ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն. պաշտպան

Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն. պաշտպան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիք պարունակող: «Սա նկատի ունենալով՝ արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին՝ փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով: Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության:Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմինների կողմից: Հուսով եմ՝ շուտով նշված իրավիճակը կշտկվի, ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Իսկ հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։ Նշենք նաև, որ ԱԱԾ-ն ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին հաղորդագրություն է տարածել՝ Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի վերաբերյալ։ 
14:54 - 24 հոկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին

ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման  նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ  ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։ Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը,  մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝  այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։ Նախաքննության ընթացքում  փաստական և իրավական հիմնավորումներով պայմանավորված՝ իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու  և դրանց հանցակցելու համար  համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ,  մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են  վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ծառայությունը, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Իսկ հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։  
13:48 - 24 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի բողոքը՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Լոռոցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը Infocom–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը որպես գրավի չափ է սահմանել 4 միլիոն ՀՀ դրամը։  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Դատարանի այդ որոշումն էլ պաշտպանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր 2019 թ․ դեկտեմբերի 7-ից, իսկ օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին՝ վարչապետի որոշմամբ ազատվել պաշտոնից։ Նույն քրեական գործի շրջանակում Հրաչիկ Քանանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, իսկ Լոռեցյանի վարորդը՝ Էդուարդ Հովհաննիսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։   Միլենա Խաչիկյան
17:30 - 19 հոկտեմբերի, 2022
2022-ի հունվար-սեպտեմբերին ԱԱԾ-ն իրավասու մարմիններին է փոխանցել 1596 նյութ, նախաձեռնվել է 334 քրեական վարույթ

2022-ի հունվար-սեպտեմբերին ԱԱԾ-ն իրավասու մարմիններին է փոխանցել 1596 նյութ, նախաձեռնվել է 334 քրեական վարույթ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ:  Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1596 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 334 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 194 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 92-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 72-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 23-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։       Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 55 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 26-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 694 քրեական վարույթներ, որից դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 358 քրեական վարույթ, 220 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 48 քրեական վարույթ, իսկ 68 քրեական վարույթ փոխանցվել է 2021 թվականից: Հաշվետու ժամանակաշրջանում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 60 քրեական վարույթ` 88 անձանց նկատմամբ, կարճվել են 108-ը, կասեցվել` 54-ը, 272 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 79 քրեական վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական վարույթների, 121 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 31.490.134.199 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 29.146.931.040 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 384.639.069 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 1.958.564.090 ՀՀ դրամ: Ընդ որում՝ նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 14.351.883.303 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից` 270.571.217 ՀՀ դրամը:
17:00 - 19 հոկտեմբերի, 2022
Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերով երեկ երեկոյան լուր է հեռարձակվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործի վերաբերյալ, որում երկու սխալ տեղեկություն է եղել։ Հեռուստամեկնաբանը ասել է․ «Կաշառքի գործով ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա ազատության մեջ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է»։ Իրականում, սակայն, փաստաբանի եւ դատավորի վերաբերյալ քրեական գործը առնչություն չունի կաշառքի հետ: Թեեւ գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն մինչ այս պահը չկա, եւ միակ հայտարարությունը, որ եղել է, պաշտպանական կողմինն է, սակայն վերջինս քանիցս հերքել է այդ լուրերը։ Մասնավորապես, կաշառքի հետ առնչության մասին մամուլը գրել է Ալեքսանյանի ձերբակալման հաջորդող ժամերին, սակայն կարճ ժամանակ անց նրա պաշտպան Գայանե Պապոյանը հերքել է այդ լուրը․ «Թեեւ նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ ԶԼՄ–ների հետ ճեպազրույցում երեկ դա հերքել է նաեւ ինքը՝ Ալեքսանյանը․ «Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք՝ ինչ–որ կաշառքի հետ կապված, եկեք ուղիղ ասեմ՝ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում, չի էլ կարող գնալ, ինձ ճանաչող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ ես կոռուպցիոն որեւէ գործի մեջ չեմ կարող ներգրավված լինել»,– ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, թե իր մեղադրանքը ինչ հանգամանքների է առնչվում։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին, ապա դա ոչ թե կալանավորման միջնորդության մերժման, այլ ձերբակալման ժամկետի ավարտով է պայմանավորված։ Բանն այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Նույն հոդվածի համաձայն՝ այդ հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Հետեւաբար, երեկ՝ հոկտեմբերի 18-ի կեսօրին, երբ լրացել է Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը, նա օրենքի ուժով ազատ է արձակվել։ Դրան զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, քննել է փաստաբանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը եւ ավարտելով այն՝ հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ որոշման հրապարակման կոնկրետ ժամ դատարանը չի նշել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ էլ փաստաբանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում առկա չէ։ Հավելենք, որ այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը եւս ավարտվել է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։ Մինչ այդ դատավորի ձերբակալման ժամկետը լրացել է, եւ նա եւս օրենքի ուժով ազատ է արձակվել։ Մենք փորձել ենք տեղեկություն ստանալ նաեւ պատկան մարմիններից, սակայն ԱԱԾ–ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Դատախազությունից առայժմ հրաժարվել են գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։ ԼՐԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 24-ին ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով եւս հերքվել է կաշառքի հանգամանքը։   Միլենա Խաչիկյան
11:20 - 19 հոկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել․ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության հարցը քննվում է |tert.am|

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել․ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության հարցը քննվում է |tert.am|

tert.am: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։ Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։ «Դատարանը 15 րոպե ընդմիջումից հետո այս պահին շարունակում է կալանքի միջնորդության քննությունը, ակնկալում ենք արդար դատական ակտ»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը քննվում է դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ։ Նույն քրեական գործի շրջանակում Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, ինչը երեկ ուշ երեկոյան ԲԴԽ-ն բավարարել է։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Էրիկ Ալեքսանյանի պաշտպանների խոսքով՝ դատավորին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իսկ փաստաբանին՝ դրա օժանդակության մեջ։  Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ 
14:51 - 18 հոկտեմբերի, 2022
Պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել

Պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց  դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:09 - 18 հոկտեմբերի, 2022
Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

factor.am: Քրեական վարույթը, որի շրջանակներում  Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր Հայաստանի մի շարք դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, դեռևս նախաքննության փուլում է։ ԱԱԾ քննչական դեպարատամենտում քննվող վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են են Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործող Դատական համակարգ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները։ Հուլիսի 21-ից սկսած՝ շուրջ 9 ամիս, այս դատարաններում գործերը դատավորների միջև ոչ թե համակարգչային ծրագրով, այլ ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից են  մակագրվում։ Շուրջ 9 ամիս անց ծրագրի կոդերը վերադարձվել են, սակայն քրեական գործի քննությունը շարունակվել է։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ դատարանների համակարգչային ծրագրի առգրավման պատճառն ավտոմատ մակագրման վրա արտաքին միջամտություն է եղել։ Այս քրեական գործը կաթվածահար էր արել գրեթե ողջ դատական համակարգի աշխատանքը՝  բացառությամբ Վճռաբեկ և մարզերի դատարանների։ Հատկապես քաղաքական հնչերանգ ունեցող գործերով ներգրավված անձինք ու վերջիններիս պաշտպանները դժգոհություն էին հայտնում, որ իրենց գործերը մակագրվում են իշխանահաճո դատավորներին, այլ ոչ թե պատահականության սկզբունքով էին բաշխվում։ Որոշ պաշտպաններ անգամ ճշգրիրտ կանխատեսումներ էին կատարում, թե  քաղաքական հնչերանգ ունեցող որ գործը, որ դատավորին է մակագրվելու։Շարունակությունը՝ factor.am-ում։
18:37 - 16 հոկտեմբերի, 2022
Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը

Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծաառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից հանդիսացող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից, իր օգտահաշվով 2022 թվականի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել նրա հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր, որոնք պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարելով պետական դավաճանություն: «Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք: Նրան ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելուց»։  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:57 - 15 հոկտեմբերի, 2022
Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությունից, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ.-ի և Ա. Ջ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ. Մ.-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված, ազդեցությունն օգտագործելով, Կ.Խ-ի թոռան օգտին գործողություններ կատարելու, այն է` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 2.031.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք: Պարզվել է նաև, որ 2022 թվականի հուլիսի 22-ին Մասիս-Այնթապ ավտոճանապարհին նույն գործով մեղադրյալ Ա.Հ.-ի վարած ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա-ն, ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, կաշառք-գումարի դիմաց միջամտել է նախաքննությանը, որի արդյունքում Ա.Հ.-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ խաթարվել է արդարադատության շահը: Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համակարգված քննչական գործողությունների արդյունքում Վ. Ա.-ն, Ա. Հ.-ն, Ա. Ջ.-ն, Կ. Խ-ն և Գ. Մ-ն բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:28 - 14 հոկտեմբերի, 2022
Միջազգային ահաբեկչությանն օժանդակելու և ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Միջազգային ահաբեկչությանն օժանդակելու և ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը: Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների։ Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա): ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «նկատի ունենալով, որ [ՌԴ ԱԴԾ] հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:  Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»; Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:
12:49 - 13 հոկտեմբերի, 2022
Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր. ԱԱԾ

Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին, կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին  ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ.-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ.-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որի ընթացքում «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ.-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը: Բ. Պ.-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակելու է հանցավոր դեպքերի բացահայտմանն ուղղված գործողությունները և քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:11 - 12 հոկտեմբերի, 2022
 Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման, Վահան Շիրխանյանն ազատվեց պատժից. «Նորքի զինված խմբի» գործով վճիռ
 |factor.am|

Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման, Վահան Շիրխանյանն ազատվեց պատժից. «Նորքի զինված խմբի» գործով վճիռ |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խումբ» անունը ստացած քրեական գործով դատավճիռը։ Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով՝ պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 9 տարի 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու հոդվածներով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Շիրխանյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց իշխանությունը յուրացնելուն նախապատրաստությանն օժանդակելու համար, և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով, պատժում հաշվակցելով քննության փուլում կալանքի տակ գտնվելու 2 տարի 6 ամիս 6 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 3 տարի 5 ամիս 24 օր ժամկետով։ Դատավճռով Շիրխանյանը համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվեց։ Այս գործով անցնում էր ևս 18 անձ։ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Արա Պողոսյանը, Վահագն Սալնազարյանը դատապարտվեցին 9-ը, Արման Հայրապետյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը ՝ 8, Տիգրան Բոյաջյանը՝ 6 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք՝ ըստ գործի նյութերի՝ 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Շարունակությունը՝ factor.am-ում Լուսանկարում՝ Արթուր Վարդանյանը
15:03 - 10 հոկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ

 |factor.am|

ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել խարդախության գործով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ լրատվական ծառայության պետ Վահե Ենգիբարյանը։ Որոշումը կայացվել է 2020 թվականի մարտին։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկություն իրականացնելուց հետո Թումանյան փողոցում գտնվող իր առանձնատնից բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին։ Հետագայում ԱԱԾ-ն հայտնել է, որ Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մեղադրանքի առնչությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Ալեքսանդր Սարգսյանին նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հափշտակության մեղադրանք է առաջադրվել։ Նշենք, որ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ։ Հայաստան վերադարձնելուց հետո նրան Սարյանի գծանկարների դրվագով, ինչպես նաև այլ արարքների համար մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը գծանկարների մասով դատարան չի ուղարկվել․Նարեկ Սարգսյանի նկատմամբ այս դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել։ ԱԱԾ-ում Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ քննվել է նաև հարկեր չվճարելուն առնչվող գործ, որով ևս ԱԱԾ-ն որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Վահե Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանի նկամամբ կիրառվել է խրախուսական նորմ։ Նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ հարկերից խուսափած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։ Այսինքն՝ Սարգսյանը հատուցել է իրեն վերագրվող հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։
16:24 - 05 հոկտեմբերի, 2022
Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը։ «Ի լրումն ԱԱԾ հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ անձանց Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին՝ նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ մարտիկների։
19:53 - 25 սեպտեմբերի, 2022