Արաբկիրի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է
20:42 - 17 սեպտեմբերի, 2023

Արաբկիրի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է

Արաբկիր վարչական շրջանի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է տեղում առաքելություն իրականացնող դիտորդների եւ հանձնաժողովի անդամների միջեւ։

Արձանագրությունների գրքույկում հանձնաժողովի անդամները գրել են, որ առավոտյան 7-ից «Անկախ դիտորդ» առաքելության դիտորդները «պարբերաբար, դիտմամբ սադրիչ գործողությունների միջոցով անընդհատ խանգարել են հանձնաժողովի աշխատանքին»։

«Այս ամենի մեջ մենք տեսնում ենք միտումնավոր քայլ, քանի որ ստեղծում էին այնպիսի իրավիճակներ, երբ անընդհատ վիրավորում էին հանձնաժողովի նախագահին, անում սուտ արտահայտություններ։ [...] Այս ամենի նպատակն էր մտնել տեղամաս և մատյանում արձանագրություն կազմել՝ հորինածու և անհիմն պատճառներով: [․․․]»,- նշված էր արձանագրության մեջ, սակայն, միեւնույն ժամանակ, դիտորդների մեկնաբանությունները գրքույկում արձանագրված չէին։ Ուստի եւ կապ հաստատեցինք «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ՝ հասկանալու՝ ըստ դիտորդների ինչ է տեղի ունեցել։ Իոաննիսյանն ասաց, որ այս տեղամասում դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել, բայց հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այդ խախտումների վերաբերյալ պատշաճ վարչարարություն իրականացնել, կատարել իր պարտականությունները, ինչպես նաեւ հրաժարվել է արձանագրել խախտումները։ Մեր դիտարկմանը, որ դիտորդների արձանագրությունները մատյանից բացակայում են, Իոաննիսյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահը չի թույլատրել, որ դիտորդները գրանցամատյանում գրառում անեն, ինչպես նաեւ ծանոթանան գրանցամատյանի գրառումներին եւ լուսանկարեն այն։

Ինչ վերաբերում է խախտումներին, ապա դրանք վերաբերել են տեղամասում գտնվող անձի՝ վկայականը տեսանելի վայրում փակցրած չլինելուն, դրոշմանիշերի պատասխանատու անձի կողմից ընթացակարգի խախտումներին եւ այլն։

Գրանցամատյանում երեկոյան յոթին մենք նկատեցինք չորս արձանագրություն, որոնցից մեկը վերը հիշատակցվածն է, մեկն այն մասին է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդը նշել է, որ տեղամասի տեսախցիկները չեն ֆիքսում մատնահետքերի սարքերի դիրքը, այսինքն՝ տեսախցիկը սխալ է տեղադրված։ Մյուս արձանագրությունն այն մասին է, որ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչն առավոտյան նկատել է, որ դրոշմանշի պատասխանատու անձի կողմից իրականացվել է խախտում, նա, մասնավորապես, տեղամաս մտած առաջին երկու ընտրողների քվեածրարները կնքել է, որի լիազորությունը չի ունեցել, մյուսն էլ այն մասին է, որ «Անկախ դիտորդի» մյուս ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահին է դիմել առ այն, որ տեղամասում գտնվող անձանցից մեկին դժվար է նույնականացնել, քանի որ նա իր վկայականը տեսանելի վայրում չի փակցրել․ «Հանձնաժողովի նախագահի կողմից բողոքին ի պատասխան՝ նշվել է, որ իր համար տեսանելի է, եւ դիտորդի պնդմանը, որ բեյջն ուղղակի դիտորդի ձեռքին է եւ հնարավոր չէ նույնականացնել, հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է, որ վստահված անձի հետ դիտորդը գնա, խոսի։ Տվյալ հանգամանքը արձանագրելու պահանջը հան․․․»,- այսպես է արձանագրված մատյանում՝ վերջում կիսատ մնացած մտքով։ 

Գրանցամատյանի մյուս էջին հանդիպում ենք գրառում այն մասին, որ «Ուժը հայրենյանց» կուսակցության վստահված անձ Մարինե Մկրտչյանը գրել է, որ «մեղադրվել է բեյջ չունենալու մեջ, որը սուտ է»։ Նա նշել է, որ դա փաստում են հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, ինչպես նաեւ տեսագրությունները։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել