Սամվել Շահրամանյան

Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, անթույլատրելի է. Շահրամանյան

Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, անթույլատրելի է. Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թալանի վերաբերյալ արվող տարբեր հայտարարություններին ու նշեց, որ այդ թալանը պրոյեկտում են բոլոր արցախցիների վրա, սակայն, նրա խոսքով, մի խումբ մարդիկ օգտվել են էդ ամենից, բայց արցախցիներն այսօր կրում են այդ պատասխանատվությունը բոլորի համար։ Հարցին՝ ինչ թալանի մասին է խոսքը, ովքեր են մի խումբ մարդիկ, որոնք օգտվել են այդ թալանից, Շահրամանյանը պատասխանեց, որ Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում, խոսքը Արցախում տեղի ուենցած գործողությունների մասին է․ «Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ինձ մոտ եկած մարդիկ իմ ուղղությամբ որևէ մեղադրանք չեն հնչեցրել։ Ուզում եմ դիմել ժողովրդին, տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, էս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում։ ես Երևանում ապրում եմ 2 սենյականոց բնակարանում, իմ հինգհոգանոց ընտանիքում»։ Շահրամանյանն ասաց, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 2024-ի փետրվարին որպես վկա ՔԿ-ում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են «թալանողները», նրա խոսքով՝ այդ գնահատականը պետք է տա իրավապահ համակարգը։ Դիտարկմանը, որ Շահրամանյանի անունը կապվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, Արցախի նախագահն արձագանքեց․ «Ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել, պարոն Աբազյանի հետ ծանոթ ենք, գործընկերային հարաբերություններ ունենք, այդ հարաբերություններն ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհետ կորածների հանձնաժողովի ղեկավարը»։ Հարցին՝ հրապարակելո՞ւ է այն անունները, որոնք Ներդրումային հիմնադրամից գումար են ստացել և գումարի թիվը, Շահրամանյանն ասաց, որ իրենք դեմ չեն հրապարակումներին, բայց այդ տվյալները որոշակի գաղտնիք են պարունակում։ Միաժամանակ, նա նշեց, որ նախաքննություն է ընթանում, և չեն ուզում խանգարել այդ ընթացքին։ «Ես հրավիրել եմ ակցիայի կազմակերպիչներին, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ, կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները, ի դեմս Դատախազության, դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները»։ Հարցին, թե ՀՀ իշխանության կողմից ճնշումներ կա՞ն, Շահրամանյանը պատասխանել. «Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել, բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»։ Նա նաև ասաց, որ անձնական ճնշումներ չի զգում։
16:43 - 18 ապրիլի, 2025
Սոցիալական հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը․ մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա չունենք․ Սամվել Շահրամանյան

Սոցիալական հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը․ մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա չունենք․ Սամվել Շահրամանյան

Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ արցախցիների սոցիալական խնդիրներին լուծումներ տալու պահանջով։  Ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանի խոսքով՝ խնդրի լուծման ճանապարհը Արցախից թալանած գումարների միջոցով է։ «Չենք կարող ամբողջ թալանն իմանալ, բայց գիտենք էդ ահռելի թալանի փաստաթղթերի մի մասը, որոնք ներկայացվել են Դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կան հարուցված, օդից կախված, որոշ դրվագներ դեռ քննության մեջ են։ Ինձ էլ են հրավիրել Քննչականից, ներկայացրել եմ ինչպես են ձեւավերված կոռուպցիոն սխեմաները»,- ասաց Օսիպյանը։  Նա ներկայացրեց, թե ինչ են պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից․ «Կամ դուրս արի, ասա՝ ոնց ես էս ժողովրդի հոգսերը քաշում, կամ եթե չես կարա, մենք ենք ասում՝ ինչ անես։ Իջնում ես Դատախազություն, որպես պատասխանատու, դատախազին ժողովրդի անունից ասում, որ էդ թալանած փողերի դատաիրավական պրոցեսներն արագացնեն, որպեսզի վերադարձնեն ժողովրդին։ Էդ թալանողների անունը, էդ 467 մլն դոլարը, գնացել է 48 ընտանիքի»,- ասաց Օսիպյանը։ Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փորձեցին ներկայացուցչության դարպասների վրայով ներս անցնել, սակայն չկարողացան։  Ակցիայի մասնակիցների մոտ եկավ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, խոսեց նրանց հետ, ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան ներկայացուցչության շենք՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու։ Արցախցիների հետ մոտ կես ժամ հանդիպումից հետո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ շենքի բակ եւ բարձրախոսով դիմեց հավաքվածներին։ «Ուզում եմ տեղեկացնել էսօրվա իրավիճակի պատասխանատուների մասին։ Էսօրվա կազմակերպիչները բազմիցս հնարավորություն են ունեցել ինձ հետ հանդիպելու, ես տասնյակ անգամ հանդիպել եմ նրանց հետ, ներկայացուցչությունում, դրսում, հինգ հոգով, տասը հոգով, մանրամասն ներկայացրել իրավիճակը, նրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ՝ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին»,- ասաց Շահրամանյանը։ Արցախի նախագահը շեշտեց՝ ինքն էլ է ուրախ նման նախաձեռնությանը համար, ինքն էլ կողմ, որ թալանը պետք է վերադարձվի ժողովրդին․ «Այդ նպատակով 2023 թվականի նոյեմբերի 8-ին համապատասխան գրություն եմ գրել դատախազ տիկին Վարդապետյանին, դրա հիման վրա  ՔԿ-ում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ես հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության։ Առգրավվել են ներդրումային հիմնադրամի կրիչները, մինչեւ 1000 դրամ իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվել Արցախի ներդրումային հիմնադրամում։ Քրգործերի շրջանակում հարցաքննվել են նաեւ պետպաշտոնյաներ, հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ»։  Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իր միանալուն, ապա Շահրամանյանը դրա անհրաժեշտությունը չի գտնում։  Նա նշեց՝ սա քաղաքացիական ակցիա է, ինքը միայն ողջունում է, որ հանրային ճնշում լինի իրավապահ համակարգի վրա՝ այս հարցերին իրավական լուծում տալու համար։ Օսիպյանը հարցրեց՝ ինչ լուծում է տեսնում Շահրամանյանը սոցիալական ծրագրերից զրկվող արցախցիների սոցիալական վիճակի հարցում։  «Տեղյակ եք, որ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը։ Մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա, մշակելու, հաստատելու, չունենք։ Մենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործել ենք՝ հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ էս 50-հազարականները դադարեցնելու դեպքում նաեւ հայտնվելու են փողոցներում։ Մենք էլ ունենք էդ խնդիրը՝ մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց էդ հնարավորությունը չունենք»,- ասաց Արցախի նախագահը։ Ակցիայի մասնակիցների ու Շահրամանյանի միջեւ հարցուպատասխանից հետո նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկուշաբթի առավոտյան ակցիայի նախաձենող խումբը հանդիպում կունենա Շահրամանյանի հետ, առաջարկներ կներկայացնի։
15:37 - 18 ապրիլի, 2025
«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի 7րջափակման օրերին մշտական կապի մեջ է եղել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:  Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ մինչև Ղարաբաղի անկումը:  «Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ Եվ ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էին կազմակերպում, հիմնավորումը հետևյալն էր՝ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է»,- պատմեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել․ «Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»։ Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր․ «Առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ էր խոսում, համոզում»։ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ընդգծեց՝ ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում:  «Ինձ ասում են՝ ինչու եմ շնորհավորել Սամվել Շահրամանյանին։ Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցություն ցուցաբերեմ, միգուցե դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ «այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»։
12:18 - 17 փետրվարի, 2025
«Ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել». Սիմոնյանը չի կարծում, որ արցախցիների մասին հայտարարությունը սխալ է եղել

«Ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել». Սիմոնյանը չի կարծում, որ արցախցիների մասին հայտարարությունը սխալ է եղել

Միանշանակ է, որ խոսքը չի կարող որևիցե ժողովրդի մասին լինել: Երեկ էլ, 4 անգամ ասել եմ՝ շատ ու շատ մարդիկ կռվել են, իրենց կյանքերն են զոհել, և դրա մասին չի խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկվա իր արտահայտություններին: News.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնել է, որ Սիմոնյանը ընտրել է երեք լրատվամիջոցի, որոնց հետ զրույցում էլ պարզաբանել է իր հայտարարությունները: Ըստ Սիմոնյանի՝ բոլորը շատ լավ հասկացել են, թե ում մասին են իր արտահայտությունները: Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասաց. «Նախ մինչև նամակ գրելը, թող պատմի՝ ինքը ոնց է իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել: Երկրորդը, եթե ինքը ինձ հարց ունի, նամակների բաժին կա Ազգային ժողովում, կարող է դիմել, և ես կքննարկեմ այդ նամակը և միգուցե կարող է պատասխանեմ, որևէ այլ ձև մեկնաբանելու կարիք չկա»: Նշենք, որ «Շահրամանյանը պահանջել էր Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը»: Հարցին, թե չի՞ զղջում իր ասածների համար, Սիմոնյանը պատասխանեց. «Ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որոնք վերադառնում էին և այդ բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց՝ երկրից դուրս գալու հետ: Մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»: Խոսելով մարդկանց մասին, որոնք կռվել են, ԱԺ նախագահը հայտարարեց. «Փառք ու պատիվ մեր զինվորներին թե՛ Ղարաբաղից, թե՛ սփյուռքից, թե՛ Հայաստանից, բայց երկիրը դատարկելը, գյուղը, քաղաքը դատարկելը... ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում պաշտոնյաները, պատգամավորները էնժամանակյա, դուրս էին գալիս Հայաստանի մասին վատ հարցազրույցներ էին տալիս և Հայաստանի իշխանությունների մասին»: Սիմոնյանի խոսքով չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է. «Իմ ասածը էմպատիա չի առաջացնում, բայց իմ ասածը ճիշտ է եղել»: Դիտարկմանը, որ անուններ հնչեցնի, թե ում մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես քաղաքական հայտարարություններ անելու իրավունք ունեմ և նույնիսկ պարտականություն ունեմ, և երբ ժամանակը գալիս է, անուններն էլ կտամ, բայց անունների կարիք էլ չկա է, ասում եմ՝ էն մարդիկ, որոնք ուզում էին առաջին օրվանից դատարկել Ղարաբաղը, իսկ դատարկել Ղարաբաղը և զինվորին կանգնեցնել պոստի, ասել՝ դու պաշտպանի, մենք գնացինք...: Հարցին, թե չի՞ կարծում, որ իր ձևակերպմամբ բոլորի վաստակն է նվաստացնում, Սիմոնյանը բացասական արձագանքեց. «Շատ մարդիկ, նկատի ունեմ քաղաքական գործիչներին, կա՛մ հատուկ շահարկում են անում, կա՛մ չեն հասկանում: Իսկ ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել»: «Ես չեմ ասում՝ կանայք և երեխաները պետք է մնային, յաթաղանը գար, մորթեր, սրա մասին չի խոսքը, այդ էմոցիոնալ լոլոն, որ փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու: Ես ասում եմ՝ ոնց ա ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրանիկներով, ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին, բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, հայերով, մի օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և ... Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղը հայաթափեց՝ ի վերջո»,- ասաց Սիմոնյանը: Հիշեցնենք նաև, որ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե երբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել էր․ «Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։ Լրագրողի պատասխանին, թե «իր ընտանիքը զինվորական է, պատկերացնու՞մ է, որ զինվորականները մնային թշնամու հետ նույն հարկի տակ ապրելու», Սիմոնյանն արձագանքեց․ «Ինչի՞ էր մնում, պետք էր կռվել, պետք էր կռվել»։
12:28 - 12 փետրվարի, 2025
Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից. տեղեկատվական շտաբ

Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից. տեղեկատվական շտաբ

Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից։ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները: Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ: Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը: Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից: Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը: Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե երբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել էր․ «Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։ Լրագրողի պատասխանին, թե «իր ընտանիքը զինվորական է, պատկերացնու՞մ է, որ զինվորականները մնային թշնամու հետ նույն հարկի տակ ապրելու», Սիմոնյանն արձագանքեց․ «Ինչի՞ էր մնում, պետք էր կռվել, պետք էր կռվել»։
11:17 - 12 փետրվարի, 2025
Հանդիպումներ են կայացել Գարեգին Երկրորդի, Արցախի թեմի առաջնորդի, Արցախի նախագահի ու պատգամավորների հետ

Հանդիպումներ են կայացել Գարեգին Երկրորդի, Արցախի թեմի առաջնորդի, Արցախի նախագահի ու պատգամավորների հետ

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։ Հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև այցելել է Մայր աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպումների ընթացքում տեղեկություններ է փոխանցել իրականացված աշխատանքների և ապագա անելիքների վերաբերյալ։ «Եռօրյա հանդիպումների ընթացքում հանձնախումբը, կարևորելով նախորդիվ իրականացված աշխատանքը, գոհունակությամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը տարբեր ձևաչափերով բարձրաձայնվել և արձանագրվել է մի շարք պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում հանձնախմբի գործունեության երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտված է ամրագրելու և զարգացնելու արձանագրված արդյունքը և ջանքեր գործադրելու վերադարձի իրավունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձևաչափի ստեղծման ուղղությամբ։ Հանձախմբի կողմից քննարկվել են առաջիկա վեց ամիսներին իրականացվելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, հանրային և մասնավոր գույքի պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձիև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենսական կարևորության այլ ուղղություններ։ Սույն հարցերի ուղղությամբ համադրված գործելու անհրաժեշտության օրակարգով Հանձնախմբի և «Հայաքվե» նախաձեռնության կողմից կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի քաղաքական, հասարակական, դիվանագիտական և վերլուծական շրջանակների չորս տասնյակից ավել մասնակիցներ։ Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահա»,- նշում են ԱՐցախի հանձնախմբից։ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։  
09:28 - 23 հոկտեմբերի, 2024
Սամվել Շահրամանյանը, Գագիկ Բաղունցն այցելել են «Եռաբլուր»
 |azatutyun.am|

Սամվել Շահրամանյանը, Գագիկ Բաղունցն այցելել են «Եռաբլուր» |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։ Նրանք «Եռաբլուր»-ում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Այսօր լրանում է Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տասն ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։
13:01 - 19 սեպտեմբերի, 2024
Մեծ ցավով եմ լսում իշխանություններին, որոնք համարում են, որ  Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Շահրամանյան |news.am|

Մեծ ցավով եմ լսում իշխանություններին, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Շահրամանյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց. «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից,  այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։ Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։ Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»։
10:39 - 19 սեպտեմբերի, 2024
Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց. Գոռ Աբրահամյան |1lurer.am|

Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց. Գոռ Աբրահամյան |1lurer.am|

1lurer.am: Իրավապահներն այսօր Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության բակից առգրավել են «Տոյոտա» մակնիշի մեքենա: Լրատվամիջոցները հայտնում են, որ այն սպասարկում է Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին: Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը կայացրել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։ Ըստ կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։
17:04 - 21 հունիսի, 2024
Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան
 |factor.am|

Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան |factor.am|

factor.am: Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է, Factor TV-ի հետ զրույցում նման պնդում արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա դիտարկմամբ՝ Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ունենալու հայտարարությունը կարող է ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց նա։ Կոնջորյանի խոսքով՝ իրենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։ Հիշեցնենք, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախի պետական մարմինների գործունեությանը։ «Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի՝ կառավարության բոլոր նախարարները պահպանվում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»,- ասել էր Շահրամանյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:25 - 28 մարտի, 2024
Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|

Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|

news.am: Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի տարածքի վրա որեւէ այլ կառավարության լիազորություններ են տարածվում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող այլ երկրի կառավարության ներկայացուցիչներ գտնվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը ի պատասխան արված հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, նաեւ, որ Հայաստանում չի կարող գործել որեւէ այլ կառավարություն, քան ՀՀ կառավարությունն է: «Օրինակ, երբ այլ երկրից հյուրեր են գալիս, ասենք՝ նախարար կամ վարչապետ, արդյոք իրենք ասում են, որ նրանք Հայաստանում պաշտոնական լիազորություններով չեն գտնվում: Իրենք կարող են մեկնաբանել, ասել՝ այո, Արցախի իշխանությունները տեղահանվել են, եկել են այստեղ, իրենք գտնվում են ՀՀ-ում, իրենց գործունեությունը չի տարածվում ՀՀ տարածքի վրա, այլ Արցախի տարածքի վրա է տարածվում: Եվ որեւէ ձեւով դա չի նշանակում, որ Հայաստանի տարածքում են իրենք գործում: Առնվազն սա կարող են ասել, եթե այդքան մեծ վախեր ունեն Ադրբեջանից: Բայց իրենք սա չեն ասում, իրենք ցավալիորեն եւ անընդունելի ձեւով թիրախավորում են Արցախի առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին եւ ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»,-ասաց նա: Բեգլարյանի խոսքով, լավ, թե վատ, Արցախի իշխանությունները ինչ-որ ձեւով, կիսատ-պռատ ինչ-որ աշխատանք կատարում են եւ պետք է կատարեն Հայաստանի աջակցությամբ, որը ցավոք, չի արվում, որպեսզի ներկայացնեն Արցախի ժողովրդի շահերը, իրավունքները եւ հնարավորինս պաշտպանվեն դրանք նաեւ իրենց կողմից: «Այստեղ հիմնական խնդիրը հավաքական իրավունքների հետ է կապված: Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի համար, դա պետք է անի Արցախի իշխանությունը: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեն»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը: Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը թերեւս արձագանքն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն. «Չէի ասի, որ այդտեղ հատուկ վտանգ կա, ուղղակի պետք է ձեւակերպումն այնպես անել, որ այո, Հայաստանի տարածքի վրա Արցախի իշխանությունների լիազորությունները չեն տարածվում: Իհարկե, նախընտրելի է, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի իշխանություններին եւ աջակցեն, բայց եթե նույնիսկ չեն էլ ճանաչում, չպետք է գոնե խանգարեն, լրացուցիչ վտանգներ, սպատնալիքներ ստեղծելով: Էլ չեմ խոսում, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներից բխող խոսույթը այնպիսին է, որ սա շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, արտաքին գործակալական ցանցի մի մաս է, որը շատ անընդունելի խոսույթ է: Շատ արցախցիներ կան, որ համարում են, որ Արցախի իշխանությունները եղած-չեղած, շատ ավելի քիչ գործունեություն են ծավալում, իրենց ձայնը չի լսվում, քան ինչ-որ իրենք անում են: Տեսանելի է, որ հոկտեմբերից ի վեր շատ զգույշ ու զուսպ ձեւով են Արցախի պետական մարմինները գործում, այնքան, ինչքան ռեսուրս ու կարողություն ունեն: Այսինքն հակառակ քննադատությունն էլ կա: Իմ տպավորությամբ Արցախի իշխանությունները բավականին զուսպ եւ զգույշ են, որպեսզի շահարկումներ չլինեն ոչ ներսից, ոչ Ադրբեջանից»,- հայտարարեց Արցախի նախկին պետնախարարը:
17:27 - 28 մարտի, 2024
Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը։ Վերջինս Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ «Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որ պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա, առանց անուններ նշելու, ասել է, թե նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Եվ տեսել ենք՝ ինչ են արել այդ հնարավորության հետ»։ «Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք; Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- եզրափակել է Փաշինյանը։
12:22 - 28 մարտի, 2024
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
 |arm.sputniknews.ru|

ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում` անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 28-ի իր հրամանագրին Արցախի Հանրապետությոնը լուծարելու մասին։ «Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։ Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,- ասել է նա: Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հիվանդ են կամ հաշմանդամություն ունեն, նրանք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեզմանները։ Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա` Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին ու խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։ Անդրադառնալով խոսակցություններին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև` Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում։ «Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել»,- ասել է նա: Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․ «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։
11:02 - 28 մարտի, 2024
Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան
 |news.am|

Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան |news.am|

news.am: Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալմանը: «Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝  դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները: Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- հայտարարեց Շահրամանյանը: Հիշեցնենք, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ: Դրանից մեկ օր առաջ նա «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին եւ, ըստ տարբեր կարծիքների, ձերբակալության պատճառներից մեկը դա է:
12:34 - 22 փետրվարի, 2024