Մատաղիսի զորամասի հրամանատարը կշարունակի մնալ կալանքի տակ․ պաշտպանն ապօրինի է որակում որոշումը
17:30 - 22 հուլիսի, 2023

Մատաղիսի զորամասի հրամանատարը կշարունակի մնալ կալանքի տակ․ պաշտպանն ապօրինի է որակում որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումների փուլը․ դատարանը քննարկեց, թե ինչ հերթականությամբ են հետազոտվելու ապացույցները, անդրադարձավ նաեւ մեղադրյալի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցին։

Գնդապետ Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ մեղադրանքի՝ սեպտեմբերի 26-ին հակառակորդի կուտակումների ու շարժի մասին ստացած տեղեկությունները ըստ վերադասության զեկուցելու փոխարեն Աբրահամյանը զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։ Նա կալանավորված է, մեղադրանքը չի ընդունում։


Պաշտպանը միջնորդեց հետազոտել այն հետախուզական տեղեկագրերը, որտեղ պատերազմից առաջ հակառակորդի շարժի մասին տեղեկություններ են եղել

Երեկվա դատարանում մեղադրյալի շահերի պաշտպան Արման Թամրազյանը շարունակեց ներկայացնել հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե դրանցից յուրաքանչյուրը վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը) կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։

Արման Թամրազյանը՝ ձախից, Սեւակ Աբրահամյանը՝ աջից

Թամրազյանը առաջարկեց հետազոտել հետախուզական տեղեկագրերը, որոնք, ըստ զննության արձանագրությունների, վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել սկսած 2020թ․ հուլիսից մինչեւ պատերազմի ավարտ։ Այդ հետախուզական տեղեկագրերում, պաշտպանի խոսքով, զետեղված են հակառակորդի շարժերի վերաբերյալ, այդ թվում նաեւ 6-րդ պաշտպանական շրջանի մոտակա հատվածում հակառակորդի շարժերի վերաբերյալ տեղեկություններ, հակառակորդի ուժերի եւ միջոցների, նրա գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, նաեւ զետեղված են, թե ՀՀ հետախուզական մարմիններն ինչ տվյալներ են ստացել այդ օրերի ընթացքում։

«Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրում են արարք, որ նա ամսի [սեպտեմբերի] 26-ին տեղեկություններ է ունեցել եւ պետք է գնահատեր այդ տեղեկությունները որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան, բայց չի գնահատել։ Սակայն այդ հետախուզական տեղեկագրերում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ համապատասխան պաշտոնատար անձինք դեռեւս օգոստոս ամսից սկսած հնարավորություն ունեին գնահատել այդ տեղեկությունները որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան»,- նշեց Թամրազյանը՝ հավելելով, որ այդ տեղեկագրերում հստակ տեղեկություններ կան, որ հակառակորդը դեռեւես 2020թ․ օգոստոսից ականազերծման աշխատանքներ է իրականացրել ամբողջ ռազմաճակատի երկայնքով տարբեր տեղերում, մոբիլիզացիա է հայտարարել, ուսումնական կենտրոններում զորքեր է տեղակայել, զորքեր է դուրս բերել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ է իրականացրել բնակչության տարհանման վերաբերյալ, սննդի մատակարարող ընկերությունների հետ է աշխատանքներ իրականացրել՝ պատերազմի ժամանակ իրենց զորքին սննդով մատակարարելու համար, տեղեկություններ են եղել նաեւ հակառակորդի կողմից առաջնագիծ մեծ քանակությամբ դագաղներ բերելու վերաբերյալ եւ այլն․

«Անգամ այնպիսի տեղեկություններ են եղել, թե հակառակորդի ուժերում գտնվող՝ Թուրքիայի Հանրապետությանը պատկանող ռազմաօդային ուժերի F16 ինքնաթիռները ինչ թռիչքներ են իրականացրել, դրանք ինչ խնդիրներ են իրականացրել, տեղեկություններ են եղել, որ դրանց օդաչուները հայկական կողմի հակաօդային պաշտպանության միջոցների արձագանքն են ստուգել, դա նշանակում է, որ ֆիքսել են ՀՕՊ միջոցների կոնկրետ գտնվելու տեղերը, այսինքն՝ սրանք այն ցուցիչներն են, որոնք հստակ վկայում են հակառակորդի կողմից հարձակվելուն հստակ նախապատրաստվելու մասին»,- ներկայացրեց պաշտպանը։ Բայց, նրա խոսքով, այսօր առկա է մի իրավիճակ, երբ ամբողջ ՀՀ եւ Արցախի Հանրապետության ԶՈՒ եւ համապատասխանաբար ՊԲ հրամանատարներից բացառապես Սեւակ Աբրահամյանին է մեղսագրվել արարք, որ նա մարտական կանոնադրության պահնջները խախտել է, պահպանությունից պաշտպանության չի անցել, հակառակորդն էլ եկել-գրավել է Թալիշն ու Մատաղիսը։ 


Ըստ պաշտպանական կողմի՝ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են ՀՀ ԶՈՒ ԳՇ 002 դիրեկտիվի՝ հույժ գաղտնի փաստաթղթի պահանջները

Հաջորդիվ պաշտպանը միջնորդեց որպես ապացույց հետազոտել ՀՀ ԶՈՒ ԳՇ 002 դիրեկտիվը, որը հույժ գաղտնի փաստաթուղթ է, եւ որով խաղաղ ժամանակ զորքերը լրիվ աստիճանի մարտական պատրաստության աստիճանի բերելու ուղիղ պարտականությունը ԳՇ պետինն ու պաշտպանության նախարարինն է, ոչ թե որեւէ զորամասի հրամանատարինը։ Պաշտպանական կողմն այդ տեղեկագրերով փորձ է անելու ապացուցել, որ վարույթն իրականացնող մարմինը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել Սեւակ Աբրահամյանի նկատմամբ, քանի որ, ունենալով հստակ տեղեկություններ, որ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են 002 դիրեկտիվի պահանջները, միայն Սեւակ Աբրահամյանին է մեղադրում 365-րդ հոդվածով, իսկ մյուս պաշտոնատար անձանցից որեւէ մեկն այդ հոդվածով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։

Պաշտպանը հատուկ նշեց, որ Սեւակ Աբրահամյանը հետախուզական տեղեկագրերում առկա տեղեկությունների համեմատ շատ աննշան եւ չնչին տեղեկություններ է ունեցել։


Պետք է պարզել՝ սեպտեմբերի 27-ին երբ է եղել արեւածագը, որովհետեւ մեր ԱԹՍ-ն գիշերը չէր կարող ֆիքսել հակառակորդի շարժը

Հաջորդ ապացույցը, որը պաշտպանական կողմը միջնորդեց հետազոտել դատարանում, օթերեւութաբանական համապատասխան մարմնից ստացված գրությունն է այն մասին, թե Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում 2020թ․ սեպտեմբերի 27-ին երբ է եղել արեւածագը, որ ժամից որ ժամն է եղել աղջամուղջ, աղջամուղջի մեջ տեսանելիությունն ինչպիսին է եղել, եւ այլն։

Բանն այն է, որ մեղադրանքում նշվում է սեպտեմբերի 27-ի կոնկրետ ժամ՝ 06:10, եւ ասվում, որ դրանից հետո հակառակորդը տանկերը դուրս է բերել առաջանագիծ, ինչ-որ գործողություններ է կատարել, Սեւակ Աբրահամյանը դրա մասին տեղեկություններ է ունեցել, հետո հետախուզության պետն է նայել, ԱԹՍ-ն թռցրել է եւ նկարահանել այդ ամենը։ Պաշտպանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն կարող էր թռիչք անել եւ տեսանկարահանել հակառակորդի տանկային ստորաբաժանումների շարժը բացառապես ցերեկային լուսավորության պայմաններում, քանի որ այդ տեսախցիկը գիշերային տեսանելիության համար համապտասխան կահավորում չի ունեցել։ 


6-րդ ՊՇ-ում հակագրոհներ չեն եղել․ պաշտպանը պնդում է՝ հակագրոհներ պետք է կազմակերպեին ՊԲ-ն եւ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան

Պաշտպանի հիշատակած մյուս ապացույցն այն զննության արձանագրության վերաբերյալ է, որում տեղեկություններ կան 6-րդ ՊՇ-ում հակագրոհների բացակայելու վերաբերյալ։ Թամրազյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը մեղադրանքին վերաբերում է նրանով, որ Սեւակ Աբրահամյանին մեղսագրված արարքում որպես հետեւանք նշվել է, որ հոկտեմբերի 2-ին հակառակորդը մխրճվել է եւ գրավել Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։ Այդ հետեւանքում վարույթն իրականացնող մարմինը իբրեւ թե պատճառական կապ է գտել եւ Սեւակ Աբրահամյանին մեղսագրել այդ հետեւանքի առաջացումը։ Բայց կոնկրետ դեպքում, ըստ պաշտպանի, հակագրոհները պետք է կազմակերպեին ՊԲ-ն եւ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան՝ իրենց ուժերով, ոչ թե 6-րդ ՊՇ-ի, որովհետեւ մարտական խնդիրներով եւ մարտական կարգադրություններով հստակ կարգավորվել է, թե հակառակորդի հարձակման ժամանակ 6-րդ ՊՇ-ն ինչ գործողություններ պետք է իրականացնի եւ ինչ գործողություններ պետք է իրականացնեն ՊԲ-ն եւ 10-րդ դիվիզիան։

Հաջորդիվ պաշտպանը նշեց, որ քրեական գործում առկա է արձանագրություն, որ քննիչն ուսումնասիրել է ԶՈՒ օպերատիվ շտաբների ծառայության հրահանգը։ Ծառայության հրահանգը նորմատիվ իրավական ակտ է, որը պաշտպանական կողմին հասանելի չէ, որովհետեւ այդ ակտը գաղտնի է։ Այդ պատճառով պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց ձեռք բերել այդ փաստաթուղթը՝ տեղեկացնելով, որ այն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ է։ Առանց այդ փաստաթղթի, Թամրազյանի համոզմամբ, դատարանը չի կարող արդարացի վերդիկտ կայացնել, քանի որ փաստաթղթով հստակ կարգավորված է, թե կոնկրետ ում վրա է դրված պարտականությունը, որ պետք է առաջնագծից ստացվող տեղեկությունները հավաքագրվեն ու զեկուցվեն վերադասին․ «Այս նորմատիվ իրավական ակտը հստակ նախատեսել է, որ դրա պարտականությունը դրված է շտաբի վրա, այսինքն շտաբը ստանում է տեղեկությունները, վերլուծում, ուղարկում վերադասին։ Անգամ գործով հարցաքննված վկաների ցուցմունքներում հղումներ կան այս ակտի վրա»։

Թամրազյանը ներկայացրեց նաեւ, որ առկա է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2014թ․ թիվ 0225 հրամանով հաստատված զորքերի կառավարման հիմունքների ձեռնարկը, որը հստակ նորմեր է պարունակում ստորաբաժանման ղեկավարների կողմից կատարվելիք գործողությունների վերաբերյալ․

«Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրված է արարք, որ նա զորքերը լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերել եւ մինչեւ հակառակորդի հարձակումը անմիջապես վերախմբավորում չի իրականացնել։ Նշված ձեռնարկում կան հստակ տեղեկություններ, թե զորամասի հրամանատարն ինչպես եւ ինչ կագով պետք է գործեր։ Վարույթն իրականացնող մարմինը այս ակտի մասին տեղեկություն չի ունեցել, այն չի պահանջել, քրեական գործով չի ուսումնասիրել եւ չի հետազոտել, բայց դա վերդիկտ կայացնելու համար էական նշանակություն ունի, հետեւաբար միջնորդում եմ դատարանին ձեռք բերել այդ փաստաթուղթը ՊՆ-ից»։

Որպես ապացույց հետազոտման ենթակա մյուս հրամանը Պաշտպանության բանակի հրամանատրի՝ 2012 թվի մարտի 31-ի հրամանն է, որը վերաբերում է նորմատիվներին։ Մասնավորապես, ինչպես նշեց պաշտպանը, սահմանված են համապաասխան ժամանակային նորմատիվներ, թե կոնկրետ դեպքում զորքերի վերախմբավորման ժամանակ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ստորաբաժանումն ինչ-որ տեղից շարժվի մեկ այլ տեղ, ժամանակացույց է, թե հրետանին ինչքան ժամանակում պետք է պատրաստվի կրակ վարելու համար, նորմատիվ է, թե զորքերին վերախմբավորում կատարելու ժամանակ մշտական տեղակայման վայրից մինչեւ առաջնագիծ հասնելն ու այնտեղ ծավալվելը ինչքան ժամանակ է անհրաժեշտ։

Պաշտպանն ասաց, որ քրեական գործում առկա է 2022թ․ ապրիլի 1-ին կազմված՝ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրման արձանագրություն, որին զննությամբ կցված են նաեւ մարտական կարգադրությունների քաղվածքներ, դրանից բացի՝ առկա են գաղտնի փաստաթղթեր 6-րդ ՊՇ-ի՝ պատերազմին նախորդող պահին ունեցած սպառազինության եւ զինատեսակների վերաբերյալ․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրում են արարք, որ եթե խնջույթ չաներ, հակառակորդը Մատաղիսն ու Թալիշը չէր կարող գրավել, չէր կարող մխրճվել պաշտպանության խորքը, բայց կոնկրետ դեպքում մեզ անհրաժեշտ է այդ հետեւանքը հասկանալու եւ գնահատելու համար իմանալ, թե 6-րդ ՊՇ-ն ինչ սպառազինություն է ունեցել եւ ինչքան, որովհետեւ քրեական գործով հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել հակառակորդի իրականում ունեցած ուժերի եւ միջոցների մասին, եւ այդ մարտական հրամանով ու որոշմամբ հստակ եղել է, թե Սեւակ Աբրահամյանն ինչ ուժերի եւ միջոցների դեմ պիտի պայքարի։ Բայց երբ հարձակումը սկսել է, այդ ուժերը եւ միջոցները տասն անգամ գերազանցել են Սեւակ Աբրահամյանի ունեցած ուժերին եւ միջոցներին»,- շեշտեց Թամրազյանը։

Պաշտպանը դատարանին հայտնեց, որ այս վարույթից նոր վարույթ անջատելու մասին որոշում է կայացվել, եւ միջնորդեց դրա արձանագրությունը եւս հետազոտել։

«Վարույթն իրականացնող մարմինը, որն անընդհատ պնդում է, որ կողմնակալ չէ, Սեւակ Աբրահամյանին չէ միայն թիրախավորել, միջնորդում եմ, ասում եմ քրեական վարույթ նախաձեռնեք․ դուք գտել եք, որ Աբրահամյանն, ունենալով այսքան տեղեկություն հակառակորդի գործողությունների վերաբերյալ, չի ենթադրել, որ հակառակորդը հարձակվել է, բայց դուք ունեք ապացույցներ, որ նրանից տասն անգամ բարձր պաշտոնատար անձը, որն ի պաշտոնե պարտավոր է եղել այդ գործողությունները կատարելու, ունեցել է ավելի ատ տեղեկություններ կոնկրետ հակառակորդի հարձակման օրվա եւ ժամի մասին, ու իր պարտականությունը չի կատարել, այսինքն՝ կատարել է ՔՕ 365-րդ հոդվածով նախատեսված արարք։ Ասում եմ՝ վարույթ նախաձեռնեք, վարույթն իրականացնող մարմինն ասում է՝ մենք մի գործ ենք քննում ընդհանուր պատերազմի հետ կապված, էդ էլ ենք էդ գործի մեջ քննում, էդ վարույթն էլ նախաձեռնված է զինվորական պաշտոնական անփութության հոդվածով, էն որ մեր գործն էլ է էդ հոդվածով։ Ասում է՝ ճիշտ է հանցագործության հատկանիշներ է պարունակում, բայց մենք կկցենք էն գործին, կքննենք»,- ներկայացրեց Թամրազյանը՝ նշելով, որ այդ մերժումն ինքը բողոքարկել է դատարան եւ դատարանը որշոում է կայացրել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդման հետ կապված վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր քրեական վարույթն նախաձեռնել։ Եւ վարույթն իրականացնող մարմինը 2023թ․ մայիսի 5-ին քրեական վարույթ է նախաձեռնել այդ պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները չկատարելու վերաբերյալ եւ կրկին վարույթ է նախաձեռնել զինվորական պաշտոնական անփութության հոդվածով․

«Սա կարեւոր նշանակություն ունի դատարանի համար վերդիկտ կայացնելու առումով, որովհետեւ վարույթն իրականացնող մարմնի այս գործողությունը վկայում է այն մասին, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվում․ մի դեպքում փաստերը գնահատում է որպես զինվորական պաշտոնական անփութություն, ինչպես գնահատել է Սեւակ Աբրահամյանին քրեական վարույթ նախաձեռնելու ժամանակ, բայց Սեւակ Աբրահամյանի արարքը դիտել է, որ դա մարտական հերթապահության կանոնների խախտում է եղել, բայց այս անձանց դեպքում, չգիտես ինչու, չի գտել, որ մարտական հերթապահության կանոնների խախտում է տեղի ունեցել»։


«Մենք պետք է 01 հաստիքով համալրվեինք, որ կարողանայի չպահվող բոլոր դիրքերը համալրել»

Համաձայնելով իր պաշտպանի դիրքորոշումների հետ՝ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը ներկայացրեց նաեւ, որ ծառայության մեջ իրենք առաջնորդվում են երկու հաստիքով՝ 51 հաստիք եւ 01 հաստիք, առաջինը խաղաղ պայմաններում է, մյուսը՝ մարտական գործողությունների ժամանակ։ Ընդ որում՝ Աբրահամյանը նշեց, որ խաղաղ ժամանակահատվածում անձնակազմը լրիվությամբ համալրված չի լինում։ Նա կարծիք հայտնեց, որ քանի որ մարտական գործողություններում մեր եւ հակառակորդի անձնակազմի հարաբերությունը կատարվում է 01 հաստիքով, ապա նպատակահարմար է ՊԲ-ից պահանջել ՊՇ-ի անձնակազմի եւ սպառազինության մարտական, քանակական կազմը, որպեսզի դատարանում կարողանան ապացուցել, որ եւ հակառակորդն է ավելի շատ եղել, եւ իրենք չենք համալրվել 01 հաստիքով։

«Իմ խնդիրը ես պետք է կատարեմ 01 հաստիքով նախատեսված անձնակազմով, որը համալրվում է մարտական գործողությունների ընթացքում։ Մենք տեսնենք՝ ինչքան անձնակազմ պետք է ունենայինք, եւ ինչքան են մեզ հատկացրել»,- ասաց մեղադրյալը՝ շարունակելով, որ հիշատակված 002 դիրեկտիվում կա փաստաթուղթ, որը կոչվում է մարտական պատրաստականության բերման պլան։ Այն մի փաստաթուղթ է, որտեղ արտացոլվում են զորամասի հրամանատարից մինչեւ ենթակա ու վերադաս բոլոր անձանց գործողությունները, որոնք կատարվում են տագնապի ժամանակ, որից ելնելով անցնում են պաշտպանության․ «Եթե մենք դա ունենանք, կտեսնենք՝ ՊՇ հրամանատարը խաղաղ պայմաններում, եթե զորամասը բերեր բարձր մարտական պատրաստության աստիճանի, ապա ինչ դրական բան կփոխվեր, կտեսնենք որ ոչ մի բան էլ չէր փոխվի։ Ընդհուպ այդ քանակով անձնակազմով ես չէի կարող բոլոր չպահվող մարտական դիրքերը համալրել, մենք պետք է 01 հաստիքով համալրվեինք, նոր կարողանայի չպահվող բոլոր դիրքերը համալրել։ Իսկ 01 հաստիքով համալրում կատարվում է Արցախի Հանրապետության ռեսուրսների հաշվին՝ ԱՀ նախագհի հրամանով, ՀՀ ռեսուրսների հաշվին՝ ՀՀ վարչապետի հրամանով»։


«Չենք կարող հետախուզական տվյալը մեր մարտական դիրքրից 2 րոպեում հաղորդել ՊԲ, բայց մատյանում նման տվյալներ կան»

Սեւակ Աբրահամյանը նշեց, որ գործում առկա է հետախուզական տվյալների հաշվառման մատյան։ Ըստ նրա՝ մատյանում ոչ բոլոր տվյալներն են առկա․

«Մատյանում գրառված են այն հետախուզական տվյալները, որոնք հաղորդված են 6-րդ ՊՇ-ից։ ՊԲ-ի եւ զորամասի արանքում կա նաեւ դիվիզիա, մենք հետախուզական տվյալները հաղորդում ենք դիվիզիա, դիվիզիան հաղորդում է ՊԲ։ Մարտական կանոնադրության մեջ ասված է, թե ով է զորքերի ղեկավարումն իրականացնում եւ որտեղից, էս պահին զորամասում հրամանատարն է իր տեղակալների եւ ծառայության պետերի հետ, ղեկավարումն իրականացվում է ղեկավարման կետերից, զորամասում առկա է ոչ թե մեկ հրամանատարական կետ, այլ մի քանի այլ կետեր։ Պարզ երեւում է, որ ՊՇ վարչությունը ոչ թե պետք է զբաղեցնի հրամանատարական կետ, այլ ղեկավարման կետ։ Ընդ որում՝ շտաբի հիմնական խնդիրների մեջ են մտնում հետախուզական տվյալների հավաքումը, հայթայթումը, ընդհանրացումը զեկուցումը վերադաս շտաբ, այլ ոչ թե ՊՇ հրամանատարին անձամբ։ ՊՇ հրամանատարը չի կարող եւ մարտը ղեկավարել, եւ իր ենթականերին խնդիրներ առաջադրել։ Ընդ որում՝ շտաբների ղեկավարումն իրականացվում է անձմաբ ՊՇ շտաբի պետը։ Գնդի շտաբի պետը գնդի շտաբի ու անմիջական վարչակազմի աշխատանքների հիմնական կազմակերպիչն է։

Հիմա այս աշխատանքների կատարման ընթացքում ձեր բերած տվյալներում նույն շտաբի պետի ղեկավարությամբ հետախուզական տվյալները հաղորդվել են դիվիզիա, դիվիզիան հետախուզական տվյալներն ընդունել է, գործում նյութերը առկա են, ըստ որոշ տվյալների՝ այդ նյութերը բանակ չեն գնացել, բայց բանակում հայտնաբերվում է մատյան, որտեղ էդ տվյալները կան գրված։ Մատյանում տվյալները, գրառումները կատարում են երկու-երեք սպա, ձեռագրերը շատ են նույն օրվա ընթացքում, ժամերը, որ գրված են, աղավաղված են։ Մենք չենք կարող երկու րոպեում մեր մարտական դիրքրից հետախուզական տվյալը հաղորդենք ՊԲ, բայց էնտեղ տվյալներ կան, որ հետախուզական տվյալը երկու րոպեում գրանցվել է ՊԲ-ում։ Ինձ մոտ կասկած է առաջանում, որ էդ մատյանն ինչ-որ բանի է ենթարկվել»,- նկարագրեց Սեւակ Աբրահամյանը՝ խնդրելով դտարան ներկայացնել տվյալ մատյանը, հետո փորձաքննության ենթարկել այն։

Պաշտպանական կողմից լսելուց հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Սեւակ Աբրահամյանին տեղեկացրեց, որ նա իրավունք ունի պահպանել լռություն կամ տալ ցուցմունք՝ այդ թվում պաշտպանի ներկայցությամբ։ Աբրահամյանն ասաց, որ ինքը միանշանակ ցանկանում է ցուցմունք տալ․

«Կներեք էլի, ես հայերեն դպրոց եմ ավարտել, ունեմ բարձրագույն զինվորական դիպլոմ՝ բարձր գնահատականներով, բայց մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչի մեջ են ինձ մեղադրում, ինչո՞ւ, որովհետեւ մեղադրող կողմից ներկայացված հոդվածները, որ էսինչ փաստաթղթերի էսինչ հոդվածների համաձայն չի կատարել էսինչը, ես կարդում եմ, տեսնում եմ՝ չի համապատասխանում հոդվածին»։

Դատավորն արձագանքեց, որ այդ բոլոր հարցերը, որոնք մեղադրյալին չեն գոհացնում այս պահին, որոնց հետ ինքը համաձայն չէ, մանրամասն, օբյեկտիվ, լրիվ քննության արդյունքում վեր կհանվեն, եւ անհասկանալի բաներ չեն մնա։


Հանրային մեղադրողը պնդում է, թե Արցախի նախագահին, ԱԱԾ նախկին տնօրենին դատարանում հարցաքննելու կարիք չկա

Հաջորդիվ հանրային մեղադրող [դատախազ] Վազգեն Վարդանյանն ասաց, որ պաշտպանական կողմի հնչեցրած որոշակի փաստաթղթերի ինքն էլ ծանոթ չէ, դրանք չեն հետազոտվել նախաքննության ընթացքում, ուստի ինքը դրանց վերաբերյալ չի կարող դիրքրոշում հայտնել, դրա համար էլ միջնորդեց դատարանին ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա ասել՝ ունի՞ առարկություն այդ ապացույցների վերաբերյալ, թե ոչ։

Հանրային մեղադրողները, ձախից՝ Վազգեն Վարդանյանը 

Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանում հարցաքննել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ նախկին պետին, հետազոտել Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում հնչեցրած հայտարարությունները․ հանրային մեղադրողը, սակայն, պնդեց, թե այդ հարցաքննությունները եւ հայտարարության հետազոտումը որեւէ նշանակություն չեն կարող ունենալ տվյալ քրեական վարույթով․

«Պաշտպանական կողմից պատրաստք է փորձում ստեղծվել, որ ինչ-որ անձինք կամ բարձրագույն հրամանատարական կազմը իբրեւ թե կատարել են հանցավոր արաք, դրա համար մեղադրանք է առաջադրվել Սեւակ Աբրահամյանին, բայց ամենեւին այդպես չէ, ենթադրյալ հանցավոր արարքի կատրումը կոնկրետ է, դրա վերաբերյալ ապացույցերը վարույթում են, դրա վերաբերյալ առաջադրված է մեղադրանք»,- կարծիք հայտնեց Վարդանյանը՝ շարունակելով ներկայացնել, որ ներկայում Քննչական կոմիտեում քննվում են բազմաթիվ գործեր, այդ թվում բարձրաստիճան սպաների, այդ թվում շարքային, ենթասպայական, սպայական կազմին վերաբերող, եւ, նրա խոսքով, յուրաքանչյուրի անձի որեւէ հանցավոր արարքի գնահատական տալու համար կատարվում է առանձին քննություն։

Միաժամանակ, հանրային մեղադրողը հայտնեց, որ որեւէ առարկություն չկա ՊԲ գաղտնի գործավարության նախկին պետ Մարինե Ծատրյանին հարցաքննելու վերաբերյալ [նրան հարցաքննելու միջնորդությունը ներկայացվել էր նախորդ նիստին], առարկություն չկա նաեւ 002 դիրեկտիվի հետազոտման եւ այլնի մասով։


Կա ցուցմունք, որ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին երկու օր առաջ ասել է, որ թուրքերը հարձակվելու են

Պաշտպանը փորձեց պատճառաբանված բացատրություն լսել, թե ինչու չպետք է հարցաքննվեն Արցախի նախագահը, ԱԱԾ նախկին տնօրենը, այդ ժամանակ հանրային մեղադրողը Թամրազյանին ընդհատելով ասաց՝ «բայց ինչի՞ հարցաքննենք»։

Այնուհետեւ պաշտպանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունն ասում է, որ անձն իրավունք ունի ասել՝ այս անձը գալու է՝ իմ օգտին ցուցմունք տա, այս մարդուն ի պաշտպանություն ինձ հարցաքննեք, ինչպես հարցաքննել եք իմ դեմ ցուցմունք տված անձանց․ «Դուք վարույթն իրականացնող մարմնին հսկող դատախազ եք եղել, ձեր հսկողությամբ աշխատող քննիչն Արայիկ Հարությունյանին հարցաքննել է, եթե անհրաժեշտ չի եղե, ինչո՞ւ չեք արգելել, ասել՝ ինչու ես հարցաքննում Արայիկ Հարությունյանին, այդ ցուցմունքը զրո նշանակություն ունի, ինչո՞ւ եք հարցաքննել։ Եթե անգամ չեք հարցաքննել, մենք դա միջնորդում ենք, եւ որեւէ մեկը չի կարող ոչ միայն առարկել այդ միջնորդության դեմ, այլ նաեւ մերժել, որովհետեւ սա սահմանադրական նորմի է վերաբերում։ Նույնը վերաբերում է ԱԱԾ տնօերնին»,- պնդեց պաշտպանը։ 

Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի արտահայտությանը, թե «պաշտպանական կողմը պատրանք է ստեղծում», Թամրազյանն արձագանքեց այսպես․ «Ի՞նչ պատրանքի մասին է խոսքը։ Դուք ասում եք՝ Սեւակ Աբրահամյանն ամսի 26-ին ամբողջ մոլորակում միակ մարդն է եղել, որ տեղեկություն է ունեցել, որ հակառակորդը հարձակվելու է։ Ես ձեզ ասում եմ, որ ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ նրանց նախագահն իրենց երկրի անվտանգության երաշխավորն է, նա է պատասխանատու, եւ եթե հարձակման սպառնալիքի վերաբերյալ տեղեկություններ է ունենում, պարտավոր է արտակարգ դրություն հայտարարել։ Գործով ցուցմունք ունեք, որի մեջ նշված է, որ Ջալալ Հարությունյանին Արայիկ Հարությունյանը երկու օր առաջ ասել է, որ թուրքերը հարձակվելու են։ Դուք այդ ցուցմունքը դրել եք մեղադրանքի հիմքում, չեք ուզո՞ւմ Արայիկ Հարությունյանին հարցաքննել, տեսնել՝ դա իրականությո՞ւն է, թե՞ իրականություն չէ»։

Ի վերջո, լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։ Ըստ այդմ՝ հիմնական դատալսումների փուլում կհետազոտվեն մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները, հետո՝ պաշտպանական կողմի, հետո կլինի վկաների հարցաքննության փուլը, վերջում դատարանը կլսի մեղադրյալ Սեւակ Աբրահամյանին։


Դատարանը որոշեց քննել մեղադրյալի կալանքը երկարաձգելու հարցը․ պաշտպանն այդ որոշումն ապօրինի որակեց

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ քանի որ մեղադրյալի կալանքի ժամկետը լրանում է այս մասվա 29-ին, այս նիստում դատարանն անհապաղ պետք է անցնի այս հարցի քննությանը, որ մյուս նիստերին շարունակի մյուս հարցերի քննարկումը։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Խափանման միջոցի հարցի վերաբերյալ հանրային մեղադրողը կարծիք հայտնեց՝ նշելով, որ խափանման միջոց կալանքի նպատակը շարունակում է առկա լինել, շարունակում է բարձր լինել ռիսկը, որ մեղադրյալի ազատությունը նվազ սահմանափակող այլ խափանման միջոցի կիրառումը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Թեեւ նա նշեց, որ այս ընթացքում նոր հանգամանք ի հայտ չի եկել․ 

«Հաշվի առնելով մեղադրյալ Սեւակ Աբրահամյանի նախկինում զբաղեցրած դիրքը, հեղինակությունը, ունեցած դերը, սպայի բարձր աստիճանը, այդ լույսի ներքո հաշվի առնելով մի շարք նախադեպային որոշումներ, որոնց վրաբերյալ նախորդ միջնորդության մեջ հղում եմ կատարել, գտնում եմ, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի եւս երեք ամսով, եւ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումը»,- պնդեց հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ 


Պաշտպանը ներկայացրեց, որ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն առնվազն երեք հիմքով անօրինական է

Իսկ պաշտպանն, իհարկե, առարկեց այդ միջնորդության դեմ։ Նախ նա նշեց, որ ՔԴՕ 116 հոդվածը կոնկրետ նշել է, կալանքի հարցը քննելիս դատարանը պետք է որոշում կայացնի՝ հիմնավոր կասկած կա՞, թե՞ չկա․ «Ես մեղադրանքի կողմից չլսեցի հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ որեւէ դիրքորոշում։ Հիմնավոր կասկածն ունի հիմնավորվածություն եւ օրինականություն։ Ես հիմնավոր կասկածի հիմնավորվածության մասին չեմ խոսում, ապացույցները չեմ վերլուծում, բայց դատարանը պարտավոր է անդրադառնալ մեղադրանքի օրինականությանը»,- ասաց պաշտպանը՝ մանրամասնելով, թե ինչու է համարում, որ այս մեղադրանքն օրինական չէ։

Նախ, պաշտպանը նշեց, որ այն արարաքը, ինչը մեղսագրվում է Սեւակ Աբրահամյանին, ապաքրեականացվել է․ «Վարույթն իրականացնող մարմնի կողմից նկարագրված մեղադրանքի նկարագրությունում կանոնների խախտումը ենթադրվում է, որ կատարվել է անզգուշությամբ։ Նախկին ՔՕ 365 հոդվածը մարտական հերթապահության կանոններն անզգուշությամբ խախտելը համարել է հանցագործություն, բայց նոր ՔՕ-ն դա հանցագործություն չի համարել, նշանակում է, որ այդ արաքը ապաքրեականացվել է»։

Դարձյալ նշելով, որ Սեւակ Աբրահամյանին ներկայացվել է մեղադրանք նախկին ՔՕ 365-րդ հոդվածի երկրորդ մասով, պաշտպանը հիշեցրեց, որ նույն հոդվածի առաջին մասը նշում է այն արարքի մասին, որը կատարվել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ․ «Այսինքն՝ Սեւակ Աբրահամյանը պետք է մարտական հերթապահության կանոնները խախտեր ՀՀ սահմանները պաշտպանելու ժամանակ, որովհետեւ կոնկրետ դիսպոզիցիայում նշված է, թե որտեղ կարող էր այդ հանցանքը կատարվել։ Այսինքն, եթե այդ գործողությունը ուղղված չէ ՀՀ սահմանների պաշտպանությանը, մենք այս հոդվածի հետ գործ ունենալ չենք կարող, այս հոդվածը չի կարող լինել կիրառելի, որովհետեւ հանցակազմի պարտադիր հատկանիշը բացակայում է»,- ներկայացրեց Թամրազյանը։ 

Նա նշեց, Արցախի Հանրապետությունն էլ ունի ՔՕ, որը նույնպես ունի մարտական հերթապահության կանոնները խախտելու հանցակազմ, որի մեջ գրված է «Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանն ուղղված մարտական հերթապահության կանոնները խախտելը», այսինքն, ըստ պաշտպանի, ակնհայտ է, որ տարանջատված են Արցախի Հանրապետության սահմանները եւ ՀՀ սահմանները։ 

Թամրազյանն ասաց, որ Սեւակ Աբրահամյանը հարցում է արել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, հարցրել է՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանը ՀՀ սահմանների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են հետեւյալը․ «ՀՀ սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները, մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ համայնքների ցանկը, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասկազմով հավելված 2-ում։ Արցախի Հանրապետության ԱԺ 1998թ․ հունիսի 16-ի ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է Հանրապետության վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջանները եւ Ստեփանակերտ քաղաքը»․

«Ինչպես երեւում է վերոնշյալ կարգավորումներից՝ ՀՀ եւ Արցախի վարչատարածքային բաժանումը որեւէ փոխհատում չունի։ Մարտակերտի շրջանը ՀՀ տարածքում չի եղել եւ Արցախի Հանրապետության սահմանները ՀՀ սահմանների հետ չեն նույնանում, դրանք տարբեր են»,- ասաց պաշտպանը։ Այս պատասխանը եւս ապացույցի տեսքով ներկայացրեց դատարանին։

Մեղադրանքի օրինական չլինելու վերաբերյալ պաշտպանի հաջորդ փաստարկն այն էր, որ ՔԴՕ-ն, որն ուժի մեջ է մտել 2022 հուլիսի մեկին, գրել է, որ եթե չկա կոնկրետ հոդվածով կոնկրետ հանցանքի համար նախաձեռնված քրեական վարույթ, քրեական հետապնդում չի կարող լինել․ «Սա դոգմա է, սա քննարկման ենթակա էլ չէ, նախկինում ՔԴՕ-ն, ի տարբերություն նորի, նշել էր, որ նույն անձի վերաբերյալ եթե այլ հանցաքնի դեպք կլինի, բայց հնարավոր կլինի այլ վարույթում քննել, հնարավոր է նոր գործ չհարուցվի, բայց դրա վերաբերյալ էլ գիտնական հեղինակավոր դատավորները կարծիք ունեն, որ դա բացառիկ դեպքերում է կիրառվել, հիմա մենք ունենք պաշտոնական զինվորական անփութության վարույթ եւ ունենք մեղադրանք՝ բոլորովին այլ հանցանքի վերաբերյալ։ Ոչ մի հանցանք մյուսի հետ չի նույնանում»։

Այսպիսով, ներկայացնելով երեք հիմք մեղադրանքի անօրինական լինելու մասին՝ պաշտպանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս են այս պարագայում պատրաստվում անձի կալանքի երկարաձգման հարց քննարկել, հատկապես, երբ հանրային մեղադրողն ինքն էլ նշում է, որ նոր հանգամանք ի հայտ չի եկել։ Պաշտպանը խնրդեց վարույթում ներգրավված 51 վկաներից գեթ մեկի անունը հնչեցնել, որի վրա Աբրահամյանը կարող է ազդեցություն ունենալ, եւ միաժամանակ վստահություն հայտնեց, որ չի կարող այդպիսի անուն հնչել, քանի որ որեւէ վկայի ցուցմունք պարզապես չի հակասում մեղադրյալի ցուցմունքին։ Նա վրդովմունք արտահայտեց այն իրողության վերաբերյալ, որ տնային կալանք են ընտրում անգամ սպանության կազմակերպչի, թմարմիջոց իրացնողի, քրեական հեղինակության դեպքում․ «Բայց թուրքին վնաս տված, 44 օր կռված, զինվորական, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց դեպքում տնային կալանքը կիրառելի չէ, եւ միակ բացառիկ խափանման միջոցը կալանքն է, որ կիրառվում է, էս է մեր էսօրվա իրականությունը, պիտի թմրամիջոց իրացնող լինես, որ տնային կալանքի տակ լինես, մյուս դեպքերում քեզ տնային կալանք չի սպառնում»։ 


Սեւակ Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի, ընտանիքը Ստեփանակերտում բլոկադայի մեջ է

Պաշտպանը դատարանում հայտարարեց նաեւ, որ Սեւակ Աբրահամյանի հարազատները՝ մայրը, եղբայրները, երեխաները, Ստեփանակերտում են՝ շրջափակման մեջ ու սովի մատնված, եւ գոնե այս իրավիճակում «դադարեցվի սադիզմը», հատկապես, որ Աբրահամյանը հիվանդություններ ունի, մի քանի անգամ ինֆարկտ է տարել, ՔԿՀ-ում՝ կաթված, ու այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է 3/4քմ սենյակում մնալ։ Պաշտպանը նշեց, որ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը, կարող է վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը կիրառել գոնե։

Պաշտպանի դիրքորոշումից հետո ինքը՝ Աբրահամյանը ելույթ ունեցավ՝ դատախազին հարցնելով՝ այդ բարձր դիրքն ու անունը ինչ-որ մե՞կն է իր համար ստեղծել, թե՞ ինքն իր համար։ Նա նշեց, որ եթե ուզենար խանգարել գործի քննությանը, առաջին օրից չէր գա ՀՀ, չէր գնա քննչական մարմին․ «Ես ուզում էի էս գործը բացվեր, շնորհակալություն, ես նպատակիս հասել եմ, ուրիշ նպատակ չունեմ էս գործում, ինձ ինչ պետք ա եղել, ես հասկացել եմ։ Ինձ պետք ա եղել՝ ես իմանամ՝ իմ տունս, որ անցել ա թուրքի տարածք, հիմա իմ տունս որ համարվում ա Ադրբեջանի Հանրապետություն, մարդիկ պլանավորե՞լ են էդքանն իրականացնել, թե՞ ոչ։ Աստված մեծ ա, օրը գալու ա, բարին էլ հետը, ամեն ինչ ժամանակավոր ա, բայց իմացեք, միշտ էլ, ե՛ւ հինգ տարի հետո, եւ ինը տարի հետո, ես իմ դիրքը, դերը ունենալու եմ, ու էլի էն իմ հայրենիքս ա, տունս ա, ու միշտ էլ մնալու ա, ու հայրենիքումս ապրողների համար միշտ էլ սիրտս ցավելու ա․․․ Որոշել եք, որ խոչընդոտելու եմ, ձեր գործն ա»,- եզրափակեց մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը։

Դատարանը երկարաձգեց Աբրահամյանի կալանքը

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց Սեւակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ եւ այն երկարաձգել եւս երեք ամսով՝ մինչեւ հոկտեմբերի 29։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի չորսին, ժամը 12:30։

«Աստված ձեզ հետ»,- ասաց Սեւակ Աբրահամյանը՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալիս դիմելով այնտեղ մնացած հանրային մեղադրողներին ու լրագրողներին։

Հայարփի Բաղդասարյան
Լուսանկարները՝ Սվետլանա Մովսիսյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել