2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Հաջորդ օրը Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնելով ադրբեջանական կողմի պահանջներին։
Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրվանից Երեւանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Օրեր շարունակ ցուցարարների տարբեր խմբեր փակում են Երեւանի տարբեր փողոցներ, հանրահավաք-քննարկումներ են տեղի ունենում հանրային վայրերում։ Ձեւավորվել են մի քանի շարժումներ՝ Անդրանիկ Թեւանյանի, Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր այլ գործիչների նախաձեռնությամբ՝ «Ազգային կոմիտե», Սուրեն Սահակյանի, Միքայել Նահապետյանի եւ այլ քաղաքացիների նախաձեռնությամբ՝ «Արժանապատվության շարժում», «Ազատազէն» ՌՀԿ նախաձեռնությամբ՝ «Հայաստանի սուվերենության շարժում»։ Քաղաքի տարբեր կետերում ակցիաներ են իրականացնում «Ժողովրդավարական համախմբում», «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունները, քաղաքացիների տարբեր խմբեր հավաքվում են պետական ու կառավարական շենքերի, այդ թվում ՌԴ դեսպանատան մոտ, ուսանողները դասադուլներ են իրականացնում։
Տարբեր ժամերի ու տարբեր հատվածներում իրավիճակը պարբերաբար լարվել է, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների ու հանրահավքների հարյուրավոր մասնակիցների։ Կառավարության շենքը հանրահավքների ժամանակ շրջապատել են վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններ։ Նրանց ու ցուցարարների միջեւ երբեմն բախումներ են եղել, որոշ անձինք տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանությունն էլ իր հերթին որոշ դեպքերում ուժ է կիրառել, Հանրապետության հրապարակում բազմամարդ ու լարված բողոքի ակցիայի ժամանակ սեպտեմբերի 19-ին իրավապահները նաեւ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետեւանքով ակցիայի մասնակից անձինք են վիրավորվել։