Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

«Ես՝ Համլետ Լեւոնյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի հարցաքննությունը։ Հրամանատար Համլետ Լեւոնյանը առանցքային վկա է նույն կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ հենց Համլետ Լեւոնյանի ղեկավարած ստորաբաժանումն է, որը, ըստ մեղադրանքի, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է գրեթե մեկ տարի եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայանալով դատարանին՝ Համլետ Լեւոնյանը հայտնեց, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն, զինվորական ծառայություն մոտ 25 տարվա փորձ, Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ անձնական կամ թշնամական հարաբերություններ չունի։ Նա պատմեց, որ իր ղեկավարած ստորաբաժանման հետ անցել է պաշտպանության պատերազմի առաջին իսկ օրվանից։ Քանի որ այդ օրվա դրությամբ բանակային կորպուսի որոշ հրամանատարներ, այդ թվում՝ Հովիկ Գաբրիելյանը, «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել են Ռուսաստանում, Լեւոնյանի 2 ստորաբաժանումը տեղակայվել է բացակա անձնակազմի պաշտպանության ներքո գտնվող հատվածներում՝ առաջնագծում, իսկ իր ստորաբաժանումը, որպես համազորային ռեզերվ, խնդիր է ստացել հարձակման դեպքում տեղակայվել Ջրականի «Պապին» կոչվող հատվածում՝ երկրորդ էշելոնում։։ Լեւոնյանը մանրամասնեց իրադարձությունները՝ սկսած հոկտեմբերի 4-ից՝ նշելով, որ այն կարեւոր օր էր իրենց գումարտակի համար․ առաջին անգամ հակառակորդի հետ մտել էին անմիջական մարտի մեջ։ Հոկտեմբերի 4-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածը նա բաժանեց 3 հիմնական մասերի՝ 4-ի կեսօրի գրոհ, գիշերվա գրոհ եւ 5-ի լուսաբացի գրոհ։ Հոկտեմբերի 4-ի կեսօրի գրոհը Հոկտեմբերի 4-ին վերադաս հրամանատարության ցուցումով Լեւոնյանի ղեկավարած անձնակազմը զբաղեցրել է Ջրականի «վիշկա» կոչվող տարածքներից դեպի «միլիցու պոստ» կոչվող տարածքով մինչեւ Ջրականի մարտավարական դաշտի տարածքը։ Իրենից ձախ գտնվել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, նրանցից ձախ էլ՝ զրահատանկային գումարտակը՝ Հովիկ Գաբրիելյանի գլխավորությամբ․ «Նախնական հետախուզական տվյալներով գիտեինք, որ տանկային ստորաբաժանումների կողմից լինելու է այդ ուղղությամբ հարձակում։ Վերադասավորվել ենք եւ պատրաստ սպասել՝ դիմավորելու հակառակորդին։ Հակառակորդն ունեցել է հետեւակ, տանկային ստորաբաժանումներ։ Մի քանի զրահատեխնիկայի կորուստ կրելով՝ նահանջել է, իսկ երեկոյան մութը ընկնելուն պես շարունակել հարձակողական գործողությունները։ Մարտը դադարել է, երբ հակառակորդի մի քանի տանկ խոցել ենք, մեծ կորուստներ հասցրել»,– պատմեց վկան՝ նշելով, որ ունեցել է 1 զոհ, որը եղել է վարորդ։ Հակառակորդի նահանջից հետո ենթադրել են, որ հաջորդ հարձակումը կլինի առավոտյան եւ սկսել են պատրաստվել դրան․ «Եղանակը սկսեց ամպել, անձրեւ, ամպրոպ, մառախուղ․․․ Առաջ քաշած այն հատվածներից, որտեղ զրահատեխնիկաները դարձել էին խոցելի, փորձեցինք հետ բերել, որպեսզի նախապատրաստվենք հաջորդ մարտին»,– ասաց նա։ – Ես ճի՞շտ հասկացա՝ ի սկզբանե այդ տեխնիկան չպետք է լիներ այդտեղ, սակայն Դուք որոշել եք մի փոքր առաջ կանգնեցնել, եւ երբ գրոհը ավարտվել է, հետ եք քաշել, թե՞ ի սկզբանե  է որոշված եղել, որ պետք է տեղակայվի այդ վայրում, եւ այդ դեպքում ինչո՞ւ եք հետ քաշել,– հարցրեց մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ – Ոչ, գումարտակի հրամանատարին տրված է եղել անցնել պաշտպանության «ա» կետից «բ» կետ, ես եմ, որպես հրամանատար, որոշում կայացնում, թե որ տանկը որտեղ կդնեմ, դա իմ խնդիրն է, դրանով կորպուսի ճակատը չի փոխվել, դա չի եղել կորպուսի ճակատ, այլ գումարտակին տրված հատված,– պարզաբանեց վկա Լեւոնյանը։ Գիշերվա գրոհը Լեւոնյանի ստորաբաժանումից դեպի աջ՝ մոտ 2 կմ հեռավորության վրա, տեղակայված են եղել յուրային հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Նրանց ուղղությամբ գիշերն է հարձակում եղել։ Ի վերջո, հակառակորդին հաջողվել է գրավել նրանց բարձունքը։ –Դա կոնկրետ Ձեր բնագծի հետ կապ ունեցե՞լ է,– հարցրեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ – Ոչ,– պատասխանեց Համլետ Լեւոնյանը։ – Այսինքն՝ եթե այդ բարձունքը վերցրել են, կարելի՞ է ասել, որ Ձեր բնագիծը ճեղքել են։ – Ոչ, որովհետեւ դա բնագծից այն կողմ է եղել։ Մեղադրողի այս հարցը պայմանավորված էր նրանով, որ ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ նահանջից առաջ՝ գիշերը, իրենց բնագծի ուղղությամբ գրոհ է եղել, եւ իրենք այլեւս ի վիճակի չեն եղել դիմակայելու։ Լեւոնյանը, սակայն, պնդեց՝ իրենք կապի խնդիր չեն ունեցել, վերադասության հետ կապը լսելի է եղել բոլոր հրամանատարներին, եւ եթե իրենց ձախ ուղղությամբ գրոհ լիներ, եւ դա զեկուցվեր կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին, իրենք միանշանական կիմանային այդ մասին․  «Չէր կարող մեկը սուսուփուս մարտ վարել, ասել՝ վարեցի, վերջացրի, ու դա այն դեպքում, երբ տարածքը մեծ է ու լռություն»,– ասաց նա։ Հետագայում պարզվել է, որ այդ գիշեր զոհվել են նաեւ Լեւոնյանի հրամանատարության ներքո, բայց այլ հատվածում գտնվող երկու ժամկետային զինծառայող՝ Վաղարշակ Բաղդասարյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Վաղարշակի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, հարցեր հղեց վկային․ Ձախից՝ Դավիթ Խաչատրյանի, Վաղարշակ Բաղդասարյանի հայրերը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Ինչքանով տեղեկացված եմ, իրենք հրամանատար չեն ունեցել, ճի՞շտ է։ – Հակատանկային դասակի հրամանատար, որպես այդպիսին, չի եղել, բայց երբ մարտի  մեջ են մտել, իրենք եղել են անձամբ իմ գլխավորությամբ։ – Վաղարշակենց անհետացման լուրը ե՞րբ եք ստացել։ – Գիշերը իրենց չենք տեսել, մարդ ենք ուղարկել․․․ Երբ լուսադեմին սկսել են մարտական գործողությունները, այդ ժամանակ չի ճշտվել որեւէ մեկի մասին, ոչ էլ իմացել ենք, որ զոհված են կամ էդտեղ են։ – Ի՞նչն էր պատճառը, որ մարմինները հնարավոր չէր հանել, անկեղծ պատասխանեք՝ հնարավո՞ր էր թե՞ չէ։ – Շատ լավ տեղեկացված եք․․․ Իմ բոլոր զինծառայողների մարմինները ես եմ հանել, որովհետեւ տեղում եմ եղել կամ պատմածներով իմացել եմ՝ որտեղ կլինեն։ Այդ ժամանակ հնարավոր չէր, որպես հրամանատար՝ ես չէի կարող կրակի տակ․․․ Եթե 1 զոհի փորձեի հանել, պիտի 4 կենդանի զինվոր ուղարկեի այդ կրակի տակ, ես այդ որոշումը չեմ ընդունել։ Լեւոնյանի խոսքով՝ որոնողական աշխատանքների ժամանակ է պարզվել, որ տղաները զոհվել են խրամատում՝ ինչ–որ բանի պայթյունից։ Դրա անունը վկան չկարողացավ նշել, ասաց՝ իրենց համար անծանոթ սարք էր։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խուճապ եղել է, վկան ասաց․ «Բոլորի մոտ այն տպավորությունն էր, որ Լեւոնյանի զորքը զորավարժություն է իրականացնում․․․ Կոնկրետ մի զինվորի մոտ է եղել, ինքն իր ոտքին է խփել, հիմա գործ կա հարուցված»։ Գաբրիելյանի մեղադրականի մեջ դեպքի հետ կապ չունեցող զոհերի անուններ կան Համլետ Լեւոնյանի պնդմամբ՝ Վաղարշակն ու Դավիթը զոհվել են հոկտեմբերի 4-ի գիշերը, ինչը, ըստ նրա, ոչ մի կապ չունի Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ․ «Ամսի 4–ի ոչ մի զոհ կամ վիրավոր չի կարող կապվել 2–րդ գումարտակի՝ ամսի 5–ի նահանջի հետ, դա հստակ կարող եմ ասել, որովհետեւ այդ օրը հարձակումը իմ վրա եղել է ճակատից, ինչ վիրավոր ունեցել ենք, ունեցել ենք ճակատային հատվածից, շրջանցում ես չեմ ունեցել․․․ Այ, ամսի 5–ի գործողությունների մասին կպատասխանեմ ուրիշ ձեւ»։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ուշադրություն հրավիրելով, որ Վաղարշակի եւ Դավիթի անունները ներառված են Գաբրիելյանի մեղադրական եզրակացության մեջ․ «Կողմերը տեղյակ են, որ մեղքի զգացումը, այդ ամենը շատ կարեւոր են մեզ համար, հատկապես՝ մեղադրյալի բարոյահոգեբանական վիճակի համար․․․ Մահվան ցուցակի մեջ գրված է, որ Վաղարշակը եւ Դավիթը զոհվել են ամսի 4–ին»,– ասաց նա՝ խնդրելով դատարին թույլատրել հրապարակել զոհված մյուս զինծառայողների անունները՝ նրանց մահվան փաստը Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ կապված լինել–չլինելու հարցը վկայից ճշտելու համար։  Ձախից՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Զինծառայողներից շատերին, որոնց անունները հրապարակվեցին, վկան չէր ճանաչում, նրանք Մեղրու՝ օգնության հասած զորքից էին, մյուս զինծառայողների  անունները լսելիս ասում էր՝ «իմն ա»՝ հստակ նշելով՝ ով որ օրն է զոհվել եւ որ հատվածում։ 25 զինծառայողի անունները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ նրանցից եւս մեկը՝ Հակոբ Գեւորգյանը, զոհվել է աջակողմյան հատվածում, այլ ոչ թե ձախակողմյան, որտեղից հակառակորդը ճեղքել էր բնագիծը Գաբրիելյանի նահանջից հետո։ Փաստացի, մեղադրական եզրակացության մեջ ներառվել են առնվազն 3 զինծառայողների անուններ, որոնց մահը, ըստ Համլետ Լեւոնյանի, կապ չունի Հովիկ Գաբրիելյանի հետ։ Հոկտեմբերի 5-ի լուսաբացի գրոհը Համլետ Լեւոնյանի խոսքով՝ հոկտեբերի 4-ին հակառակորդը չէր սպասում, որ իրենք այդքան միանգամից կդիմավորեին նրանց, ուստի դա մարտական հաջողություն էր, որից հետո  զորքի բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձր էր․ «Մի ողջ գիծ «Հայր մեր»–ն էր ասում մթին, անձրեւին, ու թեեւ բոլորս թրջված էինք, ջուր էինք, բայց դա էդքան մեզ վրա չէր ազդում»,– պատմեց նա։ Լուսաբացին արդեն, ինչպես եւ սպասում էին, հակառակորդը դարձյալ գրոհել է․ «Երբ խփել են  մեր տանկերին, մտել ենք մարտի մեջ․․․ Ընթացքում արդեն ձախ թեւից, որտեղ իմ տանկիստներն էին, զեկուցեցին, որ թիկունքից խփում են, շատ վիրավորներ կան, ասում եմ՝ չի կարող տենց բան լինել, որովհետեւ թիկունքից խփելու համար մեր ձախ թեւը պիտի անցնեին, ունեինք Ասատրյան Վահագի ստորաբաժանում, դրանից ձախ՝ Հովիկ Գաբրիելյանի․․․ Միանգամից անցնում ենք շրջանաձեւ պաշտպանության, ունենում եմ 8 զինվորի, 3 սպայի կորուստ եւ 40-ին մոտ վիրավոր։ Մինչեւ Մեղրու զորքն է գալիս օգնության՝ գնդապետ Արգամի գլխավորութամբ։ Եթե մի 20 րոպե հետո գային, գուցե արդեն ուշ լիներ, որովհետեւ իմ ստորաբաժանումը հիմնականում զրահատանկային էր, ու պատրաստված՝ տանկից ու ՀՄՄ–ից մարտ վարելու համար, բայց այդ ժամանակ արդեն հատուկ խմբեր թույլ չէին տալիս տանկից օգտվել»,– պատմեց Լեւոնյանը՝ նշելով, որ հետագայում է իմացել, որ Գաբրիելյանի անձնակազմը այդ ժամանակ տեղում չի եղել։ – Ումի՞ց եք տեղեկացել այդ մասին,– հարցրեց հանրային մեղադրողը։ – Ինչքան հիշում եմ՝ Հադրութի դատախազից, ու զարմանքս եղավ, որ․․․  Պարզվում է, որ Խնձորեսկի գումարտակը տեղում չի եղել, եղել է Հադրութում, այսինքն՝ գիշերվա ընթացքում դուրս է եկել Հադրութ։ – Հադրութը այդ պահի դրությամբ մտե՞լ է 1–ին բանակային կորպուսի պաշտպանության տարածքի մեջ։ – Ոչ, ոչ մի կապ չի ունեցել։ – Այդ դեպքում կարո՞ղ եք դատարանին հայտնել՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հադրութ։ – Հարցին, կարծում եմ, պարոն Գաբրիելյանը պիտի պատասխանի։ – Չէ, դուք պարզե՞լ եք ի վերջո։ – Հովիկ Գաբրիելյանի հետ առերեսման ժամանակ ենք այդ հարցը պարզել, հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին, հստակ չեմ հիշում արդեն։ – Լողանալու պատրվակը Ձեզ ճշմարտանմա՞ն է թվացել։ – Ինձ համար, որպես զինվորականի, դա պարզապես ծիծաղելի է։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը Համլետ Լեւոնյանը պնդեց, որ եթե նախապես իմանար Գաբրիելյանի զորքի նահանջի մասին, զորքը այնպես կվերադասավորեր, որ վտանգից հնարավորինս խուսափեին։ – Մինչեւ Հովիկ Գաբրիելյանենց դուրս գալը ռադիոկապով լսե՞լ եք, որ նա ժիրայր Պողոսյանից կամ նրա տեղակալ, շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանից օգնություն խնդրած լինի՝ մարդուժի, զինամթերքի, եւ մերժած լինի։ – Նման բան ես չեմ լսել, եւ հավելեմ, որ չեմ կարծում՝ մեկը վերադասին դիմեր խնդրով,, ասեին՝ չկա կամ չենք տալու։ Երբ ես պաշտպանություն էի իրականացնում բնագծում,  բոլոր տեղակալները միշտ եղել են մեզ հետ, անձամբ գեներալը ինձ հետ է եղել, հրետանու պետը եկել է, իրար հետ բարձրացել ենք վիշկա, իջել, նենց չի, որ հեռվից ղեկավարել են, ու դա կարող են փաստել հարյուրավոր մարդիկ։ Այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց նաեւ մեղադրյալի պաշտպանը․ –Լսե՞լ եք կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի խոսակցություն Հովիկ Գաբրիելյանի հետ։ – Չեմ կարող հիշել, որ ասեք՝ ինչպիսի խոսակցություն։ – Լսե՞լ եք, որ զեկուցի, ասի ուզում եմ դուրս գալ, ասեն՝ չէ, դուրս մի արի։ – Ոչ։ – Մեկ այլ կոնտեքստ՝ որ Հովիկը իր զորքին վերադասավորի, կորպուսի հրամանատարը կապնվի, ասի՝ ինչ ես անում, ասի զորքն եմ վերադասավորում։ – Չէ։  – Իսկ տեղյա՞կ եք, որ երբ դիրքերից հետ է քաշվել 1-2 կմ, կրկին կապնվել, ասել՝ էստեղ եմ, ի՞նչ անեմ։ – Չեմ լսել նման խոսակցություն։ – Իսկ հնարավո՞ր է, որ եղած լինի, սակայն լսած չլինեք կամ ուշադրություն դարձրած չլինեք։ – Երբ խնդիրը դրվում էր վերադասի կողմից, մենք ականջներս ութ արած լսում էինք, թե ինչ է եղել։ Սաղս իրար լսել ենք։ Եթե կապնված լինեն, ասեն՝ ինչ կա, ոնց ես, հա, դա չես ֆիքսում, բայց եթե խնդիր է, հարձակում է, արդեն ֆիքսում ես, ուղեղդ հիշում է։  Եթե խոսքը գնար զինվորի մասին, շարժ լիներ, ավտո պայթեր, մենք արթուն ենք եղել, ամեն ծպտուն որ լինում էր, հասկանում էինք, իսկ նմանատիպ հրավտանգ խոսակցություն, զեկույցներ չեն եղել։ – Չի՞ եղել դեպք, որ ռացիան տաք ուրիշին։ –Ոչ, չի եղել մի րոպե, որ ռացիան իմ վրայից բացակայի։ –24 ժամ հանգիստ չեք ունեցել։ – Ոչ։ Վկա Համլետ Լեւոնյանը Պաշտպանը խնդրեց նաեւ հայտնել իր կարծիքը Հովիկ Գաբրիելյանի՝ որպես հրամանատարի մասին․ «Պատերազմը ցույց տվեց՝ այն մարդիկ, որոնք խաղաղ պայմաններում լրիվ ուրիշ էին, պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ մարդ են դառնում․․․․Վախկոտ կամ ամաչկոտ զինվորը կարող է նենց բոյ տա, որ դու զարմանաս, միշտ լավ զգացած զինվորը փախնի, մտնի պատերի արանքը, նույն ձեւ էլ սպաները, դրա համար ես չեմ կարող ասել»։ Դատավորի ճշտող հարցին, թե Գաբրիելյանը կոնկրետ ինչպիսին է եղել, նա պատասխանեց․  «Ես իրեն անձամբ չեմ տեսել, կապով եմ լսել, դրա համար չեմ կարող ասել՝ վախեցած է վարել, թե ոնց, ինքը ինձնից լավ գիտի՝ ոնց է վարել մարտը»։ Պատասխանելով Խաչիկյանի հարցին՝ նա ասաց՝ տեղյակ եղել է, որ Հովիկ Գաբրիելյանի զրահատանկային գումարտակը, ի տարբերություն մյուս 2 գումարտակի, տանկեր չի ունեցել․ «Իմ հիշելով՝ երբ ՌԴ–ից եկել են, տանկերը կիրառման շրջան դեռ չէին բերվել, թե ինչու, չեմ կարող ասել»։ – Առանց տանկերի զրահատանկային գումարտակը, որպես այդպիսին, լիարժեք իր առջեւ դրած խնդիրները կարո՞ղ է իրականացնել,- հարցրեց պաշտպանը։ – Ի՞նչ խնդիր է դրված, ի՞նչ կազմ է, ի՞նչ գրոհ է եղել, պիտի իմանամ, որ պատասխանեմ։ –Դիցուք՝ ամսի 4–ին որ հարձակվեցին, եթե նույն քանակությամբ, նույն տեխնիկայով առավոտյան հարձակվեին, առանց ականանետային դասակի, առանց տանկերի  կարող էր պաշտպանություն իրականացրել։ Դատավորը հանեց հարցը՝ չթույլատրելով պատասխան դրան․ – Մի պատասխանեք, ենթադրական հարց Է՝ ենթադրական պատասխանով, այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Պաշտպանն էլ պարզաբանեց՝ Գաբրիելյանը մեղադրվում է նրա համար, որ զորքը հետ է քաշել, իսկ նա բազմաթիվ անգամ շեշտել է՝ իմ զորքը կզոհվեր՝ էդտեղ մնալով։ Հարցեր հղեց նաեւ մեղադրյալը Վկա Համլետ Լեւոնյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։ Վկան, մեղադրյալը, ուղեկցող ոստիկանը – Լսե՞լ եք, որ հոկտեմբերի 5-ի գիշերը՝ 3-ին մոտ, շտաբի պետին զեկուցել եմ, որ ունեցած միջոցներս, անձնակազմի վիճակը այդ պահի դրությամբ բավարար չէ, մարտ վարելու ի վիճակի չեմ։ – Չեմ լսել տենց բան։ – Եթե զապիսները կան, ֆիքսել են,  էլ ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ չեք տրամադրում կամ տեղն ասում, վերցնենք։ – Ես անձամբ չեմ տեսել կամ գիտեմ, այլ լսել եմ, որ ասել են՝ էդ մարտերը նկարվել է։ – Ուզում եմ ասել՝ որ ունենաք, կտա՞ք։ – Անպայման։ – Մարտի ժամանակ զինվորները պիտի տանկի մեջ լինեին, ո՞նց են զոհվել դրսում,– հարցրեց Գաբրիելյանը։ – Դա ձեր գործը չէ, պարոն Գաբրիելյան,– պատասխանեց Լեւոնյանը։ Դատավորը տեղեկացրեց, որ վկան կարող է չպատասխանել հարցին, եթե միայն գիտի կամ ենթադրում է, որ դա կարող է օգտագործվել իր դեմ։ – Այսպես պատասխանեմ․ քանի որ անձրեւ էր, տեխնիկան ծածկած էր, պատսպարվում էին։ – Ըստ կանոնակարգի՝ երբ կա վտանգ, որ հակառակորդը կարող է հարձակվել, պիտի գտնվեի՞ն տանկի մեջ թե՞ իրավունք ունեին չգտնվելու,– ճշգրտող հարց տվեց պաշտպան Խաչիկյանը։ – Փորձը ցույց տվեց, որ ԱԹՍ–ները հիմնականում խոցում էին տանկերին։ Մինչ հոկտեմբերի 4-ը ես  զոհ չեմ ունեցել, որովհետեւ որոշում եմ կայացրել, որ իմ զինվորները գտնվում են դրսում, այլ ոչ տանկերի ներսում,– պատասխանեց Համլետ Լեւոնյանը։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 9-ին։   Միլենա Խաչիկյան
18:30 - 27 սեպտեմբերի, 2024
ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցելւ նահատակների հիշատակին:  ԱՄՆ դեսպանությունն այցելությունից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Դեսպան Քվինը սեպտեմբերի 27-ին զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին»։  Գրառման մեջ շեշտվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց:  «Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- եզրափակվում է գրառումը:     
15:08 - 27 սեպտեմբերի, 2024
Գնդապետ Մանուկ Բադալյանը չի հիշում Ջրականի 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին

Գնդապետ Մանուկ Բադալյանը չի հիշում Ջրականի 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին

Չորս տարի է անցել արցախյան 44-օրյա պատերազմից, եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մինչ օրս շարունակվում է այդ ընթացքում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին առնչվող դեպքերի քննությունը։ Դատարանը, Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վկաների հարցաքննության փուլում է։  Խուռհատ սարի գործով ամբաստանյալի աթոռին է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատարանում այսօր ցուցմունք էր տալիս ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նախկին տեղակալ Մանուկ Բադալյանը։ Նա այն սպան է, որը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեղադրվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու մեջ։ Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ նա ասաց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ։ Բադալյանը, ի պատասխան դատավորի հարցի, ասաց, որ մոտավորապես գիտի, թե ինչ քրեական գործով է ներգրավված որպես վկա։ Նա նշեց, որ նախաքննության փուլում հարցաքննության չի կանչվել։ Բադալյանը պատմեց, որ մարտական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 9-ին խոցվել է իրենց դիվիզիայի հրամանատարական կետը, եւ կազմին տեղափոխել են այլ վայր՝ Մելիքաշեն, որը Հադրութի շրջանի գյուղերից է․ «Ամսի 9-ին, 10-ին եղել եմ Մելիքաշենում, այդ օրը վիրավորվել եմ, եւ քանի որ ոչ միայն Ջրականի զորամասն է եղել ենթակայության [տակ], եղել են մի քանի զորամասեր, նաեւ զբաղվել ենք մնացած զորամասերի խնդիրներով։ Ես շատ տեղեկություն չունեմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ժամանակ է անցել՝ 4 տարի, ու նորից շեշտեց, որ քիչ տեղեկություն ունի։  Վկան տեղյակ չի եղել՝ ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել 5-րդ ուսումնական գումարտակին Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Բադալյանից հետաքրքրվեց՝ նա տեղյակ եղե՞լ է հոկտեմբերի 10-ին ինչ մարտական խնդիր է առաջադրվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմին։ Վկան ասաց, որ տեղեկացված չի եղել, քանի որ ամսի 10-ին, ժամը 11-ին արդեն փոխված հրամանատարական կետը նույնպես ենթարկվել է հրետակոծության՝ «Սմերչ» կայանից։ Բադալյանի խոսքով՝ ինքն այդ օրը երկրորդ անգամ է վիրավորվել։ Մեղադրողը նկատեց, որ մարտական խնդիրն առաջադրվել է հոկտեմբերի 8-ին, այսինքն՝ Բադալյանի նկարագրած իրադրությունը չի եղել այդ ժամանակ։ «Ես իմ գործառույթներով չէի կարող իմանալ, դա իմանում են հրամանատար, շտաբի պետ օղակները, ես եղել եմ բարոյահոգեբանական ապահովան գծով տեղակալ, իմ պարտականությունների մեջ չէի կարող իմանալ, հետագայում ինչ-որ տեղեկացել եմ, ես վիրավորումից հետո վերադարձել եմ Արցախ նորից, ինչ-որ տեղեկացել եմ, կոնկրետ ծառայակիցներից, ոչ մանրամասն»։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ «ոչ մանրամասն» ի՞նչ է տեղեկեցել, եւ Բադալյանն ասաց, որ իմացել է, որ տարբեր ստորաբաժանումների տարբեր խնդիրներ են առաջադրված եղել, բայց առանձին չի տեղեկացել 5-րդ գումարտակին առաջադրված խնդրի մասին․ «Չեմ հիշում հատուկ, ժամանակ ա անցել բավականին»։  Այս դատավարության ընթացքում ամենաքննարկված հարցերից մեկն այն է, թե արդյոք նորակոչիկները, որոնցից ոչ բոլորն էին անգամ հասցրել զինվորական երդում տալ, կարո՞ղ էին ներգրավվել մարտական գործողությունների։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ նա գիտի՞՝ կա՞ նման արգելք։ Բադալյանն ասաց, որ նորակոչիկների՝ մարտական գործողություններին ներգրավումը ցանկալի չէ, բայց չմտաբերեց արգելող կոնկրետ իրավական նորմ․ «Բայց երբ հարձակվել են չափից ավելի զորքեր, եւ խնդիրը մեծ ծավալով է, էդ ժամանակ արդեն․․․ Երկրում, որ հայտարարվում ա պատերազմական իրավիճակ, բոլոր քաղաքացիները, ընդհուպ 18 տարին լրացված, կարող են համալրվել։ Ինչ վերաբերում է խնդրի կատարմանը՝ երբ տեսնում ես, որ մնացած զինծառայողներն ունեն աջակցման կարիք, դա արդեն հրամանատարը որոշում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ասաց նա։  Հանրային մեղադրողը խնդրեց հայտնել, թե ի պաշտոնե ինչ գործառույթներ է ունեցել Բադալյանը։ Վերջինս ասաց, որ իր գործառույթը եղել է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ապահովումը, սակայն իրենք էլ չեն պատկերացրել, որ այդչափ վիրավորներ ու զոհեր կարող են լինել․ «Բավականին մեծ շեշտադրում էր արվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչքան ենք կորուստներ ունենում․․․ Կարողանալ ժամանակին հասցնել, ղեկավար կազմի մարտակոչերը, արագ հաշվառել այն աչքի ընկած զինծառայողներին, որոնք սխրանքներ են գործել, զոհվածների մասին անմիջապես տեղեկացնել զինկոմիսարիատներին, բազմաթիվ պարտականություններ կան․․․»։ - Երբ զորքի բարոյահոգեբանական վիճակը վատ է, դրա ուղղությամբ գործողություններ կատարելը Ձեր պարտականությունների մեջ մտնո՞ւմ է,- հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ - Մտնում ա, քանի որ ես ունեցել եմ տվյալ, տարբեր զորամասերում հոգեբան, գումարտակի հրամանատարի՝ բարոյահոգեբանական վիճակի գծով տեղալներ․․․ Խնդիրները կոնկրետ զինվորների հետ կատարել են իրենք, եւ ըստ անհրաժետության փորձել ենք ապահովել, եւ էդ զորամասում 1-ին, 4-րդ գումարտակն այնպես ա մարտնչել․․․ Մարտական ոգին շատ բարձր էր, եւ մինչեւ պատերազմի ավարտը կարողացել են խնդիրը մեծ ծավալով կատարել։ Այսինքն, ընդհանուր զորամասի բարոյահոգեբանական վիճակի հարցն այնպիսին չի եղել, որ ես գնայի ըտեղ աշխատեի։ Բադալյանի պնդմամբ՝ անմիջական հրամանատարներն են զինվորներին ավելի լավ ճանաչում, եւ նրանք կարող են ընկալել՝ ինչ խոսել զինվորի հետ, որ նրա մարտական, բարոյահոգեբանական ոգին բարձրանա։ Վկայի պնդմամբ՝ դիվիզիա օղակը չի կարող բոլոր տղաներին ճանաչել։ Բադալյանն ասաց, որ ինքն ավելի շատ աշխատել է մոբի հետ, քանի որ նրանք «դրսից» են եկել․ «Իրանց հետ եմ աշխատել, բարոյահոգեբանական վիճակը բարձրացրել, նկարագրել՝ մեր տղաներն ինչ օգնության կարիք ունեն, ուղարկել զորամասեր»։ Կոնկրետ 5-րդ գումարտակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վատ լինելու մասին Բադալյանը չի հիշում։ Նա բնական է համարում, որ երբ մարդ տեսնի՝ ընկերը զոհվեց, ընկճվում է, բայց, ըստ վկայի, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Բադալյանը հիշում է, որ դիվիզիայի շենքը մոտ է եղել այն դպրոցին, որտեղ տեղակայված է եղել 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմը։ Նա ասաց, որ զորամասն ունեցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ եւ հոգեբան, նրանք զեկուցել են, որ շատ բարդություններ չկան։ Վկան ասաց, որ չորս տարի անց լավ չի մտաբերում, բայց հիշում է, որ երբ հակառակորդը տիրել է որոշակի դիրքերի, անձնակազմը նահանջով է բերվել այդ դպրոց։ Հանրային մեղադրողը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել, որ ուսումնական գումարտակի մոտ նաեւ բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել, եւ նահանջը նաեւ դրա հետ կապված է եղել։ Բադալյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, որ բարոյահոգեբանական վիճակի համար նահանջ իրականացվի։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հավելեց, որ նաեւ նահանջի արդյունքում կարող էր վատանալ բարոյահոգեբանական վիճակը, ինչին վկան դարձյալ արձագանքեց, որ ինքը նման տեղեկություն չունի։ - Դուք անձնապես խոսակցություն ունեցե՞լ եք [զորքի հետ],- հարցրեց մեղադրողը։ - Հա, ես եղել ա, որ դպրոցում հանդիպեմ, բայց տենց որ ինչ-որ քաոս տիրեր, տենց բան ես չեմ հիշում։ - Ըստ Ձեր գնահատման՝ այդ անձնակազմն ի վիճակի՞ էր շարունակել մարտական գործողությունները։ - Իհարկե, քանի որ տղաները գիտեին, որ իրենց առջեւում իրենց ծառայակից ընկերներն են մարտի մեջ, ես բազմաթիվ զինվորներ եմ հիշում, որ մոտեցել ասում էին՝ բա մենք չենք գնալո՞ւ, ուրախացել էին, նաեւ լեյտենանտի կոչում են տվել, դասակ են ղեկավարել էդ տղաները։ Ընկճված տղաներ կարան լինեն, բայց մեկ կամ մի քանիսի համար ընդհանուր գնահատական տալը սխալ է։ Վկան չի հիշում, որ մեկ վաշտ լքել է մարտական դիրքը Հանրային մեղադրողը հարցրեց՝ եթե կապի միջոց ունեցող հրամանատարը վիրավորվում է կամ ինչ-ինչ պատճառով պետք է դուրս գա մարտից, պարտավո՞ր է կապի միջոցները փոխանցել ենթականերին կամ զեկուցել վերադաս հրամանատարին, թե ով է շարունակելու պարտականությունների կատարումը։ «Իհարկե»,- պատասխանեց Բադալյանը, «օրինակ ես երկու անգամ եմ վիրավորվել, երբ վիրավորվում ես, էդ պահին մինիմալ գիտակցություն կա, բացարձակ անգիտակից չես, որեւէ հաշվառած թուղթ, կապի միջոց փոխանցում ես քեզ մոտ գտնվող տեղակալին կամ թեկուզ էդ պահին մեկ զինվոր լինի, զինվորին էլ տաս, ասես տուր․․․»։ Իսկ արդյոք հրամանատարը պարտավո՞ր է նահանջող զորքին հստակ ու կոնկրետ նշել այն ուղղությունը, որով պետք է նահանջ կատարվի, եւ վերջնական բնագիծը, որը պետք է զբաղեցվի նահանջի արդյունքում։ Վկան ասաց, որ երբ նախնական նախանշված տեղում ես խնդիր կատարում, գիտես տարածքը, բայց եթե անծանոթ տեղանքում ես, այլ խնդիր է։ Հանրային մեղադրողը դարձյալ հարցրեց՝ ամեն դեպքում նահանջող զորքին հստակ ուղղություն պե՞տք է նշվի, թե՞ ոչ, Բադալյանն ասաց, որ պետք է նշվի, բայց ունենաս տվյալ, որ նշած տեղում խնդիր չի առաջանա։ Իսկ եթե տվյալ չունես, իրավիճակից է կախված․ «Դրանք վայրկյաններ են, մարտի դինամիկան է որոշում»։ Անդրադառնալով Բադալյանի վիրավորման թեմային՝ հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչ մարմնական վնասվածք է ստացել նա։ Վկան սկզբում չուզեց պատասխանել այդ հարցին՝ ասելով, որ այդ առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթ կա, եւ ինքը դեռ ցուցմունք չի տվել, այնուհետեւ նշեց, որ թեթեւ վնասվածք է եղել։ Պատասխանելով Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա ասաց, որ առաջին վիրավորման ժամանակ նա գիտակցություն ունեցել է եւ շարունակել է մասնակցել մարտական գործողություններին, եւ իր կյանքը փրկել է մի զինվորը, որն իրեն մի քանի կմ շալակած տարել է։ Իսկ երկրորդի ժամանակ անգիտակից է եղել։ Բադալյանն ասաց, որ բացասական է վերաբերում այն իրավիճակին, երբ սպան թեթեւ մարմնական վնասվածքը պատրվակ է դարձնում մարտի դաշտը լքելու համար։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը վկային հարցեր տվեց պատերազմի առաջին օրերի վերաբերյալ։ Վկան ասաց, որ սեպտեմբերի 27-ին եղել է հրամանատարական կետում, նաեւ իմացել է, որ 5-րդ գումարտակում եղել են նորակոչիկներ։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Բադալյանը որեւէ զեկուցագիր ներկայացրե՞լ է վերադաս հրամանատարությանը, որ հնարավոր չէ նորակոչիկներին մեկ գումարտակով ուղարկել մարտական գործողության։ Բադալյանն ասաց, որ բոլորն այդ ժամանակ ունեցել են աշխատանքային պլաններ եւ առաջնորդվել են դրանցով, ուստի ինքը նման զեկուցագիր չի գրել ու կարծիք չի հայտնել․ «Զեկուցագիր գրելու համար ես պետք է ունենամ հիմք, իսկ դա պետք է գար զորամասից, եթե գա, որ կա նման խնդիր, դա պետք է իմ համար հիմք հանդիսանար, որ ես զեկուցեի վերադաս հրամանատարությանը»։ Բադալյանը չմտաբերեց, որ իրեն հայտնած լինեն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի խնդրի մասին։ - Դուք, որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ՝ բարոյահոգեբանական վիճակի գծով, պարտավոր չէի՞ք ճշտելու։ - Մենք դա ամեն օր ենք ճշտում առավոտյան զեկույցների ժամանակ (խոսքը խաղաղ պայմանների մասին է,-հեղ․), եւ նման զեկույց չի եղել։ - Բա որ ճշտել եք, չեք ասե՞լ, որ չի կարելի անփորձ գումարտակը միանգամից ուղարկել մարտի։ - Դուք խաղաղ պայմանների մասին հարցրիք, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ․․․ - Խաղաղ պայմաններում զեկուցել են, պատերազմական պայմաններում․․․ Ասում եք՝ ամեն օր զեկուցում են, ամեն օր զեկուցում են՝ պատերազմական պայմաններում Դուք Ձեր կարծիքը չեք հայտնե՞լ։ - Բոլոր տեղերում էլ խոսել ենք, էդ խոսելն այլ բան ա, երբ ասում եք՝ զեկուցագիր գրե՞լ եք, ես ասում եմ՝ չեմ գրել, որովհետեւ տենց զեկուցագիր ներքեւից վերեւ ա գալիս, գրելու կարիք չի եղել։ - Բանավոր ճշտելու, հրամանատարին զեկուցելու, բանավոր հայտնելու․․․ Գումարտակի հրամանատարին կանչե՞լ եք, ասել՝ էս վիճակն ա, հրաման տվե՞լ եք, ասե՞լ եք, որ էս վիճակն ա։ - Ես իմ աշխատանքը կազմակերպել եմ բարոյահոգեբանական գծով տեղակալների հետ, ես գումարտակի հրամանատարի հետ չեմ խոսել, որովհետեւ կխանգարեի։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ Բադալյանը լսե՞լ է, որ ամբողջ մի վաշտ թողել է իր մարտական դիրքը եւ դիմել փախուստի։ Վկան ասաց, որ դա էլ չի հիշում։ Գրիգորյանը զարմացավ այս պատասխանից․ «Դուք զորամասի դիվիզիայի հրամանատարի տեղակալն եք բարոյահոգեբանական վիճակի գծով, Ձեր ենթակայության տակ գտնվող գումարտակներից մեկի ամբողջ վաշտը թողնում, փախնում է դիրքը, ասում եք՝ չեմ լսել։ Ո՞նց կարող է, Ձեր անմիջական ենթակայության տակ է, Ձեր զինվորներն են»։ - Զինվորներն ունեցել են դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարություն, բայց ավելի մեծ անհրաժեշտություն էր, որ մոբին զինենք, ու կարողանանք տանել զինվորներին փոխարինելու, ու քանի որ իմն օպերատիվ օղակն էր, ես ավելի շատ զբաղվել եմ մոբի անձնակազմով- ասաց Բադալյանը։ - Երբեւէ «9 կմ-ում» եղել ե՞ք, 5-րդ գումարտակի նահանջից հետո,- հարցրեց Գրիգորյանը - Եղել եմ։ - Զորքի վիճակը տեսել ե՞ք։ - Այո։ - Խոսել ե՞ք հետները։ - Այո։ - Այնտեղ է՞լ ոչ մի խոսակացություն չի եղել թռնողերի, սխալի, ծանր վիճակի մասին։ - Չեմ հիշում։ - Իսկ 5-րդ գումարտակի սպաների մեջ եղած տարաձայնության մասին ի՞նչ տեղեկություն ունեք։ - Բոլոր ուսումնական գումարտակներում գերթե նույն ձեւի են եղել խնդիրները, Հադրութի ուսումնական գումարտակում էլ ա եղել․․․ - Ես Հադրութից չեմ խոսում։ Գալիս եմ ամսի 27-ից՝ չեք հիշում, գալիս եմ ամսի 2-ին՝ չեք հիշում․․․ «Չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար» Հաջորդիվ հարցեր հնչեցին նաեւ, թե ինչ խնդիրներ կարող էին ընկճել զինվորներին։ Խոսվեց նաեւ այն մասին, թե արդյոք զինվորներն ունեցե՞լ են համազգեստների, պաշտպանիչ բաճկոնների խնդիր եւ այլն։ Բադալյանն ասաց, որ չի հիշում, թե «բռոնի ժիլետի» պակաս եղած լինի, իսկ ինչ վերաբերում է համազգեստին, ապա, նրա խոսքով, պատերազմական պայմաններում դրանք ավելի շուտ էին մաշվում․ «Բայց չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար»,- ասաց նա։ Վկայի այս պատասխանները վրդովեցրին զոհվածների հարազատներին։ Նրանցից Արսեն Ղուկասյանը տեղից գոռաց՝ դիմելով Բադալյանին․ «Երեխեքին պատերազմի ժամանակ ասում էր ձեզ կդատեն ֆորմի համար, գիտես չեմ ասելո՞ւ, սաղ տեղերն եմ ասելու, մարդասպան, էդքան երեխեքին էս [վիրավորական բառ] ա ուղարկել, էն մի [վիրավորական բառ] հանձնարարությունն արել ա»։ Ղուկասյանին հեռացրին նիստերի դահլիճից։ Բադալյանը շարունակեց, որ եթե բարոյահոգեբանական վիճակը վատ է եղել, ապա դրա ամենամեծ պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ հակառակորդն անբացատրելի, աննկարագրելի շատ էր կիրառում հրետանի ու անօդաչուներ։ Գուրգեն Գրիգորյանը հիշեց, որ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունքում ասել էր, որ պատերազմի սկսելուց մի քանի օր հետո արդեն սովորել էին կռվել անօդաչուների դեմ․  - Սո՞ւտ է ասել Սեմյոնովը,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։ - Ես չեմ ուզում իրա ասածին գնահատական տամ, ամեն պաշտոնատար անձ փորձել ա արագ սովորեցնել։ Ինչը փորձել են, ստացվել ա, շարունակել են, դա էլ ա մարտական ոգին բարձրացրել։ Գրիգորյանը նորից հետաքրքրվեց՝ ի պաշտոնե՝ Բադալյանն ի վերջո ինչ գործողություններ է արել զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց, որ վերադասությունը ժամը մեկ ուզել է զինվորների սխրանքների մասին տեղեկություններ, զոհերի անուններ, եւ այլն, եւ այդ հաշվառումը պետք է իրականացներ ինքը։ - Դուք գնդապե՞տ եք։ - Այո։ - Բա էդ զորքն ո՞վ պետք ա կառավարեր, որ Դուք մենակ ցուցակներով էիք զբաղվում։ - Զորքը կառավարում են իրա անմիջական հրամանատարները։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Հադրութում եղած ժամանակ զորամասի կամ դպրոցի վրա հրետակոծություն եղե՞լ է։ Վկան ասաց, որ ամբողջ քաղաքի վրա է եղել։ Վտանգավոր չէ՞ր զինվորներին զորամաս կամ դպրոց տանելը։ Վկան պատասխանեց՝ բոլոր տեղերն էին վտանգավոր։ Բայց հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Մանուկ Բադալյանը նաեւ տեղյակ չի եղել, որ զորքը նախ զորամասում է տեղակայվել, հետո նոր դպրոցում։ Նա ասաց․ «Կարող ա այլ զորամասի խնդրով զբաղված լինեմ, միանգամից չես կարա բոլոր տեղերի խնդիրներն իմանաս»։ Երբ Բադալյանին հարցրին՝ իսկ դպրոցում նա ի վերջո ճշտե՞լ է, թե անձնակազմին ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել, նա պատասխանեց, որ ինքը նման կոնկրետ պարտականություն չի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում՝ չունեմ։ Բարոյահոգեբանական աշխատանք, առանց ճշտելու՝ ինչ աշխատանք պիտի կատարեն, բա էդ պարտականությունն ո՞վ ունի, որ Դուք չունեք։ Դուք եթե նման հարցերը չեք ճշտել, չեք իմանում՝ էդ երեխեքն ինչի միջով են անցել, ուր են եկել հասել, որտեղ են գտնվում, բա ո՞նց եք կազմակերպելու Ձեր եւ Ձեր ենթակաների աշխատանքը»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը ու շարունակեց,- «պետությունն էդքան ծախս ա անում, բարոյահոգեբանական գծով զորամիավորման բազմաթիվ պաշտոններ կան, էդ որ պիտի զորքի հետ կապ չունենաք, բա պետությունը ձեզ ինչո՞ւ ա էդքան ուղարկում սովորելու, տալիս բարձր պաշտոններ, որ գաք, կանգնեք դատարանի առաջ, ասեք՝ ես, բացի երեխեքի հետ խաղաղ ժամանակ քայլելուց հարցնեմ՝ ո՞նց եք, ձեր հաց ու ջուրը տե՞ղն ա, ուրիշ բաների հետ կապ չունե՞մ»։  - Մյուս սպաները զինվորներին թողել, փախել են, խայտառակություն է, այ էդ երեխեքի զոհվելը, կոնկրետ այս դեպքում՝ Խուռհատ սարի, չե՞ք կարծում, որ էդ ամբողջի մեղավորությունը նաեւ դրված է այն հրամանատարական կազմի վրա, որը պիտի բարոյահոգեբանորեն աշխատեր սպաների, զինվորների հետ, որ նրանք չլքեին մարտական դիրքը, զինվորին, զորքին, տեխնիկան։ Չեք գտնո՞ւմ, որ ձեր ղեկավարած կառույցն իր վրա դրված ոչ մի պարտականություն չի կատարել։ Թռել են՝ տեղյակ չեք, թրջված են եղել՝ տեղյակ չեք, սպաները խնդիր ունեն՝ տեղյակ չեք, զորքին հանում են վերեւ՝ տեղյակ չեք։  - Ուսումնական գումարտակները համալրվել են մեր դիրք պահող գումարտակների այն լավագույն սպաներից, որոնք ունեն նորմալ, ավելի լավ փորձ, եւ էդ ընտրությունը, զորամասն առաջարկներն ուղարկում ա, պաշտոնները նշանակվում են ավելի վերադաս ղեկավարներից։ Ընտրելուց հետո մենք ինչ աշխատանքներ ենք կատարել, էդ ամեն ինչը․․․ - Անգամ վախենում եմ հարցնել, եթե ձեր լավագույն սպաները փախել են, զինվորներին լքել են, վատագույններն ինչի՞ են ընդունակ եղել։ Ձեր աշխատանքը պիտի լիներ առաջինը, որ սպան մնար զինվորի հետ․․․։ Դուք ո՞նց եք աշխատել ու ո՞նց պատասխանատվություն չեք կրել,- ասաց Գուրգեն Գրիգորյանը։  «Ես տվյալ չունեմ, որ զինվորներին հրամայել են փոխել հագուստը, թաց շորերը հագնել» Հաջորդիվ վկային հարցեր տվեց նաեւ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․ - Երբ իմացաք, որ զինվորները թրջված, շորերը՝ շարքից դուրս եկած, իրենք իրենց ուժերով Հադրութում հայթայթեցին հագուստ, փոխվեցին, Ձեր արձագանքը դրան ի՞նչ եղավ, Դուք գովեցի՞ք նրանց։ - Ըտեղ հայթայթելու խնդիր չի եղել, անձամբ բանակի թիկունքի պետը հենց դպրոց բերել ա, էդ նույն րոպեին չէ, բայց բերել, հասցրել են։ - Դուք ոգեւորեցի՞ք, գովեցի՞ք զինվորներին։ - Դա իմ անելիքը չի։ - Դուք ի՞նչ արձագանք տվեցիք, երբ տեսաք, որ էդ երեխեքը թրջված շորերը փոխել են նոր շորերով, իրենց ուժերով։ - Մենք պրոբլեմներն անմիջապես վերադասությանը զեկուցել ենք, խնդրել, որ կան ապահովման հարցեր, բերեն, ապահովեն։ - Իսկ դուք տեղյակ եղա՞ք, որ էդ զինվորներին հրաման տվեցին փոխած շորերը փոխել, նորից թաց շորերը հագնել, նոր շորերը վերադարձնել։  - Ես տենց տվյալ չունեմ։ - Ոչ էլ լսել եք։ - Ոչ։ Այս դեպքի մասին խոսեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Հովակիմյանը, եւ, դիմելով վկային, ասաց, որ նախաքննության ժամանակ զինվորների տված ցուցմունքներ կան, որոնցում ասված է, որ երբ զինվորները կարողացել են հագուստ հայթայթել խանութից, ինքը՝ Բադալյանը, ստիպել է հանել համազգեստները․ - Ի՞նչ կասեք այս մասին, ես հստակ ասում եմ՝ կան ցուցմունք տված զինվորներ, որոնք ողջ են։ - Իմ տեղեկությունով մոբի տղաներից ծխախոտ չեն ունեցել, տեսել են, որ պատուհանը ջարդված ա խանութի, ջարդել են դուռը, բացել՝ ծխախոտ վերցնելու համար, տեսել են մեր զինվորներին, իրանք են մեր զինվորներին առաջարկել, մեր զինվորները հաստատ չէին գնա ընդեղ էլի։ Հետո կողքի խանութում էլ համազգեստ ա եղել, էդ էլ են բացել, հագել, ոստիկանությունը տեղեկացել ա, որ խանութներ են բացում, ասել են՝ խնդրում ենք ուշադրություն դարձրեք, մենք էլ ասել ենք՝ չի կարելի, էլի։ Զոհված զինծառայողի ծնող Գեղամ Ղազարյանը մանրամասներ հարցրեց վկայի վիրավորման հանգամանքներից։ Բադալյանն ասաց, որ երբ այրվածքով վիրավորում է ստացել, դիվիզիայի սպաներն են տարել իրեն․ - Բայց ձեր ֆերշելին (բժշկին,-հեղ․) տեսել եմ, խոսել եմ, ասել ա՝ ինքն իրա ոտով ա եկել։ Հիշում ե՞ս, Ստեփանակերտում ասում էիր՝ Գարիկն (նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին) ու Իշխանյանն են մեղավոր, որ Գարիկին կանչիր, բերին, ասում էիր՝ դու ես մեղավոր, էնի ասում էր՝ էնի, քցում էիք իրար վրա։ - Էդ օրը վեճ ա եղել մեր մեջ, ես ուրիշ մանրամասներ չեմ հիշում,- ասաց վկան։ - Երեխեքին շարել ե՞ս Հադրութի դպրոցում, ասել՝ բարոյալքված եք, պատրաստ չեք պատերազմի, հետո հրաման ես տվել Վարդերեսյանի հետ, ասել, որ ով հետ գա՝ գյուլլեք։ - Չի եղել տենց բան,- հերքեց Բադալյանը։ Վկան այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել Հնչած հաջորդ հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ վկա Մանուկ Բադալյանը այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել, չի իմացել նաեւ, թե ինչու է Գարիկ Վարդերեսյանին փոխարինել Իշխան Վահանյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Վահանյանին հանդիպել է դպրոցում, չի հարցրել այդ մասին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց, որ չի եղել գրեթե մի վկա, իսկ նրանք գրեթե 40-ն են եղել՝ զինծառայողներ, սպաներ, մեղադրյալ Իշխան Վահանյանը, որը չասի, որ զորքն ունեցել է բարոյահոգեբանական վիճակի խնդիր․ «Այդպիսի մարդ չի եղել, որ հակառակն ասի։ Դուք ցուցմունք եք տալիս, ասում՝ ինձ չի զեկուցվել։ Պարզ է՝ Դուք դիվիզիայի օղակն եք, բայց մենք կընդունեինք Ձեր ասածը, եթե Դուք անձամբ ներկա չգտնվեիք դպրոցում, այսինքն՝ Ձեր ստորադասներն իրենց պարտականությունը լավ կատարած չլինեին, բայց դուք անձամբ այնտեղ եք եղել, ո՞նց եղավ, որ դուք չնկատեցիք, որ 5-րդ գումարտակը շատ վատ բարոյահոգեբանական վիճակի մեջ է, բոլորը զանգել են տներ, ծնողներին ասել են՝ մենք վատ վիճակում ենք, դիրք են ուզում տանեն եւ այլն»։  - Դիվիզիայի մասնաշենքը, ճիշտ ա, խփված էր, բայց 30 տոկոսով գործում էր, կապի հանգույցն աշխատում էր, ես ավելի շատ կապի հանգույցից ներքին հեռախոսով խոսալու համար եմ եղել այդ շենքում, ես ասում եմ՝ բոլոր ուսումնականներում էլ բարոյահոգեբանական վիճակի հարց եղել ա, բայց որ առանձին ասեմ․․․ Մանուկ Բադալյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին։ Գլխավոր լուսանկարում՝ Մանուկ Բադալյանը, լուսանկարը՝ ՊՆ-ի Հայարփի Բաղդասարյան
23:15 - 26 սեպտեմբերի, 2024
Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

2020թ․ 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, սակայն մինչ օրս հայկական կողմի զոհերի մասին ամբողջական տվյալներ չկան։ Թեեւ նախորդ տարիներին տարբեր պաշտոնյաներ հնչեցրել են թվեր, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդ տեղեկությունը պաշտոնապես համարում է նախաքննական գաղտնիք։ Քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը պատերազնի ընթացքում, նրանցից քանի՞սն է եղել ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ զինծառայող, քանի՞սն է եղել պահեստազորային, քանի՞սը՝ կամավորական, քանի՞սը՝ խաղաղ բնակիչ․ ահա այս եւ մի շարք այլ հարցերով սեպտեմբերի 16-ին դիմել ենք Քննչական կոմիտե, որը մերժել է տեղեկության տրամադրումը՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին հոդվածին։ Քննչական կոմիտեն նշել է միայն, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը, որը նախաձեռնվել է հետեւյալ հոդվածներով՝ - Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմ սանձազերծելը եւ վարելը,  - ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելը,  - պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելը, - քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելը, մասնավորապես՝ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելը եւ հրետակոծելը,  - միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը,  - ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը, միջազգային ահաբեկչությունը: Հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն, 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացնում էին զոհերի տվյալները։ 2020թ․ դեկտեմբերի վերջից զոհերի ցուցակներ սկսեցին չհրապարակվել։ Հետագայում ինչպես Քննչական կոմիտեն, այնպես էլ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ընդհանրական տվյալներ հաղորդեցին։ Օրինակ՝ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի: Այդ օրը նա ասաց, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ պնդեց, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Ամփոփ տվյալներ էր հայտնում նաեւ Քննչական կոմիտեն։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ՔԿ-ն հրապարակել էր 3781 թիվը եւ նշել, որ այդ օրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2022թ․ հունվարի 19-ին ՔԿ-ն հրապարակել էր զոհերի 3809 թիվը։ Այդ հաղորդագրության էջը ՔԿ պաշտոնական կայքից հեռացված է։ 2022թ․ մարտի 21-ին ՔԿ-ն հայտարարել է, որ զոհերի թիվը 3822 է։ Դրանից մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Սա զոհերի ամփոփ թվի վերաբերյալ, ըստ էության, վերջին հայտարարությունն է եղել։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթի տվյալներն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը համարվում է հանցանք։ Հարց է ծագում՝ եթե Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ունեցել են վարութային տվյալներ հայտնելու թույլտվություն, ապա ինչո՞ւ քննչական մարմինն առնվազն այդ նույն տեղեկությունը չի տրամադրվում լրատվամիջոցին։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի ունեցել իրավասու մարմնի թույլտվությունը, ապա ինչո՞ւ այդ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող անձանց թվին, ապա այս մասին վերջին անգամ խոսել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ այս տարվա հունվարի 4-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ Քյարամյանի հայտնած տվյալների, Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման մասին հայտարարությունը՝ հերքում։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Այժմ դատարաններում քննվում են մի շարք գործեր, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներին։ Այդ գործերը վերաբերում են նաեւ զինծառայողների զոհվելու դեպքերին։  Այդ գործերի մասին կարող եք կարդալ «Ինֆոքոմում»՝ 1, 2, 3, 4, 5, 6 հղումներով։Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից, 44-օրյա պատերազմից Հայարփի Բաղդասարյան
19:10 - 26 սեպտեմբերի, 2024
Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձնակազմը տեղյա՞կ էր, թե մինչեւ ուր է պետք ուղեկցել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց Հակակոռուպցիոն դատարանում։ Ցուցմունք էր տալիս Սյունիք համայնքի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։ Նա այն անձն է, որի միջոցով Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահ, գնդապետ Վարդան Ալեքսանյանը իրականացրել է Գլխավոր շտաբի հրամանի կատարումը՝ կազմակերպել զորախմբի ուղեկցումը օպերացիայի տեղանք։ Ըստ կարգադրության՝ տեղանքը Կիրի հանքն էր, որտեղ իջնելու փոխարեն, սակայն, զորախումբը խորացել է մինչեւ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Որոշվել է, որ այդ ճանապարհի մի մասը կուղեկցի Ալեքսանյանի վարորդ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝ համայնքապետի օգնությամբ գտնված կամավոր Արման Նուրիջանյանը։ Թե՛ Վարդան Ալեքսանյանը, թե՛ նրա վարորդ Համբարձում Փարամազյանը հանքն անցնելն ու Զանգելան հասնելը պայմանավորել են երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի անփութությամբ։ Վերջինս, սակայն, դատարանում հայտարարել է՝ որեւէ մեկը երբեւէ իրեն չի ասել, թե զորքին մինչեւ ուր պետք է ուղեկցեր։ Նուրիջանյանի այս խոսքերն այսօր հաստատեց նաեւ համայնքապետ Արթուր Մանուչարյանը․ «Վարդան Ալեքսանյանը եկավ, ասաց՝ ավտոբուսներ, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պետք է ցույց տաք։ Տեղանքի անուն, որտեղ պետք էր կանգնել, չի ասվել, Կիրի հանքը ոչ մի զրույցի ժամանակ չի եղել»,– պնդեց Մանուչարյանը։ Ըստ վկայի՝ Վարդան Ալեքսանյանը երկու տարբեր հրամաններ է տվել Հարցաքննության սկզբում հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկային խնդրեց պարզաբանել, թե ինքն ինչ կարգով է ներգրավվել զինվորական ծառայության մեջ․ «Որպես վարչական ղեկավար՝ սկզբում մասնակցել եմ թիկունքային աշխատանքների, ունեցել եմ փախստականներ, որոնց տեղավորել եմ․․․ Երբ ընդհանուր բնագծի պաշտպանության անցնելու հրաման եկավ, սահմանամերձ բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն այդ պատասխանատվությունը վերցրին իրենց վրա»,– հայտնեց վկան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ զորահավաքային կարգով զորակոչվել, հաշվառվե՞լ է՝ վկան պատասխանեց․ «Հաշվառվելը ո՞րն է, զենքը ես եմ ստացել, իմ պատասխանատվության տակ էին։ Որպես զինվորական՝ ամենաքիչը հաշվետու էի համայնքապետին՝ Գեւորգ Փարսյանին»։ Վկա Արթուր Մանուչարյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերը ինքը՝ իր 10-հոգանոց ջոկատով, գտնվել է իրենց պաշտպանության տեղամասում, երբ Վարդան Ալեքսանյանը եկել, ինչ–որ անհասկանալի առաջադրանքից է խոսել․ «Գիշերը 1-2-ի կողմերը ինձ արթնացնում են, ասում են՝ Վարդանն է եկել․․․ Վարորդի հետ էր․․․ Ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ մարդ է պետք, պիտի գնանք Զավալ (տեղանք է՝ չհասած Կիրի հանք,–հեղ․)․․․ Այնտեղ ականապատում են թե ականապատել են՝ լավ չհասկացա։ Ասացի՝ ես սակրավոր չեմ, տղաներն էլ չեն»,– հայտնեց վկան։ Դատավոր Սարգիս Դադոյանը – Վարդան Ալեքսանյանի ասելով՝ այդ պահի՞ն էր պետք թե՞ առհասարակ,– հետաքրքրվեց մեղադրողը։ – Չասաց, ես չեմ հասկացել։ – Նա սթա՞փ էր։ – Երեւի հա, բայց․․․  Ես հասկացա, որ ճիշտ չի բացատրում, միտքը հստակ չէր։ Հարցին, թե ինչ պիտի անեինք, տարբեր կերպ պատասխանեց, եւ իմ մոտ առաջացավ կասկած։ Ասացի՝ տղաներից ոչ ոք չի շարժվում, ես կգամ, բայց վառելիք չունեմ, տուր, կգամ։ Գնաց–եկավ, գնաց–եկավ, թողեց, գնաց։ Ըստ վկայի՝ այդ խոսակցությունից մոտ կես ժամ անց Ալեքսանյանը նորից եկել է՝ արդեն նոր առաջադրանքով․ «Ժամը 3-ի կողմերը եկավ, բա ավտոբուսներ են գալու, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պիտի ցույց տաք»,– մեջբերեց Ալեքսանյանի խոսքերը։ Դատավարության մասնակիցները խնդրեցին պարզաբանել՝ ինչ է նշանակում ճանապարհը ցույց տալ․  «Ինձ թվաց՝ տղաները, ովքեր գալիս էին, իրենց հանձնարականը պիտի իմանային, սպա գոյություն ունի ի վերջո․․․ Ես պիտի քշեմ, տանեմ, ճանապարհը ցույց տամ․․․ Բայց դա էլ մեկ գիծ էր, տարբեր տեղ դուրս գալու տարբերակ չունես»։ Ի պատասխան դիտարկմանը, որ ուղեկցելը ունենում է սկզբնակետ եւ վերջնակետ, վկան ասաց․ «Իրենք տեղը գիտեին, իրենք ունեին հրաման, թե ինչ միջոցառում պիտի անեին։ Եթե ես լինեի ուղեկցողը, եթե չունենայինք տեխնիկական այդ խնդիրը, գուցե ճանապարհին շատ բան հասկանայի, փոխեի, գուցե եւ չիմանայի, գուցե եւ իմ ծնողն էլ էստեղ նստած լիներ»։ – Իրենք՝ ովքե՞ր,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Չենք քննարկել՝ 62 հոգի՞ն թե՞ հրամանատարները, բայց պիտի հրամանատարները [լինեին]։ – Այսինքն՝ հաստատ զինվորները չէին ասելու՝ էստեղ կանգնի կամ էնտեղ կանգնի,– արձանագրեց Ադոյանը։ Համայնքապետի մեքենայի վառելիքի հարցը այդպես էլ չի լուծվել Քանի որ Մանուչարյանի վառելիքի հարցը չի լուծվել, եւ զինվորները դրանից առաջ՝ լուսադեմին, արդեն ժամանել են, որոշվել է, որ ոչ թե ինքը կուղեկցի, այլ տեղացի Արմանը, որը ճանապարհին ծանոթ էր, եւ որի մեքենան համեմատաբար ավելի սարքին էր։ Ընդ որում, զինվորները եկել են դեղին՝ քաղաքացիական ավտոբուսներով, ինչը, ըստ վկայի, եւս հուշել է, որ վտանգ չկա, հերթափոխի պես մի բան է լինելու։ Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Դուք իրավունք ունեի՞ք ԳՇ պետի տեղակալի այդ կարգադրությունը վերահասցեագրելու [Արմանին],– հարցրեց Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը։ – Բոլորն ունեին ստորադաս, եթե ԳՇ պետը ինձ հրամայում է, ես էլ իմ ստորադասին կարող էի հրամայել, պարո՛ն իրավաբան։ Բայց դա հրաման չէր (նկատի ունի՝ իր դիմելը Արմանին,–հեղ․), մենք կանգնած էինք ընկերներով, բոլորս մեկ մարդու նման կատարում էինք աշխատանքներ շատ մարդկանց, այդ թվում՝ գեներալների համար, դա ավելի շատ խնդրանք էր։ Դուք, որպես իրավաբան, իրավական նորմերի մեջ ավելի գրագետ եք, բայց ես մի քիչ ավելի մարդկային առումով եմ այդ ամենը կատարել,– պատասխանեց վկան։ – Պատերազմը բարոյական նորմերով չի վարվում, հարգելի՛ վկա։ – Հրամայել եմ, ասել եմ՝ տանում եք՝ Զանգելանի ճանապարհը ցույց տալու, իրենք տեղը գիտեն,– իր խոսքը վերաձեւակերպեց վկան։ – Եթե վերջնակետի տվյալը չունեք, ուղեկցելը ո՞նց էր ավարտվելու։ – Ուղեկցողի մոտ սպա է նստել, ես տրամաբանել եմ, որ նա․․․ – Եթե սպան տեղանքին ծանոթ չէր, ո՞նց պետք է ուղեկցողին հասկացներ՝ որտեղ կանգ առնել։ – Սպան քարտեզ կարդալ գիտի, չէ՞, հրամանը ստանալու դեպքում քարտեզով տալիս են՝ էս կետում պիտի կանգնես։  Էդ սպան, որ եկել, նստել է ուղեկցողի մոտ, բայց չգիտի իր առաջադրանքը, բա ե՞ս ինչ իմանամ։ Ի պատասխան Արսեն Աբգարյանի հարցին՝ քարտեզի վրա հանքը, որի մոտ պիտի կայանեին, տեսանելի՞ էր, վկան բացասական պատասխան տվեց։ Նա նաեւ նշեց, որ երբ հրամանները տալիս, իրենց հետ մանրամասն չէին քննարկում, եւ քանի որ արտահոսքի խնդիր էլ կար, ինքն էլ հավելյալ հարցեր չի տվել։ Ենթադրեց՝ եթե անձամբ իրականացներ ուղեկցումը, ինքն էլ նույն տեղը կհասներ։ – Երբ ստացել եք խնդիր՝ ուղեկցել Զանգելան, Ձեզ ասե՞լ են՝ ինչ հերթականությամբ,– հարցրեց Անդրանիկ Մակարյանը։ – Ոչ։ – Ստացե՞լ եք խնդիր, որ խումբը պետք է իջնի Կերեն բնակավայրում, որտեղ ոստիկանական հենակետն էր, սպասի հրամանի, դրանից հետո ուղեկցողը գիտի՝ դեպի որ ուղղությամբ տանի։ – Ոչ, չի եղել տենց բան, ես առաջին անգամ  Ձեզնից եմ լսում։ Մանուչարյանի ենթադրությամբ՝ պետք էր, որ իրենք մարտական կորուստ դառնային Մանուչարյանի վկայությամբ՝ իրենցից հետո տեղակայված էին Զանգելանի ոստիկանները, ԱԻՆ աշխատակիցները, բնակիչները, եւ իր համար տարակուսելի էր, որ տեղանքին ծանոթ այդքան անձինք կային, բայց իրենք պիտի ուղեկցումը կազմակերպեին․ «Այսինքն՝ նույն Վարդանը չէր կարողանո՞ւմ ավելի հարմար տարբերակ գտներ, որ եկավ, կանգնեց մեզ վրա․․․ էդ ո՞նց եղավ, որ Զանգելանի տղաները էդ ճանապարհը չէին կարող ցույց տալ, իմ տղաները պիտի ցույց տային»,– հարց հնչեցրեց վկան։ Ձախից՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Ի պատասխան մեղադրողի հարցին, թե ինքը ոնց է դա բացատրում, վկան ասաց․ «Բանակում ասած՝ որպես նորմալ կորուստ պիտի գնայինք, ամենաքիչը իմ ծնողը պիտի էստեղ նստած լիներ, ես այդ եզրահանգմանն եմ գալիս»։ – Այսինքն՝ իրեն պետք էր, որ Դուք մարտական կորուստ լինեի՞ք։ – Ես տենց մտածում եմ, այո։ – Անձնական հարաբերությունները ո՞նց էին Ալեքսանյանի հետ։ – Ես իրեն չեմ էլ ճանաչել։ – Իսկ եթե հարաբերություն չեք ունեցել, ինչո՞ւ պիտի այդպես պետք լիներ։ – Դե, գուցե պատճառն էլ հենց էդ է, որ հարաբերություն չենք ունեցել, գուցե մյուսների հետ ունեցել է անձնական հարաբերություններ։ Օրինակ, ենթադրությունն է էլի։ – Վարդան Ալեքսանյանը ներկայացրել է Ձեզ հետ խոսակցություն, ըստ որի՝ Ձեզ ասել է, որ ուղեկցումը պետք է մինչեւ Կիրի հանք լինի։ – Սուտ է խոսում։ – Եվ ասել է, որ  Զանգելան բառը Ձեզ չի ասվել։ – Սուտ է խոսում․․․ Ես գիտեմ հանքի տեղը, Արմանը գիտի, կբացատրե՞ք՝ տրամաբանությունը ո՞րն է, որ եթե ինձ ասած լինեն Կիրի հանք, ես ասեմ՝ չէ, քշի, գնա Զանգելան։ Ամենաքիչը Արմանի համար պատասխանատու էի, ինչո՞ւ պիտի այդպես ասեի։ – Իսկ ըստ Ձեզ՝ ստելու պատճառը կամ տրամաբանությունը ո՞րն էր։ – Չեմ կարող ասել։ Ես 4 տասնյակից ավելի վարդանալեքսանյաններ եմ հանդիպել, գիտեմ, որ կեսից շատը մեծ–մեծ խոսող, «գալչկա» դնող հրամանատարներ էին, մնացածը իրենց հարցրեք։ –Հետագայում երբեւէ չե՞ք զրուցել նրա հետ։ – Ոչ, ոչ էլ ցանկություն ունեմ, միայն առերեսվել եմ, ինձ համար հաճելի չէ։ – Դուք մեղադրո՞ւմ եք Վարդան Ալեքսանյանին։ – Ես չեմ կարող ասել, թող դատավորը մեղադրի․․․ Ամեն կտոր հիշողություն ինձ համար ծանր է, ես չեմ ուզում այս հարցով․․․ Նենց էլ չէ՝ օլիգարխ եմ, Կապանից 700 կմ գալիս–գնում եմ, բայց սա պետք է, սա իմ պարտքն է, դրա համար երրորդ նիստն է՝ այստեղ եմ,– պատասխանեց վկան։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Արթուր Մանուչարյանը Միլենա Խաչիկյան    
23:00 - 10 սեպտեմբերի, 2024
Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով

Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով

Ավելի քան մեկամսյա դադարից հետո Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործի քննությունը։ Վերանյանը մեղադրվում է այն բանի համար, որ չնայած հակառակորդի անօդաչու թռչող սարքի առկայությանը՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի պատսպարված անձնակազմին երթը շարունակելու հրաման է տվել, ինչից րոպեներ անց ԱԹՍ–ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային (այսուհետ ԻՍՎ) ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում։ Մեղրիի զորամասի անձնակազմը, որ հոկտեմբերի 4-ին Արցախի Արծվաշեն գյուղում տեղակայվելու խնդիր էր ստացել, հոկտեմբերի 5-ից մինչ 8-ը մարտական գործողությունների մեջ է եղել եւ ի սկզբանե խնդիր չի ունեցել Ջրական մեկնելու։ Զորամասի հրամանատարի մյուս տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հարությունյանի վկայությամբ, սակայն, իրավիճակը փոխվել է ՄՈԲ–ի փախուստի պատճառով․ «Մենք այդ օրը չպիտի գնայինք․․․ Եթե իրենք տեղում լինեին, էս էրեխեքն էսօր ողջ կլինեին»,– դատարանում հայտարարեց Հարությունյանը։ Նրա հարցաքննությունը անցավ լարված մթնոլորտում․ պարբերաբար բարձրացող աղմուկի պատճառով դատարանը սանկցիա կիրառեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ՝ նրանցից 3-ին հայտարարելով նկատողություն, 1-ին՝ հեռացնելով նիստերի դահլիճից։ Ո՞վ է իրականացրել անձնակազմի ղեկավարումը Փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը պատմեց՝ քանի որ զորամասի հրամանատարը վիրավորվել էր, բոլոր հարցերը տեղակալներով իրար մեջ էին բաժանում եւ միասին կազմակերպում։ Ըստ այդմ, Անդրանիկ Վերանյանին տրվել է հետեւյալ խնդիրը․ ստորաբաժանմանը ժամանակին բաց թողնել գյուղից, չխախտել որոշված արագությունն ու իրար միջեւ ընկած հեռավորությունը եւ հետ մնացած ստորաբաժանումներին հավաքելով՝ ամենավերջից գալ դեպի մարտական գործողությունների շրջան։ Նրա խոսքով՝ դեպի նախանշված վայր շարժվել են շարասյունով, որի մեջ եղել է ոչ պակաս, քան 20 մեքենա։ Ընդ որում, հստակ էր հերթականությունը, թե որ ստորաբաժանումը երբ պիտի շարժվեր եւ ում հետեւից․ «Հաշվի առնելով հակառակորդի ինտենսիվ կրակը՝ որոշում է կայացվել ստորաբաժանումների միջեւ հեռավորությունը մեծացնելու․ նպատակը այն էր, որ հակառակորդը մեզ չհայտնաբերեր որպես շարասյուն»,– բացատրեց վկան։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հետաքրքրվեց՝ զորքի ղեկավարումը միանձնյա՞ թե՞ խմբային իրականացվող գործընթաց է։ – Միանձնյա, եթե կա հրամանատար,– պատասխանեց վկան։ – Իսկ եթե չկա՞։ – Ֆորսմաժորային իրավիճակները գրքերում, որպես այդպիսին, չկան, եւ այնպես չէ, որ հնարավոր է լինում միշտ կանոնագրքերով շարժվել։ Եթե դրանով շարժվեինք, ստորաբաժանումների միջեւ հեռավորությունը չմեծացնեինք, գուցե էդ անձնակազմը ընդհանրապես չլիներ։ – Դուք հրամանատար եք, պարտավոր եք շարժվել օրենքով։ Պարտականությունները իրար մեջ բաշխելու ձեւաչափ եղե՞լ է։ – Ըստ Կանոնադրության՝ ոչ, բայց նորից եմ նշում՝ ոչ բոլոր իրավիճակներն են համապատասխանում կանոնագրքին։ Եթե համապատասխանեին, ես Մեղրիի զորամասից ընդհանրապես չպիտի հասնեի Ջրական,– նշեց վկան։ Ի՞նչ հրահանգավորում է եղել օդային հարձակման վերաբերյալ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ երբ մի քանի մեքենայով հասել են նախանշված վայր եւ սկսել խրամատավորվել, իր հետ կապ է հաստատել Անդրանիկ Վերանյանը եւ հայտնել, որ ԻՍՎ–ի մեքենան խոցվել է։ Ինքն էլ ենթադրել է, որ շարասյունը, որպես այդպիսին, հայտնաբերվել է․ «Քանի որ ԻՍՎ–ի մեքենան շարասյան մեջ 7-8–րդ մեքենան պիտի լիներ, խնդիր դրեցի, որ մյուս բոլոր ստորաբաժանումներն առաջ չգան, թողնեն մեքենաները եւ պատսպարվեն։ Ես վստահ էի, որ ԻՍՎ-ն խոցվել է շարասյան մեջ, իսկ այդ դեպքում բոլորը կխոցվեին»,– ասաց նա։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 10-ի մոտակայքում, Հարությունյանը տեղեկացել է, որ ԻՍՎ–ի մեքենան եղել է իրենից ոչ թե 7-8 մեքենա հետ, այլ 40 կմ հետ՝ շարասյունից դուրս․ «Երթից առաջ ինձ կամ ինձ հայտնի մարդկանց ԻՍՎ ղեկավար կազմը հարց չէր բարձրացրել, որ ունեն վառելիքի խնդիր, իսկ հետագա հարցուփորձի ընթացքում նշվել է, որ մեքենան դուրս է եկել շարասյունից լիցքավորում կատարելու համար․․․ Եթե նույնիսկ ԻՍՎ–ն հետո ուզեր դուրս գալ եւ հասնել շարասյանը, չէր կարողանա, որովհետեւ նախ ոչ ոք տեղամասին ծանոթ չէր, ուղղակի գիտեին ուղղությունը, հետո էլ շարասյունն արդեն հասել էր առաջնագծի վայր»։ Նրա խոսքով՝ քանի որ ինքն էլ ճանապարհը չի իմացել, իրեն՝ որպես առջեւից գնացողի, ուղեկցել է սպա Արտակ Մաղսուդյանը, որը, սակայն, Իշխանաձորի տարածքից լքել է իրենց՝ ձեռքով–ոտքով բացատրելով մնացած ճանապարհը։ Թե ինչ պատճառով եւ ուր է նա գնացել, վկան չգիտեր․ «Պլանշետով բացել եմ քարտեզը, տեսել եմ, որ դա հանդիսանում էր հիմնական ճանապարհ, եւ քանի որ հակառակորդը խոցում էր հիմնական բոլոր ճանապարհները, որոշել եմ անձնակազմին այլ ճանապարհով դուրս բերել։ Որպեսզի բարձր արագությունը պահպանվի եւ ոչ ոք չմոլորվի, ամեն կասկածելի տեղում իմ հետեւից եկող հետախուզական վաշտից մեկական զինվոր իջել է, ապահովել զորքի արագ անցումը»։ Մեղադրող Հայկ Մարգարյանը հետաքրքրվեց՝ մինչ մեկնելը ի՞նչ հրահանգավորում է եղել օդային հարձակման վերաբերյալ։ Ի պատասխան վկան հայտնեց․ «Մինչեւ պատերազմական գործողությունը խնդիրը դրվել էր այն ձեւով, որ օդային հարձակման դեպքում պետք է մեծացնել մեքենայի արագությունը, քանի որ ԱԹՍ–ն մեծ արագությամբ մեքենաներին չէր հարվածում (մենք 50-60 կմ/ժ–ից ոչ պակաս ենք վարել), բայց ընդունված էր նաեւ, որ եթե հնարավոր չէր բարձր արագությամբ վարել, ուրեմն՝ պիտի դուրս գալ մեքենայից եւ կրակել ԱԹՍ–ի վրա․․․ Ես եմ պտտվել բոլոր ստորաբաժանումներով, դուխ տվել մեր տղերքին, հրահանգավորել․․․ Սակայն հոկտեմբերի 5-ին, երբ մարտի դաշտում էինք, մի դեպք է եղել, երբ մեր ու Վայքի զորամասերի անձնակազմը սկսել է կրակել ԱԹՍ–ի վրա, ու դրա պատճառով մոտ 10 հոգուց ավելի զոհ ենք ունեցել (նոր անձնակազմի ամեն 4–րդ փամփուշտ լուսածրող էր, հետեւաբար եթե հակառակորդը նկատած էլ չլիներ, խմբով կրակելու դեպքում ԱԹՍ–ն տեղը հայտնաբերում էր ու խոցում)։ Դրա համար այս երթից առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ստորաբաժանումների ղեկավարներին խնդիր է դրվել ճանապարհին մեծացնել արագությունը (քանի որ ճանապարհը մեծամասամբ հարթավայր էր) եւ խուսափել ԱԹՍ–ի հետ հանդիպելուց, իսկ ԱԹՍ–ի վրա կոնկրետ կրակ չբացել՝ այդ վատ փորձը հաշվի առնելով։ Նման ցուցում իջեցվել էր նաեւ ԳՇ պետի համապատասխան կարգադրությամբ»,– հայտնեց վկան՝ չհիշելով ցուցումի օրը։ Նրա այս հայտարարությունը զարմացրեց տուժողների իրավահաջորդներին․ – Ի՞նչ եք ասում․ 4-րդ տարին է՝ դատավարությունը գնում է, նման բան չի հնչել,– նշեցին զոհված զինծառայողների հարազատները։  Մեղադրողը խնդրեց բացատրել՝ ինչպե՞ս է, որ նախորդ դատական քննության ժամանակ՝ առնվազն մեկ տարի առաջ հարցաքննվելիս, նա ԳՇ պետի այդ կարգադրության մասին ոչինչ չի հայտնել։ Վկան բացատրեց՝ նախորդ նիստը այդտեղ ընդհատվել է, բացի այդ, քրեական այլ գործերի շրջանակում որոշ փաստաթղթեր վերանայել է, հավելյալ ուսումնասիրել։ Մեղադրողն արձագանքեց՝ դեպքին ականատես եւ ողջ մնացած 2 անձինք իրենց ցուցմունքում նման բան չեն նշել։ ԻՍՎ անձնակազմը եղե՞լ է երթի մեջ թե՞ ոչ Մեղադրող Հայկ Մարգարյանը մեջբերեց Մարտական կանոնագրքի այն նորմը, ըստ որի՝  օդային հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է․ – Արդյո՞ք հանգուցյալ Տարոն Նիկողոսյանը ճիշտ որոշում չէր կայացրել երթը չշարունակելով՝ այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս։ – Եթե ես ներկա չեմ եղել, չեմ կարող ասել՝ ճիշտ էր թե ոչ։ Եթե շարժվում ենք Կանոնագրքով՝ գրված է «որպես կանոն», այսինքն՝ չպիտի կանգնի, բայց լիքը բան կախված է իրավիճակից։ – Ոչ, «որպես կանոն»-ը նշանակում է, որ սա իմպերատիվ պահանջ չէ, այսինքն՝ կարող է եւ չշարունակվել։ Լավ, չեմ հարցնում՝ ճիշտ էր թե սխալ, Տարոն Նիկողոսյանի գործողությունը իրավաչա՞փ էր, իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու։ – Ըստ Կանոնագրքի՝ երթը ստորաբաժանման կազմի տեղաշարժն է, այսինքն՝ մենակով երթ չի լինում։ Եթե ԻՍՎ–ն դուրս է եկել երթակարգից, բայց Դուք մեջբերում եք երթի կանոններ, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Եթե մեքենան երթի մեջ լիներ, կարող էի ասել, եթե երթի մեջ չէ, ուրեմն՝ երթ չի կատարում։ – Այսինքն՝ իր վրա չէի՞ն տարածվում Կանոնագրքի կաննոները։ – Չեմ կարող ասել։ Ոչ մի տեղ չկա գրված՝ եթե մենակ հայտնվել ես այդ իրավիճակում, ինչ պիտի անես, առնվազն ինձ հայտնի չէ,– պատասխանեց վկան։ Հարցաքննության ժամանակ քննարկման առարկա դարձավ նաեւ զոհված զինծառայողի հոր՝ Հարություն Օհանյանի դեպքի վայրում գտնվելու հանգամանքը։ Փոխգնդապետը հայտնեց, որ Օհանյանի՝ իր մեքենայով շարասյանը միանալու մասին իմացել է դեպքից օրեր անց միայն․ «Երբ հարցրել եմ՝ ո՞նց է, որ ԻՍՎ պետը ողջ է մնացել, քանի որ ինքն էլ պիտի այդ մեքենայում լիներ, նշվել է, որ նա գտնվել է զինվորի հոր մեքենայում»,– ասաց վկան՝ հավելելով, որ իրեն հայտնի չէ, թե ով է Օհանյանին որդուն տեսակցելու թույլտվություն տվել։ Ձախից՝ մեղադրող դատախազը, տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը եւ մյուս ծնողները Օհանյանը մանրամասնեց՝ երբ ինքը ժամանել է, վկան «Վիլիս»-ի մեջ քնած է եղել․ «Նրան զեկուցել են, նա էլ, քնած–քնած, հարցրել է՝ ով է, ինչ է, ասել են, ասել է՝ ճշտեք՝ ով է, թողեք գնա, տղերքը ճշտել են, տեսել են, որ ծնող եմ, դիվերսանտ չեմ, ուտելիքը իրենց աչքի դեմը հանել եմ, ինձ տարել են էրեխեքի մոտ»։ – Ես, ինչքան գիտեմ, մի քանի վկաներ դա ասել են, եւ արձանագրվել է, որ տեսել են՝ քնած եմ եղել, ուրիշից են թույլտվություն հարցրել։ Ոչ մի հրամանատար բարոյական առումով ծնողին չէր արգելելու որդուն տեսակցել, բայց դա չէր նշանակում, որ պիտի մեքենադ խոդ տայիր, ընկնեիր «Ուրալ» դեմից գնայիր,– վրդովվեց վկան։ – Բա գնայիր, հաց բերեիր, ես էի 3 կմ գնում, հաց բերում։ էդ էրեխեքը 3 օր հաց չէին կերել․․․ Դուք խաբար չեք եղել էդ էրեխեքից,– ի պատասխան՝ զայրացավ Հարություն Օհանյանը։ Կողմերին հանդարտեցնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց։  Մեքենայի կայանած տարածքում զինամթերքի պահեստ կա՞ր թե՞ ոչ Ցուցմունք տալիս վկա Հարությունյանը հայտնեց, որ ԻՍՎ մեքենան կայանվել է այն հատվածում, որտեղ գտնվում էր 1-ին բանակային կորպուսի զինամթերքի պահեստը՝ կուտակված մեծ թվով զինամթերքով։ Վկայի այս հայտարարությունը դարձյալ հարցեր առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ․ – Դուք անձամբ զինամթերք տեսե՞լ եք,– հարցրին նրանք։ – Տեսել եմ։ Ես անցնելիս գիտեի, որ այդտեղ զենքի պահեստ կա, դժվար չէ դա փաստաթղթերով ապացուցել․․․ Այդ «Ուրալ»–ը առաջին անգամ խոցվել է, երբ կանգնած է եղել պահեստի մոտ, երկրորդ անգամ՝ օրեր հետո՝ դարձյալ նույն տեղում, այսինքն՝ հավանականությունը մեծ է, որ հակառակորդի հիմնական նպատակը [եղել է] տվյալ զենքի պահեստը կամ խաչմերուկը․․․ Դա շատ կարեւոր խաչմերուկ էր․ մի կողմով տանում էր դեպի մատակարարման ուղիներ, մյուս կողմով՝ դեպի առաջնագիծ։ – Ես Ձեզ ճշտված ասում եմ՝ 1-ին բանակային կորպուսից  2021 թ ստացված տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկի հատվածում զինամթերքի պահեստ չի եղել, սա մեկ, եւ երկրորդ, 4-րդ բանակային կորպուսից ստացված գրության համաձայն՝ Իշխանաձոր գյուղի, մասնավորապես Ջրական տանող խաչմերուկի հատվածում զինամերթ, պայթուցիկ նյութեր կամ պահեստ լինելու վերաբերյալ տվյալներ հաշվառված չեն, տեսանելի են եղել զինամթերքի արկղեր, սակայն դրանց տեսակի եւ քանակի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ձեր զորամասը 4–րդ բանակային կորպուսի ենթակայության տակ էր, իսկ խաչմերուկը՝ 1-ին։ Հիմա Դուք ո՞նց եք պնդում, որ զինամթերք է եղել։ – Պնդում եմ, որովհետեւ անձամբ եմ տեսել․․․ Ինչքան գիտեմ կա եւ փոխանցվել է տենց տեսանյութ, որտեղ երեւում է այդ ամենը։ – Չկա նման տեսանյութ, մենք ճշտել ենք բանակային երկու կորպուսներից։ Պահեստ չի եղել, այլ բան է, որ եղել են արկղեր։ – Եթե զինամթերքի արկղեր են, զինամթերքն էլ պահվում է արկղերում, հետեւաբար եթե արկղերը այդտեղ դարսված, կեսն էլ նավեսի տակ․․․ Ուրիշ ենթադրություն անել չի լինում․․․ – Կներեք, բայց «եթե կլոր է, ուրեմն՝ նարինջ է» տրամաբանությամբ չենք շարժվում․․․ Դա պաշտոնապես է ասվել, ենթադրությամբ չէ, իսկ արկղեր կարող էին բերել, դնել։ – Քանի որ տեղակայված են եղել արկղեր, ես 99 տոկոսով պնդում եմ,- ասաց վկան՝ նշելով նաեւ, որ բանակային կորպուսներից ստացված պատասխաններն իր համար հիմք չեն։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Նրա այս արտահայտությունը դարձյալ վրդովեցրեց դատավարության մասնակիցներին․ «Վկան պարբերաբար վկայակոչում է՝ կարող եք ճշտել, դժվար չէ ճշտել եւ այլն․․․ Ես հրապարակել եմ դատարանում հետազոտված պաշտոնական փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է, որ տվյալ օրը տվյալ տարածքում զինամթերքի պահեստ չի եղել, իսկ վկան դատարանում ասում է՝ դա հիմք չէ։ Խնդրում եմ հաշվի առնել, որ խոսքը փոխգնդապետի մասին է, որը անտեսում է բանակային կորպուսների հրամանատարների գրած, ստորագրած փաստաթղթերը»,– դիմելով դատարանին՝ հայտարարեց դատախազ Հայկ Մարգարյանը։ Ինչու՞ անձնակազմը չէր բավականացնում Ցուցմունք տալիս վկան ասաց, որ 30-40 կմ–անոց ճակատի վրա 1000 հոգուց ավելի չէին, իսկ հետեւի գյուղերում 40 հազարից ավելի «վայ զինվորականներ» էին, որոնք խնդիր չէին կատարում․ կամ փախչում էին, կամ հրաժարվում։ Դահլիճում գտնվողներին զայրացրեց վկայի հնչեցրած թիվը․ – Այդ 40 հազարը որ ասում ես, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ թիվ է։ Համ բանակին ես կպնում, համ ազգին։ – Երբ Հայաստանը պիտի կտրեին մեջտեղից, ազգից հետս 27 հոգի մարդ է եղել, էդ իմացեք․․․ Ես ազգին չեմ կպնում, ազգի շատ մարդկանց եմ կպնում, որոնք կարող էին գալ, էնտեղ կանգնելլ, որ մենք երկրորդ անգամ չգնայինք, քանի որ նոր էինք մարտից դուրս եկել, – ասաց վկան՝ մանրամասնելով, որ իրենց ժամանակ էր տրվել ոտքի կանգնելու համար, բայց առաջնագծում ստորաբաժանումների սակավության, փախուստների պատճառով առաջնագիծը համարյա թե դատարկ էր մնացել,– դրա համար հոկտեմբերի 9-ին կրկին մեզ խնդիր տրվեց, ասվեց, որ բավականին հանգիստ ուղղություն է, կրակոցներ չկան, պաշտպանության անցնելուն զուգահեռ հնարավորություն կլինի հանգստանալ, բայց փորձը ցույց տվեց, որ հենց հաջորդ օրը այդ ուղղությամբ պատերազմի ընթացքում երեւի երկրորդ գլխավոր հարվածն է հասցվել։ – Քո նման տղերքը մեր ճժերու գլուխը կերան,– լսվեց դահլիճից։ – Հոկտեմբերի 20–ին, երբ հակառակորդը հարձակվել է Մեղրիի վրա, իմ որոշումն է եղել ժամկետային կազմով գնալ ու փակել հակառակորդի ճանապարհը (քանի որ ՄՈԲ–ի վրա հույս դնել հնարավոր չէր), որ չմտնի Մեղրին գրավի, կպցնի Նախիջեւանին․․․ Ամսի 5-ի երեկոյան, երբ գումարտակը չէր կարողանում մարտ վարել, կրակը շատ էր ինտենսիվ, վիրավորներն էլ շատ էին, ես եմ գումարտակին իջեցրել ներքեւ, մի գումարտակի տարածքում՝ առաջնագծում, մենակով եղել, հետո ընթացքում եմ կանչել մոտս․․․ Եթե իմ մասին կարծիք եք ուզում, սա էլ՝ ի գիտություն․․․ Եթե ամեն մեկդ մի հոգու ցավ եք քաշում, իմացեք, որ 71-ն էլ իմ ցավն է․ ես ամեն մեռնողի հետ մեռել եմ, ամեն վիրավորի հետ՝ վիրավորվել,- նշեց փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը։ Նրա հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 23-ին։   Միլենա Խաչիկյան
23:15 - 09 սեպտեմբերի, 2024
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին |civilnet.am|

