Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Մտածում են՝ ոնց ֆոկուս-պոկուս ու PR անեն, որ զեղչ արեցին. Իզաբելլա Աբգարյանը՝ տրանսպորտից օգտվողների արտոնությունների մասին

Մտածում են՝ ոնց ֆոկուս-պոկուս ու PR անեն, որ զեղչ արեցին. Իզաբելլա Աբգարյանը՝ տրանսպորտից օգտվողների արտոնությունների մասին

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Հարցը նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց, թե առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա՞ Արցախից տեղահանավածների համար: Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, որ իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանն էլ իր ելույթում հայտնեց, որ «գործ ունենք հերթական փնթի անգրագետ և սխալ մոտեցման հետ«: «Ինչու, որովհետև մարդիկ, որոնք այդ ոլորտով զբաղվում են, ոչ թե մտածում են մարդկանց սոցիալական վիճակի մասին, այլ մտածում են՝ ոնց ֆոկուս-պոկուս անեն ու PR անեն, որ իրենք ինչ-որ տեղ զեղչ արեցին: Սիրելի՛ երևանցիներ, ձեզ խաբում են, իրականում դա զեղչ չէ: Քիչ առաջ ես ապացուցեցի, և պաշտոնապես մարդիկ ասացին, որ 50 դրամ տրոլեյբուսին վճարող թոշակառուն պիտի վճարի 9000 դրամ ամսական փաթեթ: ... Եվ դա հենց այն խումբն է, որ օրը 5 անգամ ուժ չունի, որ տրանսպորտով ման գա, շաբաթը մի անգամ գնում է պոլիկլինիկա, այսինքն՝ գլխավոր թիրախը հենց այն խմբերն են, որոնց դուք բերել եք հիմա ձևական 15, 20%, դուք ձեզ պահում եք անպարկեշտ վաճառականի պես, որ տոներից առաջ գները բարձրացնում են թաքուն, հետո սև ուրբաթին 10 տոկոս զեղչ են հայտարարում»,- ասաց նա: Նրա խոսքով սխալ է արտոնություն տալու տրամաբանությունը, ոչ թե ըստ կարգավիճակի է պետք զեղչ տալ, այլ ըստ տարիքի:
11:56 - 19 նոյեմբերի, 2024
Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգի անցնելիս. Երևանի ավագանին քննարկում է փաթեթը |1lurer.am|

Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգի անցնելիս. Երևանի ավագանին քննարկում է փաթեթը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Հարցը նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ դեռ գարնանը հայտարարվել էր՝ մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումն արտոնությունների փաթեթ է ներկայացվելու։ Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, ուղղված են փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։ «Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20% մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, 63 տարեկանը լրացած թոշակառուներին 30%, ուսանողներին՝ անկախ հաշվառման վայրից, 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց 1-ին կամ 2-րդ խմբի կամ, նոր դասակարգմամբ, խոր կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, «Փարոսի» շահառու են՝ 20%, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց՝ անվճար, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների ծնողներին՝ 4 և ավելի երեխաներ ունեցողներին, նույնպես անվճար»,- ասաց նա։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե մինչև հունվարի 1-ը տեխնիկապես այս համակարգերը պատրաստ չլինեն, խոցելի խմբերը վճարելո՞ւ են մյուսների պես, Սուրեն Գրիգորյանը նշեց՝ այս պահին նախադրյալներ չկան մտածելու, որ համակարգերը չեն գործի նախանշված ժամկետին:
11:43 - 19 նոյեմբերի, 2024
Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներ՝ շինհրապարակների կահավորման համար

Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներ՝ շինհրապարակների կահավորման համար

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգման աշխատանքների պարտադիր նորմերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչությունը։ «Շինհրապարակի ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով: Այսուհետ պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում»,- նշել է կոմունալ տնտեսության վարչության պետը: Արսեն Կարոյանը նաև ընդգծել է, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է խստագույնս պահել սահմանված նորմերը՝ վարչական տույժերից և աշխատանքների կասեցումից խուսափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:20 - 19 սեպտեմբերի, 2024
Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է Երևանի ավագանու անդամների հայտարարագրերը և պարզել, որ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք անդամների հայտարարագրերում կան անհամապատասխանություններ։   Ազգային առաջընթաց խմբակցություն Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 2 մլն դրամ, իսկ ծախսը՝ 10 մլն 270 հազար։ 98 հազար դրամով էլ ավելացել են վերջինիս դրամական միջոցները։ Ստացվում է, որ տարվա ընթացքում նրա ծախսած ավելի քան 8 մլն դրամի ծագումն անհայտ է։  Իոսիֆ Կուբատյանին խնդրել էինք մեկնաբանել այս անհամապատասպանությունը։ Վերջինս  մեզ հայտնեց, որ դեռևս 2021 թվականին վաճառել էր Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր բնակարանը, իսկ վաճառքից ստացված գումարը գտնվում էր ՌԴ-ում բնակվող ազգականի մոտ։ «Այդ գումարը ազգականս 2023 թվականին փոխանցել է ինձ: Հայտարարագրում այն արտացոլված չի, քանի որ տարվա սկզբին և տարվա վերջում այդ գումարն ինձ մոտ առկա չի եղել», - պատասխանում նշել է Իոսիֆ Կուբատյանը։ Եթե անգամ ֆիզիկապես այդ գումարն Իոսիֆ Կուբատյանի մոտ չի եղել, սակայն պատկանել է իրեն, այն պետք է հայտարարագրվեր որպես առկա դրամական միջոց։ 2023 թվականի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Իոսիֆ Կուբատյանի կինը՝ Շուշան Ղևոնդյանը։ Վերջինս, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել։ Իոսիֆ Կուբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չեն կարողացել լրացնել կնոջ հայտարարագիրը՝ կապված համակարգի տեխնիկական խնդիրների հետ։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ Շուշան Ղևոնդյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու անհնարինության կամ տեխնիկական խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովում տեղեկություն առկա չէ: «Ազգային առաջընթաց» խմբակցության մեկ այլ անդամ Հայկ Գրիգորյանը 2023 թվականին գնել է տուն՝ 160 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն տարվա ընթացքում ստացել է ընդամենը 75 հազար դրամ եկամուտ Երևանի քաղաքապետարանից։ Տարվա սկզբին ունեցած դրամական միջոցները տարվա վերջի դրությամբ մնացել են անփոփոխ։   Գրություն էինք ուղարկել Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրում տեղ գտած տարբերությունները, որին վերջինս չի արձագանքել։ Նույն խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 303 հազար դրամ, մինչդեռ ավանդներն ու դրամական միջոցներն աճել են 978 հազար դրամով։ Այսինքն՝ շուրջ 675 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ Սեդա Տեր-Մինասյանը ևս անպատասխան է թողել մեր գրությունը, որով խնդրել էինք պարզաբանել հայտարարագրի անհամապատասխանությունները։  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Պետրոսյանը 2023 թվականին ստացել է 33 մլն 957 հազար դրամ եկամուտ, ձեռք է բերել բնակարան 138 հազար ԱՄՆ դոլարով (ավելի քան 53 մլն դրամ), շուրջ 19 մլն դրամով էլ նվազել են կանխիկ միջոցները։ Ստացվում է, որ ծախսված 305 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ Տիգրան Պետրոսյանը ևս մեր գրությանը չի արձագանքնել։   «Հանրապետություն» խմբակցություն Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, 2023 թվականին ձեռք է բերել հողամաս 12 մլն 316 հազար դրամ արժողությամբ։ Այդ տարի կատարել է այլ ծախսեր ևս.  10 մլն 815 հազար դրամ ուղղել է վարկի մարմանը, իսկ 14 մլն 669 հազար դրամ՝ այլ միանվագ ծախսի։ 2023 թվականին Լիլիթ Մուսեյանի եկամուտը կազմել է ընդամենը 25 542 դրամ, ունեցել է դրամական միջոցներ բանկային հաշիվներին, որոնք չի ծախսել։ Ստացվում է, որ վերջինիս ծախսած ավելի քան 37 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արտակ Զեյնալյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 47 մլն 748 հազար դրամ, դրամական միջոցները նվազել են 21 մլն 328 հազար դրամով։ Տարվա ընթացքում նա 70 հազար ԱՄՆ դոլար ավանդ է դրել, ևս 5 մլն 853 հազար դրամ էլ Արտակ Զեյնալյանը հայտարարագրել է որպես ծախս։  Ստացվում է, որ Արտակ Զեյնալյանն իր միջոցներից միայն շուրջ 36 մլն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Լիլիթ Մուսեյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արտակ Զեյնալյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը շուրջ 1 մլն դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին կամ ծախսերին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  Սրանից բացի, Արտակ Զեյնալյանի հայտարարագրի համաձայն՝ 2023 թվականին կինն իրեն նվիրատվության կարգով տրամադրել է 28 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 1 400 եվրո։ Այս նվիրատվությունները կատարելու փաստի, ինչպես նաև դրանց ծագման մասին տեղեկությունները ևս բացակայում են Լիլիթ Մուսեյանի հայտարարագրից։ «Ինֆոքոմը» գրություն էր ուղարկել Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունըլ։ Վերջինս մեր գրությանը չի պատասխանել։   Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի ամուսնու՝ Վահե Հայրապետյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 1 մլն 920 հազար դրամ։ Մինչդեռ նույն տարում նրա դրամական միջոցներն աճել են ավելի քան 14 մլն դրամով։ Նախորդ տարի Վահե Հայրապետյանն անշարժ կամ շարժական գույք չի վաճառել, աշխատավարձից բացի այլ աղբյուրներից եկամուտ չի հայտարարագրել։ Ստացվում է, որ նրա ունեցած ավելի քան 12 մլն դրամի ծագումն անհայտ է։  Լուսինե Սարգսյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 3 մլն 701 հազար դրամ, իսկ դրամական միջոցներն աճել են 486 հազար դրամով։ Այսինքն՝ Լուսինե Սարգսյանն իր միջոցներից միայն 3 մլն 215 հազար դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։  Գրություն էինք ուղարկել Լուսինե Սարգսյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեզ չի պատասխանել։   Մայր Հայաստան խմբակցություն Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 882 հազար դրամ, մինչդեռ դրամական միջոցներն աճել են 2 մլն 116 հազար դրամով։ 1 մլն 234 հազար դրամի ծագումն անհայտ է։  Գրիգոր Իսկանդարյանը մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ նախորդ տարի երեխայի ծնունդով պայմանավորված հարազատները կանխիկ գումարներ են նվիրել իրեն, որը չի հայտարարագրել։ Այդ միջոցները, սակայն, ևս ենթակա են հայտարարագրման։ 2023 թվականին հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Գրիգոր Իսկանդարյանի կինը՝ Ռեբեկա Առաքելյանը։ Վերջինս հայտարարագիր չի ներկայացրել։ Գրիգոր Իսկանդարյանը մեզ հայտնեց, որ կինը դեռևս չի ներկայացրել տարեկան հայտարարագիր, քանի որ վերջինիս որոշ փաստաթղթեր՝ կապված տան սեփականության վկայականի, հողի սեփականության վկայականի հետ և այլն, գտնվում են Արցախում։  «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2023 թվականին եկամուտ չի հայտարարագրել։ Տարվա սկզբում ունեցել է 10 հազար եվրո և 45 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որոնք տարվա վերջում մնացել են անփոփոխ։ Զարուհի Փոստանջյանին գրությամբ խնդրել էինք արձագանքել, թե ինչ միջոցներով է կատարել ընթացիկ ծախսեր, եթե եկամուտ չի ստացել։ Վերջինս մեր գրությունը թողել է անպատասխան։ Ինչպե՞ս են առանց եկամուտ ստանալու ընթացիկ ծախսեր արել, ինչպե՞ս են ունեցած միջոցներից ավելի շատ ծախսել կամ ինչու՞ ընտանիքի անդամները հայտարարագրեր չեն ներկայացրել․ այս հարցերի պատասխանները ստանալու համար գրություններ ենք ուղարկել հայտարարագրերում էական խնդիրներ, անհամապատասխանություններ ունեցող ավագանու 8 անդամի, որոնցից 6-ը չեն արձագանքել։ Պատասխաններ ենք ստացել միայն Ավագանու 2 անդամից՝ Իոսիֆ Կուբատյանից և Գրիգոր Իսկանդարյանից։   Լյուսի Մանվելյան
14:02 - 16 սեպտեմբերի, 2024
ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել

ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվել են Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի  հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։  Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։ Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։  Երևանի ավագանին արտահերթ նիստում որոշում էր կայացրել ավագանու անդամի  մանդատներից վաղաժամ զրկել Գրիգորի Երիցյանին, Անույշ Խուդավերդյանին և Անուշ Գինոսյանին։ Պատճառը ավագանու նիստերի մեծ մասից նրանց բացակայություններն են։ 
16:55 - 11 սեպտեմբերի, 2024
Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը |armenpress.am|

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին»  որոշման նախագիծը։  Ներկայացնելով նախագիծը, «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը ասաց, որ նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է ՀՀ մասնավորապես Քաղաքաշինության մասին օրենքով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն կետով, որի համաձայն գլխավոր հատակագիծ չունեցող համայնքներն այլևս հնարավորություն չեն ունենա նախագծման թույլտվություն տրամադրել և հողամասերի օտարում իրականացնել։  «Մենք քաղաքապետի գլխավորությամբ հանձն առանք նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, որոնք մեկնարկել են մոտ 8 ամիս առաջ։ Կարճ ժամանակահատվածում բավական մեծ աշխատանք է կատարվել ելակետային նյութերի հավաքագրման մասով։ Փորձել ենք գեներացնել մի փաստաթուղթ, որը  թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք այսօր կան Երևանի համար, սակայն այս փաստաթղթով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք առնչվում են Երևան համայնքի բնակիչներին, Երևանի շահերին»,-հավաստիացրել է Սեդոյանը։ Նրա խոսքով՝ Երևանի նախորդ գլխավոր հատակագծում կային ձևակերպումներ, որոնք խնդիրներ էին ստեղծում այլ գերատեսչությունների ու  քաղաքացիների հետ փոխհարաբերություններում։ Դրանք առնչվել են գրանցված իրավունքներին, որոնք Հողային օրենսգրքի և գլխավոր հատակագծի դեպքում չէին համադրվում։  «Կատարվել են շտկումներ և այն տերմինները, որոնք տեղ են գտել առաջարկվող գլխավոր հատակագծում, բացառապես համապատասխանում են Հողային օրենսգրքին։ Նախորդ գլխավոր հատակագծում կանաչ տարածքները ձևակերպված էին որպես հասարակական նշանակության կանաչ գոտիներ, որը չէր համընկնում Հողային օրենսգրքի ձևակերպմանը։ Ներկայում այն փոփոխվել է և հստակ ամրագրվել, որ դրանք բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներն են՝ որոշ դեպքերում զբոսայգիներ, որոշ դեպքերում էլ  ճանապարհներ, փողոցներ»,-ասել է զեկուցողը։  Երևանի նոր գլխավոր հատակագծով որոշ սահմանափակումներ են իրականացվել բակային տարածքների  մասով։ Դրանք ամրագրվել են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ, որպեսզի համայնքային հողերի վրա չիրականացվեն նոր կառուցապատումներ։  Ճշգրտվել են մայրաքաղաքում առկա այգիների ցանկը և դրանց մակերեսները։ Որպես հատուկ պահպանվող՝ կանաչ տարածքի կարգավիճակ է շնորհվել Հրազդանի կիրճին, որը ներառվել է սահմանափակումների մեջ է՝ հետագայում այնտեղ ցանկացած տիպի կառուցապատումները բացառելու նպատակով։ Առկա ելակետային նյութերի հիման վրա թարմացվել է Երևանի ճանապարհափողոցային ցանցը, քանի որ, ըստ Սեդոյանի, անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ, որոնք որևէ փաստաթղթում արձանագրված չեն եղել ճիշտ հետագծով։ Ինչ վերաբերում է Երևանի ճանապարհատրանսպորտային ցանցին, ապա այն, զեկուցողի ներկայացմամբ, մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա և հատվածները, որոնք նախորդ ռազմավարական փաստաթղթով չեն իրականացվել, բայց արդիական են, ներառվել են նորում՝ փուլային իրականացման նպատակով։
18:06 - 10 սեպտեմբերի, 2024
Գրիգոր Երիցյանը, Անուշ Գինոսյանն ու Անուշ Խուդավերդյանը զրկվեցին ավագանու մանդատներից 
 |azatutyun.am|

Գրիգոր Երիցյանը, Անուշ Գինոսյանն ու Անուշ Խուդավերդյանը զրկվեցին ավագանու մանդատներից |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ավագանին այսօրվա նիստում մանդատներից զրկեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին, «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին։  «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը հենց «Հանրային ձայն»-ինն է։ Խմբակցությանը պատճառաբանում է, թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։ «Հանրային ձայն»-ն ավագանի ընտրվեց որպես ընդդիմություն, իսկ այժմ ժամանակ առ ժամանակ սատարում է իշխանությանը։ Խուդավերդյանն ու Գինոսյանն ամիսներ առաջ լքեցին թիմն ու դրանից հետո չեն մասնակցել հանձնաժողովների նիստերին՝ պնդելով, որ իրենց զրկել են կարծիքի ու քվեարկելու իրավունքից։ Այսօր մանդատից զրկված ավագանու անդամները «Հանրային ձայն»-ի իրենց նախկին թիմակիցներին մեղադրում են քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ համագործակցելու ու իրենց ճնշելու համար և կարծում են, որ իրենց մանդատից զրկում են ընդդիմադիր հայացքների պատճառով։ Ավելի վաղ խմբակցությունից ասել էին, թե «ցուցակն են մաքրում, որ հետևից մարդիկ գան ու աշխատեն»։ Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը զրկվել է մանդատից կրկին ավագանու ու հանձնաժողովների նիստերից բացակայելու պատճառաբանությամբ։ Երիցյանը սա հակաօրինական է համարում՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։
15:28 - 10 սեպտեմբերի, 2024
Պարոն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք.Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին
 |news.am|

Պարոն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք.Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին |news.am|

news.am: Ես շատ լավ եմ հիշում՝ Ձեր և պարոն Թոխյանի միջև խոսակցության բովանդակությունը: Դուք ասացիք՝ պարո՛ն Թոխյան, ինչո՞ւ ինձ մանդատից զրկելու հարցը չեք բերել այս նիստի»: Թոխյանը պատասխանեց՝ «Դուք շարունակեք բացակայել, ես անպայման դա կանեմ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին:  «Պարոն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք: Դուք սրան չեք էլ առարկում»,-ասաց քաղաքապետը: Նշենք, որ Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Երիցյանը նշեց, որ ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստ է տեղի ունեցել: «Ասվում է 5 նիստից 4-ից բացակայել եմ, չեմ բացակայել, բոլոր նիստերին ներկայացել եմ»,-ասաց նա:
12:37 - 10 սեպտեմբերի, 2024
Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի մանդատից վաղաժամկետ զրկելու հարցը |armenpress.am|

Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի մանդատից վաղաժամկետ զրկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում է ավագանու երեք անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Անյուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Առաջինը քննարկվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանին մանդատից զրկելու հարցը։  Համապատասխան նախագծում առաջարկվում է ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշում ընդունել վաղաժամկետ դադարեցնելու Գրիգորի Երիցյանի ՝Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։   Որպես հիմնավորում ներկայացված է, որ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստերին, սակայն Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգորի Երիցյանը, ով հանդիսանում է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից:  Նշվում է, որ Գրիգորի Երիցյանի կողմից իր  բացակայությունների վերաբերյալ որևէ բացատրություն նախագահին կամ հանձնաժողովին չի ներկայացվել:  Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով ավագանու հանձնաժողովների դերը՝ առաջարկվել է վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Երիցյանի լիազորությունները:   Իր խոսքում Երիցյանն «Ազգային առաջընթաց» խմբակցության անունից անընդունելի է համարել ավագանու նիստի նման օրակարգը, քանի որ, ըստ նրա, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է պարունակում։ Երիցյանը կեղծ է համարում մասնավորապես ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից բացակայության վերաբերյալ տեղեկությունը՝ պնդելով, թե 5 նիստերից 4-ին ներկա է գտնվել։ «Պահանջելու եմ իրավապահ մարմիններից հասկանալ, թե ոնց է այս հիմնավորումը տեղ գտել այս փաստաթղթի մեջ, և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրել են դրա տակ»,-ասել է Երիցյանը՝ առաջարկելով հանել հարցն օրակարգից։   Ավագանին 25 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ չի ընդունել Երիցյանի առաջարկը։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից էլ առաջարկվել է օրակարգից հանել Անույշ Խուդավերդյանի  և  Անուշ Գինոսյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը, որոնք նույնպես չեն ընդունվել։   
12:13 - 10 սեպտեմբերի, 2024
«Պարոն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնելու․ այս նախագծով հնարավոր չէ ինձ մանդատից զրկել, հիմքերը կեղծ են»․ Գրիգոր Երիցյան |aravot.am|

«Պարոն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնելու․ այս նախագծով հնարավոր չէ ինձ մանդատից զրկել, հիմքերը կեղծ են»․ Գրիգոր Երիցյան |aravot.am|

aravot.am: Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն անդրադարձավ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկին, որով նախատեսվում է Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնել։ «Ինչպես գիտեք՝ 4 օր առաջ իշխող խմբավորումը՝ իբրեւ հրատապ եւ անհետաձգելի հարց, ավագանու օրակարգում է ներառել իմ՝ որպես Երեւանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Ես շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու պարոն Ավինյանի հրատապությունը եւ անհետաձգելիությունը, բայց պարոն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնելու, այսօր այս նախագծով դա անել հնարավոր չէ»,- ասաց նա։ Նա նշեց, որ իրեն մանդատից զրկելու հիմքերը կեղծ են։ «Առաջակում եմ իրավական ուժ չունեցող կեղծ այս նախագիծը եւ 24-րդ հարցը օրակարգից հանել, պահանջելու եմ իրավապահ մարմիններից՝ պարզել, թե ոնց է այս հիմնավորումը տեղ գտել այս փաստաթղթի մեջ, եւ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, ովքեր դրա տակ ստորագրել են։ «Առաջարկում եմ ավագանու պարկեշտ անդամներին կողմ քվեարկել իմ առաջարկին, որովհետեւ դուք մաս չպիտի դառնաք մի գործընթացի, որը կեղծ է։ Պարոն Թոխյանին առաջարկելու եմ վայր դնել իր մանդատը, որովհետեւ լինելով իրավական հանձնաժողովի նախագահ՝ ինքը բերել է իրավական ուժ չունեցող եւ կեղծ փաստաթուղթ»,- ասաց նա։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Պարոն Երիցյանը բացակայել է իրավական հարցերի հանձնաժողովի 7 նիստերից 6-ից։ Իրավական այս հիմքերը՝ 6 նիստից բացակայելը նույնպես առանձին հիմք է»։ ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանն ասաց․ «Պարոն Երիցյանի պնդումը, որ այստեղ կա իրավական խախտում, պարզ մանիպուլյացիա է»։ Նա ներկայացրեց որոշման իրավական հիմքերը։
11:14 - 10 սեպտեմբերի, 2024
«Մայր Հայաստան»-ն առաջարկում է տրանսպորտի արժեքը թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում դարձնել 100 դրամից էլ ցածր

«Մայր Հայաստան»-ն առաջարկում է տրանսպորտի արժեքը թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում դարձնել 100 դրամից էլ ցածր

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտի արժեքը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։  Ըստ նախագծի՝ առաջարկվում է 1 օրվա համար տոմս ձեռք բերելու դեպքում՝  բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 2.000 դրամ, 30 օրվա համար՝ 5.500 դրամ, 180 օրվա համար ՝ 20.000 դրամ, 365 օրվա համար՝ 35.000 դրամ։ Երևանի ավագանին այս նախագծին կանդրադառնա սեպտեմբերի 10-ի նիստում։ Ավագանու՝ այս պահին ընդունած տարբերակով  1 օրվա համար անսահմանափակ երթևեկելու հնարավորությունը կարժենա 900 դրամ, 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար 23 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ։ Նախատեսվող փոփոխությունների և տոմսային միասնական համակարգի մասին՝ այստեղ։ 
17:18 - 04 սեպտեմբերի, 2024
Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

1lurer.am: «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում ջրամատակարարման, ջրի որակի խնդիրներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։ Ավագանու անդամն առաջարկեց քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները: «Այսպես, իրո՛ք, անհնար է դարձել: Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ ծայրագավառին»,- դժգոհեց Աբգարյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է: «Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։ Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի: Առաջարկում եմ այս կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»,- ասաց Ավինյանը և առաջարկեց կազմակերպել նմանատիպ մի հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչներին։
12:36 - 25 հունիսի, 2024