«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին
19:01 - 01 հոկտեմբերի, 2023

«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու համար օգտագործել է իսրայելական զենքեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև, հարցերում ներառված բոլոր պնդումները հեղինակինն են։

Կարո՞ղ եք Ձեր տեսանկյունից նկարագրել ներկայումս Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն։

Այն, ինչ տեղի է ունենում, դասական էթնիկ զտում է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տարածքի բնիկ ժողովուրդը, մարդիկ, որոնք ապրել են այնտեղ 3000 տարի, լքում են իրենց տները՝ թողնելով իրենց հոգևոր ու ազգային ժառանգությունը, թողնելով իրենց սիրելիների գերեզմանները։

Ինչո՞ւ են նրանք հեռանում։

Բացի ԼՂ-ից հեռանալուց՝ նրանք այլ ընտրություն չունեն, որովհետև նրանց կյանքը անտանելի է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ 120 000 հայ էր ապրում այնտեղ։ Այսօր մոտ 100 000-ն արդեն լքել է։

Հոկտեմբերի 1-ի ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն Հայաստանում է։

Ադրբեջանը պաշտոնապես պնդում է, որ իրենք ցանկանում են, որ բնակիչները մնան, և միակ մարդիկ, որ հեռացել են Ղարաբաղից, ռազմական անձնակազմն է։ Ո՞վ է ճիշտն ասում։

Հեռացած մարդկանց պաշտոնական թիվը 95 000 է։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ տարածքում 95 000 զինվորական կար։ Դուք կարող եք տեսանյութերը նայել հեռուստացույցով։ Կանայք և երեխաները վտարվել են, որովհետև ապագա չեն տեսնում այնտեղ։ Նրանց կյանքերի համար ոչ մի երաշխիք չկա։ Նույնիսկ ադրբեջանցիները երաշխիքներ չունեն, որովհետև բռնապետության ներքո են ապրում, ինչպե՞ս կարող ենք հայերի իրավունքները երաշխավորվել։

Պատմեք ականների մասին, որը, ինչպես հաղորդվում էր, հայերն էին տեղադրում տարածքում, կամ գետնի վրա ռազմական անձնակազմի մասին պատմեք։ Այս ականների պայթյուններից տասնյակ ադրբեջանցի քաղաքացիական անձինք և զինվորներ են մահացել։ Արդյո՞ք սա հրադադարի խախտում չէր, և արդյո՞ք երկիրը չէր սպասում արձագանքների։ 

Դրանք ինքնապաշտպանական ուժեր էին, որոնց նպատակը տեղի հայերին ադրբեջանցիներից պաշտպանելն էր։ Երկու պատերազմ է եղել [1990 և 2020թթ․], և մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէր։ Եվ հանրությունը իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։ Էլ ո՞վ պետք է պաշտպաներ նրանց։

Ադրբեջանը պնդում է, թե այս միավորումները ՀՀ կանոնավոր բանակի մի մասն էին։ Դա սուտ է։ Լեռնային Ղարաբաղում ՀՀ կանոնավոր բանակ չկա։

Հայերի դրությունը կհամեմատեի՞ք պաղեստինցիների ներկա իրադրության հետ։

Ոչ, չէի համեմատի։ Իմաստ չկա հակամարտությունները համեմատելու։ Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է։

Ղեկավարները հանդիպումներ են ունեցել վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ ունեն այդ բանակցությունները, կա՞ որևէ բան, որ դուք տեսնում եք, որ տեղի է ունենալու շուտով։

Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, և մենք շարունակում ենք լավատես մնալ համաձայնագրի հասնելու հարցում։ Բայց ներկա իրադրության պայմաններում, երբ հայերը վտարվում են իրենց պապենական հայրենիքից, [դժվար է կանխատեսում անել]։ Ես հույս ունեմ, որ [Փաշինյան-Ալիև հոկտեմբերի 5-ին կայանալիք] հանդիպումը տեղի կունենա, որովհետև սեղանի շուրջ նստելն ու բանակցելն այլընտրանք չունեն։

Արդյո՞ք Իսրայելը շատ ադրբեջանամետ է։

Ես չեմ կարծում, որ Հայաստանն է Իսրայելի օրակարգում։ Մենք տեսել ենք ռազմական լայն համագործակցություն՝ Ադրբեջանն Իսրայելից գնում է միլիարդավոր դոլարներ արժեցող զենքեր, և կա համագործակցություն ռազմական պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Իրանը ևս դրա մի ֆակտորն է։ Ես չէի ասի, որ Իսրայելն արդբեջանամետ է, բայց համագործակցությունը շատ ամուր է, մարտավարական գործակցությունն է շատ ամուր։

Ամեն անգամ, երբ էսկալացիա է լինում մեր տարածաշրջանում, 2020-ի պատերազմից մինչև սեպտեմբերի 19-ը, մենք գիտենք, որ Ադրբեջանի «Silk way ավիաուղիներ»-ը հաճախակի թռիչքներ է իրականացնում Իսրայելից զենքեր տեղափոխելու համար։ Նախքան վերջին էսկալացիան ԼՂ-ի հյուսիսում գտնվող Գյանջա քաղաք ուղիղ թռիչք է իրականացվել Իսրայելից։

Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել ու գնել։ Հարցն այն է, որ այս զենքերը հայտնվում են մեր սահմանին և օգտագործվում խաղաղ բնակիչների դեմ։

Այսպիսով, եթե դուք հարցնում եք՝ Իսրայելը ադրբեջանամե՞տ է, ես չեմ կարող պատասխանել, բայց երկրների մարտավարական, ռազմական և հետախուզական համագործակցությունը ամուր է, և դա գաղտնիք չէ։ Դա մի բան է, որը երկու կողմերն էլ հպարտորեն հայտարարում են։

Արդյո՞ք Իսրայելը հակառակ է Հայաստանին։

Ոչ։ Քաղաքացիական հասարակությունը շատ Հայաստանամետ է Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցերում։

Կհամեմատեի՞ք ԼՂ հայերի դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին հերաների դրության հետ։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին, ավելի աջակցություն չե՞ք սպասում Իսրայելից։

Զուգահեռներ կարող ենք գտնել։ Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեն։ Մենք երկու ժողովուրդներ ենք, որոնք տուժել են սարսափելի ցեղասպանություններից՝ հայերը Առաջին, հրեաները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։

Կա՞ որևէ բան, որ կուզեիք ավելացնել, որի մասին Ձեզ հարց չտրվեց։

Մենք ականատեսն են սարսափելի մարդկային ողբերգության, ինչն աննախադեպ է 21-րդ դարում։ Հայերը բռնի դուրս են հանվում իրենց պատմական հայրենիքից՝ թողնելով իրենց ժառանգությունը, եկեղեցիները, տաճարները և գերեզմանաքարերը։

Ես նրանց համար ոչ մի հույս չեմ տեսնում։ Քանի դեռ Ադրբեջանը բռնապետություն է, մենք շարունակելու ենք ականատես լինել այս ողբերգության։

Ես նաև շնորհակալ եմ այն իսրայելցիներին, որոնք զանգում են դեսպանատուն, բաց նամակներ են գրում, հայերին աջակցող հայտարարություններ են տեղադրում տեղի թերթերում։ Ես շնորհակալ եմ բարի կամքի և աջակցության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել