Մենք պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկ»-ի մեր տեսլականը․ Նիկոլ Փաշինյան
12:46 - 10 հունվարի, 2023

Մենք պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկ»-ի մեր տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

«Այո, Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին։ Պիտի ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ կարեւոր է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլեւ իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցությունններում»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին։ 

Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր է նաեւ հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար․ «Գիտեք, որ նաեւ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է եղել, մենք Պրահայում ենք հանդիպել, եւ կարեւոր է, որ մենք դինամիկա ունենանք հարաբերություններում։ Եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաեւ ակնկալում ենք դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացում։ Այս իրադարձությունները կարեւոր են ոչ միայն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով, այլեւ միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, եւ, կարծում եմ, այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, եւ միջազգային մեծ կարեւորություն է ձեռք բերում։ Այս իմաստով, իհարկե, ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը եւ հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»։

Փաշինյանը նաև, իր խոսքով, ևս մեկ անգամ արձանագրեց պատրաստակամությունը, ինչպես նախկինում հայտարարել է, նաեւ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ․ «Մենք դրան պատրաստ ենք եւ շահագրգռված ենք դրանով։ Նաեւ ՀՀ-ի տարածքով ավտոբեռնափոխադրումների եւ ավտոճանապարհների բացումը արեւելք-արեւմուտք ուղղություններով, նաեւ նոր ճանապարհների կառուցումը, սրանով էլ ենք հետաքրքրված եւ շահագրգռված։ Պիտի անկեղծ ասեմ, որ միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին»։

ՀՀ վարչապետը ընդգծեց, որ իրենք պատրաստ են իրագործել «Հայկական խաչմերուկ»-ի իրենց տեսլականը, եւ նաեւ հասկանում են, որ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռափոխադրումների, լոգիստիկ շղթաների եւ ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, եւ այդ փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության, եւ ոչ թե հակառակը․ «Այն, ինչ ես ներկայացրի, որպես կարեւոր էֆֆեկտ, պետք է նշել, որ այս պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային եւ երկաթուղային բեռնափոխադրումները, որովհետեւ էս պարագայում մենք խոսում ենք նաեւ ՀՀ-ի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Իրան-Հայաստան եւ Իրան-Ադրբեջան, Իրան-ՌԴ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, եւ մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,- ասաց վարչապետը։

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման շրջանակներում երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից։

«Ինչ վերաբերում է [Հայաստան-Թուրքիա] ֆուտբոլային խաղերին, դա կախված է, իհարկե, ընդհանուր իրավիճակից եւ երկու կողմերի քաղաքական կամքից։ Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորթյունները, որոնք կստեղծվեն։

Բացի միջազգայինից՝ նաեւ ուզում եմ վերադառնալ մեր տարածաշրջանին եւ ՀՀ-ի շահերին, ես նաեւ իմ ամանորյա ուղերձում նշեցի, որ մենք, ի վերջո, մի շատ կարեւոր արձանագրում պետք է անենք, որ եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ն իսկապես զարգացած եւ անվտանգ պետություն լինի, մենք պետք է մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք։ Այսինքն՝ մենք նաեւ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում, ըստ էության, նոր մի դիտակետ ենք ներկայացնում՝ որպես արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություն, եւ մենք այն պայմանականորեն անվանում ենք «տարածաշրջանացում»։ Այսինքն՝ պատմականորեն մենք մեր տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան հնարավորություններ ենք տեսել, եւ դա հասկանալի է, գիտենք, թե ինչու է այդպես դասավորվել, բայց մենք կարծում ենք, որ գուցե նաեւ ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել