Քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից։

Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը՝ 25 միլիոն ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։  Նշենք, որ Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, դրա դեմ պաշտպանական կողմի բողոքը, դատավորներ Կարեն Ամիրյանի, Մեսրոպ Մակյանի եւ Արմեն Հովհաննիսյանի կազմով, դեռեւս քննվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Մինչ այդ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել էր անփոփոխ, ինչն էլ պաշտպանը բողոքարկել էր։ Կոչուբաեւը նաեւ ֆեյսբուքյան էջում է գրառում արել՝ նշելով. «Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի։ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը»։ Ավելի ուշ պարզաբանում տարածեց նաեւ Դատական իշխանության տելեգրամյան ալիքը՝ մանրամասնելով հետեւյալը․ «Դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը»: Ըստ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակի՝ պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք եւ գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը: Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը 2023 թ․ մայիսին մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։
17:35 - 04 մարտի, 2024
Խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել. Փաշինյան
 |1lurer.am|

Խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ Հայաստանի Հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար: Որոշումը նպատակաուղղված է պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու միջոցով կարգավորել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչը առավել կանխատեսելի կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար: Քաղաքաշիության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման դեպքում նախատեսել առանձնահատկություն՝ մասնակցի գնային առաջարկը նախահաշվային արժեքից մինչև 10 տոկոսից բարձր լինելու դեպքում մրցույթում հաղթող ճանաչելու համար: «Նշված կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարական շուկայում ստեղծված բարձր մրցակցային իրավիճակով, երբ նկատում ենք մասնավոր շինարարության շատ նկատելի աճ, ինչն իր հերթին առաջացնում է շինարարական աշխատանքների հետ կապված ռեսուրսների և՛ սահմանափակումներ և՛ ռիսկեր: Այս պայմաններում, որպես շուկայի մասնակից և պատվիրատու, սույն փոփոխությամբ առաջարկում ենք ձևավորել մրցակցային ճկունություն և պետական ծրագրերի նկատմամբ պահպանել անհրաժեշտ գրավչություն»,- նշեց նա: Որպես իրավիճակի տեղեկանք՝ Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց մի քանի թիվ: «Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի տարածքային զարգացման հիմնադրամի նախորդ տարի դեկտեմբերին կազմակերպված 82 մրցութային կողմնորոշիչ գների սահմաններում հաղթող կարող են ճանաչվել միայն 27 մրցույթի դեպքում, հայտ չենք ունեցել 27 մրցույթի դեպքում, իսկ 34 մրցույթի դեպքում ստացվել են նախահաշվային գնից էապես բարձր առաջարկներ»,- ասաց նա: «Եթե շատ կարճ ձևակերպենք այս որոշման իմաստը և նպատակը, ապա՝ խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության, մենք պետք է արձանագրենք հետևյալը. որ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագիր, համակարգված պրակտիկա 3-րդ հանրապետության պատմության մեջ, ըստ էության, չի եղել: Պետք է քայլենք այս ճանապարհով և հասնենք այն տեղը, որտեղ ուզում ենք: Ամենակարևորը չհուսահատվելն է, չհանձնվելն է: Ես ողջունում եմ, որ նախորդիվ փոխվարչապետը մի առիթով ասաց, որ սա ոչ թե 300 դպրոցի ծրագիր է, այլ սա առաջին 300 դպրոցի ծրագիրն է: Մենք մեր բոլոր դպրոցները պետք է բերենք նույն ստանդարտի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
12:49 - 25 հունվարի, 2024
Քաղաքաշինական ոլորտի կազմակերպությունների լիցենզավորումը խստացվում է, մասնագետների համար էլ պարտադիր կլինի հավաստագրումը
 |armenpress.am|

Քաղաքաշինական ոլորտի կազմակերպությունների լիցենզավորումը խստացվում է, մասնագետների համար էլ պարտադիր կլինի հավաստագրումը |armenpress.am|

armenpress.am: Քաղաքաշինության ոլորտում իրականացվում են փոփոխություններ։ Արդեն ուժի մեջ են մտել  քաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։ Դա ենթադրում է, որ այսուհետ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացն իրականացվելու է նոր պահանջներով, դրվում է նաև մասնագետների հավաստագրման պահանջ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ նախ սահմանվել է լիցենզավորման դասակարգում։ «Մինչ այս քաղաքաշինության ոլորտի լիցենզիաները միատեսակ են եղել, բոլոր սուբյեկտներին տրվել է նույն հնարավորությունը, ինչն արդյունավետ չէ։ Նոր օրենսդրությամբ  կազմակերպությունները կդասակարգվեն։ Կսահմանվի երեք դաս։ Ըստ յուրաքանչյուր դասի էլ կսահմանվի տվյալ կազմակերպությունների գործունեության շրջանակը։ Օրինակ՝ նոր ստեղծվող կազմակերպությունը կարող է հավակնել միայն ցածր դասի լիցենզիայի, այն է՝ կառուցել, վերակառուցել առաջին և երկրորդ ռիսկայնության օբյեկտներ, անհատական տներ, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ։ Բազմաբնակարան շենքերի, հասարակական նշանակության դպրոցների կառուցմանը նորաստեղծ կազմակերպությունը չի կարող հավակնել»,-ասաց Դավիթ  Գրիգորյանը։   Նոր փոփոխությունների համաձայն՝  կազմակերպությունների ինժեներական անձնակազմի պատասխանատու մասնագետները պետք է հավաստագրվեն։ Ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգը։ Մասնագետներն ունենալու են 1-3 կարգ։ Յուրաքանչյուր կարգը կտրվի՝ կախված օբյեկտի ռիսկայնությունից։ «Հիմա կհավաստագրենք անցումային այս փուլում, սակայն մասնագետը հաջորդ 5 տարիների ընթացքում պետք է անցնի մասնագիտական զարգացման գործընթաց, հավաքի համապատասխան կրեդիտներ։ Առայժմ այս փոփոխությունները վերաբերում է ինժեներական հատվածին, սակայն հետագայում մասնագետների շրջանակը ընդլայնվելու է»,-ասաց Դավիթ Գրիգորյանը։ Նոր ստեղծվող կազմակերպություններն արդեն լիցենզիա կստանան նոր  կարգով, նոր մոտեցումներով, իսկ այն կազմակերպությունները, որոնք արդեն ունեն լիցենզիա մինչև 2024  սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար։ Դա չանելու պարագայում, անցումային փուլի ավարտից հետո այն օրենքի ուժով կդադարի գործել։ Տրամադրվող լիցենզիայի ժամկետի հետ կապված ևս փոփոխություն կա։ Եթե նախկին օրենսդրությամբ այն տրվում էր անժամկետ, ապա հիմա տրվելու է 5 տարի ժամկետով։ Դրանից բացի, կազմակերպությունները վարկանիշավորվելու են։ Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտի մասնագիտական կազմակերպություններ փնտրելիս եղած տվյալները բավական օգտակար կլինեն։ Մյուս կողմից տեսանելի կլինի կազմակերպությունների ու մասնագետների թերացումները։ Նոր փոփոխությունների համաձայն՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն կազմակերպությունները, այլև՝ մասնագետները։ Այս բոլոր գործընթացներն ազդելու են կազմակերպությունների ու մասնագետների վարկանիշավորման վրա։ Հետևաբար՝ հետագայում շինարարական ծրագրերին հավակնող կազմակերպությունների համար կարևոր է լինելու վարկանիշը, ինչն էլ նպաստելու է աշխատանքի պատշաճ իրականացմանը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս գործընթացով ստեղծում է կազմակերպությունների ու պատասխանատու մասնագետների պատմություն։ «Պարզ ու հստակ է լինելու կազմակերպության պատմությունը, վարկանիշը։ Այսինքն՝ պատվիրատուն կտեսնի, թե ինչ ճանապարհ է անցել կազմակերպությունն, ինչ հագեցվածություն ունի։ Մի կողմից դա ազդակ կլինի պատվիրատուների համար, կկարողանան ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից մրցակցային դաշտ կապահովվի։ Արդյունքում՝ թափանցիկ կլինի կազմակերպության պատմությունը, կերևա նաև կազմակերպության կրած պատասխանատվությունը։ Պատվիրատուն արդեն որևէ շինարարական ծրագրի աշխատանքները կատարումը չի տա այն կազմակերպությանը, որին միայն գնային առաջարկով է ճանաչում»,- ասաց Նշան Մարտիրոսյանը։ Ներկայում հանրապետությունում գործում է մոտ 4 հազար լիցենզավորված կազմակերպություն։
14:14 - 18 դեկտեմբերի, 2023
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 16-ին Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:   Ներկայացվել են ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար ստեղծված հնարավորությունները, ընդունված իրավական կարգավորումները։   Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ 3 օրենքում՝ հնարավորություն ստեղծելով, որ ԼՂ կազմակերպությունները պարզ ընթացակարգով ստանան իրավաբանական և հարկային գրանցում, ապա դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման համար։   «Հասկանալով՝ կազմակերպությունների հիմնական մասն ինչ դժվարությունների է առերեսվում՝ պատրաստ ենք քննարկել աջակցության հատուկ գործիքակազմ կիրառելու հնարավորությունը և լսել ձեր տեսակետը՝ նախատեսելով կարգավորումներ, որպեսզի առաջիկայում ձեր գործունեությունը սահուն ընթանա։ Ակնկալում ենք, որ ճանաչելով ԼՂ ձեր գործընկերներին, նրանց մասնագիտական կարողությունները՝ համախմբվելով կձևավորեք անհրաժեշտ մարդկային ներուժը, որը կկարողանա ժամանակին ու որակով իրականացնել շինարարական պատվերները»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ընդգծել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   Անդրադառնալով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ փորձ է արվում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ կարողանան ներգրավվել քաղաքաշինական ծրագրերում․ «Չափազանց կարևորում ենք ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներգրավումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված տարբեր նշանակության օբյեկտների նախագծման և շինարարական ծրագրերում։ Մեծ սպասելիքներ ունենք մեր հետագա համագործակցությունից»։   Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկաներին ծանոթացրել են գործող ընթացակարգերին, արդիականացված նորմերին, կոմիտեի կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներին, դպրոցաշինության հետ կապված գնումների կազմակերպման վերջին փոփոխություններին։ Նրանք պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին։   Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կարճ ժամանակ անց կազմակերպել հանդիպում՝ քննարկելու կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու ընթացքում առաջացած հարցերը։   Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները հետևողականորեն կաջակցեն բոլոր դիմողներին և հետամուտ կլինեն խնդիրների վերհանմանը։ Միաժամանակ կկազմակերպվեն քննարկումներ Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության հետ՝ հետագա կարգավորումները նախանշելու նպատակով»։
20:24 - 16 դեկտեմբերի, 2023
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը

Հայաստան այցելած Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր: «Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները ձևավորելու և նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։ Մասնավորապես՝ ներկայացվել է խաղերի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալելու համար Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը: Նախնական տարբերակով՝ ավանը կընդգրկի շուրջ 12 հա մակերես՝ ներառելով հասարակական և բնակելի կառույցներ՝ ննջարանային ֆոնդով, ճաշարանով, մարզահրապարակներով, առողջապահական հատվածով և այլ ենթակառուցվածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դիտարկվել են առաջարկվող տարբերակի ճարտարապետահատակագծային լուծումները և մանրամասն նկարագիրը: Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ներկայացվող առաջարկությունները՝ նշելով, որ առկա են միջոցառումը կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Միաժամանակ Զեյնա Մինան առաջարկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը։
18:54 - 21 նոյեմբերի, 2023
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը. հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի նկատմամբ

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը. հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի նկատմամբ

2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ. Գ.-ի (Ռուբեն Գեւորգյանի-խմբ.) դստերը՝ Ա. Գ.-ին: Մասնավորապես՝ Բ. Ք.-ն 2002 թվականի օգոստոսի 8-ին պաշտոնական փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ Ա.Գ.-ի անվամբ դեռևս 1999 թվականին վարձակալության իրավունքով գրանցված վերոնշյալ հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս է և ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում: Մինչդեռ 6452.68 քմ մակերեսով հողամասը Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի խոշոր մասշտաբի զոնավորման նախագծերում առանձնացված է եղել որպես այգի և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը)՝ հանդիսացել է մասնավորեցման ոչ ենթակա, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող: Բ.Ք.-ի կողմից տրված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման օրվա դրությամբ 96 մլն 780 հազար դրամ շուկայական արժեքով 6452.68 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով՝ ընդամենը 2 մլն 223 հազար 697 դրամ կադաստրային արժեքով օտարվել է Ա.Գ.-ին: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Բ. Ք.-ի նկատմամբ՝ 01.07.1961 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) և 187-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը): Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կապված ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ. Գ.-ի դստերը՝ Ա. Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի արգելադրման հետ: Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է  վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:55 - 13 հոկտեմբերի, 2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ակադեմիական քաղաքին առնչվող քաղաքաշինական հարցերը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ակադեմիական քաղաքին առնչվող քաղաքաշինական հարցերը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, հիմնադրամի  իրավաբան Տաթև Դանիելյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանին: Հիմնադրամի տնօրենը տեղեկատվություն է հայտնել Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրն իրագործելու համար դիտարկվող տարածքների վերաբերյալ՝ ներկայացնելով նախագծային խմբին ելակետային տվյալների, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտությունը և վերհանված հնարավոր խնդիրները: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել կոմիտեի լիազորությունների շրջանակում ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագիրն իրականացնող թիմին և աշխատանքներն արագ կազմակերպելու նպատակով գերմանական «gmp Architekten» նախագծային ընկերությանը տրամադրել դիտարկվող տարածքներին առնչվող կոմիտեի համակարգմամբ մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող օրենսդրության, քաղաքաշինական նորմերի վերաբերյալ տեղեկատվությունը: Քննարկվել են Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր տարբերակներից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 17-րդ թաղամասի հողամասերի նկատմամբ առկա քաղաքաշինական հատակագծային սահմանափակումները՝ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվող հողամասի իրական մակերեսը հստակեցնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծային թիմին փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի գոտևորման նախագիծը և 17-րդ թաղամասին հարակից բնակավայրերի համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի այն նյութերը, որոնք օգտակար կլինեն Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքներում տարբեր գործառույթների տեղաբաշխում կատարելիս: Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրում հայկական կողմից՝ որպես աշխատանքների իրականացմանն աջակցող կազմակերպություն, ներգրավված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել համալսարանի կողմից կատարվող ինժեներաերկրաբանական, գեոդեզիական աշխատանքների ընթացքին: Հավաքագրված բոլոր տվյալները փոխանցվելու են ծրագրում ներգրավված գերմանական կազմակերպությանը՝ Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքի գլխավոր հատակագծի մշակման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 
21:12 - 28 հուլիսի, 2023
Քաղաքաշինության կոմիտեն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավկովկասյան գրասենյակի տնօրենի տեղակալ Բերենժե Կալամանդի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են քաղաքաշինության բնագավառում էներգաարդյունավետության միջոցառումների կիրառմանն առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է այդ ուղղությամբ օրենսդրական կարգավորումների մշակման և շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերի ընդունման մասին: Նա ընդգծել է, որ ներկայում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների ներառումը պարտադիր պայման է: Նախատեսվում են նաև մեխանիզմներ՝ խթանելու էներգաարդյունավետության միջոցառումների կիրառումը քաղաքաշինական մասնավոր ծրագրերում: Մշակված օրենսդրական նախաձեռնություններով նախատեսվում է աստիճանաբար իրականացնել ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գոյություն ունեցող շենքերի անձնագրավորում՝ շենքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության մեջ ներառելով նաև էներգաարդյունավետության բնութագիր: Անդրադարձ է կատարվել նաև բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի դրական արդյունքներին: Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները մանրամասներ են հաղորդել (ԶՖԳ) աջակցությամբ իրականացվող «Ջերմ օջախ» ծրագրի նպատակների և իրականացման ընթացքի վերաբերյալ: Դիտարկվել է վերջինս պետական տարբեր ծրագրերի հետ համադրելու հնարավորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ համադրելու էներգաարդյունավետության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:
16:33 - 27 հունիսի, 2023
Կառավարությունը Վահագն Վերմիշյանին կվճարի շուրջ 50 մլն դրամ՝ աշխատանքից ապօրինի ազատելու համար |news.am|

