Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի պնդումների մասին
15:03 - 10 հունվարի, 2023

Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի պնդումների մասին

Ես չէի ասի, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականություններն ընդհանրապես չեն կատարում։ Մենք կոնկրետ իրավիճակներ ասացինք՝ Լաչին, Խծաբերդ, Փառուխ, այսինքն՝ հենց էդ  կետերը նկատի ունենք, մենք նկատի չունենք, որ ռուս խաղաղապահներն ընդհանրապես ոչ մի բան չեն անում, ոչ մի պարտականություն չեն կատարում, ոչ մի բան չեմ ապահովում, դա նկատի չունենք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկամանը, թե քանի որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները Լաչինի միջանցքի հետ կապված, ինչպես նաեւ դեպքեր կան՝ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտականությունները՝ գյուղ ենք կորցրել Արցախում և հարց ուղղեց, թե այս ամենը որքանով է տեղավորվում ԱԽ քարտուղարի հայտարարած այն ճնշման հետ, որ մեզ ցանկանում են մտցնել Միութենական պետություն, ուղիղ բանակցություններ տեղի ունենո՞ւմ են Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի հետ, Ադրբեջանը սա անում է նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի համա՞ր։

«Կոնկրետ իրավիճակի հետ կապված՝ մեր դիրքորոշումն այն է, որ էստեղ էլ, բոլոր հարցերում, կողմը, որ պետք է քննարկի էդ հարցերը, ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են, իրենք պետք է քննարկեն եւ որոշումներ կայացնեն, եւ մենք իրենց աջակցում ենք։ Աջակցում ենք եւ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում, էնտեղ ինչով որտեղ կարողանում ենք աջակցել, աջակցում ենք։ Բայց եռակողմ հայտարարության վեցերորդ կետում ՀՀ-ն անելիք չունի, այսինքն՝ գրված չի՝ ՀՀ-ն Լաչինի միջանցքի հետ կապված ինչ գործառույթ պետք է իրականացնի, եւ էնտեղ ռուս խաղաղապահների գոտին ա, եւ իրենք գործառույթ են իրականացնում ԼՂ անվտանգության ապահովման առումով, եւ էդ հաղորդակցության մեջ եթե կա ԼՂ-ի հետ կապված որեւէ որոշում, կամ ընդհակառակը՝ չկա, էդ ամենի իրավատերը ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են»,- նշեց վարչապետը։ 

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին՝ վարչապետը կոչ արեց չտրվել այդ խոսույթին․ «Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին՝ ես կոչ եմ անում էդ խոսույթին չտրվել, որովհետեւ նման խոսույթ չկա, ՀՀ-ն, ինչպես ասել է, մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը, բացառում ենք։ Եթե կասեն՝ պայմանավորվածություն է եղել, բանավոր պայմանավորվածություն, խոստում է եղել, դրանք անհեթեթություններ են, ընդ որում՝ ապացուցելի անհեթեթություններ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել