Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարցազրույց է տվել հունգարական պարբերականի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։
Բայրամովը պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի ստեղծումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս է կազմում։
Նա նշել է, թե կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, քանի որ տրանսպորտային կապերի բացումը, առևտուրը ոչ միայն օգուտ և շահույթ կբերեն կողմերին, այլ նաև անշրջելի կդարձնեն խաղաղության գործընթացը տարածաշրջանում և դրանք սերտորեն կապում են երկրներին։ Բայրամովի խոսքով՝ «աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս, թելադրում են Արևելքն ու Արևմուտքը կապող նոր տրանսպորտային ուղիներ բացելու անհրաժեշտությունը, հատկապես, եթե հաշվի առնենք ուկրաինական պատերազմը և երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներից»։
Բայրամովի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի։
«Ինչ-որ պահի զգացողություն է ստեղծվում, որ մենք մոտ ենք գործն ավարտին հասցնելուն, բայց վերջին պահին Հայաստանը հանկարծ նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։ Սա կառուցողական չէ»,- ասել է Բայրամովը՝ կրկին պնդելով, թե դա նաև եռակողմ հայտարարության խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորելու ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։
«Հայկական կողմից դա ոչ միայն ապակառուցողական է, այլ նաև վնասում է իրենց։ Հայաստանը իրեն զրկում է օգուտներից, թեև բոլոր երկրներից հենց նրան է պետք բարելավել իր տնտեսական վիճակը և դուրս գալ մեկուսացումից»,- ասել է Բայրամովը։
Հարցազրույցի վերջում Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։
«Ադրբեջանը կշարունակի աշխատանքները այդ ուղղությամբ՝ ունենալով «Բ» պլան։ Եվ Ադրբեջանի համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- եզրափակել է Բայրամովը։
comment.count (0)