Հայաստան

Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել |azatutyun.am|

Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը կարող է Դելիից ՀՕՊ համակարգեր գնել։ Այս մասին այսօր հաղորդել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը՝ նշելով, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Կայքի փոխանցմամբ` թեև МR-SAM համակարգերը արտադրվել են Իսրայելի հետ համատեղ, այնուհանդերձ դրանց Հայաստան արտահանման դեպքում՝ «իսրայելցիների հատուկ թույլտվությունը կարող է և չպահանջվել»։ Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МR-SAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր, դրանց մեկ դիվիզիոնում ընդգրկված են հրամանատարական կետը, տեղորոշիչ ռադարը, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգը։
15:44 - 13 հունվարի, 2023
Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը

 |factor.am|

Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը |factor.am|

factor.am: 2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի՝ անցնող տարվա Ադրբեջանին նվիրված զեկույցում։ Նշվում է, որ մայիսին իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 20 անձանց, որոնք ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով: Բայց առնվազն 30-ն էլ մնացել են անօրինական կերպով բանտարկված, մինչդեռ իշխանությունները շարունակում են թիրախավորել իրենց քննադատներին ու այլախոհներին: Սահմանափակող օրենքները շարունակում են խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպություններին ինքնուրույն գործել: Մարդու իրավունքների այլ մշտական խնդիրներ ներառում են համակարգային խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումները: Հուլիսին, էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և այդ երկրի կողմից ածխաջրածնային մատակարարումների մանիպուլյացիայով, Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի նպատակն էր մեծացնել այդ երկրի գազի արտահանումը Եվրոպա: Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն չի օգտագործել լայն երկկողմանի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ ապահովելու մարդու իրավունքների բարելավում: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի՝ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային, HRW-ը նշում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև մարտերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:41 - 13 հունվարի, 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։Կասկածից վեր է, որ ընդհանուր արժեքների, քաղաքակրթական ու պատմական ընդհանրությունների վրա խարսխված հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը մեր ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն է ու ապագայի հուսալի գրավականը, իսկ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է:2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր միջկառավարական հարաբերությունները գտնվում են որակապես նոր փուլում և դինամիկ զարգացում են արձանագրում ամենատարբեր ոլորտներում։ Խոսքերիս վառ վկայությունն են Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Այդ ակտիվությունը պահպանվում է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, որտեղ ամենատարբեր մակարդակներով տեղի են ունենում երկկողմ ակտիվ շփումներ։Այդուհանդերձ, մեր տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ հստակ ընկալում՝ բացահայտելու դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործելու դրանից բխող հնարավորությունները: Այդ առումով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:Կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին, որից անմասն չմնացին մեր երկրները, ինչի հետևանքով 2020 և 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազեցին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը:Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան:Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման։Կցանկանայի գոհունակությամբ նշել մեր երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշների արձանագրումը: Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։Երկկողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում։ Սա ևս մեր քննարկումների ստրատեգիական հարթության հարցեր են, որոնց մասին մենք պետք է շարունակաբար աշխատենք:Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ վերահսկողության միջոցով։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել նախորդ տարվա օգոստոսին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շահագործման կարևորությունը:Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել:Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականությունն ու դրանց օրեցօր աճող դերը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում՝ Հայաստանի և Վրաստանի միջև թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտներում գործակցության զարգացումը դառնում է հրամայական:Կրթության և գիտության ոլորտում ևս շարունակվում են Վրաստանի հետ ակտիվ շփումները։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ նախորդ տարվանից սկսած՝ Հայաստանի արդեն երեք դպրոցներում դասավանդվում է վրացերեն, և այդ թիվը հաստատապես կավելանա։ Այդ թվի ավելացման համար մենք ակնկալում ենք մեր վրաց գործընկերների աջակցությունը Հայաստանի դպրոցներում վրացերենի դասավանդման մակարդակը բարձրացնելու համար և մենք ակնկալում ենք աջակցություն վրացերենի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման հարցում, որպեսզի կարողանանք պատշաճ ծավալով իրականացնել, որովհետև հիմնական խոչընդոտը, որ մենք այսօր ունենք, մասնագետների թվի սակավությունն է:Միջգերատեսչական համագործակցության շրջանակում մշակվել է Վրաստանի՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին: Նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, որը կներառի նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ աշխատանքներ են ընթանում Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի ստեղծման և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հայագիտական ամբիոնի զարգացման ուղղությամբ:Այսօր հայ-վրացական համագործակցությունը մշակույթի ոլորտում թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որում միմյանց մշակույթները զուտ ընկալողի կարգավիճակից անցում է կատարվում համատեղության սկզբունքով մշակութային միասնական դաշտ ձևավորելու, միջազգային մշակութային-զբոսաշրջային շուկայում միասնաբար դիրքավորվելու հարթություն։ Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել Վրաստանի և Հայաստանի մշակութային խմբերի հյուրախաղեր կազմակերպելը, մշակութային գործիչների փոխայցելությունները, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելը: Նկատի ունեմ, որ վրաց մշակութային գործիչները, կոլեկտիվները հյուրախաղերով հանդես գան Հայաստանում և Հայաստանի կոլեկտիվները, արվեստագետները ներկայանան նաև Վրաստանում: Հույս ունեմ, որ մեր այս քննարկումների արդյունքում այդ պրոցեսը նույնպես կակտիվանա:Մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային ժառանգության հարցերով պատասխանատու հաստատությունների միջև համագործակցությունը:Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանն աջակցելու համար:Մեր երկու երկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի:Կարծում եմ, որ մեր երկրների միջև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում կա դեռևս չիրացված ներուժ, և այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Իմիջայլոց, ուզում եմ ասել, որ Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում, երբ հանդիպում էինք Վրաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հետ, առաջին հարցը, որ նրանք բարձրացնում էին, ասում էին, որ Թբիլիսիից Երևան եկող ճանապարհները շատ վատ վիճակում են, և ես նրանց խոսատացա, որ այդ հարցն անպայման կլուծենք: Հիմա ուրախ եմ արձանագրել, որ Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում: Այնպես, որ հույս ունեմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները, մեր պայմանավորվածության համաձայն, զբոսաշրջության ծավալները, ուղղությունները և համագործակցությունը կակտիվացնեն: Մանավանդ, կարծում եմ, որ մենք, այս առումով, կարևոր մի փաստաթուղթ ենք ստորագրում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայանգիրը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները և մենք էլ իրար հետ փոխադարձաբար արդեն կարող ենք այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը:Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համագործակցության համար: Այս թվարկումը ինչի՞ մասին է: Մեծ հաշվով այս թվարկումը նրա մասին է, որ մեր երկկողմ հարաբերությունները միաշերտ չեն, ոչ էլ երկշերտ են, ոչ էլ եռաշերտ: Մեր հարաբերությունները բազմաշերտ են, և համոզված եմ, որ մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների այս որակը թույլ է տալու, որ այդ շերտերը գնալով շատանան՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Վրաստանի, ի բարօրություն տարածաշրջանի և մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության:Կրկին ողջունում եմ և հաջողություններ մաղթում»:
18:44 - 12 հունվարի, 2023
ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։ Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ «Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
16:22 - 12 հունվարի, 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագծի զեկուցող, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է․ «Հանուն արդարության, գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր գերատեսչությունների միջև, Վրաաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգսստի նպատակով այցելութունների սիրված վայրերից է։ 2019 թ․-ին 1 միլիոն 365 000 քաղաքացի է այցելել Վրաստան։ Համավարակի ընթացքում դա հետընթաց է արձանագրել։ Կարծում ենք, որ առաջիկայում այս դինամիկան կվերականգնվի»։  Արարատ Միրզոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է ՀՀ և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների ռեժիմի տեղաշարժի մասին 1993 թ․-ին կնքված համաձայնագրով։ Ըստ ԱԳ նախարարի՝ 2020 թ․-ին ՀՀ և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է Մտադրությունների հուշագիր Հայաստանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին, և կողմերը հայտնել են իրենց մտադրությունը՝ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, աշխատանքներ են տարվել։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ նախագծի ընդունման դեպքում Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են ունենալ միայն նույնականացման քարտ և անձնագրի կարիք չի լինի։
15:03 - 12 հունվարի, 2023
Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություններ են։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ է»,- նշել է Զախարովան։  Զախարովան նշել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանման գործում։ «Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել։ Ավելին, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինվորականներին դռան տեղը ցույց տալ, ակնհայտորեն չեն գիտակցում նման քայլի իրական հետեւանքները»,- ասել է Զախարովան։  Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ, ասում է, որ իրենք մտավախություններ ունեն, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում... Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։   
14:45 - 12 հունվարի, 2023
Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. - Ի՞նչ անեն Հայաստանի իշխանությունները, որ բացվի Լաչինի միջանցքը, կամ ի՞նչ չեն անում: - Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել, որ իրենք ոչինչ չեն անում, և կարծես թե Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսի ընթացքում շատ հստակ սլաքներն ուղղում էր բացարձակապես բոլորին, բայց ոչ սեփական իշխանությանն ու կառավարությանը: Այսինքն՝ ի՞նչ է ասում, ասում է ՝ «Լաչինի միջանցքը փակ է, բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել, ինձանից որևէ բան կախված չէ»: Արցախի հարցում ի՞նչ կարող ենք անել, ասում է՝ «որևէ բան չենք կարող անել»: Ի վերջո՝ պետք է ընդունել, որ Պրահայում ինքը համաձայնություն է տվել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում՝ առանց հետագա բանակցությունների, որոնք կարող էին վերաբերել Արցախի կարգավիճակին: Եվ դրան զուգահեռ ասում է՝ «այո, իրավունքների և անվտանգության խնդիր կա, բայց դա էլ՝ պաշտոնական Ստեփանակերտ գնա և բանակցիր Բաքվի հետ և փորձիր տեսնել, թե ինչ կարող ես ստանալ»: Այսինքն՝ պետք է փաստել այստեղ, որ գործող կառավարությունը որևէ բան չի նախաձեռնում և չի անում, ավելին, հակառակը՝ ասում է՝ «ես այդ բոլոր հարցերի հետ որևէ առնչություն չունեմ, Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է, թող բացեն, արցախցիների իրավունքներն ու անվտանգությունն էլ թող գնան իրենք բանակցեն Բաքվի հետ, ես այստեղ որևէ առնչություն չունեմ»:  - Ճիշտ չի՞ ասվում, որ Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է:  - Նոյեմբերի 9-ի համապատասխան կետով, իհարկե, ասվում է, որ ռուս խաղաղապահները պետք է այնտեղ վերահսկողություն իրականացնեն, բայց այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը երբ որևէ բան չի անում, որևէ մեսիջ չի հղում, այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի անում:  - Էլ ի՞նչ անի, տիկին Գրիգորյան, ամեն օր Ռուսաստանից պահանջում են: - Ինչո՞ւ է այս իրավիճակն առաջացել հիմա, ինչո՞ւ է Լաչինի միջանցքը հիմա փակվում կամ ավելի շուտ արդեն մեկ ամիս առաջ, որովհետև իմ խորին համոզմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, այնուհետև նաև Սոչիում վերահաստատեց այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում և առանց որևէ հետագա բանակցությունների, Ադրբեջանն այդտեղից արդեն թևավորված, որ արդեն հայկական կողմը որևէ պահանջ չունի Արցախի հետ կապված, արել է այն, ինչ ինքը հարմար է գտնում, ասում է՝ «էս իմ տարածքն է, Լաչինն էլ իմն է, ինչ ուզում եմ անում եմ»: Այսինքն՝ հայկական կողմն առնվազն չպետք է այնպիսի հայտարարություններ աներ և այնպիսի համաձայնություններ աներ, որից հետո ուղղակի հայկական կողմի որևէ հարցադրում և որևէ պնդում լուրջ չէին կարող ընդունվել որևէ մեկի կողմից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
13:06 - 12 հունվարի, 2023
Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին Բ

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին Բ

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, ՌԴ պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան, Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր, Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներ և սիրելի ներկաներ, Ողջունում ենք ամենքիդ ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ամանորի և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոների առիթով։ Շնորհակալությամբ ստացանք Ռուսաստանի Դաշնության մեծահարգ նախագահ տիար Վլադիմիր Պուտինի կողմից Մեզ շնորհված Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը մեծարգո դեսպան տիար Սերգեյ Կոպիրկինի ձեռամբ: Հայրապետական Մեր մաղթանքներն ու օրհնությունն ենք բերում ի դեմս Ձեզ, պարոն դեսպան, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ ազնիվ ուշադրության և գնահատանքի համար։ Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայ- ռուսական փոխհարաբերությունների պատմության ընթացքում, այլև անկախության հռչակումից ի վեր մեր ժողովուրդը զգացել է բարեկամ Ռուսաստանի բարյացակամ վերաբերմունքը և զորակցությունը։ Այսօրինակ բարեկամության ցայտուն վկայության ականատեսը եղանք, երբ Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով դադարեցվեց 2020 թվականի Արցախյան արյունալի պատերազմը, նաև շարունակվում է կարևոր աջակցությունը պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարման, Արցախի մեր ժողովրդի անվտանգության ապահովման, Դադիվանքի և հայոց հնամենի սրբավայրերի պահպանության գործում։ Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Սիրելիներ, Ռուսաստանի Դաշնության այս բարձր պարգևի շնորհումը դիտարկում ենք հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի և Ռուսաստանի միջև հոգևոր-մշակութային կապերի զորացման գործում Հայոց Եկեղեցու պատմական դերակատարության արժևորման համատեքստում, նաև որպես գնահատանք Ռուսաստանի կյանքում հայ համայնքի կարևոր ավանդի: Մեր ժողովուրդների բարեկամության ակունքներում Հայ և Ռուս Եկեղեցիների եղբայրությունն է։ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի՝ ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբոր հետ սերտ գործակցության մեջ ամենայն ջանք ի գործ ենք դնելու հանուն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ այսօրվա փոթորկոտ և տագնապներով լի աշխարհում Ամենողորմ Տերը խաղաղության իր շնորհները հեղի համայն մարդկության կյանքին և ապահովության ու բարօրության մեջ պահի մեր եղբայր ժողովուրդներին՝ պարգևելով արդյունաշատ գործակցություն և մշտանորոգ ձեռքբերումներ մեր բարեկամ երկրներին։ Այս առիթով, հարգարժան պարոն դեսպան, հաճեցեք Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինին Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենարար ավետիսի հետ մեկտեղ փոխանցել Մեր երախտագիտությունը և կենաց արևշատության, հաջողությանց և Ռուսաստանի առջև ծառացած մարտահրավերների ու փորձությունների շուտափույթ հաղթահարման բարեմաղթանքները: Թող Աստված օրհնի և անսասան պահի բարեկամությունը մեր եղբայր ժողովուրդների»,- ասված է վեհափառի ելույթում:
11:40 - 12 հունվարի, 2023
Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը մնում է ուժի մեջ. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը մնում է ուժի մեջ. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։ «Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծելու բարձր մակարդակով և եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա մտավարժանքներով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,–նշել է Զախարովան։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ: Դաարմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։
11:24 - 12 հունվարի, 2023
ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը․ Արցախի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել

ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը․ Արցախի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի: Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից: Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով: Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:
15:53 - 11 հունվարի, 2023
Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև

Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև

«Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որում այն ​​նախագահում է 2023 թվականի սկզբից՝ հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
13:03 - 11 հունվարի, 2023
Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի պնդումների մասին

Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի պնդումների մասին

Ես չէի ասի, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականություններն ընդհանրապես չեն կատարում։ Մենք կոնկրետ իրավիճակներ ասացինք՝ Լաչին, Խծաբերդ, Փառուխ, այսինքն՝ հենց էդ  կետերը նկատի ունենք, մենք նկատի չունենք, որ ռուս խաղաղապահներն ընդհանրապես ոչ մի բան չեն անում, ոչ մի պարտականություն չեն կատարում, ոչ մի բան չեմ ապահովում, դա նկատի չունենք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկամանը, թե քանի որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները Լաչինի միջանցքի հետ կապված, ինչպես նաեւ դեպքեր կան՝ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտականությունները՝ գյուղ ենք կորցրել Արցախում և հարց ուղղեց, թե այս ամենը որքանով է տեղավորվում ԱԽ քարտուղարի հայտարարած այն ճնշման հետ, որ մեզ ցանկանում են մտցնել Միութենական պետություն, ուղիղ բանակցություններ տեղի ունենո՞ւմ են Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի հետ, Ադրբեջանը սա անում է նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի համա՞ր։ «Կոնկրետ իրավիճակի հետ կապված՝ մեր դիրքորոշումն այն է, որ էստեղ էլ, բոլոր հարցերում, կողմը, որ պետք է քննարկի էդ հարցերը, ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են, իրենք պետք է քննարկեն եւ որոշումներ կայացնեն, եւ մենք իրենց աջակցում ենք։ Աջակցում ենք եւ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում, էնտեղ ինչով որտեղ կարողանում ենք աջակցել, աջակցում ենք։ Բայց եռակողմ հայտարարության վեցերորդ կետում ՀՀ-ն անելիք չունի, այսինքն՝ գրված չի՝ ՀՀ-ն Լաչինի միջանցքի հետ կապված ինչ գործառույթ պետք է իրականացնի, եւ էնտեղ ռուս խաղաղապահների գոտին ա, եւ իրենք գործառույթ են իրականացնում ԼՂ անվտանգության ապահովման առումով, եւ էդ հաղորդակցության մեջ եթե կա ԼՂ-ի հետ կապված որեւէ որոշում, կամ ընդհակառակը՝ չկա, էդ ամենի իրավատերը ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են»,- նշեց վարչապետը։  Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին՝ վարչապետը կոչ արեց չտրվել այդ խոսույթին․ «Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին՝ ես կոչ եմ անում էդ խոսույթին չտրվել, որովհետեւ նման խոսույթ չկա, ՀՀ-ն, ինչպես ասել է, մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը, բացառում ենք։ Եթե կասեն՝ պայմանավորվածություն է եղել, բանավոր պայմանավորվածություն, խոստում է եղել, դրանք անհեթեթություններ են, ընդ որում՝ ապացուցելի անհեթեթություններ»։
15:03 - 10 հունվարի, 2023
«ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության երաշխավորը»․ Փաշինյանը՝ ՀՀ-ի՝  Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին

«ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության երաշխավորը»․ Փաշինյանը՝ ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին

Բանակցությունների ընթացքում ԼՂ ճակատագիրը, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում, դեռ 2018-ին եմ ասել, որ դա սխալ բանաձև է։ Այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենալ ԼՂ ժողովուրդը»։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով լրագրողներից մեկի հետևյալ հարցին․ «Կառավարության գործող ծրագրում ամրագրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, գրված է նաև, որ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը այդ անվտանգության կարևոր պայմաններից մեկն է։ Կառավարությունը, Նիկոլ Փաշինյկանը անվտանգության երաշխավորի դերո՞ւմ է գնում բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ»։ Պատասխանի մի մասի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, որ ինքը՝ Փաշինյանն է բանակցում, ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ իրենք բանակցում են նաև ԼՂ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների շուրջ։ Անդրադառնալով ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելուն՝ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են ռուս խաղաղապահների մանդատը, նա ասաց, որ սրանով էլ է Հայաստանը անվտանգության երաշխավորի իր դերը կատարում «Եթե գնանք ավելի առաջ․ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այսպես մի սիլոգիզմ փորձենք ձևավորել․ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես արդեն ասացի, որ մենք էս բանաձևով ենք առաջնորդվել։ ՀՀ-ն այս տրամաբանությունը եթե իր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում չէր լինի այն, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը»,- հավելեց Փաշինյանը։ Նա նաշեց, որ պետք է նայել, թե որքան են բոլորի համար ընդունելի բանաձևերն արտացոլում իրականությունը․ «Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր խոսոիւյթներն ու մեր նպատակները շատ հաճախ իրականության հետ կամ կապ չունեն, կամ թույլ է էդ կապը։ Եվ սա բերում է ճգնաժամերի։ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն է, որ իրականության նոր դիտանկյուն ունենան ու էդտեղից ստուգեն, ռեֆլեքսիայի ենթարկեն ընկալումները, և որքան են դրան իրական․ «Պատրաստ ենք նաև քննարկելու մեղադրանքները»։ Խոսելով պատերազմի մեջ իր մեղավորության մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, թե որը պետք է լիներ գործողությունը պատերազմից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ ճիշտ ձևակերպումը այն է, որ շրջանները պետք է հանձնվեին, ու ՀՀ-ի կողմից ընդունվեր ԼՂ կարգավիճակի անորոշությունը, և նրա՝ որպես Ադրբեջանի մաս դե ֆակտո ընդունելը և ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադառնալու ու ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը․ «Հիմա հետահայաց կարելի է ասել, որ նա գուցե ավելի լավ կլիներ, քան էն, ինչ մենք այսօր ունենք։ Բայց էն ժամանակ, ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով կարելի է գնալ։ Մի պայմաններում, որ մենք գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, որ մենք ունենք հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել։ Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել»։ Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ ռենտգենի մակարդակը չի բավարարի հարցը ամբողջությամբ հասկանալու համար, ըստ նրա՝ սա ԴՆԹ մակարդակի խնդիր է․ «Պետք է հասկանալ, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական է՝ հայկական հայրենասիրության սովետական մոդել, որը խորքում լուրջ հակասություններ ունի Հայաստանի պետության ու պետականության հետ»։
13:23 - 10 հունվարի, 2023
Մենք պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկ»-ի մեր տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկ»-ի մեր տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

«Այո, Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին։ Պիտի ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ կարեւոր է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլեւ իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցությունններում»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին։  Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր է նաեւ հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար․ «Գիտեք, որ նաեւ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է եղել, մենք Պրահայում ենք հանդիպել, եւ կարեւոր է, որ մենք դինամիկա ունենանք հարաբերություններում։ Եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաեւ ակնկալում ենք դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացում։ Այս իրադարձությունները կարեւոր են ոչ միայն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով, այլեւ միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, եւ, կարծում եմ, այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, եւ միջազգային մեծ կարեւորություն է ձեռք բերում։ Այս իմաստով, իհարկե, ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը եւ հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»։ Փաշինյանը նաև, իր խոսքով, ևս մեկ անգամ արձանագրեց պատրաստակամությունը, ինչպես նախկինում հայտարարել է, նաեւ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ․ «Մենք դրան պատրաստ ենք եւ շահագրգռված ենք դրանով։ Նաեւ ՀՀ-ի տարածքով ավտոբեռնափոխադրումների եւ ավտոճանապարհների բացումը արեւելք-արեւմուտք ուղղություններով, նաեւ նոր ճանապարհների կառուցումը, սրանով էլ ենք հետաքրքրված եւ շահագրգռված։ Պիտի անկեղծ ասեմ, որ միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին»։ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ իրենք պատրաստ են իրագործել «Հայկական խաչմերուկ»-ի իրենց տեսլականը, եւ նաեւ հասկանում են, որ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռափոխադրումների, լոգիստիկ շղթաների եւ ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, եւ այդ փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության, եւ ոչ թե հակառակը․ «Այն, ինչ ես ներկայացրի, որպես կարեւոր էֆֆեկտ, պետք է նշել, որ այս պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային եւ երկաթուղային բեռնափոխադրումները, որովհետեւ էս պարագայում մենք խոսում ենք նաեւ ՀՀ-ի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Իրան-Հայաստան եւ Իրան-Ադրբեջան, Իրան-ՌԴ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, եւ մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,- ասաց վարչապետը։ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման շրջանակներում երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից։ «Ինչ վերաբերում է [Հայաստան-Թուրքիա] ֆուտբոլային խաղերին, դա կախված է, իհարկե, ընդհանուր իրավիճակից եւ երկու կողմերի քաղաքական կամքից։ Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորթյունները, որոնք կստեղծվեն։ Բացի միջազգայինից՝ նաեւ ուզում եմ վերադառնալ մեր տարածաշրջանին եւ ՀՀ-ի շահերին, ես նաեւ իմ ամանորյա ուղերձում նշեցի, որ մենք, ի վերջո, մի շատ կարեւոր արձանագրում պետք է անենք, որ եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ն իսկապես զարգացած եւ անվտանգ պետություն լինի, մենք պետք է մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք։ Այսինքն՝ մենք նաեւ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում, ըստ էության, նոր մի դիտակետ ենք ներկայացնում՝ որպես արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություն, եւ մենք այն պայմանականորեն անվանում ենք «տարածաշրջանացում»։ Այսինքն՝ պատմականորեն մենք մեր տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան հնարավորություններ ենք տեսել, եւ դա հասկանալի է, գիտենք, թե ինչու է այդպես դասավորվել, բայց մենք կարծում ենք, որ գուցե նաեւ ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
12:46 - 10 հունվարի, 2023