Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի պաշտպանության նախարար
16:29 - 20 սեպտեմբերի, 2023

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի պաշտպանության նախարար

Թեհրանում հանդիպել են ՌԴ և Իրանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Մոհամմադ Ռեզա Աշտիանին։  

Իրանցի պաշտոնյան ասել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար։

Անդրադառնալով ԼՂ-ում մարտերի բռնկմանը, Աշտիանին հաստատել է Իրանի հավատարմությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցությանը։ Շոյգուն իր հերթին աջակցությունն է հայտնել կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։

Կողմերը իրենց անհամաձայնությունն են արտահայտել տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը։

Կարևորելով Իրանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը երկու ժողովուրդների անվտանգության և շահերի ապահովման գործում՝ Աշտիանին նշել է, որ երկկողմ համագործակցության կարևորագույն առարկան ընդհանուր մարտահրավերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարն է։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին ողջունել է Մոսկվայի և Թեհրանի սերտ և ռազմավարական հարաբերությունները։

Նա նշել է, որ երկու երկրների միջև կառուցողական փոխգործակցությունը կհաստատի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և կնպաստի բազմակողմանիությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել