Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

«Ապրելու երկիր»-ը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

«Ապրելու երկիր»-ը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ «ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում»։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից 2 շաբաթ անցել է, բայց գործող ավագանին իր կազմից այդպես էլ չի ընտրել նոր քաղաքապետ։ «Այս իրավիճակում, ըստ օրենսդրական կարգավորումների, Կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետն ու, միաժամանակ, նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ։ Սակայն երևանցիների կողմից չընտրված, բայց Երևանի «ճակատագիրը» իր քվեին ծառայեցնող քաղաքապետի պաշտոնին հավակնողի խոսքից ու գործողությունների տրամաբանությունից արդեն ակնհայտ է, որ ակնհայտ փորձ է կատարվում շրջանցելու օրենսդրությունը՝ չկատարելով օրենքի պահանջը»,- գրել է նա։ Թանդիլյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական պայմանագրին» և կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձեռնտուն չեն՝ «գահավիժող անվստահության և հիասթափության ֆոնին»։ «Իրենք վախենում են արտահերթ ընտրություններ անցկացնելուց, քանի որ շատ լավ գիտեն, որ օրինական ժամկետում ընտրություններ անցկացնելու պարագայում երևանցին իրենց մերժելու է։ Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են՝ թքած ունենալով օրենսդրության, մարդկանց պահանջների, իրավունքների վրա։ Պարոնայք, մոռանում եք «բումերանգի էֆեկտի» մասին, թողեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն։ Ինչևէ, դեռ սպասում ենք Կառավարության խելամտությանն ու պահանջում, որ օրենքը վեր դասեն քաղաքական նպատակահարմարություններից, այլապես, ինչպես արդեն հայտարարել եմ, մեր հանդիպման վայրը դատարանն է լինելու։ Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն»,- նշում է Մանե Թանդիլյանը։
11:17 - 27 ապրիլի, 2023
Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարբեր մարզերում տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով որոշ համայնքներում քաղաքական ուժերը չեն ձևավորվել մեծամասնություն (50+1) և ստիպված են լինելու կոալիցիա կազմել կամ համագործակցել անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ։ Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են համագործակցել և կոալիցիա կազմել մյուս քաղաքական ուժերի հետ, ո՞ր քաղաքական ուժերի հետ նրանք որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի ձևավորել Թալին, Արաքս, Վարդենիս, Արարատ, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Վայք և Նոյեմբերյան համայնքներում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենք բանակցում են միայն առողջ քաղաքական ուժերի հետ։ «Հենց այս պահի դրությամբ առողջ ուժերի հետ բանակցություններ վարվում են, և դրանք բավականին հաջող ընթանում են»,- հավելեց Ալեքսանյանը։ Ալեքսանյանն ընդգծեց՝ ՔՊ-ն բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրանց հետ առնչվող քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հաղթել Աբովյան համայնքում, սակայն ԲՀԿ-ն նույնպես մեծամասնություն չի ձևավորել։ Կուսակցության անդամ Արման Աբովյանը բացառում է իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելը, որն Աբովյանում գրավել է երկրորդ տեղը։ Համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Հանրապետություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն: «Կմեջբերեմ նախընտրական ցուցակի առաջին համար Էդուարդ Բաբայանի խոսքերը, ով բացառել է իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցելու առումով զերծ կմնամ ներկայումս ինչ-որ բան ասել»,- ասաց Աբովյանը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ է տոնել Վանաձորում և այնտեղ նույնպես որոշիչ դեր են ունենալու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը նշեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն քաղաքական կոալիցիա չեն պատրաստվում կազմել։ «Կաշխատենք, կտեսնենք: Ում հետ ինչ պայմանավորվածություն ձեռք բերենք, ըստ այդմ առաջ կշարժվենք, սակայն քաղաքական կոալիցիաներ չենք պատրաստվում կազմել։ Բնականաբար, համագործակցելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ. 5 տարի միասին աշխատելու ենք, ինչպե՞ս կարող ենք չհամագործակցել»,- ընդգծեց Ասլանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր հերթին հաջողության է հասել Փարաքար համայնքում։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց, որ ներկայումս ամփոփիչ աշխատանքներ են տարվում։ «Ամփոփումը կավարտենք, կհասկանանք իրավիճակը, որից հետո կհայտարարենք՝ որտեղ ինչպես ենք անելու»,- հավելեց Թանդիլյանը։ «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ներկայացուցիչների հետ չհաջողվեց կապ հաստատել, որոնք հաջողության էին հասել համապատասխանաբար Վեդի և Նաիրի համայնքներում՝ չձևավորելով մեծամասնություն։
11:21 - 07 դեկտեմբերի, 2021
Մանե Թանդիլյանը հեռանում է Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից

Մանե Թանդիլյանը հեռանում է Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից

Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը թողնում է պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառումը` ստորև․ «Սիրելի արցախցիներ, հարգելի հայրենակիցներ,Ժամանակն անցնում է և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտնում են նոր փուլ։ Եթե վերջին օրերին եղել եք Արցախում, ապա նկատած կլինեք, որ Արցախում կյանքը վերադարձել է բնականոն հուն՝ առօրեական իմաստով։ Եվ սա արցախցու՝ իր հողում ապրելու որոշման և հանձնառության ուժի շնորհիվ է՝ էլ ավելի ուժեղ դառնալով սահմռկեցուցիչ ցավից և այս հողի համար կյանք չխնայած հերոսների նկատմամբ պարտքի զգացումից։ Արցախի բնակչության շուրջ ութսուն տոկոսը վերադարձել է Արցախ՝ ապրելու։ Սա նշանակում է, որ Արցախը թոթափում է հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական բեռը և կանգնում զարգացման և ուժեղացման ճանապարհին, ինչը հնարավոր է դարձել աշխատանքի, հանձնառության և ոչ մի դեպքում չկոտրվելու կամքի շնորհիվ։ Այժմ եկել է երկարաժամկետ ծրագրերի և տնտեսական զարգացման խթանման ժամանակը։Արձանագրելով, որ սոցիալական հարցերի ամբողջական և լիարժեք հաղթահարման բանալին յուրաքանչյուր երկրում զարգացած տնտեսության մեջ է, այսօր Արցախի ուժեղացմանը և մարդկանց այնտեղ ապրելուն կարող են նպաստել տնտեսության զարգացումը՝ բնակարանաշինության և քաղաքացիներին օր առաջ տներով ապահովելու աշխատանքներին զուգընթաց։ Այսպիսով, թույլ տվեք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մեր նախնական պայմանավորվածության համաձայն, իմ պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին։ Սեպտեմբերի 1-ից իմ ծառայությունը Արցախին շարունակելու եմ «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և առաջին հերթին, մեր գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ, Արցախի Դահրավ գյուղի մոտ կառուցվում է 100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները։ Համոզված եմ, որ եթե Արցախի մասին խոսող յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ այս ընթացքում գա Արցախ, մնա այստեղ, գտնի իր անելիքը, ապա մենք լիովին այլ իրականություն կստեղծենք շատ կարճ ժամանակամիջոցում։ Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության Կառավարության իմ գործընկերներին, նախարարության մեր բոլոր աշխատակիցներին փոխադարձ վստահության մթնոլորտում աշխատելու և Արցախին ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, որը նորովի կշարունակեմ հետայսու, քանզի միշտ փնտրելու եմ և գտնելու եմ ամենաարդյունավետ միջոցները մեր միասնական հայրենիքին ծառայելու գործում՝ ինչ էլ որ դա նշանակի»։
23:14 - 27 օգոստոսի, 2021
Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք»,- գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:   «Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները: Այցելության նպատակը հստակ էր՝ տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները: Այցելության շրջանակում եղա նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «Հայի ուժը» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:   Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»,- գրել է Մանե Թանդիլյանը:  
16:03 - 22 օգոստոսի, 2021
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը |hetq.am|

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը |hetq.am|

hetq.am: Oգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը: Կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որի մեջ նշված է․ «Նորաստեղծ քաղաքական ուժի համաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Այնուհետև՝ բացման խոսքով հանդես եկան «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։  «Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր։ Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել ապրելու երկիր կառուցելու համար»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։  Իր ելույթում Առաքելյանն անդրադարձավ նաև Կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներին. «Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում»։ Մեսրոպ Առաքելյանի հավաստմամբ՝ այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և գործունակությունը։  «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց. «Ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը։ Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու համար մենք ունենք ցանկություն, նվիրում և հնարավորություն։ Մենք հավատում ենք, որ ունենալու ենք հզոր պետություն, կայուն անվտանգություն, բարեկեցիկ և ստեղծագործ հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»։ Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորեց «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության  պատրաստակամություն հայտնեց։ «Ապրելու Երկիր» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ՝ համադրելով մեր հռչակած նպատակները և ձգտելով ավելի մեծ համախմբման։ Շնորհակալ ենք «Ապագա հայկականը» նախաձեռնողներից որակապես այլ միջավայրի ձևավորման համար, որն առկա վստահության խորը ճգնաժամի պայմաններում ստեղծում է անտարբերությունը կոտրելու հնարավորություններ»,- նշեց Թանդիլյանը։ Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվեց  Կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի ունեցավ Կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Մանե Թանդիլյանը»։
11:02 - 16 օգոստոսի, 2021
Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար

Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ։ Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։ Հուսով եմ, Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն»,- գրել է նա։
22:31 - 24 հուլիսի, 2021
Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել |armenpress.am|

Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Արցախի գյուղական համայնքներում բնակվելու համար տեղահանվածներից արդեն 1500 դիմում է ստացվել։ Այս մասին Դիլիջանում անցկացված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի ընթացքում տեղեկացրեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիրլյանը՝ նշելով որ Արցախում ներկայում առաջնահերթը բնակարանային  ապահովման խնդիրն է, և գոյություն ունեցող բնակֆոնդը գրեթե  ամբողջությամբ հագեցած է։  «Քաղաքային բնակավայրերում հյուրընկալության ծրագիրն  իրականում հնարավորություն տվեց զբաղեցնել և տեղահանվածներին տրամադրել այն բնակարանները, որոնք զբաղված չէին։ Այժմ շեշտադրումը գյուղական համայնքների վրա ենք իրականացնում, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները և ովքեր բնակվում էին գյուղերում, վերադառնան ու բնակվեն այնտեղ։ Այս երկու ծրագրերը հնարավորություն տվեցին առկա բնակֆոնդը հնարավորին իրացնել։ Ակնհայտ է, որ այն քիչ է, բավարար չէ և այս պահին լայն թափով արդեն ընթանում են շինարարական աշխատանքներ և տարբեր նախագծեր կան»,-նշեց նախարար Թանդիլյանը՝ հավելելով, որ  գյուղական համայնքներում նոր տներ ու բնակավայրեր կառուցելու ուղենիշ են ծառայում տեղահանված քաղաքացիներից հավաքագրված դիմումները՝ իրենց նախընտրած բնակավայրի վերաբերյալ։ Անդրադառնալով  Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրագործված ֆինանսական ուղիղ աջակցության ծրագրերին Մանե Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում տնտեսության վերականգնման հնարավորություն կտա նաև  ներկայում գործող՝ 68 հազար դրամի չափով 4-ամսյա աջակցության ծրագիրը։  «Այս պահին էլ գործում է 68 հազար դրամի ծրագիրը, որով 4 ամիս  շարունակ արցախցիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդիկ, անհատապես ստանալու են այդ աջակցությունը։ Սա հնարավորություն է տալու օգտվելու այդ 4-ամսյա ժամանակահատվածից, որպեսզի հետպատերազմյան Արցախում տնտեսությունը նույնպես վերականգնվի, որովհետև պետք է արձանագրել, որ ճգնաժամային ու վառվող  խնդիրների լուծումն, ըստ էության, տրված է՝ 300 հազար դրամի, 250 հազար և 68 հազար դրամ՝ գումարած 15 հազար դրամի չափով ֆինանսական ուղիղ աջակցությունների ծրագրերի  միջոցով։ Մարդիկ կարողացան որոշակի գումարի տիրապետել և իրենց հրատապ հիմնական խնդիրները լուծեցին»,- մանրամասնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը։
20:21 - 02 մայիսի, 2021
ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները։
21:40 - 17 ապրիլի, 2021
Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում․ շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները․ Մանե Թանդիլյան

Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում․ շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները․ Մանե Թանդիլյան

Հայկական երկու պետություններում պատերազմից ընդամենը երեք ամիս անց քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծայացած մարտահրավերների հետ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։  «Պատերազմի ողբերգական ավարտը մեզ գնալով հեռացնում է դասեր քաղելու հնարավորությունից։ Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում՝ թե ով է ավելի մեղավոր, թե ով է ավելի վատը։ Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ մենք արժանի չենք հզոր պետություն ունենալուն, արժանի չենք բարեկեցիկ և անվտանգ կյանքով ապրելու։ Խլացրեք քաղաքացու ապագայի հույսերը՝ ձեր ներկայի ու նախկինի մասին բարձրակոչ ելույթներով։ Իրականությունը ձեր հրապարակները չեն։ Իրականությունը ապրող Արցախն է, իր երեխայի ապագայի համար աշխատող գյուղացին է, իր աշխատասենյակում այս պահին աշխատող երիտասարդն է, ով ուզում է ավելի լավ Հայաստան, ավելի լավ Արցախ։ Շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները՝ չմոռանալով Հյուսիսային պողոտայում տեղակայել խաղաղապահ ուժեր։ Անհոգ եղեք, հայ զինվորը կանգնած է Հայաստանի և Արցախի սահմաններին, թշնամին Երևանի կենտրոն չի հասնի։ Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը։ Դադարեք գոռալ, դադարեք ձեր ատելությամբ լցնել արյան հոտով պարուրված հայրենիքի օդը, խոսեք իրար հետ, խոսեք հանգիստ, լսեք իրար, երբեմն լռեք, երկար լռեք․․․ Տեսնե՞ս, մենք մի օր արժանի կլինենք Արցախ ունենալուն․․․ Տեսնե՞ս, մենք մի օր արժանի կլինենք Հայաստանը մեռնող տարածքից դարձնելու Ապրելու երկիր․․․»
16:59 - 25 փետրվարի, 2021
Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն․ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ Մանե Թանդիլյան

Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն․ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ռուսերենին Արցախում պետական լեզվի կարգավիճակ տալու նախագծին։ Գրառման մեջ ասվում է․ «Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։ Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։ Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։ Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»։
15:35 - 17 փետրվարի, 2021
Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին

Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին՝ քննարկելով միության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։ Ողջունելով հյուրերին՝ Մ. Թանդիլյանը հույս է հայտնել, որ Հայ օգնության միության հետ հետագա համագործակցությունը կդառնա առարկայական՝ վերջիններիս կողմից արցախահայությանն առաջարկվող աջակցության համար ընտրվելով թիրախային խմբեր։ Հյուրերը նախարարին են ներկայացրել Արցախում իրականացվող ծրագրերի մանրամասները, համաձայնություն հայտնել առաջիկայում փոխգործակցել գործնական ծրագրերի շուրջ։  Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանված արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի շրջանակներում կիրառել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։
22:39 - 04 փետրվարի, 2021
ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։  ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների նախաձեռնությամբ հանձնարարվել էր գրել շարադրություն՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով:«Մեզ համար՝ որպես ոլորտի պատասխանատուների, շատ կարևոր էր հասկանալ, թե ինչի մասին են երազում մեր հոգածության ներքո ապրող երեխաները։ Այն նպատակներն ու նվիրումը, որ ներկայացրել եք Ձեր շարադրություններում, մեր երկիրն ավելի հզոր և ուժեղ են դարձնելու։ Մենք էլ անելու ենք առավելագույնը ձեր երազանքների իրականացման համար՝ այդ թվում նաև ձեր շնորհիվ, քանի որ առանց երազանքի ուժի հնարավոր չէ առաջ շարժվել։ Այն ժպիտներն ու ոգևորությունը, որ տեսնում ենք հիմա, վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք»,- բացման խոսքում նշել է Մեսրոպ Առաքելյանը։Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս տարբերակը հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչել երեխաներին, և հասկանալ, թե ինչպիսի երկիր պետք է կերտել, որ երեխաների մասնագիտական ցանկություններն իրականություն դառնան Հայաստանում կամ Արցախում․  «Այս նախաձեռնության շրջանակում մենք հրաշալի շարադրություններ ենք ընթերցել ու բացահայտել ձեզ, ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը։ Պատկերացում ենք կազմել, թե ինչի մասին եք մտածում, ինչ եք երազում և այս կամ այն մասնագիտության միջոցով ինչպես եք պատրաստվում ծառայել մեր միասնական հայրենիքին»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը։Նախարարները երեխաներին գրքեր են նվիրել՝ յուրաքանչյուրի ընտրած մասնագիտության համապատասխան․ մրցանակներ են ստացել նաև լավագույն շարադրությունների հեղինակները։ Միջոցառման շարունակությունը լինելու է «Մեկ օր՝ երազանքիս հետ» նախաձեռնությունը, որի շրջանակում երեխաներն՝ ըստ մասնագիտության, կայցելեն իրենց նախընտրելի հաստատությունները։   
22:44 - 29 հունվարի, 2021