Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ  2022 թվականի  սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց  ձորի մարզերում քաղաքացիական  բնակչությունը և  կենսական  հանրային  ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները,  գտնվել են   ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով  երաշխավորված մի շարք  իրավունքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում  և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները: Հատուկ  պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի  իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո: Պաշտպանի աշխատակազմի  հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին:  Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը: Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը: Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնևի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով  կարևորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաև այն հետևանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար:  Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների  վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են: Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և  գործնական քայլեր ձեռնարկել  դրանց հրատապ վերացման ուղղությամբ»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից:
14:34 - 15 սեպտեմբերի, 2022
Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին. Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին. Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության ու գնդակոծության առնչությամբ: Արմեն Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ անում է միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ ճշմարտությունը և իրականությունը ներկայացնելու ուղղությամբ: «Մեր երկիրը հերթական անգամ բախվել է դաժան և բացահայտ ագրեսիայի: Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակները պարզ ու հասկանալի են, բայց դրանց հասնելու համար նա պետք է կարողանա մեզ ստիպել հանձնվել և դադարել հավատալ ինքներս մեզ: Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այս պահին բոլորս պետք է դրսևորենք մեր գլխավոր որակները՝ տոկունություն և հավատ սեփական ուժերի հանդեպ: Այսպիսի պահերին չկա ոչ մի «ես», կա միայն «մենք» որպես մի ամբողջություն՝ համախմբված մեկ միասնական նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր պետականությունը»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել ակտիվորեն աշխատել երկրի օտարերկրյա բարեկամների և դաշնակիցների հետ, միջազգային հանրությանը հասցնել տեղի ունեցողի ողջ էությունը և հետագա գործողությունների ռազմավարություն կառուցել: «30 տարի առաջ մենք կրկին գտնվում էինք նույնքան բարդ իրավիճակում, սակայն կարողացանք դրանից դուրս գալ արժանապատվորեն՝ դառնալով հաղթող: Վստահ եմ, որ եթե այսօր կարողանանք դրսևորել մեր բոլոր լավագույն որակները՝ միանշանակ կհաղթահարենք նաև այս ճգնաժամը»,-ասել է Սարգսյանը:
13:49 - 15 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը
 |civilnet.am|

ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով բողոքի ակցիա իրականացնող, իր խոսքերով՝ «առողջ երիտասարդներին», հայտարարել է, թե վերջիններս ութ ժամ ունեն իրերը հավաքելու և առաջնագիծ մեկնելու համար, քանի որ «առավոտյան ժամը 09։00-ից զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից»։ Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն էլ, ըստ նրա, խոսել է զինկոմի հետ և այս «ոգով, ուժեղ երիտասարդները վաղը առավոտվանից կստանան իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։ ՍիվիլՆեթը հարց ուղղեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին՝ արդյոք կա՞ որոշում երեկ ԱԺ կամ կառավարության դիմաց հանրահավաք իրականացնող տղամարդկանց առաջնագիծ ուղարկելու։ Պաշտպանական գերատեսչությունից արձագանքեցին, որ ոչ։ «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու դեպքում, ինչպես նաև վարժական հավաքներ անցկացնելու մասին՝ կառավարության առանձին որոշումներով։ Այս պահին նման որոշում չկա»,- ասաց Արամ Թորոսյանը։ Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե «զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց ետևից», մամուլի քարտուղարը հրաժարվեց գնահատական տալ այդ խոսքերին։ «Զինված ուժերը զբաղված է մարտական խնդիրների և ՀՀ պետական սահմանների և ինքնիշխան տարածքի պաշտպանությամբ։ ՊՆ-ն քաղաքական հայտարարություններին մեկանբանություններ տալ չի պատրաստվում»,- արձագանքեց նա։
13:45 - 15 սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք է  |news.am|

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հավաք է |news.am|

news.am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։ «Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց հավաքի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ–ում արված հայտարարությունը՝ հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու մասին։ «Այդ ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանի ու Արցախի հանրության կողմից, Փաշինյանը երկու ժամ հետո հետ կանգնեց իր խոսքերից, իսկ իր թիմակիցներն էլ սկսեցին քլնգել պայքարի դուրս եկած մարդկանց, որ իբր դավադիր ուժեր են, ինչը ծիծաղելի է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին այդ խաղերին չտրվել, մենք դա չենք հանդուրժելու»,– հայտարարեց Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ Քաղաքացիները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և որ պատգամավորները իմպիչմենտ հայտնեն ՀՀ վարչապետին։ Երեկոյան ՔՊ պատգամավորները հերքում էին տարածվող լուրերը, թե որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, այնուհետև ինքը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց իր ելույթը՝ կոչ անելով մանիպուլյացիաների չտրվելու․ «Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»։ Ընդդիմությունը, որի պատգամավորները ևս միացել էին ցուցարարներին, հայտարարեց, որ պետք է ևս 18 ստորագրություն՝ իմպիչմենտ հայտնելու համար։ Իսկ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը այսօր հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին։   
13:29 - 15 սեպտեմբերի, 2022
Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղությամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան և Սենատի ութ անդամների կողմից հասցեական դատապարտող հայտարարությունները, Ալիևին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կոչը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի  կողմից Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: Սեպտեմբերի 13-ին տարածված հայտարարությամբ՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դավիդ Վալադաոն և Ադամ Շիֆը մասնավորապես ընդգծել են․ «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունները Հայաստանի հարավում։ Նախագահ Ալիևը դեռևս շարունակում է նույն մահացու հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իր շարունակական թշնամանքի համար և փորձելով ստիպել Հայաստանին ենթարկվել կապիտուլյացիայի և ընդունել անհիմն տարածքային պահանջներ: Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած մնան և կեղծ հավասարություն դնեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան, և վերջապես Ալիևին, իր ապակայունացնող գործողությունների համար, ենթարկել պատասխանատվության»:  Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահների հայտարարությունից կարճ ժամանակ անց, Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով դադարեցնել ամերիկյան օժանդակությունն Ադրբեջանին ու դատապարտել Ալիևի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն այս առիթով նկատել է․ «Մենք շնորհակալ ենք կոնգրեսմեն Շիֆին և Կոնգրեսի հայկական հարցերով խմբին իրենց առաջնորդության համար և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն համաձայնել են աջակցել այս երկկուսակցական բանաձևին։ Մենք աշխատում ենք, որ այս բանաձևը ժամանակին ընդունվի և, որպես ամենահրատապ օրենսդրական առաջնահերթություն, անհապաղ դադարեցվի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը»: Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահները, համատեղ անդրադառնալով ներկայացված բանաձևին, նշել են․ «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանական այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան համարձակ է դարձել Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան ուղեկցվում է միջազգային հանրության խուլ լռությամբ և կեղծ ու անհասկանալի փաստարկներով՝ Ադրբեջանին քաջալերելով շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին  կոչ ենք անում միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն նրանց տարածքային ամբողջականության, խաղաղության և ազատության իրավունքի»: Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևում մասնավորապես ասվում է․ •   Դատապարտում ենք Ադրբեջանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա կատարած ռազմական հարձակման համար և անհապաղ ու անվերապահ հրադադարի կոչ անում, •  Կոչ ենք անում նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների, և Ալիևի վարչակազմի համար պարզ դարձնել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ գործողությունների։ •  Վերահաստատում ենք Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա վճռական հակազդեցությանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների դեմ։ •  Աջակցում ենք ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի արդյունքում նախաձեռնել է նաև համագաղութային չորս ուղղություններով արշավ՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել ամերիկյան ցանկացած տեսակի օժանդակությունն Ադրբեջանին, օրենսդրորորեն սահմանափակել Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և վերականգնել «907-րդ հոդվածի» պահանջների կատարումը։
13:12 - 15 սեպտեմբերի, 2022
Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի  Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վաղը [Պուտինը] հանդիպում կունենա նախագահ Ալիևի հետ: Իհարկե, [Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի թեման] նույնպես կլինի օրակարգի առաջին տեղում», - ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինն ու Ալիևը հանդիպում կունենան Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Սամարղանդում սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Պեսկովը հիշեցրել է, որ այս շաբաթ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  «Նախորդ օրը նախագահի և վարչապետ Փաշինյանի միջև զրույց է եղել, բավականին երկար»,- հայտարարեց Կրեմլի խոսնակը։
12:55 - 15 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը: Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին և արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:
12:54 - 15 սեպտեմբերի, 2022
Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար
 |hetq.am|

Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար |hetq.am|

hetq.am: Եվրախորհրդարանի երեկվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերմանացի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրոպական միությանը Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիեւի հետ համագործակցության համար։ Իր խոսքը մասնավորապես ուղղելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ նախկինում լրագրող, Die PARTEI կուսակցության հիմնադիր Զոննեբորնն ասել է. «Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիեւին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիեւը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։ Մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի ազատության եւ քաղաքացիական ազատությունների առումով»։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւն առաջամարտիկ է միայն Քրիստոնեա-դեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելու գործում (որի անդամ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը-խմբ.)։ «Երբ դուք սկսեցիք ձեր ծառայությունն այստեղ, ես մտածում էի, որ դուք պարզապես ոչ կոմպետենտ եք եւ մի քիչ հանցագործ, հիմա գիտեմ, որ դուք զուրկ եք բարոյականությունից։ Ես չգիտեմ՝ այլեւս ինչ ասել Եվրամիության վիճակի մասին, միայն մի բան՝ մենք չպետք է թողնենք ԵՄ-ն լեյեններին»,- ելույթն ավարտեց Սոննեբորնը։
12:45 - 15 սեպտեմբերի, 2022
Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել

Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին․ «Հարգելի՛ հայրենակից, Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում: Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը:Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային Ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը: Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններով` տալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները.  Գործողությունների խումբ 1. Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը: Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում` նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ: Գործողությունների խումբ 2.  Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային Ժողով և միանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել: Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողությունները իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականին: Գործողությունների խումբ 3. Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավոր` անցումային կառավարության ղեկավարը` վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն: Միաժամանակ, հայտարարում ենք, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը: Վերջապես, խոսքն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզ` ժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգը սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը` հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի:  Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը: Հայտարարությունը բաց է միանալու համար»:
12:39 - 15 սեպտեմբերի, 2022
Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա. hույս ունենք` հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ
 |tert.am|

Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա. hույս ունենք` հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ |tert.am|

tert.am: ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք դեռ չկա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա։ Հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան:Սիդորովի խոսքով՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։Նախօրեին  ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
12:18 - 15 սեպտեմբերի, 2022
Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոմական այցով ժամանել Գերմանիա։ Վերջինս և կանցլեր Շոլցը հանդիպում են ունեցել, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ «Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հարցին՝ Շոլցը հակամարտությունն անվանել է «անիմաստ» և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով»,- փոխանցում է  Deutsche Welle-ն։ Նշենք, սակայն, որ այս անգամ ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ թե Արցախի Հանրապետությունում, այլ ՀՀ ինքիշխան տարածում։ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով և հայկական տարածքներ օկուպացնելով։ Հակառակորդի թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
12:00 - 15 սեպտեմբերի, 2022
 Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից, փոխանցում է haqqin.az-ը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «զրույցի ընթացքում Հասանովը թուրք նախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական պետական   սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին և նշել, որ հայկական զինված ուժերի բոլոր սադրանքները վճռականորեն ճնշվել են»։ «Իր հերթին Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը մշտապես բարոյական աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական բանակին։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական պետական   սահմանին տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
11:54 - 15 սեպտեմբերի, 2022
Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի
 |tert.am|

Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում Վրաստանում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Regnum-ը։«Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, և մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին», - ասել է Ղարիբաշվիլին։ Նա նշեցլ է, որ Վրաստանը նախկինում հանդես է եկել որպես միջնորդ, երբ Ադրբեջանը 15 հայ ռազմագերիների ազատ արձակեց՝ Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Վարչապետն ասել է, որ հույս ունի, որ հակամարտությունը շուտափույթ կարգավորվի։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:  
11:36 - 15 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ


 |armenpress.am|

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների առնչությամբ։ Մենք այս շարունակական հարձակումներին ականատես ենք լինում երկրորդ օրը շարունակ։ Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ»,- նշել է Փրայսը։ Նա հիշեցրել է, որ ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Նա մեր խորը մտահոգությունն է հայտնել սահմանին իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ թվում և Հայաստանի ներսում հրետակոծությունների մասին տեղեկությունների առնչությամբ։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կանգնեցնել զինված ուժերի գործողությունները և հետ քաշել ուժերը սահմանից, ինչպես նաև դադարեցնել որևէ տեսակի ռազմական գործողություն, որը կարող է վտանգել քաղաքացիական անձանց կյանքը, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր կարևոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ։ Մենք թե՛ այս համատեքստում, թե՛ դրանից առաջ, երկու առաջնորդներին բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ այս խնդիրը չի կարող ռազմական կարգավորում ունենալ։ Եվ մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից ու ներգրավվել երկխոսության ու դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Փրայսը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը շարունակում է լինել Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ անելու հնարավոր ամեն բան՝ առաջ մղելու Հարավային Կովկասի խաղաղ և բարեկեցիկ ապագան»,- հայտարարել է պետդեպի խոսնակը։ Հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը բանակցություններ ունեցե՞լ է թուրք գործընկերների հետ՝ հաշվի առնելով Թուրքիայի դերն ու աջակցությունը Ադրբեջանին, Փրայսն ասել է․ Պետքարտուղար Բլինքենը, դեսպան Ռիքերը, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը և նրա բյուրոյի անդամները մի շարք զրույցներ են ունեցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև շահագրգիռ այլ կողմերի ու գործընկերների հետ։ Չունեմ հավելյալ տեղեկություն մանրամասնելու այդ բոլոր ներգրավվածությունները, բայց ինչպես ես երեկ ասացի, մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմ, բազմակողմ հիմքերի վրա, որպեսզի այդ ռազմական գործողությունները ավարտվեն, և լարվածությունը թուլանա»։
09:56 - 15 սեպտեմբերի, 2022