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին |civilnet.am|

civilnet.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահը հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։ «Լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լսել ենք պաշտոնյաների։ Պարտության պատճառները բազմաբնույթ են և բազմաշերտ։ Ինչ հնարավոր է եղել, արձանագրվել է, ինչը հնարավոր չի եղել, համապատասխան մարմիններին հնարավորություն է տալիս շարունակելու այնտեղ եղած փաստերի արձանագրման հիման վրա գործողություններ»,- ասել է նա։ Քոչարյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատերազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մեկտեղելն էր։ 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։
11:37 - 06 սեպտեմբերի, 2024
«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա Արման Նուրիջանյանի հարցաքննությունը։ Նուրիջանյանն այն անձն է, ում վստահված է եղել Քիմիկների զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Ըստ վկայի՝ իրեն ասել են, թե զորախումբը տեղյակ է՝ որտեղ պիտի տեղակայվեր Նախորդ նիստին Արման Նուրիջանյանը հայտնել էր, որ իր անմիջական հրամանատար Արման Մանուչարյանն է իրեն կարգադրել Քիմիկների զորախմբին ուղեկցել՝ ասելով, որ նրանք տեղակայման վայրը գիտեն, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Այս դրվագի վերաբերյալ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն այսօր հարցեր հղեց վկային․ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Եթե տեղակայման վայրը գիտեին, ապա որպես ուղեկցող Ձեզ նշանակելու իմաստն ու տրամաբանությունը ո՞րն էր։ – Դեպի Զանգելան ճանապարհ ցույց տալը։ – Ի՞նչ է նշանակում ճանապարհ ցույց տալ։ – Աջ ու ձախ չգնալ, չշեղվել։ – Այդտեղ կա՞ր ուրիշ ճանապարհ։ – Այո։ – Եթե Ձեզ նշանակում են ուղեկցող, ուրեմն՝ տեղյակ չեն ե՛ւ ճանապաարհին, ե՛ւ տեղակայման վայրին։ – Ես չգիտեի՝ իրենք տեղյակ են թե չէ, ինձ ասել են՝ նրանք տեղյակ են, թե որտեղ պետք է տեղակայվեն։ Ես ընդամենը պետք է ճանապարհ ցույց տայի։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ լավ հասկացած չլինի կարգադրությունը, վկան բացասական պատասխան տվեց։ Թե կոնկրետ ովքեր էին տեղյակ, ըստ վկայի, չի ասվել։ – Ու Դուք չեք էլ հարցնո՞ւմ՝ ով գիտի եւ որտեղ պետք է կանգ առնեք։ – Դե, լոգիկայով՝ իմ կողքին նստած սպան պիտի իմանար (խոսքը Փնջոյանի մասին է, որը դեռ չի հարցաքննվել,–հեղ․)։ – Իսկ Դուք պարտավոր չէի՞ք ճշտելու Ձեզ վերապահված կարգադրության ամբողջ բովանդակությունը, այդ իմացողներն ո՞վքեր էին,– հարցրեց Դավիդյանը։ –  Ոչ, պարտավոր չէի, որովհետեւ իմ հրամանատարին վստահում էի,– պատասխանեց վկան։ Դատավորն էլ հետաքրքրվեց՝ իր կողքին նստած հրամանատարը ի՞նչ տպավորություն է թողել իր վրա․ – Ռեմբոյի,– պատասխանեց վկան,– այնպես էր խոսում, ոնց որ 20 րոպեից Զանգելանը վերցնում ենք․․․ Զանգելանի երկու կողմից հայկական գյուղեր են, ասում էր՝ գիշերը մերոնք իջել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք։ Նուրիջանյանը հերքում է մյուս վկաների խոսքերը Արման Նուրիջանյանի խոսքով՝ կոնկրետ Կիրի հանքում իջնելու մասին իրեն ոչ ոք ոչինչ չի ասել։ Պաշտպան Դավիդյանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու վկաներ՝ շտաբի պետ Վարդան Ալեքսանյանն ու առաջին ուղեկցող Համբարձում Փարամազյանը ասել են, թե Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ նշվել է այդ մասին․ Դատավոր Սարգիս Դադոյանը – Ստում են,– հայտարարեց վկան,– ինձ ոչ ոք նման բան չի ասել, մանավանդ՝ Ալեքսանյանը, ես նրան կատեգորիկ չեմ տեսել, դեպքից հետո եմ տեսել միայն։ – Բոլորը ստում են, Դուք ճի՞շտ եք ասում,– ճշտեց դատավորը։ – Ինձ հրաման տվողն ասել է՝ ես ինչ պիտի անեմ, ես արել եմ,– ասաց վկան։ Ըստ Նուրիջանյանի՝ օգնության մեկնած զորքը եւս շրջափակման մեջ է ընկել Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը խնդրեց հիշել՝ մեկնելուց առաջ, երբ հանդիպել են իրար, ինքն ի՞նչ է ասել․ –  Հարցրել եք՝ տեղյա՞կ ես ճանապարհից, ասել եմ՝ հա։ – Հարցրել եմ՝ դու գիտես՝ ուր պիտի տանես, չէ՞։ – Չէ, «գիտես՝ ուր պիտի տանես»–ը ուրիշ բան է, «ճանապարհն իմանալ»–ը՝ լրիվ ուրիշ բան։ – Կհիշե՞ս խոսակցություն, որ երբ հակառակորդին տեսանք, ասացին՝ հրամանատար, մի կրակիր, կարողա մերոնք են։ – «Հրամանատար»–ը չեմ հիշում, բայց երկու տարբերակն էլ ասվել է՝ եւ որ մերոնք են, եւ որ կարողա զասադ է։ Այդ զասադ բառի վրա սկսել են կրակել։ – Այսինքն՝ եղել է նման խոսակցություն։ Արման Նուրիջանյանի խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․  «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր,մահեր․․․» Պաշտպան Ամրամ Մակինյանի հարցին, թե ինքը որտեղի՞ց գիտի այդ մասին, վկան պատասխանեց՝ ներկա է եղել, երբ մեկնել են։ Նուրիջանյանը հայտնեց նաեւ, որ ինքը սկսել է կրակել, երբ հակառակորդի հարվածից սպա է զոհվել։ Սպայի զոհվելու մասին նրա հայտարարությունը զարմացրեց տուժողների իրավահաջորդներին, ըստ որոնց՝ այդ մասին առաջին անգամ են լսում։ Հայկ Եղիազարյանը Տուժող կողմից Հայկ Եղիազարյանը խնդրեց հիշել՝ հայկական կողմից ի՞նչ արձագանք է եղել ադրբեջանական ալիքներում հրապարակված այն տեսանյութին, որում երեւում է, թե ինչպես են Զանգելանի դպրոցի բակում իրենց դրոշը կանգնեցնում։ Վկան ասաց՝ լսել է, որ ասել են, թե դա կեղծ տեսանյութ է։ – Ի վերջո, գնացիք, ընկաք այդ իրավիճակի մեջ, ըստ Ձեզ՝ կե՞ղծ էր թե՞ ոչ։ – Ոչ։ – Մեղավորն ո՞վ է։ –  Հրամանատարական կազմը․․․ Հենց տենց վերադասության կարգով իջնելով։ – Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանը մեղավո՞ր են։ – Ես իրենց չեմ իմացել․․․ Եթե իրենք են եղել հրամանատար, մեղավոր են,– պատասխանեց վկան։   Միլենա Խաչիկյան
22:59 - 03 սեպտեմբերի, 2024
Նահանջի հրաման եղե՞լ է թե՞ ոչ․ հակասություններ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի ցուցմունքներում

Նահանջի հրաման եղե՞լ է թե՞ ոչ․ հակասություններ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի ցուցմունքներում

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, սկսվել է փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով վկաների հարցաքննության փուլը։  44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Այժմ Դատախազությունը նրան մեղադրում է առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմին բնագիծը թողնել հրամայելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելով`  Հադրութի ուղղությամբ նահանջելու մեջ։ Փոխգնդապետը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկ դատարան էր ներկայացել պատերազմի ժամանակ նրա տեղակալ, շտաբի պետ Կոլյա Դավթյանը, որը մինչ Գաբրիելյանի ռազմաճակատ մեկնելը ժամանակավորապես իրականացրել է նաեւ գումարտակի հրամանատարի պարտականությունները։  Ի՞նչ ցուցում է տվել վերադաս հրամանատարությունը Կոլյա Դավթյանի ողջ հարցաքննությունն ընթացավ՝ պարզաբանումներ ստանալով․ վկան բազմաթիվ հանգամանքներ չէր հիշում, դատավարության մասնակիցների հարցերին տալիս էր իրարամերժ պատասխաններ։ Այդ հակասություններով պայմանավորված՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ 2022 թ․ դեկտեմբերի ցուցմունքում վկան հայտնել էր, որ բնագիծը թողել են այն պատճառով, որ Հովիկ Գաբրիելյանը խոսել է կորպուսի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ (զոհվել է,–հեղ․), խնդրել սնունդ, միջոցներ դիմակայելու համար, ինչը, սակայն, իր հասկանալով, այդ պահին հնարավոր չի եղել․ «Որքան հասկացա խոսակցությունից, շտաբի պետը միգուցե ասում էր՝ ամեն գնով պահեք, մինչեւ կհասնենք, բայց դրանից 4-5 ժամ հետո Գաբրիելյանի հրամանով դուրս եկանք բնագծից»,– ասել էր վկան՝ հավելելով, որ դուրս են եկել հոկտեմբերի 5-ին՝ կեսգիշերնանց՝ ժամը 1-2-ի մոտակայքում։ Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Ի՞նչ բնույթի խոսակցություն էր գնում, որ նման կերպ հասկացաք,– հարցրեց մեղադրողը։ – Որ զեկուցել է, դրանից հետո պարոն Գաբրիելյանը ասել է՝ առայժմ մնում ենք տեղում, ինձ թվում է՝ դրանից եմ եզրակացրել, որ նման խոսակցություն է եղել,– ասաց վկան։ Վկայի այս պատասխանը վրդովեցրեց նախագահող դատավորին․ – Խնդիրն էլ հենց այն է, որ նախաքննական ցուցմունքում չեք ասել, թե Հովիկ Գաբրիելյանի խոսքից եք դա հասկացել։ Ձեր գրածի երեսից մարդն այսօր կալանքի տակ է։ Ձեր ցուցմունքի հիման վրա կարող է դատապարտվել, հետո [գործը] գնա Վերաքննիչ դատարան, ասեք՝ Առաջին ատյանի դատարանում դա չէինք ասում։ Հո մանկապարտե՞զ չէ, հարգելի՛ Դավթյան,  սուրճի շուրջ զրույց չէ։ Մի քանի նիստ է՝ Ձեզ բացատրում ենք, որ մարդկային ճակատագրեր են որոշվում։ Ո՞վ է Ձեզ ստիպել այդպես գրել, – ասաց դատավոր Վարդգես Սարգսյանը։ – Պարոն դատավոր, բաներ կան, որ զրուցում ենք, վերհիշում եմ։ – Հիմա քննիչի՞ մոտ ցուցմունք տալիս էր Ձեր հիշողությունը ավելի լավ թե՞ դատարանում ցուցմունք տալիս։ – Չեմ հիշում, պարոն դատավոր։ – Եղե՞լ է որեւէ հանգամանք, որ քննիչը ստիպի, ասի՝ այսպես գրի, որովհետեւ ես եմ այդպես ուզում, որովհետեւ Գաբրիելյանին պիտի կալանավորենք, Գաբրիելյանի գործը պիտի գնա դատարան։ – Չէ, ստիպողաբար չի եղել, բայց․․․ – Այս հանգամանքը, որ նշել եք, Ձեր կամքո՞վ եք նշել։ – Ճիշտն ասած՝ այդ հարցաքննությունն էլ չեմ հիշում։ Դատավորի ցուցումով վկային ցույց տվեցին հարցաքննության արձանագրությունը՝ ճշտելու՝ ի՞նքն է ստորագրել դրա տակ թե՞ ոչ։ Վկան, աչքի անցկացնելով, ասաց՝ իր ստորագրությունն է։ Կոլյա Դավթյանն ասում է՝ նահանջի հրաման անձամբ չի լսել Ստացվում է, որ նախաքննության ժամանակ վկան մեղադրյալի դեմ է խոսել՝ նշելով, թե վերադաս հրամանատարությունից ասել են՝ ամեն գնով [բնագիծը] պահեք, մինչեւ օգնություն հասնի, սակայն ժամեր անց Գաբրիելյանի հրամանով նահանջել են։ Մինչդեռ նախորդ դատական նիստին մեղադրյալի օգտին է խոսել, պաշտպանի հարցին ի պատասխան պնդել՝ երբ Գաբրիելյանը երկրորդ անգամ է զեկուցել, վերադաս հրամանատարությունից ասել են՝ ինչ ուզում եք, արեք․ այդտեղ եկող չկա։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի այս հակասությունը, վկան դարձյալ կրկնեց՝ բաներ կան, որ լավ չի հիշել, ընթացքում է մտաբերում։ Դատավորը դարձյալ միջամտեց․ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը – Գաբրիելյանը մեղադրվում  է հրաման չկատարելու մեջ, մեղադրական եզրակացության մեջ ներկայացված նյութերը առերեւույթ վկայում են այն մասին, որ նա զեկուցել է, որ ի վիճակի չեք, այնտեղից ասել են՝ չէ, պիտի պահեք, նա էլ պաշտոնեական դիրքը ենթադրաբար չարաշահել է։ Հիմա՝ Գաբրիելյանի՝ երկար ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո, Կոլյա Դավթյանը լուսավորվել է, դատարանում հիշել է․․․ Հիմա ըստ Ձեզ՝ դա կարեւո՞ր հանգամանք է թե՞ ոչ, կարո՞ղ էր էական նշանակություն ունենալ մեղադրանքը հիմնավորելու կամ հերքելու, խափանման միջոց ընտրելու տեսանկյունից։ – Կարեւոր հանգամանք էր, պարոն դատավոր, ուղղակի ասում եմ էլի, խոսելով վերհիշում եմ,– պատասխանեց վկան։ Նա չկարողացավ մտաբերել՝ «ինչ ուզում եք, արեք» արտահայտությունը հնչել է ռադիոկապո՞վ թե՞ հեռախոսային խոսակցություն է եղել, սակայն դատախազի հարցին ի պատասխան՝ ասաց՝ անձամբ վերադասի ձայնը չի լսել։ Բազմաթիվ ճշտող հարցերից հետո ասաց նաեւ՝ նահանջի հրամանն էլ անձամբ չի լսել, սակայն պնդեց՝ Գաբրիելյանը զեկուցել է․ – Ըստ կանոնադրության՝ նահանջը կատարվում է բացառապես ավագ պետի հրամանով,– ընդգծեց մեղադրողը՝ կրկնելով հարցը,– անկախ զեկույցից՝ նահանջի հրաման եղել է ավագ պետից։ – Ես անձամբ չեմ լսել,– պատասխանեց վկան։ Բնագծի ուղղությամբ գրոհ եղե՞լ է թե՞ ոչ Նախաքննության ժամանակ վկան քննիչին հայտնել է, որ դիմացի գյուղում տեսել է հակառակորդի հետեւակ, բայց որ այն իրենց ուղղությամբ շարժվի, չի նկատել։ Մեղադրողը հարցրեց՝ կարո՞ղ է դատարանում հաստատել այս հանգամանքը։ Վկա Կոլյա Դավթյանը – Անմիջապես մեզ վրա չի եղել, կուտակումներ տեսել ենք՝ հետեւակ, ուրալ, տեխնիկա,– պատասխանեց վկան։ – Գյուղը բնագծից որքա՞ն հեռավորության վրա էր։ – Մոտավորապես 1–1․5 կմ։ – Այդ դեպքում եթե ձեր ուղղությամբ գրոհ չի եղել, ինչո՞ւ եք թողել բնագիծը։ – Պարոն դատախազ, բազմիցս նշել եմ՝ կուտակումներ եղել են․․․ Զորքի վիճակը, ընկճվածությունը, եղանակային պայմանները, աջակցություն չունենալը, նմանատիպ խնդիրներ,– պատասխանեց վկան։ – Դուք նշել եք, որ Կոռնետ օգնության է հասել եւ տանկեր խոցել։ Դա աջակցություն չէ՞։ – Այդ պահին է հասել, բայց հետո եղանակային պայմանները վատացել են, այդ ժամանակ ոչ ոք գիշերային տեսանելիության սարքեր եւ այլն, եւ այլն․․․ – Իսկ հակառակորդի համար նույն եղանակային պայմանները չէի՞ն։ – Նույնն էին, բայց անձնակազմի քանակ, տեխնիկայի քանակ անհամեմատելի էին։ Մեղադրողը հիշեցրեց վկայի խոսքերը, որ վերջին անգամ տանկային գրոհ եղել է երեկոյան 5-ի սահմաններում, իսկ մինչեւ նահանջը տանկեր այլեւս չեն եղել ոչ աջից, ոչ ձախից։ Դատարանում վկան պարզաբանեց՝ խոցվել էին ոչ բոլոր տանկերը, այլ 2-ը, թե մյուս 3-ը որ կողմ են գնացել, իրենք չեն նկատել։  Վկային հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը Վկա Կոլյա Դավթյանին հարցեր հղեց նաեւ պաշտպանական կողմը։ Հիշեցնելով վկայի խոսքերը, որ հակառակորդը սեւ շորերով մտել է բնագիծ, եկել իրենց ուղղությամբ՝ Հովիկ Գաբրիելյանը հարցրեց․ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը – Քո բառերը չե՞ն։ –Հա, պարոն Գաբրիելյան, ես ասել եմ, որ կուտակումներ եղել են։ – Բա դատախազը հարց է տալիս, հարգարժան ծնողը իմ աչքերին է նայում, դու պիտի ասես դա․․․ Այսինքն՝ հակառակորդը ինչքա՞ն էր հեռու մեզնից։ – Մոտ 1 կմ։ – 500մ․․․ Լավ, 1 կմ, համաձայն եմ։ Մեզնից ներքեւ ինչքա՞ն զորք էինք նկատում։ – Շատ էր․․․ 500-ից ավելի հաստատ նկատել եմ,– պատասխանեց վկան։ – Կա՞ մի հոգի, որին կարող էինք ասել Ֆագոտի արկ բերեր մեզ։ – Չէ, հնարավորություն չի եղել։  – Դավթյան, Աստված վկա, ես որ զեկուցել եմ, ինձ մոտ ես եղել, այսքանի մոտ ճակատս բաց ասում եմ,  վերջին բառերը ինչ են ինձ ասել, ես ուզում եմ ճիշտն ասես։ – Ես չեմ ուզում՝ լավ չհիշելով․․․ – Հիշո՞ւմ եք վերջին բառերը թե՞ ոչ, –միջամտեց դատավորը։ – Շտաբի պետի խոսքն է եղել՝ ինչ ուզում եք, արեք։ – Հերիք եղավ, կամ ճիշտը պատմեք, կամ գնացեք,– զայրացավ Գաբրիելյանը։ – Մի ճնշեք վկային,– նշեց դատավոր Սարգսյանը։ Հանրային մեղադրողը ճշգրտող հարց տվեց․ – Դուք քիչ առաջ չհիշեցիք՝ այդ խոսակցությունը եղել է ռադիոկապով թե հեռախոսով։ Եթե չեք լսել Գեղամ Գաբրիելյանի ձայնը, ո՞նց եք պնդում, որ ասել է՝ այդտեղ եկող չկա։ – Խոսակցությունից, իրավիճակից, պարոն դատախազ․․․– ասաց վկան։ – Ո՞նց կարելի է մի բան լսել ու չլսել ասողի ձայնը։ Մեղադրողի հարցը, սակայն, մնաց անպատասխան։ Զոհված զինծառայողի հայր Հրաչիկ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ զորքի բարոյահոգեբանական վիճակը մինչ հոկտեմբերի 3-ն էլ է վատ եղել թե՞ դրանից հետո է վատացել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ մինչ այդ էլ նորմալ չի եղել, օրեցօր ճնշումը մեծանում էր։  – Այդ մասին կամ զենքերի պակասի մասին վերադաս հրամանատարությանը զեկուզե՞լ են,  – Զեկուցելը պարտադիր զեկուցել ենք, բայց․․․ – Հա կամ չէ։ – Զեկուցել ենք, բայց անմիջապես մեր ուղղությամբ գրոհ չի եղել․․․ – Ո՞ւմ եք զեկուցել։ – Կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին (նրա հարցաքննությունն իրականացվել է դռնփակ,–հեղ․) – Դուք զեկուցել եք կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի՞ն։ – Կներեք էլի, ինչի՞ վերաբերյալ եմ զեկուցել։ Վկայի ճշգրտող հարցերին դատավորը դարձյալ զայրացավ․ – Պրիմիտիվ հարց է, լավ, Դուք անհարմար չե՞ք զգում։ Սպա եք ի վերջո․․․ – Առօրյա զեկույցներ են եղել։ – Բաղդասարյանի հարցը առօրյա զեկույցների մասին չէր․․․ Գիտե՞ք՝ ինչի մասին է վկայում, որ ամեն հաջորդ հարցի պատասխանը հակասում է նախորդ պատասխանին, եւ դա արձանագրում են կողմերը․ որ այդ պատասխաններից առնվազն մեկը առերեւույթ, առաջին հայացքից իրականությանը չի համապատասխանում,– ընդգծեց դատավորը։ Վկան ցանկացավ պարզաբանել, սակայն դատարանն այլեւս թույլ չտվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին։   Միլենա Խաչիկյան  
16:16 - 03 սեպտեմբերի, 2024
Հարազատները, որոնք համաձայն չեն զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմում են ԿԽՄԿ
 |news.am|

Հարազատները, որոնք համաձայն չեն զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմում են ԿԽՄԿ |news.am|

news.am: Մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք համաձայն չեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմել են ԿԽՄԿ՝ նրանց անհետ կորածների ցուցակում ներառելու հայտով։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում։ ԿԽՄԿ տվյալներով՝ ներկայում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակներում ներառված են մոտ հազար մարդու անուններ։ Մոտ 700 անհետ կորած կա 90-ականներից, առաջին պատերազմից, եւս 300 հոգի՝ 2020-23թթ. գործողություններից։ Հարցին, թե ինչ է տեղի ունենում, եթե ծնողները համաձայն չեն ԴՆԹ հետազոտության արդյունքների հետ, չեն ընդունում իրենց որդիների զոհվելը եւ դիմում են ԿԽՄԿ նրանց որպես անհետ կորած գրանցելու համար, ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ շատ կարեւոր է հասկանալ իրական, օբյեկտիվ պատճառը, թե ինչու ընտանիքները չեն ընդունում արդյունքները։ Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել համապատասխան փորձագիտական մարմինների աշխատանքին, որպեսզի ապագայում նվազագույնի հասցվի նման դեպքերի թիվը։ Խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետեւանքներին, նշել է Ամատունին։ Նա հայտնել է, որ ԿԽՄԿ է դիմել մի քանի տասնյակ ընտանիք, որոնք համաձայն չեն ԴՆԹ-անալիզների հետ։ Երեւանի եւ Բաքվի համատեղ աշխատանքի հնարավորության մասին հարցին ի պատասխան Ամատունին հիշեցրել է, որ ԿԽՄԿ-ն չի մասնակցում բանակցություններին, բայց հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, այսինքն՝ իշխանությունների հետ երկխոսության ընթացքում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն փորձում է հարցը պահել իշխանությունների ուշադրության կենտրոնում։ ԿԽՄԿ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել գործընթացին, սակայն կարեւոր է երկրի ղեկավարության քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն առաջ ընթանա։ Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կան տվյալներ այն մասին, որ անձը գերության մեջ է, բայց Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում դա, ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ առայժմ չկա պաշտոնական հաստատում, եւ ինչ-որ բան պնդելը դժվար է։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին»,- փաստել է Զառա Ամատունին։ Նա նաեւ նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին անկախ կարգավիճակից։ «Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին»,- նշել է Զառա Ամատունին։
11:15 - 30 օգոստոսի, 2024
Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է վերադաս հրամանատարության անկազմակերպվածությունը։ Այդ մասին նա երեկ հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում։ Քիմիկների գործով Նուրիջանյանը առանցքային անձ է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Արման Նուրիջանյանն ունի վկայի կարգավիճակ։ Դատարանն արգելեց նիստի տեսանկարահանումը՝ չպատճառաբանելով իր որոշումը Նախքան վկայի հարցաքննությանն անցնելը հերթական անգամ թույլտվություն խնդրեցինք նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։ Մեղադրող կողմը առարկություն չուներ, պաշտպանական կողմը՝ եւս։ Միայն մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հայտարարություն արեց՝ ասելով, թե նախորդ նիստին իր վերաբերյալ սխալ տեղեկություն է հրապարակվել, խնդրեց դա շտկել եւ այլեւս չկրկնել․ «Եթե այդ պայմանով, ապա համաձայն ենք», - ասաց նա։ Մեր հարցը, թե ո՞ւմ կողմից է սխալ տեղեկություն հրապարակվել, մնաց անպատասխան։ Նիստից հետո պաշտպանի հետ առանձնազրույցում պարզ դարձավ, որ խոսքը մեկ այլ լրատվամիջոցի հրապարակած տեսանյութի մասին էր։ Այդ հարցին, սակայն, դատարանը չանդրադարձավ եւ որոշեց արգելել տեսանկարահանումը։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնբաց նիստի տեսաձայնագրումը թույլատրում է դատարանը` մեղադրյալների համաձայնությամբ: Անգամ համաձայնության դեպքում դատարանը կարող է արգելել տեսաձայնագրումը, եթե դա է պահանջում արդարադատության շահը։ Դատավոր Սարգիս Դադոյանը, սակայն, որեւէ կերպ չպատճառաբանեց իր այդ որոշումը․ «Լսեցիք պաշտպանի հայտարարությունը, դատարանը Ձեզ թույլատրում է առհասարակ այս նիստը լուսաբանել նկարահանման եւ ձայնագրառման միջոցով, տեսանկարահանել չի թույլատրվում եւ հարցաքննության ամբողջ ընթացքը եւս չի թույլատրվում ձայնագրել, որոշ հատվածներ կձայնագրեք»,- ասաց նա։ Նշենք, սակայն, որ ըստ Քր․դատ․օր․-ի՝ դռնբաց նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել ձայնագրում, հետեւաբար եթե նիստը դռնբաց է, ձայնագրման իրավունքը չի կարող սահմանափակվել։ Մեր ճշգրտող հարցին ի պատասխան՝ դատավորն ասաց․ «Ամբողջ նիստը կարող եք ձայնագրել, չեք կարող տեսանկարահանել»։ Այս գործով նիստերը նախկինում բազմիցս տեսանկարահանվել, անգամ ուղիղ հեռարձակվել են։ Ըստ վկայի՝ դեպքից 3 օր առաջ իմացել են, որ Զանգելանը գրավված է 40-ամյա Արման Նուրիջանյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ զինկոմիսարիատում չի հաշվառվել, ինքնակամ ներկայացել է գյուղապետարան, քանի որ գյուղական տարածքներում ինքնապաշտպանական ջոկատներ էին ստեղծվում․ – Զինվորական որեւէ կառույցից Ձեր նկատմամբ վերահսկողություն կա՞ր, սպաներ կայի՞ն,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ – Գյուղապետը միայն՝ Արթուր Մանուչարյանը, նա էր իմ անմիջական հրամանատարը,– պատասխանեց վկան։ – Նա զինվորական ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում։ –Չգիտեմ։ – Ինչի՞ց եք կարծել, որ նա է Ձեր հրամանատարը։ – Նրանից եմ զենք ստացել, նրա մոտ եմ կցված եղել, այդ ջոկատի բոլոր հարցերը նա էր լուծում։ Ձախցի՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արսեն Մարտիրոսյանը Նուրիջանյանը պատմեց, որ նախքան դեպքի օրը ինքը Կապան–Զանգելան ավտոճանապարհին տեղակայված մարտական հենակետում է ծառայություն իրականացրել, նրա խոսքով՝ «պոստ պահել»։ Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ճանապարհը վերահսկելու, ի՞նչ վտանգ կար, վկան պատասխանեց․ «Ինքնապաշտպանության համար, որ Զանգելանի կողմից չգար թշնամին»։ – Այսինքն՝ երբ Դուք հերթապահել եք, արդեն իսկ տեղեկություններ կային, որ հակառակորդը Զանգելանո՞ւմ է,– ճշգրտեց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Ես մինչեւ գնալս իմացել եմ, որ Զանգելանը գրավված է (նկատի ունի դեպքից 3 օր առաջ,–հեղ․),– պատասխանեց վկան։ – Ո՞վ է հայտնել։ – Յութուբով եմ տեսել։ – Իսկ հրամանատարության հետ քննարկե՞լ եք դա։ – Բոլորս էլ գիտեինք։ – Կիրի հանքը Զանգելանից տարբե՞ր է։ – Այո։ Կապանից Կիրի հանք մոտ կես ժամվա ճանապարհ է, հանքից Զանգելան՝ 20 րոպեի։ – Այսինքն՝ Կիրի հանքով անցնելիս ակնհայտ կլինե՞ր, որ դա է հանքի տեղանքը։ – Իհարկե, նույնիսկ փոքր երեխայի համար։ Մինչեւ հանք հասնելը՝ մի 700 մետրի վրա, շիբինը թափած էր գետնին,– պատասխանեց վկան։ Նուրիջանյանի խոսքով՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի զորքին տանի Արման Նուրիջանյանի խոսքով՝ իրենց ջոկատում եղել է 20-ից ավելի անձ։ Դեպքին նախորդող երեկոյան գյուղապետը՝ Արթուր Մանուչարյանը, եկել, հարցրել է, թե ով գիտի դեպի Զանգելան տանող ճանապարհը, ինքն ասել է, որ գիտի (մինչ այդ բազմիցս երթեւեկել է, քանի որ առաքիչ է աշխատել), եւ այդպես որոշվել է, որ ինքը պիտի զորքին ուղեկցի։ –Կասե՞ք՝ բառացի ինչ է ասել գյուղապետը,– հարցրեց մեղադրողը։ – Ասել է՝ զորք է գալու, իրենք գիտեն՝ ուր պիտի գնան, որտեղ պիտի կանգնեն, ընդամենը պետք է ուղեկցող, ճանապարհը ցույց տվող։ – Ո՞ր ճանապարհը։ – Դեպի Զանգելան․․․ Ասել է՝ իրենց կթողնես, դու կգաս։ Ջոկատի մյուս անդամները գիտեին այդ ճանապարհը թե չէ՝ Նուրիջանյանը տեղյակ չէր, ենթադրում էր, որ ինքն է հարմար թեկնածու եղել, քանի որ անձնական մեքենա է ունեցել (գյուղապետի մեքենան սարքին չի եղել)։ Պատասխանելով ուղեկցումից հրաժարվողների վերաբերյալ հարցին՝ վկան ասաց, որ գյուղապետից լսել է, որ Վարդան Ալեքսանյանն է հրաժարվել։ Հիշեցնենք՝  վերջինս այն գնդապետն է, որին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել էր կազմակերպել Քիմիկների զորախմբի ուղեկցումը։ Նախորդ դատական նիստին նա էլ իր հերթին էր հայտարարել, թե ուղեկցողի խնդիր կար, մարդիկ հրաժարվում էին։  Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը – Վարդան Ալեքսանյանը եւ Համբարձում Փարամազյանը (մյուս ուղեկցողն է,–հեղ․) դատարանում ասել են, որ Դուք ներկա եք եղել, երբ երեկոյան տեղանքի շուրջ խոսակցություն է եղել։ Նրանք հիշում են Ձեզ,– ընդգծեց մեղադրող Նավասարդյանը։ – Ես իրենց չեմ տեսել,– պնդեց վկա Նուրիջանյանը։ – Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞ւ են նման ցուցմունք տվել։ – Արդարանում են երեւի։ – Ինչի՞ց։ – Մեղադրանքից պրծնելու համար․․․ Չգիտեմ․․․ Ես չկամ տենց բաների մեջ․․․ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, իրենց չեմ հիշում։  Ըստ Նուրիջանյանի՝ լուսադեմին արթնացել է, գյուղապետի մեքենայից լիցքավորել իր «Միցուբիշի» մակնիշի մեքենան եւ ճանապարհ ընկել։ Առջեւից գնացել է ինքը, ապա՝ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը վիլիսով, որից հետո՝ զինծառայողների 3 ավտոբուսները։ Իր կողքին նստել է Փնջոյան ազգանունով մի սպա, որն էլ, ըստ վկայի, ասել է, թե Զանգելան են գնում, ոչ թե Կիրի հանք․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– նշեց վկան՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Դա, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել։  – Փնջոյանը քեզ խաբե՞լ է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Ռուդիկ Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ – Դե, փաստորեն,– ասաց վկան՝ հետագայում հավելելով, որ վերջում իր մոտ տպավորություն է եղել, թե նա էլ չի իմացել։ – Վարդան Ալեքսանյանը ասում էր՝ քեզ ասել է, որ մինչեւ հանք պիտի գնաս։ – Սուտ է ասում, ինձ նման բան չի ասել,–պնդեց վկան։ Ըստ նրա՝ նույնիսկ ոստիկանական հենակետում են կանգել, ճանապարհից իրենց մեքենան նստած ոստիկանին այնտեղ իջեցրել, սակայն դարձյալ ոչ ոք չի հուշել, որ դա է հենց այն վայրը, որտեղ պիտի կայանեին։ Ուշագրավ է, որ նախորդ նիստին վկա Վարդան Ալեքսանյանը ասել էր, թե դեպքի նախորդ օրը այցելել է ոստիկանական այդ հենակետ՝ ոստիկաններին տեղյակ պահելու, որ հաջորդ օրը զորք է գալու այդտեղ՝ օպերացիայի։ Արման Նուրիջանյանի պնդմամբ՝ կրակելու հրաման այդպես էլ չի տրվել Վկա Արման Նուրիջանյանը պատմեց, որ երբ Զանգելանին 200 մետր էր մնացել, եւ դպրոցի տանիքը (որտեղ էլ, ըստ յութուբում հրապարակված տեսանյութի, տեղադրվել էր ադրբեջանական դրոշը) արդեն տեսանելի էր, ինքնակամ կանգնեցրել է մեքենան․ «Հարցրել եմ՝ կոնկրետ որտե՞ղ ենք գնում, կոնկրետ տեղ ասեք, տանեմ, ուզում էի հասկանալ՝ կարճ ճանապարհով գնամ թե երկարով, Փնջոյանն ասել է՝ մի րոպե սպասիր»։ Տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը հարցրեց՝ երբ վկան նկատել է տանիքը, Փնջոյանը չի՞ ասել՝ կանգնի–կանգնի։ Վկան բացասական պատասխան տվեց, ինչը վրդովեցրեց Եղիազարյանին․ Հայկ Եղիազարյանը - Ասում եմ այն, ինչ դու ասել ես 2020 թ․ դեկտեմբերին։ Որ ձայնագրությունը տամ, լսես, ի՞նչ ես անելու,- բղավեց նա։  - Եթե նման բան եմ ասել, ներողություն կխնդրեմ։ Ավելի ուշ վկան պատմեց, որ Փնջոյանը իջել է, մոտեցել Աբգարյանի վիլիսին, հարցրել՝ ո՞ւր ենք գնում, արդեն տանիքն երեւում է, Աբգարյանն էլ ասել է՝ գի՞ժ եք, էս ո՞ւր եք եկել․ «Աբգարյանն ասաց՝ շատ եք եկել, պտտվեք, հետ ենք գնում, ես պտտվեցի, էլի կանգնեցի․․․ Այդ ընթացքում, երբ կանգնած էինք, զորքի մի մասը ավտոբուսներից իջավ, 2 զինվոր նկատեց, որ դիմացի թմբի վրա 2 հոգի երեւում են, տղերքից մեկն ասաց՝ կարողա՞ զասադ է, ու այդ ժամանակ սկսեցին գնդացիրի լուսային փամփուշտներվ մեզ վրա կրակել, Աբգարյանն ասաց՝ եկեք թմբի տակ․․․ Ես դեռ չէի հասկացել՝ ինչ է կատարվում, թիկունքը պետը իմ աչքի առաջ զոհվեց․․․ Հրաձիգով սկսեցի կրակել գնդացիրի վրա, նա լռեց, հետո սկսեցին սնարյադով կրակել․․․ Բոլորը խուճապահար փախչում էին, Աբգարյանը ասաց՝ բոլորդ եկեք թմբի տակ, ինքն էլ մտավ թմբի տակ, բայց արդեն սաղ ցրվել էին, որովհետեւ ավտոբուսների վրա ԷԼ էին կրակում»։ – Զինծառայողները պատասխանո՞ւմ էին այդ կրակոցներին։ – Ոչ ոք չի կրակել ինձնից բացի։ –  Ինչո՞ւ։ – Չգիտեմ, չեմ կարող ասել։ – Գուցե Դուք նշա՞ն եք տվել հակառակորդին, որ զորքին հասցրել եք այդտեղ, ու փախել եք,– վրդովվեց տուժողի իրավահաջորդներից Սեդա Հովհաննիսյանը։ – Իրենք ինձնից շուտ զորքին տեսել էին։ – Բա ինչի՞ չէին խփում։ – Չգիտեմ, բայց մենք այնքան բաց տարածքով ենք անցել, կարող էին նույնիսկ չթողնել, որ հասնենք այդտեղ, ուղղակի երեւի չեն պատկերացրել, որ ավտոբուսներից կիջեն։ – Բա ո՞վ հրաման տվեց, որ իջնեն։ – Ի՞նձ եք հարցնում, ես ընդամենը ուղեկցող եմ։ – Ե՞րբ սկսեցիք կրակել։ – Երբ դիմացս մարդ զոհվեց, այդ ժամանակ հասկացա, որ թուրքն է։ – Իսկ կրակոց տալու հրաման չեղա՞վ։ – Չգիտեմ, չեմ լսել տենց հրաման, ես ինքնակամ եմ կրակել․․․ Հետո վարորդներից մեկը ուսից բեկորային վիրավորում ստացավ, ինձ խնդրեց մեքենան հանեմ, որ դուրս գա, ասաց՝ չեմ կարողանում, չեմ դիմանում, ես էլ քշել եմ, դուրս եկել։ – Առաջինը Դո՞ւք եք դուրս եկել։ – Այո, ես ու երկու ավտոբուսի վարորդները։ – Բա ինչո՞ւ զինծառայող չվերցրիք Ձեզ հետ։ – Ես չէի պատկերացնում, որ պիտի քշեի, գնայի․․․ Մտածեցի՝ զորքը կլցվի ավտոբուսները։ – Որեւէ մեկը բարձրաձայնե՞ց՝ մոտեցեք ավտոբուսներին։ – Ոչ, ես չեմ լսել նման բան։ – Դրանից առաջ Աբգարյանը ասել էր՝ հետ ենք գնում, չէ՞։ Այսինքն՝ Դուք պետք է անձնակազմին հետ տեղափոխեինք։ Ինչո՞ւ եք նրանց թողել եւ դուրս եկել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ – Որտե՞ղ եմ թողել․․․Մարտ են վարում, կրակում են, փամփուշտներս վերջացել էին, պետք է մնայի այնտեղ, ի՞նչ անեի, զոհվեի՞,- պատասխանեց վկան։ Վկայի տեղեկություններով՝ օգնության մեկնած զորքը, տեղ չհասնելով, հետ է եկել Արման Նուրիջանյանը պատմեց, որ վերադարձել է զորամաս, իր հրամանատար Մանուչարյանին պատմել կատարվածի մասին․ «Ասել եմ՝ էս ո՞ւր եք ինձ ուղարկել, ինքն էլ ասել է՝ ես էլ տեղյակ չեմ եղել։ Զարմացած էր, որ ընկել ենք շրջափակման մեջ, որ մեր գնացած տեղում թուրք է եղել»։ Վկայի տեղեկություններով՝ իր գալուց հետո ավտոբուսներ են մեկնել՝ շրջափակման մեջ մնացած զորքին օգնության, սակայն մինչեւ վերջ չգնալով՝ հետ են եկել։ Վկա Արման Նուրիջանյանը – Երբ փրկվեցիք, որեւէ մեկին հարցեր ուղղեցի՞ք։ Ի վերջո, Դուք պետք է ուղեկցում իրականացնեիք, Ձեր կողքին նստել էր շարասյան զինվորական, Ձեր ցուցմունքում նշել եք, որ ճանապարհի ընթացքում շարժը ոչ մեկը չի համակարգել, եւ ամենասարսափելին՝ որեւէ մեկը չի իմացել ուր գնալ, որտեղ կանգնել,- ասաց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Իմ հրամանատարին եմ հարցրել։ – Լա՞վ եք հիշում, Կապանի զորամասում որեւէ մեկին հանդիպե՞լ եք։ – Հիշեցի՝ ինչ նկատի ունեք,- կարճատեւ լռությունից հետո ասաց վկան։ – Կհիշես–կհիշես, շատ բան կհիշես,– լսվեց Հայկ Եղիազարյանի ձայնը։ Նիստերի դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։ Ավելի ուշ վկան պատմեց, որ դեպքից 2-3 օր անց կատարվածի համար զորամասում իրեն են մեղադրել, դավաճան անվանել․ «Մի տարեց մարդ էր, ասաց՝ դու էն դավաճանը չե՞ս, որ մեզ տարավ Զանգելան, բա ասում էին՝  ԱԱԾ–ն քեզ խփել է, գնացինք հրամանատարի մոտ, ասացի՝ ի՞նչ դավաճան, էդ ի՞նձ եք ասում, ասաց՝ մի քիչ կամաց խոսիր, պատուհանները փակեք․․․ Ես նույնիսկ տունս ցույց տվի, հասցեն ասացի, ասացի՝ թե հարց լինի, ես այ էն տանն են, տեղ չունեմ փախչելու․․․ Էդտեղ հասկացան, որ ես կապ չունեմ․․․  Բախտս բերել է, սաղ եմ մնացել, նույն հաջողությամբ կարող էի ես էլ զոհվել։ Էդ ժամանակ իրենց ձեռք կտար երեւի»,– նեղսրտած ասաց Արման Նուրիջանյանը։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 3-ին։   Միլենա Խաչիկյան
13:42 - 27 օգոստոսի, 2024
«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի՝ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած նորակոչիկ զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց հոգեբան սպա Կարեն Հայրյանը։  Հայրյանը վկա է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երկամսյա դադարից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր վերադարձավ վկաների հարցաքննության փուլին․ նրանց մի մասին հնարավոր չէր եղել նախկինում դատակոչել Արցախի շրջափակման, ապա նաեւ բռնի տեղահանման պատճառով։ Վկա Կարեն Հայրյանը պատմեց, որ իրենց զորամասի հոգեբանական կետը գտնվել է նախ Առաքել, ապա Տող գյուղերում, որից հետո էլ՝ Կարմիր Շուկայում։ Զինվորներին իրենց մոտ բերել են ըստ անհրաժեշտության՝ բժիշկների կամ սպաների ցուցումով։ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։ Զինծառայողների պատմածներից Հայրյանը մտաբերեց միայն, որ երբ հակառակորդը հարձակվել է, խուճապ է սկսվել, եւ նրանք տարբեր խմբերով տարբեր ուղղություններով են գնացել․ «Զինվորները սթրեսային վիճակում էին․ նախ վախն էր, տագնապայնությունը, ընկերների կորուստը, սկզբում չէին ուզում խոսել, ընթացքում արդեն խոսում էին»,– ասաց նա։ – Խուռհատ սարի շրջափակման միջից դուրս եկած զինվորների հետ զրուցե՞լ եք,– հարցրեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Գուրգեն Գրիգորյանը – Երբ իրենք դուրս են եկել, մենք արդեն Կարմիր Շուկայում ենք եղել, մեզ մոտ չեն բերել։ – Հնարավո՞ր է, որ 1-2 ամսվա նորակոչիկները շրջափակումից դուրս գան, զորքի մեծ մասը կոտորվի, եւ նրանց սպաները կամ հոգեբանները չփորձեն գոնե խոսել, ճշտել նրանց վիճակը․․․ Իմ պատկերացմամբ՝ այդ հարցադրումը ձեր կողմից բարձրացնելը հենց Ձեր սուրբ պարտականությունն էր։ – Ես իմ պարտականությունները սահմանված կարգով իրականացրել եմ, բոլոր աշխատանքների վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ըստ վերադասության․․․– պնդեց վկան։ – Կոնկրետ այդ հարցը բարձրացրե՞լ եք։ – Նման քայլ արվել է հոսպիտալի ղեկավարության կողմից․ սենյակներ կային, որտեղ զինվորները հանգստանում էին, իրենց հետ աշխատանք էր տարվում, հոսպիտալի պետն էլ եկել, մեզ օգնել է, զինվորների հետ աշխատել։ – Այդ սովետական արձանագրումները․․․ Հասկանում եմ՝ Ձեր գործի իմաստը ինչ է եղել տարիներով․ բռնել, գրել, որ ամեն ինչ իդեալական է,– վրդովվեց փաստաբանը։ – Ես խնդրում եմ՝ ինձ չվիրավորեք,– արձագանքեց վկան։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Կարեն Հայրյանը Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց՝ ընդհանուր տպավորությունն այն է, կարծես վկան խուսանավում է կոնկրետ պատասխաններ տալ, ուզում է արագ երկու բառ ասել, հեռանալ։ Հայրյանը, սակայն, հերքեց, պնդեց՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, բայց քանի որ կոնտուզիա է ստացել, հետագայում եւս մի պատերազմի մասնակցել, որոշ բաներ չի հիշում։ – Դե հիմա պատասխանեք՝ Ձեզ ի՞նչ հիմնական պատճառ են հայտնել զինվորները, ինչո՞ւ են գտնվել բարոյահոգեբանական ծանր վիճակում։ – Զինվորները ներկայացնում էին, որ մենակ են մնացել։ – Մենակ մնալը ո՞րն է։ – Ասա՝ առանց սպա,– բղավեց դահլիճում գտնվող որդեկորույս ծնող Բենիկ Գաբրիելյանը։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Դատավորը նկատողություն հայտարարեց ծնողին։  Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ երբ հոգեբանները զինվորների կողքին չեն, ո՞վ է բարոյահոգեբանական աշխատանքներ տանում նրանց հետ։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ունի բարոյահոգեբանական գծով տեղակալ, եթե նա զոհվում է, սպաներն են, եթե սպաներն էլ տեղում չեն՝ սերժանտները։  – Որպես հոգեբան՝ զինվորներից հարցրե՞լ եք՝ տեղակալի զոհվելուց հետո մյուս սպաները ինչ աշխատանքներ են տարել։ – Տվյալ պարագայում զինվորները խառնաշփոթ, ընկճված վիճակում էին, ես հարցեր չէի տալիս, նրանց հետաքրքիր չէին այդ հարցերը, ի վիճակի չէին նման հարցերի պատասխանել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջամտեց՝ պատերազմական իրավիճակում ոչ բոլոր զինվորները կդիմեին հոգեբանի, հետեւաբար եթե դիմել են, ենթադրվում է, որ այնքան ծանր վիճակում են եղել, որ պատրաստ են եղել մանրամասն խոսելու․ – Որ եկան Ձեզ մոտ, չասացի՞ն՝ այ սենց դեպքեր են տեղի ունեցել։ Մեզ այդ դեպքերն են հետաքրքիր։ – Նշել են, որ հակառակորդը տարբեր կողմերից հարձակվում էր, եւ մի մեծ խառնաշփոթ է առաջացել։ Արսեն Ղուկասյանը, որի զոհված զինծառայողի հորեղբայր է (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ), հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ Հայրյանը զինծառայողների մարտական ուղիների փաստաթղթավորմամբ է զբաղվել, ուստի չէր կարող չիմանալ, թե նրանց հետ ինչ է եղել։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ մարտական ուղիների փաստաթղթերում նշվել են զինծառայողների կատարած սխրանքները՝ ինչ են խոցել, ոնց են դիմագրավել․ «Այդ ամենը տպվել, բաժանվել է․․․ Ես կոնկրետ չեմ կարող հիշել, բոլորը ուղարկվել են պահպանման, եթե փորձեք, կարող եք գտնել․»,– ասաց նա։ Արսեն Ղուկասյանը – Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ էին, որ իրենց ընկերները զոհվել են, որ ստիպված են եղել նահանջել,– հարցրեց դատավորը։ – Նման դեպք չեմ հիշում։ – Պարտության պատճառ նշո՞ւմ էին։ – Նախքան Խուռհատ սարը ասում էին՝ մենք չէինք տիրապետում զենքերին, իսկ հակառակորդը պատրաստված է, անընդհատ մեզ վրա է գալիս․․․  Խոսելով մեղադրյալ Իշխան Վահանյանի մասին՝ Կարեն Հայրյանն ասաց, որ նա վիրավորման մասին լսել է բուժկետի բժշկից (հետագայում զոհվել է), իսկ զինվորներից լսել է, որ նա, չնայած թեթեւ վիրավորմանը, թողել, գնացել է։ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը – Ասե՞լ են, որ դա ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ – Ասել են, որ խառնաշփոթի մեջ են եղել։ – Իսկ սպանե՞րը։ – Ինձ բան չեն ասել,– պատասխանեց վկան։ – Սուտ, – բղավեց Արսեն Ղուկասյանը՝ հայտարարելով, որ նախկինում վկան իր ներկայությամբ ընդհուպ մինչեւ հայհոյել է դավաճան սպաներին։ – Երբ նոյեմբերի 9-ից հետո հանդիպել եմ սպա Ղարիբ Ջավադյանին (նրա ցուցմունքը՝ այստեղ), ինքն էլ է ասել, որ Վահանյանը զինվորներին թողել, գնացել է։ – Փախե՞լ է։ – Չի փախել, վնասվել է, թողել, գնացել է,– նշեց վկան։ – Քանի՞ անգամ է եղել, որ քո ներկայությամբ զինվորները ասել են՝ կռիվը չսկսած՝ Վահանյանն ասաց՝ վիրավոր եմ, ու փախավ,– վրդովվեց Արսեն Ղուկասյանը։ – Դե, ես նշեցի, ես զինվորների կողմից եմ լսել, որ քերծվածք է, թե ինչ, ասել է՝  վիրավորվել է, գնում է։ Ուրիշ ի՞նչ ձեւ պատասխանեմ,– ասաց Կարեն Հայրյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին։   Միլենա Խաչիկյան
23:00 - 15 օգոստոսի, 2024
Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով

Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով

Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրեթե երկու տարի անց վերացվել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է որպես նոր խափանման միջոց ընտրել տնային կալանքը։ Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ հանրային մեղադրողը, թե՛ պաշտպանական կողմը։ Մասնավորապես, մեղադրողը պահանջել է Աբրահամյանին կրկին կալանավորել, իսկ պաշտպանը՝ տնային կալանքը վերացնել՝ միաժամանակ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողությունն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Կողմերի բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։  Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը «Ինֆոքոմ»-ին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքը մերժել է։  Մերժվել է նաեւ մեղադրող Վազգեն Վարդանյանի բողոքը։ Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նաեւ վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը, սակայն, Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։ Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետեւանքով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քրեական գործը դատարանում է 2023 թ․ հունվար ամսից։ Պաշտպանի փոխանցմամբ՝ այս 1 տարի 8 ամսվա ընթացքում հարցաքննվել է ընդամենը 4 վկա, մինչդեռ գործով դատակոչված է 51 վկա։ Աբրահամյանի վերաբերյալ գործը սկզբնապես քննվում էր դռնբաց, սակայն հոկտեմբերի 27-ին դատարանը որոշել է դռնփակ քննություն իրականացնել պետական գաղտնիք պարունակող գրավոր ապացույցները ուսումնասիրելու համար։ Գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը մասամբ է ավարտվել, դատարանը փոփոխել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ որոշել դատակոչել վկաներին։ Նրանց հարցաքննությունը եւս ընթանում է դռնփակ, ինչին պաշտպանական կողմը դեմ է արտահայտվել Սեւակ Աբրահամյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Լուսանկարը՝ դռնբաց դատական նիստից Միլենա Խաչիկյան
17:16 - 13 օգոստոսի, 2024
Դատարանի որոշմամբ փոխգնդապետ Հովիկ  Գաբրիելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կիրականացվի

Դատարանի որոշմամբ փոխգնդապետ Հովիկ  Գաբրիելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կիրականացվի

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ։ Գաբրիելյանը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Այժմ նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։  Հովիկ Գաբրիելյանն անազատության մեջ է արդեն 10 ամիս եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վերջին ամիսներին հոգեվիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Բժիշկների արձանագրումները հաշվի առնելով՝ ՔԿՀ–ի պետը գրություն է հասցեագրել դատարանին, որն էլ հիմք է հանդիսացել փորձաքննության համար։ Դատավոր Վարդգես Սարգսյանը Այսօրվա դատական նիստին դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունն իրականացվելու է սեպտեմբերի 4-ին Առողջապահության նախարարությանը կից ստացիոնար հոգեբուժական հանձնաժողովի կողմից։ Դատավորը մեղադրյալին պարզաբանեց՝ մինչ այդ նա կշարունակվի պահվել «Դատապարտյալների հիվանդանոցում», իսկ այդ օրը կտեղափոխվի բժշկական համապատասխան հաստատություն, նաեւ հետաքրքրվեց՝ կա՞ որեւէ խնդիր, հանգամանք, որը նա կուզի բարձրաձայնել դատարանի ուշադրությունը դրա վրա հրավիրելով․ – Բացարձակ շնչելու հնարավորություն չկա, – ասաց մեղադրյալը։ – Դատապարտյալների հիվանդանոցո՞ւմ,– հարցրեց դատավորը։ – Ամեն տեղ, 10 ամիս է՝ ես դիմադրում եմ ու ձայն չեմ հանում, բայց էլ հնարավոր չէ,– պատասխանեց Գաբրիելյանը։ Դատավորը նիստերի դահլիճում գտնվող անձանց դուրս հրավիրեց՝ դռնփակ ռեժիմով հասկանալու համար, թե ինչ ենթատեքստ ունի Գաբրիելյանի այս պատասխանը։ Ավելի ուշ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեզ տեղեկացրեց՝ իրենք սկզբնապես դեմ են եղել փորձաքննության նշանակմանը․ Գաբրլելյանը պնդել է, որ ինքն առողջ է։ Բացի այդ, չեն ցանկացել տպավորություն ստեղծել, թե փորձաքննություն նշանակելը սոսկ պաշտպանական մարտավարություն է։ Հետագայում, սակայն, չեն առարկել։  Ձախից՝ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Փորձաքննության նշանակմանը կողմ են եղել նաեւ մեղադրող եւ տուժող կողմերը։ Հանրային մեղադրողի համոզմամբ, սակայն, գրության մեջ նշված առողջական խնդիրը առերեւույթ նույնական չէ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում Կառավարության որոշմամբ ներառված խնդրի հետ։ Վերադառնալով դռնբաց ռեժիմին՝ դատարանը շարունակեց քննել Գաբրիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության հարցը։ Նախորդ նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել այն տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ, այսօր միայն հավելեց՝ միջնորդությունը մերժելու դեպքում երկարաձգել գոնե ոչ առավելագույն ժամկետով, որպեսզի փորձաքննության արդյունքների հիման վրա այդ հարցին կրկին անդրադառնան։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ խափանման միջոց կիրառելու պայմանները շարունակում են առկա լինել․ դա, ըստ նրա, անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու եւ մեղադրյալի կողմից իր վրա քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար․ «Վկաները, մասնավորապես՝ ծառայողական կախվածության կամ ծառայողական հարաբերությունների մեջ գտնվողները, ամբողջությամբ չեն հարցաքննվել, ինչի մասին առկա է Եվրոպական դատարանի նախադեպային որոշում Խանզադյանի գործով եւ Վճռաբեկ դատարանի որոշում Իշխան Վահանյանի գործով»,– նշեց մեղադրողը՝ ընդգծելով, որ այլընտրանքային խափանման միջոցները եւս չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Տուժող կողմը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց պաշտպանի միջնորդությունը մերժել, իսկ հանրային մեղադրողինը բավարարել: Հովիկ Գաբրիելյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց եւս 3 ամսով՝ մինչ նոյեմբերի 16-ը․ «Դատարանը գտնում է, որ իրավաչափության պայմանները փոփոխության չեն ենթարկվել այն աստիճան, որ հնարավորության տան եզրահանգման գալու, որ անձնական ազատությունը նվազ սահմանափակող միջոցով հնարավոր է ապահովել խափանման միջոցի իրավաչափության հիմքերը»,– ասաց դատավոր Սարգսյանը։ Դիմելով մեղադրյալին՝ Սարգսյանը պարզաբանեց իր որոշումը․ «Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը համաձայնել է ինձ հետ (մերժել է կալանավորումը երկարաձգելու նախորդ որոշման դեմ պաշտպանի բողոքը,– հեղ․)՝ ինձ մոտ համոզմունք է ձեւավորվում, որ ես դեռեւս չեմ սխալվել, բայց դա չի նշանակում, որ Վերաքննիչ դատարանը հնարավորություն չունի կրկին անդրադառնալու,  գուցե հետագայում գտնի, որ սխալվել եմ, մնացածը ժամանակի հարց է»,– ասաց նա։ Անդրադառնալով պաշտպանի խնդրանքին՝ դատավորն ասաց՝ այս պահին չի տեսնում կալանքը առավելագույն ժամկետով չերկարաձգելու որեւէ պատճառ, սակայն եթե այս 3 ամսվա ընթացքում փորձաքննության եզրակացությունը ստացվի, վկաները հարցաքննվեն կամ ի հայտ գան նոր հանգամանքներ, իրենք զրկված չեն խափանման միջոցի փոփոխության հարցին կրկին անդրադառնալուց․ «Եզրակացությունը մի շարք հարցերի պատասխաններ կտա»,– նշեց դատավորը։ Պաշտպան Խաչիկյանի խնդրանքին՝ հետեւողական լինել փորձաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում անելու հարցում, դատավորը արձագանքեց՝ ասելով, որ արդեն իսկ քայլեր է ձեռնարկել փորձաքննությունը արտահերթ նշանակելու համար՝ հաշվի առնելով, որ անձը գտնվում է անազատության մեջ, եւ արդյունքները շատ կարեւոր են թե՛ անձի, թե՛ դատարանի համար։ Այսօր պետք է շարունակվեր նաեւ վկաների հարցաքննությունը, դատակոչված էր փոխգնդապետ Կոլյա Դավթյանը։ Սակայն դատարանը գրություն էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարից, որով վերջինս տեղեկացրել էր, որ Դավթյանը գտնվում է մարտական հերթապահության մեջ եւ այսօրվա նիստին ներկայանալ չի կարող։ Վկայի բացակայությունը դատարանը համարեց հարգելի։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Հովիկ Գաբրիելյանը Միլենա Խաչիկյան
21:45 - 12 օգոստոսի, 2024
 «Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

«Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

- Կատարվածի մեջ Ձեր մեղավորությունը տեսնո՞ւմ եք։ - Տեսնում եմ։ Դատարանում երեկ այսպես ավարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանի հարցաքննությունը։ Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով Ալեքսանյանը առանցքային անձ է․ նրան է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել 2020 թ․ հոկտեմբերի 21–ին կազմակերպել փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած 62–հոգանոց անձնակազմի՝  «Կիրի հանք» տեղանք ուղեկցումը։ Արսեն Աբգարյանը Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամասի հրամանատարն էր, ուստի թե՛ նա, թե՛ անձնակազմը այդ տեղանքին լավ ծանոթ չէին։ Ուղեկցման սխալ կազմակերպման հետեւանքով Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու, իսկ Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Վարդան Ալեքսանյանն ունի վկայի կարգավիճակ։ Ըստ Վարդան Ալեքսանյանի՝ իրենք իմացել են, որ հակառակորդը Կովսականում է Հոկտեմբերի 20-ին ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացրել, որ Կովսականում հակառակորդի դիվերսիոն խումբ է ներթափանցել, որոնց հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով հաջորդ օրը երկու ստորաբաժանում պետք է մեկնի․ առաջինը՝ իր հետ միասին Ներքին հանդ, երկրորդը՝ Արսեն Աբգարյանի հետ Սյունիք սովխոզ ուղղություններով։ Վարդան Ալեքսանյանը պատմեց՝ այդ խորհրդակցության ժամանակ երկրորդ անձնակազմի ուղեկցումը կազմակերպելու հանձնարարություն է ստացել, սակայն ուղեկցողների խնդիր է ծագել․ մարդիկ հրաժարվում էին ուղեկցել, վախենում էին։ – Գուցե վախենում էին, որովհետեւ գիտեի՞ն, որ Զանգելանն արդեն գրավված է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը,– Դուք գիտեի՞ք։ – Այո։ – Ու իմանալով տարա՞ք։ – Նրանք Զանգելան չպիտի մտնեին։ – Ումի՞ց էիք իմացել, որ գրավված է։ – Անդրանիկ Մակարյանից։ Վկայի այս պատասխանը զայրացրեց ծնողներին․ վերջիններս սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Մակարյանի հասցեին։ Նիստն ընդմիջվեց։ Ավելի ուշ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը վկային հարցրեց՝ Մակարյանը բառացի ասել է, որ գրավվա՞ծ է, թե՞ ասել է, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ երկրորդը՝ ակնարկելով, որ եթե հակառակորդն այնտեղ է, բա էլ ի՞նչ է նշանակում, եթե ոչ գրավում։ Ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը – Այսինքն՝ Դուք այդպես եք ընկալել,– ասաց պաշտպանը։ – Ինքը չի ընկալել է, բոլորը իմացել են, որ նախորդ օրը Զանգելանը գրավել են, դրոշն է տեսել, դիվերսիոն խումբը պիտի գար՝ դպրոցի գլխին դրոշ դնելո՞ւ,– վրդովվեց Անահիտ Ադոյանը։ Ի վերջո, որոշվել է, որ ուղեկցումը կիրականացնեն երկու հոգի․ սկզբում՝ Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, իսկ ճանապարհի մնացած հատվածը՝  կամավոր Արման Նուրիջանյանը։ Երկրորդ ուղեկցողի հարցը, ըստ վկայի, Անդրանիկ Մակարյանն է լուծել։ Անձամբ նաեւ վերահսկել է թե ոչ՝ տեղյակ չէր։ Այս առնչությամբ Մակարյանը հակադարձեց՝ ինչպես կարո՞ղ էր ԳՇ պետի՝ Երեւանից ժամանած տեղակալը այդքան պարզունակ հարցով զբաղվել։ Վկայի համոզմամբ՝ խնդիրն այն է եղել, որ անձնակազմին ուղեկցողը փոխվել է  Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն ընթերցեց ուղեկցող ընտրելու՝ Մարտական կանոնադրությամբ սահմանված կարգը, ըստ որի՝ ոչ միայն պետք է, որ ուղեկցողը տեղանքին ծանոթ լինի, այլ նրան նշանակողը պետք է անձամբ այդպիսի համոզմունք ունենա։ Առաջին ուղեկցողին Ալեքսանյանն անձամբ ճանաչել է, երկրորդին՝ ոչ․ ասաց՝ գյուղապետին է ճանաչել, նրան է հարցրել։ Ամբաստանյւալ Արսեն Աբգարյանը, նրա պաշտպան Դավիթ Դավիդյան – Իրավունք ունեի՞ք տվյալ հրամանը վերահասցեագրելու,- հարցրեց Դավիդյանը։ – Չեմ վերահասցեագրել, ասել եմ, որ հրամանը չեմ կարող կատարել, որովհետեւ հրաժարվում են,– ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ առաջարկել է նաեւ անձամբ ուղեկցել, սակայն Մակարյանը թույլ չի տվել։ Թե ինչու, վկան չգիտեր։ Անձնակազմին երկրորդ ուղեկցողի մոտ հասցնելուց հետո նա միացել է Մակարյանի՝ Ներքին հանդ մեկնած խմբին։ Վարդան Ալեքսանյանի կարծիքով՝ խնդիրը հենց այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է․ եթե ուղեկցումը շարունակեր իր վարորդը, այս հետեւանքները, ըստ նրա, չէին լինի։ – Ո՞վ է եղել հրաժարվողը,- հարցրեց պաշտպանը։ – Ջոկատի զինվոր՝ Աշոտ անունով։ – Իրավունք ունե՞ր հրաման չկատարելու։ – Ոչ։ – Որպես վերադաս՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ – Ոչ մի բան էլ չեմ արել,– պատասխանեց վկան։ Հարցին՝ երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի հետ ո՞նց է կապը պահել, գնդապետը պատասխանեց՝  բջջայինով կապի մեջ է եղել առաջին ուղեկցողի՝ Համբարձումի հետ, ստացել հավաստիացում, որ վերջինս Արմանին եւս մեկ անգամ տեղեկացրել է, թե անձնակազմին մինչեւ ուր պիտի ուղեկցի։ Ի պատասխան հարցին, թե ինչու ինքն անձամբ Արմանի հետ չի խոսել, վկան ասաց՝ նրա բջջայինը չի ունեցել։  – Դուք եք ղեկավարը, ինչո՞ւ է Ձեր վարորդը այդ հարցով զբաղվել։ Չէ՞ որ մեծ խումբ էր, ցանկացած շեղում կարող էր ճակատագրական լինել,– հարցրեց հանրային մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։ – Տենց է ստացվել,– պատասխանեց վկան։ Դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։ Ալեքսանյանի խոսքով՝ ինքը ոստիկաններին տեղեկացրել է սպասվող օպերացիայի մասին Վարդան Ալեքսանյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերն իր վարորդի հետ մեկնել է Կերեն գյուղի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետ եւ ոստիկաններին տեղեկացրել, որ հաջորդ օրը օպերացիայի մեկնող անձնակազմ է գալու, որը պետք է իրենց հենակետում իջնի, ապա ոտքով շարունակի ճանապարհը։ Ոստիկաններին պարզապես տեղեկացրե՞լ է, թե՞ նաեւ խնդիր տվել անձնակազմի ավտոբուսները կանգնեցնելու՝ վկան այդպես էլ չկարողացավ հստակ ասել։ Նշեց՝ ավտոբուսի վարորդները ինքնագլուխ չէին քշի անցնի, եթե հրահանգավորված լինեին, այդտեղ կկանգնեին։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Դավիթ Նավասարդյանը – Հրամանը չեն կատարել, ճի՞շտ է,- հարցրեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։ – Այո։ – Բա ո՞վ հրաման տվեց, որ [հենակետում] չկանգնեն։ – Ես չեմ կարող ասել, ես [ավտոբուսի] վարորդի հետ գործ չունեմ։ Հետագայում նրան հարցրել եմ, ասել է՝ ոչ մեկը չի կանգնել, մենք էլ չենք կանգնել։ – Իսկ ոստիկաններին ինչո՞ւ էիք տեղեկացնում։ – Լրացուցիչ երաշխիք էր։ – Բա ինչո՞ւ ձախողվեց։ – Պատճառը անփութությունն է, անտեղյակությունն է, չեմ կարող ասել։ – Չե՞ք պարզել՝ ում անփութությունն էր, ո՞վ իր տեղում չէր։ – Որ երկրորդ ուղեկցողը չի կատարել հրամանը․ եթե կատարեր, պիտի ոստիկանական հետակետում կանգնեին, իսկ ինքը պատճառաբանել է, որ իրեն Կարեն անունով մեկն ասել է՝ պետք է ուղեկցել մինչեւ Փոքր Զանգելան։ Նշենք, որ Փոքր Զանգելանը գտնվում է նախապես որոշված ոստիկանական հենակետից հետո՝ ավելի խորքում։ Վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան եւ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի դրվագ։ 2021 թ․ հարցաքննվելիս վկան ասել էր, թե ուղեկցման վայրը նշելիս երկրորդ ուղեկցող Արմանն ասել է, որ մեքենայի վրա գործ անելիս է եղել եւ չի լսել, լավ չի հասկացել խնդիրը։ Վկան պարզաբանեց, որ երկու հանդիպում է եղել․ առաջինը՝ հենց այդ օրը, երբ Արմանն ասել է, որ ճիշտ չի հասկացել, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ արդեն տվել է Կարենի անունը։ Վկայի կարծիքով՝ արժանահավատ է առաջին պատասխանը։ Ի պատասխան հարցին, թե ինչու նախաքննության ժամանակ քննիչին այդ մասին չի հայտնել, վկան միայն լռեց։ Դատախազները հետաքրքրվեցին՝ կա՞ ինչ–որ բան, որ իրեն կաշկանդում է խոսել, սակայն նա բացասական պատասխանեց։ Մեկ այլ հակասություն էլ մատնանշեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը, ընդգծեց՝ դատարանում ցուցմունք տալիս վկան ասաց, որ երբ ինքը Մակարյանին հայտնել է, որ հրաժարվում են ուղեկցել, Մակարյանն ասել է, որ ինքը կլուծի այդ հարցը, մինչդեռ նախաքննության ժամանակ՝ Մակարյանի հետ առերեսվելիս, բացատրել է, որ Մակարյանը դա հարցի տեսքով է ասել՝ իբր այդ հա՞րցն էլ ինքը պիտի լուծի։ Ալեքսանյանը պնդեց իր առաջին ցուցմունքը, փորձելով պարզաբանել հակասությունը՝ ասաց՝ առերեսման ժամանակ բառերին ուշադրություն չի դարձրել։ Դատավորի հարցին՝ ո՞վ է հավանություն տվել, որ Աղաջանյանն ուղեկցման կազմակերպմամբ զբաղվի, վկան պատասխանեց՝ համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Ի վերջո, Ալեքսանյանը ընդունեց, որ ինքը հետեւողական չի եղել։ Առաջին ուղեկցողի ցուցմունքը հակասում էր ե՛ւ իր նախաքննական, ե՛ւ Ալեքսանյանի ցուցմունքին Դատարանում հարցաքննվեց նաեւ առաջին ուղեկցողը՝ վարորդ Համբարձում Փարամազյանը։ Վերջինս հոկտեմբերի 10-ի մոտակայքում է զորակոչվել որպես կամավոր։ Վկա Համբարձում Փարամազյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Փարամազյանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը հանդիպում է եղել, որին ներկա են եղել ինքը, Վարդան Ալեքսանյանը, գյուղապետը, Արման Նուրիջանյանը եւ եւս մի անձ․ «Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե տեղանքը ով գիտի, մի հոպար ասաց՝ ես գիտեմ, հետո հրաժարվեց, վախեցավ թե ինչ՝ չգիտեմ, գյուղապետը ասաց՝ Արմանը, որոշեցին, որ Արմանը պիտի տանի, նա էլ ասաց՝ կտանեմ»։ Ըստ Փարամազյանի՝ անձամբ ինքը ոչ մի բանից չի հրաժարվել․ եթե ասեին, որ ամբողջ ճանապարհը ինքը պետք է ուղեկցի, կաներ, թեեւ տեղանքին լավ ծանոթ չէր։ Տուժողները հարցրին՝ բա ինչպե՞ս էր Ալեքսանյանը քիչ առաջ ասում, թե ինքը երկրորդ ուղեկցողին չի ճանաչել, չի տեսել։  – Ո՞նց չի ճանաչում, ես տեսել եմ հրահանգավորելը, – պնդեց Փարամազյանը։ Դրանից հետո, ըստ վկայի, ինքն ու Ալեքսանյանը գնացել են հիշյալ հենակետ՝ ոստիկաններին տեղեկացնելու, որ ավտոբուսները հենակետը չպիտի անցնեն։ Ըստ վկայի՝ ոստիկանները մոտ վեց հոգի կլինեին, մինչդեռ Ալեքսանյանը ասաց՝ ընդամենը երեքն էին։ Առավոտյան արդեն, երբ Համբարձում Փարամազյանը եկել է զորամաս, Վարդան Ալեքսանյանն ասել է, որ ինքն ուղեկցելու է մինչեւ Սյունիք սովխոզ՝ աղբյուրի մոտ, որտեղ նրան սպասելու է երկրորդ ուղեկցողը՝ Արման Նուրիջանյանը։ Հանրային մեղադրողը դարձյալ նշեց, որ այս վկայի ցուցմունքներում էլ էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, թե չգիտի՝ ով է երկրորդ ուղեկցողը, որ պետք է իրեն սպասեր։ Փորձելով պարզաբանել՝ վկան ասաց՝ անունը չգիտեր, բայց դեմքով ճանաչում էր։ Վկայի խոսքով՝ Կապանից դուրս գալուց հետո մոտ 30 րոպե գնացել են՝ ճանապարհի կեսից ավելին թողնելով երկրորդ ուղեկցողին։ Երբ հասել են աղբյուրի մոտ, եղել է ինքը, գյուղապետը, երկու փոխգնդապետ եւ Արմանը։ Ըստ վկայի՝ Արմանը մեքենայի յուղով էր զբաղված, բայց երբ ինքը լրացուցիչ անգամ ասել է, որ ոստիկանական հենակետը չպիտի անցնեն, նա հաստատել է, ասել է՝ լավ։ Դրանից հետո ինքը մեկնել է Ներքին հանդ, ավելի ուշ իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել։ Նախատեսված հենակետի մոտ ոչ ուղեկցողը, ոչ էլ ոստիկանները զորքի ավտոբուսները չեն կանգնեցրել։ – Ի՞նչն է պատճառը, որ հենակետն անցել են։ – Ես ի՞նչ իմանամ։ – Արմանի հետ չե՞ք խոսել այդ մասին։ – Չէ, Արմանն ինձ առերեսման ժամանակ տեսավ, ասաց՝ քեզ չեմ ճանաչում,– պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին։   Գլխավոր լուսանկարում՝ գնդապետ Վարդան Ալեքսանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան  
11:11 - 30 հուլիսի, 2024