Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին |tert.am|
10:17 - 11 նոյեմբերի, 2023

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» հայ բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները»։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը մեր երկրի դեմ, հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Փարիզում մասնավորապես հայտարարել է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։

Անդրադառնալով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բաքուն նշել է․ «Լիովին անհիմն է, որ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի` հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը Հայաստանի վարչապետի կողմից որակվել է որպես «տարածքային հավակնություններ» և «ագրեսիայի նախապատրաստում» Հայաստանի դեմ։ Հենց հայկական կողմն ամբողջովին մերժեց «Արևմտյան Ադրբեջան» համայնքի երկխոսության առաջարկը՝ դրանով իսկ ցույց տալով իր անշահագրգռությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել