Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
13:38 - 28 հուլիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ արած հայտարարություններին՝ նշելով, թե «ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ հնչեցնելուց բացի, նաև անհիմն շահարկումներ է արել, որոնք կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացի էությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը»։

Հայտարարության մեջ նշվում է, թե «հայկական կողմի հակաադրբեջանական արշավը, որը չի կատարում միջազգային տարբեր հարթակներում ստանձնած խոստումներն ու պարտավորությունները, ներառյալ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը, ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է, և այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ ՀՀ-ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ»։ Ադրբեջանական կողմը նշում է․ «ՀՀ ԱԳ նախարարի կողմից ադրբեջանցիներին ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց հողերից բռնի տեղահանման հերքումը և պնդումը, որ զուգահեռ մոտեցում չկա «Արևմտյան Ադրբեջան» համայնքի իրավունքների և Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքների միջև, ինչպես նաև այդ մասին բանակցությունների հերքումը, Հայաստանի կողմից կոնվենցիաներով ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունների և չկատարումը վկայում է Հայաստանի՝ էթնիկ զտումների քաղաքականությունն արդարացնելու մտադրության մասին»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտում է՝ «Ղարաբաղի հայերը չեն կարող գերակա իրավունքներ ունենալ ադրբեջանցի բնակչության նկատմամբ»։ «Ադրբեջանը իր երկրի տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում։ 

«Այն, որ Հայաստանը, որը չի կատարում որևէ համաձայնագիր և պարտավորություն, Ադրբեջանին մեղադրում է մտածացին պայմանավորվածությունները ժխտելու մեջ, խոսում է սեփական հնարավոր սադրանքները թաքցնելու մտադրության մասին։ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից և դադարեցվեն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել