ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է։

«Սիներջիի» ղեկավարի ու աշխատակցի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան

«Սիներջիի» ղեկավարի ու աշխատակցի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան

«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանի և ընկերության աշխատակից Լիլյա Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին նրանց փաստաբանները հայտարարություն են տարածել։ Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։   Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։   «Նման իրավիճակն անհեթեթ է ոչ միայն իրավունքի, այլ պարզ տրամաբանության տեսանկյունից։ Իրավակիրառ պրակտիկայում ձևավորված է հստակ մոտեցում. կատարողի արարքն ավելի ծանր է, քան դրդողինը կամ օժանդակողինը, իսկ ներկա կամ նախկին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը ավելի հավանական է դարձնում քննությանը խոչընդոտելու ռիսկը, քան այդպիսին չհանդիսանալը։ Տվյալ դեպքում երկու պարզ սկզբունքն էլ խաթարված է» - ընդգծել է Լիլյա Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։   Անդրադառնալով մեղադրանքի բուն էությանը՝ փաստաբանները նշում են, որ սահմանափակված են նախաքննության գաղտնիության կարգավիճակով, ուստի կարող են ընդամենը գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը։ «Հիմնավոր չեն թե՛ խնդրո առարկա մրցույթի մասնակցության անհնար պայմաններ ստեղծելու մեղադրանքը, թե՛ անհայտ ելակետային թվից երեք անգամ ավելի թանկ հաշվարկ կատարելը։ Նախաքննության ընթացքում և հարկ եղած դեպքում` նաև դատարանում, մենք պատրաստ ենք ապացուցել մրցույթի մասնակցության օրինականությունը և ներկայացված արժեքի գնագոյացումը» - նշել է «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը։   Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։      
20:00 - 08 փետրվարի, 2024
Նարեկ Մալյանը «Ռեստարտ»-ի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Նարեկ Մալյանը «Ռեստարտ»-ի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը Վճռաբեկ դատարան է բողոքարկել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։ Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Բողոքը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս առկա չէ։ Հիշեցնենք՝ 2019 թ․ մարտի 4-ին «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, իսկ հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող։ Գրեթե 3 տարվա դատաքննությունից հետո՝ 2022 թ․ հունիսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նրանց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել մեղսագրվող արարքի մեջ։ Շուրջ 5 ամսվա քննությունից հետո՝ այս տարվա մարտի 2-ին, Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ  Վարդանյանի, կազմով Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ է թողել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել հաստատված համարելու համար մեղադրանքի որոշումներով ամբաստանյալներին վերագրված գործողությունները։ Վերաքննիչ դատարանը համոզմունք է հայտնել, որ անգամ տուժողի նկատմամբ ծրագրավորված գործողությունները մինչեւ վերջ հասցնելու, մասնավորապես՝ նրա կամքին հակառակ բռնելու, տեղափոխելու եւ նույնիսկ աղբաման գցելու պարագայում մարդու առեւանգման հանցակազմը կբացակայեր, քանի որ ի սկզբանե բացակայել են առեւանգման նպատակը եւ ամբաստանյալներին վերագրված գործողությունները հատկապես այդ նպատակով (ուղղակի դիտավորությամբ) կատարվելու հանգամանքը հաստատող բավարար ապացույցները: Ըստ այդմ, Վերաքննիչը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանն արդարացման դատական ակտ կայացնելիս դատական սխալ թույլ չի տվել, հանգել է ճիշտ եզրահանգման։ Դատական տեղեկատվական համակարգում առկա չէ նաեւ տեղեկություն Վերաքննիչ դատարանի այս որոշումը Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված լինել-չլինելու վերաբերյալ։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մայիսի 11-ի մեր բանավոր հարցին ի պատասխան ասաց, որ գործով նորություն դեռ չկա, որոշելուն պես կտեղեկացնեն։ Հաշվի առնելով, որ որոշման հրապարակումից անցել էր ավելի քան երկուսուկես ամիս, որի ընթացքում, ենթադրվում է, այն ուղարկվել է կողմերին, անհասկանալի էր, թե ինչ ասել է՝ գործով որոշում դեռ չկա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված է մեկամսյա ժամկետ՝ որոշումը ստանալու պահից սկսած։ Ուստի մայիսի 15-ին մենք արդեն գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն՝ խնդրելով հստակ հայտնել՝ ստացե՞լ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը, եթե այո, ապա երբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ բողոքարկե՞լ են կամ նախատեսո՞ւմ են բողոքարկել հիշյալ որոշումը։ Եթե որոշվել է չբողոքարկել, խնդրել ենք այդ մասին եւս հայտնել։ Մեր գրավոր հարցմանը Դատախազությունը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտամբ՝ մայիսի 24-ին։ Ըստ պատասխանի՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը Դատախազությունում ստացվել է ապրիլի 4-ին։ Սա նշանակում է, որ Դատախազությունն այն կարող էր բողոքարկել մինչ մայիսի 4-ը, ուստի մայիսի 11-ի մեր բանավոր հարցի ժամանակ Դատախազությունը պարզապես չէր կարող այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չունենալ, թեեւ մեզ նման պատասխան տրվեց։ Այնուհանդերձ, գրավոր պատասխանով Դատախազությունն արդեն հաղորդել է, որ քննարկման արդյունքում որոշվել է վճռաբեկ բողոք չներկայացնել։ Միլենա Խաչիկյան
14:01 - 26 մայիսի, 2023
Վերաքննիչը բավարարել է դիահերձարանում զինվորների դիերն անարգելու գործով բողոքը. փաստաբան

Վերաքննիչը բավարարել է դիահերձարանում զինվորների դիերն անարգելու գործով բողոքը. փաստաբան

Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։ «2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։ Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործը ուղղարկել է նույն դատարան նոր քննության»,- գրել է նա։  
20:34 - 10 մայիսի, 2023
Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ

 |factor.am|

Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:  Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, 2018 թվականի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում Սարգսյանը դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ: 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ նա նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված, իր կողմից նախընտրած 26 զինծառայողների։ Բացի այդ, բնակարաններ են տրվել ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Նրա հանձնարարությունը կատարվել է, ինչն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։ Նշենք՝ այս քրեական գործի մասին խոսվում էր դեռ 2019 թվականից, երբ հարուցվեց այն։ Սակայն, դեռևս նախորդ տարի ՔԿ-ն հայտարարեց, որ Սարգսյանը գործով մեղադրյալ ներգրավված չէ։ Փաստացի, քրգործի հարուցումից 4 տարի անց, Վիգեն Սարգսյանը մեղադրյալի աթոռին է։
11:47 - 27 մարտի, 2023
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, քիչ առաջ վերադառնալով առանձին սենյակից, հրապարակեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի գործով որոշումը։  Դատարանը անփոփոխ թողեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թ․ հունիսի 20-ի արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Infocom–ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են դատավոր Արշակ Վարդանյանի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող։ Գրեթե 3 տարվա դատաքննության ընթացքում տղաները պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինս տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։  Մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին մեղավոր ճանաչել մեղսագրվող արարքի կատարման մեջ եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով։ Տուժող կողմը միացել էր միջնորդությանը՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ 2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նրանց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանն արձանագրել էր, որ մեղադրանքը չի ապացուցվել՝ նշելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաեւ տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ թե խմբակային, բացահայտ թե թաքուն, խաբեությամբ թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առեւանգում։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել։   Միլենա Խաչիկյան
17:45 - 02 մարտի, 2023
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը
 |factor.am|

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ դեռևս չի ստացել Վերաքննիչ դատարանի դատական ակտը, ուստի մանրամասներին կանդրադառնա դրան ծանոթանալուց հետո։ Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին, թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպան չի ցանկանում ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու կալանավորել նրան։ Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը՝ սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվում է բեկանել Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ու որպես պատիժ նշանակել հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով։ Գլխավոր դատախազի բողոքը, փաստորեն, մերժվել է։
13:34 - 07 փետրվարի, 2023
Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով

 |factor.am|

Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով, տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանին արդարացնելու դեմ բողոքի գործը Վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին, իսկ դատարանի կազմի դատավորներից մեկը Մհեր Արղամայանն էր։  Վերջինս դատավոր Դավիթ Արղամանյանի հայրն է, իսկ Դավիթ Արղամանյանն այն անձն է, որը նախաքննության ընթացքում կայացրել է Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը։ Երբ Դավիթ Արղամանյանը քննում էր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, դատարանի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Քաղաքացիները համոզմունք էին հայտնում, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է սկսվել՝ ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու համար։ Նրանք ընդգծում էին, որ Դավիթ Արղամանյանը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականին իշխանափոխության պահանջով սկսված բողոքի ակցիաներին, ավելին՝ երթերի ժամանակ առջևում թմբուկ զարկողներից է եղել, և չի կարող այժմ անաչառորեն քննել դատավոր Բախշիյանի վերաբեյալ գործը։ Բացի այդ՝ Բորիս Բախշիյանը Դավիթ Արղամանյանի կայացրած որոշման հետևանքով կալանավորվելուց հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արղամանյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ դատավորն իրեն ակնհայտ ապօրինի է կալանավորել, և այժմ, փաստորեն, Մհեր Արղամանյանը պետք է քններ  մի անձի վերաբերյալ գործ, որը որդու դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում դեռևա տեղադրված չէ Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումն, ուստի դրա հիմնավորումները մեզ հայտնի չեն, , սակայն, հաշվի առնելով, որ նա ինքնաբացարկ է հայտնել, կարող ենք եզրակացնել, որ դատավորը համարել է, որ չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ լինել  անաչառ դատարան կամ երևալ այդպիսին։ Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին՝ թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ իր պաշտպանը չի ներկայանալու, ինքն էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի՝ դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու նրան կալանավորել։ Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը, սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։ Շարունակությունը՝ factor.am-ում
17:21 - 07 դեկտեմբերի, 2022
Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը: Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբանը՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։  Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝  դատավորը, տեղեկացված լինելով ՔԿ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին։ Դատավորն ու փաստաբանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 
18:05 - 11 նոյեմբերի, 2022
Դատարանի որոշմամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ազատ է արձակվել
 |news.am|

Դատարանի որոշմամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ազատ է արձակվել |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի պաշտպանական խմբի բողոքը եւ մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց: Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Սեպտեմբերի 29–ին էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել  Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սամվել Հովսեփյանը նույնպես մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ ՔԿ–ի հաղորդմամբ՝ տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին եւ չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի եւ գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու եւ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել: Հասմիկ Մելիքյանի, Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Քննչական կոմիտեն նախօրեին՝ նոյեմբերի 7–ին, հաղորդեց, որ ավարտվել է Բերդում ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է»։ Խոսքը Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի մասին է։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ դատաքննության ժամանակ դիրքորոշում կհայտնեն մեղադրանքն ընդունել–չընդունելու հետ կապված։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ «Զորավոր համայնքը» ունի 11, իշխող ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ Ավագանու անդամների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին ընտրություններից առաջ։ Կալանավորվելուց հետո՝ հոկտեմբերի 2–ին, Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը հացադուլ էր հայտարարել, իսկ օրեր անց դադարեցրել  հացադուլը։ Օրեր անց էլ ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Սա նշանակում է, որ Բերդում հաղթած ուժը համայնքապետի նոր թեկնածու կառաջադրի։ Համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 10–ին։ Հոկտեմբերի 7–ին էլ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։  
13:01 - 08 նոյեմբերի, 2022
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի բողոքը՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Լոռոցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը Infocom–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը որպես գրավի չափ է սահմանել 4 միլիոն ՀՀ դրամը։  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Դատարանի այդ որոշումն էլ պաշտպանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր 2019 թ․ դեկտեմբերի 7-ից, իսկ օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին՝ վարչապետի որոշմամբ ազատվել պաշտոնից։ Նույն քրեական գործի շրջանակում Հրաչիկ Քանանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, իսկ Լոռեցյանի վարորդը՝ Էդուարդ Հովհաննիսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։   Միլենա Խաչիկյան
17:30 - 19 հոկտեմբերի, 2022
Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

factor.am: Քրեական վարույթը, որի շրջանակներում  Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր Հայաստանի մի շարք դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, դեռևս նախաքննության փուլում է։ ԱԱԾ քննչական դեպարատամենտում քննվող վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են են Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործող Դատական համակարգ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները։ Հուլիսի 21-ից սկսած՝ շուրջ 9 ամիս, այս դատարաններում գործերը դատավորների միջև ոչ թե համակարգչային ծրագրով, այլ ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից են  մակագրվում։ Շուրջ 9 ամիս անց ծրագրի կոդերը վերադարձվել են, սակայն քրեական գործի քննությունը շարունակվել է։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ դատարանների համակարգչային ծրագրի առգրավման պատճառն ավտոմատ մակագրման վրա արտաքին միջամտություն է եղել։ Այս քրեական գործը կաթվածահար էր արել գրեթե ողջ դատական համակարգի աշխատանքը՝  բացառությամբ Վճռաբեկ և մարզերի դատարանների։ Հատկապես քաղաքական հնչերանգ ունեցող գործերով ներգրավված անձինք ու վերջիններիս պաշտպանները դժգոհություն էին հայտնում, որ իրենց գործերը մակագրվում են իշխանահաճո դատավորներին, այլ ոչ թե պատահականության սկզբունքով էին բաշխվում։ Որոշ պաշտպաններ անգամ ճշգրիրտ կանխատեսումներ էին կատարում, թե  քաղաքական հնչերանգ ունեցող որ գործը, որ դատավորին է մակագրվելու։Շարունակությունը՝ factor.am-ում։
18:37 - 16 հոկտեմբերի, 2022
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց
 |news.am|

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։ Հիշեցնենք, որ պաշտպանները  բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետեւանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչեւ 31 եւ ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության եւ կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
10:18 - 09 օգոստոսի, 2022
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Բարձրագույն դատական խորհուրդն երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել Մխիթար Պապոյանին: Մխիթար Պապոյանը ծնվել է 1977 թվականին, Արմավիր քաղաքում: 2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ մինչ 2004 թվականը, նույն վարչությունում՝ որպես իրավաբան: 2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ: 2006 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: 2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ: 2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի մարտ ամիսն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական: 2009 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական: 2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
09:16 - 02 օգոստոսի, 2022