Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է
11:20 - 19 հոկտեմբերի, 2022

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերով երեկ երեկոյան լուր է հեռարձակվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործի վերաբերյալ, որում երկու սխալ տեղեկություն է եղել։

Հեռուստամեկնաբանը ասել է․ «Կաշառքի գործով ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա ազատության մեջ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է»։

Իրականում, սակայն, փաստաբանի եւ դատավորի վերաբերյալ քրեական գործը առնչություն չունի կաշառքի հետ: Թեեւ գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն մինչ այս պահը չկա, եւ միակ հայտարարությունը, որ եղել է, պաշտպանական կողմինն է, սակայն վերջինս քանիցս հերքել է այդ լուրերը։

Մասնավորապես, կաշառքի հետ առնչության մասին մամուլը գրել է Ալեքսանյանի ձերբակալման հաջորդող ժամերին, սակայն կարճ ժամանակ անց նրա պաշտպան Գայանե Պապոյանը հերքել է այդ լուրը․ «Թեեւ նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

ԶԼՄ–ների հետ ճեպազրույցում երեկ դա հերքել է նաեւ ինքը՝ Ալեքսանյանը․ «Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք՝ ինչ–որ կաշառքի հետ կապված, եկեք ուղիղ ասեմ՝ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում, չի էլ կարող գնալ, ինձ ճանաչող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ ես կոռուպցիոն որեւէ գործի մեջ չեմ կարող ներգրավված լինել»,– ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, թե իր մեղադրանքը ինչ հանգամանքների է առնչվում։

Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 

Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին, ապա դա ոչ թե կալանավորման միջնորդության մերժման, այլ ձերբակալման ժամկետի ավարտով է պայմանավորված։ Բանն այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Նույն հոդվածի համաձայն՝ այդ հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Հետեւաբար, երեկ՝ հոկտեմբերի 18-ի կեսօրին, երբ լրացել է Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը, նա օրենքի ուժով ազատ է արձակվել։

Դրան զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, քննել է փաստաբանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը եւ ավարտելով այն՝ հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ որոշման հրապարակման կոնկրետ ժամ դատարանը չի նշել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ էլ փաստաբանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում առկա չէ։

Հավելենք, որ այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը եւս ավարտվել է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։ Մինչ այդ դատավորի ձերբակալման ժամկետը լրացել է, եւ նա եւս օրենքի ուժով ազատ է արձակվել։

Մենք փորձել ենք տեղեկություն ստանալ նաեւ պատկան մարմիններից, սակայն ԱԱԾ–ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Դատախազությունից առայժմ հրաժարվել են գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։

ԼՐԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 24-ին ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով եւս հերքվել է կաշառքի հանգամանքը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել