Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՌԴ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումը

ՌԴ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումը

ՌԴ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտգործնախարությունը։ «Անկախ որևէ հիմնավորումից՝ սուվերեն պետության տարածքի վրա հրթիռային և ռմբակոծիչ հարվածների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նման գործողությունները անթույլատրելի ճանաչած բանաձևերի կոպիտ խախտում։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ հարվածները իրականացրել է մի երկիր, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ», - նշված է հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ը ընդգծել է, որ հարձակման հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական ռիսկերն ու աղտոտման վտանգը, դեռևս պետք է գնահատվեն, սակայն արդեն այժմ ակնհայտ է՝ մեկնարկել է սրացման նոր վտանգավոր փուլ, որն սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։ «Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը՝ տարածաշրջանում առկա բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, զգալիորեն մեծացել է։ Մենք հատկապես մտահոգված ենք այն վնասով, որ հասցվել է միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմին, որը հիմնված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր (NPT) վրա», - նշել է ՌԴ ԱԳՆ-ը։ Ռուսական կողմը նաև արձանագրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը լուրջ հարված է ՄԱԳԱՏԷ-ի՝ միջազգային ստուգման և մոնիթորինգի համակարգի հեղինակությանը։ «Մենք ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը անհապաղ, մասնագիտական և անկաշկանդ արձագանք կտա՝ առանց ընդհանուր և դիվանագիտական ձևակերպումների։ Անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի կողմից օբյեկտիվ զեկույց, որը պետք է քննարկվի գործակալության հատուկ նիստում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում», - նշված է հայտարարությունում։ Ռուսաստանը նաև ընդգծել է, որ պարտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը՝ նշելով. «Անհրաժեշտ է հավաքական ուժերով մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի այս հակամարտային գործողությունները»։ Հայտարարության ավարտին ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել ագրեսիան և ուժեղացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ։
14:54 - 22 հունիսի, 2025
Աշխարհի արձագանքը՝  Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը

Աշխարհի արձագանքը՝ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված օդային հարձակումներից հետո մի շարք երկրներ հանդես են եկել հայտարարություններով՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ու տվել գնահատական տարածաշրջանում սրվող իրավիճակի վերաբերյալ։ Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիան հայտնել է իր «խոր մտահոգությունը» ԱՄՆ հարձակումների կապակցությամբ։Արտաքին գործերի նախարարության կողմից X սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ ասվում է.«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մեծ մտահոգությամբ հետևում է եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների թիրախավորմանը»։Թագավորությունը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել լարվածության խորացումից և համաշխարհային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ջանքերը՝ քաղաքական լուծման հասնելու համար։ Կատար Կատարը նույնպես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են «լուրջ հետևանքներ» ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում։«Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ տարածաշրջանում առկա վտանգավոր սրումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ», - նշված է պաշտոնական հայտարարությունում։Կատարը բոլոր կողմերին կոչ է արել «խոհեմություն և զսպվածություն» ցուցաբերել։ Օման Օմանը, որը միջնորդում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում, խիստ դատապարտել է հարձակումը։«Օմանի Սուլթանությունը իր խոր մտահոգությունն է հայտնում, ինչպես նաև դատապարտում և խստագույն գնահատականն է տալիս սրացմանը, որն առաջացել է ԱՄՆ-ի օդային հարվածներից Իրանի Իսլամական Հանրապետությունում», - հայտարարել է պաշտոնական Օմանի լրատվական գործակալությունը։ Իրաք Իրաքը նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը սպառնում է Միջին Արևելքի խաղաղությանն ու կայունությանը։«Այս ռազմական սրումը լուրջ սպառնալիք է խաղաղությանը և անվտանգությանն ամբողջ տարածաշրջանում և վտանգում է կայունությունը», - ասել է կառավարության ներկայացուցիչ Բասիմ Ալավադին։ Մեծ Բրիտանիա Վարչապետ Քիյր Սթարմերը հայտարարել է, որ Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։«Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգությանը։ Իրանը երբեք չպետք է հնարավորություն ստանա զարգացնելու միջուկային զենք, և ԱՄՆ-ն գործել է այդ սպառնալիքը նվազեցնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։ Եվրոպական միություն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը՝ Կայա Կալասը, կոչ է արել անհապաղ դադարեցնել սրումը և վերադառնալ բանակցություններին։«Կոչ եմ անում բոլոր կողմերին հետ կանգնել, վերադառնալ բանակցությունների և խուսափել հետագա սրացումից», - գրել է նա X-ում՝ ընդգծելով, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ստեղծի։ Նա հավելել է, որ ԵՄ արտգործնախարարները երկուշաբթի կքննարկեն ստեղծված իրավիճակը։ ԱՄՆ - Դեմոկրատներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկիրը պատերազմի տանելու մեջ։«Նախագահ Թրամփը մոլորեցրել է երկիրը իր իրական մտադրությունների հարցում, չի դիմել Կոնգրեսի հաստատմանը՝ ռազմական ուժի կիրառման համար և վտանգել է Ամերիկան՝ ներքաշելով այն աղետալի պատերազմի մեջ Մերձավոր Արևելքում», - ասվում է նրա հայտարարության մեջ։«Դոնալդ Թրամփն ամբողջությամբ պատասխանատու է ցանկացած բացասական հետևանքի համար, որոնք առաջանում են իր միակողմանի ռազմական գործողությունից»։ Լատինական Ամերիկայի երկրներ Մի շարք Լատինական Ամերիկայի երկրներ խիստ քննադատությամբ են արձագանքել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված հարձակմանը՝ այն դիտարկելով որպես վտանգավոր սրում և միջազգային իրավունքի խախտում։ Կուբա Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի խոսքով՝ հարվածները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը՝ «մարդկությանը մղելով անդառնալի հետևանքներով ճգնաժամի մեջ»։ Չիլի Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչն X-ում գրել է. «Մենք պահանջում ենք և կարիք ունենք խաղաղության»՝ դատապարտելով հարձակումը։ Վենեսուելա Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որում ԱՄՆ գործողությունները որակել է որպես «ռազմական ագրեսիա Իրանի դեմ»։ Կոլումբիա և Մեքսիկա Այլ պետություններ՝ մասնավորապես Կոլումբիան և Մեքսիկան, ուղղակիորեն կոչ են արել սանձել լարվածությունը։Կոլումբիայի ԱԳՆ-ն նշել է, որ «միակ պատասխանատու և երկարաժամկետ լուծումը բանակցություններին վերադառնալն է», իսկ Մեքսիկան ընդգծել է. «Տարածաշրջանում խաղաղ համակեցության վերականգնումը մնում է գերակա առաջնահերթություն»։Լուսանկարը՝ Արաշ Խամուշին/The New York Times
12:45 - 22 հունիսի, 2025
Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները  կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ

Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ

«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ վրդովեցուցիչ են և կունենան երկարատև հետևանքներ», - այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նշելով՝ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է տագնապի մատնվի այս «ծայրահեղ վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի կապակցությամբ»։ «Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելով, լրջորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT)՝ հարձակվելով Իրանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա», - գրել է նա X-ի իր էջում։Նա նաև նշել է, որ Իրանը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և դրույթների՝ պահպանում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին։
10:14 - 22 հունիսի, 2025
ՄԱԿ-ը արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը․ Իրանն էլ իր հերթին դիմել է ՄԱԿ-ին ԱԽ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ը արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը․ Իրանն էլ իր հերթին դիմել է ՄԱԿ-ին ԱԽ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ կողմից գործադրված ուժի կիրառման կապակցությամբ։ «Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար», - գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում։ Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը և կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կանոնների համաձայն։ Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Ամիր Սաիեդ Իրավանին, իր հերթին գրությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։ Նա Միացյալ Նահանգների գործողությունները որակել է որպես «ծայրահեղ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։ Նամակում նշվում է, որ հարվածները տեղի են ունեցել կիրակի վաղ առավոտյան՝ թիրախավորելով Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային օբյեկտները։ Իրավանին պնդում է, թե հարձակումները տեղի են ունեցել Միջազգային միջուկային էներգիայի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո՝ չներկայացնելով որևէ ապացույց։ Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այդ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը (NPT)։ Նա կոչ է արել հրատապ նիստ հրավիրել՝ «քննելու այս ապօրինի արարքը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու այն դատապարտելու համար և երաշխավորելու, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։
09:51 - 22 հունիսի, 2025
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին՝ փաստացի միանալով Իսրայելի նախաձեռնությանը՝ ոչնչացնելու Իրանի միջուկային ծրագիրը։  «Մենք ավարտել ենք մեր չափազանց հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ՝ Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը։ Բոլոր ինքնաթիռները այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանը հաստատել է, որ երեք միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարձակման։ Reuters-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit  ռմբակոծիչներ, ինչը հավանաբար օգտագործվել է Ֆորդոյի միջուկային օբյեկտին հարվածելու համար, իսկ մյուս երկու օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել է երեսուն Tomahawk թևավոր հրթիռ։  Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել է, որ Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակումների, այդ իսկ պատճառով իրականացրել է տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ ԱՄՆ հարվածների թիրախ դարձած երեք միջուկային օբյեկտների հարակից տարածքներում ներկայումս ճառագայթման մակարդակի աճ չկա։
09:36 - 22 հունիսի, 2025
Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին
 |azatutyun.am|

Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ։ Ես իմ խորը մտահոգությունն արտահայտեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այստեղ իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք և պետք է լիարժեք երաշխիքներ տրամադրի, որ իր մտադրությունները խաղաղ բնույթի են։ Ես համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու և ավելի մեծ վտանգներից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Իրանի հետ Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից գլխավորած բանակցությունները»,- գրել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր պահանջն է կրկնել, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա։
17:17 - 21 հունիսի, 2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին |armenpress.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, այդ թվում՝ Սպահանի միջուկային օբյեկտի և չորս հրթիռային կայանի։ Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը։ Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումներին, ինչպես նախորդ օրը, մասնակցել է մոտ 50 իսրայելական ռազմաօդային ուժի կործանիչ, որոնք նետել են 150 միավոր զինամթերք։ Սպահանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին նախկինում հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Այն հարվածների է ենթարկվել զինված հակամարտության առաջին օրվանից։ «Համալիրի տարածքում նույնպես հարձակման են ենթարկվել ցենտրիֆուգային կայան և այլ ռազմական թիրախներ», - ասվում է հայտարարության մեջ։ Հարվածներ են հասցվել նաև Իսրայել անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործվող բեռնատարներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստավորման և արձակման վայրերին, ռադարներին և հակաօդային պաշտպանության կայաններին։  
12:05 - 21 հունիսի, 2025
Իրանական հարվածից Թել Ավիվում հրդեհ է բռնկվել, Իսրայելը պնդում է՝ հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին
 |azatutyun.am|

Իրանական հարվածից Թել Ավիվում հրդեհ է բռնկվել, Իսրայելը պնդում է՝ հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվը։ Իրանական հրթիռները հարվածները սկսվել են գիշերը՝ մոտ 02:30-ի սահմաններում, ինչին ի պատասխան Իսրայելի հակաօդային պաշտպանությունը գործի է անցել՝ որսալով մի քանի հրթիռ Թել Ավիվի երկնքում։ Իսրայելի շտապ օգնության ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս բազմահարկ բնակելի շենքի տանիքին բռնկված հրդեհ։ Իսրայելի զինված ուժերը, իրենց հերթին, հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։ Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։
11:03 - 21 հունիսի, 2025
Եվրոպացի դիվանագետները Ժնևի բանակցություններից հետո հայտնել են առաջընթացի բացակայության մասին
 |azatutyun.am|

Եվրոպացի դիվանագետները Ժնևի բանակցություններից հետո հայտնել են առաջընթացի բացակայության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։ Երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Ժնևում մի քանի ժամ տևած բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին բանակցություններից հետո ասել է, որ հակված են շարունակել քննարկումներ և բանակցությունները Իրանի հետ: Թեև բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի, ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները տեսակետ են հայտնել, որ «բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նոր աճի, և հրատապորեն գտնեն բանակցային լուծում՝ երաշխավորելու համար, որ Իրանը երբեք չունենա կամ ձեռք չբերի միջուկային զենք»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:20 - 21 հունիսի, 2025
Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեյցարական Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։ Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին կարծիք է հայտնել, որ «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դիվանագիտական լուծման հասնելու համար պատուհան կա»։ Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնն առանց փակագծեր բացելու հայտարարել է, որ այսօրվա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պատրաստվում են Իրանին ներկայացնել «բանակցության համապարփակ, դիվանագիտական և տեխնիկական առաջարկ»:
19:36 - 20 հունիսի, 2025