hetq.am: Արձակուրդից հետո այսօր աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանի օրն է՝ պատգամավորների և կառավարության անդամների միջև: Հարցեր տալու համար հերթագրվել է 28 պատգամավոր: Ընդդիմությունից հերթագրվել էին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը: Նման հանձնարարական է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ:
Նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են: Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա իրավիճակին:
Նախարարն անելիքները երկու մասի բաժանեց. բուն թռիչքուղի և շենք, շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը:
Սանոսյանն ասաց, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել:
Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու, պատրաստվում են նաև ֆինանսական հաշվարկներին վերաբերող փաստաթղթեր:
Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործմանը, Գնել Սանոսյանն ասաց, որ մի քանի տեխնիկական չվերթներ իրականացնելուց հետո արձանագրել են որոշ մասնագիտական խնդիրներ կամ անելիքներ: Այժմ կանոնավոր չվերթներ են իրականացվում շաբաթվա երկու օրերի ընթացքում:
Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:
comment.count (0)