news.am: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:
Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նա, սակայն, չէր եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը:
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի համար Անդրեասյանի՝ հաճախակի ԱԺ չգալը նորմալ չէ:
«Ուզում եմ հասկանալ՝ ինչու պարոն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարևոր հարցը, ոնց որ նման դեպք էլի է եղել, կարծում եմ՝ կարևոր է, որ անձամբ ինքը գա դա անի», - նշեց Թորոսյանը:
Վիգեն Քոչարյանն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է:
Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Սա լավ առիթ է սրա մասին խոսելու, որպեսզի հնարավորինս նման գործուղումները չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ, որովհետեւ կարեւոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի»:
comment.count (0)