«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին Փաշինյանին կոչ է արել դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և հայտ ներկայացնել ԵՄ և ՆԱՏՕ
13:12 - 18 հոկտեմբերի, 2023

«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին Փաշինյանին կոչ է արել դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և հայտ ներկայացնել ԵՄ և ՆԱՏՕ

azatutyun.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին:

Նշելով, որ Փաշինյանն իշխանության է եկել «ժողովրդական ելույթների, այսինքն, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության արդյունքում», Վրաստանի երրորդ նախագահը վստահեցում է՝ «նա երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»: «Առավել ևս Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նա Ձեր թշնամին է արյամբ և ջանալու է Ձեզ տապալել իր ունեցած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ», - գրում է Սաակաշվիլին:

Նշելով, թե Փաշինյանը քիչ ժամանակ ունի, Վրաստանի երրորդ նախագահը շարունակում է. - «Որքան էլ դժվար լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք Բալթյան երկրները [...]: Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»:

«Եվ վերջապես՝ Դուք պետք է հայտարարեք և անմիջապես խաղաղ պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ ու դրանով իսկ ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար», - գրում է Միխեիլ Սաակաշվիլին:

«Հուսով եմ՝ Դուք թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միաժամանակ ավերել Ձեր երկիրն ու վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը։ Մեր բոլորի գլխին կախված վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ, որ այս անգամ չեք վարանի», - գրում է Վրաստանի նախկին նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել