Որպես եկամուտ չհայտարարագրված վարկեր, վրիպակներ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազի հայտարարագրում
21:30 - 30 հոկտեմբերի, 2023

Որպես եկամուտ չհայտարարագրված վարկեր, վրիպակներ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազի հայտարարագրում

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Միհրան Բուլղադարյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում առկա են վարկերից, գույքի օտարումից ստացված, բայց որպես եկամուտ չհայտարարագրված գումարներ։

Բուլղադարյանը այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականի վերջին։ Մինչ այդ նա աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Բուլղադարյանը հայցվոր է հանդես գալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այնպիսի գործերով, ինչպիսիք են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի, ՊԵԿ նախկին պաշտոնյա Վահրամ Գուրողլյանի գույքերին առնչվող գործերը։ 

 

Վարկեր, որոնք չեն հայտարարագրվել որպես եկամուտ

Միհրան Բուլղադարյանի 2022 թվականի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ դատախազը «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում հայտարարագրել է 2 վարկերի մայր գումարների մնացորդներ։ Դրանցից մեկը 16.8 մլն դրամ է՝ բնակարանի ձեռքբերման համար, իսկ մյուսը` 187 հազար դրամ։ Նախորդ տարվա՝ 2021 թվականի տարեկան հայատարարագրում, սակայն, որևէ վարկի կամ փոխառության մայր գումարի մնացորդ լրացված չէ, ինչից հետևում է, որ նշված վարկերը ստացվել են 2022 թվականի ընթացքում։ Հաշվետու տարվա ընթացքում ստացված վարկերի գումարը Բուլղադարյանը պարտավոր էր հայտարարագրել հայտարարագրի եկամուտների բաժնում, այնինչ դա բացակայում է։

Նմանատիպ իրավիճակ է նաև դատախազի հոր՝ Արթուր Բուլղադարյանի հայտարարագրում։ Վերջինս 2022-ին հայտարարագրել է երկու վարկի մայր գումարի մնացորդ․ մեկը՝ 16.8 մլն դրամի չափով, մյուսը` 17.5 մլն դրամի չափով։ 2021 թվականի հայտարարագրում, սակայն, Արթուր Բուլղադարյանը հայտարարագրել է 5․3 մլն դրամի վարկի մայր գումարի մնացորդ՝ երկու վարկերից։ Հետևաբար, ստացվում է, որ 2022 թվականին մայր գումարի մնացորդ ունեցող երկու վարկերը ստացվել են հենց 2022 թվականի ընթացքում, և ստացված գումարը պետք է արտացոլվեր հայտարարագրի եկամուտների բաժնում, ինչը չի կատարվել։

«Ինֆոքոմ»-ի գրավոր հարցին պատասխանելով՝ դատախազը տեղեկացրել է, որ եկամուտների բաժնում դա չարտացոլելը եղել է տեխնիկական բացթողման արդյունք։ 

 

ԿԿՀ ներկայացված դիմում՝ վրիպակի ուղղման համար

Միհրան Բուլղադարյանի հոր՝ Արթուր Բուլղադարյանի 2022 թվականի հայտարարագրում արտացոլված երկրորդ վարկի մայր գումարի մնացորդի՝ 17․5 միլիոն դրամի չափով գումար արտացոլված է նաև դատախազի մոր և եղբոր 2022 թվականի տարեկան հայտարարագրերում։ 

Միհրան Բուլղադարյանից հարցրել էինք՝ արդյո՞ք սա համատեղ վարկ է, թե՞ 3 առանձին վարկեր են, և ինչ նպատակով են օգտագործել ստացված գումարները։

Վերջինս պատասխանել է, որ նշված վարկը ստացվել է եղբոր՝ Մովսես Բուլղադարյանի բնակարանի գնման համար։ Միհրան Բուլղադարյանը նշել է նաև, որ այս վարկի համավարկառու են ոչ միայն իր հայրը, մայրը և եղբայրը, այլ նաև ինքը։ 

Պատասխանում նշվում է, որ թեև նշված վարկը դատախազի հայտարարագրում չի արտացոլվել, սակայն նշված վրիպակն ուղղելու համար դեռևս 2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվել է համապատասխան դիմում։ 

Նշենք, որ վրիպակն այս պահին դեռևս ուղղված չէ։

 

Անշարժ գույք՝  հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու ծրագրով

Ե՛վ Միհրան Բուլղադարյանի, և՛ նրա հոր՝ Արթուր Բուլղադարյանի 2022 թվականի հայտարարագրերում առկա է հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդ նույն՝ շուրջ 16․8 միլիոն դրամի չափով, ինչպես նաև երկուսի՝ նույն տարվա հայտարարագրերում էլ առկա են տարվա ընթացքում կառուցապատող «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ին հանձնված փոխառություններ։ Միհրան Բուլղադարյանից հարցրել էինք, թե արդյո՞ք դրանք մեկ բնակարանի համար վճարված գումարներ են, թե՞ ձեռք են բերվել երկու առանձին բնակարաններ։ 

Քանի որ «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի կառուցապատողն է, հարցրել էինք նաև, թե արդյո՞ք բնակարանը ձեռք է բերվում այդ ծրագրի շրջանակներում։

Միհրան Բուլղադարյանը պատասխանել է, որ 2022 թվականի ընթացքում իր, հոր և մոր կողմից Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակում վիճակահանությամբ նշված ընկերությունից ձեռք է բերվել բնակարան, որի ձեռքբերման համար ստացվել է հիփոթեքային վարկ։

Միհրան Բուլղադարյանը 2021 թվականին նույն «Օրդ դեվելոփմենթ» ընկերությանը  հանձնել է 3.6 մլն դրամի փոխառություն։ Դատախազը պատասխանել է, որ այս փոխառությունն ուղղված է եղել ավտոհանգրվանի ձեռքբերմանը, որը չի սպասարկվել հիփոթեքային վարկի միջոցով, և պայմանագիրը եղել է տարաժամկետ վճարման պայմանով։ 

Միհրան Բուլղադարյանի 2022 թվականի հայտարարագրում նշված է նաև, որ նա 2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում համասեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելի տուն։ Սա, հավանաբար, այն գույքն է, որ ընտանիքի անդամների համավարկառությամբ ձեռք է բերել դատախազի եղբայրը։

Բացի վերոնշյալներից՝ Միհրան Բուլղադարյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում։

 

Չհայտարարագրված եկամուտ

Ըստ 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միհրան Բուլղադարյանի հայրը՝ Արթուր Բուլղադարյանը, 2022 թվականին 5.5 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող Honda մակնիշի մեքենան։ Թեպետ գործարքից ստացված գումարը պետք է արտացոլվեր հայտարարագրի եկամուտների բաժնում, այն բացակայում է։ «Ինֆոքոմ»-ի հարցին, թե ինչու է այս տվյալը բացակայում, Բուլղադարյանը չի պատասխանել։ 

«Ինֆոքոմ»-ը հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկանալու, թե արդյո՞ք հանձնաժողովն իրականացրել է դատախազի 2021 և 2022 թականների հայտարարագրերի վերլուծություն։ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ Բուլղադարյանի հայտարարագրերի վերլուծություն դեռևս չի իրականացրել։ 

 

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան

Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել