Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար: Անդրադարձում նշված է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս լրատվամիջոցներին տրված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին։ Դեսպանն իր խոսքում կարևոր արձանագրում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, մեջբերելով միջազգային իրավունքը, որ «նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում»: Դեսպանն իր երկրի անունից հայտարարել է, որ խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին և պատրաստակամություն հայտնել աշխատելու այլ միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը ապահովելու համար։ ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանության նախածրագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները չափազանց գնահատելի են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության տեսակետից։ Դեսպանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների հետ՝ հասցեագրելու վերջիններիս կարիքները և ծանոթանալու առկա խնդիրներին։ «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնում, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար: Մենք, 1990-ականներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները մեզ վրա զգացածներս, ակնկալում ենք, որ միջազգային մակարդակով բարձրաձայնվի նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Միջազգային իրավասու կազմակերպությունները պետք է պատասխանատվություն սահմանեին հայության էթնիկ զտումների իրականացման մեջ անմիջական ներգրավված անձանց նկատմամբ, ինչը խոշոր բացթողում է։ Արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցանքները մնում են անպատիժ՝ վերածվելով ցեղասպանածին հարուցիչների։ Հենց այդ կերպ 1905 թ․ առ այսօր մի քանի փուլով տեղի ունեցած հայկական էթնիկ զտումների պատասխանատուներից և ոչ ոք չարժանացավ միջազգային պատժի։ Բաքվի եռակի կոտորածների՝ 1905 թ․, 1918 թ․, 1990 թ․ պատասխանատուները անարգել փոխանցեցին կոտորածահեն իրենց քաղաքականությունը վերարտադրվող ավտորիտար վարչակարգերին, որոնցից վերջինն իրականացրեց նախորդների երազանքը՝ առանց հայերի տեսնել Լեռնային Ղարաբաղը, ուստի Լեռնային Ղարաբաղի հայության ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը կարող է իրապես վկայել համաշխարհային արդարադատության և մարդակենտրոն արժեքների համար պայքարի մասին»։
19:33 - 18 ապրիլի, 2024
Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը․ Թուրքիայի ՊՆ

Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը․ Թուրքիայի ՊՆ

Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։ Հիշեցնենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը: Թուրքական կողմից հայտնել էին, որ կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
14:12 - 18 ապրիլի, 2024
Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: «Այո՛, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունն անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով: Մինչ այդ խաղաղապահները Դադիվանքի (Քելբաջարի շրջան) մոտ հանել էին դիրքը, ապրիլի 15-ից այն գտնվում է ադրբեջանական ոստիկանության պահպանության ներքո: Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
14:30 - 17 ապրիլի, 2024
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է |civilnet.am|

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է |civilnet.am|

civilnet.am: Արցախցիների համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները»,- ասված է հաղորդագրությունում։ Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են։ Նախարարությունը նաև ներկայացրել է դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույց։
14:28 - 16 ապրիլի, 2024
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին ու Արցախի ղեկավարիներին |factor.am|

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին ու Արցախի ղեկավարիներին |factor.am|

factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին ու Արցախի նախկին և ներկա ղեկավարներին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Ըստ աղբյուրի՝ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։ Հավելենք, որ Բաքվի կողմից առևանգվել ու ապօրինի պահվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։ Ադրբեջանական դատարանը նրանց շինծու գործերով ապօրինի կալանավորել է։
13:29 - 15 ապրիլի, 2024
Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան
 |aravot.am|

Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան |aravot.am|

aravot.am: «Հարգելի քաղաքացիներ, դուք պարտավոր եք իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում եւ բարեփոխումներ են անվանվում գործընթացներ, որոնց արդյունքում մեր հայրենիքը պաշտպանած զինվորը կարող է կալանավորվել, բայց դիվերսանտ ադրբեջանցին Քննչական կոմիտեի կողմից ժամերի ընթացքում արդարացվել եւ հետ ուղարկվել Ադրբեջան»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նա հավելեց․ «Դուք պարտավոր եք իմանալ, որ հիմա Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց իրավունքներով, էլ չեմ ասում անվտանգությամբ, այս իշխանությունը չի էլ ուզում զբաղվել, որովհետեւ հայտարարել են, որ իրենց համար գերիները մեռած են, կամ որ ավելի վատ է՝ հանցագործ են, ի՞նչ տարբերություն Երեւանում են նստած, թե Բաքվի բանտում։ Դուք, հարգելի քաղաքացիներ, պարտավոր եք իմանալ, որ Հայաստանում էլ կան քաղաքական պատանդներ, մարդիկ, որոնք բանտարկվել են նաեւ իշխանության հրահանգով, ցանկությամբ, այդ մարդկանց ամիսներով, եթե ոչ տարիներով, չեն այցելում ոչ քննիչներ, ոչ իրենց դատական նիստերն են նշանակվում, որովհետեւ նպատակն արդարադատության իրականացումը չէ։ Եվ այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում իրավական ու դատական ոլորտում անխոչընդոտ իրականացվում է նիկոլականության վարակումը։ Հայաստանի իրավական ոլորտը «հուսալի» ձեռքերում է, մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված երկու մարդկանց ձեռքին։ Մի կողմից՝ Գրիգոր Մինասյանի, մյուս կողմից էլ Կարեն Անդրեասյանի։ Մարդիկ իրենք դատավորներին նշանակում են, դատավորներին պատժում են, դատավորներին խրախուսում են, հետեւում են, որ հանկարծ իրենց կամքից դուրս դատական ակտ չկայացվի»։ Աննա Մկրտչյանն ասաց, որ միջազգային կառույցներն արդեն սկսել են խոսել․ «Ասում են՝ հերիք է, ակնհայտ երեւում է, որ ձեր դատավորները ձեր դատախազների ազդեցության տակ են։ Հրապարակվել են ձայնագրություններ, թե ինչպես եք հրահանգավորում եւ ում եք հրահանգավորում կալանքի ժամկետների մասին»։ Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է՝ 2023 թվականին 40 հազարից ավելի հանցագործության դեպք է գրանցվել։ «Բայց այստեղ էլ կա արդարացում եւ հիմնավորում՝ մեր երկրի բնակչության 80 տոկոսից ավելին տանել չի կարողանում գործող իշխանություններին։ Բա ի՞նչ եք կարծում, ոստիկանություն այս 80 տոկոսո՞վ չէ, որ պետք է զբաղվի, հո չի՞ գնալու հանցագործներին բռնի։ Պետք է անի ամեն ինչ, որ իշխանությանը վտանգ չսպառնա»,- նշեց Աննա Մկրտչյան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:39 - 11 ապրիլի, 2024
Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները Հայաստանի իրավասությանը փոխանցելու իրավական խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել Արցախի մի շարք կալանավորներ, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։ Պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված եւ ազատ արձակված դատապարտյալը Արզիկ Հարությունյանն է՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության իրավաբանական բաժնի նախկին պետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց Կիեւում եւ Թբիլիսիում նա հանդիպել է օտարերկրյա գործակալների հետ, գումարի, օծանելիքի, պայուսակի եւ Iphone 11 մոդելի հեռախոսի դիմաց նրանց փոխանցել առաջադրանքով հավաքած տեղեկություններ՝ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ։ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, սակայն, բռնի տեղահանման օրերին դեռեւս օրինական ուժի մեջ չէր մտել․ դրա դեմ բողոքի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը այդպես էլ չի հասցրել հրապարակել։ Մինչ բուն որոշման հրապարակումը դատարանը քննել է նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդությունը եւ բավարարել այն։ Թե Հայաստան տեղափոխվելուց հետո Հարությունյանի նկատմամբ իրավական ինչ գործընթաց է սկսվել կամ առհասարակ սկսվել է թե ոչ՝ քրեական գործի քննության տարբեր փուլերում նրա պաշտպանությունն իրականացրած երեք փաստաբաններից ոչ ոք տեղյակ չէր։ Մեր զրույցում նրանք նշեցին, որ Հայաստանում Հարությունյանի հետ չեն առնչվել, նրան իրավաբանական օգնություն այլեւս չեն ցուցաբերել։ ՀՀ-ում իրականացվում են միջգերատեսչական քննարկումներ Արզիկ Հարությունյանի եւ մյուսների՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելու հանգամանքը տարբեր արձագանքներ է ստացել։ Իրավաբանների մի մասն այն կարծիքին է, որ նրանց վերաբերյալ քրեական վարույթները Հայաստանում շարունակելու իրավական հնարավորություն չկա։ Պատճառն այն է, որ քրեական գործերի քննությունը իրականացվում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրում՝ այդ վայրի օրենսդրությանը համաձայն, իսկ դատական ակտերը կայացվում են պետության անունից, հետեւաբար եթե չկա պետությունը, չկա եւ այդ պետության ողջ իրավակարգը։ Մասնագետների մյուս մասը փնտրում է այդ լուծումները ՀՀ քրեական օրենսգրքի սահմաններում, որը որոշակի կարգավորումներ նախատեսում է հանցանքը Հայաստանի տարածքից դուրս կատարած լինելու դեպքերի համար։  Քրեական օրենսգիրք (2022 թ․), ՀՕ-199-Ն Այժմ խնդրի մի կողմում հիշյալ անձանց անմեղության կանխավարկածն է, արդար դատաքննության իրավունքն ու կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը, մյուս կողմում՝ հասարակական եւ պետական անվտանգությունը, տուժողների իրավունքների պաշտպանությունն ու պատժի անխուսափելիության սկզբունքը։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ՄԻՊ-ը թեմային առնչվող ինչ խնդիրներ է տեսել, պետական որ մարմիններին է դիմել, եւ առհասարակ, ինչ դիրքորոշում ունի Արցախի տարածքում կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթները ՀՀ-ում շարունակելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ քննարկվող հարցի զգայունությունը եւ դրան համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, դեկտեմբերի 29-ին եւ 2024 թ․ մարտի 1-ին համապատասխան գրություններ են հասցեագրել ՀՀ իրավասու պետական մարմիններին․ «2023 թ․ հոկտեմբերի 24-ին եւ 2024 թ․ հունվարի 29-ին ստացված գրություններով պարզաբանումներ են ներկայացվել առ այն, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված ազատությունից զրկված անձինք պահվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում՝ հիմք ընդունելով ԼՂ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները եւ դատավճիռները»,- ասված է պատասխանում։  Խոսքը, ըստ ամենայնի, 2020-2022 թթ ընթացքում ՀՀ տեղափոխված անձանց մասին է, քանի որ ըստ Քրեակատարողական ծառայությունից ավելի վաղ ստացված տեղեկության՝ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել․ «Միաժամանակ հայտնվել է, որ ԼՂ-ում դատապարտված եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց կարգավիճակի, նրանց վերաբերյալ կայացված դատավճիռների (որոշումների) իրավական ուժի, դրանց հարկադիր կատարման, ԼՂ քննչական մարմիններում նախաքննության փուլում գտնվող վարույթների ընթացքի ապահովման, ինչպես նաեւ ԼՂ դատարաններում քննության ընթացքում եղած գործերը ՀՀ դատարանների իրավասությանը փոխանցելու վերաբերյալ խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով իրականացվել են միջգերատեսչական քննարկումներ, մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ»,- հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։ Պետական դավաճանության անավարտ գործերը Մինչ պատասխանատու կառույցները քննարկում են, մենք փորձել ենք հասկանալ, թե զուգահեռ ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային հետաքրքրություն ներկայացնող մյուս գործերով։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանցից մեկը Արցախի հանրային ռադիոյի նախկին ղեկավար Սեյրան Կարապետյանն է։ Նրա պաշտպանները հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ չունեն իրենց նախկին պաշտպանյալի համաձայնությունը։ Նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առկա չեն։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Սամվել Բալայանն է՝ Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդի  նախկին նախագահը։ Բալայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը մեր զրույցում հայտնեց, որ Բալայանը ներկայումս Հյաաստանում է․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված նրա խափանման միջոցը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել։ Հարցին՝ Բալայանի նկատմամբ Հայաստանում իրավական որեւէ գործընթաց սկսվե՞լ է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ փաստաթղթավորված որեւէ գործողություն եղել է թե ոչ, բայց հաշվի առնելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի՝ Ազգային ժողովում հայտարարությունը՝ ենթադրում է, որ որոշակի հսկողություն կլինի․ «Բոլոր դեպքերում, քանի դեռ չկա դատարանի որոշում՝ նրա արդարացման մասին, հասկանալի է, որ պետության համար օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձ է, բայց միանշանակ է, որ պաշտպանական կողմի դիրքորոշումն ուղղված է այն բանին, որ մեղսագրվող արարքը անհիմն է, եւ վստահաբար կարող եմ ասել, որ եթե [գործը] մտներ դատարան, [Բալայանը] կարդարացվեր»,- նշեց պաշտպանը։ Ռաֆայել Մարտիրոսյանի համոզմամբ՝ Արցախում տեղի ունեցած դեպքի առթիվ Հայաստանի տարածքում քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել։ Հիմնավորումները, ըստ Մարտիրոսյանի, պետք է փնտրել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմաններում․ «Պետք է դիտարկման առարկա դարձնենք ՔՕ 12-րդ հոդվածը, որը բաղկացած է 4 մասերից։ Առաջին 3 մասերը նշում են, թե ՀՀ տարածքից դուրս երբ կարող է նախաձեռնվել քրեական գործ, իսկ վերջին մասը ամբողջացնում է, որ առաջին 3 մասերում հիմքերի առկայության դեպքում վարույթ կարող է նախաձեռնվել, եթե դա ուղղված է ՀՀ շահերի դեմ կամ ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա։   Հարցին՝ այս համատեքստում արդյո՞ք այդ շահերը չեն նույնանում, Մարտիրոսյանը պատասխանեց՝ որքան էլ նույնանան, դա քրեադատավարական օրենսդրության հստակ պահանջ է։ Մարտիրոսյանն ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետո էլ, երբ մի շարք գործերով  Արցախի դատական մարմինների կալանավորման որոշումները ի կատար են ածվել Հայաստանի տարածքում, պաշտպանները բողոքներ են հասցեագրել Գլխավոր դատախազությանը։ Բացատրությունը, ըստ Մարտիրոսյանի, եղել է այն, որ կալանավորման այդ որոշումները վերաբերում են հատուկ սուբյեկտների․ նրանք նախկինում զինվորական կամ սպա են եղել, Դատախազությունում կամ քննչական մարմիններում աշխատել։ Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ թեեւ փաստաբանները այդ բացատրությունը եւս չեն ընդունել, բայց այս դեպքում անգամ այդ հատուկ սուբյեկտի կարգավիճակը չկա․ Սամվել Բալայանը գործել է որպես շարքային քաղաքացի։ Խոսելով վերջինիս գործողությունների մասին՝ պաշտպանը մանրամասնեց, որ Բալայանը, որպես լրագրող, իր մասնագիտական գործունեության շրջանակում հաղորդել է այնպիսի տեղեկություններ, որոնք բաց դաշտում առկա են եւ պետական գաղտնիք չեն համարվում։ Ազատ արձակվելուց հետո նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրվել է թե ոչ՝ պաշտպանը չգիտեր։ Նրա խոսքով՝ առիթ էլ չի եղել, որ հետաքրքրվեն՝ Հայաստանից ելքի արգելքը գործո՞ւմ է թե՞ ոչ, քանի որ Սամվել Բալայանը Հայաստանը լքելու մտադրություն չունի։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Արցախում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակի նախկին աշխատակից Արման Իսրայելյանն է։ Նրա պաշտպան Ռաֆայել Ջհանգիրյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի կալանավորումը փոխվել է դատախազի որոշմամբ։ Որոշումը, սակայն, պաշտպանը չի ստացել եւ չգիտի՝ նոր խափանման միջոց ընտրվել է, թե ոչ։ Հայաստան տեղափոխվելուց հետո Ջհանգիրյանն այլեւս իրավաբանական օգնություն չի ցուցաբերել Իսրայելյանին, բայց իր տեղեկություններով՝ իրավական գործընթաց չի սկսվել։ Դրա հնարավորությունը, ըստ պաշտպանի, չկա էլ․ «Հանցագործությունը, որի մեջ մեղադրվում էր նա, ուղղված էր Արցախի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում ԱՀ իրավահաջորդը, այս տեսանկյունից՝ ՀՀ-ի դեմ որեւէ հանցանքի կատարման մեջ Արման Իսրայելյանը ոչ մեղադրվում էր, ոչ էլ հիմա է մեղադրվում։ Եթե անձը մեղադրվել է ԱՀ դեմ կատարված հանցանքի համար, դա չի կարող նույնացվել ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի հետ, [գործընթաց] չի իրականացվում՝ երեւի հենց այդ հանգամանքը հաշվի առնելով»,- ասաց է Ջհանգիրյանը։ Վերջինս նույնպես նշեց, որ իրավական հիմնավորումները փնտրում է Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում․ «Հարցը նրանում է՝ ինչպե՞ս եք դիտարկում՝ ՀՀ քաղաքացու կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված արա՞րք, թե՞ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցողի․․․ ԱՀ քաղաքացիները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացի․․․․, բայց ՀՀ-ն այս պահի դրությամբ գերատեսչական ակտի մակարդակով չի ճանաչում նրանց քաղաքացիությունը, այս տեսանկյունից նրանց պետք  է դիտարկել քաղաքացիություն չունեցող անձ»,- կարծիք հայտնեց փաստաբանը։ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է, որ արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Այսինքն՝ անգամ քաղաքացիություն չունեցող անձանց համար որոշակի կարգավորումներ նախատեսված են։ Ռաֆայել Ջհանգիրյանը, սակայն, նշեց՝ իրեն ծանոթ չէ միջազգային պայմանագիր, որով, օրինակ, պետական դավաճանությունը, սահմանված հանցանք է․ «Հաջորդ հարցը պիտի լինի՝ արդյո՞ք կա ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի վերաբերյալ հիմնավոր կասկած։ Պատկերացրեք՝ Ֆրանսիայում ՀՀ քաղաքացին պետական դավաճանություն է կատարել։ Այդ անձը ժամանել է ՀՀ, ՀՀ ՔՕ-ն հանցանք է համարում ՀՀ պետական շահերի դեմ հանցավոր արարք կատարելը, հիմա ֆրանսիայի դեմ կատարվածը ՀՀ ՔՕ-ով պատժելի չէ»։ Դիտարկմանը, որ Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Արցախ շահերը համեմատելի չեն, քանի որ առնվազն մինչեւ վերջին ժամանակներս Հայաստանն ու Արցախը մեկ միասնական քաղաքականություն վարել, Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով․ «Եթե մենք հետեւենք քաղաքական հայտարարություններին, ապա առնվազն 2020 թ․ հետո այդպես չի եղել»։ Հարցին՝ իսկ եթե ենթադրյալ հանցանքը, ամեն դեպքում, վնաս է պատճառել նաեւ ՀՀ-ին, փաստաբանը պատասխանում է․ «Այդ դեպքում կարող ենք քննարկել, բայց Ձեր ասածը ռազմական հանցագործության հետ կապ չունի, տվյալ դեպքում խոսքը Արցախի Հանրապետության դեմ ուղղված հանցանքի մասին է»։ Ըստ պաշտպանի՝ արարքը, որ վերագրվում է Իսրայելյանին, շատերի հետ կարող է պատահել․ «Մարդը համացանցով ներկայանում է եվրոպական որեւէ երկրի հասարակական կազմակերպության աշխատակից, առաջարկում է քո երկրի վերաբերյալ ոչ գաղտնի համարվող տեղեկություններ ռեֆերատի տեսքով ներկայացնել, այնպիսի տեղեկություններ, որոնք ԶԼՄ-ներով ազատ շրջանառության մեջ են, նաեւ ներկայացնում է, որ Կովկասում իրականացնում է ժողովրդագրական, սոցիալական որոշակի հետազոտություններ։ Արման Իսրայելյանը չէր էլ կարող իմանալ, որ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ է շփվում, եւ երկրորդ, դա չի էլ պարզվել, դա ենթադրվում է, քանի որ համացանցի հասանելիության մոնիթորինգ է իրականացվել եւ պարզվել, որ այդ բաժանորդը, ում հետ շփվում էր, ադրբեջանական IP-ով էր միանում, չնայած նրա ֆեյսբուքյան էջում ամբողջությամբ Հոլանդիայի ինչ-որ քաղաքի նկարներ էին, տեղադրված էին ավելի շատ պրոհայկական էջեր սկսած 2020 թ-ից, ընդ որում, գիտեք, որ ծրագրերի միջոցով հնարավոր է փոխել IP հասցեն»,- ասաց փաստաբանը։ Հանրության մոտ առկա մտահոգությունների փարատումը, ըստ փաստաբանի, հատուկ ծառայությունների աշխատանքի տիրույթում է․ «Հիմա ՀՀ-ն որեւէ կերպ չի ճանաչում Արցախը կամ Արցախի որեւէ կառույց եւ ստորաբաժանում, եւ իր համար առկա վտանգները դիտարկում է իր պրիզմայով։ Այսինքն՝ եթե նախկինում այդ պրիզման ընդհանուր էր, կար միասնական հայրենիք՝ երկու պետության տեսքով, հիմա այդ պրիզման փոխվել է, եւ ես կարող եմ դատողություն անել գործող պրիզմայի շրջանակում։ Եթե Հայաստանի համար կա վտանգ, ապա այդ վտանգի չեզոքացման համար ուղղակի հատուկ ծառայությունների աշխատանք է պետք։ Եթե դրա արդյունքում կհայտնաբերվի պետության դեմ որեւէ հակաիրավական արարք, դրան պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական»,- ասաց փաստաբանը; Այժմ Իսրայելյանը Հայաստանում է թե ոչ՝ Ջհանգիրյանը տեղյակ չէ, ասաց՝ Հայաստանի տարածքում նրա հետ շփում այլեւս չի ունեցել։ Իրավապահների ոչ միատեսակ արձագանքը Օրենսդրական հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում իրավապահ մարմինները գործնականում ոչ միատեսակ են խնդրին արձագանքում։ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը որպես օրինակ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Արցախում տեղի ունեցած մի ենթադրյալ սպանության դեպք է նշում, որի առթիվ օրերս Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անկախ Արցախում հարուցված եւ քննված գործից։ Ռաֆայել Մարտիրոսյանը Նախաձեռնված վարույթի շրջանակում Մարտիրոսյանի պաշտպանյալին Հայաստանում եւս մեղադրանք է ներկայացվել, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ ստացել է 5 պատշաճ հաղորդում, դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Կոմիտեն, սակայն, չէր նշել, որ խոսքը նաեւ նախկինում հարուցված եւ քննված դեպքերի մասին է։ Դատական նիստի ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է իր առարկություններն այն մասին, որ Հայաստանն իրավասու չէ իր տարածքից դուրս կատարված դեպքի առթիվ նոր քննություն իրականացնել։ Դատարանը, սակայն, իր որոշմամբ այս հարցին չի անդրադարձել։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Լիահույս է, որ երբ հարցը հասնի Վճռաբեկ դատարան, վերջինս հստակ դիրքորոշում կարտահայտի, հակառակ դեպքում ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստ են դիմել նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հակառակ այս օրինակին՝ առկա է նաեւ դեպք, երբ իրավապահ մարմինները մեկ այլ հիմքով մերժել են հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնել եւ մերժման որոշման մեջ, ի թիվս այլնի, հարկ են համարել արձանագրել, որ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնել։ Փաստաբան Վադիմ Հայրապետյանը մեր զրույցում մանրամասնում է՝ ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ Արցախում քրեական գործ էր հարուցվել դեռ 2022 թ․-ին, հետագայում գործը կասեցվել էր, քանի որ անձը, ում գործողությունների արդյունքում, ըստ Հայրապետյանի, իր պաշտպանյալը տուժել է, գտնվում էր Հայաստանի տարածքում, իսկ շրջափակման ընթացքում նրան Արցախ ներկայացնելու հնարավորություն չկար․ «Քանի որ տեղահանումից հետո անձը գործի ողջ նյութերը ուներ, իր հետ բերել էր ՀՀ, 2023 թ․ դեկտեմբերին դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազին, այդ ամենի մասին հիշատակելով եւ ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որը ուղարկվել է Քննչական կոմիտե՝ սահմանված կարգով ընթացքավորելու համար։ Տարեվերջին արդեն ստացվել է արձանագրություն քննիչի կողմից, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել երկու հիմքով։ Քննիչը գտել է, որ քրեադատավարական կառուցակարգի կիրառման անհրաժեշտություն չկա, որ իրավահարաբերությունը քաղաքացիական է, միեւնույն ժամանակ հիշատակել է Արցախում հարուցված գործի մասին»,- ասում է նա։ Տուժող կողմը այդ որոշումը բողոքարկել է հսկող դատախազին, բողոքը նույն պատճառաբանությամբ մերժվել է․ «Բողոքը քննարկելիս անհրաժեշտ է արձանագրել, որ տվյալ անձի վերաբերյալ Արցախում հարուցվել է քրեական գործ ԱՀ ՔՕ 184-Ի 3-րդ մասի 1-ին կետով․․․ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնել քրեական վարույթ այն պայմաններում, որ այդ նույն դեպքով արդեն իսկ առկա է հարուցված քրեական գործ, որը հայտնի է քննիչին»,– ասված է դատախազի որոշման մեջ։  Այս որոշումը փաստաբանը բողոքարկել է դատական կարգով։ Ըստ Վադիմ Հայրապետյանի՝ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերը կարող են կարգավորել քրեադատավարական օրենսդրությունում մեկ այլ պետության դատական ակտը ճանաչելու հարցերը, սակայն տվյալ դեպքում այդպիսի պայմանագիր չկա, ուստի խնդրին պետք է լուծում տալ օրենսդրական փոփոխությունների միջոցով․ «Օրենսդրական հստակ կանոնակարգում է անհրաժեշտ այն կիսատ մնացած գործերի մասով՝ սկսած միջին ծանրությունից մինչեւ առանձնապես ծանր հանցագործություններ, հիմա վարույթները չկան, բայց միեւնույն ժամանակ անձը մնում է անպատիժ՝ զուտ այն հիմքից ելնելով, որ համապատասխան կառուցակարգերը չկան»։ Ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական նորմերով ամրագրված է, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: Հարցին՝ տվյալ դեպքում օրենսդրական այդպիսի փոփոխությանը հետադարձ ուժ տալը անձի վիճակը վատթարացնող չի համարվի՞, փաստաբանը պատասխանում է․ «Արցախը, ըստ երեւույթին, չկա, դատարանի կամ քննչական մարմինների գործունեությունը անհնարին է դարձել, եթե օրենսդրական փոփոխություն լինի զրոյից կամ նույն կետից [շարունակելու], անձի վիճակը ինչպե՞ս է վատթարանում․․․ Օրենսդրությունը նույնն է, չի վատթարացնում, մեկ է՝ սեպտեմբերյան դեպքերը չլինեին, պետք է այդ վարույթները տրամաբանական ավարտին հասնեին, անձինք պետք է կամ արդարացվեին կամ դատապարտվեին»,- նշում է Վադիմ Հայրապետյանը՝ հավելելով, որ Եվրոպական դատարան դիմելու մասին դեռեւս վաղ է խոսել․ իրենք լիահույս են, որ Հայաստանի իրավաբանները կկարողանան ելք գտնել, եւ դատական ատյաններում խնդիրը կլուծվի։ «Քրեական գործերով Արցախում կայացված որոշումները պետք է հաշվի առնվեն». միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նյուրնբերգի համալսարանի դոցենտ, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը թեմայի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան ասում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ կա՞ միջկառավարական կամ միջպետական որեւէ համաձայնագիր, որը կարգավորում է ամբաստանյալների եւ դատապարտյալների, ինչպես նաեւ քրեական գործերով համագործակցության վերաբերյալ գործընթացները։  Եթե առկա է այդպիսի համաձայնագիր, ապա այն պետք է կիրառվի, իսկ եթե ոչ, հաջորդիվ անհրաժեշտ է հասկանալ, թե ՀՀ դատական համակարգը մինչ օրս ինչպիսի մոտեցում է ունեցել ԱՀ դատական ատյանների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ․ «Եթե ՀՀ դատական մարմինների կողմից ԱՀ դատական որոշումները ճանաչվել են, ապա նույն ձեւով կարող են նաեւ քրեական գործերով որոշումները ճանաչվել»,- կարծում է Պետրոսյանն ու ընդգծում, որ  սա վերաբերում է նաեւ քաղաքացիական գործերին։ Գուրգեն Պետրոսյանը Մասնագետը հիշեցնում է՝ դեռեւս 2015թ.-ին ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ ՀՀ-ն ԱՀ-ի նկատմամբ ունի արդյունավետ վերահսկողություն, որը, այնուամենայնիվ, տեւել է մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ը, այդ օրվանից ի վեր ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայմամբ վերահսկողությունը, որպես այդպիսին, դադարել է, եւ իրավիճակը  փոխվել է․ «Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե իրավական ինչ նշանակություն ունի  Արցախի լուծարման ակտը, որը ուժի մեջ է մտել 2024թ ի հունվարի 1-ից։ Եթե պետությունը, որպես այդպիսին, այլեւս չի գործում, լուծարվել է, ըստ Սահմանադրությամբ սահմանված կարգի, ապա իր կողմից ընդունված դատական ակտերը նույնպես դառնում են առոչինչ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը իր՝ 2023 թ․ նոյեմբերի օրդերի մեջ պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել գրանցման, ինքնության եւ մասնավոր սեփականության փաստաթղթերը եւ գրառումները, ինչպես նաեւ պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերն ու գրառումները իր վարչական եւ օրենսդրական պրակտիկայում։ Այստեղ, իհարկե, խոսք չկա քրեական գործերի վերաբերյալ, սակայն այս օրինակով, մասնավորապես, «ինքնության» եզրույթի շրջանակներում, կարելի է եզրահանգել, որ ԱՀ՝ նախկինում կայացված դատական որոշումները, այդ թվում՝ նաեւ քրեական գործերով որոշումները  նույնպես պետք է հաշվի առնվեն»,- ասում է Գուրգեն Պետրոսյանը։ Ըստ Պետրոսյանի՝ չնայած այս օրդերով պարտավորությունը դրված է Ադրբեջանի վրա, դա այլ կողմին չի ազատում ԱՀ-ի՝ նախկինում ընդունած որոշումները հաշվի առնելուց․ «Ըստ այդմ, ԱՀ կողմից ընդունված որոշումները շարունակում են գոյություն ունենալ, սակայն դրանց հարկադիր կատարումը մնում է այլ պետությանը»,- նշում է նա։ Ըստ այդմ, Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է ամբաստանյալներին առանձնացնել դատապարտյալներից․ ի տարբերություն դատապարտյալների` ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործերով առաջացող իրավական խնդիրների շուրջ այդքան դժվարություններ չեն առաջանում։  Հիմք ընդունելով նրանց նկատմամբ նախկինում կատարված քննությունները՝ Հայաստանում քրեական վարույթներ պետք է իրականացվեն Քրեական օրենսգրքի վերոնշյալ՝ 12-րդ հոդվածի շրջանակներում․ «Առաջին հայացքից այստեղ խնդիր է առաջանում պետական դավաճանության վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ նախկինում Արցախի նկատմամբ պետական դավաճանությունը դիտարկվել է նաեւ Հայաստանի նկատմամբ պետական դավաճանություն, ապա խնդիրը, որպես այդպիսին, լուծված է․ պետական դավաճանության գործերը նույնպես կարող են քննվել ՀՀ կողմից»,- կարծում է Գուրգեն Պետրոսյանն ու ընդգծում՝ Արցախի քաղաքացիները, թեեւ ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի չեն, ինչը նույնպես հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Այժմ, համաձայն ՀՀ-ի տրամադրած կարգավիճակի, նրանք հանդիսանում են փախստական։ Ինչ վերաբերում է Արցախում դատապարտված անձանց վերաբերյալ վերջնական ուժի մեջ մտած դատավճիռներին, դրանք, ըստ Պետրոսյանի, նույնպես շարունակում են ուժի մեջ մնալ, սակայն դրանց հարկադիր կիրառումը ընկնում է այլ պետության վրա․ «Հաշվի առնելով կրկնակի դատվածության արգելքը՝ այդ նույն անձինք չեն կարող երկրորդ անգամ նույն արարքի համար դատապարտվել։ Ուստի պետք է հասկանալ, թե ՀՀ-ն ինչպիսի իրավական հիմքի վրա պետք է ապահովի պատժի կիրառումը։ Ընդհանուր օրենսդրական ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այստեղ առկա է օրենսդրական բաց․ այս իրավական բացերի քաոսը եւ նախկինում չհաշվարկված իրավական ակտերի գեներացումն են հանգեցրել այստեսակ բարդությունների։ Այս բացը կարող էր լրացվել միայն այն անձանց վերաբերյալ, որոնք ՀՀ տարածքում են հայտնվել իրենց պատիժը կրելու ընթացքում եւ իրենց արտահանձման բացառության պարագայում պատիժը պետք է շարունակեն կրել ՀՀ տարածքում»,- եզրափակում է Գուրգեն Պետրոսյանը։ Պատկան մարմինները չեն շտապում հստակ տեղեկություններ հայտնել Թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել, թե ՔՕ 12-րդ հոդվածի համատեքստում ինչ լուծում է ընտրվել Արցախի քրեական վարույթների հետագա ընթացքի վերաբերյալ, դրա շրջանակում ինչ որոշում է կայացվել 2020-2022 թթ ընթացքում՝ մինչ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վարույթների վերաբերյալ, եւ արդյոք այդ վարույթներով քննությունը եւ պատժի կրումները ներկայումս շարունակում են։ Գլխավոր դատախազությունը, սակայն, մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանությամբ, որ այն հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։ Դա, որպես տեղեկության տրամադրումը մերժելու հիմք,  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մեկ տարի առաջ է ավելացվել, եւ մեդիափորձագետները քննադատել են այն՝ լղոզված եւ ընդգրկուն տերմին համարելով եւ ենթադրելով, որ պետական կառույցները հայեցողական մոտեցմամբ մերժելու են տեղեկությունների տրամադրումը։ Գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Արդարադատության նախարարությանը, սակայն վերջինս նույնպես բովանդակային պատասխաններ չի տվել՝ հայտնելով միայն, որ նշված խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով ներկայում միջգերատեսչական քննարկումներ են իրականացվում, ինչի արդյունքների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի: Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում Հայաստանի իրավասությունների, օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ փորձել ենք զրուցել նաեւ իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժոովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, սակայն դա օրեր շարունակ չի հաջողվել, անգամ՝ նախապես պայմանավորված ժամի, երբ Վարդանյանը ասել է, որ զբաղված է, եւ խնդրել է զանգահարել ավելի ուշ։ Որոշել ենք դիմել գրավոր հարցմամբ, ինչին ի պատասխան՝ Վարդանյանը նշել է, որ պահանջվող պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղեկություն (այն է՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձևավորված տվյալներ) չէ, քանի որ այդ հարցերով, ըստ էության, ակնկալվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների պարզաբանում: Դրա իրավասությունը, ըստ Վարդանյանի, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի (օրինականության սկզբունքը), 106-րդ հոդվածի 1-ին մասի (Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները) եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը և պարզաբանման իրավասու մարմինները) համաձայն ինչպես Հանձնաժողովը, այնպես էլ Հանձնաժողովի նախագահը չունեն:  Հարկ է նշել, սակայն, որ օրենսդիր մարմինը եւ պատգամավորներն ընտրվում են ոչ միայն օրենքով սահմանված տեղեկություններ լրագրողներին հայտնելու, այլ նաեւ հանրության համար կարեւոր, բայց ոչ միանշանակ իրավիճակները մեկնաբանելու, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ առաջարկելու համար։ Դա, իհարկե, քաղաքական կամք է պահանջում, որն այս դեպքում պատգամավորը չի դրսեւորել։  Վարդանյանը մասամբ պատասխանել է միայն հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կամ Պետաիրավական հանձնաժողովի ներսում քննարկվել է կամ նախատեսվում է քննարկել օրենսդրական փոփոխություններով եւ/կամ նոր կառուցակարգերի ներդրմամբ եւ/կամ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակը։ Ըստ պատասխանի՝ նշված բովանդակությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակ Հանձաժողովում չի քննարկվել: Կուսակցության ներսում քննարկումների մասին պատգամավորը ոչինչ չի նշել։ Այսպիսով, Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 եւ դատապարտված 1 անձ։ Թե Հայաստանում իրավական ինչ գործընթաց է նրանց նկատմամբ ընթանում, առայժմ հստակ չէ․ փաստաբանները նշում են, որ տեղյակ չեն, պատկան մարմինները չեն շտապում լիարժեք տեղեկություններ տրամադրել։ Միայն Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է Ազգային ժողովում հայտնել, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։    Միլենա Խաչիկյան
18:12 - 09 ապրիլի, 2024
Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է, և դատապարտելի. ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ

Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է, և դատապարտելի. ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ

2024 թվականի մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավոր և նախագահ նշանակելու մասին։ Մենք կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են գույքի բռնագրավման և ֆիզիկական անձանց հետապնդման անօրինական գործընթաց սկսելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը: «Ցանկացած քաղաքական նշանակում օկուպացված Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքում կամ տարածաշրջանում, հատկապես էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի ներքո իրենց տներից բռնի կերպով վտարված բնակչության բացակայության դեպքում, և՛ անօրինական է, և՛ դատապարտելի։ Ի լրումն, մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված այլ քաղաքական նշանակումները, որոնք էլ ավելի են ընդգծում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի ժողովրդավարական կամքի և իրավունքների համակարգված անտեսումը:   Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն հակասում են ինքնորոշման և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, այլև հստակորեն ցույց են տալիս տարածաշրջանի քաղաքական և վարչական գործընթացներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն արտացոլելու իրական ջանքերի բացակայությունը: Մենք նաև խորապես հիասթափված ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության դուրսբերմամբ Լեռնային Ղարաբաղից։ Առանց ԿԽՄԿ-ի՝ տեղում միակ միջազգային ներկայության, Ադրբեջանի ձեռքերը լիովին ազատ կլինեն անելու այն, ինչ կցանկանա․ ինչին էլ նա ձգտում էր երկար ժամանակ։ Թեև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չի նպաստում տեղահանվածների անվտանգ վերադարձին, միջազգային իրավունքը պաշտպանում է բռնի տեղահանված անձանց իրենց ծագման տարածք վերադառնալու իրավունքը: Այս իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային նորմ, և այն պաշտպանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիայով և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաներով ու հռչակագրերով: Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ապահովի», որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան «անվտանգ, անարգել և արագ» վերադառնալ: Ս․թ․ մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում Ադրբեջանին «իրական համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հանդեպ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ նարանց վերադարձի և իրենց տներում ապրելու իրավունքը՝ արժանապատիվ և անվտանգ կերպով՝ միջազգային ներկայության պայմաններում»: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պատերազմի և բռնության հետևանքով ձեռք բերված տարածքների ապօրինի ձևակերպմամբ զբաղվելու փոխարեն կատարել իր միջազգային պարտավորությունները ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և անարգել վերադարձը իրենց տներ և պատմական հայրենիք»,-ասված է հայտարարությունում:
14:06 - 09 ապրիլի, 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է  2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի |news.am|

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի |news.am|

news.am: Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա: NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատեցին նաև Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի,  ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի  ընթացքում մարդասիրական, բարեգործական  ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:   Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել: Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և  գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա  հեղինակային խոշոր  նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու  բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է  համարվում նաև այն,  որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- News.am-ին հայտնեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում    
12:24 - 08 ապրիլի, 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո |news.am|

ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո |news.am|

news.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երեւանում ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերի ներքո։ Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերեն լեզվով հայտարարեցին բոլոր քաղբանտարկյալների անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։ Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝  ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ  պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։
11:52 - 08 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Անհրաժեշտ նկատելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորեց նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։
13:12 - 06 ապրիլի, 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
 |armenpress.am|

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։ «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ պետքարտուղարն այսօր առավոտյան հայտարարեց ժողովրդավարության, էներգետիկ անկախության, պարենային անվտանգության և տնտեսական ինտեգրման խթանման համար ավելի քան 65 միլիոն դոլարի նոր և նշանակալի աջակցության մասին: Ուրախ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու համար այդքան դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»,- ընդգծեց ՄըքՔին։ Նրա խոսքով՝ 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար:  «Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ ցույց տալու Հայաստանի ժողովրդին, որ իրենց ժողովրդավարությունը տալիս է իր պտուղները: Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն կհոգա, որ կարիքավորներն ունենան հանրային ծառայությունների հասանելիություն՝ օգնելով Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն տարածել այդ հնարավորությունների մասին»,- ասաց նա։
20:41 - 05 ապրիլի, 2024