Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, որոնք այնտեղ են ծնվել, իսկ մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի Կառավարության նիստի ժամանակ, հիշեցնելով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը, շեշտել էր, որ զոհված երեք զինվորականներն էլ ծնվել և ապրել են Լեռնային Ղարաբում։ «Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում Մյունխենում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին․ նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ Ադբեջանը պետք է ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկի վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր՝ նրանք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
11:58 - 11 մարտի, 2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,-  գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
22:04 - 10 մարտի, 2023
Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակում գրել է, թե «Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»: Այդ նամակով Բայրամովն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը: «Արտաքին գործերի նախարարը նամակում նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լաչինի ճանապարհին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաների համար և չի կարող ուժով սահմանափակել բողոք հայտնելու նրանց օրինական իրավունքը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: Միաժամանակ Բայրամովը գրել է, իր ներկայացմամբ, «Հայաստանի կողմից Լաչինի միջանցքը չարաշահելու դեպքերի մասին» և պնդել, թե Ադրբեջանը երաշխավորում է ճանապարհի անվտանգությունը: Բայրամովի պնդմամբ, ոչ կառավարությունը և ոչ էլ ցուցարարները չեն խոչընդոտում երթևեկությունը: Բայրամովը Գուտերեշին գրել է, որ ճանապարհով անարգել անցնում են Կարմիր խաչի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մեքենաները: Նա նաև գրել է, որ Ադրբեջանն առաջարկել է անցակետեր տեղադրել Լաչինի ճանապարհին, «և այն, որ հայկական կողմը դա մերժել է, վկայում է, որ Երևանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»: Հայաստան Արցախին կապող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Երևանի համար շարունակում է անընդունելի լինել։ «Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»,- «Ազատությանը» ավելի վաղ փոխանցել էր արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը մյունխենյան բանակցություններից հետո էր անցակետ դնելու գաղափարը հնչեցրել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան հայտարարել էր՝ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ: Միջանցքը փակ է արդեն երեք ամիս։
19:03 - 10 մարտի, 2023
Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել. ԱԽ քարտուղար
 |azatutyun.am|

Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել. ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», - ասաց նա: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. «Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ի՞նչ նկատի ուներ Ալիևը, որ ասում էր՝ կա միջազգային պայմանավորվածություն բանակցել Ղարաբաղի հայերի հետ: Արմեն Գրիգորյան. - Դեռևս սեպտեմբերին մենք Վաշինգտոնում հանդիպում ենք ունեցել Ջեք Սալիվանի և Հիքմեթ Հաջիևի հետ, և քննարկման թեմաներից մեկը եղել է հենց միջազգային մեխանիզմի ձևավորումը: Կարծում եմ՝ սա նկատի ուներ, որ միջազգային մեխանիզմի մասին երբ խոսում ենք, որի շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց այս քննարկումները վերջնագրերի մասին չեն, որովհետև Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից, այսինքն՝ փորձում է վերջնագրերով խոսել, շարունակում է տարբեր գործիքներով ճնշել Լեռնային Ղարաբաղին, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիան, ահաբեկչական գործողություններ իրականացնել, նկատի ունեմ մարտի 5-ին, նաև ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն էր չորեքշաբթի օրը հայտարարել՝ ահազանգում է, որ Ադրբեջանը պրովոկացիաների է նախապատրաստվում: «Ազատություն». - Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է: Արմեն Գրիգորյան. - Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն: «Ազատություն». - Երևանի դիրքորոշումն է, որ չպետք է քննարկվի: Արմեն Գրիգորյան. - Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում: «Ազատություն». - Ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա: Արմեն Գրիգորյան. - Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ: Ավելի մանրամասն՝  azatutyun.am-ում։
18:30 - 10 մարտի, 2023
Արցախի ՄԻՊ-ի հորդորը՝ Ադրբեջանի օմբուդսմենին

Արցախի ՄԻՊ-ի հորդորը՝ Ադրբեջանի օմբուդսմենին

Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  «Հետևելով ադրբեջանական կառավարական քարոզչամեքենայի տրամաբանությանը՝ Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր «զենքի, զինամթերքի և այլ զինտեխնիկայի, այդ թվում՝ ականների, վառելիքի և զորքերի տեղափոխման մասին»՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ Արցախյան կողմը ներկայացրել է բազմաթիվ հիմնավոր ապացույցներ Արցախի Հանրապետության ոստիկանական մեքենայի վրա ադրբեջանական 15 զինծառայողների կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ։ Մեքենան շարժվում էր դեպի նախատեսված հերթափոխի վայր, որտեղ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, չպետք է գտնվեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ։ «Զինամթերքի փոխադրման» փաստարկն Ադրբեջանի կառավարության կողմից պատրաստված ևս մեկ բացահայտ սուտ է, որն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ շարունակվող շրջափակումը և ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին ահաբեկչությունը քողարկելու համար։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։ Իրավապահ մարմինների և ուժային կառույցների գործունեությունն Արցախում միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին և միջազգային նորմերին, քանի որ հիմնված է միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ավելին, Ադրբեջանի բազմակի սադրանքները, որոնք հանգեցրել են այնպիսի ահաբեկչական գործողությունների, ինչպիսին է ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը, ևս մեկ անգամ վերահաստատում են Արցախի անվտանգության կարողությունների պահպանման և հետագա ամրապնդման խիստ անհրաժեշտությունը՝ Ադրբեջանից եկող էկզիստենցիալ սպառնալիքներին դիմակայելու և ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։ Ուղղակի անհեթեթ է, որ այն կողմը, որը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո համակարգված, միտումնավոր և հետևողականորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, հայկական կողմին հորդորում է հարգել այն։ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կոչ անելով` Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը բացահայտ խրախուսում իր երկրին անտեսել ստանձնած միջազգային պարտավորությունները և խախտել եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով սահմանվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»: Այս համատեքստում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը աչք է փակում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո եռակողմ հայտարարության խախտումների վրա, որոնք հանգեցրել են Խծաբերդի և Հին թաղերի, Քարագլխի և Փարուխի ռազմական ագրեսիային և օկուպացիային, 21 մարդու, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությանը, ադրբեջանական զինուժի կողմից արցախցիներին գերեվարելու դեպքերի և ավելի քան 100 սպանության փորձերի։ Պարադոքսալ է, բայց Ադրբեջանի իրավապաշտպան հաստատության ձայնը չլսվեց, երբ 2021 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում՝ սեփական նռան այգում, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվեց 55-ամյա Արամ Տեփնանցը, որը իր տրակտորով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Սաբինա Ալիևայի ձայնը չլսվեց նաև, երբ 2021 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը հարձակվեց Շուշիի տարածքում ջրատարի վերանորոգման աշխատանքներ կատարող մի խումբ քաղաքացիական անձանց վրա, ինչի հետևանքով գլխին ստացած կրակոցից զոհվել է 22-ամյա Մարտիկ Երեմյանը, իսկ երեք քաղաքացիական անձ՝ վիրավորել։ Ի վերջո, Սաբինա Ալիևան հրապարակայնորեն որևէ մտահոգություն չարտահայտեց, երբ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մոտ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս 65-ամյա Սեյրան Սարգսյանը գերեվարվեց և սպանվեց ադրբեջանական զինուժի կողմից։ Ինչպես ընդունված է ադրբեջանական կողմի համար, Սաբինա Ալիևան ոչ մի խոսք չի ասել 120,000 արցախցիների, այդ թվում՝ 30,000 երեխաների՝ երեք ամիս շարունակվող անօրինական շրջափակման մասին, որը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության և իրականացվում է այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնցից շատերն ապացուցված փաստերով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին ներկայացուցիչներ են։ Չնայած մի շարք միջազգային հեղինակավոր միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական դերակատարների՝ Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերին, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, իրեն «Մարդու իրավունքների հանձնակատար» անվանող անձը շարունակում է անամոթաբար և բացահայտորեն հերքել հումանիտար ճգնաժամի իրողությունը։ Արցախը «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանելով և չունենալով համարձակություն այն կոչել իր իրական անունով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն անտեսում է Լեռնային Ղարաբաղի բուն գոյությունը, որը ճանաչվել է անգամ համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Սաբինա Ալիևայի կողմից արցախահայության հիմնարար իրավունքների ժխտման այս միտումնավոր մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի՝ այսպես կոչված «վերաինտեգրումը» Ադրբեջանին ուղղակիորեն ճանապարհ կհարթի Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության համար։ Նման անհեթեթ ու քաղաքականացված հայտարարություններով Սաբինա Ալիևան վարկաբեկում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և դրա իրական նպատակը։ Անաչառ և արդար հաստատություն լինելու փոխարեն նա օգտագործում է իր մանդատն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի շահերին ծառայելու համար՝ դառնալով Ալիևի ավտորիտար ռեժիմի գործիքակազմի հերթական գործիքը։ Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատի ռեսուրսներն Արցախի մասին կեղծ տեղեկություններ տարածելու վրա վատնելու փոխարեն, հորդորում եմ Սաբինա Ալիևային խորապես ծանոթանալ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին և դրանց համատարած խախտումներին, ինչպես նաև զբաղվել այդ առնչությամբ Ադրբեջանին վերագրված ՄԻԵԴ և ԱՄԴ բազմաթիվ որոշումների և միջոցառումների պատշաճ կատարման հարցերով։ Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար»։
16:27 - 10 մարտի, 2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:    Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։    Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։   Իսկ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ «Մարզպետը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա Քվինն ասաց նաև, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։ Զրուցակիցները քննարկեցին նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում առաջ եկած սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։ Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու մարզի դիմակայունության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Լաչինի միջանցքը: Չնայած միջազգային հանրության կոչերին և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը: 
12:29 - 10 մարտի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգ կա, ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» զեկույցում
 |aravot.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգ կա, ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» զեկույցում |aravot.am|

aravot.am: Խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` գործադրել հաշվարկված ռազմական ուժ՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» կազմած ամենամյա «Տարեկան սպառնալիքների գնահատում 2023» զեկույցում:  «Սահմանազատված սահմանի երկայնքով խիստ մոտ տեղակայված ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»,- ասվում է զեկույցում: Նշվում է, որ 2021թ. մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով մոտ 300 զինվորականների մահվան: «Խաղաղության բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, բայց ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու է լուծվելուց»,-  նշվում է զեկույցում:
10:32 - 10 մարտի, 2023
«Մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության վերածվելու»․ Նեդ Փրայսը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

«Մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության վերածվելու»․ Նեդ Փրայսը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապություն է, քանի որ իրավիճակը շատ փխրուն է: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հրատապության մասին հարցին։  «Սրա հետ կապված միշտ հրատապություն է եղել, և հրատապություն է եղել, քանի որ փխրուն իրավիճակ է: Մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար ԱՄՆ-ն ցանկանում է անել ամեն ինչ»,- ասել է Փրայսը։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին: «Մենք պատրաստվում ենք շարունակել դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, աջակցելով նրանց՝ երկխոսության և դիվանագիտության սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք վարեն դիվանագիտությունը և հասնեն համաձայնությունների»։
09:36 - 10 մարտի, 2023
Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, թուրք գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին

Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, թուրք գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, թուրք գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին։ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն։  Հասանովը հյուրին տեղեկացրել է ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին․  «Ներկայացվել է ազատագրված տարածքներում, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան պայմանական պետական սահմանում և Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում առկա իրավիճակը», - նշված է երկրի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին՝ պաշտպանության նախարարը կարևորել է փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացումը։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան թուրք պաշտոնյան հանգստություն է մաղթել մարտի 5-ի առավոտյան «ապօրինի հայկական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով նահատակված ադրբեջանական բանակի զինծառայողների հոգիներին» և խորին ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին։ Վերջում հանգամանալից մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
16:38 - 09 մարտի, 2023
Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Տոյվո Կլաար

Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել գնալ երկխոսության։ «Մեծապես անհանգստացած եմ վերջին մահացու բախումների և կրակոցների մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու դիմացկուն, արդար խաղաղության համար»,- թվիթերյան իր էջում գրել է Կլաարը։  Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։  Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
16:23 - 09 մարտի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև
 |hetq.am|

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ APA գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ այդ երկրի առաջնորդը հանդես է եկել Բաքվի 10-րդ գլոբալ համաժողովում։  «Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման մասով, փաստացի ցույց է տալիս, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Ալիևը։ Անդրադառնալով Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքին՝ Ալիևը պնդել է, թե, իբր, «Ադրբեջանը փորձել է Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։ «Հակամարտությունները կարելի է լուծել երկու ճանապարհով՝ խաղաղ և ոչ խաղաղ։ Մենք շատ էինք ձգտում Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, չնայած նրան, որ Ադրբեջանում հայկական բռնազավթման հետևանքով առաջացել է հումանիտար ճգնաժամ»,- ասել է Ալիևը։ Նրա պնդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ արցախյան հակամարտությունը մեկընդմիշտ սառեցված մնա։ «1992 թվականին՝ հակամարտության մեկնարկից անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը։ Բայց, ցավոք, 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը չներկայացրեց, չհասավ որևէ արդյունքի։ Եվ բանակցային գործընթացի վերջում մեզ թվում էր, որ նրանք ուղղակի ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որ այդ հակամարտությունը սառեցվի մեկընդմիշտ։ Բայց մենք դրա հետ չհամաձայնեցինք։ Մենք արեցինք այն, ինչ ճիշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները։ Դա մեր օրինական իրավունքն էր»,- նշել է Ալիևը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ 44-օրյա պատերազմը սկսել է հենց ադրբեջանական կողմը՝ երկրի բարձր ղեկավարության հրամանով։ Ալիևի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո իրենք հանդես են եկել խաղաղության բանակցությունների մեկնարկի նախաձեռնությամբ և ներկայացրել հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող էին դառնալ, ըստ Ալիևի, Հայաստանի հետ խաղաղություն կնքելու հիմքը։ «Հուսանք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են նպաստել այս հարցին, Հայաստանին կհամոզեն բաց չթողնել այս շանսը»,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ «Հայաստանը կորցրել է իր շանսը՝ դառնալու անկախ երկիր»։ «Նրանք դարձել են ամբողջությամբ կախյալ, իր տեսակով մեկ այլ երկրի գաղութ, իսկ հիմա, միգուցե, և այլ երկրների։ Մեր դեմ ագրեսիայի պատճառով նրանք բաց են թողել իրենց շանսը՝ դառնալու անկախ և կառուցելու իրենց ապագան։ Հիմա նրանք շանս ունեն իրենց հարևանների համար դառնալու հարևան։ Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Մենք ևս մեկ պատերազմ չենք ցանկանում։ Եվ մենք կարծում ենք, որ կհասնենք խաղաղության»,- եզրափակել է Ալիևը։
14:20 - 09 մարտի, 2023