ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը
 |armeniasputnik.am|
16:00 - 24 մայիսի, 2023

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դիտարկում է որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նրա ներկայացրած դիրքորոշման հաստատում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Զախարովան հիշեցրեց` Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը հղում է անում 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, ըստ որի` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Պրահայի պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է տվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին», - ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշեց, որ Հայաստանի վարչապետի վերջին արտահայտությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել հենց Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում:

Նա ավելացրեց, որ Ռուսաստանը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և այդ կապակցությամբ կարևոր է ունենալ Հայաստանի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Սա պարզապես թեմա չէ, պարզապես հարց չէ, սա երկար տարիներ տևած հակամարտություն է, միջնորդական ջանքեր, որոնք գործադրվել են միջազգային կառույցների և տարածաշրջանային երկրների գծով։ Անշուշտ, ստորագրված փաստաթղթերով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հասկանալ այդ հարցում պետության հստակ դիրքորոշումը», - ասաց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին այդօրինակ հայտարարությունները Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել