետաքրքիր չէ՞՝ 18 զինծառայողի մահվան մեջ մեղավոր կա, թե չկա,- հարցրեց մեղադրողը։ - Սաղի ցավն էլ տանեմ, Աստված նրանց հոգիները լուսավորի, բայց էդպես ինչքան տղաներ զոհվեցին․․․ Եթե մեղավոր կա, թող պատժվի։ - Բոլորը միաբերան ասում են՝ երկնքում ԱԹՍ կար, բացառո՞ւմ եք, որ բոլորը տեսած ու լսած լինեն, Դուք՝ ոչ։ - Ես վստահ եմ, որ չեմ տեսել, ով ինչ է տեսել, ես ի՞նչ իմանամ, ամեն մարդ մի բան կարա տեսնի, պատկերացնի, էլի եմ ասում՝ ես իմ անվտանգության համար հաստատ կիջնեի, ոչ բոյ կերթար, ոչ կարեւոր գործողություն էր, էդ մի քանի րոպեն եղանակ չէր փոխի։ Որ իջնես, ապրելու շանսերդ ավելի շատ են, եթե իհարկե հատուկ գործողություն չէ, որ ուզած-չուզած կյանքի գնով պիտի կատարես։ Վկայի հարցաքննության ավարտին տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, որ դեպքի վայրում է եղել, հայտարարեց, թե նա սուտ ցուցմունք է տալիս․  «Ինձ թվում է՝ դատարանը ճիշտ կգնահատի վկայի ցուցմունքը, քանի որ մի քանի մարդկանց ասելով, մեր տեսածով, մեր լսածով, թուրքերի նկարածով, երեւում է, որ մենք էնտեղ ենք, ԱԹՍ-ն մեզ նկարում է, նստում ենք ավտոները, շարժվում ենք, բայց վկան այդ պահին չի տեսել․․․ Սխալ ցուցմունք է տալիս, կես ժամ հետո է դեպքը եղել, բայց շարժվել ենք, 5-6 ր հետո է եղել․․․ Բացի այդ, իրենք եկել են մի ժամ հետո, երբ ես պաժառնիկի ավտոյով կրակը հանգցրել, նստել էի։ Ես տեսել եմ իրենց ավտոն, կանգնել են 50-60 մ էն կողմ, մի հատ քար եմ վերցրել, որ վազեմ իրենց վրա, ընկել եմ, չեմ կարողացել գնալ, թողել, փախել են»։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանությամբ, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում էական հակասություններ կային։ Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժեց՝ հակասությունները էական չհամարելով։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 9-ին։   Միլենա Խաչիկյան
10:10 - 01 ապրիլի, 2025