ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։ Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Այսպես, հոկտեմբերին նա բաց է թողել Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովը, նշում է բելառուսական լրատվամիջոցը։ «Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված էր Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահին, օրինակ, նույնպես՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նա ընդունել է հրավերը»,- նշել է Նատալյա Էյսմոնտը։ «Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային», - ավելացրել է նա:      
09:32 - 15 նոյեմբերի, 2023
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

news.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հեռուտաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: «Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո, երբ [ՀԱՊԿ-ում] ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, և այդտեղից սկսած՝ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում»,- ասել է նա: Հարցին, թե նիտերին չմասնակցելով՝ մենք ստանո՞ւմ ենք այդ հարցերի պատասխանները, Գրիգորյանը պատասխանել է, որ նիստերին մասնակցելով՝ միանշանակ, չենք ունենում պատասխաններ։ ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի կոչել, սակայն նորից է նշել, որ հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ: Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա: «Մենք ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի պատասխաններին, որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է նա:
23:21 - 14 նոյեմբերի, 2023
Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը
 |tert.am|

Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասաց, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։ Այս մասին փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»: «Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել, հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումերը իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները, բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումներ հստակեցնելու շատ լավ առիթ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընկալում Փաշինյանի որոշումը և ինչպես են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
13:48 - 14 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների հետ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացմանը՝ ահաբեկչության, թմրանյութերի տարածման, անդրսահմանային հանցավորության, անօրինական միգրացիայի հակազդման, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերով: Տասմագամբետովն ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման ուղղությամբ:
11:56 - 07 նոյեմբերի, 2023
Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի չեմ պատկերացնում. նախկին գլխավոր քարտուղար
 |armeniasputnik.am|

Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի չեմ պատկերացնում. նախկին գլխավոր քարտուղար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի կազմակերպությունից։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, նա այդ մասին ասել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Այդ պատճառով, իմ կարծիքով, սա ժամանակավոր երեւույթ է, բայց ամեն դեպքում Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ - ի հետ», - ասել է նա։ Բորդյուժան ընդգծել է, որ ինքն ընդհանրապես չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի։ «Պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ, և ոչ միայն տնտեսապես, չէ՞ որ Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում՝ մի քանի միլիոն», - ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը: Հիշեցնենք սեպտեմբերի 24–ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։
10:13 - 30 հոկտեմբերի, 2023
Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին
 |armeniasputnik.am|

Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը։ Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։   «Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ–ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա` նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,– ասել է Զախարովան։   Նրա խոսքով` հայկական ներկայիս իրականությունում նմանատիպ սադրանքները, ցավոք, աշխատում են։   «Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,– ընդգծեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։   Նրա խոսքով` հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։   Ըստ Զախարովայի` 1990-ականներից սկսած` Հայաստանում ՌԴ զինծառայողների և սահմանապահների ներկայությունը մշտապես պահանջված է եղել` հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա բարդ իրավիճակը և Երևանի` հարևանների հետ հարաբերությունների չկարգավորված լինելը։   Նա ընդգծեց, որ ՀՀ–ում առկա 102-րդ ռուսական ռազմաբազան պարբերաբար վարժանքներ է անցկացնում սեփական մարտունակությունը և հայ գործընկերների հետ ներդաշնակությունը բարձրացնելու համար։   «Մեր սահմանապահները հակազդում են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կասեցնում մաքսանենգությունը հայ–իրանական սահմանին։ 2020 թ. դեկտեմբերից մշտադիտարկում են իրականացնում հայ–ադրբեջանական սահմանագծում։ Բոլոր միջոցառումներն անցկացվում են հայկական կողմի հետ համատեղ` հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»,– նշեց Զախարովան:   Ինչ վերաբերում է ԼՂ–ում խաղաղապահներին, Զախարովան այն կարծիքին է, որ եթե իրենք չլինեին, ապա իրավիճակը կարող էր զարգանալ 2020 թվականի աշնանից ավելի դրամատիկ սցենարով, հատկապես ՀՀ իշխանության կողմից հանրային կերպով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։   Զախարովան նաև անդրադարձավ ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այն ցուցադրվել է, օրինակ, Ղազախստանում 2022 թվականի հունվարին։   «Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ Դրա փոխարեն, սակայն, Հայաստանի ղեկավարությունը նախընտրել է հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի անվան տակ զբաղվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով ու հաշվետվություն է մշակում բացառապես Բրյուսելի համար»,- ասաց Զախարովան։   Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:25 - 26 հոկտեմբերի, 2023
Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել, ինչը հիասթափեցնող է. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|

Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել, ինչը հիասթափեցնող է. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ-ի պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես`  ՌԴ-ն, ինչ պետք է անեին այլ կերպ, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանն արևմտյան դաշնակիցներից:  The Wall Street Journal-ի հետ զրույցում, այս հարցին անդրադառնալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսել ենք, այն մասին, որ 2021 թ. նոյեմբերին, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ նկատմամբ և տարածքներ է օկուպացրել, Հավաքական անվտանգության պայմանագրում և ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում. նկարագրվածը տեղի չի ունեցել, բնականաբար, դա հիասթափեցնող է թե ՀՀ կառավարության, թե հայ հանրության համար: Նաև ՌԴ հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, դրանում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և կառավարության, և հանրության շրջանում: Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, անկեղծ կլինեմ` ահա այս իրադրությունները մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և մենք հիմա փորձում ենք դա անել»: Հարցին` Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը առավելությո՞ւն, թե՞խոչընդոտող հանգամանք է, Փաշինյանը պատասխանեց. «Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել»: Ճշտող հարցին` արդյո՞ք սա նշանակում է, որ պլանավորում է  ՌԴ-ից պահանջել հանել ռազմաբազաները ՀՀ-ից, վարչապետն արձագանքեց. «Մենք նման հարց չենք քննարկել, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ`  ի՞նչն է նման իրադրության պատճառը, սա նաև ՀՀ և ՌԴ, ՀՀ և ՀԱՊԿ միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:
22:50 - 25 հոկտեմբերի, 2023
Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի պաշտպանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, կապված է ՀԱՊԿ գործիքների «անբավարարությամբ» և հայ-ռուսական գործընկերությամբ՝ ապահովելու երկրի [Հայաստանի] անվտանգությունը։ Դա այդպես չէ։ Եվ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
16:14 - 03 հոկտեմբերի, 2023
Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարությունից պահանջում են սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց

Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարությունից պահանջում են սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց

Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել իրենց ձևակերպմամբ «Ռուսաստանի Դաշնության թշնամական քայլերի կապակցությամբ»․ «2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը: 2023 թ. սեպտեմբերի 19-ից լայնամասշտաբ ռազմական գործողություններով սկսված Արցախի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հայաթափման ծրագիրը վերահաստատեց, որ Կրեմլը սպասարկում է Ադրբեջանի շահերը: 2023 թ․ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն վիճակի պատասխանատվությունը դրեց Հայաստանի իշխանությունների վրա՝  «Արևմուտքին» միջնորդական ջանքերում ներգրավելու պատճառաբանությամբ։ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մինչ այդ արդեն ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կրեմլից ուղղակի կախվածության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խոսույթի տրամաբանական շարունակությունը դարձավ: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողություններին:  Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որը պայմանավորված է մեր երկրի՝ իր բոլոր խնդիրներով և դժվարություններով հանդերձ ժողովրդավարական զարգացման հանձնառությամբ: Պետական մակարդակով մարդու իրավունքների արժեքները համակարգված ու շարունակական կերպով խախտող Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմը ակնհայտորեն նպատակ է հետապնդում իր գործողություններով և Հայաստանում գտնվող իր համակիրների և այլ միջոցների օգնությամբ նվազեցնել ՀՀ ինքնիշխանության աստիճանը և անկախության մակարդակը, հնարավորության դեպքում դարձնել իր նման բռնապետական երկիր՝ մեծացնելով իրենից Հայաստանի կախվածության մակարդակը Մենք հաստատակամորեն պնդում ենք, որ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ազատ, թափանցիկ ու արդար ընտրություններով:  Կտրականապես մերժում ենք որևէ այլ, առավել ևս, օտարերկրյա կամ բռնի միջամտությամբ իշխանությունների ձևավորումն ու պետության հերթական զավթումը և դատապարտում ենք նման փորձերը Ռուսաստանի Դաշնության, հեղաշրջման կոչեր անող հայաստանյան գործակալների կամ բռնապետության այլ սիրահարների կողմից:  Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդավարության նկատմամբ՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.   Իրենց լիազորությունների շրջանակում վճռականորեն խափանել ներքաղաքական գործընթացներում օտարերկրյա միջամտության բոլոր փորձերը, Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը ապահովող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակում իրականացնող օպերատորներին պարտադրել՝ իրենց ցանցերից անջատել ռուսաստանյան բոլոր այն հեռուստաալիքները, որոնք հակահայաստանյան, հակահայկական բացահայտ կամ քողարկված պրոպագանդա են սփռում, հաղորդում են ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը վարկաբեկող, նվաստացնող արտադրանք, Սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց, դրանով  իսկ վերացնել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման այս լրջագույն խոչընդոտը, «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին բոլոր սահմանապահ գործառույթները փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, ինչպես նախատեսված է 1992 թվականի հայ-ռուսական համապատասխան պայմանագրով: Սկսել Հայաստանում ռուսաստանյան (102-րդ) ռազմակայանի գտնվելու հետ կապված բոլոր պայմանագրերի գործունեության դադարեցման և մեր երկրից ՌԴ զինված ուժերի ամբողջական դուրսբերման պաշտոնական գործընթացը»։   «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ «Ռեստարտ Գյումրի երիտասարդական քաղաքացիական կետնրոն» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
14:59 - 29 սեպտեմբերի, 2023
Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում
 |armenpress.am|

Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 27-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալ Թասմագամբետովի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանգ Մինգի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի միջև Պեկինում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։  Այս մասին տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում եվրասիական առաջատար տարածաշրջանային երեք կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաները կիսվել են իրենց պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներով։  «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը, ինչպես նաև երեք կազմակերպությունների տեղեկատվական և կանխատեսող կառույցների միջև առավել ակտիվ փոխգործակցության զարգացմանը»,-նշված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
21:48 - 27 սեպտեմբերի, 2023
Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, «թե ինչ ապակառուցողական ֆանատիզմով են ամերիկացիներվերաբերվում Երևանին»։ «Հանրապետություն է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ։ Պետքարտուղարի տեղակալ Քիմը, որը վերջին լսումների ժամանակ խոստովանել է, որ իրենք զբաղվում են Ռուսաստանի հետ դանշակից կամ համագործակցող երկրներին վերակողմնորոշելով»,- ասել է Զախարովան։
16:19 - 27 սեպտեմբերի, 2023
Մենք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում էինք ակնկալում․ դա չեղավ․ Էդմոն Մարուքյան |news.am|

Մենք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում էինք ակնկալում․ դա չեղավ․ Էդմոն Մարուքյան |news.am|

news.am: Ադրբեջանական ագրեսիայից հետո, որի ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել, ժամանել է ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը։ Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական ​​և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում։ Դա չեղավ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանը մերժում հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը։ «Հիմա խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար, մեր խնդիրն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը։
11:37 - 17 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով
 |aravot.am|

Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով |aravot.am|

aravot.am: Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը որոշում կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, և ոչ թե ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կարվի Երևանի հետ երկխոսության միջոցով: «Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և հիմա ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, թերևս մեզ համար դա որոշում է, որը պահանջում է միանգամայն խորը վերլուծություն՝ հասկանալու համար՝ ինչու է Հայաստանը նման որոշում կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կիմաստավորի և կհասկանա»: «Բայց ամեն դեպքում այդ ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային շփման միջոցով»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ թեև «արևմտամետ վերլուծաբանները» խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, Մոսկվան այդ ուղղությամբ որևէ պաշտոնական ազդակ չի ստացել Հայաստանից: «Մենք բազմաթիվ դատողություններ են տեսել այդ թեմայով, այդ թվում, Հայաստանում գործող, այսպես ասենք, արևմտամետ տրամադրված վերլուծաբաններ բազմիցս նման դատողություններ են արել: Բայց այդ առումով մենք որևէ պաշտոնական ազդակ չենք ստացել»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե այդ երկրի տարածքը հարձակման ենթարկվի՝ Պեսկովը պատասխանել է. «Եթե խոսքը գնում է Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք՝ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ գծով: Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով, այնտեղ որոշ բաներ թեթևակի փոխվել են, դրա համար դա պետք է հստակեցնել: Դա եղել է Երևանի որոշումը»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը չունի մտավախություն՝ կորցնելու Հայաստանը որպես դաշնակից: Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ու Երևանը շարունակում են մնալ մոտ դաշնակիցներ: «Ոչ, մենք եղել ենք և հիմա էլ վստահ ենք, որ Հայաստանի հետ կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց դրանք լուծել պետք է երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերի տրամաբանությունը թելադրում է խորացնել մեր դաշնակցային և գործընկերային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:
15:36 - 11 սեպտեմբերի, 2023