Քաղաքաշինության կոմիտեն Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի խնդիրների լուծմանն աջակցելու համար նախագիծ է մշակել
18:14 - 10 դեկտեմբերի, 2021

Քաղաքաշինության կոմիտեն Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի խնդիրների լուծմանն աջակցելու համար նախագիծ է մշակել

1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքներին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում ժամանակավոր փայտե կացարաններ են հատկացվել, որոնք շահագործվում են մինչ օրս։ Բնակիչները բազմիցս ահազանգել են, որ թաղամասի շենքերի փայտը նեխել է, շենքերի խոնավությունը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների․ նրանք կառավարությունից պահանջել են նոր բնակարաններով ապահովել իրենց։

2018 թ․-ի դեկտեմբերի 11-ին բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով 3 մարդ էր մահացել։ Դրանից առաջ էլ, բնակիչների խոսքով, փայտե շենքերից մեկն էր ամբողջությամբ այրվել, ինչը մի ծերունու մահվան պատճառ էր դարձել։

Infocom-ը փորձել է պարզել, թե երբ և ինչպես են բնակարաններով ապահովվելու Աշոտաբերդ թաղամասի փայտե կացարաններում ապրող բնակիչները։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) Infocom-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասի 24 բազմաբնակարան փայտաշեն տներում ապրում է 296 ընտանիք․ 128 բնակարան սեփականաշնորհված է, պետական է 168-ը.

«Աշոտաբերդ թաղամասի բնակարանները բաշխվել են՝ համաձայն կառավարության կողմից հաստատված բնակարանների բաշխման առաջնահերթության ցուցակի, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով տուն կորցրած ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրի։ Ըստ Լոռու մարզպետարանի տրամադրած տեղեկության՝ բնակարանային ապահովման խնդիրը կարող է լուծվել միայն բնակարանաշինական ծրագրերի առկայության դեպքում»։

ՏԿԵՆ-ը ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար առաջարկել էր դիմել Քաղաքաշինության կոմիտե։

Քաղաքաշինության կոմիտեից մեզ հայտնել են, որ Աշոտաբերդ թաղամասի բնակարանները շահագործման են հանձնվել 1989 թ․-ից, շենքերի համար նախատեսված է եղել 25 տարի շահագործման ժամկետ․

«Շենքերի պահպանման համար պարտադիր պայման է հանդիսացել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, որը չի կատարվել և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել փայտաշեն տներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովելու համար, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նշել է, որ բնակարանները հիմնականում քաղաքացիների սեփականությունն են, և գործող իրավակարգավորումների համաձայն՝ իրենց գույքի պահպանման հոգսը, այդ թվում՝ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում են սեփականատերերը․ «Սակայն, հաշվի առնելով խնդիրը սեփականատերերի միջոցներով լուծելու ոչ իրատեսական լինելու հանգամանքը, այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցին աջակցելու նպատակով կոմիտեի կողմից մշակվել և ներկայումս շահագրգիռ մարմինների քննարկման փուլում է գտնվում Աշոտաբերդ թաղամասում, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում առկա նմանատիպ խնդրի կանոնակարգման նպատակով նշված երկու համայնքներում նոր բնակելի թաղամասերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որի ընդունմամբ և այդ ուղղությամբ ֆինանսական միջոցների նախատեսմամբ էլ կպայմանավորի խնդրի կանոնակարգման հետագա ընթացքը»։

Կոմիտեից հավելել են նաև, որ մշակված նախագծով նախատեսվում է անդրադառնալ Աշոտաբերդ թաղամասի խնդրին ամբողջականության մեջ (այլ ոչ թե ընտանիքների մի մասին), քանի որ նախագծի նպատակը, քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման կարիքից զատ, նաև քաղաքաշինական է, որի իրագործումը հնարավորություն կտա ձևավորել այդ շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված մոտեցումներ և թաղամասն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ խնդրի կանոնակարգման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր կլինի հայտնել նշված նախագծի ընդունումից և նախագծանախահաշվային փաստթղթերը ձեռք բերելուց հետո։

Հարցին` արդյոք պետությունը չունի՞ պարտավորություն այն ընտանիքների նկատմամբ, որոնք Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն տներում են հայտնվել երկրաշարժի հետևանքով, կոմիտեն այսպես է պատասխանել․ «Ներկայումս գործող օրենսդրությամբ վերը նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական պարտավորություն ձևավորված չէ»։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել