«Ակնարկները անտեղի են»․ Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է «Բաստիոն» զրահամեքենաների տարանցման լուրը
11:51 - 15 նոյեմբերի, 2023

«Ակնարկները անտեղի են»․ Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է «Բաստիոն» զրահամեքենաների տարանցման լուրը

Վրաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանին հավասար պայմաններով հնարավորություն է տալիս օգտագործելու իր երկրի տրանզիտային գործառույթը։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ սա մրցակցային հավասար դաշտում է։ Այս մասին 1tv.ge-ին ասել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք տարածված տեղեկությունը, որ Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա է տեղափոխվում Վրաստանով, խոչընդոտում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում երկրի՝ միջնորդի դերին։

«Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանական ուժ ունենալու, իսկ երբ խոսքը վերաբերում է պայմանագրերով ձեռք բերված տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերելու այն։

Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվելու տրանզիտային գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ»,- ասել է վրացի դիվանագետը՝ ընդգծելով, որ այս հարցով ակնարկները անտեղի են։

Հիշեցնենք, որ APM Terminals Poti ընկերությունից (Փոթիի նավահանգիստը շահագործող ընկերություն) հաստատել էին «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը Infocom-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր լուրը՝ նշելով, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված տեղեկություններից բացի՝ այլ հավելում չունեն։

Մինչ այս տեղեկությունն էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր անդրադարձել լուրերին՝ հայտարարելով, թե «նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։

Հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Վրաստանը տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը և ինչ ձևաչափեր է Վրաստանը պատկերացնում եռակողմ կամ ավելի լայն հարաբերություններում, Դարչիաշվիլին պատասխանել է․ «Վրաստանը միանշանակն դիրքորոշում ունի «3+3» ձևաչափի վերաբերյալ․ Վրաստանը չի մասնակցել այս ֆորմատին, չի մասնակցում և չի մասնակցի ապագայում։Ի հավելումն՝ ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Վրաստանը շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ»։

Դարչիաշվիլին նաև նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին մեկ նպատակ ունեն՝ ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում․ «Ընդհանուր առմամբ, Վրաստանը տարիներ շարունակ մշտապես փորձել է իր դերը ստանձնել այս գործընթացում։ Թեև դա շատ բարդ, կոմպլեքս հակամարտություն էր, և վարչապետի հատուկ ջանքերով, երկու երկրների ղեկավարների հետ իր անձնական հարաբերություններով մենք ստացանք կոնկրետ արդյունք՝ երկու երկրների համար փոխշահավետ համաձայնություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել