Ինֆոքոմ

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման կարգը և պայմանները

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման կարգը և պայմանները

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման օժանդակության կարգը և պայմանները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, և դա ոգեշնչում է զբաղվել ներդրումների խթանմամբ։ Նա նշեց, որ  ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին՝ իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում․  «Շատ մարդիկ, ովքեր գործարաններ են կառուցում, հյուրանոցներ, տարբեր տեսակի ներդրումներ են անում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում որոշակի ենթակառուցվածքների հետ կապված։ Կլինի դա ջրատար, գազատար․ այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենը օգնելով նրանց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ։ Եթե որևէ ներդրող ներդում է անում մինչև 500 միլիոն դրամի չափով, մենք այդ գումարի 20%-ի չափով պատրաստ ենք տրամադրել այն ենթակառուցվածքը, որը իրեն անհրաժեշտ է։ Եթե 500 միլիոն դրամը գերազանցող գումար է, ապա 10%-ի չափով։ Այսինքն՝ եթե որևէ մեկը մեկ միլիարդ դրամի ներդրում է անում, մենք 500 միլիոնի 20%-ը և մյուս 500 միլիոնի 10%-ը տրամադրում ենք, այսինքն ՝ 150 միլիոն դրամի օժանդակություն ենք պատրաստ տալ»։
12:01 - 24 օգոստոսի, 2022
Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

«Ադրբեջանի հաղթանակից հետո» Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։   Ըստ Չավուշօղլուի՝ խոսքը թռիչքների վերաբացման ու առևտրի ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկելուն է վերաբերում։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի ու Թուրքիայի իրականացրած այս երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ։  «Հարավային Կովկասում երկարատև ​​խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի միջոցով։ Ադրբեջանը առաջարկների փաթեթ ներկայացրեց, որին Հայաստանը երկար ժամանակ չպատասխանեց։ Հիմա ստեղծվել է սահմանային հարցերի հանձնաժողով․ այս աշխատանքները պետք է իրականացվեն։ Կա նաև Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանց մասին խոսելը Հայաստանին նյարդայնացնում է, բայց սա այն է, ինչ ստորագրվել է եռակողմ հայտարարությամբ»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։  Չավուշօղլուի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա ու ասի՝ արդյոք ուզում է խաղաղություն, թե ոչ»։  «Տպավորություն է, թե Ադրբեջանն է Հայաստանից հողեր վերցրել։ Ադրբեջանը արդեն ճանապարհ է կառուցել, խաղաղապահ ուժերն էլ այդտեղ են կանգնելու։ Այդ բնակելի վայրերից դուրս գալիս հայերը այրում ու ոչնչացնում են դրանք։ Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, բայց Հայաստանը նույնպես պետք է իմանա և չզարմանա։ Մեր բարի մտադրությունների մեջ կասկած չկա։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- եզրափակել է Չավուշօղլուն։ 
14:12 - 23 օգոստոսի, 2022
Որտեղի վերաբերյալ ինֆորմացիա ենք ունենում, ուսումնասիրություն ենք անում, բացառելով առաջ ենք գնում. Եմիշյանը՝ անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքների մասին

Որտեղի վերաբերյալ ինֆորմացիա ենք ունենում, ուսումնասիրություն ենք անում, բացառելով առաջ ենք գնում. Եմիշյանը՝ անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքների մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած վերջին քաղաքացուն փնտրում է բոլոր հնարավոր տեղերում և բացառելով գնում առաջ։ Այս մասին դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։ «Որտեղի վրա ինֆորմացիա ենք ունենում, ուսումնասիրություն ենք անում, որոնողական աշխատանքներ, բացառելով առաջ ենք գնում։ Շենքի երկրորդ հատվածը մոտ 24-25 ժամ վառվում էր, այս հատվածում իրականացվում էին հրդեհաշիջման աշխատանքներ, և քանի որ պահեստներում տարբեր տեսակի նյութեր են եղել, աշխատում էին մեկուսացնող հակագազով։ Այսինքն՝ այդ հատվածում մենք 20 ժամից ավելի հրդեհաշիջում ենք իրականացրել և հավանական հատվածը նաև դա է։ Քանի որ պահեստային տարածքում նաև բարձր ջերմաստիճան էր եղել, հրդեհաշիջում էինք անում, մոխրի բարձրությունը մոտավորապես 1-1.5 մետր է եղել»,-ասաց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է անհետ կորած քաղաքացու մարմինը մոխրացած լինի, Եմիշյանը դրական պատասխան տվեց։ Անդրադառնալով հարցին, թե որքան է շարունակվելու անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, Եմիշյանն ասաց՝ շարունակելը ինչ-որ սահմանի ունի, և բոլոր տեղերը բացառելուց հետո փորձագետներին են դիմելու, որպեսզի հասկանան, թե բարձր ջերմաստիճանի դեպքում ինչ կարող էր լինել․ «Մենք այդ մոխրի մեջ ավելի շատ փնտրում էինք մասունքներ, ոչ թե ամբողջական մարմին։ Եվ դա էլ չէինք կարողացել գտնել այն հատվածում, որտեղ պիտի լիներ»։ Նա հավանական համարեց տարբերակը, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ևս մեկ օր և այդպիսով կավարտվեն։ Խոսելով կամավորների աշխատանքի մասին՝ ՓԾ տնօրենի տեղակալը ասաց, որ որոշ կամավորներ երբեմն դանդաղեցրել են որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, չեն ենթարկվել ոստիկաններին․ «Մենք լռության րոպե էինք հայտարարում, 10 րոպե գոռում էինք, որ լռության րոպե լինի՝ հասկանալու համար՝ մարդ կա ողջ, թե չէ։ Դա առաջին օրն է եղել, երկրորդ օրը կանոնակարգվել է, ուղղակի չէին ենթարկվում հրամաններին ու իրենց թվում էր, որ իրենք ավելի շատ գիտեն»,-ասաց նա՝ նշելով, սակայն, որ եղել են նաև կամավորներ, որոնք շատ լավ են կատարել իրենց աշխատանքը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
17:47 - 22 օգոստոսի, 2022
«Ցանկանում ենք կառուցել մեր ապագայի նախատիպը ու խթանել մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը»․ Նոյեմբերյանում կայացավ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը

«Ցանկանում ենք կառուցել մեր ապագայի նախատիպը ու խթանել մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը»․ Նոյեմբերյանում կայացավ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը

14-ամյա Հայկը Տավուշի մարզի Չինարի գյուղից է․ նա ուզում է ծրագրավորող դառնալ ու ապրել իր մարզում։  18-ամյա Մերին Արցախի Մարտակերտ քաղաքից է, հասցրել է իր ընկերների հետ Մարտակերտում մի քանի նախաձեռնություններ իրականացնել, Երևանում ուսումն ավարտելուց հետո էլ պատրաստվում է վերադառնալ այնտեղ: Լիլին, Մանվելը, Մանուշակը Լոռու մարզի Օձունից են։ Նրանք ասում են՝ իրենց գյուղում կրթվելու ու զարգանալու բոլոր պայմանները կան, բայց ժամանցային վայրեր չունեն, դրա համար էլ որոշել են սրճարան բացել, որտեղ կհամատեղվեն կրթությունն ու ժամանցը, կլինեն գրադարան ու կինոսենյակ։ Վազգենը Տավուշի Աչաջուր գյուղից է, հաճախում է  Իջևանի  «Արմաթ» լաբորատորիա։ Նա ասում է՝ իր համայնքում հասակիցների հետ կիսվում է փորձով ու գիտելիքներով, որ մոտիվացնի նրանց։ Այս բոլոր պատանիներին ու երիտասարդներին օգոստոսի 20-ին ու 21-ին Նոյեմբերյանում միավորել էր «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը։ Կոնֆերանսը կազմակերպել էր «Protolab» ստարտափի թիմը ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առթիվ։ «Protolab»-ի թիմի մի մասը «Protolab»-ը ստեղծելու գաղափարն առաջացել էր մի քանի տարի առաջ, իսկ ստարտափը հիմնադրվեց 2021-ի օգոստոսին։ Նոյեմբերյանի «Արմաթ» լաբորատորիայի չորս սաներ իրենց բնակավայրում ստեղծեցին 3D տպագրությամբ զբաղվող «Protolab»-ը։ Այսօր թիմում արդեն կա 8 հոգի, և նոր անդամները ոչ միայն Նոյեմբերյանից են, այլ նաև Լոռուց, Արագածոտնից, Արցախից։ «Protolab»-ի նախագծերի ղեկավար Մերի Գիշյանն ասում է՝ իրենց համար կարևոր նշանակություն ունեն կրթվելն ու ինքնակրթվելը, դրա համար էլ ցանկանում են իրենց իմացածը փոխանցել տարբեր մարզերի պատանիներին։ Ձախից երրորդը՝ Մերին Հենց այդպես էլ նրանց թիմը որոշեց հիմնադրման մեկամյակի առթիվ մարզերի ու Երևանի՝ 16 տարեկանից բարձր պատանիների ու երիտասարդների համար կոնֆերանս կազմակերպել, որի ընթացքում մասնակիցները կլսեն բանախոսություններ, հարցեր կտան ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների, կլսեն նրանց խորհուրդներն ու նոր գիտելիքներով կվերադառան իրենց մարզեր՝ ստեղծելու նոր թիմեր և կյանքի կոչելու նոր գաղափարներ։ «Մենք ցանկանում ենք մարզում՝ այսպիսի կրթական միջավայրում, կառուցել մեր ապագայի նախատիպը ու այդ ապագայի նախատիպով խթան հանդիսանալ մարզերում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մենք ներդրել ենք այն գաղափարը, որ մարզերը զարգանան համաչափ»,- ասում է Մերին։ «Ամեն մարզի երիտասարդները պետք է նվիրվեն իրենց մարզին ու փորձեն ստեղծել այնպիսի բաներ, որոնք զարկ կտան երիտասարդների ակտիվությանը, ու երիտասարդները կսկսեն մնալ մարզերում, ոչ թե տեղափոխվել, օրինակ, Երևան, և զարկ կտան մարզերին, քանի որ մարզերին զարկ տալով՝ զարկ կտանք նաև պետության զարգացմանը»,- ասում է կոնֆերանսի մասնակիցներից մարտակերտցի Մերին։  Մերին «Protolab»-ի գաղափարին միացան հայաստնյան մի շարք ընկերություններ՝ իրենց ներդրումն ունենալով կոնֆերանսի կայացմանը։ «Mamble» ընկերության տնօրեն Սոնա Մամյանն ասում է՝ «Protolab»-ի մասին իմանալուց հետո թիմին հրավիրել են իրենց գրասենյակ, ծանոթացել նրանց հետ։ «Հասկացանք՝ ինչքան պայծառ, ինչքան լավ երիտասարդներ են ու ինչքան լավ գործ են անում, իրենց տարիքի և փորձի համեմատ՝ ինչքան մեծ բեռ են վերցրել իրենց վրա ու պատրաստակամ տանում են առաջ»,- նշում է Սոնան։  Սոնա Մամյանը «Mamble»-ը կոնֆերանսի հովանավորներից մեկն է, իսկ ընկերության տարբեր մասնագետներ կոնֆերանսի ընթացքում հանդես եկան որպես բանախոսներ ու մասնակցեցին պանելային քննարկումներին։ Սոնան նշում է՝ իրենց ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունը կրթությունն է, և իրենք մտահոգ են, որ երիտասարդ մարդիկ ճիշտ սկսեն կարիերան։ «Protolab»-ի հետ էլ ջերմ հարաբերություններ են ձևավորվել, քանի որ նրանք թիրախավորում են երիտասարդներին, որոնք պետք է մասնագիտություն ընտրեն։  «Մենք մտածեցինք, որ այս միջոցառման շրջանակներում ու նաև հետագայում նրանց հետ աշխատելով, կապի մեջ լինելով, անընդհատ օգնելով մեր մասնագիտական գիտելիքներով (կլինի պրոդուկտներից օգտվել, խորհրդատվություն կամ հենց ֆինանսական աջակցություն նրանց ծրագրերի ընթացքում)` կկարողանանք մեր սոցիալական պատասխանատվության սկզբնական փուլը փակել»,- ասում է նա։ Մերի Գիշյանը նշում է՝ կոնֆերանսի բանախոսներին ընտրելիս չեն կենտորնացել մեկ-երկու մասնագիտության վրա, հրավիրել են ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների։ Երկրօյա կոնֆերանսի օրակարգը հագեցած էր․ բացի բանախոսություններից ու պանելային քննարկումներից, ինչպես նաև ազգային երգ ու պարից՝ մասնակիցները հնարավորություն ունեցան խարույկի շուրջ զրուցելու միմյանց ու բանախոսների հետ, նրանցից խորհուրդներ հարցնելու, նոր բաներ սովորելու, նաև ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվելու։ Օգոստոսի 20-ի, լույս 21-ի գիշերն անցավ Նոյեմբերյանի «Գուսանահովիտ» կոչող վայրում, որտեղ խարույկի շուրջ զրույցներից, երգ ու պարից հետո կոնֆերանսի մասնակիցները գիշերեցին վրաններում։ Աչաջուրցի Վազգենն ասում է՝ այդ ընթացքում հասցրեց զրուցել կոնֆերանսի գրեթե բոլոր բանախոսների հետ ու նրանցից հարցնել այնպիսի խորհուրդներ, որոնք կնպաստեն իր մասնագիտական աճին։ Վազգենը «Protolab»-ի անդամները պատմում են, որ իրենց լավ ընկերն էր Սոնա Մնացականյանը, որն անցած տարի այցելել էր թիմին: Նրա այցից հետո «Protolab»-ը պատվեր ստացավ «Zevit» ընկերությունից, որի անդամ էր Սոնան։ «Protolab»-ում շատ էին ոգևորվել այդ պատվերից։ Այս տարի Սոնան զոհվեց ավտովթարից։ «Protolab»-ում որոշեցին, որ կոնֆերանսի ընթացքում պիտի անցկացնեն Սոնայի անվան գաղափարների մրցույթ։ Գաղափարների մրցույթին մասնակցում էր 5 թիմ։ Մարտակերտից Մերիի ու ընկերների թիմը՝ «Bitty»-ն, նպատակ ունի իրենց քաղաքում co-working տարածք ստեղծելու։ Թալինի «Information Technology in Talin» թիմն ուզում է իրենց քաղաքում կոնֆերանս կազմակերպել, որի ընթացքում կստեղծվեն ֆոկուս խմբեր, որոնք էլ կզբաղվեն քաղաքում տեխնոպարկի ստեղծման գաղափարը կյանքի կոչելով։ Օձունի թիմն ուզում է սրճարան բացել, որտեղ կհածատեղվեն ժամանցն ու կրթությունը: Գեղարքունիքի Դրախտիկի թիմը ցանկանում է գյուղում պուրակ կառուցել։ Նոյեմբերյանի «Արմաթի» թիմն էլ ուզում է կայք, հետագայում էլ հավելված ստեղծել, որտեղ քարտեզի վրա կնշվեն Նոյեմբերյանի տարածաշրջանի պատմամշակութային վայրերը, հյուրատները ու ամեն բան զբոսաշրջիկների համար, որոնք կցանկանան այցելել Նոյեմբերյան։ Գաղափարների մրցույթում հաղթեց Օձունի թիմը՝ ստանալով 300 000 դրամ աջակցություն։ Թիմին մրցանակ հանձնեցին կոնֆերանսի հովանավոր «Zevit» ընկերության ներկայացուցիչները։ Իսկ «Protolab»-ը 150 000 դրամ խրախուսական մրցանակ հանձնեց Նոյեմբերյանի «Արմաթի» թիմին։ Կոնֆերանսի մասնակիցներն էլ պատրաստակամություն հայտնեցին մենթորություն անելու մասնակից մյուս թիմերի համար, որ նրանք ևս կարողանան իրենց գաղափարներն իրականություն դարձնել։ «Protolab»-ի անդամներն ասում են՝ կոնֆերանսը չէր կայանա առանց կամավորների։ Շուշանիկը Նոյեմբերյանից է։ Նա նշում է, որ «Prortolab»-ի թիմին օգնում է դեռ անցած տարվանից, երբ ստարտափը նոր էր հիմնադրվում, դե իսկ այս տարվա օգոստոսին որպես կամավոր մասնակցել է կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին։ Շուշանիկն ու մյուս կամավորները ողջ կոնֆերանսի ընթացքում զբաղված էին մասնակիցների գրանցման, տեխնիական ապահովման և այլ աշխատանքներով։  Աջից առաջինը՝ Շուշանիկը «Արժեք ստեղծելու համար ամենալավ տարբերակը մարդկանց հավաքելն է մի տեղ, որպեսզի նրանք թիմեր կառուցեն։ 50 համայնքներից ներկայացուցիչներ ունենք։ Մեր նպատակն է, որ ամեն համայնքում, գոնե դրանց կեսից շատում հավաքվեն երեխաները և թիմեր կառուցեն, ու ծնվեն նոր «Protolab»-եր, նոր երիտկենտրոններ, նոր թիմեր, որոնք իրենց համայնքներում կբերեն փոփոխություն»,- ասում է «Protolab»-ի համահիմնադիր Արգամը։  Մերին էլ նշում է, որ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսով չեն սահմանափակվելու․ նախատեսում են տարին երկու անգամ Նոյեմբերյանը դարձնել Հայաստանի տեխնոսիրտը և քաղաքում համախմբելով ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների, տարբեր ընկերությունների՝ կազմակերպել միջոցառումներ, համախմբել մարզեցի երիտասարդների, որ նրանք նոր գիտելիքներ ստանան ու նպաստեն իրենց հայրենիքի զարգացմանը։ Կոնֆերանսը եզրափակեց «Protolab»-ի թիմը՝ պատմելով մի տարվա ընթացքում ունեցած հաջողությունների ու դժվարությունների մասին։  «Մեկ տարվա ընթացքում, չունենալով փորձ, ունենալով շատ քիչ գիտելիքներ, կարողացել ենք ստանալ մի իրավիճակ, որ ունենք 15-ից ավելի գործընկեր, թիմը մեծացել է մոտ 2 անգամ, աճ ենք ունեցել ֆինանսական առումով, ձեռք ենք բերել գիտելիք, փորձ»,- նշեց Արգամը։ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի
19:12 - 21 օգոստոսի, 2022
Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն այն աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են պատերազմից հետո տեղահանված քաղաքացիները

Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն այն աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են պատերազմից հետո տեղահանված քաղաքացիները

Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչների տարհանումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության գործընկեր կազմակերպությունների միջոցով՝ նրանց տրամադրելով գումար, որպեսզի կարողանան տեղափոխել իրերը։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նախարարությունից, սակայն, չեն մանրամասնել, թե որքան գումար է տրվում յուրաքանչյուր անձի կամ ընտանիքի տեղափոխման համար, քանի որ այն իրականացվում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, և գումարի չափի վերաբերյալ ՏԿԵ նախարարությունը հստակ տեղեկություն չունի։  Տեղահանվող բնակիչներին տրվել է միանվագ 250.000 դրամ աջակցություն։ Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչները օգտվելու են այն բոլոր աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչները։  Հարցին, թե արդյոք ժամանակավոր կացարաններով ապահովվելու են նշված բնակավայրերի բնակիչները, նախարարությունից տեղեկացրել են, որ բնակիչներին տրվել է բնակվարձի փոխհատուցում այն ծրագրի շրջանակում, որից օգտվում են պատերազմից հետո տեղահանված մյուս բնակիչները։ Խոսքը Արցախի Հանրապետութան բնակարանային կոմիտեի ամսական յուրաքանչյուր տեղահանված անձի համար 40.000 դրամ բնակվարձի փոխհատուցման մասին է։ Նախարարությունից հայտնել են նաև, որ Աղավնոյից, Բերձորից և Ներքին Սուսից Արցախ և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կապահովվեն մշտական բնակարաններով, ինչպես պատերազմից հետո տեղահանվածները։ Նշենք, որ տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու համար Արցախի կառավարությունը պատերազմից հետո բնակելի շենքերի կառուցման աշխատանքներ է սկսել, իսկ ՀՀ կառավարությունը հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պետությունը իրականացնում է մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջնական տեղեկություն չունի, թե Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղահանված բնակիչներից քանիսն են շարունակելու ապրել Արցախում և քանիսն են բնակվելու Հայաստանում։ «Մեզ համար ցանկալի տարբերակ այն կլինի, որ բոլոր բնակիչները տեղափոխվեն Արցախ»,-հայտնել են նախարարությունից։Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի համայնքապետերին հայտնել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց բնակավայրերը։ Նանե Ավետիսյան
16:10 - 20 օգոստոսի, 2022
Պուտինը և Սի Ծինփինը խոստացել են մասնակցել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին

Պուտինը և Սի Ծինփինը խոստացել են մասնակցել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախատեսում են մասնկացել «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բալիում։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Այո, Սի Ծինփինը մասնակցելու է, նախագահ Պուտինը ևս ինձ ասել է, որ գալու է»,- ասել է Վիդոդոն Bloomberg-ին տված հարցազրույցում։ Դեռևս ապրիլին Ինդոնեզիայի նախագահը հաստատել էր, որ ՌԴ նախագահը ընդունել է համաժողովին մասնակցելու հրավերը։ Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երեկ ՌԴ և Ինդոնեզիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել ու, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև համաժողովին նախապատրաստական հարցեր։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դեռևս որոշված չէ, թե Պուտինը ինչ ֆորմատով է մասնակցելու համաժողովին։ Նախատեսվում է, որ համաժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 15-16-ին։
11:07 - 19 օգոստոսի, 2022
«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի կապակցությամբ: Այս մասին նա ասել է Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն։ «Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»,- նախազգուշացրել է Գուտերեշը: Սա նրա ու Զելենսկու առաջին հանդիպումն էր ապրիլյան հանդիպումից ի վեր, երբ այցի ընթացքում հրթիռակոծվել էր Կիևը։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունները՝ ասելով, որ անհանգստացած է ատոմակայանում «հերթական չեռնոբիլյան» աղետի վտանգի առնչությամբ: Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԷԿ-ի շրջակայքը, որը Ռուսաստանը գրավել էր մարտ ամսին, ենթարկվել է ծանր հրետակոծության․ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում հարձակումների համար: Եռակողմ հանդիպումից առաջ Զելենսկին քննադատել է ռուսական «կանխամտածված» հարձակումները էլեկտրակայանի վրա։ Մոսկվան մեղադրվում է օբյեկտը ռազմական բազայի վերածելու մեջ․ երեք առաջնորդներն էլ ռուսական կողմին կոչ են արել հնարավորինս շուտ ապառազմականացնելու գոտին: Reuters-ի փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են պատերազմին վերջ տալու ուղիները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը, Գուտերեշը և Զելենսկին քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել վերջին դրական մթնոլորտը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, որոնք տեղի են ունեցել մարտին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան հուլիսին համաձայնություն են ձեռք բերել, որով ՌԴ-ն վերացրել է ուկրաինական հացահատիկի արգելափակումը․ արտահանումը վերսկսվել է օգոստոսի սկզբին: «Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին և Գուտերեշն էլ այս հարցում համակարծիք են»,- ասել է Էրդողանը։ Ռուսական կողմից հանդիպման վերբերյալ արձագանք դեռևս չկա։
10:45 - 19 օգոստոսի, 2022
Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով մահացել է․ այս պահին մեկ քաղաքացու ենք փնտրում․ Կոստանյան

Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով մահացել է․ այս պահին մեկ քաղաքացու ենք փնտրում․ Կոստանյան

Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով, ցավոք, մահացել է։ Այդ առումով մենք այս պահին փնտրում ենք մեկ քաղաքացու։ Այս մասին այսօր դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։  «Անհետ կորածները երկուսն են, բայց մենք, ըստ էութան, այս պահին փնտրում ենք մեկ քաղաքացու։ Այդ մեկ անձը, ում նույնանակացում է արվում, նմուշառումներ են վերցվել ընտանիքի անդամներից, մի քանի օրվա ընթացքում մենք արդեն նույնականացում կունենանք, այսինքն՝ երկու որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով, ցավոք, մահացել է։ Այդ առումով մենք այս պահին փնտրում ենք մեկ քաղաքացու»։  Անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին ԱԻՆ-ի աշխատանքից դժգոհություններ են եղել,  պայթյունի տարածքը փակ չի եղել, Կոստանյանն ասաց․ «ԱԻՆ-ի գործառույթների մեջ մտնում է արագ արձագանքում, հրդեհաշիջման, փրկարարական և այլ աշխատանքները։ Մենք արձագանքումը ունեցել ենք, ահազանգը ստանալուց 7 րոպեից հետո եղել ենք դեպքի վայրում, իրականացրել ենք հրդեհաշիջման, որոնողափրկարարական աշխատանքները։ Անվտանգության տեսանկյունից գուցե ձեր հարցերը պետք է ուղղեք իրավապահ մարմիններին։ Ես չեմ ասում, որ թերացել են, ես ուղղակի ասում եմ, որ բարձրացած հարցը մեր տիրույթում չի գտնվում, մեր ֆունկցիաները, կարծում եմ, կատարել ենք պատշաճ մակարդակի»։ Կոստանյանը անդրադարձավ նաև կամավորների ներգրավման վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ մարդուժի պակաս չեն ունեցել․ «Որոնողափրկարարական աշխատանքների մեջ ներգրավված են եղել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Առաջին վայրկյանից ահռելի քանակությամբ սկսել են զանգել մեր 911 թեժ գծին հասարակ քաղաքացիները նաև կազմակերպություններ, անհատներ, ովքեր ցանկություն են ունեցել իրականացնելու որոնողափրկարարական աշխատանքներ։ Շտաբի կողմից որոշում է ընունվել այդ քաղաքացիների մեկնած ձեռքը ընդունել և իրենց ներգրավել աշխատանքների մեջ։ Կապված չի եղել մարդուժի պակասի հետ, այլ չենք ցանկացել մեր քաղաքացիներին մերժել»։ Նա հավելեց, որ «խառնաշփոթ» եղել է միայն առաջին ժամերի ընթացքում․ «Խառնաշփոթը եղել է նախնական մի քանի ժամվա ընթացքում, երբ տարածքի քաղաքացիները, սեփանակատարեր, տարածքով անցնող մարդիկ, բոլորը այդ պահին փորձել են ինչ-որ չափով աջակցել և դրանով է պայմանավորված եղել դեպքից հետո մոտակա ժամերի ընթացքում տիրող խառնաշփոթ իրավիճակը, բայց անգամ այդ խառնաշփոթը մեր փրկարարներին և հրշեջ ջոկատներին չի խանգարել, որպեսզի ինտենսիվորեն իրականացնեն թե՛ որոնողական, թեэ հրդեհաշիջման աշխատանքները»։
18:54 - 18 օգոստոսի, 2022
Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն․ որոնողափրկարական աշխատանքները իրականացվել են բուն պայթյունի վայրում․ Կոստանյան

Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն․ որոնողափրկարական աշխատանքները իրականացվել են բուն պայթյունի վայրում․ Կոստանյան

Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն։ Առավոտվանից վերսկսել են որոնողափրկարական աշխատանքները բուն պայթյունի վայրում։ Այս մասին դեպքից վայրից լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ  խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Այդ հատվածում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու։ Աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն հայտնաբերելը»,-ասաց նա։ Կոստանյանը նաև նշեց, որ շենքը կարող են ապամոնտաժել միայն անհետ կորած քաղաքացուն գտնելուց հետո․ «Քաղաքացուն գտնելուն պես արդեն հարց կդրվի և տարածքի անվտանգության մասով։ Դուք նկատում եք, որ պանելային և սյուների հատվածում կան որոշակի խնդիրներ։ Մենք պետք է դրանք ապամոնտաժենք։ Երբ անվտանգության տեսանկյունից որևէ խնդիր չի լինի տարածքում, այդ ժամանակ մասնագիտական կազմակերպության կողմից, կարծում եմ՝ մասնավորի միջնորդությամբ, որովհետև տարածքը պատկանում է մասնավորին, կսկսվեն այդ աշխատանքները»։ Կոստանյանը նաև նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքները այս գիշեր նույնպես դադարեցվելու են։
18:24 - 18 օգոստոսի, 2022
Պետք է գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով․ Փաշինյան

Պետք է գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով․ Փաշինյան

Պետք է գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, որովհետև անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորոն բերելու է աղետի։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Պետք է գնանք նոր ստանդարտների։ Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է,  առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետեւ եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։ Քանի՞ հոգի ոնց կտուժի, զոհ կլինի՞, թե՞ չի լինի, քանի՞ հոգի կլինի, հետո կասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի առաջ խնդիրները ծագել են այն կոմպրոմիսների պատճառով․ «Մենք անընդհատ ասել ենք՝ մարդիկ տուն են պահում, բա ի՞նչ անեն այդ մարդիկ։ Պետք է դադարեցնել սա»։
13:44 - 18 օգոստոսի, 2022
Փողոցային առևտուրը և ծառայությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելուն

Փողոցային առևտուրը և ծառայությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելուն

Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն կվերապահվի ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ, որը կարտահայտվի առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով։ Գործադիրը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ և՛ Երևան համայնքը, և  բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրը անընդհատ կա և ինչքան էլ տույժեր ենք կիրառում, վարչական ակտեր և այլն, խնդիրը չկարգավորված է մնում։ «Հիմա քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են, որ ոչ միայն նրանք կարողանանք վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերենք, աշխատակիցները իրավունք ունենան դա առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի կամ տեղերը, որտեղ դրա համար նախատեսված չէ»,- ասաց Սանոսյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ վերջին երկու տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ առկա գործիքակազմը բավարար չէ ոլորտը կանոնակարգելու համար․ «Մեր կողմից այդ միջոցատռումները իրականացվում է, բայց շատ դեպքերում այդ տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից, 90% դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են դառնում։ Այս խնդրի լուծումը տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք բռնագրավել այն միջոցները, որ օգտագործում են, ծառայություններ են մատուցում կամ առևտուր են իրականացնում»։ Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվի և քվեարկության դրվի Ազգային ժողովում։
12:58 - 18 օգոստոսի, 2022