Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված հողամասի նկատմամբ

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված հողամասի նկատմամբ

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության  հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք։ Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։  «Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:   Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Ս. Դարբինյանը, անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը  ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետև, ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը,  առանց լիազոր մարմնի համաձայնության, փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է  համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերեսյանին, և գրանցվել սեփականության իրավունքը: Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:   Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա Ս.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և  պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս):  Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:28 - 24 սեպտեմբերի, 2022
Գյուղացիները փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, վարչապետը հանձնարարեց կարգավորել հուզող հարցերը
 |azatutyun.am|

Գյուղացիները փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, վարչապետը հանձնարարեց կարգավորել հուզող հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր բեռնատար ունեցող գյուղացիները Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհն էին փակել։ Ցորենը դաշտում է մնացել ու գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել իրենց բեռնատարները, թե գազաբալոններն ստուգված լինելու մասին վկայագիր չունեք։ «Էստեղ անվտանգության խնդիրը չի գնում, մենք վաղուց համոզվել ենք, որ ոչ մեկ մեր ժողովրդի անվտանգության համար չի մտածում, դա ժողովրդին տուպիկ տալու ձև ա, մեկը բալոն ա ներկրել, էդ բալոնները պիտի փոխեն: Ոչ մեկը չի հարցնում՝ խոտը դաշտում ա մնացել», - ասաց հավաքվածներից մեկը: Գյուղացիները նշում են, որ բեռնատարների վրա երեք և ավելի գազաբալոն են տեղադրում, որոնք հիմնականում հին արտադրության են։ Հունձի սեզոնին մինչև կես միլիոն դրամի ծախսի տակ են ընկնում բոլոր այդ բալոնները փոխելու համար։ Ավելին, լիցենզավորման կայաններում հրաժարվում են նույնիսկ ստուգել՝ իրենց արդեն ժամկետանց բալոնները օգտագործելի՞ են, թե՞ ոչ։ Այս տարվա փետրվարին ընդունված օրենքով այսօրվանից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Նաև գազաբալոնների արտադրության ժամկետների սահմանափակումներ կան։ Վարորդները դժգոհում են լիցենզավորման կայանների երկար հերթերից։ Լոռու մարզի միակ կայանը Սպիտակ քաղաքում է։ Ամբողջ մարզի գազով լիցքավորվող մեքենաներն ստիպված են այս միակ կայանում ստուգում անցնել։ Ընդ որում, դրանից օգտվելով կայանները բարձրացնում են գները։ Վարորդներն օրինակ են բերում՝ Գյումրիում գազաբալոն ստուգելն արժե 9000 դրամ, Սպիտակում՝ 15-18000 դրամ։ «Տվյալ պահին մարդիկ մինչև դեկտեմբերի քանիսը գրանցման մեջ են, հերթի մեջ», - նշեց հավաքվածներից մեկը: Քիչ անց բողոքի դուրս եկած գյուղացիները լուր ստացան, որ վարչապետ Փաշինյանն անցնելու է իրենց փակած ճանապարհով։ Համաձայնեցին բացել ճանապարհը՝ պայմանով, որ երկրի ղեկավարը հանդիպի իրենց, անձամբ լսի դժգոհություններն ու լուծում տա դրանց։ Վարչապետը եկավ, լսեց ու հենց տեղից զանգեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։ Հանձնարարեց՝ ժամկետանց գազաբալոնները թույլատրել ստուգում անցկացնել, եթե դրանք ի վիճակի են շահագործման, վկայագիր տալ։ Խոստացավ միջոցներ ձեռնարկել ավելացնելու լիցենզավորման կայաններն ու հնարավորություն ստեղծել օնլայն հարթակում հերթագրվել ու սպասել հերթի։ Վարչապետը նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ զարմացավ, որ մինչև հիմա չկա նման հնարավորություն և վարորդներն ստիպված են հերթագրվելու համար հասնել իրենցից բավականաչափ հեռու գտնվող կայաններ։ «Էլեկտրոնայինի ամբողջ իմաստն այն է, որ որտեղից ուզում է, թող մտնի հերթագրվի: Ապահովեք, թող մարդիկ առանց ֆիզիկապես գնալու հերթագրվեն, էլեկտրոնային շտեմարաններում իրանց տվյալները լինի, գնան լիցքավորվեն իրենց գործ անեն, մինչև իրանց հերթը կգա», - ասաց վարչապետը:
16:50 - 01 օգոստոսի, 2022
Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են բժշկական կենտրոն

Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են բժշկական կենտրոն

Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Հիշեցնենք, որ Ասլանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին, այնուհետև՝ կալանավորվել:  Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 309-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին), 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
13:52 - 27 հուլիսի, 2022
Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ
 |hetq.am|

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ |hetq.am|

hetq.am: Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ, քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությwun (ՀԱՍԿ) և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: Ներկա էր ավագանու 15 անդամ, քվորումի համար հարկավոր է ավագանու 17 անդամի ներկայություն: Ինչպես նախորդ նիստում, այնպես էլ այսօր օրակարգում ներառված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը: Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս հայտնի է իր քրեական անցյալով: Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի: Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
13:52 - 06 հուլիսի, 2022
Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Հուլիսի 3-ին՝ ժամը 20:04-ին, սնկային թունավորումով «Վանաձորի բժշկական կենտրոն» են տեղափոխվել մարզկենտրոնի թաղամասերից մեկի 5 հոգանոց ընտանիք, որից 3-ը՝ երեխաներ: Ընդունման պահին վիճակները գնահատվել է ծանր: Այս մասին հայտնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հիվանդները անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Հաղորդագրության համաձայն՝ կատարվել է ստամոքսի լվացում, դեզինտոկսիկացիոն անհրաժեշտ միջոցառումներ: Վիճակները ներկայումս գնահատվում է կայուն բավարար, շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Տատիկը բժիշկներին հայտնել է, որ ինքն է գնել սունկը շուկայից: Սնկային թունավորման մյուս դեպքը գրանցվել է շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին: Ժամը 18:40-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» տեղափոխված 63-ամյա կինը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: ԲԿ-ն մեկ անգամ ևս  կոչ է անում ազգաբնակչությանը՝ չգնել եւ չօգտագործել անհայտ ծագման սունկ, իսկ ինքազգացողության վատացման առաջին իսկ նշանների դեպքում անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել հիվանդանոց:
12:35 - 04 հուլիսի, 2022
Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել

Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել։  Հիշեցնենք, որ Ասլանյանը 2021 թ․ դեկտեմբերի 15-ին ձերբակալվել և որպես մեղադրյալ է ներգրավվել, ըստ ՔԿ-ի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար։ Նա կալանավորվել է 2021-ի դեկտեմբերի 16-ին։ Այս տարվա հունիսի 13-ին էլ ՀՀ վարչապետի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը։ ԱԺ ընդունած նոր օրենքով մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը ավագանու անդամներից կարող է նշանակել պաշտոնակատար: Ըստ ընդդիմադիրների՝ այս օրենքի ընդունումը հենց Վանաձորի նախկին ղեկավարից՝ Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու համար էր: Ասլանյանի հայտարարությունը վերաբերում է հունիսի 23-ին հրավիրված Վանաձորի ավագանու նիստին, որը, սակայն, չէր կայացել քվորման բացակայության պատճառով։  Ասլանյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ. Համբերությամբ լցված սպասեցինք, որպեսզի որոշակիորեն հանդարտվի նախորդ օրերի 2,5 միլիարդանոց «օճառային օպերան», որ հասկանանք, թե մեղադրող կողմերի դրամատիկ ցինիզմի աստիճանն ինչ չափերի է հասնում: Փորձենք պարզաբանել անպարզաբանելին... Վերջերս, Վանաձորում «համայնքանպաստ» աննախադեպ հռետորաբանությամբ ավագանու նիստի հրավերք էին իրազեկել։ Դա այն դեպքում, երբ նախորդ ողջ ընթացքում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից նախաձեռնած նույնաբովանդակ նիստերի կազմակերպումը մերժվել էր անհասկանալի պարզաբանումներով: Նաև, փաստաթղթային տարբերակով, քաղաքապետարանը «հիմնավորել» էր մերժումը՝ նիստի գումարումը համարելով անօրինական, քանի որ մեր քաղաքին ու Հանրապետությանը հայտնի մի գործչի հատուցանելի (утром жалоба-вечером должность) ծառայությունների դիմաց դատարանը արգելանք էր դրել նիստեր անցկացնելու վրա: Դեռ ավելին, կողպվել էին նիստերի դահլիճի դռները, որպեսզի ավագանու անդամների մուտքը սահմանափակվի։ Եթե նիստերի անցկացումը թույլատրվեր, ապա համայնքը կձևավորվեր, կունենար համայնքի ղեկավար, իսկ բյուջեն կհաստատվեր դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին: Իրավական առումով ոչինչ չի փոխվել, հետևաբար ի՞նչ սկզբունքով կամ ի՞նչ անսկզբունքայնությամբ էր նիստ գումարվելու. առաջին հայացքից հասկանալի չի, մանավանդ, մեծ ծրագրեր պլանավորելու համար արդեն բավականին ուշ է, նույնիսկ իրերի հաջող ընթացքի պարագայում ծրագրերի իրականացումը ֆինանսական և օրացույցային այս տարում բացառված է (ծրագրերի հաստատում, նախագծա-նախահաշվային աշխատանքներ, մրցույթներ, աշխատանքների իրականացում), հետո էլ այդ թմբկահարվող գումարի կեսից ավելին համայնքի ներդրման չափն է: Այդ գումարը համայնքից ոչ ոք չի կարող տանել և այդ գումարը ենթակա է տնօրինման համայնքի կողմից, համայնքի կարիքների համար: Եվ ուրեմն, այդ գումարը ոչ մի տեղ չի կորչում: Ի դեպ՝ այդ գումարն արգասինքն է մեր նախորդ տարիների աշխատանքի, իսկ մյուս մասը կառավարության ենթադրվելիք ներդրման չափն է, որը ևս ցանկության դեպքում չի կորչում։ Սա նիստի չկայացումը (ոչ մեր մեղքով ու պատճառով) որպես մահազդ ներկայացնողների համար։ Նշենք նաև, որ բացի Մամիկոն Ասլանյանին ապօրինաբար կալանքի տակ պահելուց, ավագանու նիստերի վրա ապօրինի (հայտնի գործարքի դիմաց) արգելանքներ դնելուց՝ նախորդ ամիսներին նաև օրենքների մեջ խայտառակ փոփոխություններ են կատարվել, որոնցով, ապօրինաբար, ավագանուն շրջանցելով, ընտրական պրոցեսները ոտնահարելով, իշխանությունները կոպտորեն միջամտել են ՏԻՄ աշխատանքներին և փորձել են ձևավորել անօրինական իշխանություն։ Այս ողջ ընթացքում քաղաքը մատնված էր անտերության և անիշխանության, և հիմա ոմանք հիշել են, որ կա խնդիր, կա ավագանու ինստիտուտ, որ կարևոր գործառույթ ունի իրականացնելու։ Այժմ որոշ հին ու նոր, գունագեղ ու լուսատու «քաղաքասերներ», տարբեր ժամանակաշրջաններում «սատանայի փաստաբանի» դերը ստանձնած, այժմ մարող աստղերի շարքերից դեռևս կենդանության թույլ նշաններ ցույց տվող «ազնվության» դրոշակակիրներ, մի քանի չկողմնորոշվող կոչնակներ ու ուղղակի մոլորյալ քաղաքացիներ հիշել էին, որ քաղաքը սիրել է պետք ու հատուկ հանձնարարությամբ, «մատաղի» տեքստեր բաժանելով, ստանձնել էին համայնքի նկատմամբ սեր ձոնելու անփառունակ «սազանդարությունը» և գավառական շանտաժի դիմելու զավեշտալի գործելաոճը, իսկ մի այլ կացնային (топорный) թևով էլ ավագանու անդամներին էին հրավիրում պետական «դռներ», ահաբեկում ու սպառնում, թե եկեք նիստի, այլապես վատ է լինելու։ Այս նույն մարդիկ ու «մարդուհիները» ամիսներ շարունակ պահպանել են մեռելային լռություն և ականջալուր չեն եղել տեղի ունեցող սանձարձակություններին, ոմանք նաև ակտիվ դերակատարում են ունեցել մարդ «բռնել տալու» ստոր գործի և իշխանազավթման փորձի մեջ։ Այս արարի միակ սփոփիչ բաղադրիչն այն էր, որ Մամիկոն Ասլանյանին չէին սպառնացել, որ եթե նիստի չգա, վատ է լինելու... Ահաբեկիչներին, սպառնացողներին և իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում խելոք մնալ, արտահայտություններում լինել զուսպ, այլապես արտահայտչամիջոցների նկատմամբ հնարավոր են նաև վիրահատական ու գռեհիկ միջամտություններ, իսկ ավելի ցինիկներին հիշեցնենք, որ գանգատուփի մեջ տեղադրված ամեն պարունակություն ուղեղ չէ, իսկ լեզվի ամեն դայլայլ էլ հոդաբաշխ խոսք չէ։ Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, սնվեք, քայլեք, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին։ Փաստորեն, իրենք քաղաքը տանեն կոլապսի, ավագանու նիստերի վրա արգելանք դնեն, մարդ կալանավորեն, պատանդի պես պահեն, հիմա կոկորդ պատռելով այլո՞ց մեղադրեն ապօրինի նիստին չգալու և քաղաքը չշենացնելու մեջ: Մենք մեր քաղաքի ու համայնքի նկատմամբ միշտ եղել ենք պատասխանատու և մեր գործողություններով երբեք քաղաքի շահը չենք ստորադասել ոչ անձնական և, առավել ևս, ոչ էլ քաղաքական շահերին։ Չձևավորված համայնքում ի՞նչ բյուջե էին ընդունում, ի՞նչ համամասնությամբ, ի՞նչ առաջնահերթությամբ, կամ ընդհանրապես ինչպե՞ս է հիմա կոչվում կամ անվանվում գոյություն չունեցող համայնքը։ Կամ բյուջե հաստատելն այս պահին ի՞նչ կապ ուներ ապագայի սուբվենցիոն ծրագրերի հետ։ Մի՞թե կարելի է նման էժանագին մեթոդներով մարդկանց մոլորության մեջ դնել, խաբել, անարցունք լացել` բա էկեք-հասեք, նիստ արեք, այլապես կորած ենք... Այսինքն, սերը համայնքի նկատմամբ ոչ թե նախորդ տարիներին կատարված աշխատանքներն ու բազմաթիվ ծրագրերն են, ոչ թե ժովովրդի տված վստահության քվեն իրացնելն է, այլ մեր ու համայնքի նկատմամբ իրականացվող իրավական ահաբեկչությանը սատարելն ու մեր ձեռքերով մեր համաքաղաքացիների ընտրական իրավունքից բացահայտ զրկելն է։ Եվ որքանո՞վ է բարոյական համայնքի ղեկավարի թեկնածուին ապօրինի կալանավորել, թույլ չտալ նրա ընտրությունը ավագանիում, ավագանու նիստերն ապօրինի արգելել ու նրա թիմակիցներին հրավիրել դե յուրե այդ խայտառակությանը մասնակից դառնալու, դրանով նաև վաստակաշատ մարդկանց, ավագանիներին անվանարկել, պախարակել, պիտակավորել, դեռ ներկայացման անունն էլ դնել «սուբվենցիա՝ հանուն քաղաքի փրկության»: Այս նույն քարոզիչները գուցե հաշվեն, թե անցնող մի քանի ամիսներին համայնքն ի՜նչ վնասներ է կրել, ի՜նչ ծրագրեր չեն իրականացվել, ի՜նչ գումարներ չեն հավաքագրվել, ինչու՞ խոշորացված համայնքը չի ձևավորվել, ինչու՞ համայնքը բյուջե չունի, ինչու՞ են անցյալ տարվանից կիսատ ծրագրեր մնացել, այդ ու՞մ կառավարման ժամանակաշրջանի տնտեսած միջոցներով են այսօր ներդրում անում և ի՞նչ գումարների մասին է խոսքը, որով պիտի ծրագրեր իրականացվեին... Վերջապես, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու հանրապետության երրորդ քաղաքը անիշխանության մատնելու, խոշորացված համայնքի կայացումը վիժեցնելու համար։ Այս ենթադրյալ նիստի բուն նպատակը անցած ապօրինությունները լեգիտիմացնելն էր ու մնացած ավագանիներին նվաստացնելով ներքաշելը այդ գործընթացների մեջ. այլ պատճառաբանություններն առնվազն անտրամաբանական ու ոչ օրինական են։ Մամիկոն Ասլանյան դաշինքը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ քանի դեռ համայնքում վերականգնված չեն սահմանադրական, իրավական պրոցեսները, քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, Չի՛ մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման, այդ թվում` անհասկանալի նիստերի, անորոշ քննարկումների և ընդամենը ականջին հաճելի բեմականացումների։ Երբ ամեն բան կընթանա օրենքի, ընտրական իրավունքի իրացման տրամաբանության մեջ, դաշինքը ամեն բան կանի համայնքի ներսում համերաշխության, հանդուրժողականության խաթարված մթնոլորտը վերականգնելու համար, ներողամտորեն, հանուն համայնքի, կշարունակի իրականացնել իր կողմից խոստացված ծրագրերը։ Վանաձորում և ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային, իրավապաշտպան, դիվանագիտական կազմակերպություններին և ընդհանրապես օրինապաշտ քաղաքացիներին կոչ ենք անում ցանկացած ձևաչափում բարձրացնել այս աղաղակող երևույթների մասին` հանուն մեր համայնքի և երկրի իրավական անվտանգության, հանուն օրենքի ու սահմանադրականության։ Երկար ստացվեց, բայց ստիպված էինք»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:02 - 25 հունիսի, 2022
Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան


 |armenpress.am|

Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց: «Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք»,-ասաց վարչապետը, հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն: «Մենք պետք է  մեր չեմպիոնների հետ էլ խոսենք, քանի որ այստեղ կա կարևոր մի նրբություն. նրանք նույնպես հետագա կառավարմանը պետք է մասնակցություն ունենան»,-ասաց վարչապետը: Կառավարության հունիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Չարբախում նախատեսվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:32 - 23 հունիսի, 2022
Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
 |hetq.am|

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով |hetq.am|

hetq.am: Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ. քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ անձի ներկայություն: Սա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախագահությամբ ավագանու արտահերթ առաջին նիստն էր: Օրակարգում ընդգրկված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը: Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս հայտնի է իր քրեական անցյալով: Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի: Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:20 - 23 հունիսի, 2022
Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվեց |1lurer.am|

Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվեց |1lurer.am|

1lurer.am: Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվեց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Այնուհետև պաշտպանական կողմը կոչ արեց մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանին ինքնաբացարկ հայտնել, բայց նման միջնորդություն չներկայացրեց՝ նիստերը չձգձգելու պատճառով: Ըստ Ասլանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ դատախազն այս գործով կողմնակալ վերաբերմունք ունի, պնդեց՝ նախաքննության ընթացքում չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում: Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է 8 դրվագով պաշտոնեական լիազորությունների անցման, 7 դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ավելի մանրամասն՝ 1lurer.am-ում։  Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
19:10 - 22 հունիսի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Վանաձորի համայնքապետարանի էջը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 514-Ա որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի աշխատակազմին՝ ստեղծված բարդ իրավիճակում աշխատանքները կազմակերպելու համար, ինչը հնարավորինս զերծ է պահել համայնքը կոլապսի ենթարկվելուց։ Գնել Սանոսյանն խոսեց նաև անելիքների մասին․ «Օգտվելով տրված իրավական կարգավորումներից՝ արդեն ունենք ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև բուն իրավական գործընթացները կկարգավորվեն ինչպես հարկն է և ինչպես օրենքն է։ Հասկանում եմ, որ չափազանց բարդ ժամանակահատված է, շատ պարտավորություններ և անելիքներ կան, որոնք նշված խնդիրների պատճառով չեն իրականացվել, բայց մյուս կողմից գիտեմ, որ ավագանու անդամ լինելը, հետագայում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ լինելը բավական համոզիչ են այն առումով, որ քաջածանոթ եք քաղաքի խնդիրներին։ Պարոն Փելեշյան, հույս ունեմ, որ առաջ եկած խնդիրները իրավական հնարավորությունների պարագայում արագ կկարգավորեք Ձեր լիազորությունների շրջանակում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի քաղաքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար»,- հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։ Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաջատեղյակ լինելով համայնքի խնդիրներին՝ իր լիազորությունների սահմաններում ջանք չի խնայի դրանց արդյունավետ լուծման համար։
15:54 - 15 մայիսի, 2022
Վանաձոր համայնքի ղեկավար է նշանակվել

Վանաձոր համայնքի ղեկավար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը ավագանու անդամներից կարող է նշանակել պաշտոնակատար: Դեռ նախորդ ամիս, երբ իշխանությունը հանդես եկավ վարչապետին նման լիազորություն տալու առաջարկով, ընդդիմադիր պատգամավորները ընդծգեցին, որ այդ փոփոխությունն արվում է, մասնավորապես, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու նպատակով։
13:17 - 13 մայիսի, 2022
 Շիրակի և Լոռու մարզերում իր աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը․ վարչապետը մասնակցել է աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Շիրակի և Լոռու մարզերում իր աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը․ վարչապետը մասնակցել է աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է եղել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը: Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել. «Հարգելի՛ ծառայողներ,Ղեկավար անձնակազմ,Ոստիկանության հարգելի՛ պետ,Կառավարության հարգելի՛ անդամներ,Գործադիր իշխանության ներկայացուցիչնե՛ր,Ազգային ժողովի պատգամավորնե՛ր,Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետնե՛ր,Հարգելի՛ գործընկերներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ուզում եմ գոհունակությունս արտահայտել, որ 2022 թվականի Ոստիկանության օրը նշում ենք ահա այսպիսի նորամուծությամբ, երբ Շիրակի և Լոռու մարզերում իր աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, երբ մենք անընդհատ շեշտում ենք նոր, թարմ ուժերի ներգրավումը ոստիկանական համակարգ, դա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք այն ծառայությունը, որ մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացրել է: Պարեկային ոստիկանությունը, կարծում եմ, այս համախմբման շատ կարևոր օրինակ է, երբ Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք Ոստիկանությունում չեն ծառայել: Այդպիսով հիմք է դրվում նոր հարաբերությունների, որը հարիր է այն ժողովրդավարական մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը: Ցանկանում եմ ընդգծել` մեր նպատակն ու տեսլականը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարգի ոստիկանին, որովհետև ոստիկանին հարգել` նշանակում է հարգել օրենքը: Հայաստանի Հանրապետության ոստիկանը պետք է հարգի քաղաքացուն, որովհետև քաղաքացուն հարգել` նշանակում է հարգել իրավունքը: Բայց օրենքի և իրավունքի այս համախումբն իրավակարգն է, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և իրավական պետության ձևավորումը: Եվ ուզում եմ, որ մենք չթերագնահատենք այս բարեփոխումը, որ տեղի է ունենում: Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Պարեկային ծառայության այն ծառայողներին, ովքեր 2021 թվականի հուլիսից իրենց ծառայությունն են սկսել մայրաքաղաքում և այս ընթացքում աներկբա ձևով վաստակել են քաղաքացիների հարգանքը: Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ոստիկանության, պայմանական ասած, հին ծառայողներին, ովքեր իրենց փորձը, գիտելիքը, նվիրվածությունը փոխանցել են, փոխանցում են և կփոխանցեն պարեկային ծառայությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցություն են բերում այս չափազանց կարևոր, անկյունաքարային բարեփոխումներին՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներին, վարչապետի աշխատակազմին, մեր միջազգային գործընկերներին՝ ընդգծելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր իրենց դերակատարումն են ցուցաբերում և ամեն ջանք գործադրում, որպեսզի այս բարեփոխումները մենք պարբերաբար հասցնենք կատարելության, որովհետև, եկեք խոստովանենք, որ հենց առաջին փուլից ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց հատկապես այդ դժվարությունների պայմաններում շատ կարևոր է, որ մենք արձանագրում ենք առաջ գնալու մեր կամքը, առաջ գնալու մեր ունակությունը, բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը: Հարգելի ներկաներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրը` Պարեկային ոստիկանության մեկնարկով Շիրակի և Լոռու մարզերում: Օրը տոնական է, և շատ վառ երանգներով ենք մենք այսօր Ոստիկանության օրը դիմավորում: Եվ այս ֆոնին, հատկապես, ես ուզում եմ, որ մենք հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն ոստիկաններին, ովքեր նահատակվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր նահատակվել են Ղարաբաղյան առաջին պատերազմում և այս ընթացքում Հայրենիքի ու իրավակարգի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած լինելով: Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին ստորաբաժանումները հենց ոստիկանական ստորաբաժանումներ էին, որոնց հենքի վրա հետագայում ձևավորվեց Հայոց բանակը: Եվ ուրեմն առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր նահատակների հիշատակը՝ ընդգծելով այսօր ոստիկանության ծառայողներին»: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո վարչապետը դիմելով պարեկային ծառայողներին` նշել է. «Այսօր դուք առաջին անգամ պաշտոնապես իրականացնելու եք ձեր ծառայությունը, և ես ուզում եմ, որ ձեր ծառայության և Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օրինապահ քաղաքացին իրեն զգա վստահ, ապահով, անվտանգ, հարգված, գնահատված, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու: Եվ դա ոչ թե քմահաճույք է, այլ հանրության իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտ գործողություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության օրվա առիթով և բարի երթ մաղթում Շիրակի մարզի պարեկային ոստիկանությանը»: Կառավարության ղեկավարն այնուհետև մասնագիտական տոնի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների: Մասնավորապես՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիության մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության մայոր Երվանդ Նիկոյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Ավետի Ղազարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Բաղդասար Աբրահամյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Գրիգոր Շահինյանը: Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը։ Վարչապետը եղել է նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը։
16:19 - 16 ապրիլի, 2022
«Աշակերտներիս հետ հայտնվել ենք փողոցում»․ ձյուդոյի մարզիչ Կարեն Քալաշյանի նպատակը իր 30 աշակերտների համար մարզվելու տարածք գտնելն է

«Աշակերտներիս հետ հայտնվել ենք փողոցում»․ ձյուդոյի մարզիչ Կարեն Քալաշյանի նպատակը իր 30 աշակերտների համար մարզվելու տարածք գտնելն է

2019 թ․-ի դեկտեմբերին «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ձյուդոյի մարզիչ Կարեն Քալաշյանի աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել, մարզիչը զրկվել է աշխատանքից։ Քալաշյանը «Հայաստան» մարզական միությունում աշխատել է 2012 թ․-ից։ Նրա խոսքով՝ ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրենը 2019 թ․-ին տարեվերջյան ժողով է արել, սակայն չի տեղեկացրել, որ մտադիր է Կարեն Քալաշյանին ազատել աշխատանքից․ «Դեկտեմբերի 27-ին կամ 28-ին (հստակ չեմ հիշում) նամակը գալիս է, որ «Հայաստան» մարզական միությունը ինձ հետ պայմանագիրը խզում է եկամուտներ չլինելու, օպտիմալացման պատճառով։ Բայց եթե հարցը օպտիմալացումն է, այնտեղ թոշակառու մարդիկ կան, մինչև այսօր աշխատում են, այդ թվում՝ մասնաճյուղի տնօրեն Ռուդոլֆ Խաչիկյանը, որը այժմ որպես մեթոդիստ է աշխատում»,-մեր զրույցում ասում է ձյուդոյի մարզիչը։ Նա պնդում է՝ իրեն անձնական ու քաղաքական դրդապատճառներով են աշխատանքից ազատել, և ինքը երբեք կուսակցական չի եղել․ «Ես ակտիվիստ էի, ուզում էի երկրի վիճակը լավ լինի, իրենց աչքին ես ընկա, բյուրոկրատական քաշքշուկները այդտեղից են սկսվել»։ Կարեն Քալաշյանի հետ միասին ՀԿ-ից դուրս են եկել նրա աշակերտները՝ չցանկանալով այլ մարզչի հետ պարապել․ «Մարզիչը գրասենյակի աշխատող չէ, որ հանես ու ուրիշին բերես։ Մարզիչը ծնող է, հոգեբան է, իմ երեխաները ինձ չեն ասելու՝ ընկեր Կարեն, որ դուք չեք աշխատում, մենք գնանք, ուրիշի մոտ մարզվենք, որովհետև երեխաների մեծ մասը ի սկզբանե եկել է կոնկրետ իմ մոտ մարզվելու՝ իմ մարդկային ֆակտորից ելնելով, ոչ թե միայն սպորտաձևն է հետաքրքիր եղել։ Իմ աշակերտներից ոչ ոք չմնաց «Հայաստան» մարզական միությունում, իմ աշակերտները իմ հետ դուրս են եկել, ու այսօր հայտնվել ենք փողոցում»։       Ձյուդոյի մարզչի աշխատանքը վերականգնելու համար աշակերտների ծնողները ստորագրահավաք են անցկացրել, սակայն դա էլ արդյունք չի տվել։ Մարզումները չընդհատելու համար Կարեն Քալաշյանը այժմ իր 30 աշակերտների հետ տարբեր տարածքներում պարապմունքներ է անցկացնում, նրա նպատակը համապատասխան տարածք ունենալն է՝ պարապմունքները բնականոն հունով անցկացնելու համար․ «Որպեսզի այդ երեխաները փողոցում չհայտնվեն, տարածքից տարածք ենք գնում, մի օր մի մեծահարուստի տարածք ենք գնում, մի օր մյուսի մոտ վարձով, մեկը փող վերցնում է, մյուսը չի վերցնում, մի խոսքով՝ ցիգանի կյանքով ապրում ենք։ Իմ նպատակն է, որ իմ երեխաները մարզվելու տեղ ունենան, ես նույնիսկ համաձայնվել եմ առանց աշխատավարձի աշխատել, միայն ինձ տարածք տան»։ Մարզիչը իր աշակերտների հետ անվճար է պարապում․ «Իմ երեխեքը վարձ չեն տալիս պարապելու համար, ընդամենը մի քանի կոպեկ հավաքում ենք, որ գոնե լույսի, տարածքի փողը տանք, դա էլ ով կարողանում է տալիս է, ով չի կարողանում, չի տալիս»։ Քալաշյանը մտադիր չէ դատական հայց ներկայացնել ընդդեմ ՀԿ-ի, ասում է՝ չի ուզում ոչ ոքի պատժել․ «Ես ուզում եմ իմ երեխաները պարապելու տեղ ունենան, չեմ ուզում ինչ-որ մեկին պատժել։ Պատկան մարմիններ կլինեն, անհատներ կլինեն, իրենք հասկանան, որ այդպիսի անարդարություն է եղել, ինչ-որ մեկը արձագանքի։ Չեմ ուզում՝ դատական պրոցեսներով անցնել, մեկն էլ ասի՝ Կարենը զրպարտում է, հազար հատ գործ ունեմ, չեմ ուզում շեղվեմ դրա վրա։ Իմ երեխեքը ոչ մի օր առանց պարապելու չեն մնացել, ես իմ ամբողջ էներգիան դրա վրա եմ ծախսում»։ Կարեն Քալաշյանը այս հարցով նամակ է ուղղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, սակայն դա արդյունք չի տվել։ Մարզումների համար համապատասխան տարածք տրամադրելու խնդրանքով Կարեն Քալաշյանը մեկ տարի առաջ նաև համայնքապետարան ու մարզպետարան է դիմել, սակայն, նրա խոսքով, ոչ մարզպետարանը, ոչ համայնքապետարանը քայլեր չեն ձեռնարկել տարածք տրամադրելու համար։ Մարզիչը,  «Հայաստան» մարզական միությունում աշխատելուց բացի, աշխատում է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, նաև հիմնել է «Ձյուդոյի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, որը, սակայն, մրցումներ անցկացնելու համար է հիմնվել և չունի շենքային պայմաններ․ «Արդարդադատության նախարարությունով, ինչպես մնացած ՀԿ-ները, գնացել, բացել եմ փաստաթղթով, որ ես փաստաթուղթ ունենամ, մրցում կարողանամ կազմակերպել, ինքը մարզամշակութային հասարակական կազմակերպություն է։ Ես ոչ աշխատող ունեմ, ոչ վարձատրվում եմ, ոչ առևտրային, չֆինանսավորվող կազմակերպություն է»։ Կարեն Քալաշյանն ասում է, որ իր աշակերտները հաջողակ մարզիկներ են եղել, ոմանք Հայաստանի չեմպիոններ են դարձել, և ինքը ամբողջապես համապատասխանում է մարզիչ լինելու չափանիշներին։ Մարզչի համոզմամբ՝ Հայաստանում սպորտը այսպիսի դեպքերի պատճառով չի զարգանում․ «Մարզչին հնարավորություններ չեն տալիս, վերահսկողություն չկա, ով ուզում է՝ մարզիչ է դառնում, ով չի ուզում՝ մարզիչ չի դառնում,  բայց մենք երեխաների հետ ենք շփվում»։   «Հայաստան» մարզական միության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ռուդոլֆ Խաչիկյանը հրաժարվեց հեռախոսով զրուցել։  Infocom-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպությունից։ Կազմակերպության տնօրեն Սոկրատ Պետրոսյանը մեր զրույցում հերքեց տեղեկությունը, որ Կարեն Քալաշյանին աշխատանքից ազատման մասին նախապես չեն ծանուցել․ «Քանի որ մենք պետության հետ կապ ունենք, պետությունը եթե մեզ հետ չկապի պայմանագիր, մենք չենք կապում պայմանագիր, դրա համար մենք երկու ամիս առաջ գրավոր իրազեկում ենք, մենք զգուշացնում ենք տնօրենի մասնաճյուղին, մասնաճյուղի տնօրենը՝ աշխատողներին»,- նշեց Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը ծանուցել է Քալաշյանին պայմանագիրը չերակարացնելու մասին։ Պետրոսյանի խոսքով՝ Կարեն Քալաշյանը աշխատանքից ազատվել է «Հայաստան» մարզական միության ֆինանսական միջոցների կրճատման պատճառով։ Ֆինանսական միջոցների կրճատումը հանգեցրել է նաև աշխատակիցների կրճատմանը, իսկ աշխատողներին որոշել են կրճատել տարիքային սկզբունքից ելնելով, ինչպես նաև ազատել են այն աշխատողներին, որոնք միաժանակ աշխատելիս են եղել մի քանի տեղերում․ «Երբ փողը մեզնից կրճատել են, ես աշխատողներին ասել եմ՝ նայեք առաջնահերթ տարիքային, որ թոշակառու լինեն, որովհետև շատ մեծ են, չեն կարողանում աշխատել, երկրորդը նայեք՝ եթե մարդը աշխատում է երկու կամ երեք տեղ, առաջին հերթին այդ մարդուն հանեք։ Կարեն Քալաշյանը աշխատել է երեք տեղ՝ «Ձյուդոյի ակադեմիայում», միջնակարգ դպրոցում և մեզ մոտ»։ Նրա խոսքով՝ 2017 թ․-ին ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղում 26 մարզիչ է եղել, հիմա մնացել են 17-ը․ այդ ընթացքում մարզիչներին կրճատել են ֆինանսավորման խնդիրների պատճառով։ Դիտարկմանը, որ Քալաշյանի խոսքով՝ իրեն անձնական պատճառներով են աշխատանքից ազատել, Պետրոսյանը պատասխանեց․ «Ինքը մեր մասին գրել էր, որ հանրապետական ենք եղել, իրեն ասել ենք՝ հանրապետականին ձայն տուր, չի տվել, դրա համար էլ այսպես եղել, բայց ես ճշտեցի, որ ինքն է եղել հանրապետական, Դեռժավայի Արկադիկին (Արկադի Համբարձումյան, ԱԺ նախկին պատգամավոր,- խմբ․) օգնել է ընտրություններին»։ Նա նաև նշեց, որ ստորագրահավաքին մասնակցած ծնողների մեծամասնությունը չեն եղել ՀԿ-ում մարզվող երեխաների ծնողները, այլ եղել են դպրոցի աշակերտների ծնողները, որտեղ աշխատել է Քալաշյանը։   Պետրոսյանը վստահեցրեց, որ Քալաշյանի նկատմամբ անձնական խնդիրներ չունի, յուրաքանչյուր մարզչի՝ աշխատանքի մնալու կամ չմնալու որոշումը կայացնում է համապատասխան մասնաճյուղի տնօրենը․ «Մենք պայմանագրային աշխատողների ենք աշխատանքի ընդունում, պայմանագրի վրա պարզ, սևը սպիտակով գրված է՝ բոլոր վիճելի հարցերը դատական կարգով, դրա համար կա դատարան»,- ամփոփելով՝ նշեց մեր զրուցակիցը։ Կարեն Քալաշյանը, արձագանքելով Սոկրատ Պետրոսյանի մեղադրանքին, ըստ որի՝ ինքը ընտրությունների ժամանակ օգնել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին, նշեց, որ Համբարձումյանը գործարար է եղել և իրենց մարզագույք է նվիրել, դա ընտրությունների հետ որևէ կապ չի ունեցել։ Համբարձումյանը մարզագույք է նվիրել նաև այլ մարզական հաստատությունների։ Infocom-ը Կարեն Քալաշյանին և աշակերտներին մարզվելու տարածք տրամադրելու մասին մեկնաբանություն խնդրեց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Գերատեսչությունից հայտնեցին, որ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող մարզադպրոցները մասնավոր ընկերությունների կամ անձանց տարածք տրամադրելու լիազորություն չունեն։ Ինչ վերաբերում է համայնքային ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ), տվյալ կազմակերպությունը կամ անձը պետք է դիմի տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Գևորգ Մացակյանը մեր զրույցում ասաց՝ համայնքը իր ենթակայության տակ գործող սահմանափակ մարզադահլիճներ ունի, և չունի առանձին տարածքներ՝ մարզչին տրամադրելու համար․ «Մենք ասել ենք՝ հնարավորության սահմանում օգտակար կլինենք։ Մեր մարզադահլիճները ծանրաբեռնված աշխատում են, պետք է տարածք ու ժամանակ լինի մեր ժամերից դուրս, կամ հնարավորություն ունենանք իրեն որպես մարզիչ ընդունելու, որպեսզի ինքը աշխատի։ Մեր համայնքապետարանի մարզչական հաստքիները սահմանափակ են, յուրաքանչյուր մարզադպրոցին հատկացված է համապատասխան ժամանաքանակ, չի եղել ազատ տեղ մարզիչ ընդունելու համար»։ Նրա խոսքով՝ այս պահին էլ կան մարդիկ, որոնք գրանցվել են՝ համայնքային ենթակայությամբ գործող մարզադպրոցներում մարզիչ աշխատելու համար, սակայն նրանց աշխատանքի ընդունելու համար թափուր հաստիքներ չկան։     Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Քալաշյանը իր աշակերտների հետ Նանե Ավետիսյան
13:31 - 16 փետրվարի, 2022
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԼՀԿ վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԼՀԿ վերաքննիչ բողոքը

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարկվել, որում ասվում է․«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Վանաձոր համայանքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։ Հետևաբար կարելի է արձանագրել, որ այլևս ավագանու նիստ հրավիրելու և համայքի անտերությանն ու անիշխանությանը, կոլապսային այս վիճակին վերջ տալու խոչընդոտ և արգելք չկա։ՏԻՄ չձևավորելու հետևանքով համայքը կրում է թե՛ ֆինանսական,թե՛ կազմակերպական, թե՛ ծառայությունների մատուցման հետ կապված տարաբնույթ վնասներ։Ի շահ մեր համայնքի մենք պարտավոր ենք օր առաջ ձեռնամուխ լինել տեղական իշխանության ձևավորմանը և բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին համայնքը հանել այս ծանր վիճակից»։ Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։ Կուսակցությունը առանձին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։
21:05 - 11 հունվարի, 2022
Վանաձորի ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու հետևանքով նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացել է արյունահոսություն, զարգացել է հեմոռագիկ շոկ, ապա՝ արձանագրվել է հիվանդի մահը. Դատախազություն

Վանաձորի ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու հետևանքով նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացել է արյունահոսություն, զարգացել է հեմոռագիկ շոկ, ապա՝ արձանագրվել է հիվանդի մահը. Դատախազություն

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով; Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքում հաշվառման վերցված  հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում կազմակերպելու ժամանակ վերջինիս և բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս հանգուցյալ Ա. Բ.-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարի՝ 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատված՝ «Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելումը և վարումը» կլինիկական ուղեցույցի դրույթներին համապատասխան բժշկական միջամտություն և անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու արդյունքում  նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացած բարդությունների, արյունահոսության հետևանքով զարգացել է հեմոռագիկ շոկ, և 2016թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 01:40-ին, արձանագրվել է հիվանդի մահը: Քրեական գործը 2018թ. մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատաքննության ընթացքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ ամբաստանյալի գործողությունների և կնոջ մահվան միջև պատճառական կապը պարզելու նպատակով: Փորձաքննությունն իրականացրած փորձագետները ևս փաստել են, որ մահը վրա է հասել նրա բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացրած վերոնշյալ երկու անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով: Դեռևս նախաքննության ընթացքում, 2017թ. նոյեմբերի 21-ին, նրանցից մեկի՝ Ա. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան կապակցությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Դ.Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն վերջինս 2021թ. դեկտեմբերի 8-ին, քրեական գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո, դատական նիստում միջնորդել է ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճել և իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, ինչը բավարարվել է նույն օրվա դատարանի որոշմամբ: Փաստացի, ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ հիմնավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվելու հանգամանքը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ գործուն միջոցներ ձեռնարկելու «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների արարքներում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները և նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության հետ, և նրան նման կարգավիճակից զրկելը էականորեն նվազեցնում է հետագայում նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձրացվել է նաև բուժկենտնորնի նշված բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցը քննարկելու խնդիրը:
16:24 - 07 հունվարի, 2022