Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը՝ իր հայտարարագրում առկա խնդրահարույց կետերի մասին
18:27 - 29 հոկտեմբերի, 2023

Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը՝ իր հայտարարագրում առկա խնդրահարույց կետերի մասին

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գարեգին Բեգոյանի գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրերում կան մի շարք խնդրահարույց կետեր ու անհամապատասխանություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան, սակայն, դրանց վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս. ասում է՝ հաշվետու է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ 

Գարեգին Բեգոյանը եղել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, ՀՔԾ պետին առընթեր՝ հատկապես կարևոր գործերով քննիչ, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնակատար, ապա՝ պետ։ Մինչ ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելը Բեգոյանը եղել է ոստիկանության քննչական վարչության աշխատակից։ 

 

Փոխառություն «Յունիբանկ»-ին

Գարեգին Բեգոյանը 2017 թականին Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պարտականությունները ստանձնելու հայտարարագրում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հանձնած փոխառություններ չի հայտարարագրել։ 2017 և 2018 թվականների տարեկան հայտարարագրերում ևս հարկային տարում հանձնած փոխառություններ չեն հայտարարագրվել։ Սակայն արդեն 2019-ի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ տարվա սկզբի դրությամբ Բեգոյանը հայտարարագրել է «Յունիբանկ»-ին հանձնած մոտ 12.3 մլն դրամի փոխառություն։


2019 թվականի տարեկան հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժին

Բանկին հանձնած վերոնշյալ փոխառության գումարը հետզհետե նվազել է՝ 2020-ի տարեվերջին կազմելով 10.6 մլն դրամ։ 


2020 թվականի տարեկան հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժին

Ըստ Բեգոյանի 2021-ի տարեկան հայտարարագրի՝ 2021-ի տարեսկզբին հանձնած այս փոխառությունն ընդհանրապես անհետացել է։

Եթե փոխառությունը վերադարձվել է Բեգոյանին, ապա այն պետք է արտացոլվեր հայտարարագրի «Հանձնված և վերադարձված փոխառություններ» բաժնում, ինչպես նաև վերադարձված գումարի չափով փոփոխություն մտցներ հայտարարագրի այլ բաժիններում, ինչը տեղի չի ունեցել։

«Ինֆոքոմը» Գարեգին Բեգոյանին ուղղել էր հետևյալ հարցերը՝

  1. Ե՞րբ է այս փոխառությունը հանձնվել «Յունիբանկ»-ին, և որքա՞ն է կազմել դրա սկզբնական գումարը։
  2. Արդյո՞ք այս փոխառությունը վերադարձվել է։ Եթե այո, ապա ինչո՞ւ դա չի արտացոլվել հայտարարագրում։ Եթե չի վերադարձվել, ինչո՞ւ այն հայտարարագրված չէ։ 
  3. Եթե վերադարձվել է, ի՞նչ ուղղություններով են ծախսվել փոխառության վերադարձված գումարները։

Բեգոյանը այս հարցերին չի պատասխանել։

 

Անհամապատասխանություններ 2017 թվականի երկու հայտարարագրերում

Անհամապատասխանություն է առկա նաև Բեգոյանի 2017-ի երկու հայտարարագրերում։ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պարտականությունները ստանձնելու հայտարարագրի եկամուտների բաժնում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բեգոյանը հայտարարագրել է 13.5 միլիոն դրամի ստացված փոխառություն։ 


Պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի եկամուտների բաժին

Այնինչ, նույն տարվա տարեկան հայտարարագրում նման գումարով եկամուտ հայտարարագրված չէ․ կա միայն 700 000  դրամի ստացված փոխառության մասին նշում։ 


2017 թվականի տարեկան հայտարարագրի եկամուտների բաժին

Գարեգին Բեգոյանին հարց էինք ուղղել նաև այս մասին, թե ինչով է պայմանավորված տարեկան հայտարարագրում այս եկամուտը չարտացոլելը։ Վերջինս այս հարցին ևս չի պատասխանել։ 

 

Ավտոմեքենայի վաճառք՝ առանց գոյացած եկամուտի հայտարարագրման

Գարեգին Բեգոյանը 2021-ին 5․7 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան։ Գործարքի մյուս կողմը եղել է Նիկոլայ Ադլոյանը։ Տրանսպորտային միջոցի օտարումից ստացված եկամուտը, սակայն, չի արտացոլվել Բեգոյանի՝ հաշվետու տարվա եկամուտներում։ 

Այս մասին ևս հարց էինք ուղել Բեգոյանին, սակայն այն ևս մնացել էր անպատասխան։

Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ղեկավարը, պատասխանելով հայտարարագրում առկա տվյալների վերաբերյալ մեր հարցմանը, նշել էր, որ ներկայացրած տվյալների առնչությամբ հաշվետու է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ 

 

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան

Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել