Ինֆոքոմ

ԱԺ-ն հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում

ԱԺ-ն հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում

ՀՀ ազգային ժողովը 61 կողմ, 32 ձեռնպահ, 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները ու լրացումները: Փաթեթը ներկայացրել է նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը: Ըստ պատգամավորի՝ բովանդակային առաջարկները մի քանիսն են։  Կարգելվի անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված աէրոզոլային եւ այլ սարքերի, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարկուճների շրջանառությունը:  Կարգավորման արդյունքում գործնական քննությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ծառայում կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական եւ զինվորական վարժանքներին մասնակցած անձինք, որոնք ունեն կամ ունեցել են զենք կիրառելու իրավունք եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր զինծառայության ավարտից հետո չի անցել 5 տարի. «Սա հաշվի ենք առնում որպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության եւ վարժական հավաքների մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետելու փորձ եւ դիտարկում որպես խրախուսող նորմ»,- ասել է Վիլեն Գաբրիելյանն։ Նա նաև նշել է Կառավարության իր համար ընդունելի առաջարկը. «Մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը պարգեւատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք եւ հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում իրենց սեփականություն հանդիսացող պարգեւատրված զենքը մալվելու է»: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ գործադիրն աշխատել է նախագծի հեղինակի հետ, առաջարկների մեծ մասն իրացված է: Փոխնախարարը վստահեցրել է նաեւ, որ Կառավարությունը պատրաստակամ է գործող օրենքը շարունակաբար մշտադիտարկման ենթարկել եւ համապատասխան լուծումներ առաջարկել:
11:20 - 16 հունվարի, 2024
Խորհրդարանը քննարկում է անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը

Խորհրդարանը քննարկում է անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը

Մեկնարկել է Ազգային ժողովի 2024թ․ առաջին լիագումար նիստը։  Օրակարգում է նաև ՀՀ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Այսպիսով՝ առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը: Ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում: Ըստ նախագծի հիմնավորման՝ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների ու կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Նախագիծը խորհրդարանում զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Նա նշեց, որ այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ (վերջին 5 տարիներին՝ խմբ․), շնորհվել է 1181 պատվավոր կոչում․ «Այն անձինք, որոնց տրամադրվել են այս պատվավոր կոչումները, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները և համապատասխան գումարային չափը, որը նրանց շնորհվում է ամենամսյա կտրվածքով»։ Այնուհետև Հարությունյանը մանրամասնեց, որ այսուհետ պետության կողմից չեն տրամադրվելու պատվավոր կոչումները, և այն կոչումները, որոնք տրվելու կամ այս կամ այն մրցանակաբաշխության ժամանակ հանձնվելու են տվյալ ոլորտում առանձնացված անհատների, լինելու են այդ ոլորտոի մասնագետների ձևավորած, այդ հանրույթում ձևավորված կարծիքի հիման վրա և նրանց կազմակերպած մրցանակաբաշխության արդյունքում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե պետությունը տարեկան որքան գումար է ծախսում պետությունը պատվավոր կոչում ունեցող անձանց համար, Հարությունյանը պատասխանեց, որ ամսական 40 000-ական դրամ է տրամադրվում յուրաքանչյուր անհատին։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ հարց ուղղեց, թե արդյո՞ք պետությունը գումար է խնայում՝ այս նախագիծը ներկայացնելով, և արդյո՞ք պետությունը չպետք է միջամտի և խրախուսի արվեստ ստեղծող մարդկանց։ Արդարադատության նախարարի տեղակալը բացասական պատասխան տվեց առաջին հարցին՝ հայտնելով, որ պատվավոր կոչում ունեցող անձինք շարունակելու են ստանալ գումարները, որոնք նախատեսված են ՀՀ կառավարության որոշումներով։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Հարությունյանն ընդգծեց, որ պետությունը չի բացառելու միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին․ «Հակառակը, պետությունը ոլորտային մրցանակաբաշխությունները խրախուսելու է և հնարավորության սահմաններում աջակցելու է դրանց գոյությանը, ուղղակի չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը»։ Արմենուհի Հարությունյանի խոսքով պարտադիր չէ մասնագետին պետության կողմից շնորհել կոչում նրա ժողովրդականությունն ապահովելու համար, նրա գործունեությունը լուսաբանելու համար ուրիշ միջոցներ են անհրաժեշտ։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանն էլ հայտնեց, որ նախագիծը երկար քննարկել են հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները տարբեր փաստարկներ են ներկայացրել և դեմ են արտահայտվել նախագծին։ «Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան երկրներում որպես կանոն չեն գործում առանձին մասնագիտությունների տեր անձանց արժևորման կոնկրետ ձևաչափեր և ավելի շատ խրախուսվում է մարդկանց խմբային, կոլեկտիվ գործունեությունը։ Մենք ևս ուզում ենք ներդնել այս մոտեցումը մեր օրենսդրությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կոչումները Խորհրդային Միությունից մնացած նորմեր են, և այն ժամանակ կոնկրետ հարց լուծելու համար են ներդրվել։
11:28 - 15 հունվարի, 2024
Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան վերջինիս հայտարարության։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։ Իսրայել Կացը նշում է, որ Թուրքիայի նախագահն այժմ պարծենում է նրանով, որ անհիմն պնդումներով թիրախավորում է Իսրայելը՝ իր անցյալում ունենալով Հայոց ցեղասպանությունը։ «Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսում է։ Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ Իսրայելը կանգնած է պաշտպանվելու, ոչ թե կործանելու»,- X-ի իր էջում գրել է Կացը։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե իրենց ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի, և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»։
11:53 - 13 հունվարի, 2024
Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար

Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար

ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց գործադիրիր հունվարի 11-ի նիստին։ Հարցը զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող, 2023թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։ «Ըստ էության մենք արդեն մտել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ, և այս նախագիծը ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։ Առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման 3 ուղղություն։ Մասնագիտական ուսուցում, որից հետո 3 ամիս պարտադիր աշխատանք։ Այս դեպքում շահառուին մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում ստանալու համար կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում ամեն ամսվա համար 50 000 դրամ և կրթաթոշակ՝ ամսական 50 000 դրամ։ Երբ նա ներկայացնի տեղեկանքը, որ ստացել է կրթությունը, գործատուի հետ կկնքվի պայմանագիր և 3 ամիս նրան կտրվի ամսական 50 000 դրամ՝ եկամտային հարկ, դրոշմանշային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարները։ Նարեկ Մկրտչյանի խոսքով գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում կամ կրթական կենտրոնում պետք է անցնի վերապատրաստումը։ «Ընդ որում և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ լուծում է այն մինչև 3 ամիս ժամկետի լրանալը, ապա փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի համար պետության կողմից տրամադրված գումարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին»,- հավելեց նա։ Քննարկումից հետո որոշում կայացվեց 5 ամիս տևողությունը փոխարինել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման։ Վճարովի պրակտիկա, որից հետո աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով։ Գործատուի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա․ «Այսինքն՝ գործատուին ամսական մենք տրամադրելու ենք 165 000 դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս 3 ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց նրան վճարվում է ամսական 50 000 դրամ՝ հարկերը վճարելու համար»։ Աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիս լրանալը լուծելուց հետո գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ տրված գումարը։ Բոլորը միասին՝ մասնագիտական կրթություն, վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։ Նախարարի խոսքով այս ծրագիրն արդեն փորձարկված է․ «2016-20թթ․ ռազմական գործողություններին մասնակցած մեր զինվորների համար այս ծրագիրն իրագործել ենք։ հետևել ենք ավելի քան 1 տարի և տեսել ենք, որ շահառուների 70%-ից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում»։  Նիկոլ Փաշինյանի հարցին, թե որոնք են այն կրթական հաստատությունները, որտեղ պետք է սովորեն շահառուները, արդյո՞ք կա պայման, որ պետք է լիցենզավորված լինեն այդ կենտրոնները, Մկրտչյանը պատասխանեց, որ չկա նման պայման։ Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան դրան, ասաց․ «Ամեն դեպքում կարող են տանել, բակում մի տաղավար դնել, ասեն՝ մենք մասնագիտական կրթություն ենք տալիս, 50 000-ները տվեք»։ ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ առկա է երկու իրավիճակ․ «Մեկը ամբողջական որակավորում տվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ, և որոշակի որակավորում։ Սա պահանջում է լիցենզիա, և այս պարագայում պարտադիր է, որ կրթական ծրագրի լիցենզիա ունենա հաստատությունը՝ մասնավոր լինի, թե պետական։  Եվ ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ մինչև վեց ամիս տևողությամբ, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում։ Այսինքն՝ բոլոր կարճաժամկետ ծրագրերը, որոնք տվյալ ծրագրի շրջանակում պիտի անցնեն, կարծում եմ՝ պետք է գրանցված լինեն երաշխավորված ծրագրերի ռեեստրում, որը նախարարությունը վարում է»։ Անդրեասյանը նաև հավելեց, որ քոլեջները ևս կարճաժամկետ ծրագրեր են իրականացնում բոլոր ոլորտներում, և այդ բազան կարող են տրամադրել գործատուներին։
11:59 - 11 հունվարի, 2024
2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

38-ամյա Հարություն Թադեւոսյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վերջին ղեկավարն է։ Նրա 10-հոգանոց ընտանիքը 2020թ․-ից մինչ օրս ապրում է Երեւանի շինարարական քոլեջի հանրակացարանում։ Վերաբնակեցման ծրագրի շրջանակում Հայաստանից տեղափոխվելով Արցախ՝ Հարությունը նախ աշխատել է դպրոցում, ապա՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Զբաղվել է նաեւ գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Նա Արցախ է մեկնել 2007 թ․-ին, երբ ամուսնացած էր եւ ուներ դեռ 2 երեխա։ Այժմ բազմազավակ հայր է, ունի 1-19 տարեկան 8 երեխա՝ 2 տղա եւ 6 աղջիկ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմը փոխել է այս ընտանիքի պլաններն ու կյանքի բնականոն ընթացքը։ Նոյեմբերի 29-ին Հարությունը կնոջ ու դստեր հետ վերջին անգամ է գնացել Գանձա՝ իրենց տանը հրաժեշտ տալու․ 2020 թ-ի դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը, բացառությամբ Բերձորի, Սուսի, Աղավնոյի եւ Աղանուսի, 128 բնակավայրով հանձնվեց Ադրբեջանին․ «Տունը մաքրեցինք, ավլեցինք, փոշիները սրբեցինք, դուռը փակեցինք, կողպեքի բանալին դրեցինք էդտեղ ու եկանք»,- հիշում է Հարությունը։ Թեեւ 2020 թ․-ին Արցախից տեղահանվածների համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Հարությունին տրամադրվել է մինչեւ 10 մլն դրամի վկայական՝ Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում մայր գումարի ամսական մարման համար, սակայն նա այդ գնով իր բազմանդամ ընտանիքին համապատասխան տուն մինչ օրս չի գտել։  Հարությունի ընտանիքը, ինչպես 2020-ին բռնի տեղահանված մյուս արցախցիները, Կառավարության աջակցության վերջին ծրագրերի շահառու չեն, քանի որ այդ ծրագրերը նախատեսված են բացառապես 2023-ին տեղահանվածների համար։ Տարիների վաստակածը զրոյացել է մեկ օրում 2020 թ․-ին հաստատվելով Երեւանում՝ Հարությունը, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանի մյուս համայնքների ղեկավարները շարունակել են հեռավար կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները․ «Երբ եկանք, դեռ պարզ չէր՝ ինչ կլիներ, կմնայինք աշխատանքի թե ոչ, բայց քանի որ ժողովրդին աջակցելու, համակարգելու, տեղերը իմանալու խնդիր կար, շտաբ բացվեց, սկսեցինք գնալ-գալ, ժողովրդի հետ կապված խնդիրները բարձրաձայնել․․․ Արցախի ղեկավարությունից հրաման եղավ, որ 2022 դեկտեմբերի 31-ից ինչպես դպրոցների, այնպես էլ համայնքի ղեկավարների աշխատակազմերը լուծարվում են՝ քարտուղար, վարորդ, հաշվապահ։ Մեզ պահեցին, աշխատավարձերը շարունակեցինք ստանալ, ու մինչեւ էսօր աշխատում ենք, բայց այլեւս չենք ֆինանսավորվում»,- պատմում է Հարությունը, ում այս տարի՝ 2023 թ․ հոկտեմբերի 15-ին են տեղեկացրել, որ հոկտեմբերի 1-ից այլեւս չի վարձատրվելու, շարունակելու է աշխատել հասարակական հիմունքներով․ «Շտաբը ցրվեց, ու ամեն ինչ, ովքեր էնտեղ էին, ում կարողանում էինք որեւէ հարցով դիմել, որ իրենք դա հասցնեն ՀՀ կառավարությանը, հիմա չկան էլ, մնացել ենք սենց անորոշ։ Ինչ հարց կա, փորձում ենք մենք մեր ձեւով ճշտել»,- ասում է Հարություն Թադեւոսյանը։ Մինչ այս տարվա հոկտեմբերը աշխատավարձից բացի ընտանիքը Արցախից ստացել է նաեւ իրենց հասանելիք ամենամսյա նպաստը։ 2006 թ․-ից ի վեր Արցախում գործել է բազմազավակության նպաստ՝ ըստ երեխաների քանակի։ 4-րդ երեխայի ծննդից հետո՝ 2010 թ․-ից Հարությունն ու կինը դարձել էին դրա շահառու։ Որպես բազմազավակ ընտանիք՝ պետության կողմից նրանց պետք է հատկացվեր նաեւ բնակարան։ Շինարարությունն ավարտվել էր, վերանորոգման աշխատանքները, սակայն, անավարտ մնացին 2020 թ․ պատերազմի պատճառով։ 13 տարվա ձեռքբերածից Հարությունը կարողացել է Երեւան տեղափոխել միայն հեռուստացույցը, սառնարանն ու լվացքի մեքենան։ Տունը, ավտոմեքենան, 30 հա հողատարածքը, անասուններն ու փեթակները կորսվել են։  44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը որոշեց պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել պետական ֆինանսական աջակցություն, ինչի նպատակով կատարվեց վնասների գնահատում, եւ սահմանվեց փոխհատուցման չափ։ Թադեւոսյանների վնասը գնահատվեց 13 միլիոն դրամ, որից նրանք հասցրել են ստանալ 4 միլիոնը․ «Մենք ունեցել ենք ունեցվածք, այդքան տարիների ընթացքում ինչ-որ բան ենք ձեռք բերել, բնակարան, անասուններ, հող, ես միայն իմ մասին չեմ ասում, ընդհանուր, մարդիկ էդ ամենը կորցրել են, եկել են էստեղ, հիմա ուզում ենք հասկանալ՝ դրա դիմաց որեւէ փոխհատուցում կա՞, թե՞ չէ, ո՞վ պետք է անի, ինչքա՞ն ժամանակում պետք է անի, որ հասկանանք՝ մենք ոնց ենք էստեղ ապրելու, ի վիճակի ենք, թե չէ։ Էս պահի դրությամբ իմ տարիների աշխատանքը զրո է, ու ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ»,- ասում է Հարությունը։ Երեխաներից միակ չափահաս աղջիկն անցյալ տարի ընդունվել է Երեւանի պետական  համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսման վարձի մի մասը Արցախի կառավարությունը փոխհատուցել է։ Այժմ չկա նաեւ այդ փոխհատուցումը։ Մյուս աղջիկը սովորում է «Աբելյան» արվեստի դպրոցում, ֆինանսական խնդիրների պատճառով վտանգված է նրանց հետագա կրթությունը։ Քաղաքացին ակնկալում է, որ Կառավարությունը լուծումներ առաջարկի նաեւ 2020թ-ին բռնի տեղահանվածների խնդիրներին  Հարություն Թադեւոսյանն ասում է՝ մարդը, որպես կանոն, իր կենսակերպը կազմակերպում է՝ հիմնվելով ֆինանսական աղբյուրների կանխատեսելի հաշվարկների վրա, իսկ իրենք միանգամից են կտրվել թե՛ աշխատավարձից, թե՛ նպաստից, այդ պատճառով էլ հիմա անորոշության մեջ են։ Կինը չի աշխատում, քանի որ մանկահասակ երեխա ունեն, ինքը սննդի կետ է վարձել, փորձում է աշխատեցնել, նաեւ տաքսի վարել։ Այնուհանդերձ, դրանով, ըստ Հարությունի, հնարավոր չէ պահել 10-հոգանոց ընտանիքը, նաեւ պարտքեր է վերցրել․ «2020 թ․-ի տեղահանվածների վերաբերյալ Կառավարությունը ոչ մի որոշում չունի, եթե 2023 թ տեղահանվածները որոշակի աջակցություն, կարգավիճակ ստանում են, Արցախի վերաբնակիչների մեծ մասը ՀՀ-ից է գնացել, զրկված է ամեն ինչից, մեզ հետ կապված ոչ մի որոշում չկա, համենայն դեպս, որ կառույցին դիմել եմ՝ Սոցհարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն, ասել են՝ ձեզ հետ կապված բան չկա»,- ընդգծում է Հարությունը։ Նա այժմ ակնկալում է, որ Կառավարությունը կայացնի որեւէ որոշում, որն ուղղված կլինի իր եւ իր ճակատագրին արժանացած մարդկանց խնդիրների լուծմանը․ «Եթե խնդիրների լուծումը տրվի, հասկանամ, որ կկարողանամ ապրել էստեղ, շատ ուրախ կլինեմ, շատ եմ ուզում, ես իմ հայրենիքում եմ, իմ երկրում, բայց եթե սենց շարունակվի, ես նույնիսկ չեմ կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե ինչ-որ բան անեմ, մեկ էլ պարզվի՝ որ սխալ եմ արել, որովհետեւ ինչ-որ լավ բան էր լինելու, չանեմ՝ բա որ պարզվի՝ չի լինելու։ Էս անորոշությանը պետք է վերջ տալ, Էդ խնդիրները լուծելու համար պետք է արագ գործել եւ համ էլ խնդիրը լուծել, ոչ թե մարդուն թողնել խնդրի մեջ ու ասել՝ ինչ ուզում է, թող լինի, ոնց ուզում ես, կարգավորի։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ն ի՞նչ է պատրաստ ինձ համար անելու, որ ես էլ հասկանամ՝ ի վիճակի եմ [ոտքի կանգնել] թե չէ»,- ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում Կառավարությունն այս պահին նոր միջոցառում չի նախատեսում «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ հետաքրքրվելով արդյո՞ք նախատեսում են որեւէ սոցիալական աջակցություն սահմանել 2020-ին Արցախից տեղահանված, սակայն եկամտի աղբյուրներից 2023-ին զրկված անձանց համար։ Ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել են, որ այս պահին նման միջոցառում նախատեսված չէ։ Հաշվի առնելով, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով բազմազավակության նպաստի առանձին տեսակ սահմանված չէ՝ խնդրել էինք հայտնել նաեւ, թե այդ կատեգորիայի մարդկանց համար փոխարինող ի՞նչ մեխանիզմներ կան կամ նախատեսվո՞ւմ են արդյոք։ Ստացված պատասխանի համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք նորածին երեխաների համար ՀՀ-ում կարող են ստանալ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ եւ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 23.12.2021 թ. N 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցություն՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջներին՝ նրանց տվյալների բավարարելու դեպքում:  Հետաքրքրվել էինք նաեւ՝ 2020 թ․ պատերազմի վնասների փոխհատուցման անհատական գործերը Արցախի կառավարությունը փոխանցե՞լ է ՀՀ կառավարությանը, եւ արդյո՞ք Հայաստանը շարունակում կամ նախատեսում է շարունակել այդ միջոցառման իրականացումը։ Սոցհարցերի նախարարությունից, սակայն, նշել են, որ իրենք պատասխանատու գերատեսչությունը չեն եւ նման գործեր չեն ստացել։ Նույն հարցմամբ դիմել ենք նաեւ Կառավարությանը, որտեղից հարցումը վերահասցեագրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին։  Գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ի պատասխան մեր հարցերին, հայտնել է, որ հիշյալ անհատական գործերը ՀՀ կառավարությանը չեն փոխանցվել, եւ տվյալ հարցի վերաբերյալ քննարկում չի նախատեսվում․ «Չնայած նրան, որ նախկինում Լեռնային Ղարաբաղում իրականացվել են պետական աջակցության տարաբնույթ ծրագրեր, մինչ այս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ որոշումներ կայացնելիս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ եւ միջնաժամկետ կարիքների արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաեւ երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները», – ասված է պատասխանում։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի
20:22 - 10 հունվարի, 2024
Գիտարբուք Տիգրան Ջրբաշյանի հետ․ «Գիտական հետազոտություններ. դեպի առավել արդյունավետ համակարգ»

Գիտարբուք Տիգրան Ջրբաշյանի հետ․ «Գիտական հետազոտություններ. դեպի առավել արդյունավետ համակարգ»

Գիտարբուք տնտեսական գիտությունների թեկնածու, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության զարգացման խորհրդային մոդելը և դրա խնդիրները - Գիտության խնդիրների սրացումն անցումային շրջանում - Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը - Գիտական համակարգի վերաբերյալ միֆերից դուրս գալու, հայելու մեջ նայելու անհրաժեշտությունը - Գիտության ֆինանսավորման մոդելի փոփոխության կարևորությունը․ առաջնահերթությունների ֆինանսավորումը - Անձերի շուրջ ստեղծված ազգային լաբորատորիաների ցանցի մոդելը - Վերլուծական նյութերի միջոցով առաջնահերթությունների բացահայտումը - Ինչ անել, որ անձի շուրջ ստեղծված լաբորատորիան չփլվի անձի գնալուց հետո, գիտական մենեջերների հարցը - Հայաստանում բարձրագույն կրթությունը՝ հերթական միֆերից մեկը - Փոփոխությունների ռազմավարության ստեղծման խոչընդոտները, ինչպե՞ս սկսել
17:00 - 10 հունվարի, 2024
ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բնութագրել է որպես «վրիպում»։ Խոսքն այն դեպքի մասին է, երբ զորամասի 62-հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ հայտնաբերելու եւ ոչնչացնելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել է քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Այժմ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Դեպքից հետո Մակարյանի հետ հանդիպման եւ այլ մանրամասների մասին երեկ Հակակոռուպցիոն դատարանում պատմեց Քիմիկների զորամասի գործով վկա, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի ԷՀՄ տեխնիկ–օպերատոր Հասմիկ Ղուկասյանը․ «Երբ պարոն գեներալին հարցեր են հղվել, պարոն գեներալը պատասխանել է, որ դե, պատերազմ էր, վրիպում կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել վրիպում, ես մեղավոր չեմ։ Ես հստակ չեմ կարող ասել՝ վրիպում ասելով՝ ինչ նկատի ուներ, ուղղակի երբ ծնողները սկսեցին հարցեր տալ դեպքի հետ կապված, դեպքը ընդհանուր մեկնաբանվեց որպես վրիպում, երբ ծնողները հարցրին՝ բա Դուք ոնց եք [փրկվել], [ասաց՝] բա ես որ չվերադառնայի, ո՞վ էր ձեր հարցերին պատասխանելու, ես 12 տարեկան տղա ունեմ»,– պատմեց Հասմիկը։ Հասմիկի ամուսինը՝ Արմեն Բադեյանը, որ ծառայել է նույն զորամասում՝ որպես զորամասի հրամանատարի տեղակալ–կոմունալ շահագործման ծառայության գծով թիկունքի պետ, նույնպես մասնակցել է այդ մարտական առաջադրանքին։ Նա անհետ կորած է մինչ օրս։ Վկայի խոսքով՝ զորամասի հրամանատարն ասել է՝ գնում եք շատ վտանգավոր գործողության Հասմիկ Ղուկասյանը մեղադրյալներից անձամբ չէր ճանաչում միայն Անդրանիկ Մակարյանին, մյուս երեքի՝ Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի հետ ծառայել է նույն զորամասում։ Փոխգնդապետ Արսեն Աբգարյանը այդ ժամանակ Քիմիկների զորամասի հրամանատարն էր, այժմ մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Հենց նա է ղեկավարել այն անձնակազմը, որ մեկնել է մարտական հիշյալ առաջադրանքին։ Փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը, որ զորամասի շտաբի պետն էր, մեղադրվում է իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ զորամասի համալրման բաժանմունքի՝ այդ ժամանակվա պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վերջիններս դեպքի ժամանակ գտնվել են իրենց զորամասում։ Լուսանկարում՝ Հասմիկ Ղուկասյանը Դատարանում ցուցմունք տալով՝ Ղուկասյանը պատմեց, որ Քիմիկների զորամասի անձնակազմը իր մշտական տեղակայման վայրից դուրս է եկել 2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Մինչ հոկտեմբերի 20-ը ինքն ամուսնու հետ ամեն օր 1-2 րոպե հեռախոսազրույց է ունեցել, սակայն նրա գտնվելու վայրի, մարտական առաջադրանքների մասին ոչինչ չի իմացել։ Հոկտեմբերի 21-ից արդեն ամուսնու բջջայինն անհասանելի է դարձել։ 2 օր անց նա Պաշտպանության նախարարությունում աշխատող իր ծանոթից է տեղեկացել անձնակազմի շրջափակման մեջ ընկնելու մասին, ինչից հետո սեփական հետաքննությունն է սկսել, հանդիպել ամուսնու զինծառայակից ընկերների հետ, փորձել պարզել նրա ճակատագիրը․ «Մեկը ասում էր՝ տեսել եմ, որ դուրս է եկել, մեկը ասում էր՝ չեմ տեսել, պարոն Աբգարյանին էլ եմ զանգել, հարցրել եմ՝ Արմենից ի՞նչ լուր ունեք, որտե՞ղ է, ինչո՞ւ կապի դուրս չի գալիս, պատասխանել է՝ կգամ, կնստենք, կխոսենք»,– ասաց վկան։ Նրա խոսքով, սակայն, Աբգարյանը հետագայում հստակ տեղեկություն չի ունեցել, ասել է, որ մեքենայից իջնելուց հետո իր ամուսնուն չի տեսել, ենթադրել է՝ հնարավոր է անգամ նա ինքն իրեն կրակած լինի, որպեսզի գերի չընկնի, իրեն ուժեղ լինելու հորդորներ է տվել։ Բուն մարտական գործողության մասին եւս, ըստ վկայի, Աբգարյանը զորամասում չի խոսել, չի ներկայացրել՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչու, բայց ծնողների հետ զորամասի տարածքում առանձին զրույցներ ունեցել է։ Ընդհանուր հարցուփորձից բացի Հասմիկը նաեւ ադրբեջանական տեսանյութերն է նայել։ Զանգելանի դպրոցի վրա, ուր անձնակազմը սխալմամբ հասել է հոկտեմբերի 21-ին, ադրբեջանական դրոշը ծածանվելիս է եղել դեռ հոկտեմբերի 19-ից․  «Ես բոլորի հետ խոսում էի, հարցնում էի՝ Արմենի մազերը կտրվա՞ծ էին թե՞ ոչ, որպեսզի հասկանամ՝ տեսանյութերում երեւացող մարդը, որ նման է իրեն, ինքն է թե չէ, հարցնում էի՝ ի՞նչ է հագել․․․ Ես ավելի շատ նման բաներ էի հարցնում, ամեն մեկը ինչ–որ ինֆորմացիա էր տալիս, որով ես փորձում էի էդ փազլը հավաքել, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ողջ է թե ողջ չէ․․․ Արդյունքում իմացա, որ «սանրման» աշխատանք է իրականացվել։ Երբ պարոն Աբգարյանը գործողության մասին տեղեկացրել է, ասել է, որ գնում եք շատ վտանգավոր գործողության, որ կլինեն նաեւ զոհեր, որովհետեւ գործողությունը շատ լուրջ է, հորդորել է, որ էն մարդիկ, որոնք ընտանիքներ ունեն․․․ Եղել է կամավորության սկզբունքով, ովքեր ցանկություն ունեն, մասնակցեն, ստիպողաբար չի եղել»,– պատմեց վկան։ Անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ Հասմիկ Ղուկասյանի տեղեկություններով՝ երեք ավտոբուսով եւ մեկ վիլիսով անձնակազմը պիտի հասներ մինչեւ «Կիրի հանք» կոչվող տեղանք, այնտեղից ոտքով շարունակեր, մինչդեռ շարունակել է ավտոբուսներով եւ հասել մինչեւ Զանգելանի դպրոց․ «Երբ հասել են, իջել են ավտոբուսներից, ու մեկն ասում է՝ միանգամից են կրակոցները սկսել, մեկը ասում է՝ մի քանի րոպեից մարտի մեջ են մտել, էդ խառնաշփոթից ոչ մեկը որեւէ հստակ բան չի պատմում»,- ասաց վկան՝ նշելով, որ հակառակորդի թվակազմն էլ, ըստ իր լսածի, հստակ չէ, եղել է 300-ից մինչեւ 500։ Վկայի տեղեկություններով՝ անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ։ Ըստ նրա՝ պարզից էլ պարզ է, որ իրենց զորամասը լրիվ այլ գործողություն էր կատարում, իրենք մարտական գործողության չպիտի մասնակցեին։ Լուսանկարում՝ Արսեն Աբգարյանը –Դուք զրահաբաճկոն ունեցե՞լ եք,– վկային հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանը։ – Չէ։ –Ինչո՞ւ։ –Չի հատկացվել։ –Այսինքն՝ պահեստում չի եղել։ –Ոչ մի կերպ։ –․․․Ի սկզբանե ասվել է, չէ՞, որ ես, Արմենը, Փնջոյանը եւ վարորդս եղել ենք վիլիսի մեջ, հետո Փնջոյանը գնացել է, նստել Պիկապը։ Ինչի՞ համար է գնացել։ –Ես տեղեկություն չունեմ, ուղեկցող է եղել հավանաբար [պիկապում]։ –Այսինքն՝ ինչ–որ մեկը ուղեկցել է մեզ։ Բայց ոչ ոք չի՞ ասել՝ ինչի համար է Փնջոյանը իջել,– հարցրեց Աբգարյանը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Աբգարյանը եւս չպարզաբանեց իր այդ հարցը։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ վկան տեղեկություն ունի՞, որ ինքը թույլ չի տվել իր ամուսնուն մեկնել մարտական առաջադրանքի, սակայն ամուսինը հակառակվել է․  – Այո, միայն չի հորդորել, նաեւ ստիպել է, բայց իմ ամուսինը չի լսել, գնացել է։ – Ինչի՞ համար է հորդորել,– հարցրեց նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը։ – Ուղղակի իրենց ընկերական․․․ Հստակ չեմ կարող ասել․․․,– ասաց վկան։ Արսեն Աբգարյանը պարզաբանեց․ – Քանի որ անձնակազմից մի խումբ էր մեկնել, մեծամասնությունը մնացել էր Կապանի զորամասում, եւ որպես վերադաս զորամասում եղել է միայն ինքը, այդ իսկ պատճառով մատակարարման խնդիրն էլ առաջադրված է եղել իրեն, ինքը անձնակազմին սնունդ պիտի մատակարեր, էդ հարցերի շուրջ կազմակերպեր բոլոր գործողությունները, քանի որ ինքը հանդիսացել է զորամասի թիկունքի պետը։ Վկայի խոսքով՝ Արսեն Աբգարյանի եւ Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպումների արդյունքում ինքը, ամեն դեպքում, իր հարցերի պատասխանները չի ստացել։ Թե ումից է վկան իր ունեցած տեղեկությունները հավաքել, դժվարացավ կոնկրետ հիշել, ասաց՝ ընդհանոր բոլորի հետ խոսել է, բայց անուններ տալ այժմ չի կարող, կարող է ասել միայն, որ մանրամասն տեղեկություններ ունեցել են զինծառայողներ Գեորգի Հախնազարովը եւ Սահակ Կիրակոսյանը։ Զորամասի հրամանատարի գործողությունների մասին, ըստ նրա, զինծառայողները իրեն ոչինչ չեն պատմել։ Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցերին, թե ինչու անձնակազմը ավտոբուսներից չի իջել եւ ինչու է նախատեսված վայրից ավելի հեռուն գնացել, վկան պատասխաններ չուներ, ասաց՝ իրեն հայտնի է միայն, որ երկու խումբ է եղել․ «Ըստ իմ տեղեկությունների՝ ի սկզբանե երկու խումբ է եղել․ մեկը ղեկավարել է Անդրանիկ Մակարյանը, մյուսը՝ Արսեն Աբգարյանը։ Քանի որ տեղեկություն ունեին դիվերսիոն խմբի մասին, պիտի գնային, շրջափակեին իրենց, բայց քանի որ Աբգարյանի խումբը սխալմամբ թե չգիտեմ՝ ինչի հետեւանքով հայտնվել է շրջափակման մեջ, տեղի է ունեցել այս դեպքը։ Պարոն Մակարյանի խումբը՝ էլի 62-հոգանոց, եղել է ինչ–որ սարի հետեւում, հիմնականում կապի գնդի ստորաբաժանում է եղել, ու երբ մերոնք հայտնվել են շրջափակման մեջ, մերոնց մեջ 12 հոգի հետախուզող է եղել, մեր 12–ը եւ պարոն Մակարյանի խմբի 12-ը իրար ճանաչելիս են եղել հետախուզության զորքերից, շրջափակման մեջ գտնվողները զանգել են, խնդրել են իրենց օգնություն ցուցաբերեն, բայց էնտեղից, հստակ չեմ կարող ասել ինչ պատճառներով, ամեն դեպքում, օգնություն չի հասել»,– պատմեց Հասմիկը։ Լուսանկարում՝ Դավիթ Նավասարդյանը Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ։ Մասնավորապես, նախաքննության ժամանակ  վկան ավելի մանրամասն էր պատմել այս դրվագի մասին, նշել, որ հետախույզներից Լյուդվիգը զանգահարել է Գեւորգին (հայտնի է Գիվի անվամբ),  կցկտուր մի քանի բառ ասել, եւ Գեւորգը, հասկանալով, որ մյուս խումբը ընկել է շրջափակման մեջ, Անդրանիկ Մակարյանին առաջարկել է կրակել հակառակորդի ուղղությամբ, նրանց ուշադրությունը շեղել, սակայն Մակարյանը, հեռախոսով խոսելով ինչ–որ մեկի հետ, իրենց նահանջի հրաման է տվել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ նախաքննության ժամանակ իր հիշողությունն ավելի թարմ է եղել, հիմա այդ մասին չի հիշել, այդ իսկ պատճառով չի նշել։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր նաեւ, որ հարցին, թե ինչու չէին ունեցել պայթուցիկներ, Արսեն Աբգարյանը պատասխանել է՝ եթե տային, ավտոբուսների մեջ խաղալու էին դրանց հետ, եւ կարող է՝ իրենք իրենց վնասեին։ Ասել է նաեւ, որ կրակոցները սկսվելուց հետո Աբգարյանը, հավանաբար հասկանալով, որ շրջափակման մեջ են ընկնելու, տվել է նահանջի հրաման։ Այս մասին եւս դատարանում վկան չէր նշել։ Ի վերջո, տեղի ունեցածը վրիպում էր թե միտում հարցին Հասմիկ Ղուկասյանը չկարողացավ հստակ գնահատական տալ։ Վկայի տեղեկություններով՝ Գեւորգ Նշանյանը զորամաս է վերադարձել առանց գրավոր թույլտվության Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը Հասմիկ Ղուկասյանին խնդրեց պատմել՝ ինչ է իրեն հայտնի Գեւորգ Նշանյանի՝ զորամաս վերադարձի մասին։ Նա ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի՝ մարտական գործողություններից առերեւույթ խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ այժմ մեղադրվում են  Սարգիս Կուլակչյանն ու Էլլադա Հարությունյանը։ Վկան պատմեց, որ Գեւորգ Նշանյանը զորամասի կազմով մեկնել է մարտական գործողության հոկտեմբերի 8-ին, սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, 12-ին կամ 13-ին, առանց որեւէ փաստաթղթի վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ պատճառաբանելով, որ անհետ կորած բարեկամ ունի, որի որոնողական աշխատանքներով պետք է զբաղվի։ Հարցին, թե ինչու նրա վերադարձը գրանցամատյանում չի արձանագրվել, վկան պատասխանեց՝ իբրեւ պիտի հետ դառնար։ Սակայն նա այդպես էլ չի վերադարձել մարտական գործողության վայր, հետագայում մարտական գործողության մասնակցության պարգեւատրում է ստացել։ Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպաններ Ամրամ Մակինյանը, Մարտիկ Մարտիրոսյանը Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը հետաքրքրվեց․ – Թույլտվությա՞մբ է վերադարձել։ – Ես հստակ չգիտեմ, իմ ունեցած տվյալներով՝ գրավոր թույլտվություն չի եղել։ – Առանց զորամասի հրամանատարին տեղեկացնելու հնարավորություն ունե՞ր գալու։ – Չէ,- պատասխանեց վկան։ –Այսինքն՝ առնվազն զորամասի հրամանատարի հրաման կամ թույլտվություն եղել է,– եզրահանգեց պաշտպանը։  Հասմիկ Ղուկասյանը նշեց՝ տվյալ դեպքում անձը պիտի հրամանագրվեր երկու տեղում էլ․ թե՛ այնտեղ, որտեղից դուրս է եկել, թե՛ այնտեղ, որտեղ վերադարձել է, սակայն եթե մի տեղից նրա ելքը չի հրամանագրվել, շարային մասի պետը մյուս տեղում վերադարձը հրամանագրել չէր կարող։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին։ Գլխավոր լուսանկարում՝ վկա Հասմիկ Ղուկասյանը, դատավոր Սարգիս Դադոյանը Միլենա Խաչիկյան
13:59 - 10 հունվարի, 2024
Դատարանը մերժեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը

Դատարանը մերժեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված էր հերթական դատական նիստը։ Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է  2020 թ․ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։  Շուրջ երկու տարվա դատական քննությունից հետո նրա վերաբերյալ գործը քննող դատավորը փոխարինվեց մեկ այլ դատավորով, ինչի արդյունքում ավարտական փուլում գտնվող գործի քննությունը վերսկսվեց ամենասկզբից։ Ըստ այդմ, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր ապացույցների, մասնավորապես գործում առկա տեսանյութերի հետազոտումը, սակայն հերթը դրան չհասավ։ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը նիստի սկզբում հայտարարեց, որ պաշտպանական կողմը քրեական գործի հետագա քննությունը դռնփակ իրականացնելու միջնորդություն ունի։ Քրեական դատավարության նախկին օրենսգիրքը (1998 թ․), որի կարգավորումներով քննվում է այս գործը, սահմանում է, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ: Հաշվի առնելով օրենքի այս պահանջը՝ դատավորը խնդրեց դատավարության մասնակի չհանդիսացող անձանց լքել նիստերի դահլիճը։ Այդպիսով, լրագրողները միջնորդության բովանդակային քննությանը չմասնակցեցին։  Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդությունը ներկայացրել է՝ դատական նիստի ընթացքում անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով պաշտպանական եւ տուժող կողմերի միջեւ պարբերաբար սրվող լարվածությունը։ Տուժող եւ մեղադրող կողմերն առարկել են միջնորդության դեմ՝ պնդելով, որ դատարանն ի զորու է ապահովել անվտանգությունը դռնբաց քննության պայմաններում։ Լսելով կողմերին՝ դատարանը մերժել է միջնորդությունը։ Դրանից հետո գործի բովանդակային քննություն այլեւս տեղի չի ունեցել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 19-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմին Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան
17:58 - 08 հունվարի, 2024
Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Այսուհետ հավելավճար կստանան գիտական աստիճան ունեցող այն գիտաշխատողները, որոնք ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Հ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը քննարկվեց և ընդունվեց ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 4-ի նիստի ժամանակ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է մեկ միլիոն բնակչի հաշվով, և սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են գիտական գործունեությամբ․ «Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Մենք ընդհանուր առմամբ ունենք 2455 նման գիտաշխատող, որը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար անհրաժեշտ է, որ մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների՝ լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը»։ 2008 թվականից գործող որոշմամբ գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները՝ 25 000 դրամի չափով, գիտությունների դոկտորները՝ 50 000 դրամի չափով։ Հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պայմաններում։ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման ֆոնին նախկինում հաստատված կարգը վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի, քանի որ մեծամասնությունը հաղթահարում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը․  «Հետևաբար այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն նորմալ ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան, և սա կարևոր է, որ գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։ «Մեր դիտարկումներով այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված, գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենա, և դրանով իսկ մենք կխրախուսենք, որ նրանք ևս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս որոշմամբ նրանց խնդրում ենք, որ ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց որոշակի պայմաններ ստեղծել ենք։ Վերջերս ԳԱԱ-ում խոսում էինք, թե ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել, ձեռք բերելու։ 2024թ․-ին մի քանի միլիարդ դրամի գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված, բայց այդ սարքերը պետք է մեր հարգարժան գիտնականների միջոցով օգտագործվեն, մինչև նաև նոր սերունդ կաճի, և նոր սերունդը նույնպես այդ հնարավորությունը կունենա։ Կարծում եմ՝ արդարացված և ճիշտ որոշում է»։ ԿԳՄՍ նախարարն էլ հիշեցրեց, որ ընդամենը մի քանի նիստ առաջ հաստատվել է նաև գիտնականների ատեստավորման նոր կարգը, որը սինխրոնացված է այս մոտեցումների հետ․ «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որոնք պետք է գիտաշխատողներին խրախուսեն էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում՝ միջազգային առումով մրցունակ գիտական արտադրանքի մասին է խոսքը, և այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանության հետ»։
13:32 - 04 հունվարի, 2024
Երեկոյան հոթ դոգ #6 Տարվա ստերը, խաղաղությունը, Արցախի անվտանգությունն ու երևանցի ադրբեջանցիները

Երեկոյան հոթ դոգ #6 Տարվա ստերը, խաղաղությունը, Արցախի անվտանգությունն ու երևանցի ադրբեջանցիները

Ձմեռ պապը, 2023 թվականի ստերն ու ամանորյա ուղերձը, խաղաղության դարաշրջանը, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ռուս խաղապահները, հայկական արտադրության Սեպուհ 1 ավտոմեքենան ու հայկական արբանյակից ստացվող տվյալները, ադրբեջանցիների տեսանյութերը Երևանից ու արագաշարժ ԱԱԾ-ն, Բաստիոն զրահամեքենաներն ու Մարիա Զախարովան, Քյոխի մահվան և Թաղավարդում կոտորածի մասին լուրերը, ԱՄՆ պետական պարտքն ու Բայդենը, Փաշինյանի մանիպուլյացիաները, Թրամփի 30500 կասկածելի պնդումներն ու Պուտինին հարց տվող Պուտինը, ավագանու ընտրությունների կազմակերպված հակաքարոզչությունն ու սպասվող ընտրությունների տարին, անտեսանելի «Սատանի անիվը» և քամուց պտտվող վերամբարձ կռունկը։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանն ու մեդիափորձագետ Հարություն Ծատրյանը։
16:57 - 31 դեկտեմբերի, 2023
Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Մենք տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության տարեվերջյան ասուլիսում։ «Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, միաժամանակ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիոն է, ռազմարդյունաբերության զարգացման համար սահմանված թիրախային պահանջ։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական բախման գործոն։  Նման քայլի դիմելը այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն կա, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի վրեժխնդիր ամբոխին։ Օրինակ, վերջերս Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր մի խումբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց՝ քրեականացնելու Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Հայաստանում ով ճանաչի այս փաստը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Նախաձեռնությանը սատարողների ներկայությունը չի կարելի անտեսել»,- ասել է նախարարը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը չպետք է երրորդ երկրների «պատանդը» դառնա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական   սահմանին։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչու՞ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք։
17:09 - 28 դեկտեմբերի, 2023
Ըստ Լավրովի՝ Հայաստանը փորձում է ՌԴ հետ իր դաշինքը փոխարինել Արևմուտքի անորոշ խոստումներով

Ըստ Լավրովի՝ Հայաստանը փորձում է ՌԴ հետ իր դաշինքը փոխարինել Արևմուտքի անորոշ խոստումներով

Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։ Նրանց առաջադրանքը Մոսկվային դուրս մղելն է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը TACC-ին տված հարցազրույցում։ «Այժմ Հայաստանը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Նշեմ, որ դրանց կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ չի ստացվելու։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։  Նա նշել է, որ նրանք այլ առաջադրանք ունեն․ «Այն է՝ դուրս մղել Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրներից, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկանյան երկրներից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «այս ոչ պարզ իրավիճակից ելքը ակնառու է․ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի ու Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։ Դիվանագետի ցավով հայտնել է, թե պաշտոնական Երևանը «տրվելով արևմտյան երկրների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը․ «Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն անորոշ խոստումներով»։ «Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել երկրում տեղի ունեցած բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակային խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. իմաստ չկա հիմա նորից թվարկելու Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Ըստ Լավրովի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթի են, և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն։ Նա շեշտել է, որ «հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։ Նշելով, որ Մոսկվայի և Երևանի միջև «տպավորիչ տեմպերով» զարգանում են առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը՝ Լավրովը դրանք երկու երկրների «հարաբերությունների հիմքն» է համարել, ինչպես նաև «կարևորագույն օգնություն՝ Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»։
09:35 - 28 դեկտեմբերի, 2023
Իրանը ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն՝ առանց արտաքին ուժերի միջամտության․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն՝ առանց արտաքին ուժերի միջամտության․ Իրանի ԱԳ նախարար

Աջակցում ենք վարչապետ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարին և պատրաստ ենք հետևողական լինեն «Հյուսիս-Հարավ» տարանցիկ երթուղու համար։ Այս մասին հայտրարաել է Իրանի ԱԳ նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահիան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։  «Իրանը ցանկանում է, որ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովված լինի՝ առանց արտաքին ուժերի միջամտության, և միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանան խաղաղությունն ու անվտանգությունը ապահովված լինել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես խոսել է խաղաղության գործընթացի մասին․ «Շատերը պնդում են, որ հնարավորության իրական պատուհան կա խաղաղության այս գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար․ ես, անշուշտ, պետք է համաձայնեմ այս պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած ունեցել ենք բազմաթիվ խոչընդոտներ ու բարդություններ, չնայած նույնիսկ ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը»,- նշել է Արարատ Միրզոյանը։  ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն իսկապես այդ հնարավորությունը տեսնում է։ «Մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ափսոս, ակնհայտորեն, որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ խաղաղության պայմանագիր ստորագրել, և մեր կառուցողականությանը զուգահեռ՝ մենք կարիք ունենք նաեւ ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ 
17:17 - 27 դեկտեմբերի, 2023