Հայաստան

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին՝ Եվրամիությունը վերահաստատում է՝ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել՝ պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ «Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել»,- ասել էր Այխան Հաջիզադեն։ Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և՛ Շառլ Միշելի մասնակցությամբ, և՛ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: «Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը»,- «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։
09:20 - 12 մայիսի, 2023
Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը: Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է: «Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին:
09:15 - 12 մայիսի, 2023
Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»
 |azatutyun.am|

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն հաստատել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մայիսի 14-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպման անցկացմանը, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չի կայացել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է բրյուսելյան ձևաչափով հանդիպումից», - ասել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ-պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը: «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձան ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:   Լուսանկարը՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից/ 2022 թվական, 7-ը հոկտեմբերի  
16:05 - 11 մայիսի, 2023
Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Նշվում է՝ նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։  «Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է մինչ սահմանային իրադրության լարումը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի մասնակցությամբ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է եռակողմ հանդիպում։ Մինչ այս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում։  
10:04 - 11 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին
 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին |factor.am|

factor.am: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։ Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մոսկվան հաշվի առնելու է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետագա աշխատանքը Բաքուն և Երևանը կշարունակեն երկկողմանի հիմունքներով։ «Մենք տեսնում ենք մեր դերը այս գործընթացին աջակցելու մեջ, այդ իսկ պատճառով Մոսկվան որպես հարթակ ենք առաջարկել բանակցությունների հաջորդ փուլի համար»,- հավելել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:25 - 10 մայիսի, 2023
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 9-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի «Metropolitan Expo» ցուցահանդեսային կենտրոնում, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «DEFEA»-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։ Ցուցահանդեսին բազմաթիվ երկրների մասնակիցներ ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի վերջին զարգացումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանական համակարգերի զարգացումը շարժիչ ուժ է թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, և թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս մասին ընդգծել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, որն իրականացրել է ցուցահանդեսի բացումը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը, ԳՇ ղեկավարը, հունական բանակի ծովային, ցամաքային և օդային ուժերի ղեկավար կազմը։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտոնական կառավարական և ռազմական պատվիրակություններ, ինչպես նաև այցելուներ մոտ 77 երկրներից:
10:27 - 10 մայիսի, 2023
Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը |armeniasputnik.am|

Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։ Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ Բազմամարդ երթն առաջնորդում է նվագախումբը, նրանց հետևից խորհրդային հին ավտոմեքենաներով գնում են վետերաններն ու Կարմիր բանակի բանակի հանդերձանքներով երիտասարդներ։ Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։ Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։ «Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Այն նախաձեռնվել է 2012 թվականին։ Այժմ այս շարժումն ընդգրկում է ավելի քան 80 պետություն։  
14:30 - 09 մայիսի, 2023
Ոչ մի կարևոր հարցի շուրջ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն, բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ԱԽ քարտուղար |tert.am|

Ոչ մի կարևոր հարցի շուրջ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն, բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Վաշինգտոնյան բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով բանակցություններ արդյունքների ու առաջընթացների վերաբերյալ հարցին։ Ինչպես մանրամասնեց ԱԽ քարտուղարը, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան 29800 քկմ տարածքի արձանագրման, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծման մասին է։ «Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում մեզ, որովհետև, օրինակ, Լաչինի միջանցքում, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը չպետք է ներկա լիներ, բայց այս պահին ներկա է։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը, այսինքն՝ բոլոր պայմանավորվածություններին հավատարիմ կմնանք», - ասաց Գրիգորյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք «Խաղաղության պայմանագիրը» վերանվանվել է այժմ «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր» և ինչ բովանդակային փոփոխություններ է դա ենթադրում՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Կարծում եմ՝ վերնագիրն այնքան էլ կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է։ Նշեցինք, որ մի քանի կարևոր հարց կա և եթե այդ հարցերի շուրջ մենք կարողանում ենք լուծումներ գտնել, ապա կարևոր չէ, թե ինչպիսի վերնագիր կունենա»։ Անդրադառնալով Հայաստանի համար առավել նպաստավոր բանակցային հարթակին և Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից հնչած առաջարկներին ու պայմաններին՝ Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արևմտյան կողմից նման առաջարկներ չեն եղել, մինչդեռ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն է առաջարկներ ունեցել, որոնք էլ հրապարակային հայտնի են եղել և որոնցից մեկը վերաբերել է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետաձգմանը։ «Ընդհանուր առմամբ՝ այս պահին բանակցություններն ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցենք։ Եվ Հայաստանի համար տարբերություն չկա, թե որտեղ են այդ բանակցություններն ընթանում», - ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ի համար առավել ցանկալի են այն բանակցությունները, որոնցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել, մինչդեռ այս պահին ոչ մի տեղ դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել։
12:21 - 09 մայիսի, 2023
Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի Մոսկվայում հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով. ԱԳ փոխնախարար |news.am|

Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի Մոսկվայում հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին թե ԱՄՆ-ի, թե մասնակից երկրների կողմից, տեսաք, որ բոլոր ջանքերն էին գործադրվել բոլոր կողմերից հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Վաշինգտոնում բանակցությունները 4 օր տեւեցին եւ այդ առումով այն աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էր մեր փորձերը առաջ տանել խաղաղության գիծը: Մյուս կողմից ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նխագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այսուհետ կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձեւաչափով»,-ասաց նա: Հարցին՝ կա՞ն հարցեր, որոնց շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, փոխնախարարը պատասխանեց. «Հարցերը շատ են: Հիմա բարդ է առանձնացնել 1-2 հարց: Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»:
12:02 - 09 մայիսի, 2023
ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին |armeniasputnik.am|

ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը դեսպանատան մշակույթի կենտրոնում հյուրընկալել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։ Վետերանները Հայաստանից ՌԴ են մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առթիվ։ Դեսպան Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ հաղթանակի առիթով` նշելով, որ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքը և շատ սերունդների համար կանխորոշեց արժանապատիվ կյանք։ Նա նաև ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակում։ Հանդիպման ընթացքում դեսպանը վետերաններին հանձնել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի հուշամեդալը։ Նշենք, որ միությունը գլխավորում է գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը։
10:24 - 09 մայիսի, 2023
ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը 
 |factor.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպելու են Շառլ Միշելի հետ։ Սա կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու Վաշինգտոնի բանակցություններին հետևող առաջընթացը»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Հավելենք, որ ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, հանդիպելու են Բրյուսելում՝ անցկացնելու երկու երկրների առաջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը։ Շառլ Միշելի գրասենյակը լուրը հաստատել է։  Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպման մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտնել։ 
09:32 - 09 մայիսի, 2023
Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում |azatutyun.am|

Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ անցած շաբաթ Արլինգթոնում տեղի ունեցած քառօրյա քննարկումները կառուցողական էին, Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: «Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը մոտ է», - ասել է նա։ Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջ անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ու Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ից, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսությունը, շարունակում են ձգտել տևական և կայուն խաղաղության», - վստահեցրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ առկա տվյալների, նշել է Պատելը, կողմերը շարունակում են փոխգործակցությունը. - «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները»։ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, ըստ Վաշինգտոնի, առանցքային է Բաքվի և Երևանի միջև «խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»։
09:23 - 09 մայիսի, 2023
Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Մոսկվայի Հաղթանակի թանգարան

Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Մոսկվայի Հաղթանակի թանգարան

Մայիսի 8-ին` Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի կառույցներում Հայաստանի այլ ներկայացուցիչներ ու դիվանագիտական առաքելության աշխատակիցներն այցելել են Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա տեղակայված Հաղթանակի թանգարան։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «Դեսպանատան պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։ Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանատան պատվիրակությունը դիտել է «Մարտ Մոսկվայի համար։ Առաջի՛ն Հաղթանակ» ցուցադրությունը։ Նույն օրը դեսպանատանը, ի պատիվ Հայաստանից ժամանած Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվիրակության, որին ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, տեղի է ունեցել ճաշկերույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:47 - 08 մայիսի, 2023