ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
 |hetq.am|

«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը: Առաջարկվել են Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն մասնակցի իշխող խմբակցության առաջադրած թեկնածուների քվեարկությանը: Փաստացի, Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը քննարկեց առանց ընդդիմության: Թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Թեկնածու Արման Թովմասյանը խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին՝ շեշտելով, որ երբեմն պետական մարմիններն, անհարկի բողոքարկելով դատական ակտերը, լրացուցիչ ծանրաբեռնում են վարչական դատարանը: Բացի այդ, պարտվելով կրում են նաև դատական ծախսերի բեռը: Թեկնածուին հարց ուղղեց միայն «Քաղաքացիական պայանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք հնարավոր չէ ծանուցումներն ապահովել բացառապես էլեկտրոնային եղանակով: Արման Թորոսյանը նշեց, որ ծանուցման այսօրվա գործող կարգավորումներով ամբողջովին կարողանում են ապահովել պատշաճ ծանուցումները: Նրա խոսքերով, եթե ամբողջությամբ անցում կատարվի էլեկտրոնային ծանուցմանը, ապա դժվարություններ կառաջանան, օրինակ՝ մարզաբնակների դեպքում: Վահագն Թորոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատիվ է հանդես գալ օրենսդիր մարմնում և ներկայացնել իր մոտեցումները: Թեկնածուն կարևորեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Նշեց, որ պալատը մեծ անելիք ունի արդարադատություն իրականացնելու միասնական դատական պրակտիկայի ձևավորման հարցում: Նշեց, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Մասնավորապես, գործերի քննության ձգձգումները, որը և՛ գործերի թվի հետ է կապված, և՛ անհարկի բողոքարկումների հետևանք է: Դատավորի թեկնածուն ասաց, որ ոչ մի կերպ արդարացված չէ վարչական մարմինների բողոքարկումներն այն դեպքում, երբ հստակ գիտեն դատական պրակտիկան ինչպես է ձևավորվել, հետևաբար պարտվելու են: «Խիղճը հանդիսանում է մարդու ամենաթանկ զարդը»,- ասաց Վահագն Թորոսյանը՝ հավելելով, որ իր գործունեության ընթացքում իր խղճին դեմ չի գնացել, ինչը կարևոր հանգամանք է դատավոր աշխատելու համար: Պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ վարչական մարմինների կողմից «տրադիցիոն» բողոքարկումները ծանրաբեռնում են դատարանին: Հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ հետազոտություն ներկայացնել, թե ինչպիսին է դատական պրակտիկան, որ եթե 80% դեպքերում դատարանը չի բավարարում, այլևս չբողոքարկեն: Վահագն Թորոսյանը նշեց, որ հաճախ բողոքները «քոփի» են անում: Առաջին ատյանի դատարանում վարչական մարմնի պատասխանը վերադաս ատյանում ներկայացվում է որպես բողոք: Թեկնածուն նշեց, որ երբեմն բողոքները ներկայացվում են զուտ ինչ-որ բան ապացուցելու համար, գուցե՝ վերադասին: Թորոսյանն ասաց, որ այստեղ քննարկվում է երևույթը, որ վարչական մարմնի համար օրենսդրական պարտադիր պահանջ դառնա՝ հաշվի առնել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները: Դրանով կբարձրանա մատուցվող արդարադատության որակը, ինչից շահելու են բոլորը: Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գոհունակություն հայտնեց, որ թեկնածուն ներկայացրեց իր տեսակետը, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Ապա հետաքրքրվեց հաշտարարության ինստիտուտի մասին: Վահագն Թորոսյանի կարծիքով անհրաժեշտ է, որ ընտանեկան վեճերով զույգերն անցնեն հաշտարարության փուլը, քանի որ այստեղ գործ ունենք ընտանիքի, երեխաների հետ: Արգիշտի Ղազարյանն իր ելույթում ասաց, որ «ծավալուն ելույթի միտում չունի», համաձայն է գործընկերների դիրքորոշումների հետ: Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, արդյոք թեկնածուի համար անհարմարություն է ԱԺ-ի առջև ներկայացնելու իր մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար: Պատգամավորը մատնացույց արեց, որ ընդդիմադիրներին կարծես թե չի հետաքրքրում հարցը և ստացվում է, որ միայն իշխող խմբակցության կողմից է թեկնածուն ընտրվում: Արգիշտի Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից ընտրվելը, անկախության սեգմենտ պարունակում է:  Ըստ նրա՝ դժվար է կառուցել խոսքը, գտնել մեխանիզմ պատգամավորի, քաղաքական ուժի բարեհաճությունը կորզելու համար: Սակայն, նշեց, որ կաշկանդված չէ ելույթ ունենալու համար: «Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք, մեխանիզմը տանում է դրան»,- ասաց Ա. Ղազարյանը: Թեկնածուն ակնհայտ դժգոհ էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը: Նա իր ելույթից հետո դուրս եկավ դահլիճից, ինչն անհարգալից վերաբերմունք դիտարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինս նշեց, որ թեկնածուն դեռ պետք է եզրափակիչ ելույթ ունենար ԱԺ ամբիոնից: Շարունակությունը` hetq.am-ում
16:48 - 20 դեկտեմբերի, 2022
Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն․ ԲԴԽ

Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն․ ԲԴԽ

Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանը այն դատավորն է, որը ներկա էր գտնվել ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ի հայտնի հանդիպմանը, որի ընթացքից Վարդազարյանը այս տարվա հունիսի 20-ին գաղտնի ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության հրապարակումից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը Քննչական կոմիտեն օրեր առաջ կարճել է։
15:28 - 15 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն փակ քվեարկությամբ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Հայկ Գրիգորյանին

ԱԺ-ն փակ քվեարկությամբ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Հայկ Գրիգորյանին

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստերի աշխատանքները։ Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ․-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Ազգային ժողովը փակ քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։  Գրիգորյանն ընտրվեց 75 կողմ, 0 դեմ ձայներով։ Նա երդմամբ ստանձնեց պարտականությունները։ Այդ պաշտոնում նրան առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ԲԴԽ անդամի ընտրության հարցը Ազգային ժողովը քննարկել է երեկ՝ դեկտեմբերի 6-ին։ Հայկ Գրիգորյանը իր ելույթում ընդգծել էր՝ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականությունները իրականացնել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։
10:06 - 07 դեկտեմբերի, 2022
ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ ընտրվելու դեպքում պարտականությունները  կիրականացնի բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա

ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ ընտրվելու դեպքում պարտականությունները կիրականացնի բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա

Սահմանադրությունը հռչակում է, որ ՀՀ իրավական համակարգում դատական իշխանության անկախությունը ապահովում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը նշանակում է, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը ցանկացած թե արտաքին, թե նույն դատական իշխանության կողմից ներքին որևէ ներգործություն կամ միջամտություն արգելվում է։ Այս մասին ԱԺ-ում՝ ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ընթացքում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։  «Այս դրույթը ամագրված է Սահմանադրության 162-րդ հոդվածում, որը ոչ միայն սահմանում է, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է դատարանների կողմից և բացառապես Սահմանադրության և օրենսդրությանը համապատասխան, այլև, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է»։ Գրիգորյանի խոսքով՝ նշված սահմանադրական դրույթը գործնականում նշանակում է, որ պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիությունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականությունները, խտրականությունները, այսինքն՝ միևնույն կամ համանման իրավիճակում տարբերակված մոտեցումները, իսկ առանձին դեպքերում նաև՝ ուղղակի բացահայտ ապօրինությունները․ «Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կամ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին կամ ապացույցներին անձնական գնահատական տալու, այսինքն՝ գործի փաստական հանգամանքները ներքին համոզմամբ գնահատելու համար»։  Թեկնածուն նշեց՝ ԲԴԽ սահմանադրական նպատակից բխող խնդիրների, դրանց իրացման ուղիների, դրանցով պայմանավորված լիազորությունների ապահովումն արտահայտվում է մի շարք այլ իրավակարգավորումներով, որոնց շարքին, ի թիվս, այլնի, կարելի է դասել նաև ԲԴԽ կազմի և կազմավորման կարգի ինստիտուտը, դատավորների ընտրության և առաջխաղացման մեխանիզմները, դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու և այլ երաշխիքների ինստիտուտները․ «Նշված դրույթները ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անկյունաքարային հիմքերից մեկն են։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն է առաջանում ապահովել ԲԴԽ անդամի լիազորությունները, որպեսզի վերջինս իր արդար քվեարկության միջոցով, անաչառ պատշաճ և վճռականորեն իրականացնելով իր լիազորությունները բարձրացնի քաղաքացիների վստահությունը դատական իշխանության նկատմամբ»։  Եզրափակելով ելույթը՝ Գրիգորյանն ասաց՝ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականությունները իրականացնել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։
10:50 - 06 դեկտեմբերի, 2022
Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին
 |factor.am|

Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Բալայանը հրաժարվել է։ Այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Լրատվական ծառայության միջոցով փորձեցինք Դավիթ Բալայանից ճշտել, թե որն է եղել հրաժարվելու պատճառը։ Դատավորը փոխանցեց, որ ինքը ԲԴԽ-ին գրավոր հայտնել է պատճառների մասին, և որևէ խնդիր չի տեսնում, որ ԲԴԽ-ն դրանք հրապարակայնացնի։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի պաշտոնում անձի թեկնածությունն առաջարկում է այդ անձի համաձայնության դեպքում, և այժմ, փաստորեն, դատավոր Բալայանը չի տվել իր համաձայնությունը։
17:35 - 28 նոյեմբերի, 2022
Դատավոր Սամվել Յուզբաշյանը կնշանակվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում

Դատավոր Սամվել Յուզբաշյանը կնշանակվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել ու առաջարկում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ «2022 թվականի նոյեմբերի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Հանրապետության նախագահին առաջարկել Սամվել Սեյրանի Յուզբաշյանի թեկնածությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: 2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սամվել Սեյրանի Յուզբաշյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ:
15:27 - 24 նոյեմբերի, 2022
ՀՀ նախագահից պահանջում ենք չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում․ քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ նախագահից պահանջում ենք չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում․ քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

Քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․ «2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և դատապարտելի ենք համարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը: Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք: Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից: Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը։ Նման ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։ Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետեւանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ: Սույնով նաև ստիպված ենք արձանագրել, որ Բարձրագույն Դատական Խորհուրդը ամբողջությամբ անտեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու իր իսկ կողմից որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի` թեկնածուների բարեվարքության եզրակացությունները։ Բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնության կողմից հակակոռուպցիոն այդ կարևոր գործիքի անտեսման մասին: Մնացական Մարտիրոսյանի վերջնական նշանակման պարագայում ստիպված կլինենք վերագնահատել բարեվարքության ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակության, ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման», ներկայացուցչի մասնակցությունը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի կողմից Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը: Այդ նպատակով պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին»: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ    
15:18 - 24 նոյեմբերի, 2022
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է 
 |factor.am|

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց առանց քննության թողնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը։  Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում: Դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 2022 թվականի հուլիսի 29-ին, այսինքն՝ ավելի, քան երեք ամիս առաջ։ Այսօրվա նիստի ընթացքում Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը, հղում կատարելով այս դրույթին, միջնորդեց կարճել Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կամ մերժել Արդարադատության նախարարի միջնորդությունը։  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»։ Հղում կատարելով այս հիմքին՝ Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պետք է տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարացնել, քանի որ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։  Շարունակությունը՝ factor.am - ում
17:38 - 03 նոյեմբերի, 2022
Քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը ներկայացնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ «Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։ Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել ԲԴԽ-ին գործերի բաշխման ցուցակից որևէ դատավորի անունը հանելու միջնորդությամբ՝ դրանով կախվածության մեջ դնելով դատավորին դատարանի նախագահի հայեցողությունից կամ որոշումից (անմիջականորեն դատավորի կողմից այս հարցը բարձրացնելու վերաբերյալ գործող կարգավորման փոխարեն)։ Ավելին՝ Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ն մասնագիտացված դատարանի դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի գործեր (Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետով), իսկ առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է ԲԴԽ-ն (նույն հոդվածի 7-րդ կետով) (նման կարգ գործում է քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների համար)։ Քննարկված կարգավորումների համատեքստում մեզ համար տարակուսելի է, թե մասնագիտացված դատարանների դատավորները ի՞նչ հիմնավորմամբ պետք է քննեն առանձին տեսակի գործեր, և ի՞նչ է ենթադրում առանձին տեսակի գործերի ցանկը։ Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է օրենսգրքում սահմանել հստակ և որոշակի չափանիշներ, որոնց հիման վրա հետագայում պետք է կատարվի գործերի բաշխումը։ Հակառակ դեպքում կա վտանգ, որ այս դրույթը կարող է բավականին տարածական մեկնաբանվել և կամայական կիրառվել պրակտիկայում։ Ուստի, պահանջում ենք վերանայել նախագիծը՝ հստակեցնելով դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները»։  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- Վանաձորի գրասենյակ» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
11:17 - 21 հոկտեմբերի, 2022
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

ԲԴԽ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը: «2022 թվականի հոկտեմբերի 17-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 7/58236222 և թիվ 7/58236222 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-4 և թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-5 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․ 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։ Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
13:35 - 20 հոկտեմբերի, 2022