1975թ․ քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար․ Փաշինյան
12:56 - 22 մայիսի, 2023

1975թ․ քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար․ Փաշինյան

Սահմանային վերջին սրացումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեց սահմանից զորքերը հետ քաշելու վերաբերյալ համաձայնություն տալ, նշվեց, որ այս հարցը քննարկվել է նաեւ մայիսի սկզբին Վաշինգտոնում՝ պետքարտուղար Բլիքենի հետ բանակցությունների ընթացքում։ Ըստ էության, Միացյալ նահանգներն առաջ է քաշում այն հարցը, ինչը Հայաստանը բազմիցս առաջարկե՞լ է, եւ արդյո՞ք Միացյալ Նահանգների բանակցություններից հետո այս հարցի վերաբերյալ առաջնթաց կա Ադրբեջանի դիրքորոշումներում։ Բացի դրանից՝ Պրահայում տված հարցազրույցում Դուք նշել եք, որ պատրաստ եք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975թ․ քարտեզներով․ ի՞նչ քարտեզներ են սրանք, արդյոք նույն քարտեզնե՞րն են, որոնց մասին Ռուսաստանն է խոսում, եւ արդյոք կո՞ղմ է այս քարտեզներին Ադրբեջանը։ Նման հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչին վարչապետը պատասխանեց․ 

«Դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում։ մեր դիրքորոշումն այդ առումով շարունակում է մնալ նույնը, եւ մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը՝ 1975թ․ Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը, մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում, ըստ էության։ Եւ պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաեւ արդեն ձեւակերպված միջազգաւյին հանրության կողմից, ինչը բավականին կարեւոր է եւ ողջունելի։

Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված՝ գոնե այս պահին ես Ադրբեջանի դիրքոշուման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարեւորագույն մաս է։ Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետեւ 2021թ․ հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել եւ պարտավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց՝ զորքերի հայելային հետքաշումն ինքին չի կանխորոշու, սահմանագծման աշխատանքները։
«Այսինքն՝ դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայությունն ապահովելու մասին է։ Չնայած մյուս կողմից մենք կարծում ենք, որ 1975թ․ քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել