Պատերազմի ժամանակ ԱԹՍ-ների հագեցվածության խնդիր ունեինք, քանակական եւ որակական առումով զիջել ենք․ Տոնոյան
17:43 - 01 օգոստոսի, 2023

Պատերազմի ժամանակ ԱԹՍ-ների հագեցվածության խնդիր ունեինք, քանակական եւ որակական առումով զիջել ենք․ Տոնոյան

Պատերազմի առաջին իսկ օրը ինչո՞ւ չեն հասցվել պլանավորված հրթիռային հարվածներ «Իսկանդեր», «Էլբրուս» եւ «Տոչկա» օպերատիվ մարտավարական հրթիռներով հակառակորդի օդանավակայաններում տեղադրված մարտական ինքնաթիռներին եւ ԱԹՍ-ներին՝ նախապես կանխելով դրանց կիրառումը թշնամու կողմից։ Այս հարցը հնչեցրեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին․

«Գործողությունների վարման Ձեր հարցադրմանը ճիշտ կլինի՝ պատասխանեն զինվորականները, բայց երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձեւաչափով թույլ են տվել, որտեղից թույլ են տվել՝ աշխարհագրության առումով, ուշ, թե շուտ՝ որոշում է հրամանատարությունը»,- ասաց նա։

Թե որոնք են պատերազմի ընթացքում մեր ԶՈՒ կողմից ԱԹՍ-ների կիրառման ցածր արդյունավետության հիմնական պատճառները, Տոնոյանն ասաց, որ մենք ԱԹՍ-ների հագեցվածության խնդիր ունեինք․

«Առաջնահերությունը տրված էր մեր ռազմարդյունաբերության զարգացման շրջանակում դա իրականացնելուն [ԱԹՍ-ներ արտադրելուն], քանի որ դրանք սպառազինության համեմատելի նոր տեսակներ են, եւ ըստ հիմնավորումների՝ ՀՀ ռազմարդյունաբերությունը պետք է ունակ լիներ ԱԹՍ-ների այդպիսի արտադրության։ Բայց քանակական եւ որակական առումով զիջել ենք։ Երկար տարիներ, ոչ միայն 2018-ից, փորձեր են առվել ձեռք բերելու, ՀՀ-ում արտադրելու, որոշ հաջողությունների հասել ենք, բայց քանի որ դրանք դեռեւս փորձարարակոնստրուկտորական մակարդակում էին, դեռեւս «սերիա» չէին մտել»,- մեկնաբանեց Դավիթ Տոնոյանը։

Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ 44-օրյա պատերազմը մեր ԶՈՒ-ը դիմավորել են իրենց կազմում ունենալով ընդամենը վեց միավոր ինքնաթիռային տիպի ԱԹՍ, այն էլ առանց դրանց կիրառման պլանավորման։ Տոնոյանն ասաց՝ որովհետեւ ԱԹՍ-ների քանակի առումով սահմանափակ ենք եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել