Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ
13:35 - 20 հոկտեմբերի, 2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

ԲԴԽ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը:

«2022 թվականի հոկտեմբերի 17-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 7/58236222 և թիվ 7/58236222 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-4 և թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-5 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 

Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։

Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։

Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել