ԿԱՐԴԱԼԻՔ

Բուչայից հրապարակված տեսանյութի ու լուսանկարի կեղծ լինելու մասին պնդումներն անհիմն են

Բուչայից հրապարակված տեսանյութի ու լուսանկարի կեղծ լինելու մասին պնդումներն անհիմն են

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ նյութում կան դիակների պատկերներ   Լուսանկարներ ու տեսանյութ՝ Բուչայից Մարտի 31-ին ուկրաինական Բուչայի (Կիևի շրջան) քաղաքապետը հայտնեց, որ քաղաքը կրկին անցել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մինչ այդ քաղաքը ռուսական կողմի վերահսկողության ներքո էր։ Ապրիլի 2-ին Բուչայից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ փողոցներում քաղաքացիական մարդկանց դիակներ են։ Լուսանկարներն արել էին «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողները։ Համացանցում նաև տեսանյութ հայտնվեց, որտեղ մեքենան անցնում էր Բուչայի փողոցներով, և տեսախցիկը ֆիքսում էր պառկած դիակները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց քաղաքացիականներին սպանելու մասին լուրերը։ Նույն օրը նախարարության տելեգրամյան ալիքը տարածեց «Война с фейками» ալիքի գրառումը, որտեղ նշվում էր, թե հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։   «Շարժվող դիակների» պատմությունը Լուսանկարների մասով «Война с фейками» ալիքը գրեթե նույնությամբ կրկնել էր ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության թեզը․ «Բուչայի մասին գրառումները հայտնվեցին արտասահմանյան միանգամից մի քանի լրատվամիջոցներում. դա կարծես պլանավորված մեդիա արշավ լինի: Հաշվի առնելով, որ [ռուսական] զորքերը քաղաքը լքել են մարտի 30-ին, որտե՞ղ էին այդ կադրերը 4 օր շարունակ։ Նրանց բացակայությունը միայն հաստատում է կեղծիքը»։ Տելեգրամյան ալիքը նաև կից տեղադրել էր ուկրաինական «Espreso.TV»-ի ռեպորտաժը՝ տարածվող տեսանյութի մասին։ «Война с фейками»-ն պնդում էր արել, որ տեսանյութում «դիակները շարժվում են»։ «[Տեսանյութի] 12-րդ վայրկյանում աջ կողմի «դիակը» շարժում է ձեռքը։ 30-րդ վայրկյանում հետևի հայելու մեջ «դիակը» նստում է (նկատի ունի՝ հայելու մեջ երևում է, թե ինչպես է դիակներից մեկը մեքենայի անցնելուց հետո նստում- խմբ․)։ Տեսանյութում մարմինները կարծես միտումնավոր շարված լինեն՝ ավելի դրամատիկ պատկեր ստեղծելու համար։ Սա հստակ երևում է տեսանյութը 0,25 արագությամբ (արագությունը 4 անգամ դանդաղեցրած- խմբ․) դիտելու դեպքում»- գրել էր տելեգրամյան ալիքը։ «Война с фейками»-ն նաև տեսանյութի դանդաղեցրած տարբերակն էր հրապարակել, որտեղ, իբր, երևում էր, թե ինչպես է դիակներից մեկը «ձեռքը շարժում», իսկ մյուսը մեքենայի անցնելուց հետո «վեր կենում»։ Ապրիլի 3-ին ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Ալեքսանդր Բրոդը ուկրաինական Բուչայից հրապարակված տեսանյութն անվանել էր «հերթական հակառուսական սադրանք ու գեբելսյան քարոզչություն»։ Նյութում գործակալությունը հիշեցրել էր․ «Ավելի վաղ ուկրաինական իշխանություններն ու լրատվամիջոցները իբր Կիևի մարզի Բուչա քաղաքում նկարահանված տեսանյութ էին տարածել, որտեղ մահացածների դիեր են ընկած ճանապարհին։ Օգտատերերը նկատել են, որ «դիակները» շարժում են ձեռքերը և հեռացնում վերջույթները, որպեսզի չընկնեն զինտեխնիկայի անիվների տակ։ Նաև օպերատորի մեքենայի հետևի հայելու մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է «մահացածներից» մեկը ոտքի կանգնում, հենց որ մեքենան անցնում է»։   «Շարժվող դիակները» չեն շարժվում Ապրիլի 3-ին «Война с фейками» ալիքը գրեց, որ իրենք վերլուծությունն արել են՝ հիմնվելով «Espreso.TV»-ի հրապարակած անորակ տեսանյութի վրա։ Ալիքը հետո ուսումնասիրել էր տեսանյութի որակյալ տարբերակը և նշել, որ ոչ թե դիակի ձեռքն է շարժվում, այլ մեքենայի պատուհանն է կեղտոտ, ինչը տպավորություն է ստեղծում, թե ձեռքը շարժվում է։ Իսկ հաջորդ պնդման մասին ալիքը գրել էր․ «Ինչ վերաբերում է «հետևի հայելու» դրվագին, ապա անհնար է այդ վարկածը հաստատել կամ հերքել անգամ բարձր որակի դեպքում։ Մարմնի դիրքը փոխված տեսք ունի, իսկ հայելու աղավաղումը ոչինչ չի բացատրում. առաջին կադրում մարմինը գտնվում է մայթին զուգահեռ, իսկ երկրորդում այն ​​արդեն ուղղահայաց է, ինչը կարող է մարմնի շարժման հետևանք լինել»։  Ռուսական provereno.media-ն ապրիլի 4-ին տեսանյութի մանրամասն ուսումնասիրություն էր իրականացրել, և որպեսզի պարզ լինի՝ դիակներն իրո՞ք շարժվում են, թե՞ ոչ, տեսանյութն առաջինը հրապարակած Իլյա Նովիկովից խնդրել էր դրա որակյալ տարբերակը։ Նովիկովի տրամադրած տեսանյութից իսկապես պարզ է դառնում, որ մեքենայի ապակու շարժվող բիծը տպավորություն էր ստեղծել, թե դիակի ձեռքը շարվում է։ Ինչ վերաբերում է երկրորդ տեսարանին, ապա ուշադիր նայելիս կտեսնեք, որ դիակը չի շարժվում։ Սկզբում տեսախցիկը մեքենայի պատուհանից ֆիքսել է մահացած մարդու դիակը։ Տեսախցիկն ու մայթն իրար հանդեպ գրեթե հորիզոնական դիրքում են։ Հետո տեսախցիկը ֆիքսել է մեքենայի հայելու մեջ դիակի արտացոլանքը, և տրամաբանական է, որ պատկերը շրջված է։ Այս դեպքում մայթը հայելու հանդեպ ուղղահայաց դիրքում է, այդ պատճառով էլ թվում է, թե դիակի դիրքը փոխվել է։  Provereno.media-ն նաև գտել էր «ոտքերը մեքենայից հետ քաշող» դիակի մասին լուրի հեղինակին. vesti.ru-ն գրել էր, թե օգտատերերը հայտնաբերել են, որ «տեսանյութի դիակները շարժում են ձեռքերը և հեռացնում վերջույթները՝ զինտեխնիկայի անիվների տակ չընկնելու համար»։ Սակայն թե այդ ինչ օգտատերեր են, և տեսանյութի որ մասում են շարժվող ոտքեր հայտնաբերել, կայքը չէր նշել։ Իսկ «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողների հրապարակած լուսանկարների կեղծ լինելու վերաբերյալ ոչ մի հիմնավոր փաստարկ չի ներկայացվում։ Բացի այդ՝ Բուչայում զոհեր լինելու փաստը միայն լուսնկարները չեն ապացուցում։ «New York Times»-ն ուսումնասիրել է արբանյակային լուսանկարներն ու ցույց տվել, որ քաղաքում խաղաղ բնակիչներից շատերը սպանվել են ավելի քան երեք շաբաթ առաջ։ Արբանյակային լուսանկարները, որոնք տրամադրել է  «Maxar Technologies» ընկերությունը, ցույց են տվել, որ նվազագույնը 11 մարմին ընկած է եղել Բուչայի Յաբլոնսկայա փողոցում մարտի 11-ից, երբ ռուսական զորքերը քաղաքում են եղել։ Այսպիսով, ռուսական տելեգրամյան ալիքներն ու լրատվամիջոցներն առանց հիմնավոր ապացույցների պնդում են, որ Բուչայից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։ Սակայն լուսանկարների ճիշտ լինելու մասին են վկայում արբանյակային նկարները։ Իսկ տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այնտեղ դիակներն ամենևին էլ չեն շարժվում։ Գլխավոր լուսանկարը՝ AFP-ի Աննա ՍահակյանՌոման Աբովյան
16:13 - 06 ապրիլի, 2022
Բուչայում մարմինները հայտնվել են, երբ ռուսական զորքերը վերահսկելիս են եղել քաղաքը․ The New York Times-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել

Բուչայում մարմինները հայտնվել են, երբ ռուսական զորքերը վերահսկելիս են եղել քաղաքը․ The New York Times-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան The New York Times պարբերականը, վերլուծելով արբանյակային լուսանկարները, եկել է այն եզրահանգման, որ դրանք հերքում են Ռուսաստանի պնդումները, թե Կիևի շրջանի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը։ Պարբերականը նշում է․ երբ օրերս Բուչայի փողոցներում խաղաղ բնակիչների դիերի լուսանկարներ են հայտնվել՝ «ոմանք՝ կապված ձեռքերով, մյուսները՝ գլխի հատվածում հրազենային վիրավորմամբ», Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր մասնակցությունը դեպքերին։ Գերատեսչության պնդմամբ՝ մարմինները փողոցում են հայտնվել այն բանից հետո, երբ «ռուսական ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել են Բուչան» մոտավորապես մարտի 30-ին։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, տեսանյութերի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ խաղաղ բնակիչներից շատերը սպանվել են ավելի քան երեք շաբաթ առաջ, երբ ռուս զինվորականները վերահսկելիս են եղել քաղաքը։ Արբանյակային լուսանկաները, որոնք տրամադրել է Maxar Technologies ընկերությունը, ցույց են տվել, որ նվազագույնը 11 մարմին ընկած է եղել Բուչայի Յաբլոնսկայա փողոցում մարտի 11-ից, երբ ռուսական զորքերը քաղաքում են եղել։ Պարբերականը գրում է, որ լուսանկարներում երևում են մարդու մարմնի չափսերի օբյեկտներ, որոնք Յաբլոնսկայայում հայտնվել են մարտի 9-11-ը։ Դրանց դիրքը համընկնում է դիերի դիրքի հետ, որոնք հայտնաբերվել են ուկրաինական զորքերի կողմից Բուչայի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելուց հետո, ինչպես երևում է ուկրաինական կողմի ապրիլի 1-ի տեսանյութից։ Հետագա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ օբյեկտներն այդ դիրքում են եղել ավելի քան երեք շաբաթ։ «Յաբլոնսկայա փողոցում արված երկրորդ տեսանյութում ևս երեք մարմին է երևում, [․․․] մեկը՝ լքված մեքենայի մոտ։ Արբանյակային լուսանկարները պարզ են դարձնում, որ այդ մարմինը և լքված երկու մեքենաները հայտնվել են մարտի 20-21-ին», - գրում է The New York Times-ը։ Նշենք, որ օրերս Կիևի շրջանի Բուչա քաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դիեր են հայտնաբերվել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը, և այն կրկին անցել է ուկրաինական զորքերի վերահսկողության տան։ Ուկրաինան տեղի բնակիչների մահվան համար մեղադրել է ռուս զինվորականներին, Ռուսաստանի ՊՆ-ն քաղաքում արված տեսանյութերն ու լուսանկարները «սադրանք» է որակել և նշել, որ դրանք «բեմադրված են Կիևի ռեժիմի կողմից՝ արևմտյան լրատվամիջոցների համար»։ Նորա Վանյան
16:31 - 05 ապրիլի, 2022
Բուչայի հնարավոր հետևանքները Ռուսաստանի համար․ BBC Russian-ի անդրադարձը

Բուչայի հնարավոր հետևանքները Ռուսաստանի համար․ BBC Russian-ի անդրադարձը

Ուկրաինական Բուչա քաղաքում օրերս իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ցնցել են միջազգային հանրությունը։ Այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Կիևի շրջանի նատմամբ, որը դրանից առաջ վերահսկում էին ռուսական զորքերը, հայտնի է դարձել, որ մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքի փողոցները լի են դիերով։ France Press-ի և Reuters-ի լրագրողները ներկա էին եղել քաղաքում և քաղաքացիական հագուստով մարդկանց դիերի լուսանկարներ հրապարակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է ցեղասպանության համար, Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը Բուչայի դեպքերին։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ռուսաստանի համար այս դեպքերի հնարավոր հետևանքներին։ Հոդվածը ներկայացնում ենք աննշան կրճատումներով։ «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն շատ կարճ ժամկետներում՝ Կիևի շրջանում ռուս զինվորականների վայրագությունների վկայությունների ֆոնին, որոնք ցնցել են Արևմուտքը։ Սակայն ռուսական նավթի և գազի եվրոպական էմբարգոյի հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, դեռ չի օգտագործվի։ Միաժամանակ, այժմ արդեն վերջնականապես պարզ է դառնում, որ պատժամիջոցների մեղմացման մասին կարելի է մոռանալ մինչև պատերազմի ավարտը, իսկ դրանց լիակատար չեղարկման մասին՝ երկար տարիներ,մինչև որ պատժվեն ռազմական հանցագործությունների մեղավորներն ու Ռուսաստանում իշխանափոխություն լինի, վկայում են արևմտյան քաղաքական գործիչների և պաշտոնյաների հայտարարությունները։ Զարգացած աշխարհն աննախադեպ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա։ Դրանց նպատակը Ռուսաստանին կտրելն է արևմտյան տեխնոլոգիաներից և փողից՝ նրա ղեկավար Վլադիմիր Պուտինին զրկելով հարևան երկրում պատերազմը շարունակելու հնարավորությունից, որտեղ ռուսական բանակն արդեն հազարավոր ուկրաինացիների է սպանել և հողին հավասարեցրել մի քանի քաղաք։ Սակայն սահմանափակումները Ռուսաստանին չէին զրկում Եվրոպային նավթի, գազի և ածխի վաճառքից օրական 650 մլն եվրո վաստակելուց, իսկ դանդաղ ընթացող խաղաղ բանակցությունները հույս էին ներշնչում, որ հնարավոր է խուսափել հետագա դրակոնյան միջոցներից՝ եվրոպական նավահանգիստների փակումից, SWIFT-ից բանկերի անջատումից և նավթագազային էմբարգոյից։ Ամեն ինչ փոխվեց վերջին հանգստյան օրերին, երբ հրապարակվեցին շոկային կադրեր և ռուսական զորքերի օկուպացրած ուկրաինական հողերում խաղաղ բնակչության նկատմամբ բռնության և մահապատժի վկայություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է չարագործություններն ու համաշխարհային լրատվամիջոցների ֆոտո- և տեսագրությունները բեմադրված անվանում։ «Իրպենում և Բուչայում ռուսական զորքերի կողմից սպանված խաղաղ բնակիչների լուսանկարները հիշեցնում են նացիստական և խորհրդային ռեժիմների զանգվածային ջարդերն, - ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն ու նոր պատժամիջոցների կոչ արել։ - Անտարբերությունը բոլոր հանցանքների մայրն է։ Պետք է հավաքել և պահպանել ապացույցները, մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն։ Իսկ մենք պարտավոր ենք հնարավորինս արագ ընդունել ԵՄ կոշտ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը»։   Նոր պատժամիջոցների սպասումով «Շոկի մեջ եմ ազատագրված Կիևի շրջանում ռուսական բանակի կատարած վայրագությունների սարսափազդու լուսանկարներից», - գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու #BuchaMassacre («Բուչայի ջարդեր») թեգ ավելացրել։ «Նոր պատժամիջոցներն ու աջակցությունը մոտ են», - գրել է նա Թվիթերում։ Եվրոպական պատժամիջոցների առաջին չորս փաթեթը վերաբերում էր Պուտինին ու նրա շրջապատին, պետական ընկերություններին և իշխանության հետ կապված բանկերին։ ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի բանկի պահուտներն, արգելել կանխիկ եվրոյի և շքեղության ապրանքների մատակարարումը Ռուսաստանին, սակայն չի հրաժարվել նրանից նավթ, գազ և ածուխ գնել, ինչպես նաև պահպանել է պատժամիջոցների տակ հայտնված բանկերի միջոցով դրանց համար վճարման հնարավորությունը։ Հինգերորդ փաթեթը քննարկվում էր մարտի 15-ին նախորդի հրապարակումից ի վեր։ Այն պետք է հայտնվեր այս շաբաթվա սկզբին և ենթադրում էր արդեն սահմանված պատժամիջոցների որոշակի խստացում և սողանցքների բացառում, բայց չէր ներառում էմբարգոն։ Այժմ հարցն այն է, թե ինչպես կարձագանքի ԵՄ-ն խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների և իրավապաշտպանների վկայություններին․ կարագացնի՞ գրեթե համաձայնեցված փաթեթի ընդունումը և այդ մասին կհայտարարի երկուշաբթի-երեքշաբթի՞, թե՞ ավելի լուրջ միջոցներ կձեռնարկի՝ չնայած նրան, որ այդ պատժամիջոցները սպառնում են Եվրոպայի բարեկեցությանն ու անդորրին։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ դեռևս փոխհամաձայնություն չկա։ Արևելյան Եվրոպան, նախևառաջ՝ Լեհաստանն ու Բալթյան երկրները, վճռական միջոցներ են պահանջում, սակայն ռուսական նավթի և գազի էմբարգոյին և անգամ դրանից մասնակի հրաժարմանը դեմ է մի քանի երկիր՝ Գերմանիայի գլխավորությամբ, որը ԵՄ արդյունաբերական շարժիչն է և էներգակիրների գլխավոր սպառողը։ Պատժամիջոցների սահմանման համար պահանջվում է Եվրամիության՝ ավելի քան 450 մլն բնակչություն և աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող կառույցի բոլոր 27 երկրների համաձայնությունը։ Սա լավ նորություն է Պուտինի համար, որը ԵՄ-ում համակիրներ և ռուսական գազից կախված գործընկերներ ունի՝ նախևառաջ Հունգարիան, Իտալիան և Ավստրիան։   Ե՞րբ սպասել պատժամիջոցների մեղմացման Սակայն դա նաև վատ նորություն է, քանի որ պատժամիջոցների չեղարկման համար նույնպես կպահանջվի բոլոր 27 պետությունների միաձայն որոշումը։ Նրանցից յուրաքանչյուրին պետք է համոզել, որ մեղավորները պատժված են, իսկ Կրեմլն ամբողջությամբ զրկվել է ներքին գործերին միջամտելու, կաշառքի, կիբերհարձակումների և ուղիղ ռազմական ագրեսիայի գործիքներից։ Այդ երկրները դեռևս բառ անգամ չեն ասում պատժամիջոցների չեղարկման մասին։ Պատժամիջոցները շատ արդյունավետ են, անցյալ շաբաթվա վերջին համաձայնել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և հեռախոսով պայմանավորվել սատարել դրանք։ Մյուսներն ավելի կոշտ են արտահայտվում։ «Մենք Ռուսաստանի կողմից չենք տեսնում ոչ մի անկեղծ ձգտում՝ բանակցություններում հաջողության հասնելու։ Այդ պատճառով էլ Կրեմլի ռեժիմի մտադրությունների մասին պետք է դատենք գործով, այլ ոչ թե հայտարարություններով», - ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։ Նրա հետ համաձայնել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Երկուսն էլ պահանջել են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Իսկ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ուղղակիորեն կոչ է արել հրաժարվել նավթ և գազ գնել Ռուսաստանից։ «Պատժամիջոցերը սահմանվել են Ուկրաինայում խաղաղության վերականգնման, այլ ոչ թե Եվրոպայի խիղճը հանգստացնելու համար։ Պատժամիջոցները կոչված են Պուտինին կանգնեցնելու։ Եվ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն՝ դրանք բավականաչափ կոշտ չեն», - գրել է նա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պատժամիջոցների չեղարկման համար պայմանները կարճ ժամկետներում չեն ստեղծվելու։ «Պատժամիջոցներն ընդմիշտ չեն։ Դրանք ընդամենը նպատակին հասնելու գործիք են, և երբ այն իրագործվի, պատժամիջոցներն անցյալում կմնան։ Եվ ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ինչ-որ պահի պատժամիջոցները կչեղարկվեն», - ասել էր Բլինքենը՝ նշելով, թե ինչ է դրա համար անհրաժեշտ․ «պատերազմի ավարտ, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնում»։ Դրա համար շատ ժամանակ է պետք, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա կատարած այցի ժամանակ։ «Պետք է ճշմարտության աչքերին նայել․ այս մարտում հնարավոր չէ հաղթել ոչ մոտակա օրերի, ոչ էլ նույնիսկ՝ ամիսների ընթացքում։ Պետք է նախապատրաստվել երկար պայքարի», - ասել է Բայդենն անցյալ շաբաթ։ Նրա մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիան ավելի ուշ հստակեցրել է, որ հաշտությունը բավարար չէ, Ռուսաստանը պետք է ուղղվի և էլ նման բան չանի։ «Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Պուտինի նկատմամբ ինչպես տնտեսական միջոցներով, այնպես էլ՝ [Ուկրաինային] ռազմական օգնություն տրամադրելու միջոցով, որպեսզի հնարավոր լինի հասնել Ռուսաստանի քաղաքականության լիակատար փոփոխման»»։   Նորա Վանյան 
18:10 - 04 ապրիլի, 2022
«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

Վերջին օրերին հայկական կայքերում և սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայաստանում «Լուսան» անունով զրահամեքենա է արտադրվելու (1, 2, 3, 4, 5)։ Այս զրահամեքենան ցուցադրված էր «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում։ Տարածվող տեղեկությունը, սակայն, սխալ է․ Հայաստանում ոչ թե զրահամեքենաներ են արտադրվելու, այլ զրահամեքենաների խոշոր հանգույցների հավաքման գործընթաց է իրականացվելու։   «Լուսան» զրահամեքենաների պատմությունը Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը երեկ «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ իրենց գործարանը Հայաստանում կսկսի հավաքել սեփական ապրանքանիշի «Լուսան» զրահամեքենաներ։ Նրա խոսքով՝ զրահամեքենաների հավաքման գործընթացն իրականացվում է ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ։ Մեհրաբյանը նշել էր, որ հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով՝ մեքենաների շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։ Infocom-ի հետ զրույցում Արտյոմ Մեհրաբյանը նշեց, որ իրենք «Լուսան» զրահամեքենաների շասսիները, շարժիչները և խոշոր հանգույցները ստանալու են Ռուսաստանից, և Հայաստանում կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց (SKD)։ Լուսանկարում՝ «Լուսան» զրահամեքենան Գործարանի տնօրենը հայտնեց, որ իրենք պայմանագիր են կնքել զրահապատ մասեր արտադրող և մատակարարող ռուսական «Ռիդա» գործարանի մեջ մտնող ընկերություններից մեկի հետ և ստացել խոշոր հանգույցների հավաքում իրականացնելու իրավունք։ Չարենացավանի գործարանը ստացել է նաև մեքենայի արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Մեհրաբյանի խոսքով՝ զրահամեքենայի մասերի մոտավորապես 20%-ն իրենց գործարանում է արտադրվելու։ Իսկ թե ինչ մասեր են դրանք, նա չմանրամասնեց։   Ռուսական «Բուրանի» պատմությունը Ռուսական «Ռիդան» հիմնադրվել է 1993-ին։ Գործարանի արտադրանքներից մեկը «Բուրան» զրահափոխադրիչն է, որն առաջին անգամ թողարկվել է 2017-ին։ «Բուրանի» շասսին, ըստ տարբեր աղբյուրների, հիմնված է «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի վրա (1, 2)։ Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ Ռուսաստանում «Լուսանի» շասսիները արտադրվելու են հենց «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։ Բացի նրանից, որ «Լուսանն» ու «Բուրանն» ունեն նույն շասսին, զրահամեքենաները արտաքնապես էլ նման են։ Այս լուսանկարները «Լուսանի» կայքից են։ Իսկ սրանք՝ «Բուրանի» կայքից։   «Asilak»-ի պատմությունը Բելառուսում Նմանատիպ մի պատմություն էլ տեղի է ունեցել Բելառուսում։ 2019-ին բելառուսական ընկերություններից մեկը թողարկեց «Asilak» զրահամեքենան։ Քանի որ «Բուրան» զրահամեքենան կարող է մատակարարվել ինչպես շահագործման պատրաստ վիճակում, այնպես էլ խոշոր հանգույցների հավաքման համար (SKD), Բելառուսում խոսակցություններ կային, որ «Բուրանին» շատ նման «Asilak-ը հենց երկրորդ եղանակով էլ ձեռք է բերվել և ամենևին էլ բելառուսական արտադրության չէ։  Դատելով Արտյոմ Մեհրաբյանի խոսքերից՝ Հայաստանում «Լուսանի» հավաքման իրավունքն էլ ձեռք է բերվել հենց այս տարբերակով, քանի որ Հայաստան են հասնելու զրահամեքենաների շասսիները, շարժիչները, և կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։ Լուսանկարում՝ «Asilak»-ը Այպիսով, Հայաստանում նոր զրահամեքենա չի արտադրվելու․ ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ, վերջինիս արտադրած շասսիներով ու շարժիչներով իրականացվելու է «Լուսան» անունով զրահամեքենայի խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։ Աննա Սահակյան
17:25 - 04 ապրիլի, 2022
BBC-ի պնդումը՝ ՌԴ կողմից Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ տեղափոխելու մասին, հիմնավորված չէ

BBC-ի պնդումը՝ ՌԴ կողմից Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ տեղափոխելու մասին, հիմնավորված չէ

BBC-ն երեկ տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Սիրիայից վարձկաններ են մեկնում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար։ Տեսանյութում BBC-ի զրուցակից սիրիացին պատմում է, թե ինչպես են մարդկանց հավաքագրում ու տանում, սակայն կոնկրետ ոչինչ չի նշում այն երթուղու մասին, որով զինյալները Սիրիայից հասնում են Ռուսաստան։ BBC-ի տեսանյութում նշվում է, որ թուրքական մամուլում ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե Սիրիայից վարձկաններ են ժամանել Հայաստան, այստեղից էլ մեկնել Ռուսաստան։ Որպես թուրքական մամուլի պնդումները հաստատող փաստ BBC-ին հայտնում է, որ գտել է ռուսական RA-85041 ինքնաթիռը, որը «ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր անց սիրիական Լաթաքիայից թռել է Երևանի «Էրեբունի» օդանավակայան, այնուհետև՝ ռուսական Մոզդոկ»։ Բրիտանական լրատվամիջոցը նաև ներկայացնում է օդանավի հետագիծը։ BBC-ի նշած RA-85041 ինթնաթիռը, որը պատկանում է Ոուսաստանի ռազմաօդային ուժերին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո իրոք ժամանել է Հայաստան, ապա մեկնել Ռուսաստան։  Տեղեկությունները՝ «Flightradar24»-ից Ինքնաթիռների թռիչքներին հետևող «Flightradar24» հարթակում երևում է, որ փետրվարի 27-ին՝ 07։59-ին, RA-85041-ը մեկնել է Լաթաքիայից և 11։48-ին վայրէջք կատարել Հայաստանում։  Չնայած «Flightradar24»-ում նշված է, որ ինքնաքիթռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն քարտեզի վրա երևում է, որ վայրէջքը փաստացի կատարվել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում։ Լուսանկարում կարմիրով նշված է «Զվարթնոցը», դեղինով՝ «Էրեբունին»  Իսկ flightaware.com կայքում նշված է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց «Էրեբունիում»։ Այնուհետև ինքնաթիռը 15։53-ին Հայաստանից մեկնել է Ռուսաստան։  Լուսանկարում Հայաստանից Ռուսաստան թռիչքն է Նույն օրը ինքնաթիռը վերադարձել է Լաթաքիա, սակայն ոչ Հայաստանի օդային տարածքով։ Փետրվարի 28-ին՝ 13։00-ին, այն կրկին Լաթաքիայից թռել է Հայաստան և «Էրեբունիում» վայրէջք կատարել 16։20-ին։ Նույն օրը ինքնաթիռը Հայաստանից մեկնել է ռուսական «Պրիվոլժսկի» օդանավակայան։ Այնտեղից էլ RA-85041 ինթնաթիռը մեկնել է Չկալովսկի օդանավակայան։ Սակայն այն, որ Սիրիայից ինքնաթիռ է ժամանել Հայաստան, այստեղից էլ մեկնել Ռուսաստան, դեռևս հիմք չէ պնդելու համար, որ այդ ինքնաթիռով տեղափոխվել են սիրիացի վարձկաններ։ Եթե ՌԴ-ն ցանկանար վարձկաններ տեղափոխել Սիրիայից, պարտադիր չէր նախ վայրէջք կատարել Հայաստանում, հետո միայն մեկնել Ռուսաստան։ «Flightradar24»-ից տեղեկանում ենք, որ և՛ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ, և՛ հետո Սիրիայից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ այս ինքնաթիռով ուղիղ թռիչքներ են եղել։ Հունվարի 30-ին, օրինակ, Լաթաքիայից ուղիղ թռիչք է եղել Դեպի Մոսկվա։ Այդպիսի թռիչք է եղել նաև փետրվարի 18-ին։ Պատերազմի մեկնարկից հետո՝  մարտի 19-ին, այս ինքնաթիռով Դամասկոս-Մոսկվա ուղիղ թռիչք է եղել, մարտի 25-ին էլ՝ Լաթաքիա-Մոսկվա։ Ինչպես տեսնում ենք, Լաթաքիայից կամ Սիրիայի այլ հատվածից վարձկաններ տեղափոխելու համար պարտադիր չէ դա անել Հայաստանի տարածքով։ Իսկ այն, որ ռուսական RA-85041 ինքնաթիռը Սիրիայից ժամանաել է հայկական «Էրեբունի» օդանավակայան, այնտեղից էլ մեկնել ՌԴ, ոչ մի կերպ չի ապացուցում այդ ինքնաթիռով վարձկաններ տեղափոխելու փաստը։ Բացի այդ՝ հայկական կողմը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց․  «Իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան-ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»։ Իսկ BBC-ի նշած թուրքական աղբյուրը «Haber Global»-ն է, որը պնդում է, թե Մերձավոր Արևելքից Հայաստանի տարածքով ռուսական Մոզդոկ վարձկաններ են տեղափոխվել՝ ոչ մի կերպ չհիմնավորելով իր պնդումները։ Հենց նույն լրատվամիջոցն էր տեղեկություններ տարածել, որ Հայաստանը ՍՈՒ-30-ներ է տրամադրել Ռուսաստանին, սակայն ՀՀ ՊՆ-ն, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը հերքել են այդ տեղեկությունները։ Այսպիսով, BBC-ն որպես թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հիմնավորում է ներկայացնում այն, որ ռուսական RA-85041 ինքնաթիռը Սիրիայից ժամանել է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան ու մեկնել Ռուսաստան։ Սակայն լրատվամիջոցն այլ փաստեր չի ներկայացնում, իսկ ինքնաթիռի ժամանմանման ու մեկնման փաստը ոչ մի կերպ չի ապացուցում, որ դրանով սիրիացի վարձկաններ են տեղափոխվել։ Աննա Սահակյան
16:51 - 31 մարտի, 2022
ՎԶԵԲ-ն ուկրաինական պատերազմի պատճառով տնտեսական աճի զգալի կրճատում է կանխատեսում

ՎԶԵԲ-ն ուկրաինական պատերազմի պատճառով տնտեսական աճի զգալի կրճատում է կանխատեսում

Պատերազմն Ուկրաինայում լուրջ ազդեցություն կունենա հակամարտության գոտուց դուրս գտնվող տնտեսությունների վրա, ասված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի թարմացված զեկույցում։ Բանկը կանխատեսում է տնտեսական աճի նվազում մի շարք երկրներում։ Գրեթե 40 երկրների, որտեղ ՎԶԵԲ-ը ծրագրեր է իրականացնում, տնտեսական աճի կանխատեսումը բանկը կրճատել է ավելի քան կրկնակի՝ մինչև 1,7% 2022 թ-ին։ 2021 թ-ի նոյեմբերին հրապարակված վերջին զեկույցում կառույցը կանխատեսում էր այդ տնտեսությունների 4,2% աճ 2022 թ-ին։ Ռուսաստանում կանխատեսվում է 10% տնտեսական անկում 2022 թ-ին և զրոյական աճ 2023-ին։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցերն, ինչպես սպասվում է, կպահպանվեն տեսանելի ապագայում, ինչը 2022 թ-ին ՀՆԱ կտրուկ անկումից հետո ռուսական տնտեսությունում լճացման կբերի 2023 թ-ին։ Սա բացասական ազդեցություն կունենա Արելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում։ Ուկրաինայի ՀՆԱ անկումն ընթացիկ տարում կկազմի 20%։ Իսկ պատերազմի շուտափույթ ավարտի և ենթակառուցվածքների ակտիվ վերականգնման դեպքում հաջորդ տարի երկրի տնտեսական աճը կկազմի 23%։ Ինչպես նշվում է, «համաշխարհային տնտեսությունը մատակարարումների հետ կապված  ամենամեծ շոկն է ապրում 1970 թ-ից ի վեր», քանի որ «Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են անհամաչափ մեծ քանակությամբ ապրանք՝ էներգակիրներից մինչև մետաղներ, սննդամթերք և պարարտանյութեր»։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ՀՆԱ-ն, ինչպես սպասվում է, կնվազի 11,8%-ով՝ 2022 թ-ի 3,6% աճի փոխարեն։   Նորա Վանյան  
16:09 - 31 մարտի, 2022
Ի՞նչ է նշանակում գազի դիմաց ռուբլիով վճարումը․ The Associated Press

Ի՞նչ է նշանակում գազի դիմաց ռուբլիով վճարումը․ The Associated Press

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ռուսական գազ գնող եվրոպական երկրները դրա դիմաց պետք է վճարեն ռուբլիով, այլ ոչ թե դոլարով և եվրոյով, ինչպես նախկինում։ Որոշ երկրներ արդեն մերժել են այս պահանջը։ The Associated Press-ը գրում է գազի գների աճի, Ռուսաստանի այս որոշման հետևանքների և նրա շարժառիթների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։   «Ի՞նչ է առաջարկում Պուտինը Եվրոպան ներկրում է մեծ ծավալի ռուսական բնական գազ՝ տների ջեռուցման, էլեկտրաէներգիայի արտադրության և վառելիքային արդյունաբերության կարիքների համար, և այդ ներկրումը շարունակվում է՝ ի հեճուկս ուկրաինական պատերազմի։ Գազի ներկրման շուրջ 60%-ը վճարվում է եվրոյով, մնացածը՝ դոլարով։ Պուտինն ուզում է փոխել սա՝ պահանջելով գազի օտարերկրյա ներկրողներից ռուբլի գնել և ՌԴ պետական մատակարար «Գազպրոմին» գազի դիմաց ռուբլիով վճարել։   Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ Ներկրողները ստիպված կլինեն բանկ գտնել, որտեղ հնարավոր է եվրոն ու դոլարը ռուբլիով փոխանակել։ Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ ռուսական որոշ բանկերի դեմ կամ սահմանափակումներ, կամ արգելանք է գործում SWIFT միջազգային վճարային համակարգից օգտվելու համար։ Այնուամենայնիվ, բանկեր կան, որոնք չեն անջատվել այդ համակարգից, և տվյալ պահին ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած պատժամիջոցները, որոնք արգելում են [ՌԴ բանկերի հետ] բանկային գործարքները, որոշ բացառություններ են անում էներգակիրների դիմաց վճարների հարցում։ Սա զիջում է ԱՄՆ եվրոպական դաշնակիցների համար, որոնք շատ ավելի մեծ կախվածություն ունեն ռուսական նավթից և գազից և մտավախություն ունեն, որ մատակարարումների ամբողջական դադարեցումը կարող է իրենց տնտեսությունում ռեցեսիա առաջացնել։ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին աշխատակից Էսվար Փրասադի խոսքով՝ գազի դիմաց վճարումները ռուբլիով ստանալը Ռուսաստանին, լավագույն դեպքում, կօգնի մի թեթև շրջանցել ֆինանսական պատժամիջոցները, պահպանել ռուբլու փոխարժեքը կամ պաշտպանել ռուսական տնտեսությունը։ «Օտարերկրյա ներկրողների համար ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելը շահեկան կլինի, հատկապես, որ դրա փոխարժեքը նվազում է, բայց ռուբլի գնելն ու պատժամիջոցների շրջանցմամբ դրանով վճարումներ կատարելը դժվար կլինի», - ասել է նա։ Մասնագետը զգուշացնում է, որ այդ քայլը «կարող է էլ ավելի ցնցել համաշխարհային տնտեսական շուկաները՝ սրելով մատակարարման ներկայիս խափանումներն ու մեծացնելով անորոշությունն ապագա մատակարարումների հարցում, ինչն էլ կարող է հանգեցնել գների էլ ավելի բարձրացման»։   Ինչպե՞ս է Եվրոպան արձագանքում Պուտինի պահանջին Եվրոպական երկրներն ու էներգետկ ընկերությունները մերժում են այս պահանջը՝ հայտարարելով, որ գազի ներկրման իրենց պայմանագրերում արտարժույթն ամրագրված է, և կողմերից մեկը չի կարող մի գիշերում փոխել այն։ Նրանք նշում են, որ մտադիր են գազի դիմաց շարունակել վճարել եվրոյով և դոլարով։ G7 խոշորագույն տնտեսություննրի յոթնյակը, այդ թվում՝ Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կանադան, ինչպես նաև Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մերժել Մոսկվայի պահանջը։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը մարտի 28-ին լրագրողներին ասել է, որ «G7-ի բոլոր նախարարները համաձայնել են», որ նման քայլը «միակողմանի կլինի և կխախտի առկա պայմանագրերը»։   Ո՞րն է Պուտինի շարժառիթը Տեսականորեն՝ ռուբլիով վճարումների պահանջը կարող է պահպանել այդ արժույթի պահանջարկն ու դրա փոխանակման փոխարժեքը, ասում է Փրասադը։ Վարշավայի Արևելյան հետազոտությունների կենտրոնը ենթադրում է, որ «Գազպրոմից» արտարժույթը հիմնականում պետության կողմից վերահսկվող բանկային համակարգ ուղղելով՝ Կրեմլը լրացուցիչ վերահսկողություն կստանա արտարժույթի նկատմամբ, որի պակասն առաջացել է այն պատճառով, որ արևմտյան երկրները սառեցրել են արտասահմանում ռուսական պահուստների մեծ մասը։ Սակայն դա «Գազպրոմին» կթողնի առանց կոնվերտացվող արժույթի, որը նրան անհրաժեշտ է արտաքին պարտքերի վճարման կամ դրսից գնումներ կատարելու համար։ Ներկա պահին գազի մատակարարն արդեն ստիպված է իր արտարժույթի 80%-ը վաճառել Ռուսաստանի կենտրոնական բանկին։ Մտահոգություն է առաջացրել, որ ռուբլու շուրջ վեճերը կարող են հանգեցնել բնական գազի մատակարարումների խաթարման։ Իսկ դա կարող է մեղադրանքներ առաջացնել Ռուսաստանի հասցեին՝ երկարաժամկետ էներգետիկ պայմանագրերի կետերի չպահպանման համար։ Rystad Energy-ի վերլուծաբանների կարծիքով՝ եվրոպական երկրների խողովակաշարային համակարգերը սերտորեն կապված են, այնպես որ, գազի հոսքը մի երկիր սահմանափակելը կազդի մյուս երկրների վրա։ Բացի այդ, էներգակիրների վաճառքը Ռուսաստանի եկամտի կարևորագույն աղբյուրն է։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է դադարեցնել գազամատակարարումը եվրոպական երկրներին, եթե նրանք հրաժարվեն վճարել ռուբլիով, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում «գազն անվճար մատակարարել»։ «Մեր իրավիճակում Եվրոպայի համար բարեգործությամբ զբաղվելը հազիվ թե հնարավոր է և նպատակահարմար», - ասել է Պեսկովը։   Որքանո՞վ է իրատեսական այս սպառնալիքը Ռուբլիով գազի դիմաց վճարելու պահանջը օրերս ստիպել է Գերմանիայի կոմունալ ծառայությունների ասոցիացիային կառավարությանը կոչ անել «նախնական զգուշացում» կատարել գազի պակասի մասին։ Սա ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունում էներգետիկ ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու երեք փուլերից առաջինն է։ Սակայն Գերմանիայի կառավարությունը նշել է, որ նման հայտարարության անհրաժեշտություն չի տեսնում։ Հնարավոր է, որ Պուտինը «բլեֆ» է անում։ Այս ամիս Ռուսաստանը սպառնացել էր պետական փոխառության բաժնետոմսեր ունեցող օտարերկրյա ներդրողներին վճարումները ռուբլիով կատարել։ Սակայն այդ վճարումներն արվել են դոլարով այն բանից հետո, երբ վարկանիշային գործակալությունները հայտարարել են, որ ռուբլիով վճարումները կհանգեցնեն Ռուսաստանի դեֆոլտի։ Ինչ վերաբերում է գազի վճարներին, ապա, ըստ տնտեսագետ Կարլ Վայնբերգի՝ «Պուտինը կարող է ռուբլի պահանջել, բայց պայմանագրերը հստակ են»։ Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանի համար միակ ելքն արտահանումից հրաժարվելն է, սակայն նա չի կարող դա անել՝ «չփակելով իր նավթահորերը», իսկ պահեստները շատ արագ կլցվեն, եթե մատակարարումները դադարեցվեն»։   Նորա Վանյան  
16:10 - 30 մարտի, 2022
Ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցությունների արդյունքներն՝ ամփոփ

Ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցությունների արդյունքներն՝ ամփոփ

Ստամբուլում այսօր կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին ասել է, որ դրանք կառուցողական են եղել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները կայացել են ոչ թե Բելառուսում, այլ Ստամբուլում։   Ռուսական կողմի հայտարարություններն՝ ըստ ՏԱՍՍ-ի «Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան Կիևին «ընդառաջ երկու քայլ է անում»։ Առաջարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումն անցկացնել պլանավորվածից ավելի վաղ՝ միաժամանակ արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ։ Բացի այդ, ռուս զնվորականները արմատապես կրճատում են ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ Ըստ ռուսական կողմի՝ Ստամբուլում ռուսական պատվիրակությունն ուկրաինացի գործընկերներից ստացել է «պարզ ձևակերպված նրանց դիրքորոշումը»։ Կիևի այդ առաջարկները կքննարկվեն մոտ ժամանակներս, կներկայացվեն Ռուսաստանի նախագահին, որից հետո Մոսկվան պատասխան կտա։ Ուկրաինական գրավոր առաջարկները ներառում են հրաժարում զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից և տեղակայումից, ինչպես նաև ուկրաինական տարածքում օտարերկրյա ռազմաբազարի տեղակայման արգելք։ Կիևի դիրքորոշումը նաև ենթադրում է հրաժարում ուժային ճանապարհով Ղրիմն ու Սևաստոպոլն Ուկրաինայի կազմ վերադարձնելու ձգտումից։ Ուկրաինան համաձայն է արձանագրել իր չեզոք և ապամիջուկային կարգավիճակը, եթե նրան անվտանգության երաշխիքներ տրամարվեն, որոնք «իրենց բովանդակությամբ և ձևով պետք է համանման լինեն» Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածին։ Դա նաև ենթադրում է ռազմական օգնություն և ոչ թռիչքային գոտու ներմուծում եռօրյա խորհրդակցություններից հետո՝ հարցի դիվանագիտական լուծման համար։ Երաշխավորների շարքում, Կիևի կարծիքով, կարող են ընդգրկվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներն (այդ թվում՝ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանն ու Թուրքիան։ Ընդ որում՝ նրանց երաշխիքները չեն տարածվելու Ղրիմի և Դոնբասի վրա։ Կիևը նաև պահանջում է, որ երաշխավոր երկրները ոչ միայն չխոչընդոտեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանն, այլև օգնեն նրան՝ դա անել «հնարավորինս արագ»»։   Ուկրաինական կողմի հայտարարություններն՝ ըստ ՈւՆԻԱՆ-ի «Ուկրաինան առաջարկում է իր համար անվտանգության միջազգային երաշխիքների մասին պայմանագիր ստորագրել, այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Այդ պայմանագրի իրագործումը պետք է հետևյալ ընթացակարգով ընթանա․ սկզբից հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն իրենց դիրքորոշումը կհայտնեն այդ պայմանագրի և այն բանի վերաբերյալ, թե ինչպես է այն աշխատելու։ Այնուհետև այն կվավերացվի երաշխավոր երկրների և Ուկաինայի խորհրդարաններում», - նշել է նա։ Պոդոլյակը հայտնել է, որ Ղրիմի հարցը պայմանագրի առանձին կետ է, որում ուկրաինական կողմն առաջարկում է արձանագրել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները, 15 տարի երկկողմանի բանակցություններ վարել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների շուրջ։ Առանձին կետով ուկրաինական կողմը ռուսականին առաջարկում է հետևյալը․ Ուկրաինան ու Ռուսաստանը բանակցություններ վարելու այդ ընթացքում չեն օգտագործելու ռազմական կամ զինված ուժեր՝ Ղրիմի հարցի լուծման համար։ «Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններին, ապա այդ հարցերն առանձին կետով են ներկայացված և քննարկվելու են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցությունների շրջանակում։ Այսինքն՝ բոլոր վիճելի հարցերը քիչ թե շատ քննարկվել են, մեր առաջարկներն արված են», - ասել է Պոդոլյակը»։ Ուրաինայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ և ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան, Liga.net-ի փոխանցմամբ՝ հայտնել է, որ Ուկրաինան այս բանակցություններում նպատակ չունի որևէ փաստաթուղթ ստորագրել, նրա գլխավոր խնդիրը Ռուսաստանին իր դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնելն է։ Առանցքային առաջարկներից մեկն անվտանգության նոր համակարգի ստեղծումն է, քանի որ զսպման նախկին համակարգը «չի աշխատում» և «դա երևում է Մարիուպոլում, Խարկովում և մյուս քաղաքներում, որոնք Ռուսաստանի ուղիղ ռազմական հարվածի տակ են»։ Քանի որ «ՆԱՏՕ-ի և մյուս պաշտպանական դաշինքների ոչ մի ջանքեր չկարողացան կանխել Ռուսաստանի ագրեսիան», Ուկրաինան առաջարկում է մշակել և կնքել բազմակողմանի պայմանագրեր, որոնք գործնականում «կերաշխավորեն նրա պաշտպանությունը նոր ագրեսիայի դեպքում», ասել է Արախամիան։   Նորա Վանյան
19:04 - 29 մարտի, 2022
«Չկա վճար, չկա գազ»․ Պեսկովի հարցազրույցը PBS-ին

«Չկա վճար, չկա գազ»․ Պեսկովի հարցազրույցը PBS-ին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել PBS հեռուստաընկերությանը։ Ներկայացնում ենք այն՝ ըստ արծարծված թեմաների։   ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մսագործ է» և «չի կարող շարունակել պաշտոնավարել» Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Կրեմլն այդ հայտարարությունները մտահոգիչ համարում, եթե Բայդենն արդեն հստակեցրել է, որ իշխանափոխության կոչ չի արել, Պեսկովն ասել է․ «Այո, դա մտահոգություն է առաջացնում։ Նախևառաջ դա անձնական վիրավորանք է, և դժվար է պատկերացնել, որ անձնական վիրավորանքը տեղ ունի քաղաքական առաջնորդի հռետորաբանությունում, հատկապես աշխարհի մեծագույն երկրի՝ Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդի։ Ցավում ենք դրա համար։ Եվ նրա հայտարարությունը վերաբերում է այն բանին, թե արդյոք Պուտինը պետք է մնա իշխանության։ Իհարկե, սա լիովին անընդունելի է։ Միացյալ Նահանգները չի որոշում, թե ով լինի կամ ով է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուսաստանի ժողովրդն է դա որոշում ընտրությունների միջոցով»։   Միջուկային զենքի մասին Պատասխանելով այն հարցին, թե ինչն է Ռուսաստանը համարում էքզիստենցիալ սպառնալիք, որի առկայության դեպքում, ըստ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության, իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ Պեսկովն ասել է․ «Մենք կասկածներ չունենք, որ Ուկրաինայում մեր հատուկ գործողության բոլոր նպատակներն իրագործվելու են։ Սակայն այդ գործողության ցանկացած ելք, իհարկե, միջուկային զենք կիրառելու առիթ չէ։ Մենք ունենք անվտանգության հայեցակարգ, որում հստակ նշված է, որ միայն այն դեպքում, եթե մեր երկրի գոյության սպառնալիք կա, մենք կարող ենք կիրառել և կկիրառենք միջուկային զենք՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Եկեք տարանջատենք երկրի գոյության սպառնալիքի առկայությունն ու հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Դրանք միմյանց հետ կապված չեն»։ Պեսկովը հիշեցրել է Վլադիմիր Պուտինի զգուշացումն այն մասին, որ այլ երկրները չմիջամտեն Ուկրաինայի և Ռուսաստանի գործերին այդ «հատուկ գործողության ընթացքում»․ «Նրա զգուշացումը շատ հստակ և խիստ էր։ Եվ ես կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե նա ինչ նկատի ուներ»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հակամարտությանը երրորդ երկրի միջամտության դեպքում Պուտինը միջուկային զենք կկիրառի, Պեսկովը պատասխանել է․ «Ոչ, չեմ կարծում։ Բայց նա շատ հստակ ընդգծել է, որ պետք չէ միջամտել։ Եթե նման բան լինի, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ դա կանխելու և պատժելու նրանց, ովքեր պատրաստվում են դա անել»։ Նա հավելել է, որ ոչ ոք չի դիտարկում միջուկային զենքի «կիրառումը և անգամ կիրառման գաղափարը»։   ՆԱՏՕ-ի մասին Ջո Բայդենի այն զգուշացմանը Վլադիմիր Պուտինին, որ նա «չմտածի անգամ ՆԱՏՕ-ի մեկ դյույմ տարածք մտնել», և հարցին, թե արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, որ Ռուսաստանը զորքեր մտցնի ՆԱՏՕ-ի երկիր այս հակամարտության ընթացում, Պեսկովն ասել է․ «Եթե դա պատասխան քայլ չէ, եթե մեզ չստիպեն դա անել, մենք չենք կարող մտածել այդ մասին։ Եվ մենք չենք էլ ուզում մտածել այս մասին»։   Միջազգային քրեական դատարանի հետաքննության մասին Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի համագործակցում Միջազգային քրեական դատարանի հետ, եթե «ոչ մի սխալ բան չի անում Ուկրաինայում»․ «Մենք չենք ընդունում Միջազգային քրեական դատարանի ենթադատությունը։ Մենք դա չենք արել նախկինում և չենք անում հիմա։ Եվ չենք պատրաստվում ընդունել այն ապագայում»։ Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությանը, որ նա Ուկրաինայում թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները՝ Պեսկովը նշել է․ «Նրանք [ռուս զինվորականները] չեն թիրախավորում բնակելի շենքերը։ Նրանք չեն թիրախավորում բնակարանները։ Չեն թիրախավորում քաղաքացիական օբյեկտները։ Նրանք միայն թիրախավորում են ռազմական ենթակառուցվածքները՝ այս գործողության գլխավոր՝ Ուկրաինայի դեմիլիտարացման նպատակով»։ Նա հավելել է, որ Մարիուպոլի քաղաքացիական ենթակառուցվածներն «ավերում են Մարիուպոլում գտնվող նացիստական գումարտակները»։   Գազի մասին Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը գազ կարտահանի Եվրոպա, եթե եվրոպական երկրները հրաժարվեն դրա դիմաց ռուբլիով վճարել, ինչը պնդում է Ռուսաստանը, Պեսկովն պատասխանել է․ «Չգիտեմ, թե ինչ կկատարվի, եթե նրանք մերժեն այդ հնարավորությունը։ Այնպես որ, երբ այս հարցով որոշում լինի, կտեսնենք, թե ինչ կարելի է անել։ Բայց անկասկած, մենք չենք պատրաստվում բարեգործությամբ զբաղվել և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպային»։ «Չկա վճարում, չկա գազ»,- հավելել է նա։ Անդրադառնալով այն հարցին, որ եվրոպական երկրները մտադիր են հրաժարվել ռուսական գազից, Պեսկովն ասել է․ «Իհարկե, մենք չէինք ցանկանա նման բան տեսնել մեր իրականությունում։ Բայց մենք պետք է հարմարվենք ստեղծված պայմաններին։ Եվ ցավոք, այդ պայմանները բնավ բարեկամական չեն։ [․․․] Մենք Ռուսաստանում մեզ զգում ենք պատերազմի մեջ, որովհետև Արևմտյան Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան իրականում մեր դեմ պատերազմ են վարում առևտրի, տնտեսության, մեր սեփականության, մեր միջոցների զավթման, ֆինանսական կապերի արգելափակման տեսքով։ Եվ մենք պետք է հարմարվենք այս նոր իրողություններին»։   Նորա Վանյան
14:04 - 29 մարտի, 2022
Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

 Լուսանկարում Բորիս Նեմցովն է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ներկայացուցիչները «մարդասպանների նույն խմբի», «որը թունավորել է» ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնուն, Վլադիմիր Կարա-Մուրզային և գրող Դմիտրի Բիկովին, անընդհատ հետապնդել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին նրա կյանքի վերջին ամիսներին, ասված է The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի ռուսական ծառայության համատեղ հետաքննությունում։ The Insider-ում հրապարակված հետաքննական հոդվածը ներկայացնում ենք հակիրճ․ «Քաղաքական գործչի հետապնդումը մեկնարկը տրվել է այն բանից անմիջապես հետո, երբ նա սկսել է ակտիվորեն լոբբինգ անել Վլադիմիր Պուտինի ընկերների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, և դադարել է փետրվարի 21-ին՝ այն բանից մի քանի օր առաջ, երբ քաղաքական գործչին սպանել են Կրեմլի պատերի մոտ։ Ընդ որում, [Նեմցովի] վերջին ուղևորության ժամանակ ԱԴԾ աշխատակիցները դադարել են հետևել նրան։ Սպանությունից երկու օր առաջ նրանք կենտրոնացել են հակապուտինյան պատժամիջոցների մյուս լոբբիստի՝ Վլադիմիր Կարա-Մուրզայի վրա, որին հետագայում երկու անգամ թունավորել են։ Նեմցովի սպանության գործով պաշտոնական հետաքննությունը հիմնվում էր ԱԴԾ Քրեագիտության ինստիտուտի փորձաքննության վրա, որի հետ անմիջական կապ է ունեցել Նեմցովին հետապնդողներից մեկը։ Նեմցովին հետապնդել է ԱԴԾ նվազագույնը երեք աշխատակից՝ Վալերի Սուխարյովը, Դմիտրի Սուխինինն ու Ալեքսեյ Կրիվոշչոկովը (Սուխարյովն ավելի ուշ ներառվել է ԱԴԾ աշխատակիցների խմբում, որը թունավորել է Կարա-Մուրզային, Դմիտրի Բիկովին և Ալեքսեյ Նավալնուն, իսկ Կրիվոշչոկովը մասնակցել է գոնե Նավալնու թունավորմանը)։ Հետապնդումները տևել են 2014թ․-ի մայիսից մինչև 2015թ․-ի փետրվար։ [ԱԴԾ աշխատակիցները Նեմցովին] սկսել են հետապնդել 2014թ․-ի մայիսի 19–21-ը։ Հենց այդ փուլում Բորիս Նեմցովն ու Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերն ԱՄՆ-ում ակտիվորեն լոբբինգ էին անում Պուտինի մերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցների սահմանումը։ 2014թ․-ի հունվարի վերջին Նեմցովը հանդիպել էր ամերիկացի հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնի և Ռոն Ջոնսոնի հետ և նրանց փոխանցել 13 անուն՝ պատժամիջոցային ցանկում ընդգրկելու համար։ Մարտի 20-ին ԱՄՆ-ն հրապարակել էր պատժամիջոցների համալրված ցանկը։ Դրանից երկու ամիս անց մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱԴԾ մարդասպանները սկսում հետևել Նեմցովին»։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բորիս Նեմցովի մասին այս հետաքննության եզրակացությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․ «Այդ ամենը ոչ մի կապ չունի և չի կարող որևէ կապ ունենալ ռուսական կառավարության հետ։ Այս ամենը նման է հերթական ստահոդ լուրի»։ Իսկ ԱԴԾ-ն չի պատասխանել պարբերականի հարցերին։ Բորիս Նեմցովը սպանվել է մեջքին արձակված չորս կրակոցների հետևանքով 2015թ․-ի փետրվարի 27-ին։ Մի քանի օր անց իշխանությունը ձերբակալել է Չեչնիայի հինգ բնակչի։ Դատաքննությունը կենտրոնացած է եղել սպանության կատարողների և կազմակերպիչների վրա ու ավարտվել է 2017թ․-ի հուլիսին։ Սպանությունն իրականացրած հինգ անձ դատապարտվել է 11-20 տարվա ազատազրկման։ Ենթադրյալ կազմակերպիչը միջազգային հետախուզման մեջ է։ Բորիս Նեմցովի ընտանիքի ներկայացուցիչները համաձայն չեն հետաքննության եզրակացությունների հետ։ Սպանությունը պատվիրողի մասին հարցը դեռ բաց է։ 2020թ․-ի սկզբին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նեմցովի սպանության պատվիրատուները հայտնաբերվել են, սակայն նրանց անունները չեն հրապարակվել»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։   Նորա Վանյան
09:50 - 29 մարտի, 2022
Ուկրաինայում պատերազմի մեկ ամիսն արդեն լրացել է․ ի՞նչ արդյունքներ կան․ Meduza

Ուկրաինայում պատերազմի մեկ ամիսն արդեն լրացել է․ ի՞նչ արդյունքներ կան․ Meduza

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին, ռազմական գործողությունների մեկ ամիսն արդեն լրացել է։ Ռուսական Meduza պարբերականը ի մի է բերել դրանց արդյունքները երեկվա դրությամբ։ Նրա պնդմամբ՝ ռուսական պլանները ձախողվել են, սակայն ուկրաինական բանակն էլ բավականաչափ խնդիրներ ունի։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ Գլխավոր արդյունքներ «Ռուսական գործողությունը սկսվել է արագ ներխուժմամբ գրեթե տասը ուղղություններով՝ ամենավճռական նպատակներով՝ Ուկրաինայի ողջ հարավի, Կիևի և Դոնբասի գրավում։ Չորս շաբաթվա ընթացքում այն, կարծես, խորը ճգնաժամի մեջ է հայտնվել։ Սկզբի համեմատ՝ անգամ ավելի պակաս հավակնություններն իրականության հետ այնքան էլ լավ չեն համընկնում։ Սկզբից պարզվեց, որ ռուսական բանակը չի կարող արդյունավետորեն գրոհել բոլոր ուղղություններով, իսկ առանց ջանքերի կենտրոնացման, լրացուցիչ ուժերի, որոշ առավել կարևոր հատվածներում ավիացիոն աջակցության՝ չի կարող գրոհել ոչ մի ուղղությամբ։ Այդպիսի կենտրոնացում իրականացվել է․ տասնյակ ուղղություններից ռուսական հրամանատարությունն ընտրել է երկու օպերատիվ ուղղություն, որտեղ, հավանաբար, հույս է ունեցել ռազմավարական հաջողությունների հասնել։ Մարտի երկրորդ տասնօրյակում հիմնական ջանքերը կենտրոնացվել են Կիևի և Դոնբասում ուկրաինական բանակի (թվաքանակով) հիմնական  խմբավորման պաշարման վրա։ Ուկրաինական բանակի հիմնական ուժերի և երկրի քաղաքական ղեկավարության չեզոքացման սպառնալիքի միջոցով ռուսական Գլխավոր շտաբը, հավանաբար, ուզում էր ուկրաինական իշխանությանը ստիպել եթե ոչ կապիտուլյացիա ընդունել, ապա գոնե ռուսական պատկերացմամբ փոխզիջման դրդել, որը Կիևի համար մինչ օրս անընդունելի է։ Կրեմլն, ըստ ամենայնի, հույս ուներ, որ այդ ռազմական հաջողությունը (նույնիսկ եթե այն հեռու է սկզբնական պլաններից) թույլ կտա լուծել պատերազմի նաև քաղաքական խնդիրները։ Պատերազմի չորրորդ շաբաթում իրավիճակը ռուսական բանակի համար կրկին վատթարացել է։ Այժմ ուկրաինական զորքերը ոչ միայն պաշտպանվում են, այլև որոշ ուղղություններով փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրանց ուժերը կհերիքեն և կկարողանան, արդյոք, արդյունավետ հարձակման գործողություններ իրականացնել օդում հակառակորդի առավելության պայմաններում։ Ի՞նչ է կատարվել ուղղություններից յուրաքանչյուրում Չորս շաբաթում ռուսական գրոհի տարբեր ուղղություններում իրադարձությունները զարգացել են համանման սցենարով․ տասնյակ և հարյուրավոր կիլոմետրերի խորը ճեղքում առաջին շաբաթում, այնուհետև՝ դժվարություներ՝ երկրի խորքում ուկրաինական զորքերի մշտական տեղակայման վայրերում նրանց հաղթելու դժվարություներ, այնուհետև՝ նախաձեռնության կորուստ։ Կիևի ուղղություն (հյուսիսային և արևմտյան ծայրամասեր) Կիևից դեպի հյուսիս պատերազմը սկսվել է Անտոնովի օդանավակայանում վաշտային ուղղաթիռային դեսանտի դեմ Ուկրաինայի Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի պայքարով։ Այս պայքարը տևել է մի քանի օր՝ ռուսական բանակին թույլ տալով բելառուսական սահմանից հարյուրավոր կիլոմետրեր անցնել և, Չեռնոբիլի օտարման գոտին հատելով, միավորվել դեսանտավորների հետ։ Դրան հետևել է անհաջող հարվածը Կիևի ուղղությամբ։ Ռուսական զորքերը չեն կարողացել անցնել Իրպեն գետը, քանի որ դրա ափը ողողվել է պատվարի փլուզման հետևանքով։ Մարտի սկզբին ռուսական բանակն, այնուամենայնվ, կարողացել է հարձակում սկսել հարավային ուղղությամբ՝ Կիևին մոտենալով արևմուտքից։ Զորքերը հատել են Կիև-Ժիտոմիր մայրուղին և ծանր մարտերի մեջ մտել ուկրաինական ուժերի հետ, որոնք եկել են Ժիտոմիրից։ Ռուսական գրոհը կասեցվել է։ Պատերազմի չորրորդ շաբաթում զորքերի դրությունը վատթարացել է։ Դրանք հատել են Իրպեն գետը, դիրքավորվել Մոշչուն գյուղում և փորձել Կիևն արգելափակել հյուսիսից։ Մյուս թևում գրոհ են կազմակերպել Նեմեշաևո գյուղի հատվածում։ Սակայն երկու գործողություններն էլ ձախողվել են։ Ռուսական զորքերը կորցրել են Մոշչունն ու Նեմեշաևոն, ինչպես նաև Իրպենի գետանցումը։ Ուկրաինական զորքերը շարունակել են հակահարձակումը, նրանք գրավել են Մակարովը։ Մարտի 24-ի դրությամբ պարզ չէ, թե արդյոք սա մի դրվագ էր, թե խոշոր օպերատիվ հաջողություն է սպասվում , որը հետ կշպրտի ռուսական զորքերը Կիևից։   Կիևի ուղղություն (արևելյան ծայրամասեր) Ռուսական զորքերը հայտնվել են Կիևի արևելյան ծայրամասերում՝ Բրովարիի, Բորիսպոլի օդանավակայանի մատույցներում և Կիև-Խարկով մայրուղու մերձակայքում՝ անցնելով երկար ու ծանր ճանապարհ։ Ռուսական զորքերի մի մասը գրեթե հասել է Կիև՝ Չեռնիգովի շրջանի անտառների միջով, սակայն շրջկենտրոնն այդպես էլ չի գրավվել, դրա մերձակայքում գտնվող ռուսական շարասյուներն ամենօրյա գրոհների են ենթարկվել։ Հավանաբար, այդ պատճառով էլ միանգամից մեծ ուժերով չի հաջողվել Կիև հասնել։ Ռուսական զորքերը գրավել են միայն Բրովարիներից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գյուղ։ Կիևի արևելյան ծայրամասեր է հասել մի խմբավորում, որը պատերազմը սկսել է Սումիում։ Սակայն այն նույնպես ամենօրյա հարվածների է ենթարկվել։ Արդյունքում՝ զորքերն այդպես էլ չեն հասել Կիև-Խարկով մայրուղուն, ինչպես նաև Բորիսպոլի օդանավակայան։ Պատերազմի չորրորդ շաբաթում ուկրաինական զորքերը հակահարձակում են սկսել նաև այստեղ։ Արդյունքները մարտի 24-ի դրությամբ դեռ հայտնի չեն։   Չեռնիգով, Խարկով և Սումի Ուկրաինայի հյուսիս-արևելքում շարունակվում են ցածր ինտենսիվության մարտերը, կողմերը հյուծող հրետանային փոխհրաձգություն են վարում։ Սակայն որևէ զգալի փոփոխություն այս հատվածում դեռ չի սպասվում։   Խարկովի շրջանի հարավ և Դոնբասի հյուսիս Հավանաբար, այս ուղղությունը ռուսական հրամանատարությունն ընտրել է՝ որպես գլխավորներից մեկը։ Սակայն Իզյում քաղաքը միանգամից գրավել չի հաջողվել։ Քաղաքի Սևերսկի Դոնեցի կամուրջները պայթեցվել են, ռուսական զորքերը երկու պոնտոնային կամուրջ են գցել Իզյումի մերձակայքում և շարունակել գրոհը Բարվենկովոյի և Լոզովայայի ուղղությամբ։ Սակայն այն կասեցվել է ուկրաինական պահեստազորայինների կողմից։ Կամենկա գյուղի մոտ ծանր մարտեր են սկսվել, որոնք շարունակվել են նաև մարտի 24-ին։   Դոնբասի հարավ և Մարիուպոլ Միակ ուղղությունը, որտեղ շարունակվում է ռուսական գրոհը, Դոնբասի հարավն է։ Սակայն վստահություն չկա, որ ռուսական զորքերն ու ԴԺՀ/ԼԺՀ ուժերը կկարողանան ողջ խորությամբ ճեղքել ճակատը․ Մարիուպոլի գրոհը համեմատաբար արագ է ընթանում, սակայն, դատելով կցկտուր հաղորդագրություններից և տեսանյութերից, ուղեկցվում է ԴԺՀ ուժերի և ռուսական զորքերի մեծ կորուստներով։ Գրավված է, հավանաբար, քաղաքի կեսը։   Նիկոլաև և Կրիվոյ Ռոգ Նիկոլաևի շրջանի ուղղությամբ ուկրաինական զորքերին հաջողվել է նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել։ Վերջին մեկ շաբաթում ռուսական զորքերը լքել են Նիկոլաևի շուրջ դիրքերն ու նահանջել Խերսոնի շրջան։ Խերսոնի շրջանի հյուսիսում ռուսական գրոհն ինչպես ամենուր, կասեցվել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Զորքերը հասել են Դնեպրոպետրովսկի շրջանի սահմանին, սակայն Կրիվոյ Ռոգն ու Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկը) գրավելու համար ուժերն ակնհայտորեն չեն հերիքում։   Ի՞նչ է այս ամենը նշանակում «Ջախջախիչ պատերազմի» ռազմավարությունը, որն ընտրել է ռուսական հրամանատարությունն ի սկզբանե, ակնհայտորեն չի աշխատել։ Հավանաբար, ռուսական հրամանատարության համար դժվար է սկզբնական պլանի սխալներն ուղղելը․ զորքերն առաջին օրերին հասել են Ուկրաինայի խորքեր, ամենուրեք կապվել են մարտերով, իսկ հետո հօգուտ առաջնահերթ ուղղությունների վերախմբավորվելն անհնար է դարձել։ Ակնհայտորեն լուծված չեն նաև բազմաթիվ մարտավարական խնդիրներ։ Բացի այդ, ռուսական բանակը չի ցուցադրել, որ կարող է արագ և արդյունավետությամբ գրավել խոշոր բնակավայրեր։ Ճիշտ է, ուկրաինական կողմը նույնպես չի ցուցադրել, որ կարող է հարձակում իրականացնել՝ վճռական նպատակներով՝ խոշոր ուժեր կենտրոնացնելով։ Երկրի հարավում բաց թողնելով հարվածը պատերազմի առաջին շաբաթում՝ ուկրաինական բանակը չի կարողացել իր պահուստային զորքերն այնտեղ ուղարկել՝ զիջելով հսկայական տարածքներ և ռազմավարական նշանակության քաղաքներ։ Ուկրաինական զորքերը դեռևս պաշտպանական մարտեր են վարում (հաճախ՝ հաջողությամբ) իրենց մշտական տեղակայման կետերի մերձակայքերում։  «Փոխզիջման հարկադրանքի» սցենարին միակ այլընտրանքը, որը ենթադրում է կողմերից մեկի վճռական և հաջող գործողություններ, ակնհայտորեն հյուծող պատերազմն է։ Եվ եթե այդպիսի բան տեղի ունենա, բնավ փաստ չէ, որ Ռուսաստանը դրանից հաղթող դուրս կգա։   Նորա Վանյան  
22:56 - 25 մարտի, 2022
Մարդը պատերազմի դաշտում. պատերազմից մնացած մարտահրավերները․ Աղասի Թադևոսյան

Մարդը պատերազմի դաշտում. պատերազմից մնացած մարտահրավերները․ Աղասի Թադևոսյան

Պատերազմի մարդաբանության մեջ բավական տարածված է այն պնդումը, որ պատերազմը մարդկային մշակույթի մաս է և մարդկության պատմության մեջ ի հայտ է եկել բավական ուշ՝ ցեղային միությունների և վաղ պետական միավորումների ձևավորման շրջանում: Ընդհանրապես, բնության մեջ շատ հազվադեպ են հանդիպում կոլեկտիվ սպանությունների դեպքեր։ Պատերազմը բացառիկ երևույթ է այն առումով, որ արդարացնում է ուրիշի դեմ ուղղված կոլեկտիվ մարդասպանության գործողությունը վերջինս առանձնահատուկ կերպով իմաստավորելու ճանապարհով։ Այս առումով, ուշագրավ է, որ պատերազմը շատ ժողովուրդների մոտ նրանց ձևավորման առասպելների հիմքում է ընկած։ Այդպես է նաև մեր՝ հայերիս դեպքում։ Մեր ինքնության ձևավորման հիմքում ընկած է Հայկի մղած ազատագրական պատերազմը Բելի դեմ, և վերջինիս սպանությունը մեր մշակույթում ստացել է ամենաբարձր իմաստներից մեկը։ Երբ պատերազմը բավականաչափ մշակութայնացված, այսինքն՝ իմաստավորված չէ, չկան այնպիսի գաղափարներ, հանուն որոնց մարդը կարող է հաղթահարել պատերազմում զոհվելու վախը, ապա մահվան վախը դառնում է պատերազմի հիմնական ապրումը։ Առանց այն էլ, պատերազմում մահվան վտանգը, կյանքի մնացած բոլոր մշակութայնացված իրավիճակների հանդեպ, չափից դուրս իրական է։ Երբ մարդասպանության ծավալները, համամասնակցությունը, դաժանության ու սարսափի դրսևորումները ամենուր են, չափազանց կարևոր է դառնում այն, թե ինչպես է մարդն ապրում մահվան մոտիկությունը, ինչպես է հաղթահարում դրա առաջացրած վախը, և ինչպես է այդ ամենը փոխում կյանքի ու մահվան հետ կապված իմաստները։ Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների պատմություններում հաճախ է խոսվում վախի մասին։ Վախը եղել է այս պատերազմի հիմնական ապրումը։ Այն, որ պատերազմում մարդիկ վախենում են, տարօրինակ չէ։ Ավելին՝ պատերազմի մասնակիցներից շատերի կարծիքով դա շատ բնական է։ Անբնական կլիներ, որ մարդ չվախենար։ Խնդիրն այլ տեղ է։ Խնդիրն իրականում վախի կառավարման մեջ է։ Իսկ սա արդեն բանակի ու զինվորների պատրաստվածության հարց է։ Ռազմական մարդաբանության մեջ պատերազմի դաշտում վախի հաղթահարման և դրա կառավարման հարցը բավական ուսումնասիրված է, և քիչ թե շատ նորմալ բանակ ունեցող պետություններում զինվորների ու սպայակազմի հետ այդ նպատակով աշխատում են ռազմական հոգեբաններ։ Ընդհանրապես, այս խնդրին վերաբերող մասնագիտական գրականության մեջ առանձնացվում է վախի հաղթահարման երկու հիմնական մեխանիզմ՝ էքզիստենցիալ կամ գոյաբանական և պրոֆեսիոնալ։ Գոյաբանական մեխանիզմները սովորաբար վերաբերում են կյանքի ու մահվան իմաստաբանության, մահվան վախը հաղթահարող գաղափարաբանական ոլորտներին։ Փաստերը խոսում են այն մասին, որ եթե մարդը մարտի դաշտում ունի իր գործողություններին իմաստ հաղորդող գաղափարներ ու նպատակ, ապա նա ավելի հեշտ է հաղթահարում իր վախերը։ Այս առուով շատ բնութագրական է զինվորներից մեկի արտահայտությունը․ «Այ, սահման կա, չէ՞, առաջին ռումբից հետո կորում ա: Այ էն ոգեղենությունը, որ առաջին ռումբից հետո չի կորում, էդ ի՞նչ ոգեղենություն ա, ես չգիտեմ՝ ոնց նկարագրեմ դա, որտեղի՞ց ա գալիս, այ դա շատ քիչ էր»։ Ինչ վերաբերում է վախի հաղթահարման պրոֆեսիոնալ մեխանիզմներին, ապա սա վերաբերում է զինվորների մասնագիտական պատրաստվածության աստիճանին, մարտի դաշտում իրենց պրոֆեսիոնալ գործը իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներին, դրանք իրականացնելու հնարավորություն ընձեռող համապատասխան զենք ու զինամթերքի առկայությանն ու մարտական անհրաժեշտ կառույցների գոյությանը, ինչը թույլ է տալիս զինվորին, իրեն զգալով խմբի անդամ, ունենալ պաշտպանվածության ավելի մեծ զգացում։  Ցավոք, նշված չափորոշիչներից ոչ մեկը մեր բանակում չի գործել լիարժեք կերպով։ Միայն ժամկետային զինծառայողների մոտ են քիչ թե շատ աշխատել առաջին և երրորդ գործոնները։ Պատահական չէ, որ ըստ պատերազմի մասնակիցների վկայությունների՝ զորքի հենց այս հատվածն է քիչ թե շատ հաջող դիմադրել պատերազմի ժամանակ։ Ամենից ծանր վիճակում հայտվել են պահեստազորայինները։ Խնդիրն այն է, որ վախի հաղթահարման անհրաժեշտ գոյաբանական և պրոֆեսիոնալ մեխանիզմները զորքի այս հատվածի մոտ շատ թույլ են գործել այն պարզ պատճառով, որ զորակոչիկների մարտական պատրաստվածությունն այս տեսանկյունից շատ անփույթ է իրագործվել։ Փաստացիորեն, պատերազմի առաջին իսկ օրերից նրանք, հանդիպելով մի կողմից՝ ադրբեջանական բանակի տեխինկական առավելության փաստին և ռազմական գործողությունների մեծ ինտենսիվությանը, մյուս կողմից՝ բանակում կառավարման տեսանկյունից գոյություն ունեցող քաոսին, որևէ օբյեկտիվ, ինստիտուտցիոնալ հիմք չեն ունեցել, ինչի վրա հենվելով՝ հնարավոր կլիներ հաղթահարել վախը։ Միակ գործոնն այս իրավիճակներում մնացել են մարդու անձնական հոգեբանական տվյալները։ Սակայն եթե նկատի ունենանք, որ մարդկանց հիմնական մասը նման իրավիճակներում բնականորեն ավելի հակված է խուճապի մատնվելու, ապա հասկանալի է դառնում նաև այն պատկերը։ Շատ է խոսվել այն մասին, որ հայկական ու ադրբեջանական բանակները տարբերվել են իրենց զինվածության տեխնոլոգիական մակարդակով։ Այս տեխնոլոգիական հետամնացությունը էական ազդեցություն է թողել զինվորների վրա։ Այսպես կոչված, «ավտոմատի» կռվի ժամանակ մարդը գիտե, որ մարտի ժամանակ ինքն ունի պաշտպանվելու նույնքան հնարավորություն, որքան իր վրա հարձակվող հակառակորդ կողմի զինվորը, և իր կենդանի մնալը կախված է նաև իրենից։ Իսկ մարդ-տեխնիկա առճակատման դեպքում ինքը չգիտե, թե ում հետ կռվի։ Հակառակորդը շատ դեպքերում իր հետ կռվում է՝ անհայտ մի սենյակում նստած, և նրա համակարգչի էկրանին ինքը համակարգչային խաղի ժամանակ խոցվող զինվորից շատ չի տարբերվում։ Երբ սպանողը չի տեսնում սպանվող հակառակորդ զինվորին, սպանելը ոչ միայն դառնում է հոգեբանորեն հեշտ հաղթահարելի մի բան, այլև վեր է ածվում խաղային ազարտի։ Սա ապագայի մասին ֆանտաստիկ երկից մի հատված չէ, այլ՝ նոր սերնդի պատերազմի համար արդեն սովորական դարձած իրողություն։ Եվ ցավալին այն է, որ այս պատերազմում մեր զինվորները հայտնվել էին էկրանի վրա թիրախավորվող օբյեկտների դերում։ Սա այն գլխավոր մարտահրավերներից մեկն է, որոնց լուծման ճանապարհները ոչ միայն տեխնիկատեխնոլոգիական ոլորտում են, այլև՝ հոգեբանական ու մարդաբանական։ Ակնհայտ է, որ փոխվում է պատերազմի բնույթը, և փոխվում է դրա ոչ միայն տեխնոլոգիական բնութագիրը, այլև՝ մարդաբանական։ Եվ չնայած այս փոփոխություններին՝ մարդը մնալու է պատերազմի հիմնական գործող անձը։ Եվ մարդու ֆիզիկական ու հոգեբանական պաշտպանվածության աստիճանը ազգերի ու պետությունների գլխավոր խնդիրներից մեկն է դառնում։ Եվ այն այսօր արդեն առաջնային մարտահրավերներից է մեզ համար՝ որպես պատերազմի սարսափները վերապրած հասարակության։ Աղասի Թադևոսյանմշակութային մարդաբան
15:57 - 24 մարտի, 2022
Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։   Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։ Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։ Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։   ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։ Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։   ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։ Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։   Նորա Վանյան
14:20 - 24 մարտի, 2022
Համաշխարհային ուղղափառությունում տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում․ Meduza

Համաշխարհային ուղղափառությունում տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում․ Meduza

Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ) թեմերը մեկը մյուսի հետևից դադարում են պատարագների ժամանակ հիշատակել Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) պատրիարք Կիրիլի անունը, ՈւՈւԵ որոշ հոգևորականներ արդեն ինքնավարության կոչ են անում։ Դա արձագանք է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի քարոզներին, որը փաստացի սատարել է պատերազմն՝ այն անվանելով «մետաֆիզիկական պայքար»։ Նրա դիրքորոշումն, իհարկե քննադատում են նաև ՌՈւԵ օտարերկրյա թեմերը։ Մոսկվայի պատրիարքարանը, որը սատարում է Կրեմլին, պատրիարք Կիրիլի «կայսրական շրջադարձի» պատճառով կարող է շատ բան կորցնել, գրում է Meduza-ն, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «2022 թ-ի մարտի 6-ին՝ Ներման կիրակի, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսո պատրիարք Կիրիլը քարոզ կարդաց Քրիստոս Փրկիչ տաճարում։ Այդ ժամանակ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա (այդ երկիրը ներառված է ՌՈւԵ կանոնիկ ենթակայության տարածքում) ընթանում էր արդեն երկրորդ շաբաթը։ Այս քարոզը ՌՈւԵ առաջնորդի առաջին հստակ ելույթն էր պատերազմի մասին։ «Ութ տարի փորձում են ոչնչացնել այն, ինչ կա Դոնբասում։ Իսկ Դոնբասում կա մերժում, այսպես կոչված արժեքների սկզբունքային չընդունում, որոնք այսօր առաջարկվում են նրանց կողմից, ովքեր համաշխարհային իշխանության հավակնություն ունեն․․․ Այսօր այդ իշխանության նկատմամբ հավատարմության յուրօրինակ թեստ կա, յուրօրինակ անցաթուղթ դեպի «երջանիկ» աշխարհ, դեպի ավելորդ սպառման, տեսանելի «ազատության» աշխարհ։ Գիտե՞ք, թե դա ինչ թեստ է։ Դա շատ պարզ և միաժամանակ սարսափելի թեստ է՝ գեյ-շքերթը», - ասել է պատրիարք Կիրիլն իր քարոզի ժամանակ։ Նա հավելել է, որ այդ «թեմայի շուրջ» իսկական «պատերազմ է գնում», իսկ ուղղափառ մարդիկ «մտել են պայքարի մեջ, որը ոչ թե ֆիզիկական, այլ մետաֆիզիկական նշանակություն ունի»։ Քարոզում նա Ուկրաինան հիշատակել է միայն մեկ անգամ՝ հայտարարելով, որ այնտեղ «ճնշում և կոտորում են Դոնբասի մարդկանց»։ Ավելի վաղ՝ մարտի 3-ին, խաղաղության վերականգնման համար իր աղոթքում պատրիարքը խոսել է «օտարալեզուների» մասին, որոնք «պատերազմ են ուզում և Սուրբ Ռուսիո դեմ են դուրս եկել»։ Իր հաջորդ քարոզում մարտի 9-ին նա Ռուսաստանի և Ուկրաինայի բնակիչներին անվանել է «միասնական ռուս ժողովուրդ» և ասել, թե «երրորդ կողմն» ուզում է «թուլացնել Ռուսաստանը, որն իրոք ուժեղ և հզոր երկիր է դարձել»։ «Ռուսիան մի երկիր է, մի ժողովուրդ, բայց շատ ուժեղ գտնվեց այս ժողովուրդը, և նրա ուժից վախեցած հարևանները սկսեցին ամեն ինչ անել, այդ ժողովրդին պառակտելու, այդ ժողովրդի մասերին ներշնչելու, որ նրանք բնավ մի ժողովուրդ չեն, - ասել է պատրիարքն իր նոր քարոզում։ - Եվ մենք գիտենք, թե ինչ սարսափելի գագաթնակետի են հասել այդ ներշնչանքի հետևանքները․․․ Եվ սարսափելի է, որ որոշ կրոնական կազմակերպություններ կան (լեզուս էլ չի պտտվում նրանց կրոնական ասել), որ իրենց քարոզներում խոսում են եղբայրական ռուս ժողովրդի դեմ պայքարի անհրաժեշտության մասին»։ Ըստ ամենայնի՝ պատրիարքը նկատի ուներ ՈւՈւԵ հոգևորականներին և Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական եկեղեցու ղեկավար միտրոպոլիտ Օնուֆրիին, որը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման  հաջորդ օրը կատարվածն անվանել էր «ռազմական գործողություններ» և ՈւՈւԵ հավատացյալներին կոչ արել աղոթել ուկրաինական զորքերի համար։ Մարտի սկզբին արդեն հայտնի էր Ուկրաինայում 15 թեմերի մասին, որոնք դադարել են տաճարներում հիշատակել պատրիարք Կիրիլի անունը։ Մարտի երկրորդդ կեսի համար կարելի է խոսել շուրջ 20 թեմերի մասին։ Ընդհանուր առմամբ Մոսկվայի պատրիարքարանի ՈւՈւԵ-ն ունի 52 թեմ։ «Մոսկվայի պատրիարքարանի ամսագգրի» նախկին պատասխանատու խմբագիր Սերգեյ Չապնինի խոսքով՝ «պատարագների անցկացման հին ավանդույթի համաձայն՝ ծառայության ժամանակ բավական է հիշատակել միայն տվյալ եկեղեցու եպիսկոպոսի անունը»։ Սակայն ՌՈւԵ-ում հիշատակվում է նաև պատրիարքը․ դա եկեղեցական ղեկավարության նկատմամբ քաղաքական հավատարմության յուրօրինակ արտահայտում է։ «Երբ համայնքը դադարում է դա անել, նա հավատարմություն չի արտահայտում պատրիարքին, ոչ ավելին», - մեկնաբանել է կրոնագետը։ ՈւՈւԵ Սումիի թեմի եպիսկոպոսները որպես պատրիարքին չհիշատակելու պատճառ նշել են այն, որ պատրիարք Կիրիլը «ոչ մի փորձ չի ձեռնարկել՝ պաշտպանելու Ուկրաինայի տառապող ժողովրդին»․ «Այս ծանր իրավիճակում․․․ մենք որոշել ենք դադարել հիշատակել Մոսկվայի պատրիարքի անունը մեր պատարագների ընթացքում։ Այս որոշումը թելադրված է նաև մեր հավատացյալների պահանջով, որոնք, ավաղ, էլ չեն ուզում մեր տաճարներում լսել պատրիարք Կիրիլի անունը»։ ՈւՈւԵ որոշ թեմեր (օրինակ՝ Լվովի, Ժիտոմիրի, Ռովնոյի) ընդհանրապես ղեկավարությանը կոչ են արել շարժվել դեպի լիակատար անկախություն ՌՈւԵ-ից։ Ռուսաց եկեղեցու պատրիարքի դիրքորոշումը քննադատել է նաև Փարիզի արքեպիսկոպոսարանը, որը նույնպես ՌՈւԵ կազմում է, ինչպես նաև Լիտվայի թեմի առաջնորդը։ Բացի այդ, հաշտության և պատերազմի դադարեցման կոչ պարունակող հանրագրի տակ ստորագրել է Ռուս ուղղափառ եկեղեցում ծառայող ավելի քան 280 հոգևորական։ Կրոնական հարցերի փորձագետները, որոնց հետ զրուցել է Meduza-ն, գրեթե չեն կասկածում, որ Մոսկվայի պատրիարքարանի ՈւՈւԵ-ն կլքի Ռուս ուղղափառ եկեղեցու շարքերը, և ընդգծում են, որ դա շատ լուրջ կորուստ է ՌՈւԵ-ի համար։ «Դա շուրջ 12,5  հազար ծխական համայնք է, ավելի քան 10 հազար հոգևորական», — նշում են նրանք։ Meduza-ի կողմից հարցված բոլոր փորձագետները կանխատեսում են, որ ՈւՈւԵ-ն ՌՈւԵ-ից դուրս գալու որոշում է կայացնելու ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մոսկվայի պատրիարքարանը, սակայն, կարող է կորցնել ոչ միայն ՈւՈւԵ-ն, այլև Արևմտաեվրոպական արքեպիսկոպոսարանը, որի առաջնորդն արդեն քննադատել է պատրիարք Կիրիլի դիրքորոշումը։ Եկեղեցուց կարող են անջատվել նաև Եվրոպայի առանձին ծխական համայնքներ։ Կրոնի սոցիոլոգ Նիկոլայ Միտրոխինի կարծիքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցուց կարող է անջատվել նաև մոլդովական եկեղեցին։ Իսկ «Մոսկվայի պատրիարքարանի ամսագրի» նախկին խմբագիր Սերգեյ Չապնինն ասում է․ «Ռուսաստանը [Ուկրաինայի պատերազմի պատճառով] քաղաքական և տնտեսական մեկուսացման մեջ է հայտնվել, Ռուս ուղղափառ եկեղեցին, ըստ ամենայնի, նույնպես շուտով կմեկուսանա ողջ քրիստոնյա աշխարհից՝ եկեղեցու ղեկավարության կողմից պատերազմի արդարացման պատճառով»։ Կատարվող իրադարձությունները պատրիարք Կիրիլի և ՌՈւԵ-ի՝ նրան հավատարիմ բարձրաստիճան հոգևորականների կայսրական եկեղեցական քաղաքականության հետևանքն են, կարծում են փորձագետները։ Սերգեյ Չապնինն էլ պատրիարք Կիրիլի գործունեությունն անվանում է «կայսրական եկեղեցու վերականգնման փորձ»՝ ինչպես տարածքների վերահսկման, այնպես էլ պետական մեքենային մոտ լինելու տեսանկյունից»։ Նորա Վանյան
17:45 - 23 մարտի, 2022
Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը․ Reuters

Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը․ Reuters

Լուսանկարը՝ Reuters-ի ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին (G20) Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկումներին մասնակցած իր աղբյուրները։ Վերջիններս հաղորդում են, որ Ռուսաստանին խմբից ամբողջությամբ դուրս թողնելու ցանկացած փորձի դեպքում կազմակերպության մյուս անդամները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, վետո կդնեն։ Եվ սա մեծացնում է այն հավանականությունը որ դրա փոխարեն որոշ երկրներ պարզապես բաց կթողնեն G20-ի այս տարվա հանդիպումները։ G20-ը, ինչպես նաև G7-ը, որի անդամներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, առանցքային միջազգային հարթակներ են, որոնք զբաղվում են տարատեսակ հարցերով՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից մինչև տրանսսահմանային գործարքներ։ Արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել, որոնք ուղղված են նրա տնտեսական մեկուսացմանը։ Մասնավորապես, Ռուսաստանը զրկվել է «SWIFT» գլոբալ վճարային համակարգից, սահմանափակվել են նրա կենտրոնական բանկի գործարքները։ «Քննարկումներ են եղել այն մասին, թե արդյոք տեղին է, որ Ռուսաստանը G20-ի մաս կազմի։ Եթե Ռուսաստանը շարունակի անդամակցել կազմակերպությանը, այն կդառնա պակաս օգտակար»,- ասել է Reuters-ի աղբյուրը G7-ում։ Այն հարցին, թե արդյոք Բրյուսելում այս շաբաթ դաշնակիցների հետ կայանալիք հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր կձեռնարկի՞ Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու համար, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը լրագրողներին ասել է․ «Կարծում ենք, որ միջազգային ինստիտուտներում և միջազգային հանրությունում ամեն ինչ չի կարող սովորականի պես մնալ Ռուսաստանի համար»։ Սակայն այլ հայտարարություններ անելուց առաջ Միացյալ Նահանգները պլանավորում է խորհրդակցել դաշնակիցների հետ, ասել է Սալիվանը։ Եվրամիությունում Reuters-ի աղբյուրը ևս հաստատել է կայանալիք հանդիպումների ընթացքում G20-ում Ռուսաստանի կարգավիճակի քննարկման փաստը։ Ներկա պահին կազմակերպությունում նախագահում է Ինդոնեզիան։ «Ինդոնեզիային հասկացրել են, որ Ռուսաստանի ներկայությունը կայանալիք հանդիպումներին բավականին խնդրահարույց է եվրոպական երկրների համար»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ երկրի անդամակցությունը դադարեցնելու հստակ գործընթաց չկա։ Երեկ Լեհաստանը հայտարարել է, որ ամերիկյան առևտրային հարցերով զբաղվող պաշտոնյաներին առաջարկել է Ռուսաստանին փոխարինել G20-ում, և ստացել է «դրական պատասխան»։ ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ նախորդ շաբաթ «հաջողված հանդիպում» է տեղի ունեցել Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարար Պյոտր Նովակի և ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ, սակայն ընդգծել է․ «Նա (Ռայմոնդոն) ուրախ էր լսել Լեհաստանի կարծիքը մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ G20-ի աշխատանքի, սակայն ԱՄՆ կառավարության անունից դիրքորոշում չի հայտնել G20-ի վերաբերյալ նրա առաջարկի մասին»։ G7-ում Reuters-ի աղբյուրն ասել է, որ քիչ հավանական է, որ G20-ում նախագահող Ինդոնեզիան կամ դրա անդամներ Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Չինաստանը համաձայնեն կազմակերպությունից դուրս թողնել Ռուսաստանին։ G20-ի անդամ ասիական երկրներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ «Ռուսաստանին հնարավոր չէ զրկել G20-ի անդամակցությունից», եթե միայն Մոսկվան ինքն այդպիսի որոշում չկայացնի։  «G20-ին Ռուսաստանի անդամակցության կասեցման ընթացակարգեր պարզապես չկան»,- նշել է նա։ Ինդոնեզիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու կոչերը։ Երկրի կենտրոնական բանկի կառավարչի տեղակալ Դոդի Բուդի Վալույոն մարտի 21-ին հայտարարել է, որ Ինդոնեզիայի դիրքորոշումը միշտ չեզոք է եղել, սակայն նշել է, որ, հաշվի առնելով այս հարցում առկա տարաձայնությունները, G20-ում իր նախագահության շրջանակում կփորձի լուծել ցանկացած խնդիր։ Վալույոն հավելել է, որ Ռուսաստանը G20-ի հանդիպումներին ներկա լինելու «խիստ պարտավորություն» ունի, և կազմակերպության մյուս անդամները չեն կարող նրան արգելել մասնակցել դրանց։   Նորա Վանյան
12:55 - 23 մարտի, 2022
Ինչո՞ւ է Մարիուպոլն այդքան կարևոր ռուսական զորքերի համար. The Guardian

Ինչո՞ւ է Մարիուպոլն այդքան կարևոր ռուսական զորքերի համար. The Guardian

Արդեն երեք շաբաթ է՝ ռուսական զորքերը պաշարել են ուկրաինական նավահանգստային Մարիուպոլ քաղաքը։ 100-200 հազար մարդ փակված է քաղաքում, որն անխղճորեն ռմբակոծվում է, գրում է The Guardian-ը։ Պարբերականի հոդվածը ներկայացնում ենք ստորև․ «Տեղի իշխանությունն ասում է, որ քաղաքային ենթակառուցվածքների 80%-ն ավերվել է, դրանց մի մասն այլևս հնարավոր չէ վերականգնել։ Քաղաքը մնացել է առանց ջրի, էլեկտրականության և ջեռուցման, իսկ զոհվածների թիվն անհամար է։ Այս շաբաթ Ուկրաինան մերժել է Մարիուպոլը հանձնելու Ռուսաստանի վերջնագիրը։ Մարիուպոլի անկումը տնտեսական հուժկու հարված կլինի Ուկրաինայի և խորհրդանշական հաղթանակ՝ Ռուսաստանի համար։ «Մարիուպոլը գործնական և խորհրդանշական նշանություն ունի Ռուսաստանի համար», — Guardian-ին ասել է Կիևի էկոնոմիկայի դպրոցի Տնտեսական լրագրությունում որակավորման բարձրացման կենտրոնի ղեկավար Անդրեյ Յանիցկին։ «Դա խոշոր նավահանգստային քաղաք է և ուկրաինական զինված ուժերի տեղակայման վայր։ Այնպես որ, եթե ռուսներն ուզում են ցամաքային միջանցք ունենալ [Դոնբասից] Ղրիմ, նրանք պետք է վերահսկողության տակ առնեն քաղաքը»։ 2014 թ-ից Մարիուպոլը 30 կմ հեռավորության վրա է Ռուսաստանի վերհսկողության տակ գտնվող Դոնբաս անջատողական շրջանից։   Տնտեսական շնչահեղձություն Մարիուպոլը մետաղագործական կենտրոն է, որտեղ տեղակայված են սև մետալուրգիական գործարաններ, ծանր մեքենայաշինության արտադրամասեր և նավերի վերանորոգման կետեր։ Մարիուպոլում են գտնվում Ուկրաինայի խոշորագույն մետաղագործական գործարանները, որոնք պատկանում են երկրի «Մետինվեստ» առաջատար մետաղագործական ընկերությունների խմբին։ Դրանցից մեկն՝ «Ազովստալն», այս շաբաթ մեծապես վնասվել է ռուսական կողմի հրետակոծության հետևանքով։ Յանիցկիի խոսքով՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում ոչ միայն քաղաքացիական, այլև տնտեսական ենթակառուցվածքներին՝ ձգտելով հնարավորինս մեծ վնաս պատճառել։ Մարիուպոլում է նաև Ազովի ծովի խոշորագույն առևտրային նավահանգիստը, որտեղից Ուկրաինան արտահանում է հացահատիկ, երկաթ և պողպատ, ինչպես նաև ծանր տեխնիկա։ 2021 թ-ին Մարիուպոլի նավահանգստից ուկրաինական արտահանման հիմնական ուղղություններն են եղել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ Իտալիան, Լիբանանը և Թուրքիան։ Նավահանգիստը մեծապես տուժել է Դոնբասում պատերազմի մեկնարկից հետո՝ զրկվելով նախկին շուկաներից տարանցիկ բեռնափոխադրումների հոսքերից, այդ թվում՝Ռուսաստանից։ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը կամուրջ է կառուցել, որը թերակղզին կապում է ցամաքի հետ, և միակողմանի կարգով  սահմանափակումներ մտցրել Կերչի նեղուցով նավերի երթևեկի համար։   Խորհրդանշական իմաստ ու քարոզչություն Յանիցկու խոսքով՝ Մարիուպոլը խորհրդանշական իմաստ էլ ունի։ 2014 թ-ին Մարիուպոլը՝ Դոնեցկի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքը, դիմացել է ռուսամետ ուժերի կարճաժամկետ օկուպացիային։ Այն բանից հետո, երբ Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Դոնեցկի շրջկենտրոնի նկատմամբ, Մարուպոլն ընդունել է Դոնբասի օկուպացված հատվածներից ներքին տեղահանվածերի ամենամեծ հոսքը՝ 96 հազար մարդ 2019 թ-ի դրությամբ։ Մարիուպոլը ոչ միայն այն հատվածում է, որին հավակնում է այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը, որի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է լայնամասշտաբ հարձակումից առաջ, այլև Վլադիմիր Պուտինի «Նովոռոսիա» հայեցակարգի մի մասն է, տարածքի, որը Սև ծովի ափի երկայնքով տարածվում է դեպի Ուկրաինայի արևելք և հարավ, այս տարածքները Պուտինը դիտարկում է որպես «ռուսական պատմական հողեր»։  Մարիուպոլի գրավումը հսկայական հաղթանակ կլիներ նաև Կրեմլի քարոզչության համար, որն Ուկրաինան ներկայացնում է որպես նացիստների կողմից ղեկավարվող երկիր, իսկ պատերազմը՝ որպես «դենացիֆիկացիա»։ Քաղաքը եղել է նաև «Ազով» գումարտակի տեղակյաման վայր, որը կապում են ուլտրաաջ և նեոնացիստական խմբավորումների հետ։ Թեև դրանք Ուկրաինայի Ազգային գվարդիայի միայն չնչին մասն են կազմում՝ ռուսական քարոզչությունը պնդում է, որ «Ազովի» մարտիկները պատասխանատվություն են կրում Մարիուպոլում խաղաղ բնակիչների սպանության և ավերածությունների համար»։ Նորա Վանյան
21:02 - 22 մարտի, 2022