Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց՝ ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանի շարունանակակն ռազմական գործողությունների արդյունքում ԼՂ-ում ստեղծված իրավիճակով.
«Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես։ Մենք ի գիտություն ենք ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողությունները դադարել են, եւ եթե դա հաստատվի, դա կլինի դրական զարգացում, սակայն հենց այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր, եւ մենք խորապես մտահոգված ենք տեղեկություններ ստանալով քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին»։
ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը եւ մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդկային վերաբերմունքին։
«Ադրբեջանը նաեւ միջազգային պարտավորություններ եւ հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անհատների իրավունքները եւ հիմնարար ազատությունները»։
Նա նշեց՝ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք եւ այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որեւէ ճանապարհային պատնեշների եւ ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը.
«Այս շաբաթասկզբին ողջունեցինք մարդասիրական ապրանքների ուղարկումը Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ։ Դա շատ կարեւոր քայլ էր դեպի առաջ, բայց հիասթափեցնող է, որ ռազմական գործողությունները սկսվեցին այդ դրական, վստահություն ամրապնդող գործողությունից մեկ օր անց։ Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է թեթեւացնել մարդասիրական իրավիճակը ԼՂ-ում, բարելավել իրավիճակը եւ ապահովել սննդի, կացարանի, բուժօգնության հասանելիությունը եւ վերականգնել էլեկտրամատակարարումը, գազա եւ ջրամատակարարումը»։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշեց. «ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ այս կարիքի պահին։ Եւ ԱՄՆ-ն իր կողմից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական եւ զարգացման օգնություն է ցուցաբերել 2020-ից այս կողմ՝ արձագանքելով ճգնաժամին։ Մեր օգնությունը ներառում է սնունդ, անվտանգություն, ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ, բուժօգնություն, երեխաների պաշտպանություն, հոգեկան առողջություն, հոգեբանական աջակցություն, արտակարգ իրավիճակների արձագանք։ Բայց եկեք հստակ խոսենք. ճգնաժամի միակ լուծումը բռնությունը դադարեցնելը եւ տեւական խաղաղություն հաստատելն է»։
ԱՄՆ ներկայացուցիչը նշեց՝ մինչ կողմերն աշխատում են իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ, իրենք վերահաստատում ենք, թե որքան կարեւոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին առ այն, որ նրանց իրավունքները եւ անվտանգությունը հետևողականորեն կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ.
«ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում, եւ եկեք աշխատենք միասին՝ հասնելու խաղաղության եւ արդարության բոլորի համար»։
comment.count (0)