Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Աջափնյակում բնակելի նոր միկրոշրջանի կառուցման ծրագիր է ներկայացվել քաղաքապետին

Աջափնյակում բնակելի նոր միկրոշրջանի կառուցման ծրագիր է ներկայացվել քաղաքապետին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիր է ներկայացվել։  Քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Հայկ Մարությանը հանդիպել է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագրի ընթացքը: Նշվել է, որ մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մի քանի փուլով: «Բնակելի համալիրներից բացի, տարածքում նախատեսված է դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրային մակերեսի ստեղծում, 11 հա կանաչ գոտու վրա անտառպուրակի հիմնում, որի աշխատանքներն, ի դեպ, արդեն մեկնարկել են: Ընդգծելով քաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ համայնքը կարևորում է կառուցապատման նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումը քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միևնույն ժամանակ  քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև ենթակառուցվածքային կարևոր խնդիրներ»,- նշված է քաղաքապեետարանի լրատվության վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
16:14 - 16 դեկտեմբերի, 2021
Եթե  Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ․ Արսեն Թորոսյան

Եթե Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ․ Արսեն Թորոսյան

Եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ։ Այս մասին Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Թորոսյանի դիտարկմամբ՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը մոտակա ժամանակներում ներքաղաքական ամենակարևոր հարցը չի դառնալու․ «Դա հարց է, որը կլուծվի, և երկիրը կապրի իր բնականոն կյանքով։Տարիներ առաջ, ոչ մեր իշխանության օրոք, որոշում կայացվեց, որ Երևան քաղաքը, լինելով սպեցիֆիկ ՀՀ-ի համար, մեծությամբ, տնտեսական ուժով, հզորությամբ պետք է ունենա ոչ թե ուղիղ քաղաքապետի ընտրություն, ինչպես նախկինում էր, այլ ունենա քաղաքական ընտրություն, այսինքն՝ կուսակցական ցուցակով կամ դաշինքներով ընտրություն։ Որպեսզի այդ պահին գործող Երևանի քաղաքապետը ներկայացնի քաղաքական կուսակցություն կամ թիմ, որը պատասխանատվություն է վերցրել Երևան քաղաքի զարգացման։ Հետագայում, իհարկե, այդ պրոցեսին ավելացավ Գյումրին, Վանաձորը, իսկ վերջերս նաև բոլոր մեծ խոշորացված համայնքները։ Դա մենք համարում ենք մեր քաղաքական համակարգի, մեր երկրի կառավարման կարևորագույն ձեռքբերումներից մեկը»։ Խոսելով այսօրվա իրավիճակի մասին՝ Թորոսյանը հիշեցրեց, որ 2018 թ․-ի ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունից հետո առաջին ամենամեծ ընտրություններն էին, և դա քաղաքական ընտրություն էր․ «Այսինքն՝ ես ինքս լինելով Երևանի բնակիչ և քաղաքացի, քաղաքապետ չեմ ընտրել որևէ անձի։ Ես ընտրել եմ «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը, այո՛, այդ ընտրության ժամանակ Հայկ Մարությանն էր։ Բայց կոնկրետ այս դեպքում կուսակցությունը կամ դաշինքը և առաջին համարը պետք է իրար հետ անքակտելիորեն կապված լինեն, որովհետև «Իմ քայլը» դաշինքն է պատասխանատվություն վերցրել Երևան քաղաքի կառավարման և ոչ թե միայն Հայկ Մարությանը։ Եվ դա պատահական չի, որ այս մեխանիզմով է տեղի ունենում, որպեսզի առաջին համարը չխզվի իրեն իշխանության բերած թիմի գաղափարներից, ուղղությունից, և նաև թիմն էլ շարունակի պատասխանատվություն կրել քաղաքի կառավարման համար»։ Հարցին՝ արդյոք քաղաքական թիմի հետ կապերի խզումն էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի պատճառը, Թորոսյանը ասաց․ «Այո, քաղաքական խզումը, որը չի կարող, այսպես ասած, ինքնահոսով գնալ առաջ, և եթե որևէ մեկը, տվյալ դեպքում Հայկ Մարությանը ցանկություն ունի իր քաղաքական թիմով (եթե այն կա, ես տեղյակ չեմ՝ այն կա, թե չկա) պատասխանատվություն ստանձնել որևէ քաղաքի կամ միգուցե ազգային մակարդակով որևէ խնդրի լուծման, ինքը պետք է իրենով գնա, ստանա երևանցիների քվեն, երևանցիները քվե չեն տվել Հայկ Մարությանին, տվել են «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը եղել է Հայկ Մարությանը, բայց մենք բոլորս գիտենք, որ եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ, ինքը 99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ»։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Թորոսյանը կամ իրենց քաղաքական թիմը գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, պատգամավորն ասաց, որ կան դրական արդյունքներ, որոնք Երևանի  քաղաքապետաանի և Երևանի ավագանու ձեռքբերումներն են, և ոչ թե ինչ-որ մեկի․ «Օրինակ, ես նախկինում եղել եմ նախարար, դա իմ անձնական ձեռքբերումը չի եղել, եղել է նախարարության և կառավարության։ Եվ՛ կան դրական առաջընթացներ, և կան նաև բաներ, որոնք հետ են մնում ընդհանոuր պետական բարեփոխումներից և առաջընթացներից։ Նաև այդտեղ խնդիր կա, երբ դու, տեսնելով, որ պետական գերատեսչության մեջ չի պրոբլեմը, այլ համայնքային գերատեսչության մեջ է, որևէ կերպ չես կարողանում դա փոխել, քանի որ կա խզում, ու քեզ ասում մոտավորապես ասում են՝ գիտես դա քո գործը չի, դու գնա քո կառավարությունով, նախարարություններով, Ազգային ժողովով զբաղվի, մենք մեր համայնքով կզբաղվենք, այն դեպքում, երբ համայնքի համար պատասխանաատվություն ստանձնել ես կրկին դու, դու ես պատասխանատու, մենք ենք պատասխանատու»։ Անդրադառնալով կարծիքներին, որ այս գործընթացը հաշվեհարդար է ընդդեմ Մարությանի՝ «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով, Թորոսյանը կրկնեց, որ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է․ «Նախ, ով մեր հետ չէ, մեր դեմ է,  թարգմանեմ քաղաքական լեզվով։ Ես դրա մասին արդեն խոսեցի, եթե մենք փողոցային խոսակցություն վարեինք, կարող էինք ասել, ով մեր հետ չէ, մեր դեմ է, մեր թշնամին է, բայց մենք խոսում ենք քաղաքականությունից, քաղաքականությունը հետևյալն է․ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է, Երևան քաղաքում չի կարող լինել ապաքաղաքական կամ իրեն ընտրած, իրեն իշխանության բերած քաղաքապետ, որը խզվել է իր քաղաքական թիմից, դա նոնսենս է, գործող իրավակարգավորումներով, որը կրկին եմ ասում ՝ կոնկրետ Երևանի դեպքում մենք չենք ներդրել։ Այդ հարցը պետք է լուծում ստանալու, այդ հարցի լուծումը երկար ժամանակ մտածելուց և խորհելուց, խորհրդակցելուց հետո մենք հասկացել ենք, որ այս գործընթացի մեջ է, ոչ թե հակառակ, որովհետև հակառակը չի ստացվել, դժբախտաբար։ Եվ այդ խզումը մենք չէ, որ ապահովել ենք, այդ խզումը մեր դեմ է ապահովվել»։ Դիտարկմանը, որ այդ գործընթացը կարող է բարձրացնել Հայկ Մարությանի վարկանիշը և իջեցնել կառավարող ուժի վարկանիշը, Թորոսյանն ասաց, որ քաղաքական ուժերի վարկանիշները մինչընտրական պրոցեսներում կարող են աճել, կարող են ընկնել․ «Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին, և դա ուղղակիորեն կապել իմ ասածի հետ, պետք չի։ Հնարավոր են ցանկացած զարգացումներ, բայց մենք ստանձնելով պատասխանատվություն  Երևան քաղաքի կառավարման համար, շարունակելու ենք Երևան քաղաքը կառավարել և էլ ավելի էֆֆեկտիվ ենք այն կառավարելու՝ մինչև մյուս ընտրությունները»։ Թորոսյանի խոսքով՝ ռեյտինգը չափելու միակ տարբերակը ընտրություններին մասնակցելն է․ «Կմասնակցի Հայկ Մարությանը ընտրություններին իր քաղաքական թիմով, որը չկա կամ կլինի, կամ միգուցե ընդդիմության միասնական թեկնածու լինի, մենք կտեսնենք՝ ինքը ունի ռեյտինգ այդ պահին, թե չունի, և մենէ ունենք ռեյտինգ, թե ոչ։ Հիմա այդ ռեյտինգը չափելու մեխանիզմ պարզապես չկա, և դրան միայն տուրք տալով մենք չպետք է որոշումներ կայացնենք, որովհետև ես ասեցի՝ որոշման հիմքերը խիստ քաղաքական են և լինելու էին այսպես՝ անկախ այդ քաղաքական ուժի անուն ազգանունից»։  Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։  
15:48 - 16 դեկտեմբերի, 2021
Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Թե ինչու է միացել, ավագանու անդամը պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։ «Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին»,- գրել է նա։ Ավագանու անդամը հավանաբար նկատի ունի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայք՝ armtimes.com-ի, հրապարակած «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդվածում նշված տեղեկությանը, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Անի Խաչատրյանը հավելել է․ «Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող: Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:40 - 16 դեկտեմբերի, 2021
Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է նա։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:26 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, նա չի միացել Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին։ Այս մասին Սարգսյանը ասաց Infocom-ի հետ զրույցում։  Հարցին, թե ինչու է ավագանու անդամը դեմ այդ գործընթացին, Սարգսյանը այսպես պատասխանեց․ «Այս պահին մի քիչ վաղ է դրա մասին խոսել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Դեռևս քննարկումներ են ընթանում, մենք նաև խմբակցությամբ քննարկում ենք ունենում, կավարտենք, ավելի մանրամասն կասենք։ Յուրաքանչյուր մարդ իր կարծիքը ունի, բազմաթիվ քննարկումներ եղել են տարբեր թեմաների, այդ թվում՝ նաև այդ թեմայի»։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։     Նանե Ավետիսյան  
12:59 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասի՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։ 2021 թվականի հունվարից առ այսօր խորհուրդն ինտենսիվորեն աշխատել է խորհրդի նախագահ Հայկ Մարությանի հետ և առաջարկել է նոր լուծումներ մայրաքաղաքի երիտասարդների խնդիրներին։ Համատեղ աշխատանքի արդյունքում Երևան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ նախատեսել է համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Արդեն իսկ ֆինանսավորվել են երիտասարդական նորարարական ծրագրեր, շուտով կձևավորվի քաղաքապետրանի Երիտասարդության հարցերի բաժինը և կզարգանա Երևանի երիտասարդական կենտրոնների ցանցը։ Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չի բխում Երևանի բնակիչների և մասնավորապես Երևանի երիտասարդության շահերից։ Լինելով քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ՝ երբևէ չենք ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում: Այնուամենայնիվ, կարևոր ենք համարում հայտարարել, որ մեր աջակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որի հաջողության արդյունքում կկասեցվեն մեկնարկած համակարգային բազմաթիվ բարեփոխումներն ու նախաձեռնությունները»,- նշված է Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանում մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
09:31 - 16 դեկտեմբերի, 2021
Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել․ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը՝ հաջակցություն քաղաքապետի

Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել․ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը՝ հաջակցություն քաղաքապետի

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին։  «Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի:Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում:Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»,- ասված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
22:31 - 15 դեկտեմբերի, 2021
«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի մասին մամուլից է իմացել

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի մասին մամուլից է իմացել

hetq.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի մասը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք է սկսել, մյուս մասն այդ նախաձեռնությանը չի միացել։ Նշենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու պահանջով հանդես եկող ավագանու անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, բոլորն անջատում են հեռախոսները: Գայանե Վարդանյանն ասաց, որ ստորագրահավաքին չի միացել, մամուլից է իմացել ստորագրահավաքին միացած գործընկերների թիվը։ Նմանատիպ պատասխան տվեց նաև նույն խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը: «Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին չեմ միացել, այդ մասին իմացել եմ մամուլից»,- ասաց նա: Հայրապետյանը հիշեցրեց, որ օրենքը հնարավորություն է ընձեռում ավագանու կազմի 1/3-ին անվստահության գործընթաց սկսել, համապատասխան ստորագրություն լինելու պարագայում նախագիծը քննարկել ավագանու նիստում: «Բնական է, որ եթե նախաձեռնող խումբ 1/3-ից ավելի է, ապա ավագանու որոշ անդամներ կարող են դրա մասին չտեղեկանալ, իմանալ, երբ նախագիծը ներկայացվի ավագանու նիստին»- նշեց Հայրապետյանը: Նրա խոսքով՝ մինչ այժմ չի մասնակցել որևէ քննարկման, որտեղ գործընկերները Մարությանի պաշտոնանկության հարցն են քննարկել:
21:28 - 15 դեկտեմբերի, 2021
Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի․ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան |factor.am|

Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի․ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան |factor.am|

factor.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եղանակով պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվել։ Տեղեկությունը հաստատել է նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։ «Ես տեղյակ եմ, որ նման բան է նախաձեռնվել, բայց անձամբ այդ գործընթացին չեմ մասնակցում։ Ես ասել եմ, որ դեմ եմ նման գործելաոճին ու չեմ ստորագրել՝ Մարությանին անվստահություն հայտնելու համար։ Ես կարծում եմ, որ Մարությանն իր պարտականությունները կատարել է և հանրությունը գոհ է իր աշխատանքից»,- շեշտեց Երիցյանը։ Նշենք, որ նախնական տվյալներով՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 60 անդամներից 48-ն են ստորագրահավաքին մասնակցել։ Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին։ Նա փոխանցեց, որ տեղեկություն չունի վերոնշյալ գործընթացի վերաբերյալ։
21:14 - 15 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան

Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․  Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»։ Infocom-ն ավելի վաղ անդրադարձել էր վերոնշյալ հոդվածին՝ նշելով, որ «Հայկական ժամանակ»-ի այն ընդգծումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թ․-ի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ ըստ «Գովազդի մասին» և «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» օրենքների, ինչպես նաև Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշման՝ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։
11:20 - 15 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Վերջին ժամանակներս կառավարող ուժին հարող մի շարք լրատվամիջոցներ և սունկ կայքեր պարբերաբար անդրադառնում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ նրան հաճախ դարձնելով չփաստարկված քննադատությունների թիրախ։ Infocom-ն արդեն գրել է, որ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված FreeNews.am կայքը վերահրապարակել էր «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ», ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  FreeNews.am-ը հղվել էր armenianews.net և medianews.site կայքերին․ դրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, իսկ վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն գրված չէր։ Դեկտեմբերի 12-ին էլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը՝ armtimes.com-ը, հրապարակել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդված (այն ավելի ուշ վերահրապարակել են կառավարող ուժին հարող FreeNews.am, Civic.am, armpublic.com կայքերը), որտեղ, Մարությանին անուղղակիորեն մեղադրելով ճամբարափոխ լինելու մեջ եւ հղում անելով «շրջանառվող տեղեկություններ»-ին, գրել է, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Թերեւս ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- ընդգծել է կայքը։ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պաստառները մայրաքաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին։ Դրանք, ըստ էության, գովազդային պաստառներ էին, իսկ արտաքին գովազդի տեղադրումը Երեւան քաղաքում կանոնակարգվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշմամբ։ Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ Երեւանի ավագանին, ի թիվս այլնի, ունի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով) սահմանելու լիազորություն։ Նույն օրենքի 55-րդ  հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետը օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։ Իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն էլ՝ քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Գովազդի տեղադրման թույլտվություն տալու կարգը սահմանված է Երեւան քաղաքի ավագանու N 37 որոշման 2-րդ գլխով։ Ըստ այդմ, գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին (իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի ղեկավարին): Եթե դիմումը եւ կից փաստաթղթերը համապատասխանում են այս որոշմամբ սահմանված կանոնների պահանջներին, կամ դիմողը վերացրել է ձեւական խախտումները, ապա տվյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երեւանի քաղաքապետարանի՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն՝ ուրվանկարների եւ համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման եւ լուծման համար: Նույն որոշման 3-րդ գլուխն էլ սահմանում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդի տեղադրման չափորոշիչները, որոնք վերաբերում են տեխնիկական պահանջներին եւ սահմանափակումներին։ Իսկ բովանդակային պահանջների վերաբերյալ մանրամասն կանոնակարգում է առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի սահմանափակումներ տարածվում են առանձին տեսակի ապրանքների գովազդի վրա, ինչպիսիք են, օրինակ, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, մինչեւ վեց ամսական երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչները, թմրադեղերը, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերը, զենք-զինամթերքը, վիճակախաղերը։ Նույն օրենքով երաշխիքներ են սահմանված գովազդի օրինականության, հավաստիության, պատշաճության, ինչպես նաեւ՝ գովազդային ոլորտում անչափահասների պաշտպանության համար։ Մեջբերված նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ եթե գովազդը, այդ թվում՝ գրքի, համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ապա դրա նկատմամբ սահմանափակումներ տարածելու լծակներ չունեն ոչ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, ոչ էլ տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Ի դեպ, քանի որ Քոչարյանի գրքի պաստառները փակցվել էին ապրիլին եւ շարունակում էին վահանակներին մնալ նաեւ մայիսին՝ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մայիսի 31-ին եւ հունիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով դրանք ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ Հանձնաժողովը նման եզրահանգման էր եկել՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու էր «Հայաստան» դաշինքից։ ԿԸՀ-ի որոշումների դեմ, սակայն, Քոչարյանը բողոքներ էր ներկայացրել Վարչական դատարան, եւ վերջինս դրանք բավարարել էր ու անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները։ Վարչական դատարանի այդ վճիռները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։ Այսպիսով, «Հայկական ժամանակ»-ի այն շեշտադրումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։ Նարեկ Մարտիրոսյան
15:42 - 14 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Արտյուշա Կարապետյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանին և ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդուն՝ Արեգ Էլիբեկյանին ու նրանց հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրերն ու հուշամեդալները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կարևորելով վաստակաշատ գործիչների ներդրած նշանակալի ավանդը Երևանում արվեստի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրանց: «Տասնամյակներ շարունակ, չխնայելով ուժ, եռանդ ու ժամանակ, դուք կրթել ու կրթում եք սերունդներ, և այս կոչման մեջ կա երևանցիների շնորհակալությունը ձեր այդ նվիրական աշխատանքի համար: Պետությունը կանգուն է իր մշակույթով, և դուք ստանձնել եք հայկական մշակույթի պահպանման ու տարածման կարևոր առաքելությունը»,- նշել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու պատասխանատու կոչման համար՝ Երևանի պատվավոր քաղաքացիները խաղաղություն են մաղթել մեր երկրին, և նշել, որ անհամբերությամբ են սպասում Էրեբունի-Երևան տոնակատարության վերականգմանը, որը ոչ միայն սիրված ու սպասված է, այլև վերածվել է համաժողովրդական տոնի:
21:14 - 08 դեկտեմբերի, 2021