Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միրզոյանը խաղաղության և անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու Հայաստանի ըմբռնումները համահունչ է համարում |armenpress.am|

Միրզոյանը խաղաղության և անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու Հայաստանի ըմբռնումները համահունչ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդգծել է անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված այդ հարթակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։ «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-նշել է Միրզոյանը։   
14:13 - 17 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նախկին ԱԳ նախարար Մելանի Ժոլիին՝ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նախկին ԱԳ նախարար Մելանի Ժոլիին՝ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի նախկին արտգործնախարար Մելանի Ժոլիին՝ Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միրզոյանը ընդգծել է վերջին տարիներին Հայաստան-Կանադա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Ժոլիի անձնական ներգրավվածության ու բարեկամական կապերի կարևորությունը։«Բարեկամությունն ու անձնական նվիրումը կարող են մեծ շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության զարգացման գործում, և ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում այդպես է եղել Հայաստանի և Կանադայի համար։ Գոհունակություն եմ հայտնում Մելանի Ժոլիին մեր երկրների միջև համագործակցությունը ավելի ամուր և բովանդակալից դարձնելու համար»,- գրել է Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություններ է մաղթել Ժոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի իր նոր պաշտոնում։  
11:03 - 17 մայիսի, 2025
ՀՀ-ի հետ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով. Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն
 |1lurer.am|

ՀՀ-ի հետ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով. Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ: «Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են ԵՄ աջակցությունը Հայասատնի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։
12:39 - 15 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3,5 տարի ազատազրկման դատապարտվեց
 |arm.sputniknews.ru|

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3,5 տարի ազատազրկման դատապարտվեց |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք ու կես տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են պատժին։ Եվ մեղադրյալին թողնվել է կրելու փաստացի ազատազրկում 1 տարի 11 ամիս 23 օր»,–Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։ Նշեցին, որ դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ դատարան դատախազության կողմից բողոք է ներկայացվելու։ Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։ Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։ Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել: Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
11:20 - 14 մայիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։ Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում առկա ցուցանիշներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից ցուցաբերված հանձնառությանը։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։   Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։
18:30 - 13 մայիսի, 2025
Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպան Լի Սինվեյին

Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպան Լի Սինվեյին

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու այլ ոլորտներում փոխգործակցության առումով, և ես մեծապես կարևորում եմ առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը»,- ընդգծել է նախարար Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, բայց և միաժամանակ հնարավորություններով լի ժամանակաշրջանում փոխշահավետ գործընկերությունների զարգացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Լի Սինվեյը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր, ինչի համատեքստում նշվել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը:
14:02 - 12 մայիսի, 2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ - «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:32 - 09 մայիսի, 2025
Պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը. ԱԳ նախարարը՝ Հնդկաստան–Պակիստան լարվածության մասին |armenpress.am|

Պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը. ԱԳ նախարարը՝ Հնդկաստան–Պակիստան լարվածության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին էսկալացիային՝ շեշտելով Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նա հիշեցրեց, թե ինչից այս էսկալացիան սկսվեց ընդհանրապես։ «Տեղի էր ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցել է զոհերի ընտանիքների անդամներին ու հարազատներին և զորակցություն է հայտնել։ Մենք, և, կարծում եմ, իրեն որևէ քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը։ Եվ մենք, կարծում եմ, որ պետք է ճանաչենք նաև ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը։ Մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում և այդպես ենք ընկալում, այդպիսին է մեր դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ինը թիրախների, որոնք, ըստ Նյու Դելիի, օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից։ Հնդկական կողմը շեշտել է, որ Պակիստանի զինված ուժերին պատկանող որևէ ռազմական օբյեկտ թիրախ չի դարձել։    
20:26 - 07 մայիսի, 2025
Սլովակիայի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում այդ երկրի պաշտպանության նախարարի կեղծ պնդումները Հայաստանի մասին |hetq.am|

Սլովակիայի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում այդ երկրի պաշտպանության նախարարի կեղծ պնդումները Հայաստանի մասին |hetq.am|

hetq.am: Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը չի արձագանքել «Հետքի» հարցմանը, որով խնդրել էին մեկնաբանել այդ երկրի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի (Robert Kaliňák) վերջին կեղծ պնդումները Հայաստանի մասին: Այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին Կալինյակը, նկատի ունենալով Արցախը, հայտարարել էր, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ փաստացի մեր երկիրը ներկայացնելով որպես օկուպանտ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, այս ուղղությամբ որեւէ պատասխան քայլ չի ձեռնարկել՝ Սլովակիայից պարզաբանում, բացատրություն չի պահանջվել, Հայաստանում այդ երկրի դեսպանը ԱԳՆ չի կանչվել, նրան բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացվել: ՀՀ ներկա իշխանությունների նման պասիվ, վախվորած ու հարմարվող արտաքին քաղաքականությունը զայրացրել է Սլովակիայի հայ համայնքին, որի ներկայացուցիչը «Հետքին» փոխանցել է, որ հայկական կողմի այդպիսի պահվածքի հետեւանքով Ռ. Կալինյակը շարունակում է պրոադրբեջանական կեղծ թեզեր տարածել տեղական մեդիայով: Մեկ այլ հոդվածում «Հետքը» գրել էր, որ իրենց հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն տվել է լղոզված մեկնաբանություն՝ կոնկրետ ոչինչ չասելով սլովակ պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունների մասին: «Հետքը» թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել նաեւ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Յուրայ Բլանարին (Juraj Blanár): Հաշվի առնելով, որ Սլովակիայի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցմանը պատասխանելու համար սահմանված է 8 աշխատանքային օր, որն արդեն անցել է, եւ որեւէ արձագանք չի ստացվել, «Հետք»-ը հրապարակել է այն հարցերը, որոնց վերաբերյալ Սլովակիայի կառավարության արտաքին գերատեսչությունը դիվանագիտական լռություն է պահպանել՝ միաժամանակ անտեսելով սեփական օրենսդրության պահանջները:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:18 - 05 մայիսի, 2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։   ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
09:50 - 21 ապրիլի, 2025
Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հարցազրույցը․  Հարց. Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է։ Ես հանդիպում եմ ունեցել նախարար Ֆիդանի հետ։ Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ։ Հարց. Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել, գուցե մատնանշել որոշակի արդյունքներ։ Արարատ Միրզոյան․ Տեսեք, եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր: Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։ Բայց միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ։ Հարց. Այսօրվա պանելային քննարկման ընթացքում Դուք արդեն անդրադարձել եք այդ հարցին, սակայն եթե հնարավոր է, կցանկանայի խնդրել՝ արդյոք կարող եք հավելյալ տեղեկատվություն ներկայացնել։ Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ավարտված են, և կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Կխնդրեի նշել՝ որ փուլում է գտնվում այդ գործընթացը։ Ո՞րն է հիմնական խոչընդոտը ստորագրման համար։ Արդյոք սկսվել կամ շարունակվում են քննարկումներ ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ։ Հնարավո՞ր է, որ ստորագրումը կայանա Թուրքիայում։ Թե՞ գործընթացը հայտնվել է փակուղում։ Արարատ Միրզոյան․ Իհարկե, սա կարևոր հարց է, և ես չեմ պատրաստվում չանդրադառնալ դրան։ Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո, մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, իսկ Մինսկի խումբը ստեղծված է հենց հակամարտության համար, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է։ Բայց մենք պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ՝ ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ նախ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը՝, և ապա համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսել մեր պատրաստակամության վերաբերյալ։ Մեր ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նրանք պահանջում են փոփոխություն մեր Սահմանադրության մեջ: Նրանք ասում են, որ մեր Սահմանադրության մեջ, դրա նախաբանի մասում, մենք ունենք հղում մեր Անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, և որում, ըստ նրանց, մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ: Ավելին, համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, անդրադառնում է այդ խնդրին: Այսպիսով, իրավիճակը լիովին հասկանալու համար՝ այստեղ ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ: Այսպիսով, համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին։ Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը՝ այսինքն, չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ տեսականորեն, իհարկե, չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Եվ սա, պետք է նշեմ, իրոք ուշագրավ հանգամանք է։ Մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը կարծիք է ներկայացրել նման հարցի վերաբերյալ։ Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում մեջ մեր երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմա-Աթայի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։ Այսպիսով, կրկին, փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, խնդիր չկա: Զուգահեռաբար, մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: Եվ, կրկին, բացատրեմ: Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով, իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու՞ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում: Որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում՝ մեր Սահմանադրության դեպքում, լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ: Վերադառնալով հիմնական հարցին՝ պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական։ Հարց. Ինչպե՞ս պետք է հասկանալ սա։ Բանակցությունները շարունակվո՞ւմ են։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեք ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Արարատ Միրզոյան. Այո, ներեցեք, մոռացել էի այդ հատվածի մասին. կարծում եմ՝ կարևոր է բոլորի համար՝ հասկանալ բոլոր նրբությունները, հակառակ դեպքում չեք ունենա ներկա իրավիճակի մասին հստակ պատկեր: Այո, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։ Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ:  Լրագրող․ Պարոն նախարար, ուզում եմ շարունակել իմ գործընկերոջ առաջին հարցը։ Ի դեպ, ես նաև հետևել եմ ձեր հետաքրքիր բանավեճին Ջեյհուն Բայրամովի և ձեր վրացի գործընկերոջ հետ։ Ինչպես դուք բացատրեցիք, Ադրբեջանի կողմից կա հստակ պահանջ՝ փոխել ձեր Սահմանադրությունը։ Այսպիսով, կարճ հարց. դուք կդիտարկեի՞ք Սահմանադրական փոփոխություն։ Ի նկատի ունեմ, խոսակցություններ կային հանրաքվե անցկացնելու մասին։ Այսպիսով, դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, թե ոչ։ Արարատ Միրզոյան. Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս Սահմանադրության փոփոխություն, այլև նոր Սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է Սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, և ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին: Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով, 2018-ից մենք պնդում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա։ Բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին՝ ուզում եմ ընդգծել, որ առկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սպասել, մինչև բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ գտնվեն, և միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։ Երկրորդը՝ գործել հիմա՝ չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաև պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար՝ նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը, և այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի, հետ նայելով, կտեսնենք, որ կառուցել ենք ամուր ու կայուն կամուրջ։ Հետևաբար, մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա։ Լրագրող․ Արդյո՞ք Դուք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները, ոչ միայն ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությունների, կամ ԵԱՀԿ առաքելության, կամ նույնիսկ ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ, չնայած որքանով, որ ես հասկանում եմ ձեր մեկնաբանություններից, այս պահանջներից շատերն արդեն հասցեագրված են խաղաղության պայմանագրի շրջանակներում, Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք արվում են բարի մտադրություններով, թե՞ կարծում եք, որ Ադրբեջանն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ այստեղ։ Քանի որ, որքանով ինձ հայտնի է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանիորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ ձեզնից առաջ, և այնուհետև ներկայացրեց այդ պահանջները։ Եվ թվում է, թե, չնայած այն հանգամանքին, որ այս Նախաբանի շուրջ քննարկումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ, և երկու կողմերն էլ փորձում են գտնել լուծում, հարցը դեռ մնում է կախված պայմանագրի ճակատագրի վրա։ Իհարկե, իմ հարցը որոշ չափով ուշացած է, և ես այժմ փորձում եմ ավելի խորությամբ հասկանալ գործընթացը, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է, որ այն հանգեցնի սրացման։ Իհարկե, հույս ունեմ՝ ոչ, սակայն հետաքրքիր է՝ ո՞ր ուղղությամբ է դա ընթանում։  Արարատ Միրզոյան. Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մանրամասների անդրադառնալով՝ մասնավորապես Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ, հարկ է նշել, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն  այլևս չի լինի։ Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։ Օրինակ՝ եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։ Այս առումով կարելի է ասել, որ Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները: Լրագրող․ Ձեր մեկնաբանություններից հասկանալի է, որ Ադրբեջանը դեռևս վերջնական պատասխան չի տվել հետագա հանդիպումների վերաբերյալ՝ թե որտեղ և ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճի՞շտ է։ Արարատ Միրզոյան․ Այո, այդ հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ։ Լրագրող․ Կարծում եք՝ Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, և այդ հարցը քննարկել ե՞ք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։  Արարատ Միրզոյան․ Այո, իհարկե։ Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։ Այսինքն, մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո։  Լրագրող․ Այսօր հանդիպումների ընթացքում որոշե՞լ եք ժամկետ, թե երբ երեք երկրները կարող են միասին հանդիպել։ Թե՞ կարծում եք, որ կարող է լինել այլ տարբերակ։ Նկատի ունեմ, ի՞նչ կարող է լինել Ադրբեջանի դիրքորոշման հիմքում։  Արարատ Միրզոյան․ Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։ Հուսով ենք՝ այս գործընթացը կունենա դրական ավարտ։  Լրագրող․ Ի՞նչ ասաց Հական Ֆիդանը, երբ դուք ասացիք, որ եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, դա կարող է դրական ազդեցություն ունենալ մյուս կողմի վրա։ Ի՞նչ էր նրա պատասխանը։ Արարատ Միրզոյան․ Այս հարցն արժի ուղղել մեր թուրք գործընկերներին։ Եթե ստանաք պատասխանը, խնդրում եմ կիսվեք ինձ հետ։ Լրագրող․ Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։  Արարատ Միրզոյան․ Սա հետաքրքիր ասպեկտ է ամբողջ պատմության մեջ։ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Նկատի ունեմ՝ եթե չունենանք ընդդիմություն, որը արտահայտում է այլ տեսակետներ, ապա ինչպես կարող ենք ապահովել հասարակության զարգացումը ցանկացած հարցում։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։ Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին»։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել և այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։ Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ՝ դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը։ Իրականում, այսօր հասարակական կարծիքն այս հնարավորության օգտին առավել մեծ աջակցություն է ցուցաբերում, քան երբևէ անցյալում։ Այսպիսով, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Կարող ենք կենտրոնանալ խոչընդոտների վրա, անցյալի, պատմության վրա, կամ կարող ենք կենտրոնանալ ներկայի վրա և միասին կառուցել ավելի լավ ապագա։ Մենք պետք է այս որոշումը համատեղվկայացնենք։  Լրագրող․ Իսկ Թրամփի վարչակազմի հետ որևէ շփում ունեցե՞լ եք։ Քանի որ Բայդենի վարչակազմի հետ, ինչպես հայտնի է, դուք ստորագրեցիք մի քանի կարևոր փաստաթղթեր նախորդ վարչակազմի հեռանալուց առաջ։ Իսկ Թրամփի վարչակազմի հետ որևէ համագործակցություն եղե՞լ է։ Քանի