ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է։

Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը: Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբանը՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։  Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝  դատավորը, տեղեկացված լինելով ՔԿ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին։ Դատավորն ու փաստաբանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 
18:05 - 11 նոյեմբերի, 2022
Դատարանի որոշմամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ազատ է արձակվել
 |news.am|

Դատարանի որոշմամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ազատ է արձակվել |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի պաշտպանական խմբի բողոքը եւ մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց: Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Սեպտեմբերի 29–ին էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել  Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սամվել Հովսեփյանը նույնպես մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ ՔԿ–ի հաղորդմամբ՝ տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին եւ չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի եւ գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու եւ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել: Հասմիկ Մելիքյանի, Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Քննչական կոմիտեն նախօրեին՝ նոյեմբերի 7–ին, հաղորդեց, որ ավարտվել է Բերդում ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է»։ Խոսքը Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի մասին է։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ դատաքննության ժամանակ դիրքորոշում կհայտնեն մեղադրանքն ընդունել–չընդունելու հետ կապված։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ «Զորավոր համայնքը» ունի 11, իշխող ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ Ավագանու անդամների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին ընտրություններից առաջ։ Կալանավորվելուց հետո՝ հոկտեմբերի 2–ին, Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը հացադուլ էր հայտարարել, իսկ օրեր անց դադարեցրել  հացադուլը։ Օրեր անց էլ ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Սա նշանակում է, որ Բերդում հաղթած ուժը համայնքապետի նոր թեկնածու կառաջադրի։ Համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 10–ին։ Հոկտեմբերի 7–ին էլ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։  
13:01 - 08 նոյեմբերի, 2022
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի բողոքը՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Լոռոցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը Infocom–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը որպես գրավի չափ է սահմանել 4 միլիոն ՀՀ դրամը։  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Դատարանի այդ որոշումն էլ պաշտպանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր 2019 թ․ դեկտեմբերի 7-ից, իսկ օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին՝ վարչապետի որոշմամբ ազատվել պաշտոնից։ Նույն քրեական գործի շրջանակում Հրաչիկ Քանանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, իսկ Լոռեցյանի վարորդը՝ Էդուարդ Հովհաննիսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։   Միլենա Խաչիկյան
17:30 - 19 հոկտեմբերի, 2022
Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

factor.am: Քրեական վարույթը, որի շրջանակներում  Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր Հայաստանի մի շարք դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, դեռևս նախաքննության փուլում է։ ԱԱԾ քննչական դեպարատամենտում քննվող վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են են Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործող Դատական համակարգ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները։ Հուլիսի 21-ից սկսած՝ շուրջ 9 ամիս, այս դատարաններում գործերը դատավորների միջև ոչ թե համակարգչային ծրագրով, այլ ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից են  մակագրվում։ Շուրջ 9 ամիս անց ծրագրի կոդերը վերադարձվել են, սակայն քրեական գործի քննությունը շարունակվել է։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ դատարանների համակարգչային ծրագրի առգրավման պատճառն ավտոմատ մակագրման վրա արտաքին միջամտություն է եղել։ Այս քրեական գործը կաթվածահար էր արել գրեթե ողջ դատական համակարգի աշխատանքը՝  բացառությամբ Վճռաբեկ և մարզերի դատարանների։ Հատկապես քաղաքական հնչերանգ ունեցող գործերով ներգրավված անձինք ու վերջիններիս պաշտպանները դժգոհություն էին հայտնում, որ իրենց գործերը մակագրվում են իշխանահաճո դատավորներին, այլ ոչ թե պատահականության սկզբունքով էին բաշխվում։ Որոշ պաշտպաններ անգամ ճշգրիրտ կանխատեսումներ էին կատարում, թե  քաղաքական հնչերանգ ունեցող որ գործը, որ դատավորին է մակագրվելու։Շարունակությունը՝ factor.am-ում։
18:37 - 16 հոկտեմբերի, 2022
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց
 |news.am|

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։ Հիշեցնենք, որ պաշտպանները  բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետեւանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչեւ 31 եւ ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության եւ կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
10:18 - 09 օգոստոսի, 2022
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Բարձրագույն դատական խորհուրդն երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել Մխիթար Պապոյանին: Մխիթար Պապոյանը ծնվել է 1977 թվականին, Արմավիր քաղաքում: 2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ մինչ 2004 թվականը, նույն վարչությունում՝ որպես իրավաբան: 2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ: 2006 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: 2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ: 2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի մարտ ամիսն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական: 2009 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական: 2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
09:16 - 02 օգոստոսի, 2022
Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին
 |news.am|

Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին |news.am|

news.am: Յուրաքանչյուր հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը լեգիտիմ ակնկալիք ունի, եթե հանցագործության առիթը կա, ապա քրեական հետապնդման մարմնից պետք է ստանա հանցագործության մասին հաղորդումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի մեկ հոդվածով կարգավորվող 180-րդ եւ 181-րդ հոդվածներով նախատեսված որոշումներից մեկը։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Վերաքննիչ դատարանում հայտարարեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։ «Սույն բողոքով քննարկվում է մեկ հարց՝ արդյո՞ք դատախազությունն իրավունք ուներ հանցագործության մասին հաղորդումը ուղարկելու, կցելու ինչ-որ գործի։ Դատախազի կատարած գործողություններն արդեն օրենքով չեն կատարվում։ Եթե օրենքից բխող գործողություն չի, ապա սա համարվում է անգործություն։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն է, բոլոր ուղղություններով գործողությունները գնում են դեպի չհարուցելը»,- նշեց Հակոբ Մարտիրոսյանը։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա գրպանահատում չէ, խոսքը ՀՀ քաղաքացու հիմնարար անվտանգ միջավայրում ապրելու մասին է. «Քրեադատավարական առումով խախտված է իմ՝ որպես դիմող կողմի իրվաչափ ակնկալիքը՝ այս հարցերին պատասխանելու առումով»։ Հակոբ Մարտիրոսյանը շեշտեց, որ այս խնդիրը լուծվում է մեկ հոդվածի կարգավորումով, այսինքն՝ 180-րդ հոդվածի կարգով. «Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք»։ Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։ Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։  
14:52 - 27 հունիսի, 2022
Դատարանը չի կալանավորել հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպային, որն ուղեկցում էր Փաշինյանին |factor.am|

Դատարանը չի կալանավորել հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպային, որն ուղեկցում էր Փաշինյանին |factor.am|

factor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցած Ճանպարհային ոստիկանության սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Արման Նավասարդյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել ապրիլի 29-ին։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան։ Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող Արամ Նավասարդյանը, արագ սլանալով, վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին: Կինն ու դեռ չծնված երեխան մահացել էին: Այս քրեական գործով անցնող այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան:
22:22 - 25 հունիսի, 2022
Վերաքննիչ դատարանն արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրը և ժամը. պաշտպան

Վերաքննիչ դատարանն արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրը և ժամը. պաշտպան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդիներից Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ հրավիրվելով լրատվամիջոցների եւ Գլխավոր դատախազության ուշադրությունը։   Նա գրել է, որ Վերաքննիչ դատարանն արդեն 2 օր է՝ հրաժարվում է իրեն հայտնել Խաչատուրովի ձերբակալման որոշման իրավաչափության եւ վերջինիս կալանավորելու որոշման դեմ բողոքների քննության օրը եւ ժամը՝ այն պարագայում, երբ բողոքները Վերաքննիչ դատարան են մուտք եղել հունիսի 6-ին, իսկ օրենքի համաձայն՝ դրանց դատական ստուգումը պետք է տեղի ունենա նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։ Պաշտպանը միջնորդությամբ դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին։ Նրա գրառումը եւ կից միջնորդությունը ներկայացնում ենք ստորեւ․ «Հրավիրում եմ լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա...   Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։   ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։ Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։ Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։ Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով», - գրել է Միհրան Պողոսյանը։Իգոր Խաչատուրովը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:
16:18 - 08 հունիսի, 2022
ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

Ազգային ժողովի նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը: «Տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննված քրեական գործով նույն հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ նրանք համապատասխան հայտարարագրերում չեն հիշատակել և այդ կերպ թաքցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող մի քանի անշարժ, շարժական գույքերի,  դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։ Հաստատված մեղադրական եզրակացությամբ, քրեական գործը 2021թ. ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: ՀՀ գլխավոր դատախազությունում դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ հիմքով նման որոշման կայացումն անհիմն է, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին: Ելնելով դրանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2021թ. դեկտեմբերին ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Բողոքում հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաև ներկայացրել է 2020-2021թթ. հայտարարագիր: Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից: Ավելին, ըստ դատախազության՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման առանցքում  դրած  մեկնաբանությունների պայմաններում գրեթե իմաստազրկվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Խնդիրն այն է, որ նման մեկնաբանության պայմաններում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցավոր արարքի կատարման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն անձանց, ովքեր քրեական վարույթի ընթացքում են հանդիսացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող»,- նշված է հաղորդագրության մեջ: Քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:10 - 06 հունիսի, 2022
Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. դատավոր Դանիելյանը մերժեց փաստաբանների բողոքը |news.am|

Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. դատավոր Դանիելյանը մերժեց փաստաբանների բողոքը |news.am|

news.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու մասին փաստաբանների բողոքը մերժեց։ Նշենք, որ փաստաբանները համաձայն չեն այն հիմքերի հետ, ըստ որոնց՝ Չալաբյանը կալանավորված է։ Ըստ փաստաբանների՝ առանց ապացույցի եւ քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով է նրան մեղադրանք առաջադրվել։ Փաստաբանների կարծիքով՝ Չալաբյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Հիշեցնենք, որ լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ լսվում է, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի, Լիլիթ Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ քննարկվում է ուսանողներիների՝ կազմակերպված ակցիաներին ներգրավելու հարցը։ Ըստ նախաքննության՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 միլիոն դրամ գումար: Փաստաբանները, սակայն, պնդում են, այդ ձայնագրությունն ակնհայտ մոնտաժված է։
16:33 - 31 մայիսի, 2022
Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

 |hetq.am|

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ |hetq.am|

hetq.am: Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ Դատավորների միության նախագահ ընտրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Դատավորների միության նախագահի քվեարկությանը մասնակցել է 184 դատավոր: Նրանցից 139-ը քվեարկել է Ալեքսանդր Ազարյանի, մյուսները՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգտին: Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը շարունակվում էր հինգ ժամից ավելի: Այսօր ժողովի օրակարգում նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցն էր, խորհրդի անդամներ ընտրվեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով, և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով։ Խորհրդի դատավոր անդամի համար առաջադրվել էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներ Երեմ Եսոյանն ու Լիլիթ Սարգսյանն, իսկ քրեական մասնագիտացմամբ առաջադրված միակ թեկնածուն Անդրանիկ Մնացականյանն էր:
20:26 - 14 հունվարի, 2022
Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է դատավորների միության նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է դատավորների միության նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 14-ին ընթանում է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ): Թափուր տեղերում առաջադրվելու են դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները: Դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
14:59 - 14 հունվարի, 2022