Կառավարությունը Վահագն Վերմիշյանին կվճարի շուրջ 50 մլն դրամ՝ աշխատանքից ապօրինի ազատելու համար |news.am|

news.am: Կառավարությունը Վարչական վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա պարտավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին պաշտոնից ապօրինի կերպով ազատելու համար որպես փոխհատուցում վճարել 50 միլիոն դրամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ «Ֆորմալ առումով Կառավարությունը մեկ ամիս ժամանակ ունի Վճռաբեկ դատարանում վճիռը բողոքարկելու համար, սակայն հիմքերը դա անելու համար թույլ են։ Վահագն Վերմիշյանը այդ գումարին չէր սպասում, բայց սա հիմա կարեւոր հաղթանակ է մեզ համար բարոյական տեսանկյունից»,- ասաց Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
17:28 - 24 հունիսի, 2023
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ից (Վահագն Վերմիշյան-խմբ․) և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1. 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն150 հազար դրամ. 2. 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
13:34 - 08 հունիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում
 |1lurer.am|

Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում |1lurer.am|

1lurer.am: ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է նաև հստակեցնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակմանը: Առաջարկվում է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաև Կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն: Նախագիծն ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է` ի՞նչ է լինելու այն շենքերի հետ, որոնք նախագծվել են, օրինակ, որպես 10 հարկանի շենք, բայց հետո դարձել 12 հարկանի, արդյոք դա նորմա՞լ է: Իսկ եթե նորմալ չէ, ապա ի՞նչ է արվելու, որ այդ պրակտիկան դադարեցվի: Արմեն Ղուլարյանի խոսքով՝ այդ գործունեությունը նորմալ չէ, և այսօր արդեն այդ պրակտիկան վերացվել է: Նա պարզաբանել է, որ համայնքների, հատկապես Երևանի քաղաքապետարանի հետ այդ խնդիրը կանոնակարգված է, և նման խնդիր այլևս չի կարող լինել, իսկ եթե նախագծից շեղումներ լինեն, ապա միայն անվտանգության կանոնները պահպանելու դեպքում: Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Ելույթ ունենալով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշել է, թե նախագիծը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել նախագծի հապճեպ քննարկումը: Անդրադարձ է եղել նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` կապված շենք-շինությունների մատչելիության հետ: Մասնավորապես, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս հարցի հետ կապված օրենսդրական բացեր չկան, ուստի անհասկանալի է` ինչո՞ւ են համատարած անմատչելի նույնիսկ նորակառույց, նոր հիմնանորոգված կառույցները: Նա հույս է հայտնել, որ բարձրացված խնդիրը կլուծվի այս նախագծի ընդունումից հետո: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձել է գործընկերոջ հնչեցրած տեսակետին և նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փորձագետներն աշխատելու են Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանների հետ և հստակ կարծիք են տալու, թե սահմանադրականության և իրավական այլ հարցերի հետ կապված հակասություններ կա՞ն, թե` ոչ: Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: Եզրափակիչ ելույթում Արմեն Ղուլարյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:
16:26 - 01 մարտի, 2023
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթացել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել են Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության քաղաքականության, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների, կապիտալ շինարարական ծրագրերի, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները: Զեկուցվել է, որ ճարտարապետության և քաղաքաշինության մասով գրեթե 70%-ով լուծվել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը, դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները՝ որպես առափնյա հատվածի գրավչության բարձրացմանն ու քաղաքաշինական կանոնակարգված գործունեությանը միտված միջոցառում։ Ճարտարապետության և քաղաքաշինության մասով մշակվում են միկրոռեգիոնալ փաստաթղթից բխող, բնակավայրերի համալիր զարգացմանը միտված և աճի նոր բևեռների ստեղծման հայեցակարգային փաստաթղթերը։ Նշվել է, որ իրականացվող միջոցառումների շրջանակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ժամկետը թեև նախատեսված էր 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Ըստ զեկույցի՝ ճարտարապետության և քաղաքաշինության մասով ներկայումս մշակվում է հանրապետությունում իրականացվող մեծածավալ կառուցապատման աշխատանքները կանոնակարգող փաստաթղթի՝ տարածքի հատակագծման նախագծի կարգը, որը նպատակաուղղված է բնակավայրերի առաջնահերթությունների հենքի վրա, խնդիրների միասնական լուծմանը միտված ու հանրության կարիքները հաշվի առնող փաստաթղթի կազմմանը՝ բացառելով տեղային-դրվագային լուծումները։ Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև օրենսդրական կարգավորումների հստակեցման ու խստացման ուղղությամբ՝ ներկայումս մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ձևավորված միջավայրին անհարիր միջամտությունները կանխելու և մայրաքաղաքի կենտրոնը գերբեռնումից զերծ պահելու և համաչափ զարգացումն ապահովելու նպատակով։ Ներկայումս ընթացքի մեջ է նորմատիվատեխնիկական համակարգի մշակման, տեղայնացման, արդիականացման գործընթացը: Նշվել է, որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործուներության պետական կարգավորման հիմնական միջոցներից է։ 2022-ին հաստատվել և կիրառության մեջ են դրվել 20 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր: Մշակված նորմերը վերաբերում են կառավարության կողմից գերակա համարվող հետևյալ ուղղություններին՝ քաղպաշտպանական կառույցներ, էներգաարդյունավետության բարձրացում, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հիդրոտեխնիկական և ավտոճանապարհային կառուցվածքներ, անվտանգության տեխնիկան շինարարությունում, այդ թվում՝ շինհրապարակների կազմակերպումը: Ներկայացված միջոցառումների շրջանակում զեկուցվել է նաև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի հաստատման ու կիրառման, քաղաքաշինական ծրագրերում գլխավոր կապալառուի ներդրման հնարավորությունների, շինարարությունում նոր տեխնոլոգիաների, նյութերի ներդրման հնարավորությունների, շենքերի ու շինությունների հուսալիության և սեյսմակայունության բարձրացման նպատակով իրավական հիմքերի ապահովման, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում քաղաքաշինական ծրագրերի իրականացման, կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման մասին: Անդրադարձ է եղել նաև շենքերի ու շինությունների անձնագրավորման համակարգի ներդրման գործընթացին, լիցենզավորման գործընթացի բարեփոխումներին: Ներկայացնելով բնակֆոնդի հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է բնակֆոնդի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը, մշակվել և հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոնները, որոնք ենթակա են կիրառման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար: Անդրադարձ է եղել երկրաշարժից հետո տեղադրված տնակներին, որի մասով Կառավարության մոտեցումները և առաջնահերթություններն ամրագրող որոշումն ընդունվել է: Որոշման համաձայն՝ 2023 թ. կիրականացվեն ցուցակների հաստատման, բյուջետային պլանավորման և ֆինանսավորում չպահանջող աշխատանքների իրականացում: Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն մշակել է նաև Էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են վերանորոգման վարկերի տոկոսադրույքները: 2022 թ. ծրագրի ներքո տրամադրվել է 1245 վարկ, մոտ 2.6 մլրդ դրամ պորտֆելով: Սուբսիդավորման չափը կազմել է 40 մլն դրամ: Կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ 3 տարիների ընթացքում գրանցվել է հատկացումների շուրջ 6-անգամյա աճ և դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են Կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու արդյունքային ցուցանիշներից: Ընդհանուր առմամբ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2022 թվականի ընթացքում համակարգվել են թվով 185 օբյեկտներ՝ 96 շինարարական և 89 նախագծային: 2022-ին ավարտվել են  6 օբյեկտների շինաշխատանքներ՝ 3 դպրոցի, 1 գյուղքոլեջի, 1 հանրակացարանային շենքի, ինչպես նաև 1 բազմաբնակարան շենքի: Ընթացքի մեջ է Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցման ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում: Ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ 2022-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-Permits համակարգի միջոցով: Մշակման փուլում է գտնվում Քաղաքաշինության բնագավառի պետական գործառույթների միասնական հարթակը, որը հասանելիություն է ապահովելու պետական համալիր փորձաքննություն, քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման և հողերի նպատակային նշանակության փոփոխության առցանց համակարգերին։ Պետական համալիր փորձաքննության տրամադրման առցանց համակարգը ներկայումս գտնվում է ծրագրավորման ավարտական փուլում։ 2023 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել համակարգի պիլոտային գործարկում։ Կարգավորվել է կառուցապատումը ժամկետում չավարտվելու դեպքերում կիրառվող տուգանքների չափի որոշման սկզբունքը: Նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման թույլտվությանն առնչվող պահանջները չկատարելու դեպքերի համար: Արդիականացվել է կոմիտեի կայքը, որը ներառում է իր մեջ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի որոնման համակարգ ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի ծրագրերի քարտեզ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետը հավելել է, որ դա կնպաստի քաղաքաշինության ոլորտի ընդհանուր զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև շինթույլտվությունների տրամադրման և մատուցվող մյուս ծառայությունների թվայնացումը: Անդրադառնալով տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերին՝ վարչապետը հատկապես կարևորել է մայթերի և այգիների սալարկումը քարերի միջոցով: «Մեր խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև սողանքային գոտիների կառավարման, հասարակական նշանակության շենք-շինություններում մատչելիության ապահովման նորմերի պահպանման, համատիրությունների գործունեության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
18:12 - 27 փետրվարի, 2023
Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն

 |armenpress.am|

Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները հագեցած են քաղաքաշինական առումով անհարիր շինություններով՝ կյանքի համար վտանգավոր, բնակության համար ոչ մի նորմերի չհամապատասխանող: Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ հաշվառվել է 7200 ոչ հիմնական շինություն: Մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը համայնքները պետք է դրանք ներկայացնեն դասակարգված տարբերակով: Ըստ խմբերի էլ՝ կսահմանվեն աջակցության ուղիները:   «Խմբերը տարբեր են: Դրանցից մեկն այն խումբն է, որ բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու է դարձել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրացրել իր իրավունքը: Այս խմբի ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագիր: Հաջորդ խումբը, որին նույնպես նախատեսված է տրամադրվել բնակարանային գնման վկայագիր, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներն են, որոնք ժամկետներ են բաց թողել աջակցություն ստանալու համար»,-ասաց Տանյա Արզումանյանը: Կան ընտանիքներ, որոնք թեև ունեն սեփականություն, սակայն երկրաշարժի հետևանքով իրենց տները դարձրել են քանդման ենթակա: Մասնագիտական կազմակերպության կողմից համապատասխան եզրակացություն տրամադրելու դեպքում այս ընտանիքները ևս կստանան բնակարանների գնման վկայագիր: Աջակցության հաջորդ տեսակը մեկ սենյակի չափով ֆինանսական աջակցության տրամադրումն է: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց կառավարությունը հնարավորություն է տվել չքանդել տնակը, քանի որ բնակարանային աջակցությունը կորցրածի չափով է, իսկ այս տարիների ընթացքում ընտանիքները դարձել են բազմանդամ: «Հաջորդ աջակցության ձևը վարձակալության համար գումար տրամադրելն է՝ մեկ տարվա կտրվածքով: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք նախորդ տարիներին ստացել են աջակցություն, սակայն կամ հասցեական չեն օգտագործել, կամ ստացված բնակարանը օտարել են: Նրանց կտրվի վարձակալության գումար մեկ տարվա համար, որպեսզի հետո ազատեն տնակը»,-ասաց Տանյա Արզումանյանը: Հաջորդն այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են հայտնվել: Նրանց համար կնախատեսվի սոցիալական բնակարանային ֆոնդ: Աշխատանքները սկսվելու են 2023 թվականից և ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2027 թվականի տարեվերջն է:  
15:00 - 06 դեկտեմբերի, 2022
Աղետի գոտում 5300-ից ավելի ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվել են. պետական ծրագիրն ավարտվում է |armenpress.am|

Աղետի գոտում 5300-ից ավելի ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվել են. պետական ծրագիրն ավարտվում է |armenpress.am|

armenpress.am: Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով իրականացվող պետական ծրագիրը մոտենում է ավարտին: 2008 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք շահառու է դարձել:  «Նշվածից  5391 ընտանիք, նախորդ տարիներին հատկված շուրջ 70 մլրդ դրամի շրջանակում, արդեն լուծել է իր բնակարանային խնդիրը: Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: Նշեմ, որ այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի շրջակայքում նոր գյուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչած ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված»,- այս մասին ասուլիսում նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում են ու դատական կարգով վերականգնում են իրենց իրավունքը: Այն ընտանիքները, որոնք վերականգնում են բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը, նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրի միջոցով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերում 1 սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ուղղակի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով: 2021 թվականին իրավունքները վերականգնած 16 այդպիսի ընտանիք է եղել: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է պետության կողմից տրված գումարը բավարար՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գնային նկատելի տատանումները, Տանյա Արզումանյանը նշեց, որ կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ ֆինանսական հատկացման ժամանակ հիմք են ընդունվում տվյալ պահի շուկայական գները, որոնք ներկայացվում են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
13:13 - 06 դեկտեմբերի, 2022