որ, ինչպես գիտեք, այժմ շատ խոսակցություններ կան Վիտկոֆի Բաքու այցի մասին և հնարավոր՝ Աբրահամի համաձայնագրի ստորագրման կամ ստորագրման առաջարկի մասին, ինչը կարող է անվտանգության երաշխիքներ տալ Ադրբեջանին։ Եվ դա, իհարկե, կփոխի ուժերի հավասարակշռությունը հողի վրա և կուժեղացնի Ադրբեջանին ապագայում։ Թրամփի թիմի հետ որևէ շփում ունե՞ք։ Արարատ Միրզոյան․ Այո, ունենք։ Մենք ունենք շփումներ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ողջունեց մեր հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա ինչու՞ ոչ։ Լրագրող. Դուք նշեցիք Ադրբեջանի պոտենցիալ փոփոխվող մտածելակերպը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հանրային կարծիքում հստակ տարբերություն կա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջև։  Արարատ Միրզոյան. Գիտեք, ճիշտն ասած, որոշ վերքեր դեռ շատ թարմ են։ Եվ դա հեշտ չէ: Խնդիրները շատ զգայուն են երկու հասարակությունների համար, կարծում եմ, ոչ միայն հայ հասարակության համար։ Ես, հավանաբար, չպետք է կարծիք արտահայտեմ ադրբեջանական հասարակության կամ նրա հասարակական կարծիքի մասին։ Այսինքն, դա մի քիչ ավելի շատ ուսումնասիրություն կամ տեղեկատվություն կպահանջի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հայ հասարակության մեջ կա աջակցություն խաղաղության օրակարգին, ինչպես ասացի: Այս կարգավորման գործընթացն աջակցություն է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ վերքերը դեռ շատ թարմ են։ Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է արդյունքներ գրանցենք, սա է հիմնական հարցը։ Պետք է արդարացնենք սպասումներն, այլապես տրամադրությունները կարող են կրկին փոխվել։ Չեմ տեսնում էական տարբերություն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընկալումների մեջ, բացի այն փաստից, որ, ինչպես արդեն նշել եմ, հայ-ադրբեջանական թեմայի դեպքում վերքերը շատ թարմ են։ Կան դեռևս չլուծված մարդասիրական հարցեր։ Բայց, կարծում եմ, երկու դեպքերում էլ կա պատրաստակամություն։ Լրագրող․ Ուզում եմ հարցնել հետևյալը: Դուք ասացիք, որ վերքերը շատ թարմ են։ Բայց անցած ամիս Հայաստանի վարչապետ Փաշինյանը թուրքական ԶԼՄ-ին տված հարցազրույցում մի հայտարարություն արեց, որը լայնորեն մեկնաբանվեց որպես երկու երկրների հարաբերություններում նոր էջ սկսելու ազդակ։ Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ Կարո՞ղ է վերջապես կարգավորվել։ Արարատ Միրզոյան․ Վարչապետն այդպես է ասել։ Ավելին, ես ինքս դա ասել եմ խորհրդարանում։ Բայց գիտեք, պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։ Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում։ Լրագրող. Կարո՞ղ եք ասել, որ Հայաստանի վարչապետի այս մեկնաբանություններն աննախադեպ են հայկական կողմից ելույթ ունեցող պետական ​​այրերի համար։  Արարատ Միրզոյան. Այդպես ասելու համար պետք է մի փոքր խորանալ։ Կարծում եմ՝ նախկինում էլ են եղել նախանշաններ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի անգամ մեզ հաջողվեց նույնիսկ արձանագրություններ ստորագրել, հետո դրանց չվավերացվեցին։ Լրագրող․ Վերադառնամ Թուրքիայի դերին։ Դուք ասացիք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը բնականաբար կխոսի Թուրքիայի անունից, ինչը մենք նրան հարցնելու ենք վաղը։ Բայց ես ուզում եմ հարցնել, արդյո՞ք Դուք խնդրել եք Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր այս դժվար ժամանակներում, երբ կարծես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում։ Արարատ Միրզոյան․ Տեսեք, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Այսինքն, տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։ Այսքանը։ Շնորհակալություն, հարգելի՛ գործընկերներ։ Կարծում եմ՝ հետաքրքիր զրույց էր։
10:47 - 17 ապրիլի, 2025
Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովենիայի փոխվարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովենիայի փոխվարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը համատեղ մամուլի ասուլիսին են տվել և պատասխանել լրագրողների հարցերին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ Արարատ Միրզոյանը նաև հանդես է եկել հայտարարությամբ․ «Մենք այսօր բավականին համակողմանի, համապարփակ քննարկում ենք ունեցել և՛ երկկողմ օրակարգի վերաբերյալ, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային գործընթացների վերաբերյալ: Կուզենաի մի քանի բան առանձնացնել։  Նախ, Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա և, իհարկե, նաև փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել այդ հարաբերություններին, և պետք է նշենք, որ երկուսստեք կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու:  Երկրորդը, որը կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Իհարկե, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը: Եվ այս առումով մենք խոսել ենք նաև այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի «Ներդրումների աջակցման կենտրոնի» և «SPIRIT Slovenija»-ի գործակալության միջև: Կարևոր երկխոսություն է նաև այն գործընթացը, որն այժմ ընթանում է «Երևանյան երկխոսություն» մեր ֆորմատի և Բլեդի ռազմավարական ֆորումի միջև: Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։  Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին, նաև հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և կանանց, մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար:  Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունըները ոչ միայն քիչ առաջ նշածս երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում: Ուզում եմ նշել, և կարծում եմ տիկին նախարարն ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը, ըստ էության, օրակարգի բոլոր կետերով: Եվ ավելին ասեմ, տեսնում ենք նաև Սլովենիայի պատրաստակամությունն էլ ավելի մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պահին ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում: Իհարկե, կարևոր է մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլուր, և մենք մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել տեսնելու, թե որքան գործուն է այդ համագործակցությունը։  Իհարկե, մենք այսօր անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին: Գլոբալ անորոշությունների և փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել, քան երբևէ: Եվ այս առումով ևս Հայաստանի և Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։  Ես շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը և հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, և, իհարկե, գործընկերոջս ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես, խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։  Տիկին Ֆայոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն իմ և Ձեր միջև անձնապես, պատվիրակություններում մեր գործընկերների և ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջև: Ուզում եմ եզրափակել` ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը: Դրանք իսկապես մեծ դեր են խաղում, և դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը։ Շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների համար: Ազատություն. Տիկի՛ն նախարար, ի՞նչ փուլում են [Եվրոպական] Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին տասը միլիոն եվրո տրամադրելու քննարկումները, արդյո՞ք կա երկիր, որն ընդդիմանում է համաձայնությանը, և եթե չկա, երբ կտրամադրվի գումարը: Տանյա Ֆայոն.  Շնորհակալ եմ հարցի համար։ Դուք խոսում եք Եվրոպական խաղաղության գործիքի մասին: Ես կարող եմ խոսել միայն իմ երկրի դիրքորոշման մասին: Սլովենիան հստակ աջակցել է վերջին առաջարկին՝ Եվրոպական խաղաղության գործիքի նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանի զինված ուժերին օժանդակելուն: Թեև այս հարցում անհրաժեշտ է միաձայն մոտեցում, Սլովենիայի դիրքորոշումը եղել է միանշանակ. մենք ցուցաբերել ենք շատ հստակ և ուժեղ աջակցություն: Արարատ Միրզոյան․ Տասը միլիոնի ծրագիրն անցյալ տարվան էր վերաբերում, այս տարի գումարը մի փոքր ավել է, մի փոքր ասելով՝ կրկնապատիկ է, և քննարկումները, ինչպես տիկին նախարարն ասաց, շարունակվում են և հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի։ Ազատություն. Պարո՛ն Միրզոյան, Ադրբեջանը չի նահանջում` թե՛ Մինսկի խումբը լուծարելու, թե՛ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներից նախքան պայմանագրի ստորագրումը: Ձեր վերջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր փակագծեր բացեք՝ արդյո՞ք ստորագրման հեռանկարը կարելի է փակված համարել, քանի դեռ Հայաստանը չի լուծարել Մինսկի խումբը և Մայր օրենքում փոփոխություն չի կատարել։   Արարատ Միրզոյան․ Ըստ էության և՛ Ադրբեջանի, և՛ մեր կողմի, և՛ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե, մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անթալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, սակայն ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել:  Ինչպես և նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու, ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք, իհարկե, կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, և հակառակը` կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով մենք բաց ենք և կողմ ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք կարող ենք այդ փաստաթղթերն առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք. դրեք առաջինը խաղաղության համաձայնագիրը և մյուսը` համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին` տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին։  Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ ենք խոսել, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ: Նախ պետք է հասկանանք` որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները: Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և այդ ստորագրված խաղաղությունը չունենալու համար, սա մի իրավիճակ է: Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է: Այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին և ասել մոտավորապես այն, ինչը, որ ես հիմա ասում եմ. մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։  Մենք ոչ միայն հիմք ունենք դա կարդալով ասելու, այլ նաև նայելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու, իրավական առումով այդ իրավունքով օժտված միակ մարմինը` մեր Սահմանադրական դատարանը: Մենք հիշում ենք անցյալ սեպտեմբերին, երբ մի համանման փաստաթուղթ էր քննարկվում, եզրակացություն էր տալիս Սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգ էր: Այնտեղ կար չէ՞ հղում Ալմա-Աթայի հռչակագրին, դա դիտվում էր որպես բազա դելիմիտացիայի համար։ Սա նշանակում է, եթե շատ կարճ և անկյունները հարթած ասեմ, 1991 թ.-ին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, եղած սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ահա, եթե Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն Հայաստանը չունի հավակնություններ այդ 1991 թ. սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է։ Ստացվում է, որ մեր Սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ և մենք, ելնելով սրանից, իհարկե, դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դատարանը դրական եզրակացություն է տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել Սահմանդրական դատարանին, ելնել նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա: Չեմ կարծում, թե կարծիքը, դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ Սահմանդրական դատարանը փոխի, իսկ սա նշանակում է, որ չկա մեր Սահմանադրությունում տարածքային պահանջ: Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ դա ինչպես մեր դեպքում կարող է հարցը  փակել, այնպես էլ իրենց դեպքում։ Այսինքն, մենք պիտի ելնենք նրանից, որ եթե մտահոգություններն անկեղծ են, ապա համաձայնագրի ստորագրումը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է:  Ի միջի այլոց, չեմ ուզում այս հարցում որևէ բաց մնա։ Գիտեք, որ մենք 2018 թ.-ից սկսած խոսել ենք մեր երկրում սահմանդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, հանձնաժողով է ձևավորվել, որի մանդատը, կարծեմ, մյուս տարի ավարտվում է, և արդեն պիտի հանրության դատին ինչ-որ սահմանդրական փոփոխությունների առաջարկ տա: Բայց ես չեմ ուզում այս ամբողջը խառնել իրար, մենք այդ տեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ չէ։ Այսինքն, պետք է մտածենք այդ հարցի շուրջ և հընթացս կարող ենք նաև անդրադառնալ նախաբանին։ Ամեն դեպքում Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, բայց նաև կարող ենք հասկանալ, որ դա նաև պետության դեմքն է և ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող են պարունակվել: Այսինքն, մենք ունենք սահմանադրական փոփոխությունների մեր գործընթացը, բայց դա այն պատճառով չի, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր:  Արմենպրես: Պարոն Միրզոյան, տեղյակ ենք, որ Անթալիայում բազմաթիվ հանդիպումներ ունեցաք, բավականին լայն օրակարգ ունեիք, շփվեցիք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և որպես ամփոփում կցանկանայի Ձեր տեսակետը լսել. գոնե ինչ-որ չափով հնարավորություն եղա՞վ քննարկումների արդյունքում կամ ընթացքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները։  Արարատ Միրզոյան․ Ինչպես քիչ առաջ նշեցի, չենք կարող ասել, որ Անթալիայում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարարների հետ մեր ունեցած շփումների, խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ և պայմանավորվածություններ: Բայց նաև չենք կարող ժխտել, որ մշտական հանդիպումները, քննարկումները, խոսակցություններն, այնուամենայնիվ, կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար, առնվազն ամեն հանդիպումից հանդիպում, թեմաներ, ենթաթեմաներ կամ նոր ենթաշերտեր են հնարավոր լինում քննարկել, որն, անշուշտ, արդյունավետ է ընդհանուր գործընթացի տեսանկյունից: Այնպես որ ես դրական կհամարեի մեր շփումները։ Շնորհակալություն», - նշված է տարածած հաղորդագրությունում։
21:12 - 16 ապրիլի, 2025