Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ կապված հարցեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելն է, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: ՌԴ նախագահը նշել է, որ երկարատև դիմակայությանն անհրաժեշտ է վերջ տալ:  «Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ: Այս հակամարտությունն արդեն ձգվում է տասնամյակներ, դրա համար անհրաժեշտ է ինչ-որ պահի դրան վերջ տալ: Համաձայն ե՞ք սրա հետ: Ես գիտեմ, որ Դուք դրա քաղաքական կամքն ունեք, և մենք մշտապես դա հաստատում ենք»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը: ՌԴ ղեկավարը նաև ընդգծել է սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում առանցքային հարցերում որոշակիություն մտցնելու կարևորությունը, ինչը կօգնի առաջ շարժվել:
16:28 - 31 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն. Աբդոլլահիանը՝ Բայրամովին
 |tert.am|

Ադրբեջանի անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն. Աբդոլլահիանը՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարարը մերժել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը, ինչը, ըստ նրա, ավելի կբարդացնի տարածաշրջանային իրավիճակը, գրում է Tasnim-ը:Կիրակի կայացած հեռախոսազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։Իրանցի դիվանագետն ընդգծել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հավելելով. «Մենք կարծում ենք, որ օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է իրավիճակը, և մենք դեմ ենք նրանց ներկայությանը: Մենք դա համարում ենք տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության դեմ»։«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է Կովկասում վեճերի ճիշտ լուծմանը «3+3» ձևաչափով (Հայաստանի, Ադրբեջան, Վրաստանի - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով և միշտ կշարունակի ջանքեր գործադրել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները»,- հայտարարել է նա։Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև հավելել է. «Մենք տարածաշրջանի անվտանգությունը դիտարկում ենք որպես փոխկապակցված խնդիր, իսկ Ադրբեջանի Հանրապետության անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն»։Բայրամովը, իր հերթին, բարձր է գնահատել Թեհրանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերում։Բայրամովը ևս դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը և ընդգծել տարածաշրջանային համագործակցության շարունակումը, այդ թվում՝ «3+3» հանդիպումների ձևաչափով, որպեսզի դա օգնի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգություն:
11:30 - 31 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Ըստ հաղորդագրության՝ տեղի կունենա նախագահ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև՝ եռակողմ հանդիպումը։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ 
11:20 - 31 հոկտեմբերի, 2022
Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

factor.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Խնդիրները դեռ շատ են։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով», – ասել է Ռուդենկոն լրագրողներին։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 31-ին, վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կկայանա Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
21:36 - 30 հոկտեմբերի, 2022
Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախի աջակցության ի՛ր հավաքը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախի աջակցության ի՛ր հավաքը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին տարածել է իր հերթական հոդվածը Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլի մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հինգշաբթի արած մեկնաբանություններում կար երկու հստակ ուղերձ և մեկ առաջարկություն։ Առաջինը՝ այն վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը, Ռուսաստանի մեղքը չէ, այլ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների։ Երկրորդը՝ այն վիճակը, որում դեռ կարող է հայտնվել հայ ժողովուրդը, կախված է արդեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլ շատ բանով նաև հայ ժողովրդից։ Իսկ նրա առաջարկն այն էր, որ սեղանի վրա կա Ռուսաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, որն ի տարբերություն ԱՄՆ-ի նախագծի՝ առավել նպաստավոր է Հայաստանի համար։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի առաջարկության էությունն այն է, որ երկու կողմերը, ճանաչելով միմյանց տարածաքային ամբողջականությունը, արձանագրում են, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարց, ինչի շուրջ շարունակելու են բանակցությունները՝ հասնելու ընդունելի լուծման։ Ակնհայտ է, որ մենք մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ։ Այստեղ բախվելու են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը, այլև Ռուսաստանի և Արևմուտքի։ Երկու կողմերի ներգրավվածությունը պետք է դիտարկել նաև այդ տեսանկյունից։ Անցել են Մինսկի խմբի միասնական գործունեության օրերը։ Հաջող և արդյուանվետ որևէ բանակցություն վարելու համար անհրաժեշտ է ապահովել երեք նախապայման․ – Նպաստավոր պայմանների ստեղծում (set-up)․ սա ենթադրում է ազգային միասնություն, բանակի մարտունակություն, դիվանագիտական հնարավորությունների մոբիլիզացում, դաշնակիցների աջակցություն և սփյուռքյան միահամուռ ճակատի առկայություն։ – Գործարքի նախագիծ (deal design)․ սա ենթադրում է, որ հայկական կողմը հասկանա իր խնդիրները և հստակ ձևակերպի իր պահանջները։ – Բանակցային տակտիկա (negotiating tactics)․ այստեղ գլխավորն այն է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Դժբախտաբար, նշված պայմաններից և ոչ մեկը բավարարված չէ։ Դրանք պարզապես գոյություն չունեն։ Հետևապես, շատ կարևոր է հոկտեմբերի 30-ին Արցախում անցկացվելիք հանրահավաքը։ Հուսով եմ, որ կհավաքվի հիսուն հազարից ավելի մարդ, և ելույթ ունեցողները չեն ծամծմի իրենց բառերը, և այդ օրն Արցախի ժողովուրդն աշխարհին միահամուռ ցույց կտա, որ աննկուն է և վճռականորեն բացառում է Ադրբեջանի կազմում իր գոյությունն ու հետամուտ է մինչև վերջ իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում։ Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի աջակցության ի՛ր հավաքը։ Այո՛, թեկուզ մեկ օրով, սակայն արժե, որ մենք վերապրենք 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի միասնության մթնոլորտը՝ ի ցույց դնելով հայ ժողովրդի միասնականությունը Արցախի ինքնորոշման հարցում։ Միգուցե այդ օրը մի կողմ դրվեն իշխանափոխության խնդիրը, «հինն ու նորը», «Արևելք, թե Արևմուտք»-ը, «ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ»-ն՝ կենտրոնանալով միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի վրա։Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ Բայց նաև, բարեբախտաբար, այդ երեսուն տարվա շրջապտույտը եղել է պարուրաձև, և այդ հարցում մենք այսօր գտնվում ենք որակապես այլ հարթության վրա։ Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ, իսկ միջազգային թատերաբերում՝ 1991-ից ի վեր ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր։ Անվիճելի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային իրավունքի բոլոր դրույթները բավարարող ինքնորոշման նախապայմանները Վերջապես, անհրաժեշտ է, որ ստեղծվի միջազգային մի մարմին՝ բաղկացած հայ և օտար դիվանագետներից և միջազգային իրավաբաններից, ազդեցիկ մարդկանցից, որը, հենվելով Արցախում ու Հայաստանում հայ ժողովրդի արտահայտած պահանջատիրությանը, հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու իրացմանը։ Պետք է նաև ի հայտ բերել այն մարդուն՝ հենց Արցախից, որը միջազգային ասպարեզում կլինի Արցախի ինքնորշման դեմքը, ինչպես Արևելյան Թիմորում եղել է Հոսե Ռամոս-Հորտան, իսկ Կոսովոյում՝ Իբրահիմ Ռուգովան։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքը լիներ Արցախի ինքնորշման առաջամարտիկը։ Այս առաջարկությունները ես անում եմ, որովհետև հույսս կորցրել եմ, որ Հայաստանի իշխանությունները երբևէ կարող են ուժ գտնել իրենց մեջ տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին ու իրավունքներին։
14:23 - 29 հոկտեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար. Փրայս
 |1lurer.am|

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար. Փրայս |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ մտադրությունների վերաբեյալ շարունակվում է ապատեղեկատվություն տարածվել, այդ թվում՝ Մոսկվայից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան տարբերակ։  «Հարավային Կովկասի երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է, չկա: 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը ճակատագրական իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը՝ անկախ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ համագործակցության միակ նպատակն այն է, որ վերջ տրվի բռնությանը, և երկու երկրները կանգնեն «ամուր և համապարփակ խաղաղության ճանապարհին»։ «Մենք խրախուսել և հստակ ասել ենք Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար։ Մենք իսկապես հավատում ենք խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու ուղղակի երկխոսության օգտակարությանը»,- ընդգծել է Փրայսը։ Նա հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը: «Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն այն բանի համար, որպեսզի նորից չկրկնեմ, որ այս երկու երկրներն են որոշելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին։ Կարծում եմ՝ աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է նրա հարևաններին և նրա շրջակայքին: Ռուսաստանի ներխուժումը Վրաստան 2008 թ. և շարունակվող դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի երկարաժամկետ գործընկեր լինի։ Մենք հավատում ենք, որ դա կտրուկ հակադրվում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի ժամանակ հայտարարել էր․ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»։   
13:19 - 29 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջարկված տարբերակները․ «Տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակը ինչ-որ ձևով ստատուս քվո արձանագրենք և լուծենք ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումը այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը․ կարող է հարց ծագել, բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ է չի համարում Ադրբեջանի մաս։ Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջագային հանրությունը, բոլորը պետությունները՝ առանց բացառության (այսօր չէ միայն, երեկ էլ, առավել ևս 2007 թվականից հետո, դրանից առաջ 1996թ․ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո) Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակը այլ է։  Մենք ասում ենք ՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց կա մի կարևոր հանգամանք․ նման կոնֆլիկտներում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության պայմանավորվածությունների շուրջ երաշխավորներ։ Դրանք կարող են լինել գերտերությունները․ ո՞վ է, որ մեզ օգնում է հասնել խաղաղության, և ո՞վ է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը» ,- ընդգծեց վարչապետը։ 
13:13 - 29 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։ Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն: Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։ Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։ Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար»,- գրել է Հարությունյանը։
10:50 - 29 հոկտեմբերի, 2022
Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ․ կան ադրբեջանական և ռուսական նախագծեր․Էդմոն  Մարուքյան

Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ․ կան ադրբեջանական և ռուսական նախագծեր․Էդմոն Մարուքյան

Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ ապագա հանդիպմանը կլինի քննարկում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ  հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Այն ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար»,- նշել է Մարուքյանը։
22:27 - 28 հոկտեմբերի, 2022
Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին
 |azatutyun.am|

Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը հայկական կողմին ներկայացված խաղաղության պայմանագրի տարրերին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բաքվի դիրքորոշման և առաջարկների մասին։ «Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի այն տարրերին, որոնք տրամադրվել են Հայաստանին Ժնևում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հետո», - ասվում է հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Դոնֆրիդն ընդգծել է «առաջնորդների և նախարարների հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղման կարևորությունը։  
17:53 - 28 հոկտեմբերի, 2022
ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

Ռուսաստանը անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  «Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Այսօր էլ մենք անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս էինք։ Մենք շատ կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս էլ բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին բարեկամ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- ասաց ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը։  «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- եզրափակեց ՌԴ նախագահը։
15:03 - 28 հոկտեմբերի, 2022