Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

2023 նոյեմբերի 19-ին լրացավ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա հայտ ներկայացրեց ԿԿՀ թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ մրցութային խորհուրդը հաստատեց նրա թեկնածությունը: Ազգային ժողովը, սակայն, նրան այլեւս չընտրեց։

ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարողն այժմ ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանն է։

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի հայտարարագրած ֆինանսական միջոցների աճի ու եկամուտների միջև անհամապատասխանություն է նկատվում։  2021 թվականին Ռուզաննա Քյարամյանն ունեցել է ընդամենը 70 հազար դրամի եկամուտ, սակայն նրա ֆինանսական միջոցներն աճել են 4 մլն 645 հազար դրամով։ Այսինքն՝ նրա ունեցած 4 մլն 575 հազար դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինս 2021 թվականին 13․3 մլն դրամի եկամուտներից առնվազն 9․2 միլիոնն ուղղել է բանկերում և կանխիկ պահվող իր ֆինանսական միջոցների աճին և միայն 4․1 միլիոն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Ռուզաննա Քյարամյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արգիշտի Քյարամյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը 400 հազար դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  2022 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է շուրջ 160 հազար դրամ, մինչդեռ նրա ֆինանսական միջոցներն աճել են 3 մլն դրամով։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ 2.8 մլն դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ 2023 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է 243 հազար դրամ, իսկ  ֆինանսական միջոցներն աճել են 6.3 մլն դրամով։ Քննչական կոմիտեի նախագահի տիկնոջ ավելի քան 6 մլն դրամի ծագումն անհայտ է։ Նախորդ տարի Արգիշտի Քյարամյանից և կնոջից բացի հայտարարագիր է ներկայացրել նաև Քյարամյանի մայրը՝ Լարիսա Գրիգորյանը։ Հայտարարագրի համաձայն՝ 2023-ի ընթացքում նրա ֆինանսական միջոցներն աճել են շուրջ 20․3 մլն դրամով։ Լարիսա Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 1.6 մլն դրամ եկամուտ։ Այսպիսով, Լարիսա Գրիգորյանի միջոցներից 18.7 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արգիշտի Քյարամյանի՝ 2023 թվականի հայտարարագրի տվյալների համադրությամբ ստացվում է, որ նա ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար հատկացնելու համար այդ տարի կարող էր օգտագործել առավելագույնը 11.6 մլն դրամ։ Եթե Արգիշտի Քյարամյանի, մոր և կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, կստացվի, որ 2023 թվականին նրանց ընտանիքի ֆինանսական միջոցներից ավելի քան 13 մլն դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանին գրավոր խնդրել էինք պարզաբանել ընտանիքի անդամների հայտարարագրերում տեղ գտած անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեր գրությանը չի արձագանքել։ Հաշվարկի տրամաբանությունը հասկանալու համար առաջարկում ենք դիտել նաև մեր այս տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։   2 տարի է՝ ԿԿՀ-ն վերլուծում է Քյարամյանների 4 հայտարարագրերը Արգիշտի Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծությունը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։  2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել էր հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ, որով հաստատել էր այն պետական պաշոտնյաների (և նրանց ընտանիքի անդամների) ցանկը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է վերլուծեր։ Այդ պաշտոնյաների ցանկում էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ 2023 թվականին արդեն ԿԿՀ-ն որպես ռիսկային չափորոշիչ էր սահմանել նախորդ որոշմամբ սահմանված բոլոր այն պաշտոնատար անձանց 2022 թվականի հայտարարագրերը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելու նպատակով պահանջվում է ըստ տարիների հայտարարագրված տվյալների համադրություն։ Հարցում էինք ուղարկել ԿԿՀ՝ ճշտելու՝ արդյո՞ք ուսումնասիրել են Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերը և ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերել։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ վերոնշյալ երկու որոշումների հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է Արգիշտի Քյարամյանի և վերջինիս ընտանիքի անդամների՝ 2021-2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն:  2024 թվականի հուլիսի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ավարտել Քյարամյանի և կնոջ 2021 և 2022 թվականների ընդհանուր թվով 4 հայտարարագրերի վերլուծությունը։  Արգիշտի Քյարամյանի և նրա ընտանիքի անդամների 2023 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծությունն էլ ԿԿՀ-ն սկսել է Factor.am-ի հրապարակման հիման վրա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ ստուգման և վերլուծության արդյունքում վեր են հանվել անհամապատասխանություններ և պարզաբանման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել Արգիշտի Քյարամյանից և իր ընտանիքի անդամից հայցել պարզաբանում։  ԿԿՀ-ն նշել է նաև, որ եզրահանգման մասին տեղեկություններ կարող է տրամադրել վերոնշյալ պարզաբանումները ստանալուց և գնահատելուց հետո։ Լյուսի Մանվելյան
21:15 - 29 հուլիսի, 2024
ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի` Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք՝ 2023 թ․ նոյեմբերին՝ Ազգային ժողովում ԿԿՀ անդամի ընտրության ժամանակ, ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր պաշտոնավարման ընթացքում իր նկատմամբ ճնշման փորձի մասին։ Հարությունյանի խոսքից պարզ էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից զանգ է եղել՝ կոնկրետ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի տված  բացասական եզրակացության առնչությամբ։ Նշենք, որ օրենքով սահմանված որոշ պաշտոնների հավակնող թեկնածուների բարեվարքության վերաբերյալ նախքան քվեարկությունը ԿԿՀ-ն եզրակացություն է տալիս, որը ունի խորհրդատվական բնույթ։ Հարությունյանի հայտարարության հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ վարույթը կարճվել է Քրեական դատավարության 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին հիմքով՝ հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցանքի բացակայությունը։   Միլենա Խաչիկյան
18:08 - 25 հուլիսի, 2024
Վաղարշապատ համայնքի ղեկավարը տուգանվել է 300 հազ․ դրամով՝ շահերի բախմանն առնչվող գործողությունների համար
 |hetq.am|

Վաղարշապատ համայնքի ղեկավարը տուգանվել է 300 հազ․ դրամով՝ շահերի բախմանն առնչվող գործողությունների համար |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ․ դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։ Վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը: Ընկերությունը ստեղծվել է 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Դիանա Գասպարյանը 2023թ․ նոյեմբերի 24-ին, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 13-ին «Նարե պլյուս» ՍՊԸ-ի  տնօրենին, որն իր սկեսուրն է, տվել է շինարարության 20 թույլտվություն։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:54 - 23 հուլիսի, 2024
ԱԺ-ն քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը. առաջադրվել է երկու թեկնածու
 |1lurer.am|

ԱԺ-ն քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը. առաջադրվել է երկու թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը հուլիսի 11-ի նիստին քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել են Նարինե Ավետիսյանի և Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությունները: Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նարինե Ավետիսյանը 2005-2016 թթ. աշխատել է Մարտունու քաղաքապետարանում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Տարբեր կազմակերպություններում աշխատել է որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ, իրավաբան, 2021 թվականին ՀՀ ԱՍՀՆ-ում՝ որպես գլխավոր մասնագետ: 2021-2024-ին աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նախ որպես մեթոդական աջակցության վաչության գլխավոր մեթոդաբան, ապա՝ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ: Նարինե Ավետիսյանն իր ելույթի մեկնարկին հիշեցրեց՝ մրցութային խորհուրդն իր թեկնածությունը երկրորդ անգամ է առաջադրում. «Ինձ համար երկրորդ անգամ որոշում կայացնելը ոչ թե հակադրվելու, այլ հաղթահարելու որոշում էր, և ես մեծ պատասխանատվությամբ եմ վերահաստատում իմ պատրաստակամությունը՝ աշխատելու և գործելու ի նպաստ ՀՀ-ի»: Ելույթի ժամանակ Նարինե Ավետիսյանը նաև հայտարարեց. «Հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում իմ կայացրած որոշումները լինելու են բացառապես անկախ և անաչառ՝ ի շահ ՀՀ-ի»: Վաղարշ Աղաբեկյանը 2013-2016 թթ. ծառայել է ԼՂ ոստիկանությունում՝ որպես քննչական վարչութան քննիչ: 2017-2018 թթ. ծառայել է ԼՂ դատախազությունում՝ որպես Շահումյանի շրջանի դատախազ: 2018-2019 թթ. ծառայել է ՀՀ ՊԵԿ-ում՝ որպես քննչական վարչության թիվ 2 բաժնի քննիչ: 2019-2021 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանում: 2019-2021 թթ. աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ում՝ որպես իրավախորհրդատու, 2021-2024 թթ. աշխատել է նույն կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու-փորձագետ: Եղել է նաև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ և ՀՀ ԲԴԽ հակակոռուպցիոն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների բարեվարքության ստուգման ազգային փորձագետ: 2024-ից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ ՔԿ իրավաբանական վարչության հատուկ կարևորության գործերով քննիչի պաշտոնը: Ըստ Վաղարշ Աղաբեկյանի՝ առաջադրվելու պատճառներից մեկն այն է, որ Արցախից է եկել. «Այն, ինչ տեղի է ունեցել իմ հայրենիքի հետ, պատճառներից մեկը նաև կոռուպցիոն երևույթներն են»:
16:38 - 11 հուլիսի, 2024
Հայտնի են ԿԿՀ անդամների թափուր պաշտոնների թեկնածուների անունները

Հայտնի են ԿԿՀ անդամների թափուր պաշտոնների թեկնածուների անունները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 3-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։ Մասնակցության հայտ է ներկայացրել 4 հավակնորդ, որպես թեկնածու ընտրվել՝ 2-ը։ ԿԿՀ անդամների, այդ թվում՝ նախագահի պաշտոնները, հիշեցնենք, թափուր են ավելի քան կես տարի։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ առաջին նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ Ազգային ժողովը, սակայն, նրանց չընտրեց։ Չկայացած ընտրությունից հետո՝ 2024 թ․ փետրվար ամսին, հայտարարվեց 2-րդ մրցույթը, որին էլ մասնակցության հայտ ներկայացրին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Նվարդ Վարդանյանը եւ 2020-2023 թթ ընթացքում ԿԿՀ–ում մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ աշխատած Սարգիս Միրզոյանը։ Այդ մրցույթը, սակայն, նույնպես չկայացավ։ Մարտ ամսին հայտարարված մրցույթին Նարինե Ավետիսյանն ու Նվարդ Վարդանյանը դարձյալ հայտ ներկայացրին։ Մյուս երկու հավակնորդներն էին Հրաչյա Աբրահամյանն ու Վաղարշ Աղաբեկյանը։  Ազգային ժողովի պաշտոնական կայքից «Ինֆոքոմ»-ը տեղեկանում է, որ հունիսի 7-ին անցկացված մրցույթում որպես թեկնածու են ընտրվել Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։ Նշենք, որ Մրցութային խորհրդի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը, Վարչապետի աշխատակազմի տեղակալ Արթուր Հովսեփյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի եւ դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար Սոնա Խալաֆյանը։ Նարինե Ավետիսյանը, ինչպես նշեցինք, ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետն է։ ԿԿՀ-ում է 2021 թ․-ից։ Ավետիսյանը 2003-2005 թթ սովորել է Մարտունի քաղաքի Հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետում, 2007-2011 թթ՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2019-2022 թթ՝ ավարտել Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2019-2020 թթ աշխատել է Պռոշյանի կոնյակի գործարանում՝ որպես մարդկային ռեսուրսների բաժնի կառավարիչ, 2021-ի հունվար-հունիս ամիսներին՝ Աշխատանքի եւ սոցիալականան հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, թեժ գծի գլխավոր վերլուծաբան։ Վաղարշ Աղաբեկյանը Արցախից է, աշխատել է որպես քննիչ, դատախազ, դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Այժմ իրավաբան է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում։ Մրցույթին դիմած մյուս հավակնորդը՝ Նվարդ Վարդանյանը, 2023 թ․ օգոստոսից «Չաքմաջյան» մարդասիրության եւ բարեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։  Վարդանյանը 2005-2009 թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մենեջմենթի ֆակուլտետում, 2009-2011 թթ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ «Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագրով, 2022 թ․-ից սովորում է Երեւանի Գլաձորի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ Վարդանյանը 2009թ․ սեպտեմբերից մինչ 2011 թ․ դեկտեմբեր եւ 2012 թ․ հունիսից մինչ 2017 թ․ հունվարը աշխատել է Ազգային ժողովում որպես ԱԺ նախագահի օգնական, 2017-2018 թթ՝ Արդարադատության նախարարությունում՝ որպես Քարտուղարության պետ, 2018 թ․ փետրվար-հուլիս ամիսներին՝ ԱԺ փոխխոսնակի խորհրդական, 2018-2019 թթ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտում՝ որպես ծրագրերի պատասխանատու, 2019-2020 թթ՝ «Գինեվան» գինու գործարանում՝ որպես տնօրեն, 2020-2021 թթ՝ «Armen-Alco Wine and Brandy» ընկերությունում՝ որպես տնօրեն, 2021-2023 թթ՝ Արդարադատության նախարարությունում՝ որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2020-2023 թթ եղել է «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2023 թ․ ապրիլ-հուլիս ամիսներին՝ ԿԿՀ-ի խորհրդատու-փորձագետ։  Մյուս հավակնորդ Հրաչյա Աբրահամյանը սովորել է Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2012 թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան, աշխատում է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայություն ընկերությունում՝ որպես իրավաբան։  Մրցութային խորհուրդը առաջիկա 3 աշխատանքային օրերի ընթացքում թեկնածուների ցուցակը ներկայացնելու է Ազգային ժողովի նախագահին։ ԱԺ-ում քվեարկությունից հետո, եթե թեկնածուները ընտրվեն ԿԿՀ անդամներ, ԿԿՀ-ն իր կազմից պետք է ընտրի իր նախագահին։ Միլենա Խաչիկյան
11:54 - 10 հունիսի, 2024
Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։  Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։   Հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր Աղվան Վարդնայանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ հայտարարագրված գույքի, իրականացված ծախսերի ու եկամուտների միջև։ 2022 թվականի ընթացքում Աղվան Վարդանյանի դրամական միջոցներն աճել են շուրջ 48․1 միլիոն ՀՀ դրամով և 450 ԱՄՆ դոլարով։ Տարվա ընթացքում Աղվան Վարդանյանն իրականացրել է շուրջ 32 միլիոն ՀՀ դրամի ծախս։ Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են շուրջ 6․6 միլիոն ՀՀ դրամ։ Այսպիսով, համաձայն Աղվան Վարդանյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրի, 2022 թվականի գույքային փոփոխությունների ու ծախսերի մի մասը (ավելի քան 73․5 միլիոն ՀՀ դրամը և 450 ԱՄՆ դոլարը) չեն հիմնավորվում հայտարարագրված եկամուտներով։ Աղվան Վարդանյանին հարց ենք ուղղել, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը և որտեղից են գոյացել այդ միջոցները, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հարցմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնել են, որ Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականնների տարեկան հայտարարարգրերի վերլուծություն չեն իրականացրել։   Վարկի մարմանն ուղղված ծախս՝ առանց վարկի հայտարարագրման Աղվան Վարդանյանը 2022 թվականի՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր տարեկան հայտարարագրի ծախսերում նշել է, որ 6 970 000 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումների իրականացմանը։ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերի՝ «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» դաշտում, սակայն, վարկի մայր գումարի մնացորդ հայտարարագրված չէ։  Աղվան Վարդանյանին հարցրել ենք, թե ինչով է պայմանավորված մայր գումարի մնացորդի չհայտարարագրումը, և եթե վարկը ստացվել է 2022 թվականի ընթացքում, ինչո՞ւ հաշվետու տարվա եկամուտների բաժնում հայտարարագրված չեն ստացված վարկային միջոցները։ Այս հարցերի պատասխանները ևս չենք ստացանել ոչ գրավոր հարցման միջոցով, ոչ էլ բանավոր զրույցի ընթացքում։   Անգին թանկարժեք գեղանկարներ Վարդանյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից ավելի արժեք ունեցող գույքի ցանկում տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է գեղանկարներ։ Որպես գույքի ձեռքբերման տարի նշված է 2002 թվականը։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն, այս գեղանկարները հայտարարագրված չեն։ Գույքի ձեռքբերման եղանակը նշված է նվիրատվություն, իսկ գինը՝ 0 ՀՀ դրամ։ Այս եղանակով ձեռքբերված գույքը պետք է հայտարարագրվի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով։ Հնարավոր կամ շուկայական գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։ Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները, գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ համացանցի միջոցով ստացված տվյալները և այլն:  Աղվան Վարդանյանին հարցրել էինք, թե  ինչո՞վ է պայմանավորված 2021 թվականի տարեկան հայտարարագրում գեղանկարների չհայտարարագրումը, և թե ինչու՞ է դրանց գնի դաշտում նշված 0 ՀՀ դրամ։ Այս հարցը ևս մնացել է անպատասխան։   Ընտանիքի անդամների չներկայացված հայտարարագրերը Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականների՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամներ են նշված Ցողիկ Լավրենտի Բեժանյանը, Վահե Աղվանի Վարդանյանը և Վարդուհի Լևոնի Վարդանյանը։ Վահե Վարդանյանը և Վարդուհի Վարդանյանը, սակայն, չեն ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2021 և 2022 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։  Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել նաև Ցողիկ Բեժանյանը։  Կոռուպցիայի կանխարգելման հարձնաժողովից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հայտարարագրման պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ընտանիքի անդամների ծանուցումների գործընթացը ներկայում  ընթացքի մեջ է, բայց, հաշվի առնելով հարցմամբ ներկայացված տվյալները, Հանձնաժողովն առաջնահերթություն է տվել Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամների ծանուցման գործընթացին։ Հանձնաժողովից նաև տեղեկացրել են, որ հայտարարագրերի ներկայացման համար տրամադրվել է ծանուցման պահից 30-օրյա ժամկետ, իսկ պարտականության չկատարումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի ենթարկելու հիմք կհանդիսանա (տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով)։ Հանձնաժողովից մեր զրույցում նշեցին, որ ծանուցումը փոստային տարբերակով իրականացվել է 2024 թվականի փետրվարի 27-ին, և հայտարարատու անձինք պատշաճ ծանուցված կհամարվեն միայն ծանուցումը ստանալուց հետո, որից հետո էլ արդեն կսկսվի 30-օրյա ժամկետի հաշվարկը։Ջուլիետտա Հովհաննիսյան
19:55 - 29 փետրվարի, 2024
ԿԿՀ անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել

ԿԿՀ անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Այս մասին «Ինֆոքոմ»–ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքից։  Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Նվարդ Վարդանյանն ու Սարգիս Միրզոյանը։ Նշենք, որ Նվարդ Վարդանյանը Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալն է, պաշտոնից ազատվել է 2023 թ․ տարեսկզբին, իսկ Սարգիս Միրզոյանը 2020-2023 թթ ընթացքում աշխատել է ԿԿՀ–ում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ։ Մրցութային խորհուրդը ուսումնասիրել է Նվարդ Վարդանյանի հայտը, պարզել, որ ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին եւ հաստատել այն։ Համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի՝ ԿԿՀ անդամ կարող է նշանակվել, ի թիվս այլնի, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): Այս պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ մյուս հավակնորդի՝ Սարգիս Միրզոյանի հայտը մերժվել է։ Ըստ Խորհդրի՝ Միրզոյանի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ ի սկզբանե չի հաստատվել վերջինիս կազմակերաման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող պաշտոն առնվազն երեք տարի զբաղեցնելու փաստը, ինչպես նաեւ ներկայացված չեն եղել ֆիզիկական արատների եւ հոգեկան հիվանդությունների բացակայությունը հավաստող պահանջվող փաստաթղթերը։ Խորհուրդը ԱԺ աշխատակազմի միջոցով Միրզոյանին ծանուցել է փաստաթղթերի բացակայության վերաբերյալ եւ առաջարկել մինչեւ փետրվարի 14-ը հայտն ամբողջականացնել։ Միրզոյանը փետրվարի 13-ին Խորհրդին ներկայացրել է իր պարզաբանումը, որում նշել է, որ իր գնահատմամբ՝ «Էկզոտարիում Պլյուս» ՍՊԸ-ում, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում, ԱՄՆ ՄԶԳ «Մենեջմենթ սիսթեմզ ինթեընեշնլ, ինք» հայաստանյան մասնաճյուղում, ԿԿՀ-ում աշխատած ժամանակահատվածում իրականացրել է կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ։ Համադրելով Միրզոյանի կողմից ներկայացված աշխատանքային ծառայությունների մատուցման պայմանագրերի դրույթները եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով ներկայացվող պահանջները՝ Խորհուրդը, սակայն, եզրահանգել է, որ Միրզոյանը չի համապատասխանում դրանց, մասնավորապես, չունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերաման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում։ Միրզոյանի հայտի մերժման արդյունքում հավակնորդների թիվը պակաս է եղել թափուր տեղերի քանակից։ Վերջինս մրցույթը չկայացած համարելու օրենքով սահմանված հիմք է։ Փետրվարի 19-ին Մրցութային խորհրդի որոշմամբ հայտարարվել է ԿԿՀ անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության նոր մրցույթ։ Հիշեցնենք, որ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին արդեն ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ ԱԺ–ն, սակայն, նրանց չընտրեց ԿԿՀ անդամի պաշտոնում, որից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ հայտարարվեց։   Միլենա Խաչիկյան
20:48 - 23 փետրվարի, 2024
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել: ԱԺ խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ  է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
14:26 - 27 դեկտեմբերի, 2023
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու՝ ԱԺ արգելքը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու՝ ԱԺ արգելքը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» Հակակոռուպցիոն կազմակերպությունը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու արգելքը։ Ստորեւ՝ դիմումի մասին կազմակերպության տարածած հաղորդագրությունը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝  խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով:     ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթով, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում: 16.11.2023թ. ԹԻՀԿ-ը  նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ որպես փաստարկ, հղում անելով  ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված նախադեպային դիրքորոշումներին։ Այդուհանդերձ, երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։ ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները և ՀՀ վարչական դատարանին խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱԺ-ի կողմից՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին ԹԻՀԿ ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: Դատարանում ԹԻՀԿ-ի ներկայացուցիչներն են փաստաբաններ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը
20:13 - 21 դեկտեմբերի, 2023
ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ դրանով պայմանավորված իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ. «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ․ Ազգային անվտանգության  ծառայությունից։ Որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի  քվեարկվեր․․․ Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․  Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի  ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես, հենց այդ  պահին զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա որպես  երեւույթ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է թե՞ ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ,  րո անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին,-հեղ.) այցելել էր նույն  շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ  դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի  խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն՝ դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից  անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ Դատախազությունն ուսումնասիրե՞լ է/ուսումնասիրո՞ւմ է նախկին պաշտոնատար անձի՝ իր  օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու փորձի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։ Եթե այո, դրա վերաբերյալ կազմվե՞լ է քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն։ Դրական  պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել հոդվածը եւ մանրամասնել՝ ինչպես է լուծվել  դրա ընթացքը։ Իսկ եթե կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, խնդրել էինք նշել դրա հիմքը։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:  Հարությունյանը հավակնում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ԱԺ-ն քննարկեց վերջինիս թեկնածությունը, որը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ, սակայն Հարությունյանը չընտրվեց անդամի պաշտոնում, քանի որ քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Միլենա Խաչիկյան
10:15 - 13 դեկտեմբերի, 2023
Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան
 |azatutyun.am|

Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: Նա ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։ «Ազատությունը» նաև այս թեմայի շուրջ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: - Ինչո՞ւ չընտրեցիք Հայկուհի Հարությունյանին, դուք գիտեք, որ քաղհասարակությունը քննադատում է ձեզ դրա համար: - Նախ, ես կարծում եմ, քաղաքացիական հասարակության մի մասը մեզ հետ անհամաձայն է, կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նույնպես կուզենային ավելի լավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառավարում տեսնել, որովհետև տեսնում ենք հեռացող կամ արդեն իսկ պաշտոնը լքած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի մասին: Ազգային ժողովը կամ կառավարող մեծամասնությունը ընդամենը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ: Սա չի նշանակում, որ նախորդ 4 տարում ոչինչ չի արվել: Նսեմացվում է ամբողջ աշխատանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պարզապես մեր իրավունքն է պաշտոնը լքելուց հետո..., նախ, հարց է՝ արդյոք անձը կցանկանա՞ կրկին առաջադրվել, դա նոր փուլ է, նոր փորձ է, այսինքն, կարող են մրցակիցներ ևս լինեն, և ամբողջությամբ մեր իրավունքն է որոշել, որ պաշտոնավարումից հետո մեկ այլ անձ կարող է պաշտոնավարել: Մեր խմբակցության հետ տիկին Հարությունյանի հանդիպումից հետո՝ մեկ շաբաթ, 10 օր, ընդ որում, մենք չէինք մասնակցում այդ բանավեճին, սպասում էինք մինչև կգա համապատասխան Ազգային ժողովի նիստը, մի ամբողջ ալիք բարձրացավ, տիկին Հարությունյանը ևս մասնակցություն ունեցավ, խոսակցությունը տանելով այնպիսի դաշտ, կարծես թե մեր հայտարարագրերի շուրջ է միայն դժգոհությունը, բայց սա բոլորովին այսպես չէ:  - Արդյոք այդքան էական դետալներ են, որ նույնիսկ չմասնակցեիք քվեարկությանը և այսպես նրքան ճանապարհեիք, թե՞ այնուամենայնիվ, գուցե վկայում է, որ դուք եք քննադատության նկատմամբ անհանդուրժող: - Ես մտադրություն չունեի հրապարակավ ասելու, որ տիկին Հարությունյանը քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչի դուրս է մղել իրենց աշխատավայրից, ես չէի ցանկանում հրապարակային էսկալացնել իրավիճակն այս հարցի շուրջ: Փակ հանդիպման ժամանակ իրեն այս հարցադրումն արել էի, բայց նաև տիկին Հարությունյանը խաղադրույքները, այսպես ասած, բարձրացնելով, մեր հասցեին հնչեցնելով մեղադրանքներ, որոնք անհիմն են, թե մենք մեր հայտարարագրերի շուրջ հարցերի պատճառով իրեն չենք ցանկացել վերընտրել դրդեց, որպեսզի այդ խոսակցությունը ստանա նաև այդպիսի դրսևորում և վերջում, այո, մենք չմասնակցենք այդ քվեարկությանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
16:44 - 08 դեկտեմբերի, 2023
Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին

Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  դատական հայց կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ։  «Սա այն որոշումն է, որին արդեն մեկ շաբաթ է ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը աջուձախ հղումներ տալով հայտարարում է ինչ-որ շահերի բախման մասին, չնայած այդ որոշմամբ շահերի բախում չի հայտնաբերվել: Իսկ այսօր էլ նաև զրպարտեց ինձ` ինչ-որ անհասկանալի թվեր հրապարակելով: Սա որոշման էջն է` http://cpcarmenia.am/hy/decisions/page/20/ Սա էլ որոշմանը հղումը` http://cpcarmenia.am/files/legislation/355.pdf Ինչպես արդեն նշեցի, զրպարտանքի մասով դատական հայց կներկայացնեմ: ԿԿՀ անդամների ընտրության թեման այսքանով համարում ենք փակված»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հարցի քննարկմանն ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանը դիմել էր Արսեն Թորոսյանին. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ: Որպես առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչպե՞ս է եղել, որ Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի»։ Արսեն Թորոսյանը իր ելույթում ասաց. «Շատ ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ թե լինեմ։ Բայց առնվազն, կարծես թե, հակահերոսն եմ, կշարունակեմ լինել, ինչը ինձ սփոփում է։ Տիկին Հարությունյան, մենք հավանաբար կհադիպենք դատարանում այն զրպարտանքի համար, որը դուք այստեղ հնչեցրիք։ Ցավոք, օրենսդրությունը չի նախատեսում այդ զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 միլիոն դրամ, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»։ 
18:11 - 07 դեկտեմբերի, 2023