Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո փոխշահավետ լուծումների կգանք. Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո փոխշահավետ լուծումների կգանք. Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող և դրանից դժգոհող և այժմ առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող և կարևորող մեր գործընկերներին (ընդդիմությանը՝ խմբ.) ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագհործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»,-  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ ընդդիմությունը ընդդիմանում է և շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պայմանները կատարելու իշխանության «մարմաջին»: «Հայաստանում դուք բերել եք ԵՄ դիտորդներին, բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանի պահանջով առանց քննարկելու հանում եք նրանց սահմանից: Դա է ընդդիմության խնդիրը»,- հավելեց Վարդանյանը: Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
12:25 - 14 մարտի, 2025
Չկան միջանցքին, փախստականների վերադարձին և Սահմանադրությանը վերաբերող դրույթներ համաձայնեցված տեքստում. Արարատ Միրզոյան

Չկան միջանցքին, փախստականների վերադարձին և Սահմանադրությանը վերաբերող դրույթներ համաձայնեցված տեքստում. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է 2024թ. բյուջեի կատարողականը: Մինչ այդ նա անդրադարձավ Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրին: Նա մասնավորապես նշեց, որ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա` որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին, այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը 2 երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքաները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են, ՀՀ սահմանադրության մասին որևէ կարգավորում: Միջանցքի համատեքստում Միրզոյանը նշեց, որ ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա. «Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»: Անդրադառնալով ադրբեջանական կողմի մեկնաբանությանը՝ ՀՀ սահմանադրության վերաբերյալ՝ նա ընդգծեց, որ համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա, չկա նաև սահմանադրությունների մասին՝ հիշեցնելով, որ հայկական կողմն էլ իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի սահմանադրության մասին: «Եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ... Եվ մենք ունենք առնվազն մեր Սահմանադրության մասով մեր ՍԴ-ի դիրքորոշումը մեկ այլ առիթով (սահմանազատման մասով՝ խմբ.) ... Բայց եթե նույնսիկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել էդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ, մեկընդմիշտ էդ հարցերը կարող ենք համարել փակված»,- ասաց Միրզոյանը: Ապա Միրզոյանը նշեց, որ խաղաղության պայմանագրերը միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չեն տալիս, կախարդական փայտիկով երկու երկրներին բարեկամներ, համագործակիցներ չեն դարձնում:  «Իհարկե, լինում են բազմաթիվ զգայուն և գերզգայուն հարցեր, որոնք հետագայում պետք է քննարկվեն, կարգավորվեն: Եվ մեր համաձայնեցված, ստորագրման պատրաստ տեքստը ևս էս առումով բացառություն չէ, բայց կարևոր է նշել, որ էս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որ մենք և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար և հարաբերությունները վերջնական կարգավորելու համար»,- հավելեց նա: Խոսելով Մինսկի խմբի մասին՝ նա նշեց. «Մինչ այս պահը տեսնում ենք հռետորաբանության, ապակառուցողական տարրեր, որ հանդիպում ենք ադրբեջանակն կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում: Էն պահին, երբ կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»: Արարատ Միրզոյանը նաև ընդգծեց, որ համաձայնեցված խաղաղության պայմանագրի որևէ դրույթ, պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել ստորագրվելուց, վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո:
11:41 - 14 մարտի, 2025
Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.   «Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու մեր երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, և երրորդը՝ այս հրաշալի առիթը՝ վերջապես միասին մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության ռեզիդենտ դեսպանության բացմանը: Ես ուզում եմ արձանագրենք և գիտակցենք, որ դեսպանությունն, ինչպես և օրինակ, ռազմավարական փաստաթղթի ստորագրումն իրականում շատ մեծ նշան և վկայություն է այն ընկերության, բարեկամության և գործընկերության, որը մենք արդեն ունենք երկու երկրների միջև, և որոնք պատրաստվում ենք խորացնել»։
20:51 - 12 մարտի, 2025
Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Ռազմավարական գործընկերության շրջանակ1. Քաղաքական երկխոսություն1. Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր») որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: 2. Կողմերը նախատեսում են անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ քաղաքական և դիվանագիտական մակարդակներում՝ ապահովելով հաղորդակցության բաց ուղիներ՝ համատեղ առաջնահերթություններն ու մտահոգությունները հասցեագրելու նպատակով: 3. Կողմերը որոշում են շարունակել համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱՏՐԱ» և «Մարդու իրավունքներ» ծրագրի միջոցով:2. Տարածաշրջանային և միջազգային համագործակցություն1. Կշարունակվեն ջանքերը Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա, ինչպես ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով:2. Շեշտելով Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ կողմերը կշարունակեն սատարել և առաջ մղել Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների արդյունավետ կյանքի կոչումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում: 3. Տնտեսական համագործակցություն և ենթակառուցվածքներ1. Կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների խթանման ուղղությամբ, ինչին նպաստելու ներուժ ունի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հռչակագրի ամբողջական տեքստը՝ այստեղ:
19:58 - 12 մարտի, 2025
Հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին առաջարկներին
 |azatutyun.am|

Հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին առաջարկներին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և «ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը»։ «Մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, մեր խաղաղության օրակարգին, խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը և ՀՀ շահերին», - ասաց Միրզոյանը։ Հայկական կողմը փետրվարի վերջին է ստացել խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չհամաձայնեցված երկու կետ կա և այդ երկու կետերի վերաբերյալ Երևանն առաջարկներ էր արել։ Բաքվից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխանցել էր՝ դրանք մնում են չհամաձայնեցված: Հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Հարցին, թե հայկական կողմը համաձա՞յն է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, Միրզոյանը պատասխանեց․ - «Մի շարք հարցեր քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն՝ պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այո՛, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»։
16:02 - 12 մարտի, 2025
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ Այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»,-ընդգծեց Վելդկամպը։  Նիդեռլանդների արտգործնախարարը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել քաղաքական, սոցիալական և տնտեսական կապերը՝ հիմնված երկուստեք հավակնությունների վրա։ «Շատ ուրախ եմ տեսնել այս երկկողմ նվիրվածությունը։ Այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են մեր կապերը»,-հավելեց Վելդկամպը։ Բացի այդ, Նիդեռլանդների  արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ այցի շրջանակում Երևանում պաշտոնապես կբացվի Նիդեռլանդների դեսպանությունը։  «Մեր դեսպանությունն արդեն գործում էր Երևանում, սակայն մինչ այժմ պաշտոնական բացում չէինք իրականացրել։ Սա ևս մեկ կարևոր քայլ է Նիդեռլանդների և Հայաստանի համագործակցության ամրապնդման համար»,-նշեց Վելդկամպը։
14:58 - 12 մարտի, 2025
Ինչ է ներառում Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը
 |1lurer.am|

Ինչ է ներառում Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ: Այդ մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ շուտով այն կհրապարակվի: «Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի՝ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա: Նաև առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային: Նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,- ասաց Միրզոյանը: Փաստաթղթում անդրադարձ կա նաև կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությանը: Ըստ Միրզոյանի՝ սա միայն Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերում է Հայաստանի և ամբողջ Եվրոպական միության երկխոսությանը նույնպես: Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ օրակարգը, գործընկերության խորացման հեռանկարները և այս համատեքստում՝ աջակցությունը Հայաստանի ջանքերին:
14:54 - 12 մարտի, 2025
Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը |armenpress.am|

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։   «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման հարցերը։ «Նշվել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով նախագծի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի զարգացման համար։ Նա նաև նշեց, որ կիբեռդիմակայունությունը և հիբրիդային սպառնալիքների չեզոքացումը ժամանակակից մարտահրավերների շրջանակում դառնում է ռազմավարական գործընկերության էական բաղադրիչ։  «Սա, իհարկե, Հայաստանի և Նիդեռլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերվում է Հայաստան և ԵՄ համագործակցությանը և երկխոսությանը»,-ընդգծեց Միրզոյանը։
14:53 - 12 մարտի, 2025
Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա. Միրզոյան
 |civilnet.am|

Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա. Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանում արտադրված սարքավորումները հետաքրքրում են Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ դա Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխման համար է, և չկա որևէ մտադրություն այդ համակարգերն օգտագործելու որևէ երրորդ կողմի դեմ: «Հայաստանն ունի խաղաղության օրակարգ: Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ: Ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացում»,- ասել է նախարարը: Միրզոյանի խոսքով՝ պաշտպանությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանը շատ սերտ համագործակցություն ունի Հնդկաստանի հետ։ Նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակաբար կխորանա: Լրագրողը նախարարից հետաքրքրվել է Ադրբեջանից եկող արձագանքների մասին՝ Հայաստանի կողմից հնդկական զենք ձեռք բերելու վերաբերյալ: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի մտադրությունը միայն իր պաշտպանական համակարգի արդիականացումն է: «Ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ երկրներից ձեռք բերված սարքավորումները նպատակ ունեն լինել ավելի լավ բանակի մաս՝ ավելի լավ պաշտպանական կարողություններով: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի դեմ»,- ասել է Միրզոյանը: Նախարարը խոսել է նաև տրանսպորտային ուղիների զարգացման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ անում է՝ գլոբալ տարանցիկ ուղիների մաս դառնալու համար, և այստեղ նոր հնարավորությունների հետազոտումը շատ կարևոր է Հայաստանի համար: Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակները: «Մենք հետաքրքրված ենք նոր հնարավորությունների հետազոտմամբ, ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության մալուխները, ինտերնետ մալուխները և այլն: Եվ սա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների հետ բանակցությունների վրա, նկատի ունեմ Ադրբեջանը: Մենք փոխադարձաբար շահավետ առաջարկ ենք արել երկու երկրների համար, բայց նաև շարունակում ենք մեր բանակցությունները մեր սահմանների բացման և Հայաստանը Թուրքիայի հետ կապող մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման վերաբերյալ»,- նշել է նախարարը: Միրզոյանի խոսքով՝ այս ծրագիրը շահավետ է լինելու աշխարհի բազմաթիվ խաղացողների համար:
18:15 - 11 մարտի, 2025
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Նյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ նախարար, մշտապես մեծ հաճույք է Ձեզ հետ մտքեր փոխանակելու հնարավորություն ունենալ ոչ միայն մեր երկկողմ օրակարգի, այլև տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների վերաբերյալ։ Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Կրիկետի Միջազգային խորհրդի մրցաշարում Ձեր թիմի վերջին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա կարևոր և բավականին խորհրդանշական իրադարձություն է։ Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ կհամաձայնեք, որ մեր հարաբերությունները, որոնք ավանդաբար ձևավորվել են դարավոր, կարելի է ասել, քաղաքակրթական կապերի հիման վրա, վերջին տարիներին զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել։ Եվ դա, առաջին հերթին, Ձեր անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է, պարոն նախարար, ինչը մենք շատ ենք գնահատում։ Ձեր այցը Հայաստան 2021 թվականին, և իմ, ես կասեի, բավականին հաճախակի այցերը Հնդկաստան և մեր փոխգործակցությունը միջազգային հարթակներում վկայում են մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում: Այլ հարցերի թվում մենք կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնազրույցի ընթացքում ես և նախարար Ջայշանկարն արդեն հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Եվ ես ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն ընդլայնված ձևաչափով»։ Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը. - ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև» փոխըմբռման հուշագիր, - «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։
22:03 - 10 մարտի, 2025
Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Միրզոյանի ելույթը Հնդկաստանում

Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Միրզոյանի ելույթը Հնդկաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում:  «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային երկխոսությանը: Շնորհակալ եմ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելու այս հնարավորության համար, այն ժամանակ, երբ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը։ Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Ընդամենը 4 տարի անց մենք ստորագրեցինք մեր երկրների միջև Բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, և այս տարի մենք արդեն նշում ենք այս կարևոր փաստաթղթի 30-ամյակը: Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ: Իհարկե, մեր ժողովուրդների միջև շփումները շատ ավելի հեռուն են ձգվում, քան վերջին 34 տարիները: Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը որպես մտերիմ գործընկեր՝ մի ժողովուրդ, որի հետ մենք կիսում ենք խորը քաղաքակրթական կապեր և բարեկամական հարաբերությունների երկար պատմություն: Պատմականորեն մեր ժողովուրդները փոխկապակցված են եղել դեռևս մինչև ժամանակակից ազգային պետությունների ձևավորումը։ Արդի ժամանակաշրջանի մեկնարկին հայ վաճառականները Հնդկաստանում միջսահմանային առևտրի և մշակութային փոխանակումների առաջամարտիկներն էին: Ուշագրավ է, որ սահմանադրական գաղափարներն ընկած են մեր դարավոր բարեկամության հիմքում։ 1773 թվականին Հնդկաստանում հայ մտավորականները կազմեցին «Որոգայթ փառացը»՝ մեր առաջին սահմանադրությունը, իսկ 1794 թվականին Մադրասում հայ հոգևորականը հրատարակեց «Ազդարարը»՝ աշխարհում առաջին հայերեն պարբերականը։ Այս նախաձեռնությունները դարձան  մեր ժողովուրդների միջև լուսավորական գաղափարների փոխանակման յուրահատուկ կամուրջ։ Մշակութային ժառանգության և բազմազանության պահպանումը շարունակում է կենտրոնական դեր խաղալ մեր երկու ժողովուրդների համար: Այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, ինչպես նաև Հնդկաստանի տարբեր վայրերում պահպանված պատմական եկեղեցիներն ու հուշարձանները, կենդանի վկայություններ են հնդկական հողի վրա հայ համայնքների դարավոր ներկայության մասին։ Դրանց պահպանումը Հնդկաստանի կառավարության հովանավորության ներքո ոչ միայն ընդգծում է մեր փոխադարձ հարգանքն, այլև օրինակ է հանդիսանում մեր ընդհանուր հանձնառության՝ պահպանելու մշակութային ինքնությունը հաջորդ սերունդների համար: Ես նաև կցանկանայի ընդգծել Աջանտայի որմնանկարների յուրօրինակ վերարտադրությունները՝ կատարված հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից, ով անգնահատելի ներդրում է ունեցել հնագույն հնդկական արվեստը ժամանակակից աշխարհի համար վերահայտնաբերելու գործում: Ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող այս աշխատանքները ներկայացնում են մեր ժողովուրդների միջև դարավոր մշակութային և հոգևոր կապը և հիշեցնում են մեզ, որ արվեստն ու մշակույթը դիվանագիտության իսկական կամուրջներն են: Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ: Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից: Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ: Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ: Մեր համագործակցությունը և ակտիվ քաղաքական երկխոսությունը զգալիորեն զարգացել են փոխայցելությունների և տարբեր համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և Միջկառավարական հանձնաժողովի նիստերի միջոցով։ Մեր երկկողմանի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվում է։ Մենք ողջունում ենք մեր պաշտպանության նախարարությունների միջև կայացած առաջին խորհրդակցությունները և համոզված ենք, որ ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակումը կարևոր քայլ է այս կենսական ոլորտում խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ: Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին: Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա: Այս ձգտումը դարձավ Երևանում կայացած Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի քննարկումների առանցքը, և որպես հայկական կողմի համանախագահող՝ ես հանձնառու եմ առաջնահերթություն տալ այս գործունեությանը՝ խթանելով ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ուժեղացնելով բիզնեսից-կառավարություն (B2G) և բիզնեսից-բիզնես (B2B) փոխգործակցությունները: Կարծում եմ, որ մեր փորձագիտական համայնքները կարող են նպաստել այս ջանքերին՝ ավելի խորաթափանց վերլուծություններով և առաջարկություններով, որոնք կարող են ավելի մոտեցնել մեր գործարար շրջանակներին: Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար: Փոխկապակցվածության ընդլայնումը առանցքային նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար: Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ: Այս առումով, Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը և գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ: Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում: Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ։ Զբոսաշրջությունը համագործակցության կարևոր ոլորտ է, որը ոչ միայն տնտեսական օգուտներ է բերում, այլև նպաստում է շարժունակությանը և մարդկանց միջև շփումներին՝ խթանելով փոխըմբռնումը: Մենք ակտիվորեն աշխատում ենք Երևանի և Դելիի միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ: Կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում՝ համատեղելով հայկական ներուժն ու հնդկական փորձը։ 2024 թվականին Հայաստանը միացավ Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին, ինչը նոր հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար։ Թվային փոխակերպման ոլորտում 2023 թվականին Հայաստանը և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ բնակչության մասշտաբով թվային լուծումների փոխանակման վերաբերյալ։ Այս այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթ բժշկական արտադրանքի կարգավորման ոլորտում համագործակցության մասին։ Ինչպես տեսնում եք, այս բոլոր ուղղություններով ընթացող քննարկումները վերածվում են գործնական համաձայնությունները և  մեր կառավարությունների և գործարար համայնքների համար նոր հնարավորությունների: Ականատես կլինեք հավելյալ փաստաթղթերի ստորագրմանը նախարար Ջայշանքարի հետ այսօրվա հանդիպումից հետո։ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Մենք երկուսս էլ հանձնառու ենք միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին՝ միաժամանակ կիսելով այն տեսակետը, որ ՄԱԿ-ի բարեփոխումն անհրաժեշտ է՝ ընդլայնման, աշխատանքային մեթոդների բարելավման և կանխարգելման ու վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդման միջոցով՝ բարձրացնելու զարգացող գլոբալ մարտահրավերների լուծման գործում արդյունավետությունը, ներկայացուցչականությունը և լեգիտիմությունը: Մեր գործընկերության մարդասիրական ուղղությունը, որն ընդգրկում է կրթական և մշակութային ասպեկտներն, առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Մոտավորապես 3,000 հնդիկ ուսանող սովորում է Հայաստանում, հիմնականում բժշկական մասնագիտացումներով, և մենք ուսումնասիրում ենք ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և զարգացման հնարավորությունները: Մենք հաջողությամբ զարգացրել ենք ակադեմիական համագործակցությունը հեղինակավոր վերլուծական կենտրոնների հետ՝ ներառյալ «Դիտորդ հետազոտական հիմնադրամը» (Observer Research Foundation), «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամը (Vivekananda International Foundation) և «Ուսանաս» հիմնադրամը (Usanas Foundation): Այնպիսի հարթակներ, ինչպիսին է «Ռաիսինա երկխոսությունը», որտեղ Հայաստանը պարբերաբար և ընդլայնված կազմով մասնակցություն է ունենում, արժեքավոր հնարավորություններ են ընձեռում մեր գործընկերների հետ փոխգործակցությունն ամրապնդելու համար: Փոխադարձաբար, ԴՀՀ-ն (ORF), ինչպես նաև Հնդկաստանի պաշտոնյաներն ու փորձագիտական շրջանակներն, ակտիվորեն մասնակցել են մեր նախաձեռնությանն՝ անցյալ տարի մեկնարկած «Երևանյան երկխոսությանը»: Սրտանց հրավիրում եմ ձեզ միանալ և հետևել այս տարվա միջոցառմանը, որը նախատեսված է մայիսի 26-27-ին: Տարածաշրջանային հարաբերություններ, Հայաստանի տեսլականը խաղաղության և գործընկերության վերաբերյալ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այսօր մենք ապրում ենք շարունակաբար բարդացող աշխարհում։ Միջազգային հանրությունը բախվում է փոխկապակցված մարտահրավերների, երբ մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մյուսներում: Հակամարտություններն, անվտանգության սպառնալիքները, մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամերի լուրջ խախտումները, գլոբալ անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մատակարարման շղթաների խաթարումը և պարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ են ստեղծում միջազգային հարաբերություններում: Ցավոք, Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների: Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց: Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»: Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։ Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։ Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։ Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանձ ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին  պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։ Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն: Սիրելի՛ ընկերներ, Գիտակցելով առևտրային և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով: Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին, ապա ցանկանում եմ ընդգծել մեր բարեկամական և սերտ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ։ 2023 թվականին մենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մակարդակի՝ պաշտոնականացնելով այն, ինչ իրականում միշտ եղել է ռազմավարական համագործակցություն բոլոր ոլորտներում։ Իրանի հետ մենք շարունակաբար զարգացնում ենք երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բնական շահերի վրա։ Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսությունը և զարգացնում հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ։ 2024 թվականի ապրիլի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հայտարարությունը։ Անցյալ տարի նաև տեղի ունեցավ մեր ռազմավարական երկխոսության հերթական նիստը ԱՄՆ-ի հետ, որն ավարտվեց երկու ամիս առաջ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ։ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգի ընդլայնմանը և բազմաշերտ համագործակցության խորացմանը։ Ներկայումս մենք բանակցում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Երբ այս հավակնոտ գործընկերային առաջնահերթությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին մոտեցնելու ճանապարհին՝ համահունչ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նպաստել է սահմանային շրջաններում կայունության պահպանմանը և իրավիճակի սրման ռիսկերի հասցեագրմանը։ Մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի հետ առևտրի աճի գրանցման հարցում։ Մենք ձեռնարկում ենք քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ։ Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»,- ասել է Միրզոյանը։
17:46 - 10 մարտի, 2025
Շարունակվում են COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները

Շարունակվում են COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները

Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ:   Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ Համապատասխան քննարկումներ են իրականացվել COP17-ի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերների հետ։  Աստրիդ Շոմեյքերը նաև հանդիպում է ունեցել COP17-ի կազմկոմիտեի անդամների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Այցի շրջանակներում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը և հետագա քայլերը։
15:08 - 10 մարտի, 2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան |armenpress.am|

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև խորացող համագործակցությանը։ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։ «Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ», – նշեց նախարարը։ Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Չինաստանի ԱԳ նախարարության հետ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ, որոնց արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ։ «Ողջունվել են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ընդգծեց Միրզոյանը։  
21:19 - 05 մարտի, 2025
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել. Միրզոյան
 |azatutyun.am|

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել, խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով թեմայի շուրջ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի հնչեցրած մեկնաբանություններին: Բաքվից երեկ արձագանքել էին ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և նշել, թե Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար և կատարի «այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»: Միրզոյանն այսօր վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է օր առաջ բացել և նպաստել տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ «Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» և դրա տրամաբանության շրջանակում Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ենք արել, - նշեց նախարարը, ապա հավելեց, - հարցը միայն Ադրբեջանի մասին չէ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, որը ներառում է նաև մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի -Կարս երկաթգծի մասով»:
20:35 - 05 մարտի, 2025