Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը․ Reuters
12:55 - 23 մարտի, 2022

Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը․ Reuters

Լուսանկարը՝ Reuters-ի

ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին (G20) Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկումներին մասնակցած իր աղբյուրները։

Վերջիններս հաղորդում են, որ Ռուսաստանին խմբից ամբողջությամբ դուրս թողնելու ցանկացած փորձի դեպքում կազմակերպության մյուս անդամները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, վետո կդնեն։ Եվ սա մեծացնում է այն հավանականությունը որ դրա փոխարեն որոշ երկրներ պարզապես բաց կթողնեն G20-ի այս տարվա հանդիպումները։

G20-ը, ինչպես նաև G7-ը, որի անդամներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, առանցքային միջազգային հարթակներ են, որոնք զբաղվում են տարատեսակ հարցերով՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից մինչև տրանսսահմանային գործարքներ։

Արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել, որոնք ուղղված են նրա տնտեսական մեկուսացմանը։ Մասնավորապես, Ռուսաստանը զրկվել է «SWIFT» գլոբալ վճարային համակարգից, սահմանափակվել են նրա կենտրոնական բանկի գործարքները։

«Քննարկումներ են եղել այն մասին, թե արդյոք տեղին է, որ Ռուսաստանը G20-ի մաս կազմի։ Եթե Ռուսաստանը շարունակի անդամակցել կազմակերպությանը, այն կդառնա պակաս օգտակար»,- ասել է Reuters-ի աղբյուրը G7-ում։

Այն հարցին, թե արդյոք Բրյուսելում այս շաբաթ դաշնակիցների հետ կայանալիք հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր կձեռնարկի՞ Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու համար, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը լրագրողներին ասել է․ «Կարծում ենք, որ միջազգային ինստիտուտներում և միջազգային հանրությունում ամեն ինչ չի կարող սովորականի պես մնալ Ռուսաստանի համար»։

Սակայն այլ հայտարարություններ անելուց առաջ Միացյալ Նահանգները պլանավորում է խորհրդակցել դաշնակիցների հետ, ասել է Սալիվանը։

Եվրամիությունում Reuters-ի աղբյուրը ևս հաստատել է կայանալիք հանդիպումների ընթացքում G20-ում Ռուսաստանի կարգավիճակի քննարկման փաստը։ Ներկա պահին կազմակերպությունում նախագահում է Ինդոնեզիան։

«Ինդոնեզիային հասկացրել են, որ Ռուսաստանի ներկայությունը կայանալիք հանդիպումներին բավականին խնդրահարույց է եվրոպական երկրների համար»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ երկրի անդամակցությունը դադարեցնելու հստակ գործընթաց չկա։

Երեկ Լեհաստանը հայտարարել է, որ ամերիկյան առևտրային հարցերով զբաղվող պաշտոնյաներին առաջարկել է Ռուսաստանին փոխարինել G20-ում, և ստացել է «դրական պատասխան»։

ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ նախորդ շաբաթ «հաջողված հանդիպում» է տեղի ունեցել Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարար Պյոտր Նովակի և ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ, սակայն ընդգծել է․ «Նա (Ռայմոնդոն) ուրախ էր լսել Լեհաստանի կարծիքը մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ G20-ի աշխատանքի, սակայն ԱՄՆ կառավարության անունից դիրքորոշում չի հայտնել G20-ի վերաբերյալ նրա առաջարկի մասին»։

G7-ում Reuters-ի աղբյուրն ասել է, որ քիչ հավանական է, որ G20-ում նախագահող Ինդոնեզիան կամ դրա անդամներ Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Չինաստանը համաձայնեն կազմակերպությունից դուրս թողնել Ռուսաստանին։

G20-ի անդամ ասիական երկրներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ «Ռուսաստանին հնարավոր չէ զրկել G20-ի անդամակցությունից», եթե միայն Մոսկվան ինքն այդպիսի որոշում չկայացնի։ 

«G20-ին Ռուսաստանի անդամակցության կասեցման ընթացակարգեր պարզապես չկան»,- նշել է նա։

Ինդոնեզիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու կոչերը։

Երկրի կենտրոնական բանկի կառավարչի տեղակալ Դոդի Բուդի Վալույոն մարտի 21-ին հայտարարել է, որ Ինդոնեզիայի դիրքորոշումը միշտ չեզոք է եղել, սակայն նշել է, որ, հաշվի առնելով այս հարցում առկա տարաձայնությունները, G20-ում իր նախագահության շրջանակում կփորձի լուծել ցանկացած խնդիր։

Վալույոն հավելել է, որ Ռուսաստանը G20-ի հանդիպումներին ներկա լինելու «խիստ պարտավորություն» ունի, և կազմակերպության մյուս անդամները չեն կարող նրան արգելել մասնակցել դրանց։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել